Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Ներածություն
Ինքնորոշման միջազգային իրավական սկզբունքն անքակտելիորեն կապված է այն փաստարկների հետ, որոնք Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությունը որդեգրել է ինքնիշխանության ու պետականության համար պայքարում: Բայց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Մարդու իրավունքների աղաղակող խախտումներն ու հայ բնակչության էթնիկ զտումների համակարգված քաղաքականությունը 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ահռելի քանակով փաստեր և էմպիրիկ տվյալներ է տրամադրում այս հիմնախնդիրը վերաիմաստավորելու և վերաձևակերպելու համար: Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության համար միջազգային պայքարում այժմ պետք է վերանայել իրավական և քաղաքական դասավորությունները: Միջազգային իրավական գործիքների համաչափ կիրառումը բավարար չէ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության առաջ ծառացած գոյաբանական խնդիրները լուծելու համար: Իրավիճակի հրատապությունը պահանջում է միջազգային գործիքներից համաչափ կախվածության վերահաշվարկ և հիբրիդային մոդելի ստեղծում, որը ներառում է ռազմավարական քաղաքական բաղադրիչներ. հիմնախնդրի աշխարհաքաղաքականացում և արժևորում, ինչպես նաև գործընթացին միջազգային հաստատությունների միջամտություն: Մասնավորապես, հիբրիդային մոդելը ձևափոխում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը բազմաչափ համակարգում, որտեղ միջազգային իրավական գործիքներն ամրապնդվում և լրացվում են, վերջնարդյունքում կարգավորվում են քաղաքական և միջազգային ինստիտուցիոնալ հնարքներով: Սա պահանջում է Հայաստանի դոկտրինային քաղաքականության փոփոխություն և «անջատում հանուն փրկության» սահմանափակ մոդելից անցում դեպի ավելի հղկված ու դիմացկուն կոնցեպտի, որը կոչվում է «ինքնիշխանություն հանուն փրկության» [1]:
Հայաստանի քաղաքական դիրքորոշումն ու միջազգային իրավական դոկտրինների կիրառումը վերջին երկու տասնամյակում ձախողվել է երկու հիմնական ոլորտներում` հակասական միջազգային իրավական սկզբունքներ, որոնք սահմանագծում են Լեռնային Ղարաբաղի պահանջները, և Հայաստանի դիվանագիտական կորպուսի` իրավական ռազմավարությունը բավարար և համոզիչ կերպով առաջ տանելու անկարողություն: Հայկական կողմի հիմնական թերություններն են համապատասխան հետազոտության, գիտելիքի կուտակման և իրավական սկզբունքների ձևակերպման պակասը, ինչպես նաև կոնցեպտուալ դոկտրինի բացակայությունը, որը կուրվագծեր Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ճանաչման ընդհանուր ռազմավարությունը: Օրինակ, «անջատում հանուն փրկության» սկզբունքը լայնորեն քննարկվում էր պատերազմի ընթացքում և դրանից հետո, մինչդեռ այս իրավական դոկտրինը հավուր պատշաճի չզարգացնելն ու այն միջազգային մակարդակ չբարձրացնելը դանդաղեցնում էր գործընթացը: Այս ծրագրային փաստաթուղթն ուրվագծում է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դոկտրինային քաղաքականության փոփոխությունը` այդպիսով ձևակերպելով «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարի ընդհանուր ռազմավարությունը մշակելու համար անհրաժեշտ էմպիրիկ և իրավական հիմքը: Կոսովոյի օրինակի ուսումնասիրությունն օգտագործելով որպես կիրառելի մոդել` կներկայացվի երեք ընդհանուր եզրակացություն. 1) Կոսովոն կարողացավ անկախության հասնել ոչ միայն «անջատում հանուն փրկություն», այլ նախ և առաջ «ձեռք բերված ինքնիշխանություն» գաղափարի շնորհիվ, սկզբունք, որը հայկական կողմը չի կարողացել համոզիչ կերպով ձևակերպել, 2) պայմանները, հանգամանքներն ու զարգացումները, որոնք հանգեցրին Կոսովոյի ինքնիշխանության համար համապատասխան միջազգային իրավական գործիքների ձևավորմանը, դեռևս համապատասխանում են Լեռնային Ղարաբաղում առկա պայմաններին, հանգամանքներին ու զարգացումներին, և 3) Կոսովոյի հաջող անջատումը Սերբիայից ավելի լայնորեն որակվում է որպես «ինքնիշխանություն հանուն փրկության», քան «անջատում հանուն փրկության»` այդպիսով Լեռնային Ղարաբաղի հայերին տալով հիմք, որի միջոցով կարելի է շրջանցել sui generis սկզբունքը և կիրառել հիբրիդային մոդել: Ավելին, sui generis իրավական սկզբունքը ենթադրում է, որ տվյալ դեպքը յուրահատուկ է, միակն է իր տեսակի մեջ և հատուկ հանգամանքների պատճառով չի կարող նախադեպ դառնալ այլ դեպքերի համար: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որն ունի խիստ իրավական մեկնաբանություն և նեղ կիրառություն` որպես Կոսովոյի դեպքում օգտագործված միջազգային իրավական գործիք, և հիմնված է sui generis սկզբունքի վրա, չի կարող կիրառվել որևէ այլ դեպքում: Այս պայմանական նախադրյալը, սակայն, ենթադրում է, որ յուրօրինակ է ոչ թե իրավական դոկտրինը, այլ Կոսովոյի դեպքը, որովհետև իրավական դոկտրինն ինքնին չի կարող յուրահատուկ լինել, քանի որ չկիրառվելու դեպքում այն կշարունակի բացառել իրեն: Այս համատեքստում Կոսովոյի դեպքում կիրառված «անջատում հանուն փրկության» սկզբունքը որակվում է որպես sui generis, բայց ձեռք բերված ինքնավարությունը և այն հանգամանքները, որոնք ծնունդ տվեցին Կոսովոյի անկախությանը` որպես ինքնիշխան պետություն, կիրառելի չեն sui generis-ի համար: Սա է պատճառը, որ «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարի կիրառումը միաժամանակ որպես թե՛ իրավական, թե՛ քաղաքական գործընթաց, ինչպես նաև (բայց ոչ միայն) Կոսովոյի անկախությունը հաստատելու համար կիրառված որակական չափանիշները դեռևս համահունչ են Լեռնային Ղարաբաղին բնորոշ հանգամանքներին, պայմաններին ու իրադարձություններին:
Անջատումը` որպես չեզոք իրավական դոկտրին
Անջատում իրավական դոկտրինը որակվում է որպես «միջազգային իրավունքում ո՛չ օրինական, ո՛չ անօրինական, այլ իրավական առումով չեզոք ակտ, որի հանգամանքները կարգավորվում են միջազգային մակարդակում» [2]: Այստեղ կա որոշակի վերապահում. անջատումը հանգեցնում է կոնցեպտուալ հիբրիդայնության. այն ունի թե՛ իրավական, թե՛ քաղաքական տարրեր, և հենց քաղաքական բաղադրիչն է, որ որոշում է անջատման հանգամանքներն ու պետականության ճանաչումը: Այս համատեքստում պետությունները, որոնք աջակցել ու ճանաչել են Կոսովոյի անկախությունը, իրենց դիրքորոշումը համարում են քաղաքական և իրավական առումով արդարացված՝ հետևյալ պատճառներով. մարդու իրավունքների կանոնավոր խախտումներ Միլոշևիչի վարչակազմի կողմից, էթնիկ զտումներ և գոյաբանական սպառնալիք Կոսովոյի բնիկ ալբանացիների նկատմամբ, պետականություն ստեղծելու Կոսովոյի կարողություն, բանակցային գործընթացի փակուղի և մարդու իրավունքների պաշտպանության Կոսովոյի հանձնառություն: Սերբիայից Կոսովոյի անջատումն արդարացնելու համար կիրառված բոլոր գործոններն անփոփոխ են մնացել և երբեմն փոխարինվում են այլ գործոններով, որոնց հետ առերեսվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը: Հետևաբար, ինչպես Կոսովոյի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը բացառիկ է և բնորոշ է ընթացիկ հանգամանքներին` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից թե՛ իր բնակչության, թե՛ պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումները[3], էթնիկ զտումների Բաքվի համակարգված քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի` պետական հաստատություններ և պետական համակարգ ստեղծելու կարողությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի փակուղին, որն ամրապնդվեց Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծմամբ: Հետևաբար, Կոսովոյի անկախությունը պայմանավորող քաղաքական և իրավական չափանիշները նաև վերաբերում են Լեռնային Ղարաբաղին: Այս համատեքստում այն նույն պատճառը, որով Սերբիան հրաժարվեց Կոսովոյի բնակչությանը կառավարելու իր իրավունքից, կարելի է կիրառել մասնավորապես նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը կառավարելու իրավունքից Ադրբեջանի հրաժարվելու դեպքում: Այստեղ բերվող իրավական փաստարկը պարզ է. Կոսովոն նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար, ավելի ճիշտ, Լեռնային Ղարաբաղը նույնպես sui generis դեպք է, և նույն գործոնները, որոնք ժողովրդին թույլ են տալիս պաշտպանվել գոյաբանական վտանգից, բնորոշ են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Կոսովոյի դեպքում իրավական միջոցը ոչ թե անջատումն էր, այլ ձեռք բերված ինքնիշխանությունը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար լուծումը նույնպես «ինքնիշխանություն հանուն փրկության» սկզբունքն է:
Ինքնորոշման իրավունքն անքակտելիորեն կապված է անջատման գաղափարի հետ և սահմանվում է դրանով: Անջատումը` որպես քաղաքական և աշխարհագրական երևույթ, ենթադրում է նախադրյալների երկու խումբ. 1) քաղաքական տրոհման օրինակ, որտեղ մի քաղաքական խումբը (որը կարելի է սահմանել ամենատարբեր ձևերով, օրինակ՝ էթնիկական, լեզվական, մշակութային և այլն) միակողմանիորեն դուրս է գալիս կառավարման տրոհված կամ տրոհվող համակարգից, հետևաբար, տարածքային և քաղաքական առումով դուրս է գալիս տրոհված համակարգի իրավազորության շրջանակից և սահմանում իր իսկ իրավազորության կենտրոնը, և 2) քաղաքական և տարածքային առումով դուրս գալ տրոհվող կամ տրոհված համակարգի կենտրոնական իշխանությունից, որի դեպքում այսպիսի միակողմանի հեռացումը հանգեցնում է տրոհված համակարգի հաստատություններից և իշխանությունից կոշտ անջատման: Այս երկու պայմանական նախադրյալները վճռական նշանակություն ունեն ինքնորոշման գործընթացի ամրապնդման համար, որն արտացոլվում է անջատված միավորի պետական և ինստիտուցիոնալ կառուցվածքում: Թե՛ Կոսովոյի, թե՛ Լեռնային Ղարաբաղի դեպքում երկու նախադրյալներն էլ բավարարված են, իսկ երկրորդը ենթադրում է հաստատությունների ձևավորման, ժողովրդավարացման և ինքնակառավարման ավելի երկարատև շրջան:
Կոնցեպտուալ առումով գոյություն ունի անջատման երկու ընդհանուր տեսություն. անցումային անջատում և ռեկուրսիվ անջատում: Անցումային անջատումն այն դեպքն է, երբ տրոհված համակարգը գաղտնի համաձայնություն է տալիս անջատվող կամ անջատված քաղաքական միավորին, ինչը հանգեցնում է անկախ պետության ձևավորմանը: Ռեկուրսիվ անջատումն այն դեպքն է, երբ տրոհված համակարգը համաձայնության չի գալիս անջատված քաղաքական միավորի հետ: Ձեռք բերված ինքնիշխանության դեպքերը նախկինի պես հատուկ են ռեկուրսիվ անջատմանը, ինչպես Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի դեպքում:
Անջատման գործընթացը մակրո մակարդակում բնութագրվում է երկու գլխավոր փոփոխականով. 1) անջատման հիմք, որն առաջին հերթին հանգեցնում է անջատման օրինականացմանը` որպես հակամարտության լուծման տարբերակ, որը վերջ կդնի պետության կողմից կոնկրետ ժողովրդի նկատմամբ վարվող շարունակական բռնությանը և 2) անջատման գործընթացի ամրապնդում պետականաշինության և հաստատությունների ձևավորման միջոցով, որի դեպքում փաստացի անջատված քաղաքական միավորն իրացնում է իր քաղաքական և իրավական լիազորությունները: Այս համատեքստում անջատումը ոչ թե տարածքային, այլ քաղաքական պահանջ է` ապահովել ինքնավարություն, որն անվտանգային խնդրի միակ լուծումն է: Այստեղից էլ բխում է «անջատում հանուն փրկության» (իրավական պաշտպանության միջոց) եզրույթի կիրառումը: Այս համատեքստում տարածքային իրավունքները դեռ մնում են անջատման երկրորդական և բնական հետևանքներ: Պարզ ասած, տարածքային իրավունքները կամ տարածքային ամբողջականությունն անցնում է երկրորդ պլան՝ անվտանգային երկընտրանքի պայմաններում, որին բախվում է անջատվող քաղաքական միավորը: Օրինական անջատման դեպքում տարածքային ամբողջականությունը չի յուրացնումիրավազրկված խմբի իրավունքները. «Եթե, ինչպես օրինական անջատման դեպքում մարդկանց հիմնական ազատությունները մերժվում են, որովհետև նրանց քաղաքական խմբերը չեն կարող օգտվել տարածքային իրավունքներից, ապա կա գոյություն ունեցող պետությունների տարածքային իրավունքները սահմանափակող դրույթ, որպեսզի իրավազրկված խումբը կարողանա տարածքային իրավունքներ պահանջել»[4]:
«Անջատում հանուն փրկության» իրավական դոկտրինը
«Անջատում հանուն փրկության» դոկտրինը, որը հիմնված է ՄԱԿ-ի Կանոնադրության Հինգերորդ սկզբունքի «անվտանգության երաշխիքների» շրջուն մեկնաբանության վրա, «միակողմանի անջատման» հատուկ իրավունք է[5]: Այս որակումը հատուկ է այն հանգամանքներին, երբ պետությունը չի գործում հավասար իրավունքների սկզբունքի համաձայն, և երբ բնակչության որոշակի խմբեր պաշտպանված չեն անվտանգության երաշխիքներով: Այսպիսի «բացառիկ հանգամանքներում» [6], ինքնորոշման սկզբունքի համաձայն, տվյալ պետությունը կարող է մասնատվել կամ թուլանալ, ամբողջությամբ կամ մասամբ զրկվել «իր տարածքային կամ քաղաքական ամբողջականությունից»[7]: Այս համատեքստում, թեև «անջատում հանուն փրկության» սկզբունքն օրինական լիազորություն չէ, այն քաղաքական և նորմատիվ լեգիտիմություն է հաղորդում ճնշված անջատողական խմբերին»[8]: Որպես այդպիսին, «անջատում հանուն փրկության» սկզբունքը մի գործընթաց է, որտեղ ըստ կառավարող պետության կողմից կոնկրետ ժողովրդի վրա գործադրված ճնշման տարբեր աստիճանների, միջազգային իրավունքը կարող է ճանաչել իրավական պաշտպանության մի շարք միջոցներ` սկսած անհատական իրավունքների պաշտպանությունից մինչև անջատում` որպես խնդրի վերջնական լուծում [9]:
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, սակայն, չի տարածվում բոլոր պահանջների կամ անջատողական շարժման բոլոր տեսակների վրա: Օրինակ, ինքնակառավարման, ազգայնական տրամադրությունների կամ ընդհանուր բարեկեցության բարձրացման պահանջի վրա հիմնված անջատողական շարժումը չի կարող համարվել «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիմք (օրինակ, Քվեբեկ կամ Կատալոնիա): Այսպիսի դեպքերում անջատումը պայմանավորված չէ և չի որոշվում անվտանգության երկընտրանքով, էթնիկ խմբի կամ ժողովրդի իրավունքներն ու ազատությունները վտանգված չեն կամ չեն խախտվում, անջատման ձգտող քաղաքական միավորը չի հեռանում տրոհված կամ տրոհվող համակարգից, և որպես այդպիսին` հակամարտության լուծման շեմ գոյություն չունի: Նշանակում է` անջատումը չի կարող լինել (և չէ) այսպիսի խնդիրների լուծում:
Այսպիսով, «անջատում հանուն փրկության» սկզբունքը պայմանական է: Այդ պատճառով էլ այն նաև բնութագրվում է որպես արդարացված պատճառի տեսություն: Ուրեմն հատուկ չափանիշներն ու շեմերը պետք է համապատասխանեն որոշակի պայմանների: Այս պայմանները, ի լրումն այլ գործոնների, ընդհանուր առմամբ ենթադրում են հետևյալը. մարդու իրավունքների լուրջ խախտումներ, համակարգային անարդարություն, էթնիկ զտման սպառնալիքներ (կամ էթնիկ զտման դեպքեր), միջազգային նորմերի խախտումներ և մարդասիրական ճգնաժամ: Այս բացառիկ հանգամանքներում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելի է և լեգիտիմացնում է անջատման այն դեպքերը, երբ կոնկրետ ժողովրդի առաջ ծառացած անվտանգության սպառնալիքը չեզոքացնելու համար կա իրավական պաշտպանության միջոցի անհրաժեշտություն:
Հաշվի առնելով այն փաստը, որ «անջատում հանուն փրկության» սկզբունքը պայմանական է և պահանջում է բացառիկ հանգամանքներ, այն նաև համարվում է ծայրահեղ միջոց: Այդ պատճառով անջատումը որպես ծայրահեղ միջոց որակելուց առաջ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել հակամարտությունների լուծման կամ ճնշված ժողովուրդների պաշտպանության նախկին մեխանիզմները: Այդպիսի սկզբունքի օրինակ է «ներքին ինքնորոշումը», երբ անջատման խնդիրը մեղմանում է կառավարող պետության ներսում ժողովրդին «ինքնորոշում» տրամադրելով: Մինչև 2020 թվականի պատերազմը Ադրբեջանը հենց սա էր առաջարկում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Ներքին ինքնորոշման սկզբունքը, սակայն, մերժվում է, երբ կատարվում են այն պայմանները, որոնք նախատեսված են «անջատում հանուն փրկության» սկզբունքով. ընդունող պետությունը դիկտատուրա է և կատարում է բոլոր սահմանված խախտումները, որոնք նախատեսված են «անջատում հանուն փրկության» տեսությամբ: Քանի որ ներքին ինքնորոշումը չի բավարարում անջատման ձգտող քաղաքական միավորի անվտանգության շեմը, արտաքին ինքնորոշումը դառնում է ընդունելի այլընտրանք:
Հետևաբար, «անջատում հանուն փրկության» տեսությունը տրամադրում է երկու ընդհանուր որոշիչ գործոն, որոնք օրինականացնում են «միակողմանի անջատումը». 1)սպառնալ անջատման ձգտող էթնիկ բնակչության կյանքին, անվտանգությանն ու իրավունքներին և 2) անջատման ձգտող էթնիկ բնակչությանը զրկել (կամ փորձել զրկել) տնտեսական և քաղաքական իրավունքներից: Տվյալ համատեքստում անջատումն ավտորիտար համակարգերից, որոնք դրսևորել են հետապնդման և ճնշման այսպիսի համակարգային վարքագիծ, համընկնում է հանուն փրկության անջատման պայմանների հետ: Այս համատեքստում տարածքային ամբողջականությունը կամ բռնաճնշող պետության կողմից ինքնիշխանության պահանջը բավարար հիմք չէ մարդասիրական ճգնաժամի անհապաղ հաղթահարման կամ իրավական պաշտպանության համար, որի կարիքն ունի տվյալ խումբը: Այսպիսով, թեև «անջատում հանուն փրկության» տեսությունն ընդունում է տվյալ պետության ինքնիշխանության իրավունքը կամ տարածքային ամբողջականությունը, պետության իրավունքները, սակայն, բացարձակ չեն: Եթե պետությունը չի պահպանում միջազգային նորմերը ու բավարարում է այն պայմանները, որոնք օրինականացնում են «միակողմանի անջատումը»` շեմ ստեղծելով «անջատում հանուն փրկության» սկզբունքի համար, տվյալ պետությունը կորցնում է ինքնիշխանության իր իրավունքը` որպես սկզբունք, որը չեղարկում է այն ժողովրդի անջատողական պահանջները, որի դեպքում կիրառվում է «անջատում հանուն փրկության» սկզբունքը:
Ընդհանուր առմամբ, «անջատում հանուն փրկության» սկզբունքը, ինչպես նշվեց, ծայրահեղ միջոց է, կիրառվում է բացառիկ հանգամանքներում և որպես այդպիսին հուսալի է, երբ հակամարտությունների լուծման մյուս բոլոր գործիքները սպառել են իրենց: Այն դեպքերում, երբ ընդունող պետությունն անջատվող էթնիկ խմբի նկատմամբ դիմում է բռնության կամ պատերազմական գործողությունների, դա որակվում է որպես ծայրահեղ միջոց: Լեռնային Ղարաբաղի դեպքում այս կետն ակնհայտորեն բավարարվեց, երբ 2020 թվականին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ, քանի որ պատերազմը մանրամասն ծրագրված էր` որպես, ինչպես Բաքուն էր նշում, «իրենց սպառած բանակցությունների» այլընտրանք:
Կառուցվածքային առումով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության` հանուն փրկության անջատման օրակարգը բնութագրվում է ինքնորոշման և Ադրբեջանի ավտորիտար վարչակարգից պաշտպանվելու անհրաժեշտությամբ: Այս առումով Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը թե՛ կապված է Հայաստանի Հանրապետության հետ, թե՛ նրանից անջատ է, քանի որ վերջինս որևէ պահանջ չի ներկայացնում առաջինին, և բացի այդ, վերջինս չի ձգտում իր տարածքի մեջ ներառել առաջինը: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները «անջատում հանուն փրկության» սկզբունքի և փուլային ինքնիշխանության հասնելու գործում, բայց Հայաստանի Հանրապետությունը որևէ պահանջ չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը որակելիս խիստ կարևոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը հանդես է գալիս ոչ թե անջատման իրավունքի, այլ lex lata-յի (սահմանված օրենքի) ուժով ինքնորոշման իրավունքի օգտին: Մասնավորապես, անջատումն ինքնին հիմնախնդիր չէ, որովհետև Լեռնային Ղարաբաղը չի անջատվում Ադրբեջանից, քանի որ անջատվել է դեռևս 1994 թվականի մարտական գործողությունների ավարտից հետո և դրանից ի վեր զբաղվել է պետականաշինությամբ և հաստատությունների ստեղծման գործով: Այսպիսով, ռեկուրսիվ անջատումն ամրապնդվել է ավելի քան 25 տարվա ընթացքում: Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանն այսպիսով ուժ է կիրառում ու դիմում համակարգային բռնության: Նրա կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի մերժումը դրսևորվում է այն զարգացումների զրոյացմամբ կամ անտեսմամբ, որոնք հանգեցրել են ռեկուրսիվ անջատման: Ադրբեջանն առաջվա պես անդրդվելի է և պնդում է, որ որպես այդպիսին անցումային անջատում երբեք չի եղել: Սակայն քանի որ Ադրբեջանում բռնության գործողությունները հասնում են «անջատում հանուն փրկության» հասկացության միջազգայնորեն ճանաչված շեմին, Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի անունից կոչ է անում դիմել հանուն փրկության անջատման` որպես Ադրբեջանի կողմից նախաձեռնած էթնիկ զտումներից պաշտպանվելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու միջոց:
Այսպիսով, «անջատում հանուն փրկության» սկզբունքը դիտարկվում է որպես լուծում, «իրավական պաշտպանության միջոց» ա)բնիկ էթնիկ բնակչության դեմ անվտանգության սպառնալիքից պաշտպանվելու և բ) ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար: Հաշվի առնելով բռնության միջոցով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու Ադրբեջանի նախաձեռնությունը` 2020 թվականի պատերազմից հետո «անջատում հանուն փրկության» սկզբունքն ըստ էության որակվում է որպես «ծայրահեղ միջոց», ինչպես նախատեսում է միջազգային իրավունքը: Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հայերը միանում են միջազգային իրավական նորմին, ըստ որի «անջատում հանուն փրկության» գաղափարն «արտաքին ինքնորոշման ամենաարմատական ձևն է» և արտացոլում է իրավիճակի ամբողջ լրջությունը, ինչպես նաև ցույց տալիս, որ Ադրբեջանի գործողությունները բավարարում են բոլոր պայմանները, և այս ժողովուրդն «անջատում հանուն փրկության» սկզբունքի օգնությանը դիմում է ծայրահեղ դեպքում:
«Անջատում հանուն փրկության» սկզբունքի սահմանափակումները
Ինչպես նշվեց, քանի որ «անջատումը միջազգային իրավունքում ո՛չ օրինական, ո՛չ անօրինական, այլ իրավաբանորեն բնական գործողություն է, որի հետևանքները կարգավորվում են միջազգային օրենքով», հանուն փրկության անջատումը միջազգային դերակատարների կողմից ճանաչման գործընթացում կարող է որոշակի խնդիրներ կամ սահմանափակումներ ստեղծել: Ավելի մեթոդական մոտեցումն ի սկզբանե ոչ թե «անջատման», այլ «փրկության» վրա կենտրոնանալն է, որովհետև փաստն այն է, որ հակադիր կողմերն առաջին հերթին կենտրոնանում են անջատողականության կասկածելի իրավական հիմքի վրա: Այս համատեքստում մոտեցումների մշակման տեսանկյունից դիտարկելիս` Լեռնային Ղարաբաղն առերեսվում է «անջատում հանուն փրկության» գաղափարի հետ. կոնցեպտը չունի բավականաչափ կայուն միջազգային իրավական կարգավիճակ` այս փուլում միջազգային գործող անձանց կողմից ճանաչվելու համար:
Ավելի վաղ քննարկված կարծիքը վերահաստատելու համար նշենք, որ տեխնիկական իրավական դիսկուրսում «անջատում հանուն փրկության» գաղափարը նախ և առաջ դիտարկվում է որպես «միակողմանի անջատման սահմանված իրավունք»: Եվ այո, թեև իրավական հիմքը բխում է ինքնորոշման իրավունքի սահմանված նորմից, միակողմանի անջատման կոնցեպտը ճանաչման խնդիր ունի: Սա նշանակում է, որ «անջատում հանուն փրկության» սկզբունքը կարող է պաշտպանել Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ճնշելու և հպատակեցնելու փորձերից, բայց, ամենայն հավանականությամբ, չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը` որպես ինքնիշխան պետություն: Այսպիսով, մենք բախվում ենք «փիղը սենյակում» խնդրին. հանուն փրկության անջատումն այնքան նեղ ու սահմանափակ կիրառություն ունի, որ զուրկ է քաղաքական կոնսենսուսից: Կարճ ասած, հանուն փրկության անջատումն օրինական լիազորություն չէ: Սակայն եթե կա կոնսենսուս, այն քաղաքական և նորմատիվ լեգիտիմություն է տալիս ճնշված անջատողական խմբերին և կարող է պետություններին խրախուսել ճանաչել նրանց անկախությունը: Այս իմաստով հանուն փրկության անջատմամբ Լեռնային Ղարաբաղը կասկածելի միջազգային իրավական հիմքերի վրա է, և դա է պատճառը, որ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումն ու հիբրիդային մոդելի կիրառումը դեռևս կարևոր գործոն է Լեռնային Ղարաբաղի բնակչության գոյաբանական անվտանգությունն ապահովելու համար: Սա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է «համոզի» միջազգային հանրությանն ընդունել հանուն փրկության անջատումը, այլ ոչ թե պահանջել այն որպես միջազգային օրենքի վրա հիմնված սկզբունք: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղը կարող է ընդունել այն փաստը, որ հանուն փրկության անջատումն ունի ամուր նորմատիվ և բարոյական փաստարկներ և կարևոր հիմք միջազգային իրավունքում, սակայն անհրաժեշտ է ընդունել, որ այս սկզբունքն ինքնին գուցե և բավարար չէ. մի գաղափարը չի կարող արտացոլել բոլոր հույսերն ու անվտանգային խնդիրները:
Լուծման մշակում. ձեռք բերված ինքնիշխանությունը` որպես ինքնիշխանություն հանուն փրկության
Ձեռք բերված ինքնիշխանություն գաղափարը որպես հակամարտության լուծման համոզիչ մեխանիզմ մշակվել է Կոսովոյի համար և ընդգծում է այն հանգամանքը, որ սերբական վարչակարգի կողմից նախկին չարաշահումների պատճառով կոսովցիներն «օժտված էին բարձր ինքնիշխանությամբ»[10]: Ինքնիշխանության այս իրավունքը, սակայն, հիմնվում էր այն փաստի վրա, որ լիարժեք ինքնիշխանություն տրամադրվելու էր միայն միջանկյալ ժամանակահատվածից հետո, որի ընթացքում Կոսովոն պիտի դրսևորեր «ժողովրդավարական ինքնակառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության զարգացման պատրաստակամություն» [11]: Որպես այդպիսին, «ձեռք բերված ինքնավարություն» գաղափարն օգտագործվում էր Կոսովոյում «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հետ համատեղ: Պարզ ասած, հանուն փրկության անջատումը դրա մի բաղադրիչն էր, բայց Կոսովոն լուրջ միջազգային ճանաչում ձեռք բերեց ոչ միայն «անջատում հանուն փրկության» կոնցեպտի շնորհիվ. ճանաչումը մեթոդաբանորեն ձեռք բերվեց ինքնիշխանության միջոցով:
Ձեռք բերված ինքնիշխանությունը, որն անվանում են նաև փուլային ճանաչում, մի գաղափար է, որի դեպքում միջազգային համայնքն անմիջապես չի ճանաչում անջատվող միավորը, այլ սկսում է այդ գործընթացը: Գոյություն ունեն ձեռք բերված ինքնիշխանության կամ փուլային ճանաչման զանազան մոտեցումներ. ժամանակավոր պետականություն, պայմանական անկախություն, վերահսկվող անկախություն և լիարժեք անկախություն [12]: Բայց, ըստ էության, գաղափարը սահմանվում է երեք առանցքային տարրով. 1) ընդհանուր սուվերենություն (ինքնիշխանություն և գործառույթների իրականացում սահմանված տարածքում ենթակա պետական միավորի կողմից)[13]; 2) հաստատությունների ձևավորում (քաղաքական և տնտեսական ենթակառուցվածքների ստեղծում և ինքնակառավարման ամրապնդում) և 3) վերջնական կարգավիճակի որոշում (իրականացվում է միջազգային միջնորդների մասնակցությամբ): Հաշվի առնելով առանցքային տարրերը` Լեռնային Ղարաբաղն ըստ էության զգալի քայլեր է ձեռնարկել «ձեռք բերված ինքնիշխանության» համար, 25 տարվա ընթացքում ցույց է տվել գործառութային սոցիալական և քաղաքական համակարգի վրա ինքնիշխանություն գործադրելու իր կարողությունը: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղը մասնակցել է լայնամասշտաբ հաստատությունների ձևավորմանը` ստեղծելով ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ենթակառուցվածքներ, ինչպես նաև ինքնակառավարման հուսալի մեխանիզմներ: Միակ սահմանափակումը շարունակում է մնալ երրորդ տարրը` վերջնական կարգավիճակի սահմանում, և դրան կարելի է հասնել` միավորելով «անջատում հանուն փրկության» և «ձեռք բերված ինքնիշխանություն» գաղափարները. ինքնիշխանություն հանուն փրկության:
Հանուն փրկության ինքնիշխանությունը «գործընթաց է, որի միջոցով ճնշված ժողովուրդն իրացնում է պետականության իր իրավունքը` հղում անելով հանուն փրկության անջատման գաղափարին և անցնելով միջնորդավորված միջազգային կառավարման անցումային գործընթացով, որին հատուկ են դրսում մշակվող և ներսում ձեռք բերվող ինքնիշխանության տարրեր [14]:
Այս կոնցեպտուալությունը շատ ցայտուն է, որովհետև 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նպատակ ուներ վճռել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, և այս համատեքստում բավարարվեցին ոչ միայն անջատման համար պահանջվող չափանիշները, այլև Ադրբեջանի գործողությունները հաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղը լուրջ առաջընթաց է գրանցել ձեռք բերված ինքնիշխանության առումով: Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումն այս համատեքստում փորձ էր զրոյացնելու Լեռնային Ղարաբաղի ձեռք բերած ինքնիշխանությունը` էլ ավելի փաստելով «փակուղի մտած բանակցությունների» մասին և այսպիսով արդարացնելով անջատումը` որպես ծայրահեղ միջոց:
Քանի որ կարելի է կանխադրել, որ Լեռնային Ղարաբաղը ձեռք է բերել ինքնիշխանություն և բավարարում է հանուն փրկության անջատման չափանիշներն ու շեմերը, հանուն փրկության ինքնիշխանությունն առաջադրում է երկու աքսիոմատիկ պահանջ. 1) Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի մարդասիրական և գոյաբանական ճգնաժամը կարելի է լուծել միայն «անջատում հանուն փրկության» միջոցով, և միջազգային հանրության և միջազգային իրավական գործիքների դերը հիմնարար նշանակություն ունի այս գործընթացում, և 2) ամրագրելով «անջատում հանուն փրկության» հիմքը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարելի է որոշել ձեռք բերված ինքնիշխանության և փուլային ճանաչման շնորհիվ: Այս երկու գործընթացների միաձուլումը, որը կոչվում է հիբրիդային մոդել, ձևավորում է ինքնիշխանություն հանուն փրկության սկզբունքը:
Դիտարկելով միջազգային իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք իրագործվել են Կոսովոյի փուլային ճանաչման գործընթացում, նույնատիպ իրավական և քաղաքական գործընթաց կարելի է կիրառել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում: Ինչպես ասացինք, Լեռնային Ղարաբաղը համապատասխանում է ձեռք բերված ինքնիշխանության երեք առանցքային տարրերից երկուսին. ընդհանուր ինքնիշխանություն և ինստիտուտների ձևավորում: Երրորդ տարրը` վերջնական կարգավիճակի որոշումը, պահանջում է նույն միջազգային ինստիտուտներն ու գործիքները, որոնք օգտագործվել էին Կոսովոյի փուլային ինքնիշխանությունը վերջնական նպատակին հասցնելու համար: Հաշվի առնելով Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում[15], և հետևաբար, քաղաքական գործընթացը կարգավորող միջազգային ինստիտուցիոնալ ձևաչափը, ինչպես նաև նկատի ունենալով Մինսկի խմբի անդամներից (որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներ են) յուրաքանչյուրի ներկայությունը, Լեռնային Ղարաբաղի փուլային ինքնիշխանությունը հաստատելու համար կիրառվող միջազգային իրավական և քաղաքական գործիքակազմը մնում է անփոփոխ: Այսպես, եթե Կոսովոյի փուլային ինքնիշխանությունը «վերահսկում էր» Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը 1244 [16] բանաձևի ուժով, ապա Լեռնային Ղարաբաղի փուլային ինքնիշխանությունը կարող է «վերահսկել» Ռուսաստանի Դաշնությունը՝[17] ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատով: Նկատի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, թե՛ իրավական, թե՛ քաղաքական հետևանքները պարզ են. Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության գոյաբանական սպառնալիքի ժամանակավոր լուծումը ռուս խաղաղապահներն են: Բացի այդ, նկատի ունենալով ռուս խաղաղապահների դերի վերաբերյալ միջազգային հանրության լայն կոնսենսուսը, Ռուսաստանի պատրաստակամությունը և Լեռնային Ղարաբաղի բնակչության առաջ ծառացած մարդասիրական ճգնաժամին արձագանքելու գործում միջազգային հանրությանը ներգրավելու նրա խնդրանքը, պարզ է, որ թե՛ միջազգային իրավական ենթակառուցվածքը (ԵԱՀԿ Մինսկի խումբ), թե՛ քաղաքական կամքը (ռուսական կողմից «վերահսկվող» փուլային ինքնիշխանությունը ՄԱԿ-ի մանդատով) համաձայնեցված են և պատրաստ են գործողությունների:
Նկատի ունենալով այն, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներգրավումն Ադրբեջանի կազմում ոչ տրամաբանական տարբերակ է (ինչպես փաստում են հանուն փրկության անջատման չափանիշներն ու հիմքը), և որ Լեռնային Ղարաբաղի ձեռք բերված ինքնիշխանությունը հաստատվել է ավելի քան 25 տարվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի, ինչպես Կոսովոյի, վերջնական կարգավիճակի որոշման միակ մեխանիզմը պահանջում է փուլային ճանաչում: Գործառութային տեսանկյունից, հաշվի առնելով ռուս խաղաղապահների ժամանակավոր դերը, Ռուսաստանի Դաշնությունը փաստացի «վերահսկում է» Լեռնային Ղարաբաղի ձեռք բերած ինքնիշխանությունը: Այսպիսով, ՄԱԿ-ի մանդատով այն, ինչ դե ֆակտո գործընթաց է, կստանա դե յուրե կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, ինչպես Կոսովոյի դեպքում, կիրացվի փուլային ճանաչման ձևով: Սա ենթադրում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կլիազորի միջազգային քաղաքացիական և անվտանգային անձնակազմի տեղակայում, ընդ որում՝ վերջինս զգալիորեն կապահովի Ռուսաստանի Դաշնությունը` ռուսական ներկայության և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորի իր դերի շնորհիվ:
Ընդհանուր առմամբ, նկատի առնելով ա) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ «բանակցությունների փակուղին», բ) Ադրբեջանի կողմից հրաժարվելը ընդունելու, որ այդպիսի կարգավիճակ առհասարակ կարող է գոյություն ունենալ, գ) Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների համակարգային խախտումները, դ) Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությանը տեղահանելու նպատակով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ե) էթնիկ զտումների Ադրբեջանի կիրառած քաղաքականությունը և զ) Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, որը հաստատում է «ինքնավարության արգելանքի» քաղաքականությունը, պարզ է դառնում, որ «անջատում հանուն փրկության» միջոցը բավարարում է բոլոր չափանիշները, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը հաղթահարելու համար: Անջատման չափանիշների բավարարումը կարելի է հաստատել Լեռնային Ղարաբաղի 25 տարվա ընթացքում ձեռք բերված ինքնիշխանության փաստով` ուրվագծելով ընդհանուր առմամբ երկու արդյունք. 1) հրաժարում բանակցելուց կամ վերջնական կարգավիճակի գործընթացը ճանաչելուց և 2) ուժի կիրառում, մարդու իրավունքների խախտումներ և համակարգված էթնիկ զտումներ. այսպիսով, տարածքային ամբողջականության Ադրբեջանի պահանջը կորցնում է առաջնահերթությունը գոյաբանական սպառնալիքի նկատմամբ, որ Ադրբեջանն ուղղակիորեն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Այսպիսով, ըստ կարգադրությունների և սկզբունքների, որոնք հանգեցնում են հանուն փրկության անջատման և ձեռք բերված ինքնիշխանության, Ադրբեջանի «համաձայնությունը» Լեռնային Ղարաբաղի անջատմանն ու փուլային ինքնիշխանությանը դառնում է երկրորդական, ճիշտ այնպես, ինչպես Սերբիայի համաձայնությունը Կոսովոյի փուլային ճանաչմանը:
Ընդհանուր առմամբ, «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարն ունի երկու կարևոր ուղղություն. այն դիտարկում է տարածքային ամբողջականության պահանջները` հանուն փրկության անջատումը կիրառելով որպես ժամանակակից միջոց, և անմիջապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը, բայց պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն Ադրբեջանից և սկսում ձեռք բերված ինքնիշխանությունն ամրապնդելու գործընթաց: Այս երկու ուղղությունների զարգացումը ենթադրում է, որ «ինքնիշխանություն հանուն փրկության» սկզբունքի կիրառումը նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը` միաժամանակ միջազգայնացնելով ճգնաժամն ու վերացնելով այն միջազգային ինստիտուտների ու գործիքների միջոցով: