
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով:
Ամեն ինչ արեցի, որ ազուլ (փախստական) չլինեմ, բայց…
«Մարդիկ՝ լսելով իրենց երեխայի ախտորոշումը՝ քաղցկեղ, մտածում են դատապարտված են, մեկ ամիս ու վերջ։ Թևաթափ են լինում, սակայն կա ելք»,- իր պատմությամբ կիսվելիս ասում է որդու՝ Նարեկի հետ բուժման երկար ճանապարհ անցած Արմեն Խառատյանը։
2015 թվականին Խառատյանի 10 տարեկան որդու գլխուղեղում հայտնաբերվել է ուռուցք, մետաստազներով, 4-րդ աստիճանի։ Բուժումը որոշվել է իրականացնել Գերմանիայում։
«Բուժման հնարավորությունները շատ են, իհարկե, դա կապված է իրազեկման, ֆինանսների հետ։ Շատերը չգիտեն, թե ո՞նց կարելի է գնալ Գերմանիա, ո՞ւմ դիմել, այս հարցերի մեջ մարդիկ շփոթվում են ու այդ ամենը բերում է վատ վերջաբանի։ Երբ մենք գնացինք Գերմանիա, Հայաստանում չկար մի կազմակերպություն, հիվանդանոց, բժիշկ, որը կօգներ»,- ասում է Խառատյանը՝ նշելով, որ բուժման համար ոչ թե փախստականի հայտ է ներկայացրել, այլ որդու հետազոտություններն ուղարկել է Գերմանիայի հիվանդանոց ու ստացել պատասխան․ «100 տոկոս երաշխիք չենք կարող տալ, բայց կարող ենք փորձել»։
Իսկ այդ փորձելն ու վիրահատելը նախնական կազմել է 25․000 եվրո։ Բնակարանը վաճառելով, օրինական ճանապարհով հասել են Գերմանիա։
«Ամեն քիմիաթերապիայից հետո, երբ տեսնում ես էրեխեդ ոնց է թուլանում, վատանում, չգիտես ինչ անես, ու դա մի օր չէ, ամիս չէ, տարիներ է տևում։ Գիշերներ են եղել, ես լացել եմ, բայց զգում ես, որ մարդկանց մեջ բարություն կա, կարեկցանք կա։ Եթե ես մենակ լինեի ու շրջապատը ինձ չօգներ, ես չէի դիմանա»,-նշում է Խառատյանը։
Որդու բուժման նպատակով տարիների ընթացքում մինչև 250․000 եվրո է ծախսվում․ դրամահավաքներ, նվիրատվություններ, կոլեգաների օգնություն։ Մի քանի տարի քիմիայով ու ռադիոթերապիաներով որդին բուժվում է, որից հետո վերադառնում են Հայաստան։ Հիմա Նարեկը 16 տարեկան է, բայց տարիների բուժումը նաև իր կողմնակի վատ հետևանքներն է թողել, նա ունի սեռահասունացման, հասակի հետ կապված խնդիրներ։ Հիմա հայր ու որդի նոր խնդրի առաջ են կանգնել։ Խառատյանն ասում է, որ իրենց պատահած հայ բժիշկները հորմոնալ խնդիրների հարցում այնքան էլ մասնագիտացված չեն, խորհուրդ են տալիս Նարեկին տանել Գերմանիա, կլինիկայում բուժումներ կնշանակեն, այնուհետև վերադառնան Հայաստան, ու ըստ այդ ցուցումների արդեն այստեղ բուժեն։
«Բայց ես այդ հնարավորությունը չունեմ, մյուս կողմից էլ այդքան ճանապարհ է անցել Նարեկս ու պետք է, որ տղաս սկսի լիարժեք ապրել,- ասում է Խառատյանը՝ ցավով արձանագրելով, որ ի տարբերություն Հայաստանի, Գերմանիայում հատուկ դպրոցներ կան, որտեղ երեխան կարող է լիարժեք կրթություն ստանալ, կան վերականգնողական որակյալ կլինիկաներ, որոնց կարիքը ևս ունի որդին,- Ամեն ինչ արեցի, որ ազուլ (փախստական) չլինեմ, բայց հիմա որդիս իրեն հասարակության լիարժեք անդամ չի զգում։ Հայաստանում 26․000 դրամ հաշմանդամության թոշակ է տալիս պետությունը։ Իսկ Գերմանիան սոցիալական ուղղվածության է, այնտեղ ամեն ինչ հարմար է։ Հիմա մտածում եմ գնամ Գերմանիա, այս անգամ հանձնվեմ»։
Իր ու որդու համար Գերմանիան երկրորդ հայրենիք է դարձել։ Տանը Հայաստանի դրոշի կողքին Գերմանիայի դրոշն է։ Նախորդ տարի, երբ Գերմանիայի որոշ շրջաններում ջրհեղեղներ եղան, Նարեկը խնդրել է հորը՝ իրեն հատկացվող 26․000 դրամ թոշակը փոխանցել ջրհեղեղից տուժածներին։ Խառատյանը նշում է՝ այնտեղ հանդիպել է միայն պատրաստակամության, պրոֆեսիոնալիզմի ու սրտացավության․
«Գոնե 20 տարի հետո իրենց զարգացվածության մակարդակի 50 տոկոսի չափը մենք ունենայինք»։
Ինչու են ձգտում բուժվել արտերկրում
Հայաստանից Գերմանիա մեկնողների և հումանիտար օգնություն հայցողների մեծ մասի ախտորոշումը կա՛մ քաղցկեղն է, կա՛մ երիկամային անբավարարությունը։
Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ եթե 1990-ին քաղցկեղով հիվանդների թիվը 20.929 էր, ապա 2020-ի տվյալներով հասնում է 50․416-ի։ Եթե հաշվի առնենք, թե ՀՀ-ում բնակչությունն այս տարիների ընթացքում ինչքան է նվազել, ապա թվերը մտահոգիչ են (1990-ին ՀՀ բնակչությունը կազմել է մոտ 3․5 մլն մարդ, 2020-ին՝ մոտ 2․9 մլն մարդ)։
Մարդկանց հոսքն այլ երկրներ մեղմելու և բուժումն ավելի հասանելի դարձնելու նպատակով՝ 2019-ից քաղցկեղով հիվանդների վիրահատությունն ու հետազոտությունները դարձան անվճար։ Սակայն, ինչ վերաբերում է ճառագայթային բուժմանը, ապա դա մասամբ վճարովի է: Սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիների մոտ չարորակ նորագոյացություն հայտնաբերվելիս նշանակվում է ճառագայթային բուժում, որի դեպքում գործում է համավճարի սկզբունքը, այսինքն՝ հիվանդը վճարում է ծառայության արժեքի միայն մի մասը, իսկ մնացածը հոգում է պետությունը: Սակայն բարորակ հիվանդությունների դեպքում ճառագայթային բուժումը վճարովի է։ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների դեպքում ճառագայթային բուժման ծախսերը՝ թե՛ բարորակ, թե՛ չարորակ նորագոյացությունների դեպքում շարունակում է հոգալ պետությունը:
Ու եթե մարդիկ օգտվում են վիրահատության հնարավորությունից, շատերի համար հետագա բուժումը շարունակում է մնալ դժվար հասանելի։
Գյումրու ուռուցքաբանության դիսպանսերի քիմիաթերապիայի բաժանմունքի երկարամյա վարիչ Խաչատուր Աբրահամյանն ասում է, որ Գերմանիայում դեղորայքի հետ կապված որևէ խնդիր չկա, մինչդեռ Հայաստանում պետական պատվերով դեղերը սահմանափակ են, թանկարժեք դեղերը, որոնք բուժման առավել լավ միտում ունեն, առհասարակ չկան, կամ գրանցված չեն ու հավելյալ ռիսկեր են առաջացնում, հետազոտության ու բուժման անհրաժեշտ սարքավորումների խնդիր Գերմանիայում նույնպես չկա։ Բացի այդ, ճառագայթման սարքը առկա է միայն Երևանում, ամեն օր գնալ-գալ, կամ Երևանում մնալ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ Սարքից օգտվելու համար էլ մշտապես հերթեր են գոյանում ու մարդիկ ստիպված են լինում ժամեր շարունակ սպասել։
Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) անդամ Արտյոմ Ստեփանյանը վստահեցնում է, որ Հայաստանում ևս կարելի է որակյալ ու տասնապատիկ ավելի մատչելի բուժում ստանալ։
«Գերմանիայում պետությունը վճարում է ամբողջ բուժումը, իսկ Հայաստանում պետությունը հատկացնում է միայն հետազոտության ու վիրահատության գումարը։ Քիմիաթերապիայի համար գումար չի հատկացվում, իսկ օնկո հիվանդի ֆինանսական բեռը հիմնականում քիմիաթերապիայի դեղերն են, բնական է, որ այստեղ բուժումը քիչ հասանելի է,- ասում է Ստեփանյանը, միևնույն ժամանակ հավելելով, որ թեև վճարովի, սակայն Հայաստանում էլ բուժումը կատարվում է բավական բարձր որակի,- Ես պրոբլեմ չեմ տեսնում բուժման մեջ, տեսնում եմ ֆինանսավորման ու հայերի օտարամոլության մեջ»։
Առանց երաշխիքի
Տիկին Լիլյան (իր խնդրանքով անուններն ու տարեթվերը փոխվել են) արցունքն աչքերին է հիշում աղջկա հետ Գերմանիա գնալու և մենակ հետ գալու պատմությունը։ Անցել են տարիներ ու «եթե»-ների շարքը հանգիստ չի տալիս։ Եթե չգնային․․․ եթե աղջիկը վերջին հրաժեշտի պահին լիներ հարազատներով շրջապատված․․․ եթե․․․
2016-ին 22 տարեկան աղջկա՝ Աստղիկի գլխուղեղում հայտնաբերեցին չարորակ ուռուցք, 4-րդ աստիճանում, Երևանում վիրահատելուց, ճառագայթային ու քիմիաթերապիայի երկու կուրս անցնելուց մի քանի ամիս անց որոշում են մեկնել Գերմանիա՝ այնտեղ բուժումը շարունակելու համար։
«Էդ գործով զբաղվող մարդիկ կան, մե երկու հատ փաստաթուղթ գուզեն, գումարն էլ կուտաս, 3500 եվրո մեկ հոգին, իրանք սաղ կէնեն ու կըսեն՝ ուր, երբ երթաս։ Մեր ուղղությունը էդպես էր, իջանք Աթենք, հետո գնացինք Չեխիա, էնտեղ մարդ կար մեզի դիմավորող, մի գիշեր մնացինք ու ավտոբուսով 12 ժամ հետո հասանք Գերմանիա։ Հանձնվեցինք»,- անցած ցավը նորից վերապրելով պատմում է կինը։
Մայր ու աղջիկ մոտ մեկ ամիս սպասում են մինչև փախստականների ճամբար բժիշկ կգա ու Աստղիկին կտեղափոխի հիվանդանոց։ Քաղաքից քաղաք, ճամբարից ճամբար, 3 հիվանդանոց փոխելուց հետո սկսում են բուժումը։ Վիճակը մի փոքր բարելավվում է, բայց մի քանի օր անց Աստղիկին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, ապա մեկ այլ քաղաքի հիվանդանոց։
«Կըսեին օր քիմիայի դոզան է շատ եղել, անշարժ պառկած էր, սարքերը միացրած, մենակ աչքերը կբացեր, կփակեր։ Ըդպես 47 օր․․․ Կողքի պալատը ինձի տեղ տվեցին, ամեն րոպե կսպասեի, օր վիճակը կկարգավորվի, բայց, էդպես էլ էրեխես մե բառմ անգամ չըսավ»,- պատմում է տիկին Լիլյան ու հավելում, որ չի դժգոհում վերաբերմունքից, բժիշկների մոտեցումից, միայն թե միշտ նույն հարցն է տանջում իրեն, մի՞թե առաջին դեպքն էր այդ հիվանդանոցում, որ այդպես ստացվեց։
Հիմա պտտելով ժամանակի անիվը, տիկին Լիլյան մտածում է՝ գուցե ավելի լավ կլիներ Գերմանիա չգնալը։ Հանկարծակի ախտորոշված հիվանդությունն ու դեպքերի արագ ընթացքը թույլ չեն տվել հասկանալ՝ արդյոք ճիշտ որոշում էր արտերկիր մեկնելը։
«Երևանում մեր բժիշկն էլ համոզեց․ «Հա ինչ կա, գնացեք, հանձնվեք, ընտեղ լրիվ բուժումը կա»։ Դու ինքնըստինքյան, հանուն էրեխու ամեն ինչ կէնես։ Մանավանդ Գերմանիա տանող գործ էնողները քեզի շատ մեծ հույսեր կուդան։ Բայց կմտածեմ, օր ըստեղ մնայինք ավելի լավ կէղներ,- արցունքները հազիվ զսպելով պատմում է տիկին Լիլյան ու շարունակում,- էնտեղ մենակ ես էի երեխու կողքը, էստեղ սաղս կողքը կէղնեինք։ Մենակ էդպես երեխեն չէր մնա, թեկուզ էդ հրաժեշտի պահը։ Բժիշկը զանգել է գիշերը ժամը 2-ին, կըսե՝ վերջ, հլը պատկերացրա, ըսեն վերջ։ Ու մենակ, օտարության մեջ, էդ 4 պատի մեջը, մինչև առավոտ գուլաս, թե ըսպե՞ս է բան էղնի, արդեն վերջ․․․ Աստված ինչխօր գերբնական ուժ էր տվել, օր ես դիմացա, չխելռա»։
5 ամիս են մնացել Գերմանիայում, Աստղիկի մարմինը տեղափոխել օգնել է Գերմանիայի հայկական համայնքը՝ ծառայության կազմակերպման, անհրաժեշտ գումարի որոշ մասի հանգանակությամբ։
«Այ էսքան բանի միջով եմ անցել, ավելի լավ է բուժվելու համար քո հողիդ վրա, ստեղ Հայաստանում մնաս, քան ելնիս, տուն տեղ երեխա թողնաս ու հասնիս, բախտի քմահաճույքին, արդյո՞ք բախտդ կբերե, կբուժվի՞, արդյոք նորմալ բժշկի ձեռք կընկնի, բախտի բան է,- ասում է կինը՝ հիշելով, թե լեզուն չիմանալով որքան դժվար էր հաղորդակցվելը,- Ամեն օր բժիշկների միմիկաներից գուզեի բանմ քաղեի, հասկնայի ինչ վիճակի է էրեխես»։
Տիկին Լիլյան հիշում է, որ անգամ ցանկացել են իրեն հետ ուղարկել, սակայն փաստաբան է վարձել, բացատրել են, որ երեխայի բուժման համար է հարկավոր իր մնալը․
«Եթե ես իմանայի էս ամենը, եթե էդքան չհույսովցնեին, ես ըստեղ Հայաստանում կմնայի, էրեխես էլ հարազատներով շրջապատված կէղներ․․․ չիդեմ, էնքան հարց մնաց անպատասխան, չգիտեմ, որն էր ճիշտ, միշտ ընձի հարցնելու եմ, ինչի՞ համար, ինչո՞ւ մենք, ինչի՞ էսպես եղավ․․․ եթե չէրթայինք, եթե․․․ եթե․․․»։
Քյոլնի գերեզմանատան հայկական մասը
Հայ Առաքելական Եկեղեցու քահանա Տեր Վահրիճին հանդիպեցինք Քյոլնի հայկական եկեղեցում։ Քյոլնի հայկական համայնքի անդամները հիմնականում 1960-ականներին աշխատելու համար եկած Թուրքիայի հայերն են, խորհրդային բանակի զինվորականների ընտանիքներն ու վերջին տարիներին Հայաստանից գնացածները։ 1991-ին ձևավորվել է Գերմանիայի հայոց թեմը՝ իր շուրջը համախմբելով այստեղի հայերին։ Սակայն, եթե նախկինում հայ եկեղեցու հետ կապը շատ ամուր է եղել, հիմա նկատվում է պասիվություն ու ոչ բոլորն են կապ հաստատում եկեղեցու հետ։ Ավելի կապված են նախկինում եկածները, իսկ նորեկների մեծ մասը կամ կապ չի հաստատում, կամ սկսում են եկեղեցի այցելել որոշ ժամանակ անց։
«Գերմանիա եկած անձինք չունեն ապրելու հստակ կարգավիճակ, այստեղ մնալու իրավունք ձեռք բերելը երկար ժամանակ է պահանջում, երբեմն ստանում են մերժումներ, հետո վիճարկում են, ու այդ ամենն ազդում է իրենց վրա, հաճախ չեն էլ ուզում շփվել»,- ասում է հոգևորականը՝ նշելով, որ Քյոլնից ոչ այնքան հեռու քաղաքային գերեզմանատունն է, որոշ հատվածը տրամադրել են հայկական համայնքին։
Տեր Վահրիճը նշում է, որ մարդիկ այստեղ են գալիս դրական սպասումներով, մինչդեռ հանդիպում են նաև բազմաթիվ դժվարությունների։
«Մարդկանց առաջին գերնպատակն այն է, որ հրաշք տեղի ունենա, և փառք Աստծո, շատ դեպքերում, հաջողվում է։ Կան նաև դեպքեր, որ արագ առողջանալու իրենց սպասելիքները չեն արդարարանում և մարդիկ հիասթափվում են, որոշները դրանից հետո ուզում են վերադառնալ,- ասում է հոգևորականը՝ հիշելով, որ եղել են նույնիսկ դեպքեր, երբ, օրինակ, մարդը միայնակ է եղել Գերմանիայում, չի ունեցել որևէ ազգական ու մահացել է,- Քաղաքային իշխանությունը պատրաստ էր ստանձնել հուղարկավորության ծախսերը, մենք էլ գնացինք, կատարեցինք կարգը։ Իսկ եթե մարմինը Հայաստան ուղարկելու հարց կա, փորձում ենք համայնքի անդամներին տեղեկացնել, խնդրել, որ օգնեն ֆինանսապես, ուղարկելն ամենաքիչը 2500-3500 եվրո կարող է լինել։ Ցավոք սրտի, թանկ լինելու պատճառով, շատ դեպքերում հարազատները ստիպված են եղել այստեղ այրել և աճյունափոշին Հայաստան տանել»։
Գոռ Մարգարյանը 6 տարի է ընտանիքով ապրում է Գերմանիայում, աշխատում է որպես սոցիալական աշխատող։ Նա բազմիցս առնչվել է դեպքերի, երբ մարդիկ հեքիաթային երկրում ապրելու սխալ պատկերացումով հասել են Գերմանիա։ Ըստ նրա՝ որոշ դեպքերում գալն այնքան էլ արդարացված չէ, քանի որ տվյալ հիվանդության բուժումը Հայաստանում ևս հասանելի է․
«Իհարկե, լինում են դեպքեր, երբ անգամ ախտորոշումն է սխալ լինում, սակայն շատ հաճախ մարդիկ միգրացիան ու տուրիզմը շփոթում են, տուն-տեղ վաճառում ու բախվում են դառը իրականությանը։ Հետո փորձում են մնալ ու սխալը-սխալի հետևից են գործում, Գերմանիայում մնալու միակ, բայց քիչ հավանական տարբերակը գերազանց ինտեգրումն է, լեզվի իմացությունը, աշխատանքը և այլն, այլ դեպքերում մնալ չես կարող»։
Ըստ Մարգարյանի՝ Գերմանիայում կյանքն այնքան էլ հեշտ ու հեքիաթային չէ ու այստեղ ոտք դնելու հենց հաջորդ օրվանից դառնում ես ինչ-որ բանի սպասող:
Մաս 1
Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1
Դյուսելդորֆի փախստական հայցողների կացարանում մարդիկ տարիներ շարունակ ապրում են, բուժվում ու միշտ սպասում՝ կամ լիարժեք բուժմանը, կամ արտաքսմանը։ Հոդվածաշարում հայերը ներկայացնում են, թե ինչպես են հասել Գերմանիա՝ հրաշքի սպասումով։
Read more«Մարդ և հասարակություն» էջից
Հայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում
Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
Read moreՄայրության, աշխատող կնոջ խնդիրների և լուծումների շուրջ
Կին-մայր-աշխատող եռանկյունում տեսած խնդիրների ու լուծումների մասին է անդրադառնում քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանը։
Read moreԵրանելի ապագան․ մարդու իրավունքների իրավիճակի տեսլականը
2020-2022 թվականների իրադարձությունները կոտրեցին բազմաթիվ պատրանքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ապահովման ու զարգացման ասպարեզում։ Ուստի, այս հոդվածը երազանքների մասին է, քանի որ գիտելիքն ու փորձը բավարար չեն, գրում է Զառա Հովհաննիսյանը։
Read moreՄանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read moreՀեռացումի օրագրեր
Ի՞նչ է նշանակում թողնել ընկերներին, ընտանիքը, համայնքն ու հիշողությունները: Կորստի և հեռացումի ցավը կարող է դժվար լինել և երբեմն անհնար է խոսել դրա մասին: Այդ հույզերը, սակայն, երբեմն իրենց ճանապարհը գտնում են օրագրերի էջերում:
Read moreՊարտադրված հայրենիք. Արտաքսված զավակների վերադարձը
Սոնա Մարտիրոսյանը գրում է ԵՄ մի շարք երկրներից հայրենիք վտարված հայ ընտանիքների անձնական պայքարի մասին :
Read moreԻրավապաշտպանի օրագիրը
«Որքան շատ են լռողները, մտերիմների, հարազատների կողմից սեռական բռնության ենթարկված երեխաները, որոնք չունեն տարածք խոսելու, բարձրաձայնելու իրենց հետ կատարվածի մասին, նրանք կամ վախենում են, կամ լռեցվում», հատված Զարուհի Հովհաննիսյանի «Իրավապաշտպանի օրագիրը» հոդվածաշարքից:
Read more