Կանխարգելել հիվանդությունն ու փրկել կյանքեր

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Read in English
An Ounce of Prevention Is Worth a Pound of Cure

Բնակչության առողջական հիմնական ցուցանիշների բարելավման, հիվանդությունների կանխարգելման, արդեն իսկ հիվանդ մարդկանց շրջանում հիվանդություններից առաջացած բարդությունների կանխման նպատակով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում իրականացվում են մի շարք ծրագրեր։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 85-ը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» դեռևս 1996 թվականին ընդունված օրենքի առաջին հոդվածում էլ նշվում է․ «Բժշկական օգնություն և սպասարկում՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում»:

Հիվանդությունների կանխարգելման երեք մակարդակներ են առանձնացվում․

առաջնային կանխարգելում` դեռևս մինչև հիվանդության զարգացումը՝ ռիսկի գործոնների ազդեցության վերացմանը կամ նվազեցմանը միտված իրազեկման արշավներ (oրինակ՝ հանրային առողջապահական կրթման աշխատանքները, միջավայրի սանիտարական հսկողության աշխատանքները, անհատի համար` ծխելը դադարեցնելու խորհրդատվությունը, իմունիզացիան, ընտանիքի պլանավորման խորհրդատվությունը),

երկրորդային կանխարգելում` հիվանդության հայտնաբերում վաղ կամ թաքնված շրջանում (օրինակ՝ սքրինինգների միջոցով, մարդու պապիլոմավիրուսի (ՊԱՊ) թեստի միջոցով արգանդի վզիկի նախաչարորակ և չարորակ ընթացքների վաղ հայտնաբերումը և բուժումը),

երրորդային կանխարգելում` առկա հիվանդության բարդությունների կանխարգելում (օրինակ` շաքարային դիաբետով հիվանդների մոտ ոտնաթաթերի զննումը կամ խնամքի խորհրդատվությունը, զարկերակային գերճնշմամբ հիվանդների մոտ ինսուլտի կանխարգելման խորհրդատվությունը)։

Կանխարգելվող հիվանդություններն էլ բաժանվում են վարակիչ ու ոչ վարակիչի․

Վարակիչ հիվանդությունների կանխարգման լավագույն միջոցն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համարվում են պատվաստումները, ինչի շնորհիվ  նախկինում եղած վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացության և հաշմանդամության դեպքերը կտրուկ նվազել են։ Մասնավորապես, Հայաստանում 1995 թվականից չի արձանագրվում պոլիոմիելիտի դեպք, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2000 թվականից` դիֆթերիայի դեպք (1994-1995 թվականների բռնկումից հետո իրավիճակը կայունացել է), 2007 թվականից` կարմրուկ և կարմրախտի, իսկ խոզուկ, կապույտ հազ, փայտացում հիվանդությունների դեպքերն արձանագրվում են եզակի:

«2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՀ կառավարության որոշման մեջ նշվում է, որ ՀՀ-ում վերջին տարիներին դիտվում է մանկական մահացության աննախադեպ նվազում՝ 2019 թվականին կազմել է 6.2 %, 2008 թվականի 10.8 %-ի դիմաց (1 000 կենդանի ծնվածի հաշվով): Մանկական մահացության նվազեցմանն ուղղված ջանքերում իրենց ուրույն դերն են ունեցել Պատվաստումների ազգային օրացույցում ներդրված հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ և վեցավալենտ, պնևմակոկային և ռոտավիրուսային պատվաստանյութերը:

Որոշման մեջ հաղորդվում է նաև, որ պլանային պատվաuտումների միջոցով կառավարելի վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, վիրուսային հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլյոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային և պնևմակոկային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում:

Հատկանշական է, որ թեև վերջին տարիներին ակտիվացած հակապատվաստումային քարոզչությանը, այնուամենայնիվ, Հայաստանում նպատակային տարիքային խմբերի պատվաստումների ենթակա երեխաների 92%-ից ավելին ստանում են իրենց տարիքի համար անհրաժեշտ պատվաստումների ամբողջական փաթեթը։

Ինչ վերաբերում է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ապա այդ նպատակով դեռևս 2008-ին առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ծրագիրը», իսկ ավելի ուշ հաստատվել է «Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագիրը»:

Վերոնշյալ հիվանդություններն առանձնացվել են՝ հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 193 անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի տվյալները, ըստ որոնց, հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ թե վարակիչ, այլ ոչ վարակիչ հիվանդությունների վրա, որոնցից մահացության պատճառներից առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են:

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար հրապարակված ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման և բուժման գործնական ուղեցույցում (հրապարակված 2014-ին) ասվում է, որ ակնառու է վերոնշյալ ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացության աճն այնպիսի վարակիչ հիվանդությունների համեմատությամբ, ինչպիսիք են ՁԻԱՀ, տուբերկուլոզը, մալարիան: Նշվում է, որ նման միտումն, ըստ կանխատեսումների, շարունակվելու է մոտակա 20 տարիների ընթացքում, և ոչ վարակիչ հիվանդություններն ամենատարածված և առավել հաշմանդամության բերող հիվանդություններն են, որոնք ախտահարում են գլխավորապես աշխատունակ տարիքի բնակչությանը:

Ըստ ուղեցույցում առկա տեղեկատվության՝ Հայաստանում բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդորում՝ սրտանոթային հիվանդություններից մահացությունը զբաղեցնում է առաջատար տեղը (48%), երկրորդ տեղում չարորակ նորագոյացություններն են (19,8%), երրորդում` շաքարային դիաբետը՝ 4,9% և չորրորդում՝ վնասվածքներն ու թունավորումները (4,8%): Հանրապետության բնակչության «կյանքի անաշխատունակ տարիների» ցուցանիշի ավելացման (DALY, disability adjusted life years) 10 հիմնական պատճառներից ութը ոչ վարակիչ հիվանդություններն են, որոնցից չորսը պատկանում են սրտանոթային հիվանդություններին (սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություններ, զարկերակային գերճնշում, սրտի այլ հիվանդություններ), երեքը` չարորակ նորագոյացություններին (շնչափողի, բրոնխների ու թոքերի, կրծքագեղձի և ստամոքսի չարորակ նորագոյացություններ) և մեկը` ներզատական համակարգի հիվանդություններին (շաքարային դիաբետ):

Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանն evnreport-ին ասում է, որ 2015 թվականից Հայաստանում մեկնարկել է հիվանդությունների կանխարգելում և վերահսկում ծրագրի սքրինինգային մասը, որն ուղղված է արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանը․

«Ծրագիրը վերաբերում է 35-68 տարեկան բոլոր քաղաքացիներին։ Նրանք հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել զարկերակային գերճնշման ու շաքարային դիաբետի, իսկ 30-անց կանայք՝ ՊԱՊ թեստի միջոցով արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման, քաղցկեղի կանխարգելման նպատակով։ Հետազոտություններն իրականացվում են ամբողջ հանրապետությունում, առաջնային օղակում՝ գյուղական վայրերում դրանք գյուղական ամբուլատորիաներն են, առողջության կենտրոնները, իսկ քաղաքային վայրերում՝ տեղամասային պոլիկլինիկաները կամ բժշկական կենտրոնների կազմում ընդգրկված պոլիկլինիկաները»։

Ըստ Էլիբեկյանի՝ այս ժամանակահատվածում ավելի քան 3 միլիոն 100 հազար հետազոտություն է կատարվել՝ շուրջ 325․000 ՊԱՊ թեստի, մոտ 933․000 արյան մեջ գլյուկոզի, 1 մլն 700 հազարից ավել քաղաքացիներ էլ անցել են զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ։

Եվս մեկ սքրինինգային հետազոտություն էլ իրականացնում են հղի կանանց մոտ․ հղիության 36-38 շաբաթական ժամկետում ստուգում են արյունն ու մեզը։

«Կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շեղումները չեն նշանակում, որ այսքան մարդ հիվանդ է, սրանք զուտ նախանշաններ են։ Արգանդի պարանոցի նախաքաղցկեղի դեպքում շատ երկար տարիներ է անհրաժեշտ, որպեսզի քաղցկեղ առաջանա, և այսպիսի հետազոտությունների հիմնական նպատակն է վաղօրոք իմանալ ինչ խնդիր կա։ Ու հարկ եղած դեպքում՝ մի փոքր միջամտությամբ կանխարգելել՝ օրինակ արգանդի պարանոցի քաղցկեղը, նույնը վերաբերում է նաև շաքարային դիաբետին ու զարկերակային ճնշմանը»,-ասում է Էլիբեկյանը՝ հավելելով, որ մինչև հետազոտությունների բուն փուլին անցնելը նախապատրաստական աշխատանքներ են կատարել, մշակել են ուղեցույցներ, այս աշխատանքներում ընդգրկված բոլոր բժիշկների համար կազմակերպել են վերապատրաստման դասընթացներ, ՊԱՊ թեստի հետազոտության նպատակով հզորացրել են լաբորատորիաները։

Էլիբեկյանն ասում է, որ կան երկրներ, որտեղ մեծ տարածվածություն ունեցող քաղցկեղի այս տեսակը հնարավոր է եղել իջեցնել 1 տոկոսի․

«Օրինակ` Ֆինլանդիայում արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածությունն այս սքրինինգների ու նախապես կանխարգելման արդյունքում իջել է 1 տոկոսի։ Հիվանդություններից խուսափելու միակ ու ապացուցված մեթոդը ժամանակին կանխելն է՝ պարբերաբար անցնելով համապատասխան հետազոտություններ՝ կլինեն սքրինինգային, թե տարեկան այցեր առաջնային օղակներ»։

Իհարկե, 2019 թվականի նոյեմբերին Չինաստանում ի հայտ եկած ու կարճ ժամանակ անց ամբողջ աշխարհը կլանած նոր տիպի կորոնավիրուսի համավարակը նոր մարտահրավերներ է ստեղծել, սակայն լուսանցքում չեն մնացել նաև մյուս խնդիրները։

Նախարարությունը «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի» (EFSD) միջոցներով այս տարվա՝ 2021-ի հունվարին ձեռնարկել է նաև 2,5 տարի տևողությամբ պիլոտային ծրագիր երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ և Սյունիք, որի շրջանակներում ընդգրկված են 50-69 տարեկան կանայք, ովքեր շարժական մամոգրաֆիկ ծառայության միջոցով հետազոտություններ են անցնում։

«Շուրջ 6000 կին արդեն անցել է այդ հետազոտությունը, մոտ 460 կնոջ մոտ նկատվել են որոշ շեղումներ, ուղեգրվել են Ուռուցքաբանության ազգային կենտրոն, 61 կնոջ մոտ հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում»,-ասում է Էլիբեկյանը։

Մայրաքաղաք Երևանում կանխարգելիչ բուժծառայություններ իրականացնող առողջության առաջնային պահպանման օղակները՝ 24 պոլիկլինիկաներ, գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Չարխիֆալաքյանն evnreport-ի հետ զրույցում ասում է, որ կանխարգելիչ բուժօգնության ծրագրերի իրականացման բեռը հիմնականում դրված է թերապևտների, մանկաբույժների ու գինեկելոգների ուսերին։

«ՀՀ-ում կանխարգելիչ բուժօգնության լիազոր մարմինը ՀՀ առողջապահության նախարարությունն է, սակայն բեռը տանելը պոլիկլինիկ համակարգին է վստահված։ Ազգային ծրագրով իրականացվող առաջին ամենակարևոր ու ամենամեծ ծրագիրն իմունականխարգելման ծրագիրն է, որն իրականացվում է պատվաստումների ազգային ծրագրով, նորածնային հասակից արդեն իսկ քաղաքացուն կատարում ենք կանխարգելիչ պատվաստումներ, որի արդյունքում ՀՀ-ն առաջընթաց է գրանցել, և ինֆեկցիոն որոշ հիվանդություններ կանխարգելվում են, դրանք են տուբերկուլյոզը, կապույտ հազը, դիֆթերիան, փայտացումը, հեպատիտ Բ-ն, հեմոֆիլիան, ռոտավիրուսը, կարմրախտը, կարմրուկը, խոզուկը, տուլարեմիան և պնևմակոկը»,-ասում է Չարխիֆալաքյանը։

Այսպիսով՝ մանկաբույժները բացի պատվաստումների գործընթացը կազմակերպելը, իրականացնում են նաև բազմաթիվ սքրինինգային ծրագրեր, ինչպես օրինակ՝ սակավարյունության ստուգում, 7-18 տարեկան երեխաների քաշի խանգարումների վաղ հայտնաբերում, 12 տարեկան երեխաների տեսողության ստուգում, 15 տարեկան աղջիկների սեռական հասունության գնահատում և այլն։

Թերապևտները 18 և բարձր տարիքի քաղաքացիների հետ աշխատանքի շրջանակներում իրականացնում են նաև քաշի խանգարումների, սրտի իշեմիկ հիվանդությունների վաղ հայտնաբերում, արյան մեջ ընդհանուր խոլեստերինի մակարդակի որոշում, խրախուսում են առողջ ապրելակերպն ու ծխելու դեմ պայքարում։ 35-68 տարեկանների դեպքում իրականացվում են զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ։

Գինեկոլոգներին է վստահվում 30-60 տարեկան կանանց մոտ արգանդի պարանոցի չարորակ ուռուցքների հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված քայլերը, օրինակ՝ ՊԱՊ քսուկի հետազոտությունը։ Իրականացվում է նաև չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշում, և ընդհանուր ռեգիստրի վարում։

«Ամբողջ աշխարհում առողջական խնդիրների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը թե՛ ֆինանսապես է ավելի մատչելի, թե՛ արդյունավետությունը բավական բարձր է, այսինքն վաղ հայտնաբերելով մենք կարողանում ենք ավելի բարձր արդյունք ակնկալել, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել հիվանդությունը, ուստի, կարևորելով այդ հանգամանքը, Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին է իրականացնում բազմաթիվ սքրինինգային ծրագրեր»,-ասում է Չարխիֆալաքյանը՝ ներկայացնելով, որ 2017-ին Երևանում իրականացվել է քրոնիկ երակային հիվանդությունների կանխորոշման ծրագիր, հետազոտվել է 895 քաղաքացի, որոնցից 840-ի մոտ հայտնաբերվել են հիվանդություններ։

«Պոլիկլինիկ համակարգում հիվանդի պատասխանատուն թերապևտն է՝ ընտանեկան բժիշկը, նա գիտի իր սպասարկման տարածքում հիվանդների և՛ ախտորոշումները, և խնդիրները, իրենք նախօրոք կանչել են այն քաղաքացիներին, որոնց մոտ թեթև շեղում են կասկածել, այնուհետև ուղեգրում է արվել անոթային վիրաբույժի մոտ, որն էլ ուսումնասիրել ու դուպլեքս հետազոտություն է իրականացրել, ինչի արդյունքում ունենք այսպիսի պատկեր»,-ասում է Չարխիֆալաքյանը՝ նշելով, որ քրոնիկ երակային հիվանդությունների վրա են դրել շեշտը, քանի որ դրանք նախարարության կողմից սքրինինգային ծրագրերով նախատեսված չեն, մինչդեռ պահանջը բավական մեծ է։

Այս տարի էլ ընտրվել են բնակչության մեծ թիվ սպասարկող հինգ՝ թիվ 13, 17, 19, 20, Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկաները և իրականացվել են քրոնիկ երակային ու լիմֆատիկ համակարգի հիվանդությունների խնդրի հայտնաբերում։ Աշխատել են 281 քաղաքացու հետ, արձանագրել, որ բոլորի մոտ էլ կա խնդիր, 26-ի մոտ էլ լիմֆատիկ համակարգում կանգային երևույթներ են եղել։

«Երևան քաղաքի գլխավոր սրտաբանի ու պոլիկլինիկ համակարգի միջոցով էլ իրականացրել ենք էնդոկրին համակարգի, սրտի իշեմիկ հիվանդությունների, զարկերակային գերճնշում ու ռիսկի գործոնների հայտնաբերման հետազոտություն։ Ծրագրին մասնակցել են 9818 քաղաքացի, սքրինինգի պահին 4088 քաղաքացու մոտ հայտնաբերվել է զարկերակային գերճնշում։ Քաղաքացիների հետ մասնագիտական խորհրդատվություններ են անցկացվել, ավելորդ քաշի, ճարպակալման, առողջ ապրելակերպի վերաբերյալ բուկլետներ են տրամադրվել, բացի այդ, քաղաքացիներին ուղղորդել ենք արդեն համապատասխան մասնագետների մոտ՝ իրենց հետագա բուժումը շարունակելու և իրենց կյանքի կենսակերպը ճիշտ կազմակերպելու համար»,-ներկայացնում է Չարխիֆալաքյանն ու հավելում, որ ակտուալ թեմա է նաև շաքարային դիաբետը, որի շուրջ ևս իրականացվում են իրազեկման ու հայտնաբերման տարբեր արշավներ։

Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը նշում է, որ առողջապահության վարչությունն ունի իր բյուջեն, որի շրջանակներում արդեն ութ տարի, կարևորելով կանխարգելիչ բժշկության դերը, բուժհիմնարկները ապահովվել են ավելի քան 700 սարքավորումներով․

«Խնդիրների վաղ հայտնաբերման գործում շատ կարևոր է դրա ախտորոշումը։ Որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշել, պետք է սարքավորումներ ունենանք, այդ պատճառով էլ կարևորում ենք սարքավորումների արդիականացումը։ Մյուս տարվա ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական ընկերություններն արդեն կկարողանանք ապահովել ռենտգեն ժամանակակից սարքերով։ Նախատեսում ենք ձեռք ենք բերել նաև շարժական թվային ռենտգեն սարք, որով կկարողանանք սպասարկել այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում հասնել կենտրոններ։ Բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման ծրագրեր ենք պարբերաբար իրականացնում, գիտաժողովներ ենք կազմակերպում։ Երակների ու զարկերակների ընդհcանուր խնդրով անոթաբանների հետ մեծ ծրագիր ունենք, սակայն կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, դեռևս սպասում ենք»։

Երևանաբնակ 33-ամյա Աննա Սարգսյանը evnreport-ին պատմում է, որ 30-ը լրանալուն պես պարբերաբար զանգեր ու հաղորդագրություններ է ստացել պոլիկլինիկայից․ հորդորել են այցելել ու հանձնել ՊԱՊ քսուկ, սակայն այցելությունը պարբերաբար հետաձգել է․

«Երբեք որևէ ցավ, բողոք չեմ ունեցել, մտածում էի, որ որևէ խնդիր չունեմ ու էդպես մեկ տարի ոչ էլ այցելեցի պոլիկլինիկա, բայց այնքան զանգեց բուժքույրը, արդեն ամոթից գնացի հանձնեցի ու անցա գործերիս, հետո էլի զանգ էի ստանում, բայց չէր ստացվում պատասխանել։ Հերթական զանգի ժամանակ պոլիկլինիկայի գինեկոլոգը հայտնեց, որ խնդիր են տեսել ու պետք է պարտադիր այլ վայրում ևս անցնեմ ստուգում»։

Բժշկի ուղղորդմամբ Սարգսյանն անցնում է համապատասխան հետազոտություններն ու պարզվում է, որ կնոջ մոտ առկա է նորագոյացություն։ Բարեբախտաբար, հիվանդության սկզբնական փուլն է եղել ու անհապաղ սկսել են բուժման կուրսը։

«Միշտ սարսափում եմ մտածել, թե ինչ անդառնալի հետևանքներ կլինեին, եթե պոլիկլինիկայից այդքան չզանգեին ու չպնդեին այցելել ու անցնել ստուգում։ Մինչդեռ հիմա, իմանալով խնդրի, դրա հնարավոր զարգացման ու հետևանքների մասին, կարողացել ենք դեմն առնել»։

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 36-ամյա բնակիչ Նարինեին (անունը փոխված է) ևս պարբերաբար զանգահարում է տեղամասի գինեկոլոգն ու հորդորում այցելել հետազոտության, սակայն կինը դեռևս չի կարողացել գնալ, սակայն հիշում է՝ երբ չորս տարի առաջ ունեցավ երրորդ երեխային, գինեկոլոգն ինքն էր եկել տուն՝ ստուգումների․

«Առաջին ու երկրորդ երեխաների ժամանակ երբեք որևէ մասնագետ չէր հետաքրքրվել իմ վիճակով, մինչդեռ արդեն երրորդի ժամանակ գինեկոլոգն ինքը տնայց կատարեց, ստուգումներ արեց, իրականում շատ զարմացել և ուրախացել էի»։

Փոխարենը՝ կինը դժգոհում է մանկաբույժների կատարած աշխատանքից ու նշում, որ ինչպես առաջին երկու, այնպես էլ երրորդ երեխայի ստուգումները պատշաճ չեն կատարվել։

«Երեք երեխաների մոտ էլ տարբեր տեսակի խնդիրներ կային՝ աչքի, քթի, ոսկորների հետ կապված, սակայն այցերի ժամանակ կիսատ-պռատ էին կատարվում ստուգումները, և խնդրի մասին արդեն ուշացած էինք իմանում, այն էլ արդեն այլ բուժհաստատություն այցի ժամանակ, մինչդեռ եթե ժամանակին, օրինակ՝ վիրաբույժը նկատեր տղայիս կրծքավանդակի փոսը, միգուցե ավելի արագ կարողանայինք շտկել,-ասում է կինը՝ հավելելով, որ երեխաները պատշաճ ստուգումներ չեն անցել նաև պատվաստումների ժամանակ,- Գիտեմ, որ մի քանի մասնագետ պետք է ստուգի, որից հետո միայն թույլ են տալիս կատարել պատվաստում, մինչդեռ մեզ մոտ ոչ մի ստուգում չի արվել, երբ ասում էի, բա չի ստուգելու, օրինակ՝ նյարդաբանը, ասում էին դե տեղում չի, հավես ունե՞ս սպասես, տուր լրացնեմ գնա և այլն, ստացվում է պետությունը որոշումներ է կայացնում բոլորի համար, բայց ոչ բոլորն են կարողանում օգտվել դրանից ու մնում է բժիշկների բարի կամքի վրա»։

Արթիկի բժշկական կենտրոնի ընտանեկան բժիշկ Մելանյա Գրիգորյանը ևս նշում է, որ 1․5, 3, 4․5 ամսականում պատվաստումներ ստանալուց առաջ 4 մասնագետներ՝ նյարդաբան, վիրաբույժ, ակնաբույժ և քիթ կոկորդի մասնագետները պետք է ստուգեն երեխային։ 9 ամսականում կատարվում է պրոֆիլակտիկ այց, ու բացի այս մասնագետների ստուգումներից, կատարվում է նաև հեմոգլոբինի ստուգում, որն ըստ բժշկի՝ խիստ կարևոր է։

«Շատ կարևոր են այս ստուգումները, ինչպես նաև պատվաստումները։ Մարդկության պատմության մեջ եղել են համավարակներ, որ ամբողջ քաղաքներ են կործանել, մինչդեռ այսօր պատվաստումների շնորհիվ անգամ վերացել են այդ հիվանդությունները»,- evnreport-ին ասում է Գրիգորյանը՝ կարևորելով նաև 30-անց տարիքի կանանց ստուգումները։

Ըստ բժշկի, թեև կանայք այս հետազոտություններով հետաքրքրվում են, սակայն դեռևս որոշ կարծրատիպերի հետևանքով ոչ միշտ են օգտվում ընձեռված հնարավորությունից։

«Պարբերաբար զանգում հիշեցնում, հորդորում ենք այցելել ու անցնել հետազոտությունները, հիմնականում հետաքրքրված են, գալիս են, երբեմն անհարմար են զգում, սակայն բացատրում ենք կարևորությունը, մատնանշում ենք դեպքերը, որ չեն եկել ու վերջում պարզվել է 3-րդ 4-րդ աստիճանի է հասել խնդիրը։ Իհարկե, ավելի ճիշտ է նախապես իմանալ խնդրի մասին, սկզբնական փուլում հեշտությամբ կարելի է կանխել, բուժել, հսկել»,-ասում է Գրիգորյանը։

Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը նույնպես հորդորում է օգտվել պետության ընձեռած սքրինինգային ծրագրերի հնարավորություններից․

«Հիվանդությունների կանխարգելման միակ միջոցը ժամանակին հետազոտվելն է, որի համար պետությունը պայմաններ է տրամադրում։ Իմ հորդորն է, որ այս տարիքային խմբերում գտնվող քաղաքացիներն անցնեն սքրինինգային հետազոտություն։ Ինչքան հնարավոր է այս հետազոտությունները մոտեցրել ենք բնակիչներին, պետք է բնակչության մեջ փոխվեն կարծրատիպերն ու սկսեն այցելել իրենց կցագրված, իրենց ընտրված առողջության պահպանման առաջնային օղակները, որոնց հիմնական նպատակն է առողջության առաջնային պահպանումը, ոչ թե հիվանդաբուժությունը»։