Ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ պակասելու իրավունք չունենք
Երկրորդ երեխայի մայրական խնամքի արձակուրդից անմիջապես հետո, մայրանալու հետ կապված հետագա ծրագրերն առկախելով, մասնագիտությամբ մանկավարժ Անի Նահապետյանը ստիպված է եղել անցնել աշխատանքի՝ ընտանիքի տնտեսական բեռը թեթևացնելու հույսով։
«Նախ տան հիպոտեք ունենք, երկրորդ՝ կյանքը դժվարացել է, ամեն ինչ թանկացել է, դժվար է ապրելը։ Երեխաները մեծ պատասխանատվություն են։ Եթե ունենում ես, պետք է կարողանաս հոգալ նրանց համար ամեն ինչ, մինչդեռ Հայաստանում այսօր դա այնքան էլ հեշտ չէ։ Ու չեմ մեղադրում նրանց, ովքեր բավարարվում են մեկ երեխայով»,- ասում է 32-ամյա Նահապետյանը՝ հավելելով, որ իր շրջապատում էլ շատերն են ցանկանում երեք և ավելի երեխա ունենալ, սակայն ֆինանսական վախերը նրանց հետ են պահում այդ մտքից։
Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր է շարունակաբար իրականացնում, Անին կարծում է, որ գումարը չի կարող շահագրգռող գործոն լինել։
«Առաջին հինգ տարին ամենահեշտն է, դժվարությունները սկսվում են հաջորդող տարիներին։ Հարկավոր են այլ խրախուսող մեխանիզմներ, ռացիոնալ պայմաններ ծնողների համար, ինչպես օրինակ՝ բժշկական ապահովագրությունն է։ Առողջապահական համակարգը Հայաստանում բավականին թանկ է, արտոնություններ ունեն միայն պետական աշխատողները, ովքեր օգտվում են սոցփաթեթներից, իսկ այն ծնողները, ովքեր պետական աշխատող չե՞ն»,- ասում է Նահապետյանը՝ ավելացնելով, որ խնդիրները շատանում են նաև այն ժամանակ, երբ երեխաները հասնում են կրթություն ստանալու տարիքին, ուստի այս դեպքում ևս հարկավոր են մեխանիզմներ։
Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով՝ պետության կողմից բարձրացվել են երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարները։ Ըստ այդմ՝ 2020-ի հուլիսի 1-ից վեց անգամ ավելացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50․000 դրամից հասնելով 300․000-ի։ Կրկնակի ավելացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150․000 դրամից հասնելով 300․000-ի։ Զգալիորեն բարձրացել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը՝ 18․000 դրամից դառնալով 26․500 դրամ։ Դեռևս 2014-ին էլ որոշվել էր երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում հատկացնել 1․000․000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաներին՝ 1․500․000 դրամ, այս որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։
2022-ի սկզբին հայտարարվեց նաև նոր ծրագրի մասին, որի նպատակն է խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։ Ըստ այդմ՝ 2022-ի հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50․000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Բացի այդ, 2020-ի մայիսի 14-ին հաստատվեց «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» որոշումը, որը ևս նպատակ ունի աջակցել ընտանիքներին։
Հունիսի 10-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստին ներկայացվել է ռազմավարության մշակման աշխատանքներն ու նշվել, որ նախատեսվող գործողություններն ուղղված են լինելու առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելուն, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալներ ստեղծելուն։
Նշվել է նաև, որ եթե 2019-ին ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն կազմում էր մոտ 14,5 մլրդ դրամ, ապա 2022-ին այն դարձել է շուրջ 31,4 մլրդ դրամ։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված անդամ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ, սակայն, 2000-ականներին, երբ առկա էր ծնելիության կորի աճ, ՀՀ-ում չի տարվել համակարգված քաղաքականություն ծնելիությունը խթանելու համար։
«Այդ տարիներին ունեցել ենք ծնելիության կորի բարձրացում, սակայն դրանից չենք օգտվել, քանի որ խրախուսական քաղաքականություն չի եղել,-ասում է Մարկոսյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակահատվածում երեխայի խնամքի նպաստն ընդամենը 2000 դրամ էր,- Այդ շրջանում ծնունդների թիվը բարձր էր, քանի որ ամուսնական տարիք էին մտել 80-ականներին ծնվածները։ Մինչև 2008-ը երեխայի ծննդյան միանվագ նպաստը 35․000 դրամ էր։ Էլ չեմ խոսում գյուղաբնակների մասին, չաշխատող մայրերը 0 դրամական օգնություն էին ստանում, այսօր արդեն ստանում են ամսական 26․500 դրամ»։
Պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի արդյունավետությունը գնահատելիս՝ Արտակ Մարկոսյանը նշում է, որ 2014-ից հետո մեկ և մեկ ու կես միլիոն դրամների հատկացումը նպաստել է ընտանիքներում ընդամենը երրորդ երեխաների ծննդին։
«Այս պահին մենք դրա հաշվին ենք ջրի երեսին, դրա շնորհիվ անկում չի լինում, քանի որ 2012-ից մինչև օրս նվազում է առաջին երեխաների ծնունդների թիվը։ Անկումը գնալով ավելի է մեծանալու, քանի որ ամուսնությունների թիվը նվազելու է,- ասում է Մարկոսյանը՝ շեշտելով, որ շուտով ամուսնական տարիք կմտնի 90-ականների սերունդը, որն արդեն անհամեմատ սակավ է, և այստեղ որևիցե ազդեցություն հնարավոր չի ունենալ,- Կա ձևավորված թվաքանակ ամուսնացողների, մենք ոչինչ չենք կարող ավելացնել կամ նվազեցնել, ընդամենը կարող ենք ազդել, որ այդ մարդիկ շատ երեխաներ ունենան։ 2014-ից հետո ծնունդների քանակը չի ավելացել, նվազել է, բացի երրորդ կարգաթվից, երրորդ երեխաների թիվն աճել է»։
Ըստ փորձագետի՝ կոնկրետ 2020-ին նախորդ տարվա համեմատ գրանցվել է հինգ տոկոսի աճ․ երրորդ և հաջորդ ծնունդներն այնքան էին, որ փոխհատուցել են առաջինին։
Հատկանշական է, որ 2021-ին Հայասատանում ծնվել է 36․585 երեխա, և ըստ ժողովրդագրի գնահատման, եթե պետությունը այս տասնամյակում կարողացավ տարեկան 36․000 ցուցանիշը պահել, ապա դա կարելի է մեծ ձեռքբերում համարել։
«Պահելու համար էլ են ջանքեր պետք, հակառակ դեպքում թիվը կնվազի։ Այդ քայլերից մեկը բազմազավակ ընտանիքների մասին օրենքն է, որը չունենք, դա պետք է լինի ժողովրդագրական քաղաքականության հիմքը։ Ժողովրդագրական քաղաքականությունն ունի մի այսպիսի կարմիր գիծ․ դու կարող ես ֆինանսական գործքիներով խրախոսել իրավիճակը, բայց հարկավոր է մարդկանց ներկայացնելու առաջարկություններ ունենալ, որից հետո նրանք կհասկանան՝ ուզու՞մ են շատ երեխաներ ունենալ, թե՞ ոչ»,-ասում է ժողովրդագիրը՝ նշելով, որ առաջարկություններից կարող են լինել երեխաների կրթության հարցը, ծնողների բժշկական ապահովագրությունը։
Մարկոսյանն ասում է, որ թեև պետք է դիտարկել աշխարհի փորձը, սակայն այդ փորձը պետք է տեղայնացնել մեր երկրում՝ ելնելով մեր ռեսուրսներից։
«Պետությունները լուրջ գումարներ են ծախսում այս խնդրի վրա։ Այսօրվա ծնված երեխան այսօրվա համար չէ, ժողովրդագրությունը ներկայի համար չէ, այն հիմնված է անցյալի ու ապագայի վրա,- բացատրում է Մարկոսյանը՝ շեշտելով, որ այս գիտությունը ներկա չունի, աշխատում են 20-30 տարի առաջվա տվյալների հիման վրա՝ 20-30 տարի հետոյի համար,- Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հաջորդ շրջափուլում սերունդ լինի, եթե մենք լինեինք Եվրոպայում, ես կասեի, որ ամեն ինչ նորմալ է, ծնելության 1,7 (երբ մեկ կինն ունենում է մեկ ու կես երեխա) գործակիցն ընտիր է, բայց մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ պակասելու իրավունք չունենք։ Մեր ընտանիքներում այսօր մաքուր երկու երեխա անգամ չկա։ Մենք գոնե դրան պետք է ձգտենք, հիմա դա էլ է խնդիր։ Եթե հասնենք երկու երեխայի, ծնունդների բարձրացում կլինի, այն կբերի իրավիճակի կայունացման»։
Մահերը գերազանցում են ծնունդներին. Հայաստանը բռնել է դեպոպուլյացիայի ճանապարհը
Վերջին տարիներին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է բացասական միտում ցույց տալ։
Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամը երկու տարին մեկ իրականացնում է բնակչության թվաքանակի կանխատեսումներ։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը վերլուծելով տվյալները՝ նշում է՝ համաձայն վիճակագրության՝ 2022-ի հունվար-փետրվար ամիսներին ծնունդների բացարձակ թվաքանակը նվազել է, աճել է մահացածների թիվը, արձանագրվել է բնական հավելաճի բացասական ցուցանիշ։
«2022-ի փետրվարին* Հայաստանում ծնվել է 2476, մահացել՝ 3241 մարդ։ Սակայն փորձագիտական դաշտում կարծում են, որ տարեվերջին պատկերը կփոխվի։ Իհարկե, դեռևս մինչև տարեվերջ ժամանակ ունենք, բայց նման միտման դեպքում մենք կունենանք մի իրավիճակ, որը կոչվում է դեպոպուլյացիա, երբ մահերի թիվը գերազանցում է ծննունդներին, և բնական հավելաճը լինում է բացասական»,- ասում է Հովհաննիսյանը։
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշում է, որ իրավիճակը սպասելի էր, քանի որ անցյալ տարի արդեն իսկ Լոռու մարզում գրանցվել էր դեպոպուլյացիա։
«Խորհրդային Հայաստանի պատմությունից ի վեր առաջին անգամ ունեցանք դեպոպուլյացիա՝ ծնունդների ու մահերի բացասական մնացորդ։ Եվ դրա եզրին են հայտնվել մեր մարզերի զգալի մասը։ Համավարակը և պատերազմի հետևանքները խթանեցին, որպեսզի ունենանք այս պատկերը, արագացրին այս գործընթացը»,-ասում է Եգանյանը։
Արտակ Մարկոսյանի կարծիքով էլ գոյություն ունի նաև երկրորդ խնդիրը. երեք տարի է ՀՀ-ում գրանցվում է մահացության ցուցանիշի աճ։
«Նույնիսկ այս եռամսկայում, երբ քովիդից մահերը լուրջ նվազել են, տարբեր այլ հիվանդություններից մահերը բարձր տոկոս են կազմում։ Ինձ, որպես մասնագետի, այսօր ավելի շատ հետաքրքրում են մահերը, քան ծնունդները»,-ասում է Մարկոսյանը՝ նշելով, որ առաջին եռամսյակում բնական աճը պակաս է եղել 609 մարդով, նախորդ տարի եղել է 240։
Ըստ փորձագետի, թեև խնդիրը լուրջ է, բայց տարվա ավարտին միայն հնարավոր կլինի հասկանալ իրավիճակը․
«Սովորաբար, տարվա վերջում ծնունդների թիվը միշտ շատ ավելին է լինում, քան տարվա սկզբում․ տարվա սկզբի համեմատ, ծնունդների 15-20 տոկոս բարձր ցուցանիշներ են արձանագրվում։ 2021-ի մարտին ծնունդների թիվն աճել էր բացարձակ թվով, պատերազմն ունեցել էր ազդեցություն, սակայն այդ ազդեցությունը բավական կարճ էր, և հուլիսից հետո ծնունդները սկսեցին նվազել»։
2021-ին Հայաստանում ծնվել է 36․585 երեխա, մահացել՝ 34․658 մարդ, ծնվածների թիվը մահացածներին գերազանցել է 1927-ով։ 2020-ին բնական հավելաճը ընդամենը 183 էր, մինչդեռ դրանից առաջ՝ 2019-ին, երկրում ծնվածների թիվը մահացածներին գերազանցել էր 9855-ով։ 2021-ին գրանցված մահերը նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 1500-ով, սակայն 2019-ի համեմատ այս թիվն ավելի է շուրջ 35%-ով։ Մահացության ավելի բարձր ցուցանիշ, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել էր միայն 1988-ին, երբ տեղի ունեցավ Սպիտակի հուժկու երկրաշարժը՝ խլելով ավելի քան 25․000 մարդու կյանք։ 44-օրյա պատերազմում Հայաստանն ունեցել է շուրջ 4000 զոհ, որոնցից 250-ը վիճակագրական կոմիտեն արձանագրել է որպես 2021-ին գրանցված մահ։ Կորոնավիրուսային հիվանդությունից 2021-ին մահացել է 5450 մարդ՝ 2020-ի 3540-ի դիմաց։
«Հայաստանում լուրջ խնդիր է նաև սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, մենք դա հաշվի չենք առնում, գնաճը, դրամի արժեզրկումը, այս ամենն ազդում է։ Գներն աճում են, մինչդեռ չեն աճում մարդկանց եկամուտները։ Այս ամենը չի կարող կոնկրետ ազդեցություն չունենալ ժողովրդագրական գործընթացների վրա»,-ասում է Մարկոսյանը։
Հայաստանը ծերացող երկների շարքում. տարեցներին դիտարկել ոչ թե որպես բեռ, այլ հնարավորություն
Ժողովրդագիրներին անհանգստացնում է Հայաստանի բնակչության ծերացման ցուցանիշը։ ՄԱԿ-ի դասակարգմամբ, եթե տարեցների տեսակարար կշիռը բնակչության շրջանում 7 տոկոսից բարձր է, ապա այդ երկիրը ծերացող երկրների շարքում է։ Հայաստանում այդ ցուցանիշը 7 տոկոսից գրեթե կրկնակի բարձր է։
«ՀՀ-ում տարեցների տեսակարար կշիռը մոտավորապես 14 տոկոս է, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն դասվում է ծերացող երկրների շարքին։ Նման երևույթ բնորոշ է աշխարհի բոլոր այն երկրներին, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է և ունի նվազման միտում»,- ասում է Աննա Հովհաննիսյանը։
Ժողովրդագրական կանխատեսումներով՝ 2050-ին այս ցուցանիշը 22-24 տոկոսի կհասնի, ինչը նշանակում է, որ հինգ մարդուց մեկն արդեն տարեց կլինի, կենսաթոշակառու։
«Ես սա չեմ ուզում դիտարկել որպես խիստ բացասական երևույթ։ Տարեցները պետք է դիտարկվեն ոչ թե որպես բեռ, այլ որպես հնարավորություն, ամբողջ աշխարհում է այդպես, քանի որ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել։ Պետք է օգտագործենք այս հնարավորությունը, պետք է փորձենք օգտվել նրանց ռեսուրսից, պոտենցիալից»,- ասում է Հովհաննիսյանը։
Ռուբեն Եգանյանի կարծիքով էլ բնակչության ծերացումը պետք է փորձ անել վերածել հնարավորությունների՝ մինչև այն տարիքային միջակայքը, երբ մարդիկ անցնում են կենսաթոշակի, բայց շարունակում մնալ ակտիվ, ստեղծարար ուղղություններ ունեցող։
«Հետո գալիս է մի տարիքային սահմանագիծ, երբ այդ մարդիկ դառնում են հասարակության հոգածության մաս, առանց դրա հնարավոր չէ նրանց գոյատևումը։ Ըստ էության՝ մենք ոչ թե ծերացող այլ արդեն իսկ ծերացած երկիր ենք։ Նույնիսկ ՄԱԿ-ի չափորոշիչներով մենք արդեն ծերացած երկների թվում ենք, իհարկե, մեզնից ծեր երկրներ էլ կան, օրինակ դժվար է համեմատվել եվրոպական զարգացած երկրների հետ, նրանք հատել են 25 տոկոսի շեմը, մենք դեռ ունենք անցնելու ճանապարհ, բայց այդ երկրներն ունեն կուտակած փորձ, տնտեսական հնարավորություններ»,- ասում է Եգանյանը։
Արտակ Մարկոսյանն էլ նշում է՝ մենք արդեն ծեր ենք, սակայն միևնույն ժամանակ հիշատակում է Ճապոնիան, որտեղ 65 տարեկանից բարձր բնակչության թիվը գերազանցում է․
«Բայց տեսնում ենք, որ զարգացող պետություն է, իրենք կարողացել են դա կառավարել, կարողացել են կենսաթոշակի գնացող մարդկանց պահել աշխատաշուկայում՝ խրախուսական մեթոդներով, ստեղծել են հատուկ մեխանիզմներ։ Մենք դեռևս չունենք նման ծրագրեր, ցավոք, քանի որ մեր զբաղվածության ոլորտը դեռևս հետ է մնում։ Ծրագրերը չեն համապատասխանում այս ժամանակահատվածում մեր ունեցած իրականությանը, դա լուրջ բացթողում է, այսօրվանից պետք է սկսել այդ ուղղությամբ մտածել, քանի որ կյանքի տևողությունն էլ գնալով երկարելու է, մարդիկ մինչև 60 տարեկան ու դրանից հետո աշխատունակ են։ Պարզապես պետք է հասկանալ ինչպես և որտեղ օգտագործել այդ մարդկանց և հարկավոր է հստակ քաղաքականություն ունենալ»։
Նվազում է երիտասարդների թիվը, նվազում են ամուսնությունները, ուշանում է մայրանալու տարիքը
Վերջին տասնամյակում Հայաստանում երիտասարդների թիվը նվազել է 240․000-ով: Աննա Հովհաննիսյանը ցուցանիշը խիստ մտահոգիչ համարելով՝ նշում է, որ երիտասարդներն ապագա աշխատանքային տարիք մուտք գործող տարիքային խումբն են։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երկու տարին մեկ իրականացվող բնակչության թվաքանակի կանխատեսման՝ մեր երկրում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը բարձր է. աղջիկների շրջանում՝ 34,5, տղաների շրջանում՝ գրեթե 27 տոկոս:
2020–ին Հայաստանում նաև ամուսնությունների ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ մոտ 12․000, իսկ 2021-ին ցուցանիշը շուրջ 40 տոկոսով ավելացել է՝ 17․000։ Ժողովրդագրության մեջ սա կոչում են «հետաձգված ամուսնություններ», երբ ինչ-որ հանգամանքներով, այս դեպքում՝ համավարակով ու պատերազմով պայմանավորված, ամուսնությունները հետաձգվում են։ 2021-ին 33 տոկոսով ավելացել է նաև ամուսնալուծությունների թիվը։
«Վերջին տասնամյակում մայրանալու միջին տարիքը 24-ից բարձրացել է մինչև 29-ը։ Որքան մարդն ուշ է մտնում վերարտադրողական գործընթացի մեջ, այնքան քիչ ժամանակ է ունենում իր վերարտադրողական պոտենցիալն իրագործելու համար։ Մեր կանխատեսումներով՝ 2050-ին առաջին անգամ մայրանալու միջին տարիքը կմոտենա 30-ին»,-ասում է Հովհաննիսյանը։
Արտակ Մարկոսյանն էլ նշում է, որ եթե 2020-ին ամուսնությունները չհետաձգվեին, շատ հնարավոր է, որ 2021-ին նվազում գրանցվեր․
«Մենք հիմա մտնում ենք ամուսնությունների նվազման փուլ, այդ փուլը կգնա, իսկ մի քանի տարի անց կսկսվի ծնունդների լուրջ անկումը։ Ծնունդները միանգամից չեն սկսում անկում գրանցել։ Սկզբում կլինի ամուսնությունների թվաքանակի նվազումը, երեք-չորս տարի անց այն կանդրադառնա ծնունդների թվաքանակի վրա։ Այս տարվա առաջին եռամսյակում նվազել է այդ թիվը, որովհետև որոշ հաշվարկներով ամուսնական տարիք է մտնում 90-ականների երկրորդ կեսի սերունդը, այդ կորի իջնելու վրա ենք»։
Արդյոք պատերազմներից, աղետներից հետո ծնունդներն աճում են
Ռուբեն Եգանյանը նշում է, որ պատերազմներից, աղետներից հետո ծնունդների աճը կոչվում է փոխհատուցողական ծնելիություն, բայց ոչ բոլոր երևույթների դեպքում է այն դրսևորվում։
«Դա ընդգծվեց հատկապես 1988-ի երկրաշարժից հետո, երբ 1990-ին ունեցանք 84․000 ծնունդ։ Տեղի ունեցած աղետը շոշափել էր բնակչության բոլոր սեռատարիքային խմբերին, դրա հետևանքով կիսվել էին ընտանիքները, ընտանիքներն ունեին երեխաների կորուստներ, ձևավորվեցին նոր ընտանիքներ, ովքեր ունեցել էին կորուստներ, ցանկացան վերականգնել, դա այդ երևութի հետևանքն էր։ Բայց այն ինչ տեղի ունեցավ մեզ հետ վերջին երկու տարիներին, հազիվ թե նման բանի տանի,-ասում է Եգանյանը՝ բացատրելով, որ պատերազմի ժամանակ հիմնական կորուստները վերարտադրողական տարիքի, դեռևս այդ գործընթացներում չներառված մարդկանց կորուստներ էին, մինչդեռ իրենց ծնողներն արդեն իսկ դուրս են եկել այդ տարիքից, որպեսզի ունենան այսպես ասած փոխհատուցման հնարավորություն, — չեմ կարծում, թե կունենանք նույն իրավիճակը, ինչ երկրաշարժից հետո»։
Ընդհանուր գնահատելով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, Արտակ Մարկոսյանը նշում է. երկիրն այս ճգնաժամում է արդեն երեսուն տարի, և այդ ճգնաժամն ունեցել է արհեստական բաղադրիչ, ժողովրդագրական ուղին 1991-ից հետո անընդհատ արհեստականորեն ընդհատվել է, քանի որ եղել են վայէջքներ ու վերելքներ, որոնց չենք հասել բնական ճանապարհով․
«1986-ից հետո, ծնունդների թիվը նվազելու էր, և այստեղ կապ չուներ անկախանալը․ ծնունդների կորը իջնելու էր ու դա բնական պրոցես էր։ 1990-ականերին ունեցել ենք ծնունդների աճ, բայց այդտեղ մի քանի խաբուսիկ հանգամանքներ կան․ 1988-ին եղավ երկրաշարժը։ Երկրաժաշարժից առաջ` 1986-ին ծնվել էր 81․191 երեխա, 1988-ին իջել էր 74․000-ի, ինչը բնական պրոցես էր, քանի որ ամուսնական տարիք էր մտել 1960-ականների երկրորդ կեսին ծնված սերունդը։ 1989, 1990, 1991 թվականներին երկրաշարժից հետո վերականգնողական փուլ տեղի ունեցավ, ու այդ աճը բնական չէր, քանի որ մարդիկ փորձում էին վերականգնել իրենց ընտանիքների կորուստները»։
Ժողովրդագիրը նշում է, որ եթե 1992-ին Հայաստանում ծնվել է 70․000 երեխա, ապա արդեն տասը տարի անց` 2002-ին 32․380, ինչը նշանակում է ունենալ ծնունդների 60 տոկոս անկում։
«Այս ամենը կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրանով պայմանավորված արտագաղթի, ինչպես նաև պատերազմի, անվտանգային միջավայրի վատթարացման հետ»,- ասում է Մարկոսյանը։
* Ուղղում. Հոդվածի նախնական տարբերակում ասվում էր, որ 2022 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում գրանցվել է 2476 ծնունդ: Պետք է լիներ միայն փետրվար ամսվա համար:
EVN Report կայքի «ՁայնաԳիր» բաժնում հրապարակվում են հարթակի հայալեզու հոդվածների ձայնային տարբերակները։
Ձայնագիր. Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Անահիտ Հարությունյանի «Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Դյուսելդորֆի փախստական հայցողների կացարանում մարդիկ տարիներ շարունակ ապրում են, բուժվում ու միշտ սպասում՝ կամ լիարժեք բուժմանը, կամ արտաքսմանը։ Հոդվածաշարում հայերը ներկայացնում են, թե ինչպես են հասել Գերմանիա՝ հրաշքի սպասումով։
Read moreՁայնագիր. Երբ ապագայապաշտները հանդիպեցին իրենց բաղձած ապագայի հետ
«ԵՎ այլն» բաժնում հրապարակված՝ Կարեն Ղարսլյանի «Երբ ապագայապաշտները հանդիպեցին իրենց բաղձած ապագայի հետ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Կարեն Ղարսլյանը: Թեև Հայաստանում ակնհայտորեն գերիշխում է հավաքապաշտական և առնական մշակույթը, քիչ չեն հասարակությունում անհատապաշտական և/կամ սեռահավասարության ձգտող սակավաթիվ շերտերի կողմից նրան նետված ձեռնոցները: *Ուշադրություն, ձայնագրում առկա են հայհոյախառն արտահայտություններ:
Read moreՁայնագիր. Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛
«Կարծիք» բաժնում հրապարակված՝ Գևորգ Օսկանյանի «Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին:
Read moreՁայնագիր. Գլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ
«ԵՎ այլն» բաժնում հրապարակված՝ Լիլիթ Սարգսյանի «Գլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ: Հայ նկարիչները «Պաղ և սառը: ԱՄՆ և ԽՍՀՄ արվեստը» ցուցահանդեսում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Համաշխարհային ժամանակակից արվեստի պատկառելի հարթակում հակադիր բևեռների հայ արվեստագետների ընդգրկումը բացահայտում է ոչ հեռու անցյալի հայկական գեղարվեստական ժառանգության հիմնովին վերանայման և վերաիմաստավորման անհրաժեշտությունը:
Read moreՁայնագիր.Արցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում
«Կարծիք» բաժնում հրապարակված՝ Կայծ Մինասեանի «Արցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Ներսեսյանը: Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ չդադարող լարվածության պայմաններում և 2020 թվականին Արցախում պարտությունից հետո Հայաստանն ինչպե՞ս կարող է դուրս գալ ահագնացող հակամարտությունների այս շղթայից:
Read moreՁայնագիր. Մարիամ Շահինեան. ստվերից դուրս
«Արվեստ և մշակույթ» բաժնում հրապարակված՝ Նորա Գրիգորյանի «Մարիամ Շահինեան. ստվերից դուրս» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարչուհի Մարիամ Շահինեանի նորօրյա բացահայտումով մի խումբ կանայք ոգեշնչվում և համագործակցելով փորձում են վերծանել ստվերում մնացած պատմության այս էջը։
Read moreՁայնագիր.Բացահայտելով Հայաստանը․ հնավայրերի ներուժն ու պեղումների խոչընդոտները
«Արվեստ և մշակույթ» բաժնում հրապարակված՝ Հասմիկ Բալեյանի «Բացահայտելով Հայաստանը․ հնավայրերի ներուժն ու պեղումների խոչընդոտները» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հնագիտության ներուժ ունեցող Հայաստանում ոլորտի մասնագետները հաճախ բախվում են տարբեր խոչընդոտների։ Հոդվածը ներկայացնում է վերջին տարիներին Հայաստանի հնավայրերի պեղումների ընթացքը, անդրադառնում հայ և իտալացի հնագետների ուշադրության կենտրոնում հայտնված Դվինի պեղավայրին։
Read more