Մեկ հանրապետություն

Juris Prudence Armenian 2

«Իրավ[ա]գիտություն» սյունակում Դավիթ Խաչատրյանը Հայաստանի տեսանկյունից ուսումնասիրում է միջազգային իրավական կարգը՝ անդրադառնալով, թե ինչպես են պետությունները, դատարանները, պայմանագրերն ու իրավական սկզբունքները ձևավորում այն աշխարհը, որում ապրում է Հայաստանը։ Սյունակը դուրս է գալիս օրվա լուրերի շրջանակից՝ պարզաբանելու, թե իրականում ինչ է սահմանում միջազգային իրավունքը, ինչպես է այն կիրառվում ու վիճարկվում, և ինչու է այն կարևոր Հայաստանի համար։

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։

Միջազգային իրավունքի տեսանկյունից գոյություն ունի Հայաստանի միայն մեկ Հանրապետություն՝ այն պետությունը, որը 1991 թվականին անկախություն ձեռք բերեց  և 1992 թվականի մարտին զբաղեցրեց իր տեղը Միավորված ազգերի կազմակերպությունում։ Միջազգային իրավունքը ճանաչել է այդ պետությունը սահմանադրական փոփոխությունների, պարտված պատերազմի, բռնի տեղահանված բնակչության ու արտաքին քաղաքականության շրջադարձերի միջով և շարունակելու է ճանաչել նույն պետությունը նաև հաջորդ սահմանադրությունից հետո։ 

Գրելով սեպտեմբերի 21-ի նախօրեին՝ ցանկանում եմ մի պահ մի կողմ դնել հանդիսավորությունը։ Անկախության մասին սովորաբար խոսում ենք որպես նվաճման՝ մի բանի, որն իրագործվել և մեկընդմիշտ մերն է դարձել։ Սակայն իրականությունն այլ է։ Պետությունը բնութագրվում է իր գործողություններով և անգործությամբ, այն ամենով, ինչ այն ներկայացնում է, ինչպես նաև՝ դադարում է ներկայացնել։

Կառավարությունն օգոստոսին Ազգային Ժողովի ամբիոնից ազդարարեց Չորրորդ Հանրապետության ծնունդը՝ որպես իրողություն։ Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած ծրագիրը պետության պաշտոնական գաղափարախոսությունն է, իսկ 1990 թվականի անկախության հռչակագրի հղումը նոր Սահմանադրության մեջ տեղ չունի։ Սակայն քաղաքական այս հայտարարությունները որևէ կերպ չեն փոխում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններն ու իրավունքները։ Այս սկզբունքի հիմքում ընկնած է ավելի քան մեկ դար առաջ հանգուցալուծված միջպետական մի վեճ։

Բավականաչափ ինքնիշխան

1921 թվականի մարտին Քիլի ջրանցքի մոտ արգելվեց «Ուիմբլդոն» շոգենավի մուտքը։ Այն բրիտանական նավ էր՝ վարձակալված ֆրանսիական ընկերության կողմից, և զինամթերք էր տեղափոխում Խորհրդային Ռուսաստանի դեմ պատերազմող Լեհաստան։ Գերմանիան թույլ չտվեց նավի տարանցումը, քանի որ այդ հակամարտությունում Բեռլինը չեզոքություն էր պահպանում, իսկ իր տարածքով զենքի տեղափոխումը դիտարկում էր որպես անմիջական աջակցություն հակամարտող կողմերից մեկին։

Գերմանիան պնդում էր, որ իր տարածքով ռազմական բեռների տարանցումը թույլատրելու կամ արգելելու որոշումն իր ինքնիշխան իրավունքն է, հետևաբար՝ ցանկացած պարտադրանք այս պարունակում կնշանակեր այդ ինքնիշխանությունից հրաժարում։ Ժամանակի գլխավոր միջազգային դատարանն ընդունեց, որ միջազգային պարտավորությունները կարող են սահմանափակել պետության ինքնիշխանության իրացումը, բայց դա ոչ մի կերպ չի հանգեցնում ինքնիշխանության կորստի։ Ընդհակառակը՝ միջազգային պարտավորություններ ստանձնելը և դրանք կատարելը ինքնիշխանության իրացման ուղղակի դրսևորումներ են։

Պետականությունը դրսևորվում է միջազգային հարաբերություններում և իր էությամբ հենց փոխհարաբերություն է։ 1919 թվականին Գերմանիան Վերսալի համաձայնագրով ստանձնել էր ջրանցքը նավարկության համար բաց պահելու պարտավորություն։ Այդ ընթացքում Գերմանիայում Կայզերն արդեն հեռացվել էր իշխանությունից, միապետությունը վերացվել էր, և հաստատվել էր հանրապետություն։ Սակայն այդ ամենի հետևանքով Գերմանիայի միջազգային պարտավորությունները չէին փոխվում։

Այս հոդվածում այդ տրամաբանությունը փոխադրվում է հայկական իրականություն, որտեղ առանցքայինը պետության և դրա կառավարման ձևի միջև տարբերակումն է։

Մեկ հանրապետություն

Կառավարության փոխվելով պետության պարտավորությունները չեն դադարում։ Պետությունն ինքնին իրավունքի սուբյեկտն է (անձը), իսկ կառավարությունը՝ այն հիմնական մարմինը, որի միջոցով այդ անձը գործում է։ Մարմինները փոխվում են՝ օրինական թե ապօրինի ճանապարհով, բայց անձը մնում է նույնը՝ կրելով այն ամենի պատասխանատվությունը, ինչ արվել է իր անունից։ Հետևաբար, Հանրապետությունը ոչ թե մեկանգամյա իրադարձություն է, այլ պահպանվող վիճակ․ այն ոչ թե 1991 թվականին տեղի ունեցած ինչ-որ բան է, այլ մի ընթացք, որն անընդհատ իրականացվում է իշխանության ղեկին հայտնվածների կողմից։

Ներկայիս պետությունը Երրորդ, Չորրորդ թե Տասնմեկերորդ Հանրապետություն անվանելը զուտ ներքին փուլաբաժանում է, ինչպես ֆրանսիացիներն են անվանում իրենց սահմանադրական շրջանները։ Ֆրանսիան ունեցել է հինգ հանրապետություն, երկու կայսրություն և երկու անգամ վերականգնված միապետություն, բայց միջազգային իրավունքի համար միշտ եղել է մեկ Ֆրանսիա՝ կապված այն պարտավորություններով, որոնք այդ ռեժիմները ստանձնել են իր անունից։ Անգամ Վիշիի ռեժիմը, որը Ֆրանսիան հայտարարեց ապօրինի, ի վերջո առաջացրեց պետության պատասխանատվություն իր անունից կատարած գործողությունների  համար, թեև ֆրանսիական դատարանը դա բացահայտ ընդունելու համար սպասեց մինչև 2002 թվականը։

Սա առանցքային է հատկապես հիմա, երբ Հայաստանը նոր Սահմանադրություն է մշակում։ Դրա պատճառները մասամբ ներքին են, մասամբ էլ արտաքին․ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար պահանջում է հեռացնել 1990-ի Անկախության հռչակագրի հղումը՝ այն համարելով տարածքային պահանջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սահմանադրության տեքստը, թերևս, կփոխվի, բայց արդյո՞ք դրանով փոխվում է բուն էությունը։

Միջազգային հանրությունը ևս սահմանադրական փոփոխությունը չի դիտարկելու որպես նոր պետության ծնունդ։ 1990 թվականի հռչակագրի հղումը հեռացնելու պաշտոնական պատճառը տարածքային նկրտումների չեզոքացնում է, սակայն այդպիսիք կարող են լինել անգամ առանց որևէ հռչակագրի՝ Սահմանադրության ցանկացած տեքստի առկայության դեպքում։ Բաքուն պահանջում է Սահմանադրության փոփոխություն, որովհետև կարողանում է ճնշում գործադրելով հասնել իր պահանջների կատարմանը։ Որևէ երաշխիք չկա, որ Սահմանադրութան փոփոխությունը վերջին այդպիսի պահանջն է լինելու։ 

Ինչո՞վ է կաշկանդված պետությունը

Պետությունները պարտավորություններ են կրում այնպես, ինչպես անհատները։ Սովորաբար պարտավորությունները բխում են միջազգային համաձայնագրերից և կոնվենցիաներից։ Սակայն պետությունները կարող են միջազգային պարտավորություններ ստանձնել նաև միակողմանի հայտարարությունների արդյունքում։

Այսպես, 1970-ականներին Ֆրանսիան միջուկային զենքի փորձարկումներ էր իրականացնում Խաղաղ օվկիանոսում։ Ավստրալիան և Նոր Զելանդիան դիմեցին Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ֆրանսիային դադարեցնել փորձարկումները։ Գործի քննության ընթացքում Ֆրանսիայի նախագահն ու մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ հայտարարեցին փորձարկումների դադարեցման մասին։ Դատարանը որոշեց, որ այս հայտարարություններն ինքնին իրավական ուժ ունեն։ Եթե ինքնիշխան պետությունը հանդես է գալիս այնպիսի հայրտարարություններով, որոնք պայմանավորելու են ուրիշ պետությունների դիրքորոշումը, ապա այդ հայտարարությունները պետք է հարգվեն, որպես միջազգային պարտավորություններ։

Միջազգային պարտավորություններ կարող են առաջանալ նաև լռելյայն համաձայնության միջոցով։ Եթե պետության պաշտոնական դիրքորոշումը լռությունն է մի իրավիճակում, որտեղ կարող էր առարկել, համարվում է, այդ պետությունը համաձայնել է տվյալ իրողությանը։ Վերջապես, գոյություն ունի «էստոպելի» սկզբունքը, որը թույլ չի տալիս պետությանը հրաժարվել իր դիրքորոշումից, որի վրա հիմնվել են այլ պետություններն իրենց միջազգային հարաբերություններում։

Այս չորսն էլ ուղղակիորեն վերաբերում են Հայաստանին։ Պատմականորեն մենք գերազանցապես հանդիսացել ենք իրավունքի առարկա, քանի որ ուրիշներն էին քննարկում Հայկական հարցը, դրա սահմաններն ու բովանդակությունը և բանակցություններ վարում մեր անունից։ Այս իրավիճակը գոնե միջազգային իրավունքի տեսանկյունից սկսեց փոխվել 2021 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետությունը Արդարադատության միջազգային դատարանում հայց ներկայացրեց Ադրբեջանի դեմ։ Մեկ շաբաթ անց Ադրբեջանը պատասխանեց հայելային հայցով։ Երկու միջպետական վեճերն էլ դեռ ընթացքի մեջ են։ Բաքուն ավելի հեռուն գնաց՝ ներկայացնելով չորս միջպետական վեճերից բաղկացած իրավական փաթեթ՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջպետական գանգատը և երկու արբիտրաժային գործեր։

Ու այս ամենից այժմ պատրաստվում են հետ կանգնել։ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի նախագծով Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են հետ վերցնել իրենց միջպետական հայցերը։ Սա ներկայացվում է իբրև փոխադարձ և համարժեք քայլ, բայց իրականությունն այլ է։ Ադրբեջանի հայցերն առաջ էին քաշվել արհեստականորեն՝ որպես հակակշիռ Հայաստանի Հանրապետության հայցերի։

Երկրորդ հարցում էլ պատկերը նույնն է։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայության տեղահանումով առաջացավ նրանց վերադարձի իրավունքը։ Երկու ամիս անց, միջանկյալ որոշմամբ միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ապահովել այդ իրավունքի անվտանգ իրացումը։

Ադրբեջանը խեղաթյուրեց նաև վերադարձի իրավունքը՝ առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջանից», այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունից, տասնամյակներ առաջ հեռացած ադրբեջանցիների վերադարձի օրակարգը։ Ցավոք, Հայաստանը տեղի տվեց։ Դեկտեմբերին վարչապետն առաջարկեց համատեղ ճանապարհային քարտեզ, որով առաջարկվում է հայելաբար հրաժարվել Արցախի հայերի վերադարձի և ադրբեջանցիների վերադարձի օրակարգերից։ Խորհրդարանում նա ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ տևական խաղաղության համար վերադարձի թեման պետք է փակվի երկու կողմից էլ։ Սա ոչ թե մի կուսակցության, այլ հենց Հայաստանի դիրքորոշումն է, քանի որ այն, ինչ վարչապետն ասում է խորհրդարանի ամբիոնից, Հանրապետության պաշտոնական խոսքն է։

Այժմ առաջ մղվող տրամաբանությունն այն է, թե այս երկու պահանջները չեզոքացնում են միմյանց և կարող են փակվել միասին․ սա հենց այն արդյունքն է, որի համար Բաքուն ստեղծել էր այդ հայելային պատկերը։ Ու այս հավասարության նշանը մենք ինքներս դրեցինք` առաջացնելով միջազգային դիրքորոշում, որից հետագայում դժվար կլինի հետ կանգնել։

Ուզենք, թե չուզենք

Այստեղ նորից վերադառնում ենք այն կառավարությանը, որը խորհրդարանում հայտարարեց նոր հանրապետության մասին։ Հունիսյան ընտրություններում հաղթած ծրագիրն այժմ պետական գաղափարախոսություն է․ նոր Սահմանադրության մեջ անկախության հռկակագրին հղումը չպետք է լինի։ «Իրական Հայաստանը», ինչպես մեզ բացատրում են, այն է, ինչ մնում է, երբ ավելորդ ամեն ինչ մի կողմ ես դնում։

Լեռնային Ղարաբաղի հարցի փակումը նախ իրավական սխալ է, հետո նոր քաղաքական։ Այնուամենայնիվ, որքան էլ դեմ լինենք այս մոտեցմանը, սա չի նշանակում, որ պատասխանատվությունը միայն ներկայիս իշխանությանն է կամ այն Հայաստանի Հանրապետությանը չէ։ Վարչապետի, կառավարության գործողությունները վերագրելի են պետությանը։ Այս պարունակում անգամ էական չէ, թե արդյոք տվյալ պաշտոնյան առաջնորդվել է սեփական երկրի օրենսդրությամբ, թե ոչ։ Միջազգային հանրության և հարաբերությունների տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող հանգամանքը պետության պաշտոնական վարքագիծն է, ոչ թե ներքաղաքական իրողությունները։

Պետական կառույցները ղեկավարում են ընտրություններում հաղթած մարդիկ, իսկ այդ կառույցները հենց Հանրապետությունն են։ Այնպես որ մենք բոլորս պատասխանատու ենք նրանց արածի համար, ու նույնը լինելու է մեր հաջորդների դեպքում։ 2015 թվականին ԵԱՏՄ անդամակցելը Հանրապետության որոշումն էր, ոչ թե մեկ կառավարության։

Ուզենք, թե չուզենք, Բաքուն պահանջեց ու ստացավ Սահմանադրության փոփոխության օրակարգը, Մինսկի խումբը լուծարվում է, հայցերը հետ են քաշվում, իսկ «Արևմտյան Ադրբեջանն» ու Արցախը նույնացվում են հենց մեր իսկ ամբիոնից։

Ի գիտություն

Այս հոդվածը միավորում է երկու դժվար համադրելի պնդում․ այս կառավարությունը խոսում է Հանրապետության անունից, ուստի նրա արածը Հանրապետությանն է, հետևաբար՝ մերը, և միևնույն ժամանակ՝ այն անում է մի սխալ, որի հետևանքները Հանրապետությունը դեռ երկար է կրելու։ Հոդվածում միաժամանակ այս երկվությունը հարթելու փորձ չի արվում։ Սա բնական վիճակ է. իշխանության ծրագրերին հակադրվել չի նշանակում հրաժարվել պետությունից։

Սրանից բխող հետևությունը շատ պարզ է․ եթե գործողություններն այլևս անշրջելի են, մնում է արձանագրումը։ Այս սյունակի նպատակը հենց դա է․ ուսումնասիրել միջազգային իրավունքը Հայաստանի տեսանկյունից, իսկ մյուս կողմից վերլուծել  Հայաստանը միջազգային իրավունքի պարունակում։

Միջազգային իրավունքի արդյունավետության վերաբերյալ պատրանքներ չպիտի լինեն։ Այն հաճախ անարդար է, երկակի չափորոշիչներով, դրա սակավաթիվ մեխանիզմները որպես կանոն ուշանում են, իսկ սկզբունքները վերաձևվում են ուժեղների կողմից։ Սակայն սա չի նշանակում, որ միջազգային իրավունքը բացարձակապես չի գործում։ Այս թյուրըմբնռումը շատ թանկ է նստել մեզ վրա՝ հանգեցնելով արժեքավոր իրավական հայցերի կորստի և հեշտությամբ զիջված դիրքերի։ 

Դիրքորոշումները կարծրանում են, երբ չեն հանդիպում հակադարձման։ Լռելյայն զիջված պահանջը կորչում է անվերադարձ, մինչդեռ առարկությամբ զիջվածը՝ պատշաճ հիմնավորված նրանց կողմից, ովքեր տիրապետում են իրավական փաստարկմանը, թողնում է իր հետագիծը․ այն մնում է ընթեռնելի։

Վաղը, երբ որևէ իրավաբան, դատարան կամ կառավարություն կփորձի պարզել՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունն ունեցել է այլ դիրքորոշում վերադարձի իրավունքի վերաբերյալ և ինչ հիմքերով, նրանք կգտնեն այն, ինչ գրվում է այսօր՝ նրանց կողմից, ովքեր ժամանակ են հատկացնում դա արձանագրելու համար։ 

***

Դավիթ Խաչատրյանը միջազգային իրավունքի մասնագետ է, ունի իրավագիտության մագիստրոսի երեք աստիճան՝ առաջինը՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից՝ քաղաքացիական իրավունքի մասնագիտացմամբ, այնուհետև՝ Ուփսալայի համալսարանից՝ ներդրումային արբիտրաժային իրավունքի մասնագիտացմամբ, և վերջինը՝ Շվեդիայի պաշտպանության համալսարանից՝ միջազգային գործառնական իրավունքի մասնագիտացմամբ։

Davit Khachatryan profile pic 2

Leave A Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով