
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Վերջին տասնամյակներում համաշխարհային տնտեսության սրընթաց աճը պայմանավորված է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորամուծություններով և տարբեր ճյուղերում դրանց կիրառմամբ:
Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության և կապի ոլորտը նույնպես կարևոր նշանակություն ունի տնտեսական զարգացման և աճի գործում, ինչը պայմանավորված է ոլորտի դինամիկ զարգացմամբ և հզոր ներուժով, որը միաժամանակ բարենպաստ ազդեցություն ունի փոխկապված այլ ճյուղերի, հատկապես ՏՏ ոլորտի վրա: Սրանով է պայմանավորված, որ հեռահաղորդակցության և կապի ոլորտը, ՏՏ ոլորտի հետ համատեղ, ՀՀ ամենաբարձր արտադրողականություն ունեցող ճյուղերից մեկն է:
Անհրաժեշտ է ընդգծել, որ 2020 թվականին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտին բաժին է ընկել ՀՆԱ-ի 3.7%-ը: Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտում ներդրվել են 4G տեխնոլոգիաները: Ընդ որում, այս ցուցանիշով Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում, իսկ ներդրման պահին աշխարհում 10-րդն էր:
ՀՀ հեռահաղորդակցության և կապի ծառայությունների ոլորտը կազմված է 4 հիմնական բաղկացուցիչ մասերից[1], մասնավորապես՝
- լարային հեռահաղորդակցման համակարգերի ծառայությունների ոլորտ,
- անլար հեռահաղորդակցման համակարգերի ծառայությունների ոլորտ,
- արբանյակային կապի ծառայությունների ոլորտ,
- հեռահաղորդակցման կապի այլ տեսակների ծառայությունների ոլորտ:
Առաջին ենթաոլորտում ընդգրկված են ֆիքսված հեռախոսակապի և ֆիքսված մոդեմներով լայնաշերտ ինտերնետի ծառայությունները, հեռագրական կապը և մալուխային հեռուստատեսային համակարգերի ծառայությունները:
Երկրորդ ենթաոլորտը բջջային հեռախոսակապի, ռադիոալիքային կապի, շարժական մոդեմներով լայնաշերտ ինտերնետի հասանելիության և այլ անլար հեռահաղորդակցությունների (ոչ արբանյակային) ծառայությունների մատուցումն է:
Երրորդը արբանյակային կապի (ներառյալ հեռախոսակապի, հեռուստատեսության և ինտերնետի հասանելիության) ծառայություններն են, իսկ չորրորդը՝ հեռահաղորդակցության և կապի այլ ծառայությունների մատուցումը, որոնք ներառված չեն նախորդ երեք տեսակներում թվարկված գործունեություններում:
Անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում նշված ուղղություններից հիմնականում զարգացած են ֆիքսված և բջջային հեռախոսակապով, ֆիքսված և շարժական մոդեմներով ու բջջային կապով ինտերնետի մատուցման ծառայությունները:
Հետաքրքրական է նաև հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթի կառուցվածքը[2], որը ներկայացված է հետևյալ գծապատկերում.

2020 թվականին հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը կազմել է 126,5 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 4.5% — ով, որից՝ հեռախոսային (լարային)՝ 7,1 մլրդ ՀՀ դրամ (նվազում՝ 12.2%), հեռագրական՝ 5.0 մլն ՀՀ դրամ (նվազում՝ 41.9%), մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկում և շահագործում՝ 6,8 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 1.3%), բջջային՝ 40,0 մլրդ ՀՀ դրամ (նվազում՝ 23.7%), ինտերնետ հասանելիություն՝ 58,7 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 10.6%), արբանյակային՝ 33.7 մլն ՀՀ դրամ (աճ՝ 30.6%) և այլ ծառայություններ՝ 13,7 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 13.9%):
2021 թվականի հունվար–մարտ ամիսներին հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը կազմել է 30,9 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0.3% — ով, այդ թվում՝ հեռախոսային (լարային)՝ 1,6 մլրդ ՀՀ դրամ (նվազում՝ 9.2%), հեռագրական՝ 1.6 մլն ՀՀ դրամ (աճ՝ 6.7%), մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկում և շահագործում՝ 1,8 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 8.7%), բջջային՝ 9,5 մլրդ ՀՀ դրամ (նվազում՝ 3.5%), ինտերնետ հասանելիություն՝ 14,9 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 4.4%), արբանյակային՝ 10.3 մլն ՀՀ դրամ (աճ՝ 7.3%) և այլ ծառայություններ՝ 2,9 մլրդ ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտում գործում են շուրջ 36 ընկերություններ[3], որոնց կողմից տրամադրվող հիմնական ծառայությունները ներառում են շարժական և ֆիքսված կապի, մալուխային և անլար ինտերնետի տրամադրման, ՏՏ ենթակառուցվածքների տրամադրման ծառայություններ: Հատկանշական է, որ հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները իրենց ծառայությունները հիմնականում տրամադրում են ներքին շուկային, այլ ոչ թե արտահանման համար: Բացի դրանից, անհրաժեշտ է արձանագրել, որ շարժական կապի ծառայություններից ստացված եկամուտներն ունեն ավելի մեծ կշիռ ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի եկամուտների կազմում:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են բջջային կապի երեք օպերատորներ, մասնավորապես՝ «Վեոն Արմենիա» («Բիլայն» ապրանքանիշով, «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի անդամ), «ՎիվաՍել/ՄՏՍ» (ռուսական «ՄՏՍ» ընկերության դուստր ձեռնարկություն) և «Յուքոմ» ընկերությունները:
2020 թվականին Հայաստանում ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը կազմել է 3 087.3 հազ.՝ նախորդ տարվա համեմատ աճելով 0.2%-ով, միևնույն ժամանակ՝ բջջային կապի բաժանորդների թվաքանակը կազմել է 3 493.0 հազ.՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 5.6%-ով: Ընդհանուր առմամբ՝ հեռահաղորդակցության ոլորտում աճի դանդաղելու միտումները վկայում են շուկայի հագեցվածության մասին:
Եթե անդրադարձ կատարենք հեռահաղորդակցության և կապի ոլորտում գործունեություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին բնութագրող ցուցանշիներին, ապա ունենք հետևյալ պատկերը.

2020 թվականի 4-րդ եռամսյակի տվյալների համաձայն՝ «ՎիվաՍել/ՄՏՍ» ընկերությունն ունի 2 146 888 ակտիվ բաժանորդային համարներ, որոնցից՝ 1 900 390–ը կանխավճարային բաժանորդներ են, իսկ 246 498–ը՝ հետվճարային բաժանորդներ: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թիվը կազմում է 53 675, նոր ակտիվացումները՝ 146 687, իսկ բաժանորդների արտահոսքը՝ 106 071:
Նույն ժամանակահատվածում «Վեոն Արմենիա» ընկերության ակտիվ բաժանորդային համարների քանակը կազմում է 904 689, որից՝ 784 133–ը կանխավճարային բաժանորդներ են, իսկ 120 556–ը՝ հետվճարային բաժանորդներ: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թիվը կազմում է 55 531, նոր ակտիվացումները՝ 64 378, իսկ բաժանորդների արտահոսքը՝ 66 958:
«Յուքոմ» ընկերության ակտիվ բաժանորդների քանակը կազմում է 441 399, որից՝ 296 965–ը՝ կանխավճարային բաժանորդներ են, իսկ 144 434-ը՝ հետվճարային բաժանորդներ: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թիվը կազմում է 153 203, նոր ակտիվացումները՝ 46 062, իսկ բաժանորդների արտահոսքը՝ 32 628:
Հարկ է նշել, որ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող հաջորդ խոշոր կազմակերպությունը «ՋիԷնՍի — Ալֆա» (Ռոստելեկոմ) ՓԲԸ-ն է, որի ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմում է 58 493 բաժանորդ:
ՀՀ հեռահաղորդակցության և կապի ոլորն էական ազդեցությունի ունի նաև աշխատաշուկայի վրա: Մասնավորապես՝ 2020 թվականին «Տեղեկատվություն և կապ» հատվածում աշխատողների թվաքանակը կազմել է 26 711 մարդ, որից՝ պետական՝ 1749 մարդ և ոչ պետական՝ 24961 մարդ: Ուսումնասիրվող ժամանակահատվածում աշխատողների թվաքանակը աճել է 11.8%-ով, մասնավորապես՝ ոչ պետական հատվածում աշխատողների թվաքանակը աճել է 13.1%-ով, իսկ պետական հատվածում նվազել է 5.6%-ով:
Արդեն 2021 թվականի մարտին «Տեղեկատվություն և կապ» հատվածում հատվածում աշխատողների թվաքանակը կազմել է 30 703 մարդ, որից՝ պետական՝ 1772 մարդ և ոչ պետական՝ 28931 մարդ: Ուսումնասիրվող ժամանակահատվածում աշխատողների թվաքանակը աճել է 18.9%-ով, մասնավորապես՝ ոչ պետական հատվածում աշխատողների թվաքանակը աճել է 20.4%-ով, իսկ պետական հատվածում նվազել է 0.2%-ով:
2020 թվականին միջին ամսական աշխատավարձը «Տեղեկատվություն և կապ» հատվածում կազմել է 475 927 ՀՀ դրամ: Ընդ որում՝ պետական հատվածում աշխատավարձը կազմել է 200 211 ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 494 522 ՀՀ դրամ: Ուսումնասիրվող ժամանակահատվածում միջին աշխատավարձն աճել է 12.8%-ով, մասնավորապես՝ պետական հատվածում 10.4%-ով, իսկ ոչ պետական հատվածում՝ 11.9%-ով:
2021 թվականի մարտին միջին ամսական աշխատավարձը «Տեղեկատվություն և կապ» հատվածում կազմել է 528 679 ՀՀ դրամ: Ընդ որում, պետական հատվածում աշխատավարձը կազմել է 221 442 ՀՀ դրամ, ոչ պետական հատվածում՝ 547 498 ՀՀ դրամ: Այս տարվա մարտին միջին աշխատավարձը նախորդ տարվա մարտ ամսի համեմատ նվազել է 1.1%-ով, մասնավորապես՝ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 2.3%-ով, իսկ ոչ պետական հատվածում նվազել է 1.9%-ով:
Անհրաժեշտ է արձանագրել, որ ՀՀ տնտեսության մյուս շուկաների համեմատ հեռահաղորդակցության և կապի շուկան աչքի է ընկնում խիստ մրցակցությամբ: Սկսած այն պահից, երբ բջջային կապի շուկայում սկսեց գործել երկրորդ օպերատորը՝ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը, վերացավ տվյալ շուկայում առկա պակասուրդը, և յուրաքանչյուր ամիս սակագները սկսեցին նվազել:
Միաժամանակ, «Յուքոմ» ընկերության գործունեությունը ՀՀ հեռահաղորդակցության և կապի շուկայում ևս առաջացրեց լուրջ մրցակցություն, ինչ պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ ինտերնետային շուկան սկսեց արագ զարգանալ, իսկ ինտերնետ ծառայությունների մատուցման սակագները սկսեցին նվազել: Մինչ «Յուքոմ» ընկերության շուկա մտնելը լարային և բարձր արագությամբ ինտերնետ առաջարկող «ԱրմենՏել» ընկերությունը չուներ լուրջ մրցակից: «Յուքոմ» ընկերության կողմից ֆիքսված հեռախոսակապի ծառայություն մատուցելու հանգամանքն էլ նպաստեց, որպեսզի «ԱրմենՏել» ընկերությունը կապի այդ տեսակի ծառայությունները սկսի մատուցել ավելի ցածր սակագներով և արագացնի հեռախոսակապի թվայնացման գործընթացը:
ՀՀ հեռահաղորդակցության և կապի ոլորտի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես մրցակցությունը կարող է ապահովել ցածր գին և բարձր որակ:
——————-