Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:
Թարգմանություն Աստղիկ Աթաբեկյանի:
Դուրսը մշուշվեց, ներսում՝ ամեն ինչ սրվեց: Երբ համավարակը փոխեց տեսադաշտը, ինչը որ անպետք էր, անճոռնի կամ անհարմարավետ, սկսեց նյարդայնացնել: Անհարմարավետության զգացումը գալիս էր շրջապատող առարկաների կարևորության կամ անկարևորության նոր բացահայտումներից: Տնակալումը պահանջում էր բույնի պես սիրելի մի տարածք: Հետևաբար, զգեստապահարանը դարձավ գրոհի առաջին թիրախը: Հատակին կիտված հագուստը սպասում էր գնահատականի՝ ըստ անհրաժեշտության սանդղակի: «Անպիտան» կույտին համընթաց աճում էր նաև կուտակածի ծավալների ու սնափառության հանդեպ ամոթի զգացումը: Ավելի շատ աղբ: Աղբը դարձել էր մեր հավաքական թուլության նշանը՝ անտարբերության, անմիտ սպառողականության, դեն նետածը նորից օգտակար դարձնելու և կոտրվածը նորոգելու անկարողության մարմնավորումը:
Անպետք շորերի կույտը նմանվում էր խճանկարի, որից կարելի է մահճակալի ընտիր ծածկոց կարել: Ծածկոց պետք էր, բայց այն գլուխ չէր բերվելու, գնվելու էր: Կոճակ կարելուց բացի տանը ոչ ոք կարել կամ մգդակել չգիտեր: Վաղուց էլ չկա մեծ տատի՝ Անգինի նման մեկը, ով այս մաշած ջինսերից ու շապիկներից մի նորաոճ վերմակ կմոգոներ: Ժամանակին նա տասնյակ այդպիսի ծածկոցներ էր կարում երկու-երեք սերունդների հագած մանկական հագուստներից: Աթոռներն ու թախտերը զարդարող գույնզգույն «փարդաները» մեր հայրական գյուղի առօրյայի անբաժան մասն էին: Նոր պատմություն հյուսող հնագիտական բեկորների պես՝ Անգինի ձեռագործն ասես շոշափելի հիշողություններ էր արթնացնում՝ դեպի անցյալ փոխադրող բույրերի նման։
1980-ականներին նա արդեն սմքած, դանդաղ ու փխրուն մի էակ էր. ստվերում երերացող աշնան վերջին մի տերև: Ծոռների համար նա վաղուց արդեն հին կահույքի անբաժանելի մի կտոր էր դարձել: Անհնար էր պատկերացնել այգին, լավաշ թխելը, ճանճերի զանգվածային սպանդը կամ ծակ «նասկիների» կարկատումն առանց այս տոկուն կնոջ: Խորհրդային կայսրության մայրամուտին, Արարատի փեշերին սփռված գյուղական դրախտում իրենց մանկությունը վայելող երեխաներիս Անգինը ոչ այնքան ակնածանք էր ներշնչում, որքան բնազդային վստահություն իրերի անկոտրուն հարատևության հանդեպ: Գյուղի ամեն մի տանը տոտեմային նման մի տատ կար, որ պահպանում էր հայրիշխանության առասպելական մթնոլորտը:
Ամեն առավոտ ժամը 8-ին, նա դուրս էր գալիս իր սենյակից՝ մազերը գլխաշորի տակ կոկիկ հավաքած, հավանաբար 60-ականներին գնած ծաղկավոր խալաթի վրա կապած կապույտ գոգնոցով: Այս անփոփոխ հանդերձի բազմաթիվ գրպանները լցված էին տարատեսակ իրերով, որոնք Անգինն օգտագործում էր իր առօրյայում՝ ասեղներ, քորոցներ, հին թերթի պատառիկներ, կոճակներ ու լաթեր: Անասունները կկերակվեին, ինչ-որ բան կլվացվեր կամ կնորոգվեր, կխնամվեր հերթական նորածինը, այգին կջրվեր, խմորը կհունցվեր, և վերջապես, մեծ տատի ամենօրյա գոյության սպարտական ցիկլը երեկոյան կհասներ ավարտին, որ հաջորդ օրը վերսկսվեր: Կյանքի հանդարտ ռիթմերի այս օրրանը, տան ցանկապատով սահմանափակված Անգինի միկրոտիեզերքն էր, որը հազվադեպ էր ալեկոծվում արտաքին աշխարհի քամիներից: Այն բարդ մեխանիզմ էր, որի շնորհիվ ժամանակի հոսքը կարգավորվում էր առավելագույն արդյունավետությամբ ու օգտակարությամբ։ Ոչինչ չէր կորչում այդ ճկուն էկոհամակարգում, ու նույնիսկ ազատ ժամանակը գործի էր դրվում նորություններ փոխանակելու և համայնքային կապերն ամրապնդելու նպատակով:
Անգինի ինքնատիրապետումն ու անկոտրուն առօրյան չփոխվեցին նույնիսկ, երբ Սովետը սկսեց փլուզվել 80-ականների վերջին: Դա ընդամենը բազում շրջադարձերից մեկն էր, որոնց Անգինը ականատես պիտի լիներ իր երկար կյանքի մայրամուտին. 88-ի երկրաշարժ, ավերիչ պատերազմ Ղարաբաղում, Հայաստանի անկախության առաջին տարիների «ցուրտն ու մութը»: Նա պարզապես ավելի հաճախ էր հոգոց հանում, իսկ աչքերն էլ ավելի էին փոս ընկնում սմքած դեմքի ակոսներում: Ու նույնիսկ երբ ընտանիքի պարագլուխը՝ Անգինի գյուղապետ ավագ որդին հիվանդացավ «ներվերից» ու դարձավ իր նախկին, առնական կերպարի մռայլ ու ջղային ստվերը, տատի փուխր մարմինը անկարող էր արցունք թափել: Նա շարունակում էր կերակրել իր հավերին ու ծածկոցներ կարել, ասես այդ ամենը կյանքի ու մահու հարց լիներ։ Ոչ ոք չէր էլ փորձում հասկանալ, թե որտեղից էր գալիս այդ տոկունությունը: Ոչ ոք չէր հարցնում, նրա (կամ ընտանիքի մյուս կանանց) կարծիքը այն իրադարձությունների մասին, որոնք ցնցում էին երբեմնի աներեր թվացող իրականությունը: Թեպետ տանջված, Անգինը դիմանում էր, շատ ավելի մեծ փորձանք տեսած մարդու հլու համբերությամբ:
Երեխաները լարված հետաքրքրությամբ հետևում էին մեծերի թեժ վեճերին: Ռուսական դպրոցները փակվելու էին, Լենին պապին էլ նրանց լավագույն ընկերը չէր, իսկ մայիսի 1-ի փոխարեն, տարվա կարևորագույն օրն Ամանորից հետո լինելու էր Ապրիլի 24-ը: Մի օրում թուրքերն ու ադրբեջանցիները դարձան համայն հայության էքզիստենցիալ սպառնալիքը, որից երեխեքը պետք է վախենային ու դիմադրեին ցանկացած գնով։ Դրանք սուրբ լեռը սահմանի հակառակ կողմում պատանդ պահող չար ուժերն էին: Ամենամեծ բացահայտումն այն էր, որ եղել է մեկ այլ, շատ ավելի մեծ՝ «ծովից ծով» ձգված Հայաստան: Երեխաները շատ էին սիրում ծովը ու Սև ծովի փոխարեն ցանկանում էին հնարավորինս շուտ «հետ բերել» իրենց սեփականը: Անգինի անունը հաճախ էր հիշատակվում այս բորբոքված խոսակցություններում, ասես նրան ինչ-որ կերպ հայտնի էր Սարի ետևում մնացած կախարդական վայրերը վերադառնալու ճանապարհը, ուր այգիներում ծիրանի փոխարեն նարինջ ու մանդարին էր աճում: Եվ այդպես, տկար մեծ մայրը, որի ամենամեծ գաղտնիքը, թվում էր, թե թոշակի պահելու տեղն էր, հանկարծակի պարուրվեց առեղծվածի շղարշով:
Բայց ի տարբերություն մյուս տատուպապերի՝ Անգինը չէր պատմում իր կյանքի մասին: Երկրորդ համաշխարայինում ամուսնուն կորցնելուց հետո նա միայնակ չորս երեխա էր մեծացրել։ Մինչև թոշակի անցնելը կով էր կթել, իսկ հետո ժամանակի մեծ մասը նվիրել էր մաշած հագուստից տարբեր բաներ կարելուն: Դրանով էլ սահմանափակվում էր նրա կենսագրության հայտնի կողմը, տնեցիները չէին էլ փորձում ավելին իմանալ։ Այնուամենայնիվ, զրույցներում հպանցիկ մեջբերված արտահայտությունները, անունները և «մյուս Հայաստանում» անցկացրած նրա կյանքի մասին թռուցիկ դրվագները հուշում էին ավելի հափշտակող պատմության մասին, որը երեխաները իսկույն ուզում էին լսել։ Թեև Անգինը զայրույթով մերժում էր տեղեկություններ կորզելու փորձերը, նա չափազանց թույլ էր երեխաների սանձարձակ հետաքրքրասիրությանը երկար դիմադրելու համար, և մի օր, ի վերջո, հանձնվեց:
Վհատության ու ցասումի դիմակ դարձած դեմքով նա մի կերպ փորձում էր դիմակայել իր ծագման, ընտանիքի, ունեցվածքի և թուրքերից թաքցրած ոսկիների մասին անտակտ հարցերի գրոհին։ Տղաներից մեկը նոթատետրում գրի էր առնում նրա պատասխանները՝ ընդօրինակելով իտալական ինչ-որ դետեկտիվ սերիալի հարցաքննության տեսարանները: Ասես հարցաշար լրացնելով Անգինը փորձում էր իր վտիտ, խռպոտ ձայնով արագ անցնել մի դեպքից մյուսը: Հարցաքննության ընթացքում նրա խոսքը հետզհետե ավելի տարօրինակ էր դառնում՝ հայերենին նման բառերով, որոնք, սակայն, այլ լեզվի պես էին հնչում: Սա այն պատմելու ձևը չէր, որին երեխաները սովոր էին: Թեպետ նրանք լսել էին կոտորված մեկուկես միլիոնի ու եկեղեցիներում ողջակիզված ընտանիքների սարսափների մասին, բայց այդ ամենը նրանցից հեռու էր ինչպես հեռուստացույցով տեսած համր ֆիլմը: Իսկ Անգինի ժլատ հիշողությունները խոցում էին դանակի պես․ ոչ այնքան նրա ասածը, որքան ասելու ձևը։ Հայացքը օդում հառած՝ պատմում էր իր մանկության մասին այնպես, ասես դեպքերը ծավալվում են աչքի առաջ:
խոսում էր Մուշի մոտակայքում Վանա լճից ոչ շատ հեռու գտնվող մի մեծ գյուղում ապրող բարեկեցիկ ընտանիքի մասին որի երկհարկանի քարե տան բակում հինգ քույր-եղբայրներ խաղում էին ձիթապտղի այգիներում երբ վերադառնում էին դպրոցից որտեղ թվաբանություն և ասեղնագործություն էին սովորեցնում աղջիկներին որպեսզի նրանք դառնան խելացի տան տիկիններ ինչպես իրենց մայրը որ գորգ էր գործում ու մեծ քեֆեր էր կազմակերպում երբ ընտանիքը տոներին գնում էր Մշո Առաքելոց ուր գյուղացիները միասին երգում ու պարում էին մինչև 1915-ի մի օր երբ ափալ-թափալ լցվեցին սայլի մեջ ու գիշերվա քողի տակ փախան թուրքական բանակից որը նրանց հետապնդում էր քարքարոտ լեռներով ուր Անգինի մայրը ստիպված քարի տակ թողեց իր նորածնին որ նրանց չբռնեն ու ինչ-որ կերպ հասնեն Բաղդադ որտեղ նրանք ապաստանեցին փշատի այգիներում ուր տղաներից երկուսը մահացան տենդից իսկ հետո հայրը մնացածին հավաքեց և այլ վերապրածների հետ Իրաքով ու Իրանով կրկին ճանապարհ ընկավ մինչև նրանց քարավանը 1922-ին հասավ Սովետ ու բուն դրեց Սուրբ լեռան մյուս լանջի մեծ դաշտավայրում որ փորձեն իրենց քանդած կյանքը դարձյալ վերակառուցել թուրքալեզու մարդկանց կողքին մի թշվառ գյուղում որի փողոցները պատված էին թրիքով որը չորացնում էին հողաշեն տունը տաքացնելու համար որտեղից էլ տասնյոթամյա Անգինին կնության տվեցին Վանից մեկ այլ ջահելի որ անհետ կորավ ֆաշիստների դեմ կռվելիս և կնոջը թողեց մենակ վեց երեխաների հետ որոնցից երկուսը մահացան հիվանդությունից իսկ ավագը ստիպված էր տասը կիլոմետր քայլել դպրոց և օգնել մորը կոլխոզում որի նախագան կդառնար հետագայում ու կփոխակերպեր փոշոտ գյուղը դաշտավայրի հպարտության ուր հաճախ այցելում էին օտարերկրյա հյուրերը խաղողի շքեղ այգիներով հիանալու և լուսանկարվելու Խոր Վիրապի հայտնի վանքում որտեղ աղոթել այլևս չէր թույլատրվում…
Անգինը թվարկում էր իր կյանքի ողբերգական պահերը կողմնակիորեն, որպես մի պատմություն, որը շատ վաղուց էր հաղթահարել՝ երանելի հանդարտության հասնելու համար: Նա չէր դժգոհում, միայն անիծում էր Գորբաչովին ամեն ինչ կործանելու համար: Երեխաները հազիվ կարող էին պատկերացնել այն վայրագությունը, որն Անգինը տեսել էր իրենց տարիքում: Նրանց չէին նախապատրաստել այդպիսի բացահայտումների: Հերոսական կերպարների ու առասպելների քողի տակ, սեփական տրավմաները թաքցնելուն սովոր գյուղի մարդիկ ճնշում էին իրենց ցավը՝ իբրև թուլության նշան: Ուստի շշմած երեխաները Անգինին հանգիստ թողեցին, որ հետ դնի անցյալը, որը նա ընդհանրապես չէր ուզում փորփրել: Միայն նրա դեմքն էր արտահայտում վրդովվմունքը պատմության հանդեպ, որը հողմահարում էր այդքան զոհաբերությունների գնով ձեռք բերված մի քանի համեստ համոզմունքները, մինչ մնացած բոլորը կենտրոնացել էին Հայաստանի դեմոկրատական շրջադարձից ակնկալվող պարգևների վրա։
Շուտով, սակայն, լույսերը գնացին: Դաշտերն ունայնացան։ Անգործ տղամարդիկ շրջում էին խարխափող շփոթմունքի մեջ: Ծառերը հատվեցին սառցակալող տները տաքացնելու համար: Կանայք վաճառեցին իրենց ոսկեղենը սնունդ գնելու համար: Ու ընտանեկան բույնը սկսեց քայքայվել: Անգինի թոռները գնացին նախնիների ճամփեքով՝ լքելով հայրենի տունը հեռու հողերում ավելի լավ բախտ փնտրելու համար: Դա հենց այնն էր, ինչը նա երազում էր էլ երբեք չտեսնել: Ու նույնիսկ, երբ արդեն հազիվ էր քայլում, Անգինը շարունակում էր կառչել իր առօրյա խիստ ռեժիմից, որպես չխելագարվելու միակ միջոց, մինչև որ մի առավոտ հանձնվեց ու սենյակից էլ դուրս չեկավ։
Հուղարկավորությունից հետո տատի կյանքի աղքատիկ մնացորդները տեսակավորեցին և դասավորեցին: Ամենը տեղավորվեց փոքր, փայտե մի արկղի մեջ՝ Անգինի ամուսնական սնդուկում: Տարան տանիք՝ ծանր սովետական կահույքի, գյուղի առաջին՝ պստլիկ էկրանով 50-ականների ահռելի հեռուստացույցի, կոմկուսի գրականության և մոդայից դուրս եկած հագուստների կողքին թողնելու, որոնց հետ ոչ ոք չգիտեր ինչ անել: Երեխաներն էլ հեռացան ու մեծացան տարբեր քաղաքներում և մայրցամաքներում: Ի վերջո, նրանցից մեկը մնաց ու դարձավ հին տան նոր պահապանը, տուն, որից աստիճանաբար քերթում էին խունացած կաշիները ու պարուրում պլաստիկե պաստառներով, լամինատե հատակով և ժիր դեռահասների մի նոր խմբի, wifi-ին կպած սարքերի հավերժական բզզոցով:
Պապենական տուն հազվադեպ այցերի ժամանակ, հին երեխեքը իրենց միասնական անցյալի մասին հիշեցնող ավելի ու ավելի քիչ բան էին գտնում: Չկային ծածկոցները, պատերին խզբզած հեռախոսի համարները, մոռացված բարեկամների աղոտ, սև-սպիտակ լուսանկարները: Փորձեցին գտնել Անգինի ամուսնական սնդուկը՝ 50-ականների նրա համեստ զգեստներով, որոնցից հիփսթեր դիզայներներն այժմ «սովետական շիկ» էին մոգոնում: Քուրջերից էլ կարկատած նրա գունեղ ծածկոցները թերևս վատ չէին նայվի, որպես ծոռների ճերմակափայլ, մինիմինալիստական բնակարանների պատի դեկորատիվ հարդարանքներ։ Կամ, գուցե, որպես անցյալ տանող ընտանեկան մասունք-քարտեզներ, որ հիշեցնում էին այն ժամանակները, երբ առարկաները դեռ նույնացվում էին ճակատագրերի և կենսագրությունների հետ։ Ավաղ, տատիկները կորցրել էին իրենց իրավունքները նույնիսկ ձեղնահարկի նկատմամբ, որը դատարկվեց գարնանային մի մեծ «ուբոռկայի» ժամանակ: Նրանց համեստ հետքն այժմ աղոտ հիշողությունն էր, որը ցնդում էր անհետացող բույրի պես:
Տոտեմային տատիկներն այժմ պարտաճանաչ ձևով կհիշվեին կենացներում, նրանց փոքր տարօրինակություններն էլ մեկ-մեկ կծառայեին որպես խոհանոցային զրույցների նյութ: Առաքինության սյուների իրենց խորհրդանշական դերը, հավանաբար կպահպանվեր ու կփոխանցվեր կանանց մեկ այլ սերնդի: Մինչդեռ իրականում ոչ ոք չըմբռնեց կամ չփորձեց արժեվորել նրանց կյանքի ավելի շոշափելի, կենսական կողմը, իբրև համայնքի ներկայացուցիչներ, հնարամիտ բանակցողներ, կառուցողներ ու խելացի ստրատեգներ, որոնք ունակ էին կազմակերպել իրականության քաոսն ապրելու համար պիտանի տարածքի, ինչն այդքան իմիջիայլոց «տուն» ենք կոչում:
Արհեստական կաշվից բազմոցներին թառած մարդիկ խոսում էին, թե վարակն ինչպես ամեն ինչ խախտեց, ու զայրացած նզովում էին Փաշինյանին կամ Պուտինին: Կարծես ճիշտ ժամանակն էր վերհիշելու անիծյալ Գորբաչովին, կամ 90-ականների «մութ ու ցուրտը», բայց ոչ մեկը չհոժարեց: Փոխարենը, iPhone-ների էկրանները ծնգում էին հիվանդների ու մահացածների թվերի ծանուցումներով: Հայտնելով օրվա ընթացքում հեռացածների տարիքը՝ 61, 75, 82, 85, հաղորդագրությունները պաշտոնական տոնով «հավաստիացնում» էին, որ մահվան «ելքերը» ուղեկցվել են խրոնիկ հիվանդություններով: Ակամա մտածում ես, թե ինչ հիշողություններ, հմտություններ կամ գիտելիք է նրանց հետ միասին անհետացել վիճակագրությունների անանուն մոռացության մեջ. թանկ բաներ, որոնք անպետք են համարվել: Գուցե, Անգինի նման, նրանք պատկանում էին մարդու այն վերացող տեսակին, որի ձեռքերը կարող էին հիշել, նույնիսկ երբ լեզուն հրաժարվում էր դա անել: Մարդիկ, որոնք գիտեին ինչպես չվատնել ժամանակն ու վերածել անցյալի բեկորները ամբողջական, օգտակար ու կրկին գեղեցիկ մի բանի՝ կոտրված հույսերից ու համեստ պահանջներից մգդակած ապաստարանի:
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի, Հարավային Կովկասի տարածաշրջանի Երևանի գրասենյակի հետ համագործակցաբար:
Գլազոկը
Պատմություն ուրիշների կյանքի կալիդոսկոպիկ աղավաղումների մասին, որտեղ մարդկային փոխհարաբերությունները ձեզ համար օտար են և ձեզանից հեռու՝ չնայած որ պատմությունը ձեր քաղաքից է, իսկ «հերոսը»՝ ձեր ընկերը: Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն Իններորդ թաղամասի 9ա շենքի իններորդ հարկից՝ առանց դիտանցքի տան դռան այն կողմից:
Read moreԶարմանազան
Սա ո՛չ իսկական պատմություն է, ո՛չ էլ իրական պատմություն: Բայց եթե ճակատագիրը հանկարծ որոշեր թունավոր առնականության մասին դաս սովորեցնել, միգուցե պատմությունը հենց այսպես էլ ընթանար:
Read moreՏնակալում
EVN Report-ի «Ոչ թե իսկական, այլ իրական պատմություններ» շարքը մտորումներ են հավաքական ինքնության անհատական փոխակերպումների շուրջ, նույնքան իրական, որքան այլընտրանքային՝ մեր ու ձեր մասին, բայց ուրիշի աչքերով: Արմեն Հայաստանցին գրում է տնակալման մասին, թե «ինչի՞ մեկ էլ օջախի կատու հայերը (ավելի շուտ՝ հայաստանցիները) տիտիկ չարեցին իրենց չորս պատի մեջ»։
Read more