1996 թ.
Առավոտյան ժամը 10-ն անց էր։ Քաղաքը, հարմարվելով հրադադարին, նոր-նոր արթնանում էր:
Անահիտը, ուսապարկը ուսին, որի մեջ մի կերպ տեղավորել էր SONY մագնիտոֆոնն ու քերականության գրքերը, որ վերցրել էր գրադարանից, շրջանցելով ականի պայթյունից առաջացած փոսերը, շտապում էր նախագահի նստավայր: Դեռ մի ամիս առաջ նրա համար ամենամեծ խոչընդոտը Տորոնտոյում QEW-ի մայրուղու խցանումներից դուրս գալն էր:
Հիմա, աշխարհի մյուս ծայրում, այս փոքրիկ, ինքնահռչակ և չճանաչված Հանրապետությունում, որտեղ ապրել են իր նախնիները, նա վերագնահատում էր գոյությունը: «Դա պարզելու համար բավական կտրուկ քայլ էր, Անահիտ ջան»,- հեռախոսով անընդհատ կրկնում էր մայրը։ Իսկ նա, ի մի բերելով բոլոր այս խոսակցությունները, շարունակում էր ճանապարհը մշուշոտ քաղաքի փողոցներով։ Երբ անցնում էր «ԽԱՆՈՒԹ» անունով խանութի մոտով, պատուհանից նկատեց զուգարանի թղթի գովազդը և կանգ առավ: Մի քանի վայրկյան զննեց գովազդը, ներս մտավ և դուրս եկավ Թուրքիայից ներմուծված դեղին, արտակարգ փափուկ, եռաշերտ՝ Tuvalet Kagidi-ի տասներկու գլան զուգարանի թղթով:
Բեռը կրկնապատկված՝շարունակեց ճանապարհը դեպի նախագահական:
Ժամը 10:30 է, մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները սպասում էին նրան: Անահիտին ու նրա բեռը դժվար էր չնկատել նույնիսկ հեռվից: Այսօր գրասենյակի աղջիկները մի լավ կծիծաղեն թեյի ժամին, քննարկելով անվտանգության տղաների արձագանքն ու զուգարանի թղթի հսկա փաթեթի ներխուժումը շենք։ Անահիտը ժպտալով և անունով դիմելով նրանց՝ հպարտորեն ներս մտավ իր նոր ձեռք բերած գանձի հետ: Տղաները զարմացած հետևում էին ոչ միայն նրա հանդիսավոր մուտքին, այլ առհասարակ ներկայությանը շենքում՝ էս հուվա՜։
Այսօր նրանք խնայեցին Անահիտին և երեսուներեքերորդ անգամ չհարցրեցին, թե ինչու է կանադացին ցանկացել գալ այստեղ՝ չճանաչված Հանրապետությունում ապրելու: Ու սպասելով, որ նա անցնի՝ քննարկեն ինչուն ու նորից գան նույն եզրակացության, որ շպիոն է՝ լրտես:
Իսկ իրականությունը շատ ավելի պարզ էր: Անահիտը ցանկանում էր մաս կազմել անկախ պետության, որի համար պապը կռվել էր Սարդարապատում: Նա ուզում էր օգնել պետությանը, իսկ դրա համար աշխատել էր անհրաժեշտ: Այնպես որ, երբ իրեն առաջարկեցին անգլերեն դասավանդել չճանաչված Հանրապետության նախագահին, նա չհրաժարվեց: Ու երկու ամսից ավելի է, ինչ Անահիտն ապրում է այս չճանաչված Հանրապետությունում, ուր ի սկզբանե ուղղվում էր, ընդամենը վեց ժամվա հեռավորության վրա էր: «Մեծ պատիվ է, չպետք է հրաժարվես»,- համոզում էին բոլորը: Նախագահը նույնպես տատանվում էր. Անահիտը երիտասարդ էր, իգական սեռի ներկայացուցիչ, և դեռ բավական չէ, ռուսերեն էլ չգիտեր: Ի վերջո, երկար բանակցելուց հետո Անահիտը և նախագահը համաձայնության եկան: Անահիտն անցավ աշխատանքի:
Ազատվելով առավոտյան ողջույններից և իրեն հաճախ տրվող երկու հարցերից՝ «Կանադա իսկապես ցորտա, չէ՞», որին հաջորդում էր՝ «Ստեղ ա լյավ, թա Կանադա՞» համեմատականը, Անահիտը բարձրացավ երրորդ հարկի աշխատասենյակ, որտեղ աշխատում էին «իր աղջիկները»: Չճանաչված մայրաքաղաք հասնելուց հետո նրանք էին հոգ տանում Անահիտի մասին ու իրենց փոքրիկ սենյակը կիսում նրա հետ: Այս սենյակում Անահիտը պատրաստվում էր դասի և անհամբեր, ժամերով սպասում նախագահի կանչին:
Քայլեց նորոգված միջանցքով, մտավ սենյակ, բեռը դրեց ռուսերեն փաստաթղթերի թարգմանիչ Էլմիրայի սեղանին: Վալյան, որ սենյակի մյուս անկյունում օգնում էր Ռուզաննային առավոտյան թեյը պատրաստել, նայեց Անահիտի կողմն ու ժպտաց։ Ռուզաննան մարդաչափ սեյֆից, որը նաև պահարանի դեր էր կատարում, թեյի իրարից տարբեր բաժակներ ու ափսեներ էր հանում։ Անահիտը հանեց վերարկուն, վերցրեց զուգարանի թղթի փաթեթն ու քայլեց դեպի սեյֆը՝ Tuvalet Kagidi-ին տեղավորելով նոր Սահմանադրության 2.5 հոդվածի վերջին սրբագրումների կողքին: Հենց այդ պահին վերևի հարկի աշխատասենյակներից Ջուլիան և Հրանուշը թակեցին դուռն ու ներս մտան: Պլիտայի վրա թեյնիկն արդեն եռում էր, ամեն ինչ պատրաստ էր թեյի համար:

Սկսվեց թեյախմության ծեսը. ինչպես միշտ ներս մտավ Սաշան՝ մամուլի «արտասովոր» քարտուղարը՝ հուզված, թշվառ դեմքով ու առանց շունչ քաշելու. «Պրիզիդենտը ջղայնացալա, աշկես հինչ վեր недразумение-ա իլյալ։ Մըննաս ընգալա, վեր հինչ սկսալընք անգլերեն պարապելը բիդի անգլերեն խուսեինք իրյուրր նհետ։ Տրեբըվըտ ա անւմ վեր իուրան հետ մինակ անգլերեն խոսիմ։ Մհենգ զանգ ա տուվալ, թա «քամ հիա», ես էլ գիդացալում թա ասում ա «քամե ա՞»։ Ասալում. «Չէ, շեֆ»։ Բայց հետո նորից ա ասալ «քամիա», բիդի արդեն կլխու ընգնեի, բայց մտքերս որիշ տեղ ըն իլյալ, Անահիտին պադարկա տված Խուլիո Իգլեսիասեն նոր կասետին մասին ում իլյալ մտըծեիս, տեսնամ հիբ ում վախտ քթենում սկանամ, ախր շաաաատ լավնաաա… Հետո նորից ա տրուբկումը ճըղղամ. «Քամիա, քամիա»։Ակուշկան պեցում ըրալ, կլյoխս տուս կալյալ, յերգինքին յեշալ, լոխ պարզ՝ քամե-պեն չի կա, ամպեր չիկա, ըսեցե՝ չէ, քամե չիկա, ինքը նորիցա ճըղղամ. «Եկ ըստեղ»: Ես հու՞նց պիտի գիդայի, վեր անգլերեն ա խոսում վեր come here ար ասում, come here, հըվըտալի ա՞»։
Ռուզաննան Սաշային փոխանցեց թեյը և նստեց, հետո բացեց սեղանին դրված թուրքական Դեռբի շոկոլադի սալիկը, կոտրեց մի կտոր և վերջապես վերցրեց իր բաժակը: Կանայք իսկապես ուզում էին ծիծաղել, բայց նախագահի աշխատակազմում էին, իսկ շենքում, որտեղ նախագահի աշխատասենյակներն էին, դա անհարմար էր թվում։ Փոխարենը սկսեցին թեյ խմել՝ սպասելով Սաշայի հեռանալուն:
Թեյը մի շնչով խմելուց ու ծխախոտ վառելուց հետո Սաշան սկսեց մեկ այլ մենախոսություն անցյալի քաղցր օրերի մասին, պատերազմից առաջ վտարված նավթաքաղաքից, ուր այլևս վերադարձ չկա: Հրանուշը, որ ամենից լավ գիտեր Սաշային, սովորաբար հասցնում էր կանգնեցնել նրան նախքան կրքոտ այդ «դասախոսություններից» հերթականը, բայց այս անգամ թույլ տվեց խոսել «այս լքված և չճանաչված երկրի» մասին. դժգոհելը կարծես հանգստացնում էր նրան ու ազդարարում ելույթի ավարտը: Բայց մինչ նա կհասցներ ավարտել, ներս մտավ նախագահի աշխատակազմի ղեկավար Արամազդն ու ասեց Սաշային, որ «Ինքն» ուզում է տեսնել նրան:
Լսելով «Ինքը» բառը, Անահիտը ժպտաց, մինչև վերջերս նա լսում էր Inca՝ ինչպես նախակոլումբիկան շրջանի Անդերում գոյություն ունեցած քաղաքակրթությունը։ Ամեն անգամ, երբ նրանք ասում էին «Ինքը» ու դրա տակ հասկանում նախագահին, քանի որ շենքում ոչ ոք նախագահին անունով չէր դիմում, այլ հենց ԻՆՔԸ, Անահիտի ականջին Inca էր հասնում: Բացահայտումից հետո էլ նա դեռ համարում էր, որ Inca-ն ավելի լավ ընտրություն է և ինքն իրեն նախագահին մտքում կատակով Inca էր ասում։
Սաշայի՝ սենյակից դուրս գալուց հետո կանայք ստիպված չէին զսպելու իրենց, Inca-ի ու Սաշայի պատմության վրա մի պահ անզուսպ ծիծաղեցին ու անցան առօրյա թեթև զրույցին: Զրույցը կանգ առավ կանանց զուգարանի վրա: Անահիտն իր ամենասիրած թեմայից էր խոսում՝ կանանց նկատմամբ անարդարությունից ու խտրականությունից, որն արտահայտված էր նախագահականի կանանց անավարտ և անհրապույր զուգարանով, և որը խորհրդանշական պատկերն էր այն բանի, թե ինչն է վատ իրենց կյանքում:
«Ինչպե՞ս ենք կարող գնալ պետքարան, առանց լույսի, առանց պատուհան, առանց նստատեղի, բա ինչի՞ վրա նստենք»,- վրդովված ասում էր Անահիտը: Ռուզաննան, որը բնավորությամբ հոռետես էր, պատասխանում էր. «Իյուրունք երևի մտածումըն, վեր ինձ նման համեստ կնանեքը երբեք չեն գնում…»: Վալյան թափահարում էր գլուխն ու լռում: Ի տարբերություն մյուս աղջիկների, նա չէր հասկանում Անահիտի բարբառը, մասամբ նաև այն պատճառով, որ իր համար անհարմար թեմա էր: Վալյան, որ փախստական էր և Ալբինան, որ ամենաերիտասարդն էր, վերջերս էին միացել աշխատակազմին, լսում ու ամաչում էին։ Իսկ Հրանուշը քրքջում էր. «Վա՜յ Անահիտ, հանիր ցանկությունների List-ը: Եկեք մհետ ել մեր ցուցակավը անց կենանք»: Վալյան հասկանում է այս բառն ու ժպտում: Անահիտը սովորեցրել էր նրանց ցուցակ կազմել:
Նախ կազմեցին սենյակին անհրաժեշտ իրերի ցանկը, ապա եկան վերանորոգման ու վերակառուցման թեմային, ինչպես որ պատկերացնում էին իրենց տների համար. ռմբակոծությունն ու գնդակոծություններն արդեն դադարել էին: Ցուցակ կազմելը նրանց համար երազանքների հետևից գնալ էր, այս կերպ նրանք փորձում էին վերագտնել իրենց ինքնուրույնությունը: List-ից ինչ-որ տող ջնջելը մեծ բավականություն էր պատճառում։ Ահա թե ինչու էր այն թեյ խմելու ծեսի մաս։ Սրանից մի շաբաթ առաջ կանայք ցանկությունների List էին կազմել զուգարանի համար, այն իրերի ցանկը, որը կուզենային ունենալ, բայց ամաչում էին — ամոթ է: Հիմա List-ը կարդալուց և դռների համար փակեր, հայելի և ցուցանակ ավելացնելուց հետո Անահիտի աղջիկները վերադարձան աշխատանքի:

Երեք ժամ անց Անահիտը դուրս եկավ նախագահի աշխատասենյակից՝ ավարտելով անգլերենի դասը: Հինգ բաժակ թեյից հետո, ի վիճակի չլինելով զսպել բնական կարիքները, նա կանգնեց տղամարդկանց զուգարանի առջև, նայեց միջանցքի երկայնքով, ու տեսնելով, որ թիկնապահները տեղում չեն, որոշեց ներխուժել արական պաշտամունքի արգելված տիրույթ:
Տղամարդկանց զուգարանի ընդարձակ ինտերիերը վառ լուսավորված էր ու տաք, բուրում էր լավանդայի հոտով: Նա քայլեց դեպի լվացարանները, հոտ քաշեց անգլիական մանուշակագույն «Յարդլի» հայտնի օճառից, որը դրված էր բյուրեղապակե ափսեի մեջ և հոնքերը վեր բարձրացրեց անսպասելի այս շքեղությունից: Հետո իրեն զննեց պատի մեծությամբ հայելու մեջ և լեզու հանեց, ապա աչքին ընկավ լվացարանի վրա դրված փոշոտ, կարմիր պլաստմասե մեխակներով ծաղկամանը, կողքին՝ երկու շիշ օդեկոլոն: Վերցրեց շշերից մեկը։ Azzaro էր, որն Անահիտին վերադարձրեց մանկության գիրկը, նախքան Պարսկաստանից Կանադա տեղափոխվելը: Հետո նկատեց խնամքով ծալված, ձողից կախված սրբիչը և շոշափեց այն՝ փորձելով զգալ փափկությունը: Բացեց ծորակը և քար կտրեց՝ ջուրը տաք էր։ Ձեռքերը մի քանի վայրկյան պահեց ջրի տակ, այնուհետև գլուխը թափահարեց և բարձրաձայն, ինքն իր արտացոլանքին՝ «Չեմ հավատում, իրանք և իրանց պատվավոր հյուրերը… Տես ինչպես են վայելում այս շքեղ պետքարանը, իսկ ես և իմ աղջիկները պիտի հարմարվենք մութ ամբարում, առանց նստատեղ»: Ձեռքերը չորացրեց փեշի վրա՝ հրաժարվելով սրբիչից, չէր ուզում մեղսակից լինել շենքի տղամարդկանց: Ապշահար նայեց զուգարանի խցիկից ներս։ Փափուկ, բուրավետ զուգարանի թուղթ, զուգարանակոնքի մուգ վարդագույն փափուկ նստատեղ, որը թսկելու ձայն էր արձակում, երբ նստում էիր վրան: Վրդովված և իրեն դավաճանված զգալով՝ Անահիտը դուրս վազեց անճաշակ և գռեհիկ զուգարանից:
Հուսահատ ուղղվեց դեպի կանանց զուգարան, բացեց դուռն ու ներս մտավ: Հասկանալով, որ առանց զուգարանի թղթի է, պատռեց նախագահի տնային առաջադրանքների տետրի վերջին էջն ու մտավ անլույս, անպատուհան խցիկը: Դուռը թողեց կիսաբաց, որ լիակատար մթության մեջ չմնա, պպզեց առանց նստատեղ զուգարանի վրա, մի ձեռքով բռնած դռան բռնակից, սկսեց միզել:

Գրասենյակ վերադարձավ կեսօրին, թեյի ժամանակ ու սկսեց պատմել տղամարդկանց զուգարան իր այցելության մասին: Կանանց արձագանքը համահունչ էր իրենց կերպարներին. Ռուզաննան սարսափահար թափահարում էր գլուխը, Հրանուշը կարմրել էր, Ջուլիան ծիծաղում էր, Վալյան Ռուզաննայից բացատրություն էր խնդրում, Ալբինան ցնցված էր, բայց լուռ։ Մինչ Անահիտը դադար առավ, թեյը խմելու, կանայք սկսեցին վերջին այս բացահայտումը քննարկել։
Նրանց կարծես ամենից շատը զուգարանակոնքի նստատեղի գույնն էր հետաքրքրել։ Ռուզաննան բարձրաձայն մտածում էր. «Երանի մունք էլ մեր զուգարանում վարդագույն նստատեղ ունենայինք», հետո շրջվեց դեպի Անահիտը. «Եկեք մունք մեր list-ին յիրա վարդագույն նստատեղ ավելացնինք»: Հեղափոխական կեցվածք ընդունելով՝ Անահիտը բռունցքով հարվածեց սեղանին. «Չէ՛, վարդագույն չէր, մուգ վարդագույն էր: Շատ ջղային եմ: Ինչպե՞ս են շենքը վերանորոգել այս տղամարդիկ, բայց հաշիվ չեն առել, որ կանայք էլ են աշխատում այստեղ: Ամենաշատը մենք պետք ունենք պետքարանի նստատեղ, ոչ թէ իրանք»: Անահիտի խոսքի վրա բոլորը ծիծաղեցին։ «Օ՜յ Անահիտ, մինակ տու կարիս համարձակվիս տի հարց պիցըրցընիս: Ես ինձ կարելչում պազվոլիտ անիմ տի հարց պիցըցընիմ»,- Հրանուշն էր։
Վալյան, խմելով իր ութերորդ բաժակ թեյը, մոտեցավ սեյֆին, վերցրեց զուգարանի թղթի գլանակը, պոկեց երկու կտոր, ծալեց, մտցրեց բլուզի թևի մեջ ու դուրս եկավ սենյակից: Հետևելով Էլմիրայի գործողություններին և իմանալով, թե ինչ է սպասվում նրան կանանց զուգարանում, Անահիտը որոշեց, որ ժամանակն է վերջապես գործելու: Վեր կացավ և հայտարարեց. «Բաբա՛մ, ես էլ չեմ դիմանում, հենց հիմա էթում եմ խոսեմ Արամազդի հետ»: Կանայք գիտակցելով, թե ինչ է կատարվելու, խուճապի մեջ հայտնվեցին։ Զուգարանի նստատեղն Արամազդի հետ քննարկելն անհարմար էր: Ի՞նչ կլինի, եթե նա բարկանա: Իսկ եթե բոլորին աշխատանքից հեռացնի՞: Բա որ մտածի՝ իրենք են Անահիտին հուշել: Նույնիսկ սակավախոս Ալբինան էր խնդրում. «Անահիտ ջան, մի գնա, մունք արդեն հարմարվալընք, տրան վախտը չի»: Բայց արդեն ուշ էր, Անահիտն իր որոշումից հետ կանգնողը չէր: Ռուզաննան փնթփնթում էր քթի տակ. «Ոչ մի լավ բան չի սպասվում»՝ հավաքելով թեյի սեղանը։
Անահիտը քայլեց ուղիղ Արամազդի աշխատասենյակ և թակեց դուռը, քանի դեռ չէր փոխել որոշումը: «Ներս եկ»,- լսվեց Արամազդի մեղմ ձայնը:
Ներս մտավ՝ ուզում է խոսել հրատապ մի խնդրի մասին: Արամազդը անհանգիստ, վայր դրեց գրիչը։ Սպասում էր։ Անահիտը միանգամից սկսեց՝ կանանց զուգարանում նստատեղ է հարկավոր։ Հետո սկսեց թվարկել անհրաժեշտ պարագաների ցանկը: Արամազդի դեմքի գույնը քիչ-քիչ փոխվում էր, այտերը կարմրում էին, այն աստիճանի, որ նույնիսկ Անահիտը նկատեց, որ լիովին տարված էր իր բողոքով: Մի քանի րոպե անդադար խոսելուց հետո միայն նկատեց, թե ինչ անհարմար վիճակի մեջ է դրել Արամազդին և մեղմացրեց մենախոսությունը: Նա փորձում է բացատրել, որ տղամարդկանց ճոխ, բայց անճաշակ զուգարանը դավաճանության գագաթնակետն է բոլոր այն կանանց նկատմամբ, որ աշխատում են այստեղ: Ի վերջո, կանայք կողք կողքի կռվել են պատերազմի տարիներին և հիմա էլ հավասար աշխատում են: «Ինչպե՞ս չեք մտածել այս կանանց մասին: Ռուզաննան երկու աղջիկ է մեծացնո՜ւմ մենակ և take-care անում ծնողներին ու կեսուրին: Իմանում էի՞ք, որ իրա ամուսինը զոհվել է պատերազի վերջի օրերին: Ախպերները թողել գնացել են Ռուսաստան, բայց ինքը մնաց էստեղ: Չե՞ք կարծում նա արժանի է նույն ուշադրությունին, որ դուք տալիս եք այս շենքի տղամարդկանց: Բա՜ Էլմիրայի մասին, նա իր տան մեջ ջուր չունի, ամուսինը իրան ու էրեխերքին թողելա, երբ որ նրանք փախնում էին թշնամու մայրաքաղաքից: Բա՜ իրավունք չունենա՞ աշխատանքի տեղում օգտագործի basic հարմարությունները»:
Արամազդը փորձում էր բացատրել, որ դա արական և իգական սեռերի միջև խտրականություն չէ, պարզապես օտարերկրյա բարձրաստիճան անձանց համար է, որոնք փորձում են օգնել լուծելու հակամարտությունը: «Կարծում ըս մունք շատ ընք օգտվում,- արդարանում էր նա։- Մենք ցանկանում էինք ստեղծել հարմարավետ և ծանոթ միջավայր, որին սովոր են «Արևմուտքից» եկած մարդիկ: Այդ լվացարանի ինտերիերը իրենց ստանդարտներով ա կահավորված»:
Անահիտը լուռ էր, բայց նրա պահվածքը հստակ ի ցույց էր դնում, թե իրականում ինչ է մտածում: Մի քանի վայրկյան անց հարցրեց. «Ուզում եք ասե՜լ, որ այդ կարևոր հյուրերի մեջ կանայք չկա՜ն: Բա էտ անգլիական լորդերի պալատի կինը Լեդի չէ՜ր: Ինչ պետքարան էր էթում, երբ պետք ուներ: Չասես թե նրան ուղարկել եք իմ աղջիկների պետքարան: Եվ ի՞նչ է նշանակում «Արևմուտքից եկածներ»: Ուզում եք ասել որ «Արևմուտքից» էկած տղամարդիկ սիրում են 70-ականներից մնացած դուխիներ, սուտի ծաղիկներ և մուգ վարդագույն պետքարանի նստատեղե՞ր»:
Կանխազգալով պարտությունը Անահիտի հակափաստարկների դեմ՝ Արամազդը ներողություն խնդրեց, որպեսզի դադարեցնի խոսակցությունը և խոստացավ զուգարանի նստատեղ պատվիրել կանանց համար:
Հասկանալով տեղի ունեցածի նշանակությունը ու օգտվելով պահից, Անահիտն սկսեց իրենց list-ից լրացուցիչ իրեր էր թվարկել՝ զուգարանի խցիկի լուսավորություն, օճառ, զուգարանի թուղթ և դռների պատշաճ փակեր։ Արամազդը գլխով համաձայնության նշան էր անում՝ խոստանալով, որ լույսի ու փակի հարցն անմիջապես կլուծի: Անահիտը պնդեց իր ներկայությամբ հեռաձայնել ճանաչված մայրաքաղաքում չճանաչված երկրի Մշտական ներկայացուցչի գրասենյակ և պատվիրել զուգարանակոնքի սպիտակ, բայց չփսացող նստատեղ, որը կուղարկեն հաջորդ պաշտոնական նամակները առաքելու ժամանակ: Այդ ամենից հետո միայն Անահիտը քաղցրաձայն շնորհակալություն հայտնեց Արամազդին ու դուրս եկավ հաղթանակի զգացումով՝ մի՞թե այդպես են զգացել իրենց, երբ գրավել են Վարանդայի բերդը:
Հաջորդ առավոտ, իր ավանդական հարյուրկիլոգրամանոց ուսապարկն ու մագնիտոֆոնը ուսին, Անահիտին դիմավորում էին Ռուզաննան, Վալյան և Ալբինան երրորդ հարկի կանանց զուգարանի դիմաց: Ոչ ոք ոչ մի բան չասաց։ Ռուզաննան բացեց դուռն ու միացրեց լույսը: Ներս մտնելով, Անահիտը նկատեց լվացարանի կողքին դրված նոր օճառ, որը, պարզվեց, իրանական էր։ Հետո Ռուզաննան բացեց խցիկի դուռը՝ աննստատեղ զուգարանակոնք կար։ Նա շրջվեց, նայեց Անահիտին և միացրեց լույսը: Բոլորը բացականչեցին, Վալյան ժպտաց, խցիկը լուսավոր էր, ասես տոնածառ լիներ: Կանանց ուրախությունն ու հուզմունքը հուշում էր, որ Անահիտը ճիշտ էր արել՝ իրենց պահանջները հնչեցնելով Արամազդի առջև: Սա անհրաժեշտ կռիվ էր, mini-հեղաշրջում, հեղափոխական քայլ։ Այդ պահին Անահիտն ինքն իրեն խոստանում էր, որ հնարավոր ամեն բան կանի այս կանանց համար:
Մինչ Անահիտը հիանում էր իր հաղթանակով և մտքում մորը պատմում այս ամենը, կանայք ծիծաղով դուրս եկան լվացարանից ու ուղղվեցին աշխատասենյակ, առավոտյան ավանդական թեյախմության։
Երրորդ հարկի աղջիկները սպասում էին ջրի եռ գալուն, երբ ոգևորված ներս մտան Ջուլիան ու Հրանուշը և ուզեցին տեսնել զուգարանը: Ալբինան և Անահիտը նրանց ուղեկցեցին, զարմանքի ճիչերի տակ Ջուլիան ասում էր. «Մհենգ, վեր Անահիտը երրորդ հարկեն զուգարանեն հարցը լուծալա, հարկավեր ա իուրան տարած չորրորդ հարկ, վեր մեր զուգարանեն հարցն էլ լուծե»։ «Չէ, մունք հալյամ ան ենա — важный предмет-ին ընք սպասում»,- Ալբինան էր։ Կանայք ծիծաղելով դուրս եկան միջանցք. թեյնիկը եռում էր:

Անահիտի համար շաբաթն արագ էր անցնում: Անգլերենի դասերը նախագահի համար առաջնահերթ էին, ու նա պարտավորված էր ճամփորդել Inca-ի հետ: Ուստի երբ Ինքը հեռանում էր չճանաչված երկրից, Անահիտն ու անգլերենի դասերն էլ էին հետը։
Վերադարձից մի քանի օր անց, աստիճաններով բարձրանալով սենյակ, Անահիտը երիտասարդ մի տղամարդու նկատեց, ձեռքին զուգարանակոնքի երկու սպիտակ նստատեղ՝ մաքուր փաթաթված։ Երրորդ հարկ էր բարձրանում։ Արագ անցավ շփոթված երիտասարդի կողքով ու ներխուժեց սենյակ՝ գոռալով, որ նստատեղը տեղ է հասել: Մինչ Ռուզաննան ձեռքի բաժակը կդներ սեղանին, Անահիտն արդեն դուրս էր թռել սենյակից ու Արամազդի գրասենյակում էր: Լսելով վերջին լուրերը նստատեղի մասին՝ Արամազդի այտերը նորից կարմրում էին, ինչպես փողկապը. նա փորձում էր հանգստացնել հուզված Անահիտին:
Հաջորդ օրը երրորդ հարկի զուգարանի առաջ հավաքվել էին կանայք տարբեր հարկերից, նստատեղի հանդիսավոր բացումն էր լինելու։ Անահիտի տեղ հասնելուն պես բոլորը մտան լվացարան: Վալյան միացրեց լույսը. Անահիտն ու գործընկերները առաջին անգամ տեսան զուգարանի նստատեղը՝ իր ամբողջ փառքով: Կափարիչի գերմանական փոքր դրոշը վստահեցում էր, որ նստատեղը որակյալ է: Հենց այդ պահին Ռուզաննան ասաց. «Հիմա հանգիստ կարող ընք հինչքան օզում ընք չայ խմինք»։ Բոլորը ծիծաղեցին ու թև-թևի ընկած դուրս եկան գեղեցիկ, ինչպես Անահիտն էր ասում, պետքարանից։ «Անահիտ՝ նախագահ, Անահիտ՝ նախագահ»,- լսվում էր այս ու այն կողմից:
Ամբողջ օրը կանայք երրորդ հարկի զուգարան էին գնում, ոչ թե օգտվելու, այլ ավելի շուտ տեսնելու։ Նրանք գալիս են նույնիսկ խորհրդարանի ու կառավարության շենքերից: Computer-ի բաժնի աղջիկները Snickers էին բերում, xerox-ի աղջիկները՝ խնձոր, Սաշան նույնիսկ ծաղիկ բերեց. ծաղիկներն իսկական էին: Չնայած Ռուզաննան զգում էր, որ զուգարանի նստատեղի տեղադրման առիթով ծաղիկներ ստանալը մի փոքր անտեղի է, բայց դա չխանգարեց, որ բուրավետ փունջը զուգարանում հայտնվեր: Նստատեղի մասին լուրը արագ էր տարածվում։ Անահիտին հրավիրում էին տարբեր բաժիններ թեյ խմելու: Միայն այդ օրը Անահիտը տասնյոթ բաժակ «չայ» խմեց, տասնհինգ անգամ էլ տղամարդկանց զուգարան մտնելու պատմությունը պատմեց։
Հաջորդ երեք շաբաթներն անցան առանց մեծ դրամատիզմի: Կանայք արագ հարմարվում էին նոր պայմաններին, չնայած լավ որակի զուգարանի թուղթը դեռ պահում էին սեյֆում: Միակ միջադեպն այն էր, որ Կամոն՝ նախագահի վարորդը և նրա գործընկեր Զորիկը, որին Անահիտը պարսկերենով «նոխուդի» էր անվանում, այսինքն «զապազ», հայտնաբերվեցին կանանց զուգարանում ծխելիս: Այս ներխուժումն ավարտվեց դռանը փակցված ցուցանակով՝ «Միայն կանայք»: Այնպես որ, զարմանալի էր, երբ Անահիտին նոյեմբերի մի ցուրտ առավոտ աղջիկները հարցրեցին, թե զուգարանը տեսել է: «Ինչո՞ւ, ինչա պատահել»։ Ռուզաննան փնչացրեց, ապա պտտեցրեց աչքերը. զուգարանի նստատեղն անհետացել էր: «Ի՞նչ, որտե՞ղ, ո՞վա գողացել մեր նստատեղը,- գոռում էր Անահիտը:- Սա ահավոր է, ես էթում եմ Արամազդի մոտ»: Բայց նախ շտապեց զուգարան, իր աչքով տեսնելու, հետո վազեց Արամազդի սենյակ։ Մի քիչ սպասեց, մինչ կլսեր «ներս եկը», հետո բացեց դուռը, ներս մտավ ու նստեց: Արամազդն սպասում էր նրան, բայց չէր խոսում: Անահիտը ժամանակ չկորցրեց ողջույնների վրա և անմիջապես բացատրություն պահանջեց։ Նա իսկապես վրդովված էր. «Սա անընդունելի է, ո՞վա համարձակվել գողանալ մեր նստատեղը»: Արամազդը, որը լուռ սպասում էր իր հերթին, ասաց, որ ինքն է հրամայել հանել նստատեղը: Սենյակում քար լռություն էր: Այս անգամ Անահիտը չէր խոսում: Նա սպասում էր:: Մի քանի րոպե տհաճ լռությունից հետո Արամազդը հասկացավ, որ Անահիտը չի հեռանա առանց բացատրության: Նա խոր շունչ քաշեց ու ամեն ինչ պատմեց։
Նախորդ օրվա երկրորդ կեսին ԻՆՔԸ մի արկած է ունենում անձնական զուգարանում: Ըստ ամենայնի, մի մոլորված բոռ անհանգստացրել էր ԻՆՔԻՆ և ԻՆՔԸ, փորձելով սատկացնել միջատին, ընկել էր և գլուխը հարվածել զուգարանի նստատեղին` կոտրելով այն: Արամազդն արդարանում էր. «Չէինք կարող իրեն թողնել առանց նստատեղ: Անահիտ, խնդրում եմ, մտիր մեր դրության մեջ, մենք ստիպված էինք ձեր նստատեղը վերցնել և տեղադրել ԻՐԱ զուգարանում: Եթե մեկը պիտի նստատեղ ունենա, ապա դա ԻՆՔՆ է: Պետք ա հասկանաս, Անահիտ»։
Արամազդն ավարտեց։ Սպասում էր Անահիտի արձագանքին: Բայց Անահիտը անդրդվելի էր, զուգարանի գերեվարված նստատեղն էր ուզում. «Հե՞ր տղամարդկանց զուգարանից նստատեղ չվերցրիք: Հե՞ր մե՜րը»։ Արամազդը, անհարմար զգալով, պատասխանեց. «Չե՞ս կարծում, որ ԻՐԵՆ սազական չի վարդագույն նստատեղ, այնպես չէ՞»:
Անահիտն արդեն որոշել էր նահանջել, բայց Արամազդը սխալվեց` խոստանալով վերադարձնել նստատեղը, երբ նորը պատվիրեին ԻՐԱ համար։ «Դա անընդունելի է, մենք չենք ուզում էտ օգտագործված նստատեղը, ԻՆՔԸ կարողա էտ պահել: Մենք ուզում ենք նորը, չօգտագործված նստատեղ, իհարկե սպիտակ»,- նորից հարձակվեց Անահիտը:
«Իհարկե, իհարկե»,- ասում էր Արամազդը՝ հասկանալով, որ իրենք զինադադարի են եկել, ու Անահիտին խնդրում էր չտարածել ԻՐԱ հետ պատահած արկածը: Երբ պատրաստվում էր լքել սենյակը՝ Անահիտը հանկարծակի մի բան հիշեց. «Մե րոպե, բայց ինչքան ես հիշում եմ, էտ տղեն երկու նոր նստատեղ ուներ իր ձեռքում: Ի՞նչ պատահեց էն մյուսին»:
Մի պահ լռելուց հետո Արամազդը պարտված հայացքով խոստովանեց. «Ես տարել եմ տուն»: Կրկին լռություն: Անահիտը վերլուծում էր Արամազդի պատասխանը ու մտածում հաջորդ քայլի մասին: Արամազդի խոստովանությունը փոխում էր ամեն ինչ՝ իրեն անսահման ուժ տալով: «Հասկացա՜մ»,- սառը հայացքով:
Արամազդն ընդունել էր պարտությունը ու մի շաբաթվա մեջ նոր նստատեղ պիտի տեղադրեր։ Հետո, Անահիտի ներկայությամբ, էլի մի զանգ Ներկայացուցչության գրասենյակ։ Ավարտելով բանակցությունները Անահիտը ձեռքը մեկնեց Արամազդին։ Ճար չուներ, սեղմեց Անահիտի ձեռքը՝ լուռ կնքելով իրենց գաղտնի պայմանագիրը: Անահիտը քայլեց դեպի սենյակ, հինգ կին նրան էր սպասում, թրմված թեյով:
Հաջորդ օրը, դասի ժամանակ, Անահիտը փորձում էր չնայել Inca-ի ճակատի սանտավիկին: Փոխարենը Swan-ի Practical English Usage-ի 199-րդ էջը բացեց ու խնդրեց ԻՐԵՆ բացատրել farther և further իմաստային տարբերությունը:

Վերջաբան
Զուգարանի նոր նստատեղը եկավ մեկ շաբաթից, ինչպես և խոստացել էր Արամազդը։ Բայց նույն որակի չէր, ինչ առաջինը: Այս մեկը թուրքական էր։ Բայց գրասենյակի աղջիկները գոհ էին, շենքում աշխատելու համար անհրաժեշտ պայմաններ կային վերջապես։ Հաջորդ մի քանի ամիսներին նախագահականի շենքում կանանց բոլոր զուգարանները նորացվեցին: Ճանաչված հանրապետության մայրաքաղաք իր այցելություններից մեկի ժամանակ Անահիտը հայելի և պատին փակցվող օճառաման էր գնել իրենց լվացարանի համար: Դրանք պահակային ծառայության ղեկավարը՝ завхоз Ռուբենը տեղադրեց:
Հրադադարի առաջին օրերից շատ բան է փոխվել: Ջուլիան, Հրանուշը, Ռուզաննան ու Վալյան դեռ աշխատում են նախագահականում: Ալբինան ամուսնացել է և այժմ մաթեմատիկա է դասավանդում տեղի ավագ դպրոցում: Սաշան կյանքից հեռացավ որոշ ժամանակ անց, չնայած նրա պատմությունները դեռ ապրում են ու հաճախ են հիշվում թեյախմության սեղանի շուրջ, հատկապես, երբ Անահիտը իր հերթական ուխտագնացությունն է կատարում ճանաչված Հանրապետությունից, որտեղ բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոնում է աշխատում: Անահիտը փորձում է օգնել կանանց՝ վերականգնել իրենց անկախությունն ու պայքարել իրենց իրավունքների համար: Անարդարության դեմ պայքարելու տարիներին նա շատ հաղթանակներ է ունեցել, և նույնքան էլ պարտություններ:
Թեև շատերն են օգտվել զուգարանից, բայց չեն իմացել, թե ինչ ջանքեր է արժեցել կանանց համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը: Աշխատակազմի մեծ մասը չի էլ հիշում, որ մի ժամանակ կանանց զուգարանում զուգարանակոնք չկար:
Վերջաբանից հետո
2021 թ.
Մարդիկ հերթական անգամ հարմարվել են հերթական հրադադարին: Անահիտը չճանաչված Հանրապետության մայրաքաղաքում է ճանաչված Հանրապետության գալիք ընտրություններից առաջ: Նախագահականի աստիճաններով բարձրանալիս նկատեց, որ շատ բան չի փոխվել առաջին հրադադարից հետո: Երրորդ հարկի միջանցքով անցնելիս կանգ առավ կանանց լվացարանի առջև, բացեց դուռը և ներս մտավ: Հայելին տեղում է, թեև ճաքած է: Օճառամանի մեջ օճառ չկա, բայց լույսերը աշխատում են, չնայած երբեմն թրթռում են: Զուգարանը անխնամ և լքված վիճակում է: Սպիտակ պատերը մոխրագույն են, սալիկներից շատերը ճաքեր ունեն: Տարիների ընթացքում կանայք համակերպվել են ու բավարարվել նվազագույնով: Թուրքական արտադրության նստատեղը դեռ տեղում է, հիշեցնելով վաղուց մոռացված հաղթանակը:
Անահիտը հոգնած ու պարտված զգաց իրեն։
Վերջին պատերազմը բացահայտեց ճշմարտությունը: Ոչ միայն զուգարանները չեն նորոգվել վերջին 25 տարիներին, այլև ամբողջ համակարգը: Անահիտը գիտակցեց, որ 1996-ի հնարավորություններն այլևս չկան, հօդս են ցնդել: Այն ժամանակ հույս կար ճանաչվել որպես Հանրապետություն և խաղաղ ապրել։ Բայց վերջին պատերազմը, շարունակական պայքարը իշխանության ու աթոռի համար, հերթական անգամ այս կանանց թողել են առանց նստելու տեղի: Պատրանքը պայթել է, և Ջուլիան, Հրանուշը, Ռուզաննան, Վալյան ու Ալբինան այլևս ցուցակներ կազմելու հնարավորություն չունեն:
Անահիտը դուրս եկավ պետքարանից ու քայլեց Ռուզաննայի սենյակ: Հիմա կանայք էլ չեն հավաքվում թեյ խմելու: Մի քանի րոպե զրուցելով աղջիկների հետ և պայմանավորվելով երեկոյան զբոսնել գնդակոծված քաղաքում՝ Անահիտը վերցրեց ուսապարկն ու դուրս եկավ նախագահական շենքի երրորդ հարկի միջանցք: