
Ուսումնասիրությունը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
EVN Report-ը հրապարակում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրողների վարքագիծը վերծանող ուսումնասիրության երրորդ փուլի արդյունքները։ Հարցախույզը պատրաստել է «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը» (ArmES)։ Այն արձանագրում է ընտրողների նախապատվությունների ընդհանուր միտումները՝ անվտանգության, տնտեսության և երկրի զարգացման ուղղության վերաբերյալ, միևնույն ժամանակ արձանագրելով վարչապետի գործունեության գնահատման վարկանիշի զգալի աճ։ Առաջին և երկրորդ փուլերի արդյունքների համեմատական դիտարկումը ցույց է տալիս երեք կարևոր միտում․ 1) վարչապետի գործունեության հավանության ցուցանիշը հետևողականորեն աճել է՝ առաջին հարցման 36 տոկոսից երկրորդում հասնելով 47,2 տոկոսի, իսկ ներկայիս արդյունքներով՝ 49 տոկոսի, 2) վարչապետի աշխատանքից դժգոհողների թիվը նվազել է՝ առաջին հարցման 45 տոկոսից երկրորդում դառնալով 35,8 տոկոս, իսկ ներկայիս հարցմամբ՝ 33,7 տոկոս, 3) երկրի ընթացքի վերաբերյալ հանրային ընկալումները զգալի փոխվել են. եթե առաջին հարցման ժամանակ 38 տոկոսը կարծում էր, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ (35 տոկոսը՝ ճիշտ), ապա երկրորդում արդեն 41,2 տոկոսն էր նշում ճիշտ ուղղությունը (33,3 տոկոսը՝ սխալ), իսկ ներկայիս հարցմամբ՝ հարցման մասնակիցների 44 տոկոսն է կարծում, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ (30,9 տոկոսը՝ սխալ): Քվեարկության մտադրությունների բաշխվածությունը երեք հարցումների ընթացքում մնացել է համեմատաբար կայուն. «Քաղաքացիական պայմանագիրը» պահպանում է զգալի առավելություն ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, թեև դեռևս չի հասնում միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությանը: Միևնույն ժամանակ, առաջատար ընդդիմադիր ուժերի մասնատվածությունը խնդիրներ է առաջացնում «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, քանի որ նրանցից ոչ մեկը չի հասնում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմին: «Ուժեղ Հայաստանը» մնում է միակ ընդդիմադիր ուժը, որը հաղթահարում է անհրաժեշտ ընտրական շեմը: Մնացած ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հիմնականում որդեգրել են արևմտամետ կամ «երրորդ ուղու» քաղաքականություն, գրանցում են չնչին արդյունքներ եւ չեն մոտենում անցողիկ շեմին։
Ինչպես EVN Report-ի համար «ԱրմԵս»-ի իրականացրած առաջին երկու հարցումներում, երրորդ փուլը ևս տրամադրում է տվյալներ կողմնորոշում չունեցող կամ այսպես կոչված «չկողմնորոշված» ընտրողների վերաբերյալ, որոնք կազմում են Հայաստանի ընտրազանգվածի 35-40 տոկոսը։ Ընդհանուր առմամբ՝ երրորդ փուլի արդյունքները մատնանշում են հինգ կարևոր զարգացում. 1) տնտեսության վերաբերյալ հանրային ընկալումները զգալիորեն բարելավվել են, ինչը նկատելի է 2025-ի դեկտեմբերից մինչև 2026-ի մայիսի 2-ն ընկած հարցման ժամանակահատվածում. 2) հայաստանյան հասարակությունը շարունակաբար դրական է գնահատում երկրի անվտանգային միջավայրը. 3) հարցվածների մեծ մասը հավանություն է տալիս Իրանական պատերազմի հարցում Փաշինյանի կառավարության կեցվածքին, ինչը վկայում է Հայաստանի արտաքին քաղաքական նկատմամբ հանրային աջակցության աճի մասին. 4) ԹՐԻՓՓ (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծի վերաբերյալ հանրային ընկալումներն ակնհայտորեն վատթարացել են, և թեև ավելի շատ մարդիկ այն օգտակար են համարում, քան վնասակար, այդ տարբերությունը առաջին հարցման համեմատությամբ էապես նվազել է. 5) «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակցությունն աստիճանաբար նվազում է, մինչդեռ «Հայաստան» դաշինքի աջակցությունը պահպանվում է անփոփոխ լճացման մակարդակի վրա։
Մեթոդաբանություն և ձևաչափ
Հարցումների երրորդ փուլի մեթոդաբանական մոտեցումը հիմնված է «Ամերիկյան ազգային ընտրությունների ուսումնասիրությունների» (ANES), մասնավորապես՝ 2020-ի «բազմափուլ հարցումների ուսումնասիրության» վրա։ Քաղաքական վարքագծի հարցախույզների «ոսկե չափանիշ» համարվող «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական հարցում է, որն իրականացվում է խառը մոտեցմամբ (հեռախոսային + համացանցային): «ԱրմԵս»-ը շատ առումներով նպատակ ուներ նմանվել իր ամերիկյան գործընկերոջը: Ե՛վ «ԱրմԵս»-ը, և՛ «ԱՆԵՍ»-ը հիմնվում են կրկնվող (panel) և թարմ նմուշ (fresh sample) ձևաչափի վրա, և երկուսն էլ ներկայացուցչական են ազգային մակարդակով: Փոքր տարբերությունները ներառում են՝ (1) «ԱՆԵՍ»-ը կիրառում է խառը մոտեցում, մինչդեռ «ԱրմԵս»-ն օգտագործել է բացառապես հեռախոսային հարցազրույցներ, և (2) «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական բնույթի է, մինչդեռ «ԱրմԵս»-ը միայն նախընտրական է:
Նախընտրական հարցման երրորդ փուլը մեկնարկել է 2026-ի ապրիլի 1-ին։ Հեռախոսային հարցումն իրականացվել է հեռախոսահամարների պատահական ընտրությամբ, իսկ հարցվողների ընտրությունը կատարվել է համաձայն գրանցված ընտրողների թվաքանակի և մարզային բաշխվածության։ Յուրաքանչյուր հարց տեսականորեն միտված է քաղաքացու ընտրական նախապատվությունները սոցիոլոգիական և սոցիալ-հոգեբանական դիտանկյունից հասկանալուն։ Հարցումը բաղկացած է հետևյալ բաժիններից.
(1) Երկրի ուղղությունը և խնդիրները
(2) Կուսակցական պատկանելություն
(3) Ընտրությունների և թեկնածուների գնահատում
(4) Սոցիալ-ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական ցուցանիշներ
Հարցվողներին ուղղվել է 23 հարց, որոնցից 14-ը վերաբերել են առաջիկա ընտրություններին։ Հարցումը ներառել է նաև հարցեր՝ ուղղված հարցվողների սոցիալ-տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական հատկություններին։ Հարցումն ավարտվել է 2026-ի մայիսի 2-ին, հարցմանը մասնակցել է 925 մարդ։ 95 տոկոս վստահության ցուցանիշով սխալի սահմանը կազմում է 3,25 տոկոս։
Արդյունքներ
Հարցման շրջանակում մասնակիցներին խնդրել ենք նշել՝ իրենց կարծիքով երկիրը «ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ» է ընթանում, որն ընտրողների վարքագծի ուսումնասիրություններում կարևոր ցուցիչ է և թույլ է տալիս առավել ճշգրիտ պատկերացում կազմել հանրային տրամադրությունների մասին։ Հարցվածների 44 տոկոսը նշել է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 30,9 տոկոսի կարծիքով՝ սխալ, իսկ 24,7 տոկոսը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Երկրորդ փուլի համեմատ դրական պատասխաններն աճել են 3 տոկոսով, իսկ բացասականները՝ նվազել 2,4 տոկոսով, ինչը վկայում է երկրի հետագծի վերաբերյալ հանրային ընկալումների 5,4 տոկոս բարելավման մասին։

Վարչապետի գործունեության գնահատման վերաբերյալ հարցը նույնպես դրական աճ է արձանագրել իշխող կուսակցության համար. Նիկոլ Փաշինյանի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 49 տոկոսը, բացասական՝ 33,7 տոկոսը՝ արձանագրելով գրեթե խորհրդարանական մեծամասնությանը մոտ գնահատական և նախորդ հարցման համեմատ շուրջ 2 տոկոս աճ։ Հատկանշական է, որ «մասամբ դրական» պատասխանը նախորդ հարցման համեմատ մնացել է անփոփոխ, սակայն 2,6 տոկոսով աճել է «առավելապես դրական» պատասխանը։ Նմանապես, երկրորդ հարցման համեմատ մեկական տոկոսով նվազել են «առավելապես բացասական» և «մասամբ բացասական» պատասխանները, ինչը մատնանշում է հանրային վստահության աճի հետևողական, բայց աստիճանական միտում։

Չկողմնորոշված ընտրողների 41 տոկոսը վարչապետի գործունեությունը դրական է գնահատում, ինչը 5,5 տոկոսով ավելի է երկրորդ հարցման համեմատ, մինչդեռ բացասական է գնահատել 31,5 տոկոսը, ինչը գրեթե նույնական է նախորդ հարցման ցուցանիշին։ Վարչապետը զգալի առաջընթաց է գրանցել չկողմնորոշված ընտրողների շրջանում, քանի որ նրա գործունեությունը բացասական գնահատողների թիվը մնացել է անփոփոխ, մինչդեռ դրական գնահատողներինն էականորեն բարելավվել է։

Տնտեսության վիճակի վերաբերյալ հանրային ընկալումները շարունակում են մնալ ընտրական վարքագծի կարևորագույն ցուցիչներից մեկը։ Այս միտումն ավելի լավ հասկանալու համար հարցման մեջ ներառվել է ազգային տնտեսությանը վերաբերող երկու հարց՝ հետահայաց և հեռանկարային։ Հետահայաց հարցը պարզել է, թե ինչպես են մասնակիցները որակում տնտեսության ներկա վիճակը նախորդ տարվա համեմատ, մինչդեռ հեռանկարային հարցը վերաբերել է ներկա պահից մեկ տարի անց նրանց ունեցած ակնկալիքներին: Հետահայաց հարցին մասնակիցների 41,7 տոկոսը նշել է, որ տնտեսությունն այժմ ավելի լավ վիճակում է, քան մեկ տարի առաջ, ինչը 2,2 տոկոսով ավել է նախորդ հարցման համեմատ։ 21,6 տոկոսը նշել է, որ այն մնացել է նույնը (2 տոկոս նվազում նախորդ հարցման համեմատ), իսկ 28,5 տոկոսը կարծում է, որ վիճակը վատթարացել է (աճը՝ 0,7 տոկոս)։ Նկատելի է ընտրողների փոքր տեղաշարժ, հարցվածների փոքր տոկոս, որ նախորդ հարցման ժամանակ ասել էին, որ տնտեսության վիճակը նույնն է, այժմ կարծում են, որ վիճակը բարելավվել է։

Հեռանկարային հարցին ի պատասխան հարցման մասնակիցների 40,1 տոկոսը նշել է, որ տնտեսությունն ավելի լավ վիճակում կլինի (ինչը շատ նման է նախորդ հարցման 40,4 տոկոս արդյունքին), մինչդեռ միայն 11,6 տոկոսն է կարծում, որ տնտեսությունը կվատթարանա (ինչը համահունչ է նախորդ հարցումների արդյունքներին)։ Ամփոփելով՝ տնտեսության ներկա և ապագա վիճակի վերաբերյալ հանրային ընկալումները մնում են բավականին դրական, ինչը համապատասխանում է թե՛ երկրի ընթացքի վերաբերյալ հարցի դրական միտումներին, թե՛ վարչապետի գործունեության հավանության ցուցանիշներին։

Հաշվի առնելով չկողմնորոշված ընտրողների բարձր ցուցանիշը, որի մասին վկայում են 2020-ի պատերազմից հետո երկրում անցկացված հարցումները, ներառյալ մեր 2021-ի նախընտրական հարցումը, ինչպես նաև այս շարքի առաջին և երկրորդ փուլերն ու այլ հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնների, օրինակ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտությունները, կանխատեսում էինք նմանատիպ պատկեր նաև այս փուլի համար։
Չկողմնորոշված ընտրազանգվածի հայեցակարգային բնորոշման բարդությունները վերծանելու համար «ԱրմԵս»-ը մշակել է կողմնորոշիչ տեսակետային հարցերի շարք՝ որպես ընտրողների քվեարկությունը որակավորելու և կանխատեսելու գործիք։ Տեսակետային հարցերը հաճախ կիրառվում են զարգացող երկրներում՝ ընտրական վարքագիծը վերլուծելու նպատակով, մասնավորապես «Աֆրոբարոմետր» հետազոտական նախաձեռնության շրջանակում։ Այս փուլում քաղաքացիներին ուղղել ենք հարցեր՝ գնահատելու նրանց դիրքորոշումը արդարադատության, Հայաստանի անվտանգային իրավիճակի, ինչպես նաև ԹՐԻՓՓ նախագծի և Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի վերաբերյալ։ Հարցվողներին ներկայացվել են քաղաքական երկու տարբեր տեսակետներ, որոնցից մեկը համապատասխանում է գործող կառավարության, իսկ մյուսը՝ ընդդիմության տեսակետին:
Առաջին հարցով մասնակիցներին առաջարկվել է հստակեցնել իրենց դիրքորոշումը՝ արդյո՞ք ներկայիս կառավարությունը բավարար աշխատանք կատարել է կամ բավարար աշխատանք չի կատարել նախկին պաշտոնյաներին ապօրինի գործունեության համար պատասխանատվության ենթարկելու հարցում:

Հարցվողների 55,1 տոկոսը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը բավարար աշխատանք չի կատարել նախկին վարչակարգերի պաշտոնյաներին իշխանության չարաշահման, կոռուպցիայի և այլ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում։ Մինչդեռ 23,9 տոկոսը, որը համարժեք է ռուսամետ ընդդիմության ընտրական դաշտին, նշել է, որ բավարար քայլեր են ձեռնարկվել նախորդ կառավարությունների պաշտոնյաների դեմ։ Այս հարցի պատասխանը մատնանշում է հանրային լայն աջակցություն կառավարության կողմից ավելի համապարփակ քրեական հետապնդման գործողություններին՝ նախորդ վարչակարգի քաղաքական վերնախավին ենթադրյալ անօրինական գործունեության համար պատասխանատվության ենթարկելու համար:
Պատասխանատվության ենթարկելու պահանջը բարձր է նաև չկողմնորոշված ընտրողների շրջանում․ 48,2 տոկոսը կարծում է, որ ներկայիս կառավարությունը բավարար աշխատանք չի կատարել նախկին վարչակարգերի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Միևնույն ժամանակ, 21,3 տոկոսն այն համոզմունքին է, որ կառավարության մոտեցումը եղել է բավարար։ Երկրորդ փուլի հարցման համեմատ՝ չկողմնորոշված ընտրողների շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ առավել մեծ հաշվետվողականության կողմնակիցների թիվը նվազել է 6,3 տոկոսով, իսկ քրեական գործողությունները դադարեցնելու կողմնակիցների թիվը նվազել է 4,2 տոկոսով։

Երկրորդ հարցով քաղաքացիներին առաջարկվել է ընտրել երկու տեսակետից մեկը՝ արդյո՞ք մեկ տարի առաջվա համեմատ Հայաստանի անվտանգային վիճակը բարելավվել է, թե՞ չի բարելավվել: Հարցվողների մեծամասնությունը դրական է պատասխանել՝ նկատելով, որ երկրի անվտանգային միջավայրը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։ Հասարակության 53,8 տոկոսը համաձայն է, որ երկրի անվտանգային իրավիճակը բարելավվել է (նախորդ հարցման համեմատ 1,4 տոկոս աճ), մինչդեռ 35,9 տոկոսն այդպես չի կարծում (նախորդ հարցման համեմատ 4,1 տոկոսի նվազում)։ Վերլուծական տեսանկյունից, թեև դրական պատասխանների աճը կարող է լինել վիճակագրական սխալի սահմաններում, սակայն բացասական պատասխանների նվազումն ինքնին բավականին խոսուն է. Հայաստանի անվտանգային միջավայրի վերաբերյալ բացասական ընկալումը նվազել է ։

Չկողմնորոշված ընտրողների շրջանում անվտանգության վերաբերյալ հարցի արդյունքները նույնպես ցույց են տալիս, որ մեծամասնությունը դրական միտում է տեսնում երկրի անվտանգային միջավայրի բարելավման հարցում։ Չկողմնորոշված ընտրողների 48,2 տոկոսը համարում է, որ անվտանգային միջավայրը բարելավվել է, մինչդեռ 38,6 տոկոսը կարծում է, որ այն չի բարելավվել։ Չկողմնորոշված ընտրողների շրջանում առկա միտումը վկայում է անվտանգային միջավայրի ուղղությամբ կառավարության գործունեության հավանության մասին, և, համեմատելով երկրորդ հարցման հետ, նկատում ենք դրական պատասխանների 2,6 տոկոս աճ, մինչդեռ բացասական պատասխանները նվազել են 2,6 տոկոսով։ Սա նշանակում է, որ չկողմնորոշված ընտրողների շրջանում կառավարության անվտանգային քաղաքականության հանդեպ ընդհանուր 5,2 տոկոսանոց դրական տեղաշարժ է տեղի ունեցել։

Երրորդ հարցով մասնակիցներին առաջարկվել է հայտնել իրենց կարծիքը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ՝ ներկայացնելով երկու տեսակետ․ ԹՐԻՓՓ-ը շահեկան է Հայաստանի համար, քանի որ կբերի տնտեսական աճ և կայունություն կամ ԹՐԻՓՓ-ը շահեկան չէ Հայաստանի համար, քանի որ չի բերի տնտեսական աճ կամ կայունություն։

Հարցվածների 36,2 տոկոսը ԹՐԻՓՓ-ը համարում է Հայաստանի համար շահավետ, մինչդեռ 36,3 տոկոսը չի հավատում, որ ԹՐԻՓՓ-ը կբերի կայունություն և տնտեսական աճ։ 25,5 տոկոսը դեռ չգիտի կամ չի կողմնորոշվել։ Թեև պատասխանների ընդհանուր դրական միտումը ցույց է տալիս, որ չնչին առավելությամբ ավելի շատ քաղաքացիներ ԹՐԻՓՓ-ը համարում են օգտակար երկրի համար, նախորդ երկու հարցումների պատկերը փաստում է թեմայի շուրջ աճող հանրային կասկածամտության մասին։ Օրինակ՝ երկրորդ հարցման ընթացքում հարցվածների 42,3 տոկոսը ԹՐԻՓՓ-ը գնահատել էր օգտակար, իսկ 36,7 տոկոսը՝ ոչ։ Ընթացիկ արդյունքներում դրական գնահատականը նվազել է գրեթե 4 տոկոսով, մինչդեռ բացասական պատասխանները մնացել են անփոփոխ։ Առավել հետաքրքիր բացահայտում է չկողմնորոշված հարցվողների աճը. եթե երկրորդ հարցման ժամանակ չկողմնորոշված էր 21,1 տոկոսը, ապա ներկայիս հարցման մեջ այս թիվն աճել է 4,4 տոկոսով, ինչը սերտորեն փոխկապակցված է դրական պատասխանների նվազման հետ։ Հայաստանյան հասարակությունը ԹՐԻՓՓ նախագծի հանդեպ ավելի բացասական չի տրամադրվել, քանի որ բացասական պատասխանների քանակը մնացել է անփոփոխ, սակայն այն դարձել է ավելի անորոշ, քանի որ դրական արձագանքը նվազել է գրեթե նույն չափով, որքանով աճել է չկողմնորոշվածների թիվը։

Ինչ վերաբերում է չկողմնորոշված ընտրողներին, ինչպես երևում է վերևում, ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ փոփոխությունները դառնում են ակնհայտ. չկողմնորոշված ընտրողների շրջանում նախագծի նկատմամբ զգալի թերահավատություն է ձևավորվել։ Նախորդ հարցման համեմատ, երբ 38,7 տոկոսը ԹՐԻՓՓ-ը համարում էր շահավետ, ներկայիս արդյունքներում չկողմնորոշված ընտրողների շրջանում այս ցուցանիշը նվազել է 12 տոկոսով։ Ավելին, ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ բացասական ընկալումը նույնպես աճել է երկրորդ հարցման համեմատ՝ 31,4 տոկոսից դառնալով 36,5 տոկոս (5 տոկոս աճ)։ Չկողմնորոշված ընտրողների շրջանում ԹՐԻՓՓ-ի նկատմամբ տրամադրությունների 17 տոկոսանոց շրջադարձը հստակ ցուցիչ է, որ կառավարությունը կորցնում է չկողմնորոշված ընտրողների աջակցությունն այս նախագծի հարցում։ Այսպիսով, թեև ընդհանուր բնակչության շրջանում ԹՐԻՓՓ-ը հավաքականորեն մնում է ավելի շատ ժողովրդականություն վայելող, քան մերժվող, չկողմնորոշված ընտրողների շրջանում այն հայտնվել է նկատելիորեն բացասական դիրքում։
Չորրորդ դիրքորոշումային հարցով առաջարկվել է գնահատել Իրանում պատերազմի ընթացքում Փաշինյանի կառավարության որդեգրած քաղաքականությունը։ Ինչպես ցույց են տալիս արդյունքները, հարցվածների 42,8 տոկոսը հավանություն է տվել կառավարության որդեգրած քաղաքականությանը, մինչդեռ 20,9 տոկոսը՝ ոչ, ինչը վկայում է Հայաստանի կառավարության աշխարհաքաղաքական լարվածությունը հաղթահարելու ջանքերին հանրային լայն աջակցության մասին։

Չկողմնորոշված ընտրողների պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս, որ հակամարտության վերաբերյալ կառավարության արտաքին քաղաքականությունը վայելում է նաև այս խմբի 35,4 տոկոս հավանությունը. բացասական են եղել 16,2 տոկոսի պատասխանները։ Սակայն այս հարցում չկողմնորոշված ընտրողների մասով ավելի խոսուն արդյունք է «չգիտեմ» կամ «հրաժարվում եմ պատասխանել» պատասխանների բարձր տոկոսը, որոնք միասին կազմում են 46,5 տոկոս։ Սա շատ ավելի բարձր ցուցանիշ է, քան նախորդ երեք հարցերի ժամանակ ստացված պատասխանները, ինչը մատնանշում է երկու հանգամանք. թեև արդարադատության, անվտանգության և ԹՐԻՓՓ-ի հետ կապված խնդիրները քաջածանոթ են քաղաքացիների մեծ մասին, նույնիսկ եթե նրանք հատուկ հետաքրքրված չեն քաղաքականությամբ, Իրանի հակամարտությունը և Հայաստանի արձագանքը դեռևս չափազանց նուրբ և բարդ թեմա է չկողմնորոշված ընտրողների զգալի հատվածի համար։

Ընտրողների քվեարկության մասնակցությունը և մտադրությունը հասկանալու համար հարցրել ենք՝ արդյո՞ք նրանք քվեարկելու են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, և եթե այո, ապա ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին: Հարցվողների մոտ 85 տոկոսը նշել է, որ մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին (առաջին հարցման համեմատ 3,7 տոկոս անկում), ինչը նշանակում է, որ ստացված արդյունքները համադրվել են 85 տոկոս մասնակցության կանխավարկածով: Սա համահունչ է բազմաթիվ ուսումնասիրությունների հետ, որոնք վերլուծում են «մասնակցության բացը», երբ հարցումների ժամանակ ինքնահայտարարված մասնակցությունը տարբերվում է իրական մասնակցությունից։ Սովորաբար, հարցվածների մտադրությունն ու իրական մասնակցությունը տատանվում է 10-30 տոկոսի սահմանում։ Հետևաբար, մասնակցության ավելի բարձր մակարդակը թույլ է տալիս ավելի զգուշավոր գնահատել առաջատար կուսակցության կատարողականը:

Քվեարկության մտադրության առումով, նախնական արդյունքները, չկողմնորոշված ընտրողների հավանական հակվածությունը չհաշված, ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կապահովի ձայների հարաբերական մեծամասնությունը 32,5 տոկոսով, ինչը նախորդ հարցման համեմատ 1 տոկոսով նվազել է։ Նվազումը, թեև վիճակագրական սխալի սահմաններում է, կարծես թե փոխկապակցված է այս երրորդ փուլում չկողմնորոշված ընտրողների թվի աճի հետ՝ երկրորդ փուլի համեմատ՝ 37 տոկոսից այն հասել է 39,5 տոկոսի։ Չկողմնորոշված ընտրողների թվի աճը սպասելի է քարոզարշավի փուլի մեկնարկին և քաղաքական բևեռացման սրմանը զուգընթաց, ինչն էլ հանգեցնում է չկողմնորոշվածների թվի ավելացմանը։ Տոկոսային տեղաշարժ է նկատվել նաև ընդդիմադիր կուսակցությունների շրջանակում։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի լիազորված անձ Նարեկ Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանը» զբաղեցնում է երկրորդ տեղը 10,1 տոկոսով՝ նախորդ հարցման համեմատ արձանագրելով 1,3 տոկոսանոց նվազում։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որին դաշինք լինելով պայմանավորված անհրաժեշտ է ձայների 8 տոկոսը, 4,4 տոկոսով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) 3,4 տոկոսով չորրորդն է։ Թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ ԲՀԿ-ն նախորդ հարցման համեմատ աճ չեն արձանագրել, մինչդեռ «Ուժեղ Հայաստանը» թեթևակի անկում է գրանցել։ Ընդհանուր առմամբ, ընտրական դաշտում նկատվում է կայունացման միտում․ ընդդիմադիր ուժերը մնում են հարաբերականորեն կայուն և գումարային շարունակում են պահպանել շուրջ 20 տոկոսի աջակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարագայում ևս նկատվում է ընտրազանգվածի կայունացում, որը համապատասխանում է կուսակցության ավանդական ընտրազանգվածին։

Ընդհանուր առմամբ, բացի «Քաղաքացիական պայմանագրից» և «Ուժեղ Հայաստանից», որևէ այլ կուսակցություն չի հատում խորհրդարան անցնելու շեմը։ Սա հատկապես վերաբերում է արևմտամետ թևը ներկայացնող ուժերին, ինչպիսիք են Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կամ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության ժողովրդավարական պաշտպանների դաշինք» կուսակցությունները, ինչպես նաև «երրորդ ուժի» հավակնորդներին, օրինակ՝ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերին» կամ Հայկ Մարությանի «Նոր ուժին»։ 2021-ի ընտրություններում ձայների 21 տոկոսը ստացած և ընդդիմադիր դաշտում գերակա դիրք ունեցած «Հայաստան» դաշինքը նույնպես չի կարողացել վերականգնել այն ձայները, որոնք «արտահոսել» են «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, և ոչ էլ կարողացել է ընդլայնել իր ազդեցությունը չկողմնորոշված ընտրողների շրջանում։ Քանի որ ըստ Հայաստանի Սահմանադրության խորհրդարան պետք է անցնի առնվազն երեք խմբակցություն, ապա նույնիսկ եթե «Հայաստան» դաշինքը չհաղթահարի 8 տոկոսանոց շեմը, զբաղեցնելով երրորդ տեղն ինքնաբերաբար կհայտնվի խորհրդարանում: Միևնույն ժամանակ, սակայն, եթե «Բարգավաճ Հայաստանին» հաջողվի հասնել 4 տոկոսի շեմին, ապա այն կանցնի «Հայաստան» դաշինքից և կդառնա խորհրդարան անցած երրորդ ուժը՝ դուրս մղելով «Հայաստան» դաշինքին:
Հարցման արդյունքները, որոնք չեն կարող հաշվի առնել չկողմնորոշված ընտրողներին, հատկապես Հայաստանի նման ընտրական միջավայրում, ներկայացնում են ընտրությունների հնարավոր ելքերի միայն մասնակի և թերի պատկերը: Սա առավել ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ հարցվածների մոտ 40 տոկոսը դեռևս չեն կողմնորոշվել։ Ստացվում է, որ քվեարկության մտադրության բաժնում ամենակարևորը դառնում են «հրաժարվում եմ պատասխանել» ընտրած հարցվողները, որոնք կազմում են 25,4 տոկոսը, և «չգիտեմ» պատասխանած 14,1 տոկոսը։ Այս երկու խմբերը միասին կազմում են հայկական ընտրազանգվածի չկողմնորոշված հատվածը՝ ընդհանուր առմամբ 39,5 տոկոս։ Այս ձայների բաշխումը կորոշի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ելքը: Չկողմնորոշված քաղաքացու հակումները զատորոշելով՝ հարցախույզը, ինչպես նախորդ երկու փուլում, ներկայացնում է պատկերացումներ և արդյունքներ չկողմնորոշված ընտրողների հավանական քվեարկության մասին։ Սա հնարավոր է դարձել համակցային ինդեքսի մոդելավորման կիրառմամբ։ Այս մոտեցումը տարածված է քվեարկության վարքագծի ուսումնասիրություններում, մասնավորապես այն գիտնականների շրջանում, ովքեր ուսումնասիրում են ընտրազանգվածի քաղաքական խրթինությունը։ Մեր դեպքում, հղում տալով չորս՝ տեսակետ ակնկալող օրինակների, կիրառում ենք 0-4 համակցային սանդղակ, որը հնարավոր է դարձնում բացահայտել հարցման մասնակցի համաձայնության մակարդակը իշխող վարչակարգի վարած քաղաքականության նկատմամբ։ 4 միավորը ցույց է տալիս հարցվողի քաղաքականության դիրքորոշումների և վարչապետի դիրքորոշումների զգալի համընկնում։ 0 միավորը նշանակում է դիրքորոշումները չեն համընկնում։ Եթե առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ Հայաստանում ընտրողներն առավելաբար քվեարկում են խնդիրներից ելնելով (մեր առաջին և երկրորդ փուլերի նախնական արդյունքները դրա բավարար հիմնավորում տալիս են), ապա մեր համակցային ինդեքսը կարող է կանխատեսել չկողմնորոշված ընտրողների հավանական քվեարկության տրամաբանությունը։

Արդյունքները ցույց են տալիս, որ չկողմնորոշված ընտրողների 8,1 տոկոսն «ամենայն հավանականությամբ» կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, 12,6 տոկոսն էլ «առավել հավանական» է, որ կքվեարկի իշխող կուսակցության օգտին, իսկ 26,4 տոկոսը՝ «մասամբ հավանական»։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, չկողմնորոշված ընտրողների 47,1 տոկոսը հակված է իշխող կուսակցությանն ընտրելուն։ Չկողմնորոշված ընտրողների նման հակվածությունը նշանակալի և հիմնավոր ազդեցություն ունի: Միևնույն ժամանակ, չկողմնորոշված ընտրողների 36,3 տոկոսը «մասամբ անհավանական» է, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, իսկ 16,5 տոկոսը՝ «բացարձակապես անհավանական»։
Ինչպես երևում է ստորև, համակցային ինդեքսից ստացված տվյալները վերածվում են քվեարկության մտադրության կանխատեսող մոդելի, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի իշխող կուսակցության օգտին տրված քվեն. մասնակցության 85 տոկոս մակարդակի դեպքում չկողմնորոշված ընտրողների 47,1 տոկոսը, հավանաբար, կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին:

Պահպանողական գնահատականով, միայն «ամենայն հավանականությամբ» չկողմնորոշված ընտրողների ՔՊ-ին ձայն տալու պարագայում, իշխող կուսակցության ձայների բաժինը 32,5 տոկոսից բարձրանում է մինչև 35,7 տոկոս։ «Առավել հավանականությամբ» և «ամենայն հավանականությամբ» չկողմնորոշված ընտրողների ընդհանուր թվի դեպքում, իշխող կուսակցության ձայների բաժինը հասնում է մինչև 40,7 տոկոս։ Իսկ եթե «հավանական» համարվող բոլոր չկողմնորոշված ընտրողները քվեարկեն ՔՊ-ի օգտին, ապա կուսակցության ձայների բաժինը կհասնի 50,1 տոկոսի։ Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ «մասամբ հավանական» խմբի ձայները, որոնք կազմում են չկողմնորոշված ընտրողների 26,4 տոկոսը, ՔՊ-ի օգտին երաշխավորված քվե չեն։ Հետևաբար, ընտրողների 85 տոկոս մասնակցության պայմաններում 50,1 տոկոս արդյունքը ՔՊ-ի համար հնարավոր լավագույն արդյունքն է։ Այսպիսով, վիճակագրության լեզվով, ՔՊ-ն ներկայումս ունի 40,7-50,1 տոկոսի սահմաններում ձայների մասնաբաժին, ինչը նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, և գրանցված ընտրողների 85 տոկոսը մասնակցեր քվեարկությանը, ՔՊ-ն կստանար քվեների մոտավորապես 40,7 տոկոսը, սակայն այս պահին դեռևս երաշխավորված չէ 50,1 տոկոսի ապահովումը։
Ուղղում. հոդվածի նախկին տարբերակում նշվում էր, որ նախընտրական հարցման երրորդ փուլը սկսվել է 2026 թվականի մարտի 1-ին, մինչդեռ այն սկսվել է 2026 թվականի ապրիլի 1-ին։
«ԱրմԵս»-ի մասին
«ԱրմԵս»-ը գործարկվել է 2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ որպես հայաստանյան ընտրազանգվածի գիտական ուսումնասիրության հարթակ: Ի տարբերություն այլ հարցումների և հետազոտությունների՝ «ԱրմԵս»-ի հիմքում ընկած է ընտրողների վարքագծի վերաբերյալ գիտական մեթոդաբանությունը։ Յուրաքանչյուր հարց ձևակերպված է փորձարարական տվյալների հիման վրա։ Հետազոտության հարցաշարը կազմված է սոցիալ-հոգեբանական ձևաչափի շրջանակում, ըստ որի քվեարկության մտադրությունը պայմանավորված է սոցիոլոգիական և հոգեբանական գործոններով։ Հետագա փուլերը՝ 2018 և 2021 թվականներին, կիրառել են նույն մեթոդաբանական մոտեցումը, համապատասխանաբար, այդ տարիների խորհրդարանական ընտրություններից առաջ հայ ընտրողի վարքագիծը վերլուծելու նպատակով։
Հեղինակների մասին
Ռաֆայել Օգանեսյան
Դոկտոր Ռաֆայել Օգանեսյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի բակալավրիատի հետազոտությունների գրասենյակի ծրագրերի ղեկավարն է։ Նրա հետազոտական աշխատանքները ներառում են ընտրողների վարքագիծը, տնտեսագիտությունն ու ընտրությունները, ինչպես նաև հետխորհրդային քաղաքականությունը։
Ռաֆայել Օգանեսյանը նաև ղեկավարում է (2017, 2018, 2021) «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը» (ArmES), որն իրականացնում է հայկական ընտրազանգվածի նախընտրական ուսումնասիրություն։ Նրա աշխատանքները հրապարակվել են մի շարք ակադեմիական հանդեսներում, այդ թվում՝ «Ֆրենչ Փոլիթիքս» (French Politics), «Ջորնալ օֆ Քոմոն Մարկետ Սթադիզ» (Journal of Common Market Studies — JCMS) և «Ջորնալ օֆ Էլեքշընս, Փաբլիք Օփինիոն ընդ Փարթիզ» (Journal of Elections, Public Opinion, and Parties)։
Ներսես Կոպալյան
Դոկտոր Ներսես Կոպալյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: Նրա մասնագիտացման ոլորտները ներառում են միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքականությունը, քաղաքական տեսությունն ու գիտության փիլիսոփայությունը: Նա ծավալուն հետազոտություններ է անցկացրել բևեռականության, գերտերությունների հարաբերությունների, անվտանգության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կոպալյանը «Համաշխարհային քաղաքական համակարգերը բևեռականությունից հետո» գրքի (Ռութլիջ, 2017) հեղինակն է, «Սեքս, իշխանություն և քաղաքականություն» գրքի (Փալգրև Մաքմիլլան, 2016) համահեղինակը: Նրա ընթացիկ հետազոտությունների առանցքում են աշխարհաքաղաքական և մեծ տերությունների հարաբերությունները՝ շեշտը դնելով Եվրասիայի վրա: Նա նաև լայնածավալ աշխատանք է կատարել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ մինչ թավշյա հեղափոխությունը և դրանից հետո։ Հայաստանի կառավարության համար մշակել է առաջարկությունների փաթեթներ, ինչպես նաև կամավորական հիմունքներով խորհրդատվություն է տրամադրել պետական տարբեր կառույցներին: Դոկտոր Ներսես Կոպալյան-ը նաև EVN Report-ի մշտական հեղինակներից է։
