Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Ինչ գործառույթ ունի արվեստը ճգնաժամերի ընթացքում կամ դրանցից հետո։ Արդյոք արվեստը կարող է օգնել մեզ գիտակցելու իրականությունն այն ամենից հետո, ինչ վերապրեցինք 2020-ին։ Համավարակից և Արցախում ավերիչ ու ողբերգական պատերազմից հետո Հայաստանը, ճակատագրի հեգնանքով, թվում է «կատարյալ» մի վայր՝ այս հարցերին ամբողջովին ու հիմնավորապես անդրադառնալու համար։
Հասարակական, քաղաքական ու մշակութային բարդ իրավիճակներում արվեստագետները վերածվում են ակտիվիստների ու փորձում արվեստի միջոցով ազդել ճգնաժամային իրողությունների վրա։ Պատմության ընթացքում արվեստը բազմիցս կարևոր դերակատարում է ունեցել շարժումներում, որոնք վճռել են պատմական ամբողջական դարաշրջանների ճակատագրեր։ Հատելով գեղագիտական հաճույքի օբյեկտ լինելու անվանական կարգավիճակը՝ արվեստի քաղաքականապես մոտիվացված գործերը ուշադրություն են հրավիրում խնդիրների վրա ու մտորելու առիթ ստեղծում։
Միլենա Ադամյան, «Ինչպես լինել»:
Ցուցահանդեսի ամենավառ կողմերից մեկն էլ այն է, թե ինչպես է այն մեկտեղում ամենատարբեր ոլորտներ՝ կերամիկայից մինչև վիդեո և ինտերակտիվ պերֆորմանս։ Այս զանազանությունը կարելի է կարծիքների բազմազանության փոխաբերություն դիտարկել. կարծիքներ, որոնք արագորեն ի հայտ են գալիս հետպատերազմական Հայաստանում։ Այսպիսով, զուգահեռ իրականությունների գոյակցությունը, որն առաջարկում են անհատ նկարիչները, այս ցուցադրության առանցքային գաղափարն է։ Անկախ չափից կամ տեսակից, այս ստեղծագործություններից և ոչ մեկը բարձրագոչ հայտարարություն չէ, որը կցնցեր հարևաններին։ Ավելին, հավաքածուն ներդաշնակ է, որովհետև արվեստի գործերը լրացնում են միմյանց։
Իր խիստ անձնական ստեղծագործության մեջ, որը կոչվում է «Բոլորս հոգնած ենք», նկարչուհի Վալենտինա Մազը նախընտրել է ներկայի վերաբերյալ իր հավաքական տագնապներն արտահայտել սեփական զգացմունքները երկար կտորի վրա ասեղնագործելով։ Մազը, որը եգիպտահայ է և բնակվում է Երևանում, ասեղնագործության ժամանակատար գործընթացը վերածում է ավելի լավ ապագայի անվերջ սպասման ցավի հայտարարության, որն ակտուալ է ամբողջ աշխարհում։ Ինչպես ինքն է նշում իր գեղարվեստական տեքստում՝ «մարդկությունը հոգնել է բոլոր առումներով՝ ֆիզիկապես, զգացմունքային և մտավոր… Ամեն ինչ բազմապատկվել է ու այնքան բարդացել, որ մարդիկ դարձել են իրենցից ավելի զորեղ ուժերի զոհ։ Ինձ համար մարդկությունը ոչ ավելին է, քան հուսահատ սրտերի և ցավող հոգիների բանակ, որն անվերջ ձգտում է կյանքի կոչել իր ցանկությունները»։
Մազը մանրամասնում է, որ իր ութմետրանոց ասեղնագործության տեքստը համաշխարհային ճգնաժամերի անդադար տարափի պայմաններում հասարակ մարդկանց հոգնածության ու շփոթմունքի մասին է։ Ժամանակատար և ծանր աշխատանքը, որի արդյունքում ծնվել է արվեստի այս գործը, գուցե նոր իրողություններին հարմարվելու միջոց է և աղոտ հույս, որ արվեստի ուժն ի զորու է դարմանելու ու օգնելու մեզ հաղթահարել քաոսը։
Մեկ այլ նկարչուհի՝ Լուսինե Թալալյանը, փորձել է քննադատորեն վերաիմաստավորել Երևանի ճարտարապետությունը՝ իր թվային նկարներում առանձնացնելով, ապամոնտաժելով, ֆեմինիզացնելով քաղաքի ֆալոսային, տղամարդկային դիմագծերը։ Փափուկ օրգանական գծերով և վարդագույն ու կանաչ պաստելային երանգներով Թալալյանը փորձում է գտնել համատարած ճարտարապետական տարածությունները նորովի ընկալելու և ազատության զգացումն արտահայտելու միջոցներ՝ հետազոտելով պատրիարխալ ենթակառուցվածքներն ու 21-րդ դարի քաղաքային զարգացման շահամոլ հռետորաբանությունը։ Նկարչի խոսքով՝ իր թվային «մատնահետքերը» նպատակ ունեն «ցույց տալ ներքին աշխարհը, փոխել քաղաքային տեսարանները՝ տների ճակատներին ավելացնելով [ինտերիերի] այնպիսի տարրեր, ինչպիսիք են պաստառները։ Ստեղծագործությունը նաև վուայերիստական զգացմունքի մասին է, որ ցանկացած ոք կարող է զգալ՝ պատուհաններից ներս նայելով և գուշակելով, թե ով է ապրում այնտեղ, և ինչպիսին է այդ մարդու կյանքը»։ Այսպիսով, Թալալյանն առաջ է քաշում հակադիր հեռանկար և ճանապարհ հարթում նոր ապագա կառուցելու համար՝ քաոսը դիտարկելով որպես արդյունավետ մեկնակետ։
Միլենա Ադամյանի ֆոտոկոլաժը՝ «Ինչպես լինել», ցուցահանդեսում ֆեմինիստական արձագանքի ևս մի նմուշ է։ Ադամյանի ինքնանկարների շուրջ անվայելուչ տեքստեր են, որոնք դիտողին կոչ են անում ըմբոստանալ հասարակության ակնկալիքների դեմ, թե ինչպիսին պիտի լինի «վայելուչ» կինը։
Արվեստի այս գործերի անհամատեղելի ձայներն ու տեսակետները ստեղծում են հետճգնաժամային իրականության մի այնպիսի պատկեր, որում խրախուսվում են խիստ անհատական փորձառությունները, ապա միահյուսվում միմյանց, որովհետև դրանցում պատկերված ապագան շատ ավելի դինամիկ է ու բաց, նաև սահմանափակված չէ ինչ-որ կոնկրետ կամ գերիշխող գաղափարախոսությամբ։ Բոլորին միավորում է մեկ ընդհանուր նպատակ, որն արտացոլված է հենց ցուցադրության խորագրում՝ միմյանց լսելու կարևորությունն ու միասին լինելու համար տարբերակներ ունենալու կենսական անհրաժեշտությունը։
Թվայինից դուրս՝ ընդհանուր, ժողովրդավարական և ֆիզիկական տարածություններ ունենալու անհրաժեշտությունը, որտեղ կարող են տեղի ունենալ անսպասելի հանդիպումներ (արվեստի և մարդկանց հետ) և ծավալվել քննադատական երկխոսություններ, թերևս այս ցուցահանդեսի ամենաշոշափելի հեռանկարն է։ Հեռանկար, որ ժամանակակից արվեստը Հայաստանում ի վերջո, ազատվում է ապագայի մասին մտորելու դժկամությունից։ Համենայն դեպս, հաճելի է այս գործերը դիտարկել որպես համատեղ խորհրդածելու հրավեր ու մեր փխրուն իրականությանը վերաբերվելու նոր եղանակների փնտրտուք։