EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր ԵՎ այլն
Մրտ 10, 2021

«Լսիր, որ պատկերացնես». հետճգնաժամային ցուցահանդեսը Հայաստանի ապագան վերաիմաստավորելու փորձ

Լիանա Սահակյան
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Ինչ գործառույթ ունի արվեստը ճգնաժամերի ընթացքում կամ դրանցից հետո։ Արդյոք արվեստը կարող է օգնել մեզ գիտակցելու իրականությունն այն ամենից հետո, ինչ վերապրեցինք 2020-ին։ Համավարակից և Արցախում ավերիչ ու ողբերգական պատերազմից հետո Հայաստանը, ճակատագրի հեգնանքով, թվում է «կատարյալ» մի վայր՝ այս հարցերին ամբողջովին ու հիմնավորապես անդրադառնալու համար։

Հասարակական, քաղաքական ու մշակութային բարդ իրավիճակներում արվեստագետները վերածվում են ակտիվիստների ու փորձում արվեստի միջոցով ազդել ճգնաժամային իրողությունների վրա։ Պատմության ընթացքում արվեստը բազմիցս կարևոր դերակատարում է ունեցել շարժումներում, որոնք վճռել են պատմական ամբողջական դարաշրջանների ճակատագրեր։ Հատելով գեղագիտական հաճույքի օբյեկտ լինելու անվանական կարգավիճակը՝ արվեստի քաղաքականապես մոտիվացված գործերը ուշադրություն են հրավիրում խնդիրների վրա ու մտորելու առիթ ստեղծում։

Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում տևական աղետները փշրում են ապագայի մասին հին պատկերացումները՝ դրանք փոխարինելով անորոշ հորիզոններով։ Իրավիճակին փորձում է միջամտել ժամանակակից արվեստը՝ ստեղծելու ապագան պատկերացնելու նոր տարածություններ։ «Լսիր, որ պատկերացնես» խորագրով ցուցահանդեսը, որը 2020 թվականի դեկտեմբերի 25-ին բացվեց Երևանի «Դալան» ցուցասրահում, նպատակ ուներ ուրվագծել նման նոր տարածություններ։

Ցուցահանդեսի համակարգող Եվա Խաչատրյանի խոսքով՝ այն ուղիղ անդրադարձ է ապագային՝ իր գոյության փաստով իսկ։ Խաչատրյանը Հայաստանից 18 և Ղազախստանից ու Բելառուսից երկու նկարիչ է հրավիրել, ներկայացնելու իրենց աշխատանքները՝ հատուկ ընտրելով պրակտիկ նկարիչների, որոնց համար քաղաքացիական ակցիաները ստեղծագործական ուղու մաս են եղել։ Ըստ Խաչատրյանի՝ ցուցահանդեսն ուտոպիստական հարթակ է այս նկարիչների համար՝ խմբվելու, մտքեր փոխանակելու ու հոգեբանական տրավմայի անդունդը գլորվելուց խուսափելու համար։

Համավարակի և պատերազմի ողջ ընթացքում հայաստանյան իրականության մեջ գերիշխել է միայնության, կորստի ու հուսահատության զգացումը։ Հենց այդ պատճառով է Խաչատրյանը փորձել ընդգծել ֆիզիկական և ընդհանուր տարածություն վերադառնալու կարևորությունը՝ որպես նկարիչների ուտոպիստական պրոյեկցիաները նյութականացնելու միջոց, որպես հարթակ, որը թույլ կտա համատեղ քննարկել հնարավոր ուտոպիաները։ Ինչ-որ առումով այս փոքրիկ ցուցադրության փաստն իսկ «ուտոպիստական» էր՝ համավարակի սահմանափակումներից, ամիսներ տևած ինքնամեկուսացումից ու ավերիչ պատերազմից հետո։

Չնայած ժամանակակից արվեստը հաճախ բաց է ու փիլիսոփայական առումով երկակի, նյութական արվեստի գործերն այս ցուցահանդեսում նյութականացնում էին նկարիչների ուտոպիստական առաջարկները։ Գաղափարների մեծ մասը պտտվում էր մի հարցի շուրջ՝ ինչպես վերականգնել նպատակի ու «ճշմարտության» զգացողությունը 2020-ի աղետալի իրադարձություններից հետո։

Ինչպես նշում է Խաչատրյանը, պատերազմը ոչ միայն առաջնագծում էր, այլև լրատվամիջոցներում. հանգամանք, որը հայաստանյան իրականությանը ստիպել է յուրացնել հաղորդակցության և մտքերի փոխանակման նոր ձևեր։

Նկատի ունենալով համավարակի պայմաններում մեր առօրյա ներխուժած վիրտուալ կենսակերպը, ցուցադրության թվային արվեստի նմուշները փորձ են դիտողին հեռացնելու այս «նոր կանոնից», քննական վերաբերմունք պարտադրելու զանգվածային լրատվության ամենակուլ ուժի նկատմամբ ու մտորել ստիպելու, թե ինչպես են տեխնոլոգիաները գաղութացնում մեր առօրյան։ Օգտագործելով լճում լվացք հիշեցնող ու անվերջ կրկնվող տեսարանը՝ Գրիգոր Մուրադյանի «Արևի որդի» տեսապերֆորմանսը հումորային ոճում թվային միջավայրն օգտագործում է հարցնելու համար, թե ինչպես է ստացվել, որ մեր կենսակերպը կիսվել է վիրտուալ և ճգնաժամերով լեցուն իրականությունների միջև։ Մուրադյանի համար ոգեշնչման աղբյուր են եղել հին եգիպտական ծեսերը, իսկ համավարակի սահմանափակումները ստիպել են մտորել մարդկային գոյության իմաստի շուրջ՝ պատկերելով անվերջ թվացող չարքաշ աշխատանքը։

Ցուցահանդեսն ընդհանուր առմամբ թվային ոլորտից հեռանալու ցանկություն է, որն առաջարկում է առցանց փորձառությունը հավասարակշռելու ուղիներ՝ այն դիտարկելով որպես մեր կյանքի ոչ թե ապակառուցողական, այլ կառուցողական կողմ։ Վիրտուալը արվեստի միջավայրի վերածելը, թվում է, հավասարակշռության հասնելու լավագույն միջոցներից է։

Վալենտինա Մազ, «Բոլորս հոգնած ենք»:
Լուսինե Թալալյան, վերաիմաստավորված Երևանի ճարտարապետությունը:
Միլենա Ադամյան, «Ինչպես լինել»:

Ցուցահանդեսի ամենավառ կողմերից մեկն էլ այն է, թե ինչպես է այն մեկտեղում ամենատարբեր ոլորտներ՝ կերամիկայից մինչև վիդեո և ինտերակտիվ պերֆորմանս։ Այս զանազանությունը կարելի է կարծիքների բազմազանության փոխաբերություն դիտարկել. կարծիքներ, որոնք արագորեն ի հայտ են գալիս հետպատերազմական Հայաստանում։ Այսպիսով, զուգահեռ իրականությունների գոյակցությունը, որն առաջարկում են անհատ նկարիչները, այս ցուցադրության առանցքային գաղափարն է։ Անկախ չափից կամ տեսակից, այս ստեղծագործություններից և ոչ մեկը բարձրագոչ հայտարարություն չէ, որը կցնցեր հարևաններին։ Ավելին, հավաքածուն ներդաշնակ է, որովհետև արվեստի գործերը լրացնում են միմյանց։

Իր խիստ անձնական ստեղծագործության մեջ, որը կոչվում է «Բոլորս հոգնած ենք», նկարչուհի Վալենտինա Մազը նախընտրել է ներկայի վերաբերյալ իր հավաքական տագնապներն արտահայտել սեփական զգացմունքները երկար կտորի վրա ասեղնագործելով։ Մազը, որը եգիպտահայ է և բնակվում է Երևանում, ասեղնագործության ժամանակատար գործընթացը վերածում է ավելի լավ ապագայի անվերջ սպասման ցավի հայտարարության, որն ակտուալ է ամբողջ աշխարհում։ Ինչպես ինքն է նշում իր գեղարվեստական տեքստում՝ «մարդկությունը հոգնել է բոլոր առումներով՝ ֆիզիկապես, զգացմունքային և մտավոր… Ամեն ինչ բազմապատկվել է ու այնքան բարդացել, որ մարդիկ դարձել են իրենցից ավելի զորեղ ուժերի զոհ։ Ինձ համար մարդկությունը ոչ ավելին է, քան հուսահատ սրտերի և ցավող հոգիների բանակ, որն անվերջ ձգտում է կյանքի կոչել իր ցանկությունները»։

Մազը մանրամասնում է, որ իր ութմետրանոց ասեղնագործության տեքստը համաշխարհային ճգնաժամերի անդադար տարափի պայմաններում հասարակ մարդկանց հոգնածության ու շփոթմունքի մասին է։ Ժամանակատար և ծանր աշխատանքը, որի արդյունքում ծնվել է արվեստի այս գործը, գուցե նոր իրողություններին հարմարվելու միջոց է և աղոտ հույս, որ արվեստի ուժն ի զորու է դարմանելու ու օգնելու մեզ հաղթահարել քաոսը։

Մեկ այլ նկարչուհի՝ Լուսինե Թալալյանը, փորձել է քննադատորեն վերաիմաստավորել Երևանի ճարտարապետությունը՝ իր թվային նկարներում առանձնացնելով, ապամոնտաժելով, ֆեմինիզացնելով քաղաքի ֆալոսային, տղամարդկային դիմագծերը։ Փափուկ օրգանական գծերով և վարդագույն ու կանաչ պաստելային երանգներով Թալալյանը փորձում է գտնել համատարած ճարտարապետական տարածությունները նորովի ընկալելու և ազատության զգացումն արտահայտելու միջոցներ՝ հետազոտելով պատրիարխալ ենթակառուցվածքներն ու 21-րդ դարի քաղաքային զարգացման շահամոլ հռետորաբանությունը։ Նկարչի խոսքով՝ իր թվային «մատնահետքերը» նպատակ ունեն «ցույց տալ ներքին աշխարհը, փոխել քաղաքային տեսարանները՝ տների ճակատներին ավելացնելով [ինտերիերի] այնպիսի տարրեր, ինչպիսիք են պաստառները։ Ստեղծագործությունը նաև վուայերիստական զգացմունքի մասին է, որ ցանկացած ոք կարող է զգալ՝ պատուհաններից ներս նայելով և գուշակելով, թե ով է ապրում այնտեղ, և ինչպիսին է այդ մարդու կյանքը»։ Այսպիսով, Թալալյանն առաջ է քաշում հակադիր հեռանկար և ճանապարհ հարթում նոր ապագա կառուցելու համար՝ քաոսը դիտարկելով որպես արդյունավետ մեկնակետ։

Միլենա Ադամյանի ֆոտոկոլաժը՝ «Ինչպես լինել», ցուցահանդեսում ֆեմինիստական արձագանքի ևս մի նմուշ է։ Ադամյանի ինքնանկարների շուրջ անվայելուչ տեքստեր են, որոնք դիտողին կոչ են անում ըմբոստանալ հասարակության ակնկալիքների դեմ, թե ինչպիսին պիտի լինի «վայելուչ» կինը։

Արվեստի այս գործերի անհամատեղելի ձայներն ու տեսակետները ստեղծում են հետճգնաժամային իրականության մի այնպիսի պատկեր, որում խրախուսվում են խիստ անհատական փորձառությունները, ապա միահյուսվում միմյանց, որովհետև դրանցում պատկերված ապագան շատ ավելի դինամիկ է ու բաց, նաև սահմանափակված չէ ինչ-որ կոնկրետ կամ գերիշխող գաղափարախոսությամբ։ Բոլորին միավորում է մեկ ընդհանուր նպատակ, որն արտացոլված է հենց ցուցադրության խորագրում՝ միմյանց լսելու կարևորությունն ու միասին լինելու համար տարբերակներ ունենալու կենսական անհրաժեշտությունը։

Թվայինից դուրս՝ ընդհանուր, ժողովրդավարական և ֆիզիկական տարածություններ ունենալու անհրաժեշտությունը, որտեղ կարող են տեղի ունենալ անսպասելի հանդիպումներ (արվեստի և մարդկանց հետ) և ծավալվել քննադատական երկխոսություններ, թերևս այս ցուցահանդեսի ամենաշոշափելի հեռանկարն է։ Հեռանկար, որ ժամանակակից արվեստը Հայաստանում ի վերջո, ազատվում է ապագայի մասին մտորելու դժկամությունից։ Համենայն դեպս, հաճելի է այս գործերը դիտարկել որպես համատեղ խորհրդածելու հրավեր ու մեր փխրուն իրականությանը վերաբերվելու նոր եղանակների փնտրտուք։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ