EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր ԵՎ այլն
Ապր 12, 2021

Վերադարձ դեպի ապագա. Հետխորհրդային գեղագիտության էվոլյուցիան հայկական նորաձևության մեջ

Anais Gyulbudaghyan
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Շքեղության ու փողոցայինի, անճաշակության ու նրբագեղության, բարձրի ու ցածրի սահմանները Երևանում տասնամյակներ շարունակ միաձուլվում և փոխակերպվում են հետխորհրդային վիճահարույց տարածության մեջ։ Այս նոր լոկալիզմն իր եթերայնության մեջ իսկական է թվում, և ճիշտ այնպես, ինչպես Բեռլինը մի քանի տասնամյակ առաջ, այն աղքատ է, բայց սեքսուալ:

Այսօր, ավելի քան երբևէ, հայ դիզայներների հայացքն ուղղված է դեպի Արևմուտք՝ տեղական կուտյուրի համար ներշնչանքի (և կրկնօրինակման) աղբյուր գտնելու համար: Իրականում, որպես այդպիսին, հայկական նորաձևության ապրանքանիշներն ու դիզայներներն ի հայտ եկան միայն 2000-ականների սկզբին։ 20-րդ դարի վերջին տասնամյակների ընթացքում տեղական շուկան ողողված էր արևմտյան դիզայնների կրկնօրինակներով և այնպիսի կենսակերպի DIY իմիտացիաներով, որը փափագում էին բոլորը և որն առհասարակ հասանելի չէր:

Գլոբալ տենդենցներին հետևելու հայերի սերը նրանց մշակութային ու քաղաքական հավաքական պատմության բաղկացուցիչ լինի ասես: Այդ միտումն էլ ավելի ցայտուն դրսևորվեց Խորհրդային Միության փլուզումից հետո: Չնայած երկրում ամեն ինչի պակաս կար, մարդիկ, միևնույն է, ձգտում էին արժանապատիվ ապրել: ԽՍՀՄ-ում նորաձևությունը պետք է առանձնանար արևմտյանից՝ գաղափարական տարբերություններն ընդգծելու համար: Արտաքին աշխարհից տարբերվելու այս ձգտումով խորհրդային նորաձևությունը փորձում էր ապացուցել նաև, որ կարող է մրցել Արևմուտքի հետ: Այս պայմաններում, երբ «առաջին աշխարհից» ներմուծումն անոմալիա էր, մարդիկ ստիպված էին ավելի շատ ապավինել իրենց երևակայությանը: Այդ ժամանակ է, որ շատերը Խորհրդային Միությունում սկսեցին իրենք կարել իրենց հագուստը՝ իբրև այլընտրանք կրպակներում առաջարկվող հետադիմական տեսականու։ Երկրորդ համաշխարհայինից հետո նորաձևության խորհրդային ամսագրերն իրենք էին խրախուսում ստեղծել սեփական հագուստը կամ արդուզարդը։ 1990-ականներին Հայաստանում գրեթե ամեն տանը կարի մեքենա կար. և սա հետաքրքրասիրություն չէր, այլ անհրաժեշտություն: Ոգեշնչում փնտրելով ձեռքից ձեռք անցնող Burda ամսագրերում կամ հոլիվուդյան բլոկբաստերներում՝ բոլորն էին ամեն կերպ ձգտում գեղեցիկ տեսք ունենալ:

Ամեն ինչ փոխվեց 2000-ականներին, երբ հայտնվեցին Vogue, Elle, Harper’s Bazaar ու նման այլ ամսագրեր. դրանք կարելի էր գտնել կրպակներում, մետրոյի կայարաններում: Այդ տարիներին ապրել գեղեցկությունից դուրս նշանակում էր ապրել էթիկայի շեմից դուրս: Անգամ այսօր, շատերիս համար, հատկապես կանանց, արտաքին տեսքն ամեն ինչ է: Հայաստանի նման հայրիշխանական հասարակությունում ոչ պաշտոնական կամ անկաշկանդ առօրյա հագուստը հաճախ անցանկալիության նշան է. անփույթ հագնված մեկը իրենից քիչ բան է ներկայացնում:

Վերափոխումների 90-ականներից միայն աղոտ հիշողություններ ունեցող հայաստանյան նոր սերունդը չի կարող չհարցնել, թե ո՞րն է իր տեղը ավելի ու ավելի թվային դարձող աշխարհում, որտեղ նման մոտեցումն արդեն անիմաստ է թվում: Սերունդ, որն ասես երկփեղկված է խորհրդայինի ու պահպանողականության նոր ձևերի միջև: ԽՍՀՄ փլուզման տրավման, որքան էլ այն հեռու թվա, դեռ պետք է հաղթահարվի, և նորաձևությունը, արվեստի ու երաժշտության հետ մեկտեղ, այն գործիքներից մեկն է, որը կարող է օգտակար լինել այս հարցում։

Ժամանակակից հայ դիզայներների համար դեպի Արևմուտք հայացքը խարսխված է անհասանելի աշխարհների հանդեպ հետաքրքրության վրա, և անձնական պատմությունն ու ազգային հպարտությունը հաճախ միահյուսված են նրանց դիզայնի մեջ։ Հաստատապես կարելի է պնդել, որ սա ավելին է, քան պարզապես նորաձևությունը. կենտրոնի և ծայրամասի, գերիշխող Արևմուտքի և նախկին Արևելքի միջև մշակութային դինամիկան առանցքային դեր ունի այստեղ:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ նորաձևության մեջ և դրանից անդին արժեքները մեծ արագությամբ են փոխվում։ Gucci-ի և Supreme-ի օրինակները ցույց են տալիս, որ ամեն ինչ կարելի է յուրացնել, դեն նետել և տիրել: Նորաձևության մեջ անճաշակության ժամանակակից մոլուցքը վկայում է ոճի հիերարխիաների ու սոցիալական սովորույթների գրեթե լիակատար ապամոնտաժման մասին: Բայց խորքում սահմաններ դեռ գոյություն ունեն: Արտոնյալ Արևմուտքի գերիշխող հայացքը դեռ առկա է ոչ միայն աշխարհի հեռավոր անկյուններում, այն ամենուր է՝ անգամ սոցիալական ու ռասայական մեր բաժանման մեջ: Հայ երիտասարդներն անընդհատ այս երկակիության մեջ են. մենք նայում ենք ինքներս մեզ, բայց անդադար մտածում նաև՝ թե ինչպես է մեզ ընկալում Արևմուտքը: Պարադոքսալ կերպով հետխորհրդային նորաստեղծ գեղագիտությունը կարող է անցուղի լինել, որը թույլ կտա մեզ ընդունել, վերլուծել, գուցեև ազատվել այս անդադար արտաքին հայացքից: Սա կենտրոնի և ծայրամասի միջև վերջին սահմանն է։ Իսկ կենտրոնը, ինչպես հայտնի է, «էլ չի կարող դիմակայել»։

Բարեկեցության աճի, ճամփորդությունների, տեղեկատվության ու հագուստի ավելի մեծ հասանելիության հետևանքով սկսեց քիչ-քիչ ի հայտ գալ հայկական փողոցային ոճը: 2018 թվականի հեղափոխությունը բարձրացրեց նաև երկրի միջազգային տեսանելիությունը և ճանապարհ բացեց մշակութային զարգացման նոր ուղիների համար: «Ուրվականի» և «Սինթպոզիումի» նման միջազգային փառատոնները, որոնք տեղի ունեցան Երևանում 2018 թվականին, վերջնականապես դադարեցրին հետգաղափարական դարաշրջանում հետխորհրդային գեղագիտության նկատմամբ մոլուցքը և ընդգծեցին մետանարատիվների ժամանակավրեպությունը: Հայաստանի պես ավանդույթներին հավատարիմ երկրում, որտեղ նորույթը դժվարությամբ է ընդունվում և իմիտացիան կարող է de-rigueur դառնալ, նորը հաճախ կեղծ հմայքի երեսապատում է ստանում: Բարեբախտաբար, հայկական նորաձևությունն այսօր շատ ավելին է, քան տարազը, սուր քթով կոշիկները, ավելորդ զարդերն ու մարզազգեստները: Երևանն այսօր նորաձևության ստեղծագործ տաղանդի բույն է՝ առաջարկելով գեղեցիկ ու նախկինի պես մատչելի հավաքածուներ։

Ներքոնշյալ դիզայներական ապրանքանիշերը Հայաստանի նորաձևության բնապատկերը փոխակերպող ու կայացած անուններից մի քանիսն են ընդամենը: Մինչ Երևանը ավելի ու ավելի է տեսանելի դառնում իր անդերգրաունդյան ռեյվերով ու արվեստով, գերժամանակակից նորաձևության այս բենդները երիտասարդներին անթերի ոճի, սպառող-ապրանքանիշ հարաբերությունների մի նոր տեսակ են առաջարկում՝ խարսխված ազատության և անկախության արժեքների վրա:

RUZANĒ

RUZANĒ-ն հիմնադրել է դիզայներ Ռուզաննա Վարդանյանը, 2010-ականների կեսերին: RUZANĒ-ի ոճի բնորոշ տարրը ինքնատիպ, էլեգանտ և նրբաճաշակ նորաձևությունն է, որն առանձնանում է բարդ կառուցվածքներով, գործվածքների գեղեցիկ ընտրանիով ու դիմացկունությամբ։

LOOM Weaving

LOOM-ի գործված ժակետների, սվիտերների ու շրջազգեստների հավաքածուն գործնական է ու ոճային: Ապրանքանիշը կրում է հայկական ամենահայտնի արհեստներից մեկի՝ կին արհեստագործների անունը, որոնք օժիտ կամ նվեր գորգեր էին գործում մեծ ջուլհակահաստոցների վրա: Հիմնադիրները՝ Ինգա և Էլեն Մանուկյան քույրերը, դարերի պատմություն ունեցող այս արհեստի տարրերը ոչ միայն ժամանակակից գործվածքագործություն են բերել, այլև որպես ներշնչանք օգտագործելով մշակութային իրենց արմատները՝ լիովին նորովի մոտեցել «հայկական» նորաձևությանը։

Vintabilia

Vintabilia-ն հայկական նորաձևության առաջին ապրանքանիշն է, որն օգտագործում է երկրորդ ձեռքի հագուստ՝ ստեղծելով նոր ու գեղեցիկ զգեստներ: Բրենդը 2020-ից հետևողականորեն աշխատում է նորաձևության «թափոնները» կրճատելու ուղղությամբ, ինչը հայկական նորաձևության մեջ ամբողջովին նոր ուղղություն է: Ձևավորումից մինչև արտադրություն՝ երիտասարդ ստեղծագործողների ու նորաձևության սիրահարների այս թիմն աշխատում է հանուն մեկ հավաքական նպատակի՝ ստեղծել Հայաստանի ամենաազդեցիկ կայուն նորաձևության ապրանքանիշը, որը երկրորդ կյանք կտա օգտագործված հագուստին։

Oh Rly

Oh Rly-ի մասին խոսելիս մի շարք պատկերներ են մտքիդ գալիս՝ 1980-ականների իտալական դիսկոտեկներ, արկադային ճանկող-կռունկ խաղեր, Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը», նեոնային աքսեսուարներ, որոնք կհագնեիր ընդհատակյա ռեյվերին, ու մոլագարության հասնող երփներանգություն։ Sci-fi-ից ներշնչված այս ապրանքանիշի հանդերձանքը լի է վտանգավոր գայթակղությամբ, միաժամանակ դուրեկան է ու քնքշալի: Եվ, հավանաբար, հենց սա է տիեզերական այս վայրի ոդիսականի ոգեշնչումը և պատգամը՝ լիակատար վստահություն խելառ kitsch-ի միջոցով:

Ooloong

Ooloong-ը ժամանակակից հայկական ոսկերչական ապրանքանիշ է։ Հիմնադիրը, Լիլիթ Գևորգյանը, շեշտը դնում է դիզայնի, վարպետության, բարձրակարգ նյութերի ու որակի վրա։ Բրենդի հիմքում հայերեն հուլունք բառն է: Յուրաքանչյուր զարդ քանդակված և փորագրված է ձեռքով, յուրահատուկ դիզայն ունի, որը հավաքածուում երբեք չի կրկնվում: OOLOONG-ի զարդերը անցնում են եռակի թրծում և պատված են 22 կարատ ոսկով:

Berq

Berq-ը փորձում է չմաշվող առօրյա հանդերձանք ստեղծել, որը հարմարավետ է ու մատչելի յուրաքանչյուրի համար։ Հավաքածուում պարզ շապիկներ են, հուդիներ ու մարզատաբատներ, որոնք ժամանակ առ ժամանակ ասեղնագործության տարրեր են ստանում։ Լինելով սպորտային և ամենօրյա հագուստի խառնուրդ՝ Berq-ի արտադրանքը մինիմալիստական ու ոճային այլընտրանք է Adidas-ի ավանդական մարզազգեստներին, որն այդքան հաճախ տեսնում ենք Երևանի փողոցներում:

Թուրքական ապրանքատեսակների ներկրման արգելքից հետո տեղական դիզայներները կանգնած են շուկայի պահանջարկը հայկական արտադրության հագուստով բավարարելու մարտահրավերի առջև: Վրաստանի համեմատ, որի նորաձևության արտադրանքն արդեն վերածվել է արդյունաբերության ու հեղինակություն ձեռք բերել ամբողջ աշխարհում, Հայաստանը դեռ նոր է սկսում զգուշավոր քայլեր անել այս ուղղությամբ: Առաջարկելով ոճային և թարմ նմուշներ՝ տեղական դիզայներները խուսափում են նաև այլության պարտադրված զգացումից, որը բնորոշ է ժամանակակից նորաձևությանը: Մեծանալով ազատության համար ծնողների մղած պայքարի հիշողություններով՝ երիտասարդ հայկական ապրանքանիշերը հրաժարվում են հետխորհրդային համընդգրկուն գեղագիտությունից։ Նրանք դիզայներական մտածողության նորարարական և անհատական եղանակների իրենց որոնումների մեջ համարձակ են ու անվախ, արտահայտչականության մեջ՝ աններում։ Նրանց նվաճումները մեծ ազդեցություն կունենան տեղական տնտեսության և ժամանակակից հայկական մշակութային ինքնության զարգացման վրա:

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ