Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Մարտին կինոէկրան կբարձրանա ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» դրաման, որը, ի դեպ, ամիսներ առաջ Հայկական ազգային կինոակադեմիան ներկայացրել էր Օսկարի՝ «Օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում։ Անվանակարգի վերջերս հրապարակված կարճ ցանկում ժապավենն արդեն ընդգրկված չէր, չնայած նրա ինը համարտադրողներից մեկը օսկարակիր «Կանաչ գիրք» (Green Book, 2018) ֆիլմի պրոդյուսեր Նիք Վալելոնգան է։
«Սողոմոնի երգերը» սկսվում է որպես հեքիաթ և խոստանում պատմել պատանի Կոմիտասի և նրա երկու ընկերուհիների՝ թրքուհի Սևիլի և հայուհի Սոնայի մասին։ Երեխաներն ապրում են Քյոթահիայում, Կոմիտասի ծննդավայրում, Աբդուլ Համիդի իշխանության տարիներին (1890-ականներ), իսկ պատմությունը պատմվում է Սևիլի տեսանկյունից։ Երեսուն րոպե անց պատումը կտրուկ փոխվում է՝ վերածվելով հայերի ջարդերը ներկայացնող հերթական ֆիլմի, իսկ Կոմիտասը ներկայանում որպես կորսված մշակույթի և ողբերգության ցավն ընդգծող խամրած սիմվոլ։
Վարդապետի կերպարն արվեստում նորություն չէ. շատերն են այս կերպարում տեսել Հայոց ցեղասպանության արհավիրքի խտացումը՝ գրականությունից (Պ. Սևակ) ու կերպարվեստից (Ե. Թադևոսյան, Փ. Թերլեմեզյան, Գ Խանջյան) մինչև ժամանակակից կինո (Գ. Մելիք-Ավագյան, Դ. Ասկարյան, Վ. Չալդրանյան)։ Հետաքրքիր է, որ ֆիլմերում Կոմիտասը երբեք որպես անհատ չի պատկերվում, նա միշտ երևակայական մետանշան է՝ ուրվական հոգի։
Արման Նշանյանի Կոմիտասը նույնպես կիսատ է, աղճատված։ Բացահայտ բիոպիկային նկրտումներով հանդերձ՝ ռեժիսորին այդպես էլ չի հաջողվում մարմնայնացնել վարդապետին։ Եթե ֆիլմի սկզբում նա մարվելյան սուպերհերոս է՝ գերբնական հատկություններով՝ աստվածային ձայնով ու լսողությամբ, որը թույլ է տալիս նրան լսել մի քանի կիլոմետր հեռավորության վրա հնչող մեղեդիները կամ բացարձակ ճշգրտությամբ կրկնել ընդամենը մեկ անգամ լսած շարականը, ապա ժապավենի երկրորդ կեսում սյուժետային այս գիծն անհետանում է։ Կույր տատի մարգարեությունը, թե «որբուկին» աներևակայելի ճամփորդություն և ապագա է սպասվում, իրականանում է էկրանից այն կողմ՝ հանդիսատեսին թողնելով պատմությունը սեփական երևակայության ու գիտելիքի հաշվին լրացնելու դերը։ Ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչպես է Կոմիտասը հավաքել և փրկել հայկական խազերը, ճանաչում ձեռք բերել Բեռլինում, Փարիզում, Ժնևում և Կահիրեում։ Մենք տեսնում ենք Կոմիտասին արդեն Էջմիածնում և Բեռլինում ուսանելուց հետո՝ ստամբուլյան վերջին համերգի ժամանակ։ Վարդապետին ֆիլմում մարմնավորում է Սամվել Թադևոսյանը, որի դեմքը խամրեցնող էֆեկտը համարյա անճանաչելի ու կարելի է ասել՝ «վատնված» է դարձնում դերասանին։
Եթե փորձենք համեմատել Կոմիտասի այս կերպավորումը Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռության» (2015) հերոսի հետ, որը ևս միֆականացված է ողջ ֆիլմի ընթացքում, կնկատենք որոշ ակնբախ տարբերություններ։ Չալդրանյան Կոմիտասն ուրվական է, որին հետապնդում են կամ ինքն է հետապնդում ֆիլմի հերոսներին։ Չալդրանյանի մոտ անվերջ հարցադրումներ են՝ վարդապետի մասին պնդումների շուրջ, մինչդեռ Նշանյանը սեփական տեսանկյունն ունի։ Ի տարբերություն Չալդրանյանի, Արման Նշանյանը ոչ մի փորձ չի անում բացահայտելու Կոմիտասի լռության առեղծվածը, որը «Սողոմոնի երգերը» ֆիլմում առկա է անգամ վարդապետի հոգեբուժարանում հայտնվելուց առաջ։
Ցեղասպանության հիշողությունն ու աղետի կենտրոնում հայտնված արվեստագետին ներկայացնելու հետաքրքիր օրինակ է նաև Ատոմ Էգոյանը։ Նրա «Արարատ»-ը պատմում է հայ մեկ այլ մեծանուն մտավորականի՝ Արշիլ Գորկու մասին՝ իրադարձությունները հյուսելով այլընտրանքային եղանակով։ Բացի այն, որ Գորկու կենսագրության ոչ մի կարծրատիպ չի շոշափվում ֆիլմում (և ընդհանրապես ամեն ինչ «Արարատ»-ում հարցականի տակ է դրվում), Էգոյանն իր հերոսների միջոցով փորձում է ուսումնասիրել Գորկուն, մոր հետ նրա կապը պրոյեկտելով իրեն ժամանակակից երկու հերոսների՝ Անիի և Րաֆֆիի հարաբերությունների վրա։ Ռեժիսորը նույն մեթոդն է օգտագործում նաև պատմական փաստերի մասին խոսելիս։ Ցեղասպանության ոճրագործություններն ու բարբարոսություններն «Արարատ»-ում ֆիլմ են ֆիլմի մեջ, որը նկարում է «հայտնի ռեժիսոր Է. Սարոյանը» (Շ. Ազնավուր)։ Էգոյանն այս կերպ իրեն ազատում է պատմական փաստերը ներկայացնելու կամ խեղաթյուրելու պատասխանատվությունից, իսկ Սարոյանը, որպես Ցեղասպանությունը վերապրածների սերունդ, որը իրականությունն ընկալում է միայն էմոցիաների մակարդակում, իր ֆիլմում կարող է և հոգ չտանել պատմական ճշմարտությունների մասին կամ անտեսել փաստը, որ Վանից Արարատը չի երևում. ինչպե՞ս կարող է Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը լինել առանց Արարատի։
Ինչ-որ առումով «Սողոմոնի երգերը» նման է Է Սարոյանի ֆիլմին, որը սերնդեսերունդ փոխանցված սարսափազդու պատմությունների զգայական արտացոլանքն է էկրանին։ Նշանյանը չի էլ փորձում պատմագրական ինչ-ինչ ճշգրտումներ անել ֆիլմում, որի առաջին տեսարաններում թյուր պատկերացում է, թե մինչև աբդուլհամիդյան ջարդերը հայերն ու թուրքերը հաշտ ու համերաշխ են ապրել։ Մինչդեռ անմիջապես հաջորդող կադրերում թուրք երեխաները ռասիստական արտահայտություններ ու վիրավորանքներ են հնչեցնում Սողոմոնի և Սոնայի հասցեին։ Օբյեկտիվ թվալու ռեժիսորի բոլոր ջանքերը սահմանափակվում են «առաջադեմ թուրքերի» կերպարներով, որոնք փորձում են դիմադրել հայերի հանդեպ ոճրագործություններին, բայց այդպես էլ ոչինչ չեն կարողանում անել արյունարբու ղեկավարների դեմ։ Դրանցից մեկի՝ Օսմանի դերում հանդես է գալիս հենց ինքը՝ Արման Նշանյանը։
Հավատարիմ մնալով օրիենտալիզմի փիլիսոփայությանը՝ ռեժիսորը փորձում է վերստեղծել օսմանյան կայսրության կոլորիտը՝ քաղաքացիների առօրյան, արևելյան շուկան, տարազները… արդյունքը կմախքային ու ստերիլ է, ասես օպերային ռեկվիզիտներ բեմում։ Գրականության կամ կինոյի հայտնի գործերին հղումները ֆիլմում ևս չեն ծառայում իրենց նպատակին։ Վանքում նկարահանված որոշ տեսարաններ հիշեցնում են Փարաջանովի «Նռան գույնը», որոնք ֆիլմի վիզուալ փորձը հարստացնելու փոխարեն ավելի ակնառու են դարձնում Կոմիտասի կերպարի պարզունակությունը՝ ի տարբերություն փարաջանովյան Սայաթ-Նովայի։
Ֆիլմի վերնագիրը ևս հղում է աստվածաշնչյան «Սողոմոնի երգը» գրքին (նաև Թոնի Մորիսոնի «Սողոմոնի երգը» վեպին), բայց որևէ առնչություն չունենալով այդ գործերից և ոչ մեկին, այն համարյա անիմաստ է դարձնում միջտեքստային այս կապը։ Ֆիլմի ողջ ընթացքում հնչում են կոմիտասյան մեղեդիներ, սակայն, բացառությամբ «Շուշիկի»-ի կատարման, վարդապետի ստեղծագործություններին անծանոթ հանդիսատեսը չի տեղեկանում, թե ով է հեղինակել այդ գործերը։
Հակասական է ֆիլմի օպերատորական աշխատանքը։ Բեմադրող օպերատոր Էնթոնի Ռիքերթ-Էփշթեյնը «Սողոմոնի երգեր»-ում ներդրել է թրիլլերներ նկարելու իր ողջ փորձը. դանդաղեցրած կադրերը, զումիններն (zoom-in) ու ձայնային էֆեկտները ավելի խառնիճաղանջ են դարձնում Կոմիտասի կերպարի շուրջ ստեղծվող առեղծվածային շղարշը։ Ֆիլմի համակարգչային գրաֆիկան ևս թույլ է՝ հաճախ անհեթեթության աստիճանի։ Գործադրված էֆեկտները (ու դրանց կրկնությունները) նկատելի են անգամ անզեն աչքով։
«Սողոմոնի երգերը» Արման Նշանյանի առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է. մինչ այս նա նկարահանել է System of a Down խմբի երաժշտական հոլովակներից մեկը, մի քանի ֆիլմերում հերոսներ մարմնավորել։ Նշանյանը նաև օպերային տենոր է և կոմիտասյան գեղեցիկ կատարումներ ունի։
Նախատեսվում էր, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2020 թ. ապրիլին` Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ։ Սակայն համավարակի ու փակ կինոթատրոնների պայմաններում այն հայ հանդիսատեսին է ներկայանում մեկ տարի անց՝ արդեն հետպատերազմյան Հայաստանում։ Ֆիլմը, հայաստանյան նոր իրողությունների պայմաններում, երբ վերանայման անհրաժեշտություն ունի պատմական մեր հետագիծը, ավելի քան ժամանակավրեպ է թվում։
Շուրջ մեկ դար մեզ միայն արժանապատիվ ու աշխատասեր հայերի մասին են պատմել, որոնց սպանել են արյունարբու թուրքերը, բայց չեն առաջարկել ելքեր, բացի ինքնախղճահարությունից և անհուն ցավից, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Նույն միտումը կա նաև այսօր. սխալները փնտրելու և ուղղելու, սեփական մեղքերը գիտակցելու փոխարեն մենք ապրում ու վերապրում են կորստի նույն ցավը, վախենում ենք քայլել առաջ։ «Սողոմոնի երգերը» և նման բոլոր ֆիլմերը անցյալը վերաիմաստավորելու և վերապրելու ուժ գտնելու պիտի ծառայեն։ Ֆիլմը նայելուց հետո չպետք է խղճանք ինքներս մեզ, այլ շարունակենք պահպանել ունեցածը, ստեղծենք նորը։ Ցավոք, սա ևս այդ դեպքը չէ։