nderground
Ընդհատակում արվեստ կա։ Գեղեցիկ է ու ընդհատակ է անցել։ Խնդիրը՝ փոքր բնակչություն, լսարանը՝ էլ ավելի փոքր։ Էքսպերիմենտալ երաժշտությունը ապագայի երաժշտություն է, գոնե հայաստանյան իրականության մեջ։ Չնայած այդ «ապագան» հետխորհրդային հանրապետություններից դուրս արդեն անցյալ է։ Ոչ մասսայական լսարան ու հավաքատեղիներ, մարդիկ, գաղափարներ, համերգներ․․․ այս ամենն է ձևավորում ընդհատակի փախած կերպարը։
Meline
D․zu՜k
— Ողջույն, D․zu՜k-ը տանն ա՞, ուզում եմ խոսել։
— Ողջույն, հարևանի տանն եմ ։) Գնանք մեր արհեստանոց, խոսենք։
«Եթե լսել չկարողանայիր, մայրամուտի երանգները ցույց կտայի ու դեմքս էդ ժամանակ՝ էդ կլիներ մեր երաժշտությունը»։ Թամարա Խուբլարյան
Փաստորեն ձկները երկուսն են՝ Հովհան Սարգսյանն ու Թամարա Խուբլարյանը։ Չէին սիրում երկար խոսել, բայց համաձայնեցին քննարկել Հայաստանում ընդհատակի արտիստի գաղափարը։ Պատմեցին, որ ստեղծագործելուց չեն մտածում՝ ընդհատակ է, թե ոչ։ Հովհանը փոքրուց սիրել է երաժշտություն ու հետո արդեն՝ սովորություն է դարձել։
— Ի՞նչ ոճում է ձեր երաժշտությունը։
Երաժշտության ժանրը՝ էքսպերիմենտալ, գրում են արհեստանոցում, ոտի վրա, քայլելիս, փողոցում կամ մեքենայի մեջ։ «Ստեղծելու ենք նոր ժանր՝ ROOT։ Ամեն տեսակի երաժշտություն լինելու ա ու բոլորը լինելու են անկեղծ ու չեն սահմանափակվելու մի կաղապարում, ժանրում»,- պատմում է Հովհանը։
— Չի՞ խանգարում արդյոք ընդհատակը առաջ շարժվելուն։
Միակ խանգարող բանը Թամարայի համար քննադատության պակասն է, որը կարող է ճիշտ ուղի հուշել։ «Էդ գործը մենք ենք ծնել ու ոնց որ բոլոր մամաների համար՝ մեր երեխեն մեզ համար երբեմն ամենալավն ա։ Իսկ երբ չկա քննադատություն, մենք չենք տեսնում այլ տեսանկյուններ ու այլակարծություն»։ Իսկական արվեստն անկեղծության մեջ է. պետք է անել այն, ինչ քո ներսից է գալիս։
Meruzh
— Էն տղան ո՞վ ա, շատ եմ լսել իր մասին։
— Մերուժն ա․ մյուզիքով ա զբաղվում։ Չգիտեմ կոնկրետ ինչ, բայց շատ հաճելի բաներ ա անում։
«Տանը երաժշտությունը միշտ եղել ա, ու հիմնականում մեծացել եմ ջազի, դասականի ու ռոքի հետ։ Այսինքն նենց ստացվեց, որ ուզած չուզած երաժշտությունը պիտի լիներ իմ կյանքում»։ Մերուժ Խալաթյան
— Երաժշտությունը մասնագիտություն է, թե՞ հոբբի։
Մերուժը դժվարացավ երաժշտությունը մասնագիտություն կամ հոբբի որակել, բայց մի բան հաստատ գիտեր՝ արվեստի ոլորտում քայլերիդ շարժառիթը գումար վաստակելը չպիտի լինի։ Հակառակ դեպքում սահմաններ կգծվեն, որոնք անընդհատ կնեղացնեն զարգանալու ու աճելու սպեկտրը։
— Ի՞նչն է ընդհատակի երաժշտությունը հետ պահում մասսայական դառնալուց։
Սովետական Միության հետքը շատ մեծ է մենտալիտետի վրա, դա արհեստական խոչընդոտներ է ստեղծում։ Պոստսովետական բոլոր երկրներում դժվար է զարգանալ ու աճել, հատկապես արվեստի մեջ, որովհետև կա համագործակցության, ինֆորմացիայի ու հարթակների պակաս․ չկան վինիլ սթորեր ու երաժշտական նոր տեսանկյուններ, զարգացումներ։
Անդերգրաունդ արվեստի մասին խոսելիս անընդհատ նույն միտքն էր պտտվում՝ ընդհատակում արվեստով զբաղվելը ոչ մի արդյունք չի տա, ու անդերգրաունդ արտիստի համար ամենակարևորը մյուսների հետ կապեր հաստատելն է։ Արվեստում, մեծ հաշվով, անընդհատ ինֆորմացվելու ու զարգանալու միջոցով միայն կարող ես հասնել որակյալ արդյունքի։
«Ես չգիտեմ՝ իմ երաժշտությունը որակով ա, լավն ա, թե չէ, բայց հաստատ գիտեմ, որ մեծ ինֆորմացիայի ու տարիների ուսումնասիրության արդյունք ա»։