Մեր կայանատեղիից քիչ հեռու հավաքվել էին Թբիլիսիի գրեթե բոլոր հայերը, իսկ հայերը Թբիլիսիում վրացիներից շատ էին։ Բոլորը գոռում էին, լաց լինում, փնտրում իրենց հարազատին, եղբորը, քրոջը, մորը, կնոջը, հարսնացուին, ծանոթին։ Լալիս էին տղամարդիկ ու կանայք, ծերունիներն ու երեխաները։ Ես կյանքում երբեք այդպես լաց չէի եղել… Եվ ինչպե՞ս կարելի էր լաց չլինել, երբ անսպասելի, մեկ ժամում քաղաքից այդքան խաղաղ բնակիչ էին աքսորում…
Արփենիկ Ալեքսանյան
(Սիբիրյան օրագիր) [1]
* * *
1949 թ. հուլիսի 8-ին Վրացական ԽՍՀ ներքին գործերի նախարար Կոնստանտին Բզիավան զեկուցում էր ԽՍՀՄ ՆԳ նախարարի տեղակալ Վասիլի Ռյասնոյին.
«8 հուլիսի, 1949 թ.
Հույժ գաղտնի
N 1/00479
Հատուկ համակազմի (спецконтингент) ընդունման և էշելոններով ուղարկելու գործողությունը ամբողջությամբ ավարտվել է ս.թ. հունիսի 18-ին: Նախապատրաստական աշխատանքն ընթացել է լիակատար կարգուկանոնով և կազմակերպված: Գործողությանը մասնակցել է 76 սպա: Գործողության ընթացքում հասարակական կարգը խախտելու, հակասովետական կամ այլ դրսևորումներ չեն արձանագրվել:
Գործողության ընթացքում արձանագրվեցին մի շարք տեխնիկական անճշտություններ: Համակազմը սահմանելու և հաշվառելու աշխատանքների անհստակության պատճառով համակազմի թիվն ավելի շատ էր, քան նախատեսված էր, ինչի հետևանքով հարկ եղավ համալրել լրացուցիչ ևս 5 էշելոն:
Վրացական ԽՍՀ Պետանվտանգության պահանջով հունիսի 17-ին և 18-ին համակազմից հանվեց և հետ ուղարկվեց ավելի քան 100 մարդ: Համակազմը չպլանավորված ուղարկելու պատճառով առաջացել էին մարդկային կուտակումներ Աբխազական ԻԽՍՀ-ի Էշերայի և Կելասուրիի ընդունման կետերում:
Ընդամենն ուղարկվել է 25 էշելոն:
Ընդամենը Վրացական ԽՍՀ-ից ուղարկվել է 8143 ընտանիք՝ 36451 մարդ, այդ թվում՝ թուրքեր՝ 762 ընտանիք՝ 2500 շունչ, հույներ՝ 6692 ընտանիք՝ 31274 շունչ, նախկին դաշնակներ՝ 689 ընտանիք, 2677 շունչ» [2]:
Զեկուցագրում նշվող 689 ընտանիքներից մեկն էլ Արփենիկ Ալեքսանյանի ընտանիքն էր։ Նրա հայրը «նախկին դաշնակ» չէր, սակայն 1910-ականներին Թուրքիայից անցել էր Ռուսաստան՝ աշխատանք գտնելու, իսկ 1920-ականների կեսին ստացել խորհրդային քաղաքացիություն։ Այս փաստերը ոչ ոքի չէին հետաքրքրել, 1949-ին նրան ընտանիքի հետ միասին աքսորել էին ընդարձակ երկրի հեռավոր մի անկյուն։
1949 թ. հունիսի 14-ի գիշերը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և խորհրդային այլ հանրապետություններում տասնյակ հազարավոր մարդկանց, որոնց թվում բազմաթիվ հայերի, գրեթե նույն ժամին ապրանքատար գնացքներ էին նստեցնում և ուղարկում դեպի անհայտություն։ Զրկանքի ու մարդկային ճակատագրերի այս ողբերգության հիմքում ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության 1949 թ. հունիսի 2-ի «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» մակագրությունը կրող N 00525 հրամանն էր [3]։
«Համաձայն ԽՍՀՄ Մինիստրների Սովետի 1949 թ. մայիսի 29-ի N 2214-856сс հրամանի [4] [5]՝ Վրացական, Ադրբեջանական, Հայկական ԽՍՀ տարածքից և Սև ծովի առափնյա [շրջաններից] ցմահ աքսորվելու են դաշնակները, թուրքական քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող թուրքերը, խորհրդային քաղաքացիություն ունեցող Թուրքիայի նախկին քաղաքացիները, նախկին հունահպատակները, որոնք այժմ խորհրդային քաղաքացիություն ունեն»,— գրված էր հրամանում։
N 00525 հրամանը սահմանում էր նաև, թե որ շրջաններ պետք է տեղափոխվեին աքսորյալները։
«ԽՍՀՄ Մինիստրների Սովետի որոշումը ճշգրիտ և ժամանակին կատարելու համար հրամայում եմ՝
Վրացական, Ադրբեջանական, Հայկական, Ուկրաինական ԽՍՀ-ից, Կրասնոդարի երկրամասից և Ղրիմի շրջանից աքսորյալներին ցմահ վերաբնակեցման ուղարկել՝
դաշնակներին՝ Ալթայի երկրամաս, 3620 ընտանիք՝ 13000 մարդ,
թուրքերին՝ Տոմսկի շրջան, 1500 ընտանիք, 5400 մարդ,
հույներին՝ Ջամբուլի շրջան, 6000 ընտանիք, 21600 մարդ,
հույներին՝ Հարավ-Ղազախական շրջան, 1500 ընտանիք, 5400 մարդ։
ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստր, գեներալ-գնդապետ Ս. Կրուգլով»։
Հրաման N 00525
Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ՆԳ նախարարներ Կարանաձեին, Գրիգորյանին և Յաղուբովին հանձնարարվում էր կայարաններում կազմակերպել տեղահանվողների ընդունումը։ Յուրաքանչյուր շարժակազմում (էշելոն) նշանակված էր ՆԳ համակարգի հատուկ ներկայացուցիչ, որը պետք է օգներ պահակախմբին և շարժակազմի ղեկավարին։ Շարժակազմի ղեկավարը տեղահանվածների սննդի և բժշկական սպասարկման գումար էր ստանում՝ շնչի հաշվով օրական 5 ռ. 50 կոպեկ։
Քանի որ տեղահանվում էին հիմնականում ԽՍՀՄ սահմանամերձ հանրապետություններից, ներքին գործերի նախարարության սահմանապահ զորքերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ստախանովին նույն հրամանով հանձնարարվում էր ուժեղացնել սահմանի պահպանությունը։
Շարժակազմերը ձևավորվում էին ըստ աքսորյալների խմբերի, և յուրաքանչյուրում պետք է լիներ 30 հոգանոց զինված պահակախումբ։
Նախքան տեղահանությունը տեղական իշխանությունները կազմել էին աքսորյալների ցուցակները, ստուգել նրանց բնակության վայրը։
1949 թ. հունիսի 14-ի ուշ գիշեր աքսորյալների տներ էին մտնում 5-6 հոգանոց խմբեր և ընտանիքին տալիս 1-1,5 ժամ ժամանակ՝ առաջին անհրաժեշտության իրերը հավաքելու։ Յուրաքանչյուր ընտանիք կարող էր իր հետ վերցնել մինչև 1000 կգ բեռ։ Այնուհետև մարդկանց ու տնային իրերը բարձում էին բեռնատար ավտոմեքենաները և տեղափոխում կայարան, որտեղ անմիջապես նստեցնում էին բեռնատար գնացքներ։ Վագոնները զուրկ էին կենցաղային տարրական պայմաններից, չունեին պատուհաններ։ Այդ պայմաններում անմեղ մարդկանց 15-16 օր շարունակ տեղափոխում էին Սիբիր և Ղազախստան։
«Հունիսի 15-ի առավոտյան, երբ դեռ լույսը նոր էր բացվում, երևացին Երևան-Ջուլֆա և Թիֆլիս-Բաքու երկաթուղագծերով դեպի մեզ շարժվող մի քանի գնացքներ՝ բաղկացած հարյուրավոր բեռնատար վագոններից, որոնց պատուհաններից երևում էին մարդկանց գլուխները։ Գնացքները, հասնելով Ալյաթ, կանգ առան և մի քանի րոպեից սկսեցին շարժվել՝ գնալով դեպի Բալաջարի կայարանը»,— գրում է Աբրահամ Կիսիբեկյանը, որին աքսորել էին Ադրբեջանից՝ 80-ամյա մոր և կնոջ հետ միասին [6]։
Կիսիբեկյանը գրում է, որ խորհրդային իշխանությունների այս որոշումը մեծ պատրաստակամությամբ իրականացնում էր Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար Միր Ջաֆար Բաղիրովը. «Բաղիրովը 1949 թ. սկզբին Ադրբեջանի կոմունիստական կուսակցության պլենումում իր թունալից ելույթում կոչ էր անում «հողմացրիվ անել հայտնի և անհայտ դաշնակցականներին» [7]։
1949 թ. հուլիսի 16-ին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳ նախարար Յակուբովը ԽՍՀՄ ՆԳ նախարարի տեղակալ Ռյասնոյին զեկուցում է Ադրբեջանից աքսորյալների տեղահանության ընթացքի մասին։ Նա հայտնում է, որ պետանվտանգության մարմիններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով համապատասխան հրահանգներ են տրվել բոլոր շահագրգիռ պետական կառույցներին, իսկ սահմանապահ օկրուգի բոլոր զորամասերն անցել են ուժեղացված ծառայության։
«Ադրբեջանական ԽՍՀ պետանվտանգության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ տեղահանվածներին ընդունել ենք երկու կետում՝ Կիրովաբադի և Ալյաթի կայարաններում։ Տեղահանվածներն այդտեղ են բերվում պետանվտանգության նախարարության զորքերի ուղեկցությամբ։ Շարժակազմերի պետերին, պահակախմբերին օգնելու համար Կիրովաբադ է գործուղվել ՆԳՄ շրջանային բաժնի պետ մայոր Զիկովը, իսկ Ալյաթի՝ 1-ին հատուկ բաժնի պետ, փոխգնդապետ Սավչենկոն և ԽՍՀՄ ՆԳՄ պարեկային զորքերի ներկայացուցիչ, փոխգնդապետ Բատլուկը։ …Պետանվտանգության նախարարության մարմիններից ընդունվել է 750 ընտանիք՝ 3058 մարդ, որից 323-ը՝ հույն, 1045-ը՝ դաշնակ, 1690-ը՝ թուրք։
Հույն, թուրք և դաշնակ աքսորյալները շարժակազմում առանձին են տեղավորվել։ Երկու շարժակազմն էլ գնացել է Մախաչկալա՝ նշանակության վերջնական վայրը ստանալու։ Գործողության ժամանակ հանրապետության տարածքում միջադեպեր չեն եղել» [8]։
Որքան էլ տեղահանությունը կազմակերպված լիներ, թերացումներն ակնհայտ էին։ Ճանապարհին շարժակազմերից իջեցվում էին մարդիկ, որոնք սխալմամբ էին ընդգրկվել աքսորյալների ցուցակներում կամ էլ հարազատները կարողացել էին տարբեր միջոցներով ազատել նրանց։ «Շարժակազմերի պետերը Կրասնոդարի երկրամասի պետանվտանգության մինիստրության օրգաններից ընդունել են 1803 ընտանիք՝ 5233 մարդ, որից 4396-ը՝ հույն, 673-ը՝ թուրք, 164-ը՝ դաշնակ»,— 1949 թ. հուլիսի 1-ին զեկուցում է ԽՍՀՄ ՆԳՄ հատուկ վերաբնակիչների բաժնի հրահանգիչ Սամուսենկոն։ Ըստ նրա՝ վերաբնակիչներին տեղափոխելիս գնացքը երկու անգամ կանգնեցվել է՝ սխալմամբ տեղահանվածներին իջեցնելու և հետ ուղարկելու համար։
«[1949 թ.] հունիսի 18-ին մեզ դիմեց Հայկական ԽՍՀ Պետանվտանգության մինիստրության մայոր Ավետիսյանը, որն ինքնաթիռով էր ժամանել։ Նա Վրացական ԽՍՀ ՆԳՄ և Պետանվտանգության մինիստրություններին միջնորդագիր էր ներկայացրել՝ իր հարազատ մորն ու երկու եղբայրներին շարժակազմից իջեցնելու համար, որոնց սխալմամբ տեղահանել էին Թբիլիսիից։ Մայոր Ավետիսյանի ընտանիքը իջեցվեց շարժակազմից և հանձնվեց Պետանվտանգության նախարարության ներկայացուցիչներին՝ Թբիլիսի ուղարկելու համար»,— զեկուցում էր Սամուսենկոն [9]։
Արխիվային որոշ փաստաթղթեր վկայում են, որ տեղահանվել է ավելի շատ մարդ, քան նախատեսված է եղել ի սկզբանե։ 1949 թ. ԽՍՀՄ ՆԳՄ Հատուկ վերաբնակիչների բաժնի 1-ին բաժանմունքի տեղակալ կապիտան Հակոբյանի տեղեկանքում նշված է, որ նախատեսված 45400-ի փոխարեն աքսորվել է 57154 մարդ։ «…Աքսորյալները բաշխվել են Ղըզըլ-Օրդինի, Թալդի-Կուրգանի և Ալմա-Աթայի շրջաններում, քանի որ նրանց թիվը նախատեսվածից զգալիորեն ավելի շատ է եղել և Հարավ-Ղազախական և Ջամբուլի շրջաններում այդքան մարդ հնարավոր չէր տեղավորել։ Ընդամենը ընդունվել և տեղաբաշխվել է 14167 ընտանիք՝ 57154 մարդ» [10]։
Վերաբնակեցումից հետո էլ ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարությունը շարունակում էր հատուկ հսկողության տակ պահել տեղահանվածներին։ Համապատասխան զեկուցագրեր էին ուղարկվում Կենտրոն, թե բարոյահոգեբանական ինչ տրամադրություններ կան աքսորյալների շրջանում, ինչպիսին են ազգամիջյան հարաբերությունները, ինչ բախումներ կամ միջադեպեր են գրանցվել։
1949 թ. օգոստոսի 20-ին ՆԳՄ Ալթայի շրջանային վարչության պետ Շախովը զեկուցում է, որ հունիս-հուլիս ամիսներին Ալթայի երկրամաս են ժամանել Մոլդովայից ընդհանուր առմամբ 4999 ընտանիք՝ 19770 մարդ, որից 5698-ը՝ տղամարդ, 6907-ը՝ կին, 7165-ը՝ երեխա: [Նրանցից] աքսորյալ դաշնակներ՝ 3848 ընտանիք՝ 15700 մարդ, տղամարդ՝ 4757, կին՝ 5354 և երեխա՝ 5589:
Խորհրդային իշխանությունների համար կարևոր էր, որ աքսորավայրում վերաբնակներն անցնեն աշխատանքի, ընդգրկվեն կոլտնտեսություններում և հասարակական աշխատանքներում։ Շախովը հայտնում էր, որ «չափահաս վերաբնակներից աշխատունակ են 11315-ը, նրանցից 10162-ն ընդգրկված են ամենօրյա աշխատանքներում, 753-ը՝ հիմնականում տնային տնտեսուհիներ են, ամբողջ օրը չեն աշխատում, քանի որ մեծ ընտանիքներ և անչափահաս երեխաներ ունեն»:
Կոլտնտեսություններում և սովխոզներում աշխատում էին նաև անչափահասները, որոնք հիմնականում զբաղվում էին հացահատիկ հավաքելով: «Այսպիսով՝ վերաբնակ դաշնակներից և Մոլդովայից աքսորվածներից 12660-ը աշխատում են»,— ամփոփում է Ալթայի ՆԳՄ շրջանային վարչության պետը:
Քաղաքային բնակչության աշխատանքային ներգրավվածությունը գյուղում ամեն դեպքում քիչ արդյունավետ էր. վերաբնակները հիմնականում մտավորականներ էին, որոնք սովոր չէին ծանր ֆիզիկական աշխատանքի ու ձգտում էին աշխատել մասնագիտությամբ։ «Մասնագիտություն ունեցող բոլոր վերաբնակներին իրենց մասնագիտությամբ աշխատանքով ապահովել հնարավոր չէ, հատկապես՝ ուսուցիչներին, հաշվապահներին և ինժեներներին»,— գրված է նույն զեկուցագրում:
Աբրահամ Կիսիբեկյան
Աբրահամ Կիսիբեկյանը, որը ուսուցիչ էր, գրում է, որ իրեն ու կնոջը նույնպես փորձել են աշխատանքի ուղարկել կոլտնտեսություն, սակայն իրենք վճռականորեն մերժել են։ «Հետևյալ օրը եկավ դիրեկտորը… Նա առաջարկեց գնալ և աշխատել սովխոզի դաշտերում, ֆերմաներում, ՄՏ կայաններում [11]։ 5 հոգի հրաժարվեցինք։ Մի առավոտ կոմենդանտը [12] եկավ և հրամայեց մեզ նույնպես գնալ դաշտ, մենք հրաժարվեցինք։ Կոմենդանտն ինձ առաջարկեց գիշերները պահակություն անել, ես հրաժարվեցի»,— գրում է Կիսիբեկյանը [13]։
Շախովն արձանագրում էր նաև, որ կոլտնտեսություններում աշխատելուց հրաժարվողների շարքում շատ էին «մարդիկ, որոնք եկել էին արտասահմանից»՝ նկատի ունենալով հայրենադարձներին։ Վերջիններս, ըստ զեկուցագրի, «ակնհայտորեն դժգոհում են Սիբիր տեղափոխվելուց, կուսակցության ու կառավարության գործողություններից, վատաբանում են ԽՍՀՄ քաղաքական համակարգը»:
Անդրադարձ կա նաև վերաբնակների կենցաղային պայմաններին. նրանց մի մասը՝ 113 ընտանիք, չէր կարողացել համապատասխան կացարան գտնել և բնակվում էր վրաններում, ինչը Ալթայի երկրամասի խստաշունչ կլիմայի պայմաններում կարող էր ճակատագրական լինել նրանց համար։
«Մի օր հայտնվեցին Տոմսկի ՆԳՄ-ի ղեկավարները։ Բոլորին հավաքեցին։ Գնդապետը կանգնեց մի թմբի վրա և սկսեց մեր մասին խոսել։ Նա ասաց մեր դժբախտության մասին. «Դուք ցմահ աքսորված եք՝ առանց Տոմսկի մարզի Պարբիգսկի շրջանը լքելու իրավունքի՝ համաձայն 1948 թ. նոյեմբերի 25-ի ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրի։ Գնդապետը տարբեր հրամանագրեր կարդաց, ապա ասաց, որ եթե որևէ մեկն այս ամենը լսելուց հետո փախչի՝ կստանա 25 տարի, իսկ փախստականին թաքցնելու համար 5 տարի են տալիս»,— գրում է Արփենիկ Ալեքսանյանը [17]։
Աքսորավայրում վերաբնակիչներին աշխատանքի էին ընդունում ցածր վարձատրվող և ոչ պատասխանատու աշխատանքներում։ Նրանք քիչ էին ընդգրկվում նաև հասարակական-քաղաքական կյանքում։ Տեղի բնակչության և հատուկ վերաբնակիչների հարաբերությունները ևս կարգավորված չէին, հաճախ լուրջ ընդհարումներ էին արձանագրվում։ Սա բնորոշ էր հատկապես Ղազախական ԽՍՀ-ին, որտեղ կենտրոնացած էին Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի վերաբնակները։ 1949 թ. հուլիսին Հարավ-Ղազախական մարզի Կիրովի շրջանում տեղացիների և վերաբնակ հույների միջև ծեծկռտուք է տեղի ունենում, որին մասնակցում է 200 հոգի։ Հույներից 3-ը սպանվում են, շատերը վիրավորվում։ Հուլիսի 17-ին Արևելյան-Ղազախական մարզի Լենինոգորսկ քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքում սպանվում է 34 չեչեն վերաբնակիչ։
Հատուկ վերաբնակիչների երեխաներից շատերը դպրոց չէին հաճախում։ 1950 թ. դրությամբ 91943 երեխա դպրոց չէր գնում, որի պատճառը ձմեռային հագուստ ու կոշիկ չունենալն էր, ծնողների նյութական ծանր դրությունը, որոշ շրջաններում դպրոցների բացակայությունը։
Արփենիկ Ալեքսանյան, 24 Հուլիս 1951.
Ինչ վերաբերում է 1946-1948 թթ. հայրենադարձվածներին, ապա, ըստ Շագոյանի, նրանք կազմել են Հայաստանից ընդհանուր տեղահանվածների 10-12 տոկոսը։
1949-ի աքսորի մասին մեզ հայտնի ամենաուշագրավ վկայությունը Արփենիկ Ալեքսանյանի օրագիրն է, որը 2007 թ. տպագրվել է «Սիբիրյան օրագիր» (Сибирский дневник) վերնագրով։ Գիրքն արժեքավոր է նաև այն պատճառով, որ Արփենիկի օրագրային գրառումներն են, որոնք հավաստի տեղեկություններ են պարունակում այդ տարիների մասին՝ սկսած տանից դուրս գալուց, վերջացրած 1954-ի վերադարձով։
«Մայրս սովորում էր բժշկական համալսարանում. ավարտական, պետական 7 քննությունից 4-ը հանձնել էր և դիպլոմավորված բժիշկ էր դառնալու։ Ինքն էլ ժամանակի մշակույթը կրող թիֆլիսեցի հայ աղջիկ էր։ Աքսորավայրում բոլորը գիտեին, որ Արփենիկը օրագիր է պահում, սակայն ոչ մեկին չէին հայտնում, չէին մատնում, և մտածում էին, որ կա մեկը, որն արձանագրում է իրենց՝ աքսորյալների կյանքը»,— պատմում է Արփենիկ Ալեքսանյանի որդին՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Աքսորավայրում մորս փորձել են հավաքագրել, անգամ ատրճանակով են սպառնացել, սակայն նա հրաժարվել է համագործակցել։ Մինչև կյանքի վերջը մայրս հիշում էր այդ դրվագը։ Նա հեքիաթների փոխարեն ինձ ու քրոջս Սիբիրյան պատմություններ էր պատմում»,— ասում է Մարությանը։
Հարություն Մարությունը համամիտ չէ, որ մարդկանց աքսորում էին հեռավոր շրջաններ տնտեսական շարժառիթներով, և վերաբնակեցումը համարում է ամբողջատիրության դրսևորում։ «Հետագայում, երբ Խրուշչովը սկսեց խամ ու խոպան հողերի յուրացումը, ասաց՝ կամավո՛ր, միայն ցանկացողները։ Մի դեպքում ստրկական աշխատանք էր, մյուս դեպքում՝ կամավոր, ինչը որակապես տարբեր է»,— նշում է Հարություն Մարությանը։ Բացի այդ, խրուշչովյան ժամականաշրջանում մարդկանց քաղաքական մեղադրանքներ չէին առաջադրում։
Արփենիկը, մայրը և կրտսեր քույրը, 1952 թ.
Աքսորյալների մի մասին ներկայացվել է «դաշնակ» լինելու մեղադրանք։ Հարություն Մարությանը պարզաբանում է, որ «դաշնակ» ձևակերպումը չի նշանակում, որ այդ մեղադրանքով աքսորվածները ՀՅԴ կուսակցության նախկին կամ ներկա անդամներ էին։ «Նրանց անվանել են «դաշնակ», նրանց անվանել են նացիոնալիստ։ Դա կրկին ամբողջատիրական համակարգի գործելաոճ էր. կնիք էր խփում, որպեսզի հիմնավորեր իր գործողությունները։ Աքսորվածների թվում ՀՅԴ անդամները քիչ են եղել։ Շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչ է նացիոնալիզմը»,— պարզաբանում է նա։
Ինչ վերաբերում է նախկին ռազմագերիներին, ապա Արևմուտքում մնալու հնարավորություն ոչ բոլորն են ունեցել, հետևաբար նրանց պարզապես վերադարձնում էին Խորհրդային Միություն։ «Մարդիկ վստահ էին, որ եթե սովետական իշխանությանը պատմեին ճշմարտությունը, նրանց կհասկանային, կընդառաջեին։ Հայրենիքի, ընտանիքի կարոտը մարդկանց ստիպում էր վերադառնալ»,— պարզաբանում է Հարություն Մարությանը։
Չնայած աքսորի ողջ ողբերգությանն ու դժվարություններին՝ Արփենիկ Ալեքսանյանի գրքում անվերջ լավատեսություն կա։ Երիտասարդ աղջիկներն անգամ Սիբիրի դժնդակ պայմաններում էին փորձում ուրախ լինել և վստահ էին, որ դժբախտ օրերն անպայման ավարտվելու են։
Դեպի տուն
Դժբախտության ավարտը նշմարվեց 1953 թ. մարտին, երբ պետական ռադիոն հայտարարեց Ստալինի մահվան լուրը։
«Որոշ ժամանակ անց բարձրախոսը հայտարարեց, որ Ստալինը մեռավ։ Մենք չէինք ուզում հավատալ, և մի ներքին բնազդ կարծես թելադրում էր. «Մի՛ք հավատա, դավադրություն է»։ Մենք իսկույն դուրս եկանք սենյակից ու գնացինք դեպի հրապարակ, այստեղ մարդիկ խոսում էին և ուրախ տրամադրության մեջ էին, իսկ ոմանք էլ խիստ վրդովված էին ու այլայլված։ …Մենք՝ աքսորական ուսուցիչներս, խիստ մտահոգված էինք, թե վաղվա օրը ինչ է բերելու մեզ համար։ Հայ աքսորականները համոզված էին, որ քանի Բերիան կենդանի է, փրկություն չունենք, միևնույն ժամանակ նրա հավատարիմ ու զինակից Բաղիրովը առանց Բերիայի ոչինչ չի կարող անել։ …Մի օր, երբ 4-5 հոգի դարձյալ զրուցում էինք իմ սենյակում, բարձրախոսը հայտարարեց՝ Բերիան ժողովրդի թշնամի է ու բանտարկված է։ Այս անգամ մենք մեզ զսպել չկարողացանք և դուրս ժայթքեց մի ուժեղ ու զիլ «ուռաաա՜», և ազատվելու ու հույսի ճառագայթները թափանցեցին մեր հոգու խորքը»,— գրում է Աբրահամ Կիսիբեկյանը։
* * *
1953 թ. Ստալինի մահից, իսկ մի քանի ամիս անց՝ Բերիայի ձերբակալությունից հետո ԽՍՀՄ-ում սկսում են վերանայել վերաբնակների նկատմամբ վերաբերմունքը. նրանց որոշակի ազատություններ են շնորհվում, իսկ 1954-1956 թթ. մարդիկ աստիճանաբար վերադառնում են իրենց ծննդավայրեր։
«1955 թ. նոյեմբերի 3-ին մենք Շիպունովից ճանապարհվեցինք։ Սլանում էր գնացքը, և մենք հուզված էինք ու մտածում էինք. «Վեցուկես տարի առաջ մեզ բերել էին երեքով, իսկ այժմ մենք վերադառնում ենք երկուսով. դժբախտ մայր… Մենք նրան թողնում էինք ընդմիշտ, թողնում էինք այդ զոհի գերեզմանը այս օտար հողում՝ մոռացված հարազատներից։ Այս վիճակում մենակ իմ մայրը չէր, նույն վիճակում էին տասնյակ հազարավոր մայրեր, որոնք ոչ մի հանցանքի տեր չէին…»,— այսպես է Սիբիրյան իր պատմությունն ավարտվում Աբրահամ Կիսիբեկյանը։