Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները. 1998-2008 թթ.

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Read in English
The Robert Kocharyan Administration: 1998-2008
Ինչպես Քոչարյանն իշխանության եկավ

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահն է, որը պաշտոնավարել է երկու ժամկետ անընդմեջ՝ 1998-2008 թթ.: 1998 թ. փետրվարի 3-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի և վարչապետ Ռոբերտ Քոչարյանի պահանջով Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց. անկախ Հայաստանի առաջին արտահերթ ընտրությունները տեղի ունեցան 40 օր անց՝ մարտի 16-ին։ Երեք այս պաշտոնյաներից հանրային աջակցություն կարող էր ակնկալել միայն Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ նախագահի թեկնածուն ընտրությանը նախորդող 10 տարիների ընթացքում պետք է բնակված լիներ Հայաստանում և լիներ Հայաստանի քաղաքացի: Քոչարյանը չէր բավարարում այս երկու պահանջներից և ոչ մեկին: 1992-1997 թթ. Քոչարյանը նախ Արցախի վարչապետն էր, հետո նախագահը: Միայն 1997-ին էր նա տեղափոխվել Հայաստան և զբաղեցրել վարչապետի պաշտոնը։ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ընտրություններին նախորդած շրջանում Քոչարյանը կատարում էր նաև Հայաստանի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:

Թեև քննարկվում էր հնարավորությունը, որ Քոչարյանը կդիմի Սահմանադրական դատարան՝ հստակեցնելու իր առաջադրման սահմանադրականությունը, նա այդպես էլ այդ քայլը չարեց, երկու հիմնական պատճառով: Բարձր դատարանի բոլոր դատավորներին նշանակել էր Տեր-Պետրոսյանը, և հավանականությունը մեծ էր, որ նրանք կարող էին վճիռ կայացնել ընդդեմ Քոչարյանի: Բացի այդ, խոսակցություններ էին պտտվում նախագահական ընտրություններում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հնարավոր առաջադրման շուրջ։

1998-ի նախագահական ընտրություններում իր առաջադրումը Քոչարյանը հիմնավորեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) մարզային խորհրդի՝ Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման վերաբերյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ։ Սակայն Քոչարյանի փաստարկը լուրջ թերություն ուներ, քանի որ անտեսում էր փաստը, որ Լեռնային Ղարաբաղն իրեն անկախ էր հռչակել 1991 թվականի սեպտեմբերին և անկախության հանրաքվե անցկացրել: Ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց Քոչարյանի թեկնածությունը։

Արդեն նախընտրական քարոզարշավի ընթացքում ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը, որը 1974-1988 թվականներին զբաղեցրել էր Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) առաջին քարտուղարի պաշտոնը, ընտրությունների երկու հիմնական թեկնածուներն են լինելու: Լայնամասշտաբ ընտրախախտումների պայմաններում ընդդիմության հինգ թեկնածուները՝ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Սերգեյ Բադալյանը, Պարույր Հայրիկյանը և Դավիթ Շահնազարյանը, մարտի 16-ի երեկոյան՝ ընտրատեղամասերի փակումից ժամեր առաջ, հանդես եկան հայտարարությամբ՝ շեշտելով, որ անկախ արդյունքից, նախագահական ընտրությունները ազատ և արդար համարվել չեն կարող։ Մի քանի ժամ անց հայտարարությանը միացավ ընդդիմադիր ևս երկու թեկնածու՝ Աշոտ Բլեյանը և Վիգեն Խաչատրյանը:

Ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի էր. Քոչարյանը հավաքել էր ձայների 38%-ը, Դեմիրճյանը՝ 30%-ը: Երկրորդ փուլը կայացավ մարտի 30-ին, և հայտարարվեց, որ Քոչարյանը համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով քվեների 59%-ը: Ապրիլի 9-ին կայացավ նրա երդմնակալության արարողությունը:  Քոչարյանը Հայաստանի անկախացումից ի վեր առաջին և առայժմ միակ նախագահն է, որին չի հաջողվել հաղթանակ գրանցել ընտրությունների առաջին փուլում:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունն իր եզրափակիչ զեկույցում արձանագրեց, որ արտահերթ նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին։ Երկու փուլերի ընթացքում էլ դիտորդական առաքելությունն արձանագրել էր համատարած ընտրախախտումներ, այդ թվում՝ լցոնումներ, ընտրողների ահաբեկում, ընտրատեղամասերում և քվեների հաշվարկման սենյակներում չլիազորված անձանց ներկայություն, բազմամարդ ընտրական տեղամասեր: Առաքելությունը մտահոգություն էր հայտնում նաև ժամկետային զինծառայողների քվեարկության վերաբերյալ, քանի որ ընտրությունների երկու փուլում էլ արձանագրվել էր քվեարկություն ըստ սպաների հրահանգների:

 

Առաջին մարտահրավերը. 1999, հոկտեմբերի 27

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում տեղի ունեցան անկախ Հայաստանի երկու ամենաարյունալի իրադարձությունները՝ 1999 թ. ահաբեկչությունը ԱԺ-ում և 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած սպանությունները։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ութ զինված անձանցից կազմված խումբը նախկին լրագրող և ՀՅԴ նախկին անդամ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեց Ազգային ժողովի շենք և կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում կրակ բացեց պատգամավորների ուղղությամբ։ Հիմնական թիրախը վարչապետ Վազգեն Սարգսյանն էր։ Բացի նրանից սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրի Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Նույնը օրը Գարեգին Բ-ն ընտրվեց Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոս:

Չնայած մինչ այս էլ էին եղել քաղաքական սպանություններ, քչերը կարող էին պատկերացնել, որ ահաբեկիչները կարող են ազատորեն մուտք գործել ԱԺ շենք։ Սպանություններից հետո ահաբեկիչները հանդիպում պահանջեցին նախագահ Քոչարյանի հետ՝ քննարկելու ազգի ճակատագիրը, ինչպես նաև ուղիղ եթեր ազգային հեռուստատեսությամբ և ուղղաթիռ: Ականատեսների վկայություններով՝ խումբը ցանկանում էր «պատժել իշխանություններին՝ ազգի հետ այդպես վարվելու համար» և համոզված էր, որ «ժամանակն է ազատվել ժողովրդի արյունը ծծողներից»: Ըստ վկայությունների՝ Նաիրի Հունանյանը հույս ուներ, որ իրենց գործողությունները կարժանանան հանրային աջակցության, և երբ տարհանում էին լրագրողներին, նրանց հորդորում էր կոչ անել մարդկանց հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց: Հունանյանի ակնկալիքները, սակայն, չարդարացան, ԱԺ շենքի մոտ հավաքվեցին միայն պատանդված խորհրդարանականների հարազատները։

Հարձակման ընթացքում ողջ մնացածները մի քանի ժամ պատանդ մնալուց հետո ազատ արձակվեցին հաջորդ օրը՝ առավոտյան: Հարձակումից հետո առաջին հինգ ժամերի ընթացքում պաշտոնական աղբյուրները չէին հաստատում պետության ղեկավարների մահվան մասին լուրերը, երկիրը տեղեկատվական վակուումում էր: Սպանվածների մարմինները խորհրդարանի շենքից դուրս բերվեցին միայն ուշ երեկոյան: Զինյալ խմբի անդամների հետ բանակցությունները շարունակվեցին մինչև առավոտ և ավարտվեցին նախագահ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպումով (հանդիպման մասին որևէ տեղեկատվություն չտարածվեց): Ահաբեկիչները հանձնվեցին և տեղափոխվեցին Ազգային անվտանգության ծառայության շենք, երբ երաշխավորություն ստացան, որ իրենցից ոչ մեկը մահապատժի չի ենթարկվի:

Հաջորդ օրը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման իրական սպառնալիք կար: Ադրբեջանը, օգտվելով Հայաստանում տիրող քաոսային իրավիճակից, զորքերի լայնածավալ տեղաշարժ սկսեց։ Սակայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազանգն ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևին չեզոքացրեց վտանգն ու կանխեց անցանկալի զարգացումները։

Ողբերգական իրադարձությունից երեք օր անց Քոչարյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ հարձակումն անվանելով հեղաշրջման փորձ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հարձակումից մեկ տարի առաջ հարկադրված էր եղել հրաժարական տալ, հանդես եկավ միասնության կոչով:

Ահաբեկչական այս հարձակման հետաքննությունը շարունակվեց շուրջ մեկ տարի, դատավարությունը սկսվեց 2001 թվականի հունվարին: Դատական լսումներից երեք տարի անց՝ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին, Նաիրի Հունանյանը և զինված խմբի մյուս հինգ անդամները դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա բանտարկության: Այս ընթացքում Նորայր Եղիազարյանին, որը խմբի անդամ էր, հայտնաբերեցին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի իր խցում, էլեկտրահարված, 2000 թվականին, երբ հետաքննությունը դեռ ընթացքի մեջ էր:

Չնայած պաշտոնական եզրակացությանը, թե հարձակումն ահաբեկչական գործողություն էր, որը նպատակ ուներ զավթել իշխանությունը, հանրության շրջանում խոր համոզմունք կար, որ հոկտեմբերի 27-ը ոչ թե հեղաշրջման փորձ էր, այլ կանխամտածված քաղաքական սպանություն: Դատավարությունը մեծ հաշվով չպարզեց՝ արդյոք խումբը միայնակ էր գործել, թե ինչ-որ ուժեր էին կանգնած հարձակման հետևում, կամ կամ որոնք էին հիմնական դրդապատճառները:

Դատարանի վճռից հետո մահացան խմբի անդամներից ևս երկուսը. Վռամ Գալստյանը, որը դատապարտված էր ցմահ ազատազրկման, 2004 թվականին ինքնասպանություն գործեց, Համլետ Ստեփանյանը 2010-ին մահացավ իր բանտախցում, անհայտ հանգամանքներում: Դատավարությանը հաջորդած տարիներին գործում ներգրավված վկաներից մի քանիսը ևս մահացան տարօրինակ հանգամանքներում: Ռոզա Հովհաննիսյանը, որը Ազգային ժողովի բուժքույրն էր և դատական գործով անցնում էր որպես առանցքային վկա, 2004 թվականին մահացավ ԱՄՆ-ում, ավտովթարից: Ազգային ժողովի արձանագրությունների բաժնի աշխատակից Հասմիկ Աբրահամյանին 2004 թվականին խորհրդարանի շենքում հայտնաբերեցին կախված: Նախկին պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, որը կարճ ժամանակով կալանավորված էր հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում, նույնպես մահացավ ավտովթարից՝ 2004 թվականին, Ապարան-Երևան խճուղում:

 

Բողոքի ցույցեր

2003-ի նախագահական ընտրությունները և բողոքի ցույցերը

2003-ի նախագահական ընտրություններն առաջինն էին հոկտեմբերի 27-ի սպանություններից հետո։ Ըստ Սահմանադրության՝ առաջին փուլում ընտրվելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքեր ձայների ավելի քան 50%-ը, այլապես առաջին երկու թեկնածուները երկու շաբաթ անց պետք է մասնակցեին երկրորդ փուլին: Ընտրությունների առաջին փուլում՝ փետրվարի 19-ին, ինը թեկնածուներից և ոչ մեկը չհավաքեց ձայների բացարձակ մեծամասնություն: Առաջատարները գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանն էին (Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը Կարեն Դեմիրճյանի որդին է, որը սպանվել էր հոկտեմբերի 27-ին, և որի նկատմամբ Քոչարյանը հաղթանակ էր տարել 1998-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում): Երկրորդ փուլը տեղի ունեցավ մարտի 5-ին, և Քոչարյանը հաղթող ճանաչվեց քվեների 67,8%-ով:

Եզրափակիչ զեկույցում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը արձանագրեց, որ ընտրություններն ընդհանուր առմամբ չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին, և գրանցվել են «լուրջ խախտումներ, այդ թվում և քվեատուփերի լցոնումներ»: Դեմիրճյանը, որը ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պաշտոնական տվյալների ստացել էր քվեների 32,5%-ը, բոլոր 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ բողոքի ցույցեր սկսեց: Ցույցերը շարունակվեցին մինչև 2004 թվականի ապրիլ և գագաթնակետին հասան ապրիլի 13-ին, երբ ոստիկանությունը շրջապատեց Բաղրամյան պողոտայում հավաքված և Քոչարյանի հրաժարականը պահանջող շուրջ 3000 ցուցարարներին և անհամաչափ ուժ կիրառելով՝ ցրեց բազմությունը: Ականատեսների վկայություններով՝ ոստիկանությունը ոչ միայն օգտագործում էր ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ, այլև մահակներով ծեծում էր ցուցարարներին և էլեկտրաշոկեր կիրառում: Human Rights Watch-ի հատուկ զեկույցը թույլ է տալիս պատկերացում կազմել մարդու իրավունքների խախտումների իրական մասշտաբների մասին, որին հայկական իշխանությունները դինել էին բողոքի ալիքը հանդարտեցնելու համար։

Այս ընթացքում Դեմիրճյանը ընտրության արդյունքները փորձեց վիճարկել Սահմանադրական դատարանում՝ հղում անելով ընտրախախտումները (քվեատուփերի լցոնումներ, քվեարկողների ահաբեկումներ): Թեև դատարանը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ անվավեր չճանաչեց Քոչարյանի հաղթանակն ընտրություններում, ՀՀ նորընտիր Ազգային ժողովին և ՀՀ նախագահին առաջարկեց մեկ տարվա ընթացքում «նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման» համար վստահության հանրաքվե կազմակերպել։ Այն, որ հանրաքվե այդպես էլ չկազմակերպվեց, ցույցերի նոր ալիք առաջացրեց Երևանում և հանրապետության մյուս խոշոր քաղաքներում ու համայնքներում. սա չհաջողված հեղափոխության հերթական փորձն էր Հայաստանում։

 

2008, մարտի 1 

2008-ի նախագահական ընտրությունները նշանավորեցին Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասնամյակի ավարտը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների շրջանի մեկնարկը։ Անցումը, սակայն, հարթ տեղի չունեցավ և ուղեկցվեց բողոքի ցույցերով, քաղաքացիների ու անվտանգության ուժերի միջև դաժան բախումներով և հիշվեց որպես անկախ Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հրաժարականից հետո լքել էր ակտիվ քաղաքականությունը, գրեթե տասնամյա լռությունից հետո առաջին հանրային ելույթն ունեցավ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը՝ սուր քննադատության ենթարկելով Քոչարյանի վարչակարգն ու այն անվանելով «հանցագործ ռեժիմ», որը հանդուրժում է համատարած կոռուպցիան երկրում։ Մեկ ամիս անց Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր թեկնածությունը կառաջադրի 2008 թ. նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանը (որն այն ժամանակ վարչապետ էր) և Տեր-Պետրոսյանը գրանցված ինը թեկնածուներից երկու ակնհայտ առաջատարներն էին: Ընտրությունը տեղի ունեցավ փետրվարի 19-ին, և Սարգսյանը հաղթող հայտարարվեց քվեների 52,8%-ով՝ զգալիորեն առաջ անցնելով Հայաստանի առաջին նախագահից, որը երկրորդ տեղում էր՝ քվեների 21,5%-ով: Տեր-Պետրոսյանն իշխանություններին մեղադրեց արդյունքները կեղծելու մեջ և հայտարարեց, որ հաղթել է ընտրություններում՝ ներկայացնելով ընտրական գործընթացում խախտումների և վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ փաստեր: Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան՝ Տեր-Պետրոսյանն իրականում ստացել էր քվեների 30-35%-ը, ինչը ենթադրում էր ընտրությունների երկրորդ փուլ։

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով և Եվրոպական խորհրդարան) միջանկյալ զեկույցի համաձայն՝ ընտրությունն «անցկացվել է հիմնականում ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի պարտավորությունների և չափանիշների համաձայն»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրափակիչ զեկույցը, սակայն, ամրագրեց, որ ընտրությունների հաջորդ օրը նկատվել են լուրջ մարտահրավերներ, և որ «բավականաչափ ուշադրություն չի դարձվել ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ չափանիշներին, իսկ ընդհանուր ընտրական գործընթացն արժեզրկվել է»: Զեկույցը նաև նշում էր, որ «ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության ակնհայտ պակաս կա», և որ «քվեների հաշվարկը վեր է հանել հաշվետվողականության և թափանցիկության պակաս»:

Փետրվարի 21-ից սկսվեցին խաղաղ, շուրջօրյա բողոքի ցույցեր, որի մասնակիցները բոյկոտում էին ընտրության արդյունքները: Դրանք տեղի էին ունենում հիմնականում Երևանում, Ազատության հրապարակում և շարունակվեցին ինը օր անընդմեջ: Փետրվարի 27-ին Հայաստանի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել չարտոնված բողոքի ցույցերը՝ նշելով, որ մտադրված է պաշտպանել սահմանադրական կարգը: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը գրոհեցին Ազատության հրապարակը՝ խուզարկություն իրականացնելու պատրվակով, գործողությունը հիմնավորելով նրանով, որ տեղեկություններ են ստացել, թե ցուցարարները զինվում են՝ պատրաստվելով օրվա ընթացքում բռնի գործողություններ իրականացնել: Տարբեր տվյալներով՝ ոստիկանական այս գործողության հետևանքով մարմնական վնասվածք էր ստացել մոտ 30 մարդ: Չկարողանալով կրկին հավաքվել Ազատության հրապարակում՝ մարդիկ սկսեցին խմբել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի շրջակայքում։

Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու նպատակով անվտանգության ուժերը ագրեսիվ գործողությունների դիմեցին երեկոյան ժ. 9:30-ից: Մոտավորապես մեկ ժամ անց, Ռոբերտ Քոչարյանը 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեց, որի պայմաններում երկրում ցույցերն ու հանրահավաքներն արգելվում էին: Ապա նա անվտանգության ուժերին հրամայեց ցրել ցուցարարներին, ինչը հանգեցրեց ողբերգական զարգացումների, որոնց հետևանքով տասը մարդ զոհվեց (ութ քաղաքացիական անձ և ազգային անվտանգության երկու սպա), ավելի քան 300 մարդ վիրավորվեց:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև այժմ 14 վճիռ է կայացրել մարտի 1-ի գործողությունների վերաբերյալ՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով ավելի քան 126.000 եվրո փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին։

 

Սահմանադրական կարգի տապալում

Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խոստացավ վերաբացել Մարտի 1-ի գործը։ 2018-ի ամռանը ձերբակալվեց Ռոբերտ Քոչարյանը, որին 2008-ի վիճելի ընտրություններից հետո սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվեց։ Նույնատիպ մեղադրանքներ առաջադրվեցին պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովին և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին: Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը մեղադրվեց սահմանադրական կարգը տապալելուն աջակցելու մեջ: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ այս չորս անձինք ապօրինաբար մոբիլիզացրել էին Հայաստանի զինված ուժերը խաղաղ ցուցարարների և ընդդիմության աջակիցների դեմ։ Չորսն էլ չէին ընդունում մեղադրանքը՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդում:

2018-ին «Երկիր մեդիային» տված հարցազրույցում հարցին, թե ինչու հատուկ դրություն հայտարարվեց մարտի 1-ին, Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ դա արվել է միայն ոստիկանության կապիտանի մահից հետո, երբ տասնյակ մեքենաներ էին այրվել, բարիկադներ կառուցվել, և անվտանգության ուժերի վրա էին հարձակվել «մոլոտովի կոկտեյլներով»: Նրա պնդմամբ՝ արտակարգ իրավիճակ չհայտարարելը կդիտարկվեր որպես նախագահի կողմից անգործություն: «Դա ուղղակի սպառնալիք էր սահմանադրական կարգին»,- հայտարարեց Քոչարյանը:

Քոչարյանի դատավարությունը սկսվեց 2019 թվականի մայիսին և տևեց մոտ երկու տարի՝ մինչև 2021 թվականի մարտ, երբ Սահմանադրական դատարանը վճռեց, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (պետական իշխանության զավթում), որով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին, հակասում է Սահմանադրության 78 և 79 հոդվածներին և հակասահմանադրական է։ Բոլոր չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում և Քոչարյանը, արդարացվեցին, մարտի 1-ի հետ կապված մեղադրանքները հանվեցին:

 

Աղմկոտ սպանություններ և մահափորձեր

Հենրիկ Խաչատրյան

1998 թվականի օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում սպանվեց Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Խաչատրյանի հետ մեկտեղ հայտնաբերվեց նաև դատախազ Արամ Կարապետյանի դին: Գլխավոր դատախազի սպանությունը սկիզբ դրեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունների, որոնք տեղի ունեցան Քոչարյանի նախագահության ընթացքում։

Խաչատրյանը հայտնի իրավաբան էր և գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել էր սպանությունից մոտ մեկ տարի առաջ։ Սպանության նախօրեին Խաչատրյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում կարելի է սպասել 1990-ականների սկզբին տեղի ունեցած աղմկոտ սպանությունների բացահայտումներ: Նա պարբերաբար մամլո ասուլիսներ էր կազմակերպում և լրագրողներին տեղեկություններ հաղորդում ընթացիկ հետաքննությունների վերաբերյալ:

Նախագահ Քոչարյանը շտապեց ելույթով դիմել ժողովրդին՝ հայտարարելով, թե խորապես ցնցված է ողբերգությունից, և խոստացավ լիարժեք հետաքննություն իրականացնել:

Պաշտոնական եզրակացությունը նշում էր, թե գլխավոր դատախազին սպանել է Արամ Կարապետյանը, իսկ հետո ինքնասպան եղել: Սպանության դրդապատճառները որևէ կերպ չմեկնաբանվեցին:

 

Վահրամ Խորխոռունի

Խաչատրյանի սպանությունից մի քանի ամիս անց՝ 1998 թվականի դեկտեմբերին, շենքի մուտքի մոտ գնդակահարվեց (յոթ կրակոցով) պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունին: Նա ազդեցիկ գործիչ էր Հայաստանի անկախության վաղ շրջանում և առանցքային մի շարք պաշտոններ էր զբաղեցրել:

Խորխոռունին աշխատում էր Ներքին գործերի նախարարությունում և համակարգում էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում նա Ստեփանակերտում համակարգել էր աշխատանքները թիկունքում։ Հայաստան տեղափոխվելուց հետո Խորխոռունին նախ Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց, ապա պաշտպանության փոխնախարար՝ որպես Վազգեն Սարգսյանի վստահված անձանցից մեկը:

Խորխոռունու սպանությունից շաբաթներ անց էլ երկրում շատերը համոզված էին, որ նրա սպանությունը քաղաքական ենթատեքստ ուներ:

 

Արծրուն Մարգարյան

Խորխոռունու սպանությունից երկու ամիս անց՝ 1999 թվականի փետրվարին, հայտնաբերվեց ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ մայոր Արծրուն Մարգարյանի դին՝ Նոր Հաճնի մոտակայքում՝ լքված մի վայրում (նա հրազենային երկու մահացու վնասվածք էր ստացել կրծքավանդակի և գլխի շրջանում): Ինչպես Խորխոռունին, այնպես էլ Մարգարյանը Վազգեն Սարգսյանի վստահված անձանցից էր: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Մարգարյանի դեմ մահափորձի մեկ դեպք էլ էր գրանցվել։ 1998-ի հունվարին մի խումբ անհայտ մարդիկ կրակել էին Մարգարյանի ոտքերին: Անհայտ էր, թե ով է կանգնած հրաձգության հետևում, կամ ինչն էր դրդապատճառը: Ոմանց կարծիքով՝ ազդեցիկ զինվորական հրամանատարի դեմ հարձակումը նպատակ ուներ ապակայունացնել արդեն իսկ անկայուն իրավիճակը երկրում:

Մահափորձի դատական գործը մի քանի ամիս անց փակվեց՝ այդպես էլ չպատասխանելով հանրությանը հուզող հարցերից և ոչ մեկին:

Մարգարյանի երկու թիկնապահները՝ Արսեն և Արմեն Խաչատրյանները, ձերբակալվեցին փոխնախարարի սպանության կասկածանքով, բայց հինգ ամիս անց ազատ արձակվեցին: Պաշտոնական եզրահանգման համաձայն՝ Մարգարյանն ինքնասպանություն էր գործել:

Հոկտեմբերի 27-ին դեպքերից հետո Վազգեն Սարգսյանի մերձավորները համոզված էին, որ Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի սպանությունները առանձին դեպքեր չէին, այլ կապված էին մեկ ընդհանուր շղթայով և միտված էին չեզոքացնելու Սարգսյանի մտերիմներին:

 

Տիգրան Նաղդալյան

Տիգրան Նաղդալյանը լրագրող էր, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը՝ երբ 2002-ին սպանվեց Երևանի կենտրոնում: Մարդասպանը յոթ անգամ կրակել էր նրա ուղղությամբ: Ժամեր անց Նաղդալյանը մահացավ հիվանդանոցում: Համոզմունք կար, որ Նաղդալյանը Նախագահ Քոչարյանի մտերիմ շրջանակից էր, նրա ամենավստահելի անձանցից մեկը: Նա նաև Քոչարյանի քաղաքական գծի հայտնի քարոզիչ էր, որի՝ քաղաքական գործընթացների վերաբերյալ մեկնաբանություններն ընկալվում էին որպես հենց նախագահի պնդումներ: Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուց առաջ Նաղդալյանը պաշտոնավարում էր որպես Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն: Այն ժամանակ Քոչարյանը դեռևս վարչապետ էր, իսկ 1998 թվականի նախագահական ընտրությունները սարերի հետևում չէին:

Նաղդալյանի սպանությունից մեկ տարի անց մեղադրանք առաջադրվեց Հովհաննես Հարությունյանին և Արմեն Սարգսյանին, երկուսն էլ դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման: Արմեն Սարգսյանը, որը Վազգեն Սարգսյանի եղբայրն էր, ճանաչվեց որպես սպանության պատվիրատու, իսկ Հարությունյանը՝ կատարողներից մեկը:

Նաղդալյանի սպանության վարկածներից մեկի համաձայն՝ այն քաղաքական դրդապատճառներ ուներ: Հատկանշական է, որ Նաղդալյանի սպանության ժամանակ ԱԺ շենքը գրոհած զինված խմբի դատավարությունը ընթացքի մեջ էր, իսկ Նաղդալյանն առանցքային վկա էր և պետք է վկայություն տար դատարանում: Նրա ցուցմունքը հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում. Սարգսյանի հարազատները պնդում էին, որ սպանության օրը ԱԺ դահլիճում տեղի ունեցածի տեսագրությունը մոնտաժվել է: Այս տեղեկությունը հաստատվեց նաև Մոսկվայում կատարված լրացուցիչ փորձաքննությամբ:

 

Մարկ Գրիգորյան

2002 թվականին անհայտ անձը պայթուցիկ նյութ նետեց հայտնի լրագրող, Կովկասի ինստիտուտի համահիմնադիր Մարկ Գրիգորյանի ուղղությամբ, ինչը հանգեցրեց լուրջ մարմնական վնասվածքների: Ոստիկանության պնդմամբ՝ պայթուցիկ նյութը նախատեսված էր այլ մարդու համար, և Գրիգորյանը պատահաբար էր վնասվել: Գրիգորյանը, սակայն, պնդում էր, որ սպանության փորձը կապված էր հոդվածի հետ, որն ինքը պատրաստում էր լոնդոնյան լրատվական մի կազմակերպության համար՝ հոկտեմբերի 27-ի երրորդ տարելիցին ընդառաջ: Ավելի ուշ Գրիգորյանը հայտարարեց, որ պատճառը միայն այդ հոդվածը չէր, այլ առհասարակ իր լրագրողական գործունեությունը:

Մահափորձից հետո Գրիգորյանը տեղափոխվեց Լոնդոն, որտեղ աշխատանքի անցավ Պատերազմի ու խաղաղության լուսաբանման ինստիտուտում, իսկ հետո՝ մինչև 2014 թվականը, BBC-ում:

 

Պողոս Պողոսյան

2001 թվականի սեպտեմբերին Պողոս Պողոսյանին մահացած գտան Երևանի կենտրոնում, «Առագաստ» (հայտնի է նաև որպես «Պոպլավոկ») սրճարանի զուգարանում՝ նախագահ Քոչարյանի՝ այնտեղից իր թիկնապահների ուղեկցությամբ հեռանալուց կարճ ժամանակ անց: Ականատեսների վկայությամբ՝ Քոչարյանը սրճարանից դուրս էր գալիս նշանավոր ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ, երբ Պողոսյանը, որը սրճարանում էր իր ընկերոջ՝ Ստեփան Նալբանդյանի հետ, մոտեցել էր նախագահի թիկնազորին ու ասել՝ «Պրիվետ, Ռո՛բ»:

Այս հանդիպումից րոպեներ անց Քոչարյանի թիկնապահները, որոնց թվում նաև Աղամել Հարությունյանը՝ «Կուկու» մականունով, սրճարանի զուգարանում ծեծի էին ենթարկել Նալբանդյանին ու Պողոսյանին։

Հարությունյանը նախագահի թիկնապահներից միակն էր, որը քրեական հետապնդման ենթարկվեց դեպքի առնչությամբ. նրան մեղադրանք առաջադրվեց անզգուշությամբ սպանության համար, նա դատապարտվեց երկու տարի պայմանական ազատազրկման:

Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնը, որը հրավիրյալ դասախոս էր Հայաստանի Հանրային կառավարման ակադեմիայում և նույն երեկոյան «Առագաստ» սրճարանում էր, ականատես էր եղել Պողոսյանի ու Նալբանդյանի դաժան ծեծին: Նյուտոնն իր վկայությունները ներկայացրեց ծավալուն ցուցմունքի տեսքով, բայց «Կուկուի» 2002 թվականի դատը վարող դատավորը մերժեց այն, քանի որ տեքստն անգլերեն էր: Գործը պաշտոնապես փակվեց 2002 թվականին:

Գործը վերաբացվեց 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ դատախազները որոշեցին նոր հետաքննություն անցկացնել՝ հիմնվելով Նյուտոնի վկայությունների վրա: Վերաքննիչ դատարանը հավանություն տվեց որոշմանն ու գործը հետ ուղարկեց առաջին ատյանի դատարան:

 

Սահմանադրական հանրաքվե

1995 թվականի հուլիսի 5-ին համազգային հանրաքվեով ընդունված Սահմանադրության օրինականությունը վիճարկվում էր քաղաքական որոշ շրջանակներում՝ թե այն ընդունվել է լայնածավալ խախտումներով և նախագահին օժտում է միապետի իշխանությամբ: Փորձագիտական հանձնաժողովը, որը մշակել էր Սահմանադրությունը, կազմված էր 20 անդամից՝ իրավաբաններ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ և գիտնականներ:

Քոչարյանի իշխանության գալուց հետո՝ 1998 թվականին, Սահմանադրության բարեփոխումը առաջնահերթություն հռչակվեց։ Նույն տարում նա փորձագիտական հանձնաժողով կազմեց, որին հանձնարարված էր աշխատել սահմանադրական փոփոխությունների վրա. առաջին փորձն արվեց միայն 2003-ին: 2003 թվականի մայիսին անցկացված հանրաքվեի ժամանակ, «Այո»-ն փոքր ինչ գերազանցեց «Ոչ»-ին, սակայն ընդհանուր մասնակցությունը բավարար չեր քվորում ունենալու համար, և հանրաքվեն տապալվեց:

Իր գոյության 25 տարիների ընթացքում Հայաստանի Սահմանադրությունը բարեփոխվել է երեք անգամ՝ երկու անգամ ժողովրդական հանրաքվեի միջոցով, մեկ անգամ Ազգային ժողովի կողմից: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2005 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանն իր լիազորությունների երկրորդ ժամկետում էր: Մի շարք ցնցումներից հետո, այդ թվում՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ն ու 2004 թվականի հետընտրական հուզումները, ընդդիմությունն առանձնապես մեծ ազդեցություն չուներ երկրում, և Քոչարյանի նախագահությունը վերջապես թևակոխեց հանդարտության շրջան:

Առաջարկվող հանրաքվեի հիմնավորումներից մեկն այն էր, որ 1995-ին ընդունված Սահմանադրությունը սպառել է իրեն: Սահմանադրական փոփոխությունները զգալիորեն կրճատում էին նախագահի լիազորությունները և ընդլայնում Ազգային ժողովի դերը: Հայաստանը վերածվում էր կիսանախագահական հանրապետության: Նախագահն այլևս չուներ վարչապետ նշանակելու լիարժեք իրավասություն, փոխարենը պարտավոր էր խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական խմբակցությունների հետ և նշանակել մեկին, ով վայելում էր պատգամավորների վստահությունը: Սահմանադրության բարեփոխված տարբերակը չեղարկում էր նաև Ազգային ժողովը ցրելու նախագահի անսահմանափակ լիազորությունները և սահմանում մի շարք բացառիկ հանգամանքներ, որոնց պայմաններում նախագահը լիազորված էր այդպիսի որոշում կայացնել:

1995-ի Սահմանադրության, ինչպես և բարեփոխված տարբերակի համաձայն, Սահմանադրական դատարանը բաղկացած էր ինն անդամից, որոնցից չորսին ուղղակիորեն նշանակում էր նախագահը, հինգին ընտրում Ազգային ժողովը: Լիազորությունների ժամկետը կարևորագույն շտկումներից մեկն էր, որ մտցվեց 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության մեջ: Բարձրագույն դատարանի անդամները, որոնք նշանակվել էին 2005 թվականի հանրաքվեից առաջ, կարող էին շարունակել պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, իսկ դրանից հետո նշանակվածները՝ մինչև 65 տարեկանը:

Եվ վերջապես, 2005 թվականի Սահմանադրությամբ հանվեց երկքաղաքացիության արգելքը, որը կար 1995 թվականի տարբերակում:

 

Խորհրդարանական ընտրություններ

1999 թվականի Խորհրդարանական ընտրություններ

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) գործունեությունը 1994-1998 թվականներին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արգելված էր Հայաստանում: Քոչարյանը հանեց արգելքը, երբ իշխանության եկավ 1998-ին, և ՀՅԴ-ն հնարավորություն ստացավ մասնակցելու 1999 թվականի ընտրություններին՝ տեղեր զբաղեցնելով խորհրդարանում:

Ընտրություններին ընդառաջ ձևավորվեց «Միասնություն» դաշինքը, որը ներկայացնում էր Կարեն Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի Երկրապահ կամավորական միությունը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում ներկայացված էր վեց քաղաքական ուժ՝ «Միասնություն» դաշինքը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Իրավունք և միաբանություն» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Օրինաց երկիր կուսակցությունը և Ազգային ժողովրդավարական միությունը:

 

2003 թվականի խորհրդարանական ընտրություններ

2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում ներկայացված էր վեց քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Արդարություն» դաշինքը, «Օրինաց երկիր» կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ազգային միասնություն կուսակցությունը, Միասնական աշխատավորական կուսակցությունը:

 

2007 թվականի խորհրդարանական ընտրություններ

2007 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում ներկայացված էր հինգ քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցություն, Օրինաց երկիր կուսակցությունը և Ժառանգություն կուսակցությունը:

Հետևյալ հոդվածն ամփոփ ներկայացնում է քաղաքական կուսակցությունների պառակտումները և խորհրդարանական այս երեք ընտրությունների ընթացքում ձևավորված դաշինքները:

 

Լեռնային Ղարաբաղի բանակցություններ

1992 թվականից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական գործիքը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբն էր։ Տարիների ընթացքում Մինսկի խումբը, որը ներկայում նախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան, հանդես է եկել հակամարտությունը լուծելուն ուղղված մի քանի առաջարկներով: Քոչարյանի նախագահության ընթացքում արվել է երեք այդպիսի առաջարկ՝ ընդհանուր պետություն, որն առաջարկվել է 1998 թվականին, Քի Ուեսթ՝ 2001 թվականին և Մադրիդյան սկզբունքներ՝ 2007-ին:

Ելնելով այն հանգամանքից, որ Քոչարյանը նաեւ եղել է Լեռնային Ղարաբաղի նախագահ, նրա ընտրությունը Հայաստանի նախագահի պաշտոնում միաձուլեց հակամարտության հարցում Լեռնային Ղարաբաղի դիրքորոշմը Հայաստանի դիրքորոշման հետ: Այդ ժամանակ որոշվեց, որ բանակցություններում Հայաստանը Քոչարյանի գլխավորությամբ կներկայացնի նաև Լեռնային Ղարաբաղը, և Լեռնային Ղարաբաղը որպես կողմ դուրս մնաց խաղաղ գործընթացից:

Ընդհանուր պետության առաջարկի և Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում քննարկվող մյուս երկու առաջարկների հիմնական տարբերությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: «Լեռնային Ղարաբաղը պետության և հանրապետության տեսքով տարածքային միավոր է, որը միացյալ պետություն է կազմում Ադրբեջանի հետ վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- գրված էր տեքստում: Նոր առաջարկը, սակայն, արագորեն մերժվեց, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից: Նախագահ Հեյդար Ալիևը միացյալ պետության մոտեցման մեջ տեսնում էր Լեռնային Ղարաբաղի անկախություն, քանի որ Ադրբեջանի կազմում ստեղծվելու էր երկու անկախ պետություն, և Բաքուն առանձնապես մեծ հսկողություն չէր ունենալու Ստեփանակերտի վրա:

1999 թվականի ապրիլին, Մոսկվայում՝ ԱՊՀ պետությունների նախագահների խորհրդի նիստի շրջանակներում, իսկ հետո Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի 50-րդ տարեդարձին նվիրված գագաթնաժողովում, առաջին ուղիղ հանդիպումները տեղի ունեցան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի միջև. նախաձեռնվեցին բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: 2001 թվականի հունվարի 26-ին և մարտի 4-5-ին Փարիզում երկու նախագահները բանակցեցին երկու փուլով, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ։ Փարիզյան հանդիպմանը հաջորդեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները, որոնք տեղի ունեցան ԱՄՆ-ի Քի Ուեսթ քաղաքում՝ 2001 թվականի ապրիլի 3-7-ը: Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների դիվանագետներն ակտիվ մասնակցություն ունեցան այս հանդիպման նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին:

Ի տարբերություն նախորդ երեք առաջարկների՝ Քի Ուեսթի առաջարկը երբեք չհրապարակվեց: Բայց հայտնի է, որ փաստաթուղթը մասամբ հիմնված էր տարածքային փոխանակումների փիլիսոփայության վրա: Ենթադրվում էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապվելու էր Լաչինի միջանքով, իսկ Ադրբեջանը Մեղրիով ցամաքային կապ էր ստանալու Նախիջևանի հետ: Ի վերջո, երկու կողմի համաձայնություններն այդպես էլ չիրականացան՝ նախ և առաջ դրանցից նախագահ Հեյդար Ալիևի հրաժարվելու պատճառով:

2007 թվականի հունիսի 29-ին Մադրիդում կայացած ԵԱՀԿ արտաքին գործոց նախարարների խորհրդի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին պաշտոնապես փոխանցվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների տեքստը, որը հայտնի է Մադրիդյան սկզբունքնե: անվամբ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները հիմնված էին 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա. ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, հավասար իրավունքներ և ազգերի ինքնորոշում:

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ նոր վարչակազմը շարունակեց բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա։

 

Ռազմավարական նշանակության պետական ձեռնարկությունների օտարում

Ռոբերտ Քոչարյանի մեկ տասնամյակ տևած կառավարման ընթացքում մասնավորեցվեց, վաճառվեց կամ արտաքին կառավարման հանձնվեց առանցքային նշանակության ռազմավարական մի քանի պետական ձեռնարկություն. այս որոշման հետևանքները իրենց զգացնել էի տալիս նաև հետագա տարիներին:

 

Գույք պարտքի դիմաց

2002 թվականի նոյեմբերին՝ երկու տարի տևած բանակցություններից հետո, Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը, ըստ որի հայկական հինգ պետական ձեռնարկությունների սեփականության իրավունքը փոխանցվեց Ռուսաստանին: Դրա դիմաց ռուսական կողմը զրոյացրեց Հայաստանի 114 միլիոն պարտքից մոտավորապես 100 միլիոն դոլարը, որը կուտակվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1994-1998 թթ. ընթացքում։ Հինգ ձեռնարկություններն էին՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը (առանց հինգերորդ էներգաբլոկի), Երևանում գործող «Մարս» էլեկտրոնիկայի գործարանը և երեք հետազոտական ինստիտուտ: Պայմանագիրը ստորագրեցին այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը: Պայմանագրով ռուսական կողմն իրավունք էր ստանում օգտագործել հայկական ձեռնարկությունները, իսկ հետագայում վաճառել կամ փոխանցել երրորդ կողմի:

Հրազդանի ջերմաէլեկտրակայանը գնահատվեց 31 միլիոն դոլար և դարձավ ռուսական INTER RAO UES ընկերության սեփականությունը: Պայմանագրով հայկական կողմից պահանջվում էր նաև թույլ տալ ռուսական կողմին մինչև 2005 թվականի հունվար ստանձնել ջերմակայանի հինգերորդ էներգաբլոկի սեփականությունը՝ պայմանով, որ այն չի վաճառի որևէ այլ շահագրգիռ կողմի:

«Մարս» էլեկտրոնիկայի գործարանը գնահատվեց 56,29 միլիոն դոլար, և փոխանցվեց Sitronics ընկերությանը: Հատկանշական է, որ Sitronics-ը վերահսկում է Sistema հոլդինգը, որտեղ Քոչարյանը տնօրենների խորհրդի անկախ անդամ էր 2009 թվականից մինչև վերջերս, երբ հայտարարեց, որ մտադրություն ունի մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Երեք հետազոտական ինստիտուտները միասին գնահատվեց 6,47 միլիոն դոլար:

Պայմանագիրը ստորագրվեց 2001 թվականի սեպտեմբերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած առաջին այցից մեկ տարի անց, որի ընթացքում էլ քննարկվել էր Հայաստանի 114 մլն դոլարի պարտքի հարցը և համաձայնություն ձեռք բերվել Հայաստանի պետական ձեռնարկությունների փոխանցման վերաբերյալ:

Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հինգերորդ էներգաբլոկը Ռուսաստանին վաճառվեց 2006 թվականին՝ 248,8 միլիոն դոլարով, ինչպես և նախատեսված էր «Գույք պարտքի դիմաց» պայմանագրով:

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհվեց 2004 թվականին, երբ կառավարությունն այն 132 մլն դոլարով վաճառեց չորս ընկերությունների: Գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը ստացավ բաժնետոմսերի 60%-ը, Երևանում գործող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն՝ 15%ը, «Հայկական մոլիբդենի արտադրություն» և «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ները՝ 12,5-ական տոկոս: 2014 թվականին «Քրոնիմետը» գնեց «Մաքուր երկաթի գործարանի» բաժնեմասը՝ դառնալով ընկերության 75%-ի սեփականատեր:

 

Հայփոստ

Չնայած Հայաստանի Հանրապետությունը փոստի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի միակ սեփականատերն էր, 2004 թվականին կառավարության որոշմամբ ընկերության ղեկավարումը փոխանցվեց Converse Invest-ին: Երկու տարի անց՝ 2006 թվականին, դարձյալ կառավարության որոշմամբ, ընկերության ղեկավարությունը ստանձնեց հոլանդական HayPost Trust Management ՓԲԸ-ն, որը պատկանում էր արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Գործընթացն իրականացվեց առանց մրցույթի:

2015 թվականին կառավարությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ որոշում կայացրեց ամբողջությամբ մասնավորեցնել ընկերությունը: Կառավարության պաշտոնյաների համոզմամբ՝ մասնավորեցումը պիտի նպաստեր հաղորդակցման ոլորտի զարգացմանն ու թույլ տար ներգրավել նոր ներդրումներ: 2019 թվականին, սակայն, Փաշինյանի իշխանության գալուց հետո «Հայփոստի» մասնավորեցման վերաբերյալ կառավարության դիրքորոշումն ամբողջությամբ փոխվեց: Այն ժամանակ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն Ազգային ժողովում հայտարարեց, որ «Հայփոստն» առանցքային դեր ունի պետական ծառայությունների մատուցման գործում, հետևաբար սեփականաշնորհումը նպատակահարմար չէ: 2020 թվականին՝ 14 տարի տևողությամբ արտաքին կառավարումից հետո, «Հայփոստի» կառավարումը հանձնվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

 

Սևան-Հրազդան կասկադ

Սևան-Հրազդան կասկադը յոթ հիդրոէլեկտրակայաններից կազմված համալիր է, որոնց ընդհանուր հզորությունը 565 մեգավատ է: 2003 թվականին Հայաստանի կառավարությունը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ Սևան-Հրազդան կասկադի սեփականությունը հանձնեց ռուսական Inter RAO UES ընկերությանը՝ Մեծամորի ատոմակայանի՝ ռուսական միջուկային վառելիքի մատակարարներին 40 միլիոն դոլար պարտքից 25 միլիոն դոլարի դիմաց: 2011 թվականին մեկ այլ ռուսական ընկերություն՝ «Ռուսհիդրոն», ձեռք բերեց կասկադը: 2019 թվականին կասկադը վաճառվեց «Տաշիր» խմբին՝ 173 մլն ռուբլով:

 

Հայկական երկաթուղի

2007-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայկական երկաթուղին հավատագրմային կառավարման հանձնելու մրցույթին՝ արդյունքում ռուսական վերահսկողությանը հանձնելով հայկական ենթակառուցվածքների ևս մի հատված:

2008-ի նախագահական ընտրություններից օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց հայկական երկաթուղային ցանցի կառավարումը 30 տարով «Ռուսական երկաթուղիներին» փոխանցելու որոշմանը: Կողմերը համաձայնության եկան, որ 20 տարի աշխատելուց հետո պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս 10 տարով: Ռուսական կողմը հայկական կառավարությանը միանվագ 5,5 մլն դոլարի վճարում արեց և պարտավորվեց առնվազն 570 մլն դոլարի ներդրում անել հայկական երկաթուղում:

 

Մեծամորի ատոմակայան

Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և այն մասնավորեցման ենթակա չէ։

2003 թվականին ատոմակայանի կառավարումը փոխանցվեց ռուսական RAO UES-ին՝ ռուսական միջուկային վառելիքի մատակարարներին 40 մլն պարտքի վճարման դիմաց՝ էլ ավելի ամրապնդելով Ռուսաստանի վերահսկողությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում:

Ըստ պայմանագրի՝ ռուսական կողմը պետք է ստանար կայանի շահույթի 25%-ը, Հայաստանի կառավարությունը՝ 75%-ը: Պայմանագիրը կասեցվեց 2012 թվականին՝ ռուսական ընկերության խնդրանքով, քանի որ աշխատանքային պայմաններն այլևս բարենպաստ չէին:

Fip.am կայքի տվյալներով՝ ներկայում ատոմակայանը հավատարմագրային կառավարման տակ չէ և պատկանում է Հայաստանի Հնարապետությանը:

 

Ջրամատակարարում

Մինչ 2016 թվականը Հայաստանում խմելու ջրի պաշարները կառավարում էր հինգ ընկերություն՝ «Երևան Ջուրը», Ջրամատակարարման և ջրահեռացման ազգային հայկական ընկերությունը, «Շիրակ» ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունը, «Լոռի ջուր և կոյուղի» և «Նոր ակունք» ընկերությունները: 2006 թվականից սկսած այս բոլոր հինգ ընկերությունները կառավարում էր երկու ֆրանսիական ընկերություն՝ նախ «Երևան Ջուրը», որը կառավարում էր «Վեոլիա գրուպ» ընկերությունը, իսկ 2004 թվականից՝ Swar ընկերությունը:

 

Հայգազ

Հայաստանի անկախացումից հետո «Հայգազ» պետական ձեռնարկությունը միակ մարմինն էր, որը պատասխանատու էր երկրում գազի մատակարարման և գազաբաշխման համար: Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին ամիսներին հիմնադրվեց «Հայռուսգազարդը»: Ըստ 1998 թվականի կառավարության որոշման՝ «Հայռուսգազարդի» 45%-ը փոխանցվեց ռուսական «Գազպրոմին», 10%-ը մեկ այլ ռուսական ընկերության՝ «Իտերային», բաժնետոմսերի 45%-ը մնաց Հայաստանին: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում «Գազպրոմի» բաժնեմասը հասավ 80%-ի, քանի որ այն ձեռք բերեց «Իտերայի» բոլոր բաժնետոմսերը և Հայաստանի բաժնեմասի կեսից ավելին: 2013 թվականին Հայաստանը գազի մատակարարման ցանցի 20%-ը փոխանցեց «Գազպրոմին»՝ նախկինում անհայտ 300 մլն դոլար պարտքի դիմաց: Կառավարությունը պարտքը կուտակել էր ռուսական գազի գինը գաղտնի սուբսիդավորելով. 2011 թվականի ապրիլին «Գազպրոմը» բարձրացրել էր գազի գինը:

Մինչև 2043 թվականի դեկտեմբեր Հայաստանը չի կարող ընդունել որևէ օրենք, որը կարող է ազդել գազամատակարարման ցանցի նկատմամբ «Գազպրոմի» վերահսկողության վրա: Ռուսական էներգետիկ կոնգլոմերատը կկարողանա ցանկացած նմանատիպ փոփոխություն բողոքարկել միջազգային դատարանում: Հայաստանը նաև պարտավորվել է մինչև 2043 թվականը գազ գնել միայն «Գազպրոմից»:

 

Տնտեսական աճ. Կովկասյան վագր

Քոչարյանի նախագահության տարիները հաճախ հիշվում են երկնիշ տնտեսական աճով, որ երկիրը գրանցել է 2000-ականների սկզբին: Միտումը մեծապես պայմանավորված էր շինարարության ոլորտի զարգացմամբ, ինչի արդյունքում Հայաստանն արժանացավ «Կովկասյան վագր» տիտղոսին:

2002 թվականին երկրում գրանցվեց 12,9% տնտեսական աճ, որից 4,8%-ը պայմանավորված էր շինարարությամբ, 1,1%-ը բաժին էր ընկնում գյուղատնտեսությանը։ 2003-ին շինարարությունը կազմում էր 13,6% տնտեսական աճի 5,6%-ը, և միայն 1%-ն էր ստացվում գյուղատնտեսությունից: Միտումը շարունակվեց հետագա տարիներին և գագաթնակետին հասավ 2006 թվականին, երբ շինարարությանը բաժին էր ընկնում 13,4% տնտեսական աճի 8,1%-ը, գյուղատնտեսության մասնաբաժինը ռեկորդային ցածր ցուցանիշ գրանցեց՝ 0,1%:

Կարևոր է նշել, որ շինարարական բուռն ակտիվության գլխավոր շարժիչ ուժը ոչ թե արդյունաբերական, այլ բնակելի նախագծերի զարգացումն էր, ինչպիսին էր, օրինակ, Հյուսիսային պողոտան: Սակայն հետագա տարիները ցույց տվեցին, որ երկնիշ տնտեսական աճը, որը սնվում էր արագ զարգացող շինարարական ոլորտից, երկարաժամկետ հեռանկարում կայուն չէր և երկիրը հանգեցրեց ճգնաժամի: 2009 թվականին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից մեկ տարի անց, Հայաստանը գրանցեց ռեկորդային 14,2% տնտեսական անկում, որից 10,7%-ը՝ շինարարության ոլորտում: Ֆինանսական ճգնաժամին հաջորդած տարիներին այլ ոլորտներ դարձան տնտեսության շարժիչ ուժը, իսկ շինարարության բաժինն աստիճանաբար նվազեց: 2017 թվականին, օրինակ, 7,5% տնտեսական աճ գրանցվեց, որից 5,3%-ը առևտրի և ծառայությունների, 1,8%-ը՝ արդյունաբերության ոլորտում:

 

Հյուսիսային պողոտա

Հայաստանի բնական լանդշաֆտի և մայրաքաղաք Երևանի ձևափոխումը սկսվեց 2000-ականների սկզբին, շինարարական ոլորտի բումով, երբ դեռևս 1906 թվականին մայրաքաղաքում կառուցված Քաղաքի խորհրդի շենքը քանդվեց՝ Իտալիայի փողոցում Կոնգրես հյուրանոցը կառուցելու համար: Սա առաջին շինարարական նախագիծն էր, որն արժանացավ հակասական արձագանքների, իսկ դրան հաջորդեց էլ ավելի վիճահարույց լայնամասշտաբ նախագիծ՝ Հյուսիսային պողոտան:

Հյուսիսային պողոտան, որն ի սկզբանե նախագծել է Ալեքսանդր Թամանյանը 1920-ականներին, պետք է Օպերայի շենքը միացներ Հանրապետության հրապարակին: Բայց միայն տասնամյակներ անց՝ անկախացումից հետո, Հայաստանի կառավարությունը որոշեց սկսել նախագծի իրականացումը: 2002 թվականի ամռանը Երևանի կենտրոնում ավելի քան 345,000 քմ տարածքը հայտարարվեց գերակա շահ: Պողոտայի շինարարությունը, որն ավարտին հասավ 2007 թվականին, աղավաղեց Թամանյանի տեսլականը և հանգեցրեց հին թաղամասի ոչնչացմանը՝ անջնջելի հետք թողնելով հազարավոր ընտանիքների ճակատագրի վրա:

Շինարարությունը մարտավարական քայլ էր նախագահ Քոչարյանի և նրա թիմի համար՝ 2003-ի նախագահական ընտրություններին ընդառաջ: Խթանելով տնտեսական աճը, ներգրավելով ներդրումներ և ստեղծելով նոր աշխատատեղեր՝ Քոչարյանը հույս ուներ արժանանալ հանրային աջակցության: Զարմանալի չէր, որ Քոչարյանի վերընտրման ոչ պաշտոնական քարոզարշավը սկսվեց այնտեղ, որտեղ հիմա Հյուսիսային պողոտան է: Այդ տարիների տեսագրություններում վառ երևում է, թե բնակիչներին ինչպես են ուժով վռնդում իրենց տներից: Բնակիչների գլխավոր մտահոգությունն այն էր, որ իրենց ունեցվածքի գնահատումը օբյեկտիվ ու չափելի չէ, և փոխհատուցումը, որ տրամադրվում էր, զուտ խորհրդանշական է: Միայն վերջին երկու տարում ՄԻԵԴ-ը չորս վճիռ է հրապարակել Հայաստանի դեմ՝ կառավարությունից պահանջելով ավելի քան 2 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին։

Ըստ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ միայն 2000-200 թթ. ընթացքում անդադար ապամոնտաժվել է Երևանի 29 պատմամշակութային հուշարձան, որոնց մեծ մասը գերակա շահի անվան տակ: Օրինակներից մեկը Սպայի տունն է, որը կառուցվել է 1839-ին, եղել առաջին պետական գավառական ուսումնարանը, այստեղ դասավանդել է Խաչատուր Աբովյանը, 1900-ականների սկզբին այն ծառայել է որպես թատրոնի և կինոյի շենք, որտեղ Կոմիտասը հանդես է «Գուսան» երգչախմբի հետ։ Այստեղ է տեղի ունեցել «Անուշ» օպերայի պրեմիերան: Շենքն ապամոնտաժվեց 2005 թվականին՝ գերակա շահ ճանաչվելուց հետո, և դրա տեղում կառուցվեց Piazza Grande բիզնես կենտրոնը:

 

Անդամակցություն միջազգային կազմակերպություններին

Եվրոպայի խորհուրդ

2001 թ. հունվարի 25-ին Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին՝ դառնալով 42-րդ անդամ պետությունը և ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարացման աջակցմանն ուղղված մի շարք պարտավորություններ: Հայաստանի անդամակցությունը սահմանադրական փոփոխությունների լրացուցիչ անհրաժեշտություն էր ստեղծում, որոնք կատարվեցին 2005 թվականի Սահմանադրական հանրաքվեի միջոցով: Մահապատժի վերացումն ու համասեռամոլության ապաքրեականությունը ԵԽ-ին Հայաստանի անդամակցության պայմաններից էր:

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց մի քանի ամիս անց Հայաստանն արդեն դրանից զրկվելու շեմին էր:

Մահապատիժը Հայաստանում պատժի իրավական ձև էր այնպիսի ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են սպանությունը և պետական դավաճանությունը: Կարևոր է նշել, որ Հայաստանը ԵԽ-ին միացավ 1999 թվականին ԱԺ ահաբեկչությունից հետո, և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում կողմ էին մահապատժի վերացմանը, պահանջում էին մահապատժի ենթարկել զինված խմբի անդամներին։ Մահապատիժն ի վերջո վերացվեց 2003 թվականին և փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, երբ 2003 թվականի սեպտեմբերին ԱԺ-ն վավերացրեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի Արձանագրություն 6-ը: Արձանագրությունը պետություններին թույլ է տալիս մահապատիժ կիրառել միայն այն հանցագործությունների դեպքում, որոնք կատարվել են պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի վտանգի դեպքում: Հայաստանում վերջին մահապատիժն իրագործվել է 1991 թվականի օգոստոսի 30-ին:

ԵԽ-ի անդամակցության հետ կապված մյուս պարտավորությունը համասեռամոլության ապաքրեականումն էր և լեսբի, նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդկանց պաշտպանությունը: Մասնավորապես, Հայաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածն այն ժամանակ քրեական պատասխանատվություն էր նախատեսում «սոդոմականության» համար (սեռական կապ երկու տղամարդու միջև): Այս հոդվածն ապաքրեականացվեց Քրեական օրենսգրքով, որն ընդունվեց 2003 թվականի ապրիլի 18-ին և ուժի մեջ մտավ 2003 թվականի օգոստոսի 1-ին:

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Ռուսաստանի գլխավորությամբ յոթ նախկին խորհրդային հանրապետությունների ռազմական դաշինք է, որը ստեղծվել է 2002 թվականին: Կազմակերպության անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: ՀԱՊԿ-ի ստեղծումից առաջ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկիր էր (ՀԱՊԿ-ի նախորդ տարբերակը): ՀԱՊԿ-ի նպատակն էր հավաքական պաշտպանություն ապահովել անդամ երկրներից ցանկացածի համար, որը կբախվի արտաքին ագրեսիայի: Հետևյալ փաստաթուղթը ներկայացնում է ռազմական դաշինքի մանրամասն նկարագիրը և բացատրում, թե ինչ առավելություններ ունի ՀԱՊԿ անդամակցությունը:


Պատկերազարդում Հարութ Թումաղյանի

Անկախություն | N11

Հայաստանի Հանրապետությունը 2021 թվականի սեպտեմբերի 21-ին տոնում է անկախության 30-ամյակը:

ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, անցկացվեց անկախության համազգային հանրաքվեն: Անկախությունը պաշտոնապես հռչակվեց երկու օր անց:

Անկախության 30-ամյա այս շրջափուլը, անշուշտ, հանդիսավոր տոնակատարություններ էր ենթադրելու, եթե միայն 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այն չստվերվեր խառը զգացումներով ու ապագայի նկատմամբ անորոշությամբ:

«Անկախություն» խորագրով EVN Report-ի ամսագրի 11-րդ թողարկումն իրականում հայացք է անկախ Հայաստանի չորս վարչակազմերին՝ բացահայտելու անցած այս տարիների մարտահրավերներն ու խոչընդոտները, գրանցված հաջողություններն ու անհաջողությունները: Առաջիկա չորս օրերին մենք լուսաբանելու ենք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998), երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (1998-2008) և Սերժ Սարգսյանի (2008-2018), ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանի (2018-2021) պաշտոնավարման տարիները:

Եվ որքան էլ մռայլ թվա ապագան այսօր, անցյալի իմաստավորումն առաջին քայլն է առաջիկա տասնամյակի համար ավելի լուսավոր ճանապարհ կերտելու համար: