
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով
Հայերի դեմքերը տագնապայնություն և անզորություն են արտահայտում: Տագնապայնություն, որովհետև Ուկրաինայի պատերազմը կարող է ամբողջությամբ փոխել խաղի կանոններն ամբողջ հետսովետական տարածքում: Անզորություն, որովհետև վերջին 30 տարիների բացարձակ քաոսը կաթվածահար է արել վերնախավի գործողությունները, որոնք այժմ կառավարում են արտակարգ իրավիճակը (իշխանության ներկայացուցիչներ) և վրեժը (ընդդիմություն): Արդյունքում, Երևանը պարուրել է գազանման խիտ ամպը` ծածկելով ոգիներն այնպես, ասես Հայաստանը կորցրել է իր ողնաշարը, ասես այն այլևս ոչ թե Պատմության սուբյեկտ է, այլ օբյեկտ:
Չորս փոխկապակցված դինամիկա
2020 թվականի Արցախյան պատերազմից առաջ Արցախի ճակատագիրը կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը ծառայում էր որպես յուրօրինակ վահան, ու թեև փխրուն էր, հաջողությամբ կանխարգելում էր բանակցությունների վրա արտաքին գործընթացների ներգործությունը: Արցախի ճակատագիրը վճռում էին ձգձգված բանակցությունները: 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած պարտությունն ու եռակողմ հայտարարության (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հետևանքները, սակայն, ջրի երես են դուրս եկել: Հիմա Արցախի ճակատագիրը կապված է չորս փոխկապակցված դինամիկ գործընթացների հետ:
Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյուն: Երևանն ու Բաքուն բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ, որը հիմնված է Ադրբեջանի ձևակերպած հինգ կետերի վրա, որոնք Հայաստանն ընդունել է` պայմանով, որ ավելացվի Արցախի կարգավիճակի հարցը: Փակուղի: Մյուս կողմից, Երևանն ու Անկարան բանակցում են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու շուրջ: Բացառությամբ նրա, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի երկարաձգումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարը պարզաբանել է, որ Հայաստանի հետ կապերի կարգավորումը կախված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից: Այլ կերպ ասած` նախապայմաններ:
Ռուս-թուրքական գործընկերությունը, որը դեռևս ամուր է, չնայած Անկարան աջակցում է Կիևին, այնուամենայնիվ, դեռ դարձելի է, եթե Անկարան խիստ բացահայտ անցնի Ուկրաինայի կողմը: Եթե Թուրքիան, որը ցանկանում է դիրքավորվել որպես Եվրոպայի սրտում ծավալվող այս պատերազմի առանցքային միջնորդ, նահանջի արևմտյան ազդեցության ոլորտ ու պոչը սեղմած վերադառնա ՆԱՏՕ, Ռուսաստանը հնարավոր է վերանայի Անկարայի հետ իր գործընկերային հարաբերությունները` հրաժարվելով 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից, և վերջ դնի Արցախում իր ադրբեջանամետ ռազմավարությանը: Եթե Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործընկերային հարաբերությունները (հաշվի առնելով այն, որ երկու երկրներն էլ խոր տնտեսական ճգնաժամի մեջ են) պահպանվեն չնայած Թուրքիայում գնաճի քայքայիչ հետևանքներին ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Ադրբեջանը, որն արդյունավետ իրագործում է ռուս-թուրքական շահերի մերձեցման դաշտի իր դերը, հնարավորություն կունենա շարունակել Արցախի հայերի հետապնդման (եթե չասենք ահաբեկչության միջոցով էթնիկ զտումների) իր պաշտոնական քաղաքականությունը Մոսկվայի աջակցությամբ:
Ուկրաինացիների և ռուսների միջև հակամարտության վիճակը: Սույն հոդվածը գրելու պահի դրությամբ Ռուսաստանը փոխել է իր ռազմավարությունը` ուժերը կենտրոնացնելով Դոնբասում և Սև ծովի ափի երկայնքով. այժմ դրանք Ռուսաստանի գլխավոր շտաբի երկու ռազմավարական կարևորություն ներկայացնող ճակատներն են, ընդհուպ մինչև Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում ռազմական հանցագործություններ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի առաջիկա շաբաթների ընթացքում: Ամեն դեպքում, ակնկալվում է, որ Ուկրաինայի ճգնաժամը, ինչպես նաև պատժամիջոցներն ու Հայաստանի և առհասարակ Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցությունը կերկարաձգվի:
Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններ: Արևմտյան պատժամիջոցների (ամերիկյան և եվրոպական) ազդեցությունը հիմա սկսում է շոշափվել Ռուսաստանում, հատկապես միջին դասում, որի գնողունակությունն ու քաղաքացիական ազատությունները զգալիորեն կրճատվել են: Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս վճռական պայքարում Եվրոպական Միությունը` ներկայում Ֆրանսիայի նախագահությամբ, սեփական նախաձեռնությամբ վերսկսել է Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացն Ադրբեջանի հինգ կետերի հիման վրա, բայց նաև հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթությունները: Այնուամենայնիվ, Ռուսաստանն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջոցով իր արևմտյան գործընկերներին զգուշացրել է չհրաժարվել Մինսկի խմբից` հաշվի առնելով այն, որ ԵՄ-ն այժմ բանակցությունների առաջնագծում է, ուստի Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների (Ռուսաստանի հետ Մինսկի խմբի երկու արևմտյան համանախագահները) հետքայլը հավասարազոր է այս հակամարտության լուծման մեջ հայերի շահերը զիջելուն: Մինչդեռ Վաշինգտոնը հստակ հասկացրել է, որ շարունակում է Մինսկի խումբը դիտարկել որպես հիմնական ձևաչափ: Փարիզի ավելի մեղմ դիրքորոշումը հավանաբար կապված է նրա հետ, որ մինչև հունիս Ֆրանսիան զբաղեցնելու է ԵՄ նախագահությունը:
Եվ այսպես, ամեն ինչ պատրաստ է. Արցախի արևելյան սահմանագծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի սադրանքներից մինչև Շառլ Միշելի առաջնորդությամբ Բրյուսելի խաղաղության նախաձեռնություն` Արցախն այլևս տեսականորեն չի վերահսկում իր ճակատագիրը, և տպավորություն է, որ Արցախի ժողովուրդը վերադարձել է 1988-ից առաջ` ԼՂԻՄ-ի ժամանակաշրջան կամ Վոլսկու կոմիտեի (Մոսկվայից ուղիղ կառավարման ժամանակահատված 1988-ի դեկտեմբերից մինչև 1989-ի նոյեմբեր) շրջան: Ինչպիսի՜ հիասթափություն: Ինչպիսի՜ հետընթաց:
Երեք տեսություն
Մինսկի խմբի վերածնունդը, գոնե, կվերաձևավորի Արցախի շուրջ անվտանգության գոտին` ապահովագրելով Արցախին միջազգային հանրության անտարբերությունից:
Այնուամենայնիվ, դրա համար պետք է, որ Արևմուտքն ու Ռուսաստանն ընդհանուր հատման կետ գտնեն` չնայած Ուկրաինայի շուրջ տարաձայնություններին: Սակայն դա չկա, քանի որ հիմա ամեն ինչ կախված է Ուկրաինայի պատերազմի վերջնարդյունքից, նույնիսկ եթե ենթադրենք, որ մոտակա ամիսներին ելք, այնուամենայնիվ, կգտնվի: Եթե ուկրաինական հակամարտությունն այս միջանկյալ հատվածում (պատերազմ և դիվանագիտություն) շարունակվի մի քանի ամիս ու տարի, Հայաստանը, այսպես ասած, զրկված կլինի տարածքային որևէ զարգացման վրա ներգործելու ունակությունից, դատապարտված կլինի ձեռքերը ծալած սպասել ավելի լավ օրերի կամ տարիների: Մյուս կողմից, եթե մոտակա օրերին կամ ամիսներին Ուկրաինայում որոշակի վերջնարդյունք գրանցվի, կարելի է ակնկալել, որ Հայաստանը կառերեսվի երեք տարբերակի:
Առաջին տարբերակը ենթադրում է Ուկրաինայում Ռուսաստանի լիակատար հաղթանակ (քիչ հավանական տարբերակ): Սա նշանակում է Կիևի գրավում, Զելենսկու կառավարության տապալում, Ուկրաինայի լիարժեք բռնազավթում և կազմակերպված ուկրաինական դիմադրության վախճան` այդպիսով իրագործելով պատերազմի բոլոր նպատակները: Այս անհավանական սցենարում մի բան հաստատ է. Ռուսաստանի հաղթանակն ու Ուկրաինայի կապիտուլյացիան նաև վերջ կդնի բոլոր հարևան նախկին Սովետական պետությունների, այդ թվում և Հայաստանի անկախությանը: Ոչ մի արևմտյան պետություն չի կարողանա միջամտել վերականգնված պատմական Ռուսաստանի ներքին գործերին:
Երկրորդն Ուկրաինայի լիարժեք հաղթանակն է (ավելի քիչ հավանական տարբերակ): Սա նշանակում է ռուսական զինուժի դուրսբերում Ուկրաինայից, Զելենսկու կառավարության պահպանում, Դոնբասի և Ղրիմի ազատագրում, մարտական գործողությունների դադարեցում և պայմանագրի ստորագրում, որով Ռուսաստանը կճանաչի Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս սցենարում Ռուսաստանի լիազորություններն ու իշխանությունը կնվազեն: Տնտեսական պատժամիջոցներն ի վերջո վնաս կհասցնեն Պուտինի վարչակարգին, իսկ Ռուսաստանի պարտությունը կհանգեցնի նրան, որ հարևան պետությունները կխլեն նրա ազդեցության ոլորտը, սկսած պրագմատիկ Չինաստանից, որը տենչում է արևելյան Սիբիրը, ինչպես նաև Իսլամական պետության ջիհադիստներից, որոնք նպատակ ունեն ծավալվել Կենտրոնական Ասիայում, և անշուշտ, Թուրքիայից և Ադրբեջանից, որոնք ուրախությամբ կօգտվեն Արցախում հայկական խնդրին վերջ տալու հնարավորությունից և կպաշարեն Հայաստանը Հարավային Կովկասում: Վերջապես, ՆԱՏՕ-ն կընդլայնի իր շահերի ոլորտն Արևելյան Եվրոպայում:
Երրորդ տարբերակը ենթադրում է ոչ-ոքի Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև (առավել իրատեսական վերջնարդյունք): Սա նշանակում է Զելենսկու կառավարության պահպանում չեզոք Ուկրաինայում, Ղրիմի ու Դոնբասի բռնակցում Ռուսաստանին և մասնատված Ուկրաինայի ճանաչում: Այս սցենարում Նորմանդական ֆորմատը կարող է վերականգնվել աննշան փոփոխություններով: Զելենսկու կառավարությունը կփրկի իր դեմքը, Արևմուտքը կհրաժարվի հետագա տարածումից դեպի արևելք, իսկ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտից, ինչպես նաև տարածքային որոշ հավակնություններից, որոնք կդառնան միջազգային միջնորդության սուբյեկտ: Այս դեպքում պարտությունը չի թուլացնի Վլադիմիր Պուտինին: Նրա վարչակարգը նույնիսկ գուցե պահպանվի, պայմանով, որ այն հարգի միջազգային իրավունքը: Այսպիսի հանգուցալուծման դեպքում, այնուամենայնիվ, նա կհայտնվի խոցելի վիճակում, քանի որ Արևմուտքը գուցե տրվի պատժամիջոցները պահելու միջոցով նրանից մեկընդմիշտ ազատվելու գայթակղությանը, բացառությամբ այն դեպքերի, եթե արևմուտքը բավականաչափ վճռական չլինի մի շարք տնտեսական (օրինակ, գազամատակարարման), քաղաքական (ինքնիշխանության հանդեպ հարգանք) և գաղափարական (պոպուլիզմ) կամ նույնիսկ հումանիտար (սոցիալական ճգնաժամի սրացում) պատճառներով:
Նոր գործիքնե՞ր
Առավել տեղեկացված հայ տեսաբանները հույսեր են կապում երրորդ վերջնարդյունքի հետ. ոչ-ոքի: Նկատի առնելով այն, որ հաղթանակն այս պատերազմի դեպքում օտար բանաձև է, քանի որ մենք առաջվա պես այլևս չենք հաղթում պատերազմներում (չկան վճռական կամ քաղաքական հաղթանակներ), ոչ-ոքիի սցենարն ամենախոստումնալիցն է թվում: Սակայն ոչինչ չի ասվում չորրորդ սցենարի մասին, որը կմիավորի նախորդ երեքից երկուսը` կախված պատերազմի ընթացքից:
Բոլոր դեպքերում, Ռուսաստանը լիարժեք հաղթանակ տանի, թե պարտություն կրի, Հայաստանն առաջ կշարժվի այն սցենարներով, որոնք հատուկ են երկրի քաղաքական զարգացմանը: Եթե Ռուսաստանը հաղթի, կարող ենք հրաժեշտ տալ Հայաստանի անկախությանը: Եթե Ռուսաստանը պարտվի, Արցախը կբախվի պանթուրքիստական առանցքում հայտնվելու վտանգին, առավել ևս, կվտանգվի հարավային Հայաստանը: Այստեղ առերեսվում ենք Հայոց հարցի երկու հենասյուների կամ Հայդատականության երկընտրանքի հետ. ո՞ր նպատակը պետք է լինի առաջնային: Մարդու իրավունքնե՞րը (անկախություն), թե՞ տարածքային իրավունքները (վերամիավորում): Ազատ և անկախ Հայաստա՞ն: Թե՞ վերամիավորված Հայաստան:
Այս տեսանկյունից, որը ծանոթ և անհանգստացնող է հայերի համար, ի՞նչ է մնում «հայկական քաղաքական վերնախավին»: Պահպանել այն, ինչ կարևո՞ր է, թե՞ ազատվել Նիկոլ Փաշինյանից: Կարևորը պահպանելը ներկայիս իշխանությունների տարբերակն է, մասնավորապես` ձեռք բերել նոր գործիքակազմ` հայկական պետականության ինքնիշխանությունը պահպանելու համար, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման միջոցով` նկատի առնելով, որ Ղարաբաղի ճակատագիրը դուրս է գալիս իր վերահսկողության տիրույթից, քանի որ Մոսկվան ուղղակիորեն վերահսկում է Ստեփանակերտը, որը ենթարկվում է օսեթիզացման գործընթացի: Այսպիսի վերջնարդյունքի հասնելը բարդ, բայց հնարավոր է Փաշինյանի կառավարության համար: Բարդ է, որովհետև հայերը սովորել են ապրել Հայաստանին սահմանակից Արցախի հետ և Թուրքիայի հանդեպ թշնամանքով: Հնարավոր է, որովհետև Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ է և հաստատվել է 2021-ից ի վեր կատարված բոլոր հարցումներում: Ցանկացած պահի նա կարող է հանրաքվե անցկացնել և լռեցնել խորհրդարանական ընդդիմությանը: Այլ կերպ ասած` ինքնիշխան պետության հաղթանակ` ազատագրման և տարածքային վերամիավորման նկատմամբ:
Մյուս տարբերակը Սարգսյան-Քոչարյան-ՀՅԴ եռապետությունն է: Դրա նպատակն է` ուժերի սահմաններում անել հնարավոր ամեն բան` Փաշինյանի կառավարությունը տապալելու և հին վարչակարգի վերադարձը հռչակելու համար, որպեսզի արժանանա Մոսկվայի բարեհաճությանը, որն իր հերթին բարեխղճորեն կաջակցի իր հայ դաշնակիցներին, նույնիսկ գուցե հետին թվով Շուշին ու Հադրութը վերադարձնի հայերին: Այսպե’ս: Սա է ՀՅԴ-ի գաղտնի ծրագիրը, որի մասին պատահաբար ասաց կուսակցության պատգամավորներից մեկը` Գեղամ Մանուկյանը, հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ.
-Մենք մի անգամ արդեն ազատագրել ենք Շուշին ու Հադրութը, մի անգամ էլ կազատագրենք,-ասաց նա, իսկ հետո խճճվեց բացատրությունների մեջ` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարելի է այդպիսի սխրանք գործել: Այլ կերպ ասած` դա ազատագրում և տարածքային վերամիավորում է` պետության հաշվին: Ինչպես 1918-ին կամ նույնիսկ 1990-1991-թվականներին…
Կարծիք
Հայ-թուրքական երկխոսությունը մինչև 1991 թվականը
2022 թվականի հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցեցին երկկողմ բանակցությունների առաջին փուլին: Կայծ Մինասյանը հետադարձ հայացք է նետում հայ-թուրքական երկխոսության տարբեր փուլերին՝ 1991 թվականին Հայաստանի անկախությունը վերականգնելու նախընթաց շրջանում:
Read moreԽՍՀՄ փլուզումն ու աշխարհաքաղաքական չավարտվող պայքարը
30 տարի առաջ՝ 1991-ի դեկտեմբերին սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը։ Սակայն, եթե նախկինում համաշխարհային գերակայության համար մրցում էին հավաքական Արևմուտքն ու Խորհրդային Միությունը՝ յուրաքանչյուրն իր փոքր դաշնակիցների հետ, ապա «նոր աշխարհում» ինքնուրույնության և «արևի տակ իրենց տեղն» ամրապնդելու հայտ են ներկայացնում ավելի ու ավելի շատ երկրներ։
Read moreԺողովրդավարություն. վտա՞նգ, թե՞ հնարավորություն
Հայաստանի անկախ և ինքնիշխան ժողովրդավարական քաղաքականությունը, ընկալվեց աշխարհաքաղաքական ենթատեքստում: Վտանգը այդ իրականությունը չտեսնելու, չգնահատելու, համապատասխանաբար ներքին, արտաքին ու անվտանգության քաղաքականությունը չվերահաշվարկելու մեջ էր։
Read moreՔաղաքականություն
Խախտված իրավունքներ․ Եվրադատարանի վճիռներն՝ ընդդեմ Հայաստանի
Դեկտեմբերի 10-ը աշխարհը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։ 2001-ի հունվարի 25-ին Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելու պահին ստորագրեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիան։ Ներկայացնում ենք Կոնվենցիայով ամրագրված այն իրավունքները, որոնց խախտումներն առավել հաճախ են հաստատվել Եվրադատարանի վճիռներով՝ ընդդեմ Հայաստանի։
Read moreԻնչպե՞ս հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի ընթացքում խուսափել փակուղուց կամ ուժի կիրառումից
Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի ձևաչափ ստեղծելու առումով տարբեր քայլեր են արվում, որոնք, սակայն, զուգորդվում են Ադրբեջանի կողմից սողացող անեքսիայի և ռազմական ագրեսիվ գործողությունների հետ։ Հոդվածն անդրադառնում է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, առաջարկություններ են արվում փուլերի, ձևաչափերի և սկզբունքների վերաբերյալ։
Read more