
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Հայերի և թուրքերի միջև մշտապես եղել է երկխոսություն` դեռևս միջնադարից մինչև արդի և նորագույն ժամանակներ: Այն եղել է ուղիղ, առանց միջնորդների, բայց հաճախ անհամաչափ, մասնավորապես՝ մի կողմից Օսմանյան կայսրության և դրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության, մյուս կողմից` հայկական հաստատությունների ներկայացուցիչների միջև (Պոլսո հայոց պատրիարքություն կամ հայկական քաղաքական կուսակցություններ): Սակայն իր զարգացման ամբողջ պատմության ընթացքում երկխոսության շրջանակներում երկու ինքնիշխան պետությունները դեմ առ դեմ հանդիպել են շատ հազվադեպ, բացառությամբ 1918-1920 թվականների: Նախկին բանակցությունների հետահայաց ուսումնասիրությունը լույս կսփռի մերօրյա խնդիրների վրա:
19-րդ դարի վերջ
Մինչ հայկական հեղափոխական շարժումը կմտներ 1880-1890 թվականների փուլ, հայերի և թուրքերի միջև երկխոսությունը սահմանափակվում էր Օսմանյան իշխանությունների և Պոլսո հայ պատրիարքության միջև բանակցություններով. վերջինս միակ հայկական հաստատությունն էր՝ ճանաչված Բարձր դռան կողմից Միլլեթի շրջանակներում, որը կրոնական համայնքներին որոշակի հարցերում ինքնակառավարման սահմանափակ իրավունք էր շնորհում: Օսմանյան կայսրության հայկական համայնքի շահերը ներկայացնելու լիազորություն ունեցող միակ մարմինը պատրիարքությունն էր, որի հենասյունն էր հայ հոգևորականությունը, ամբողջ կայսրության տարածքում գործող դպրոցների ցանցը և բարեգործական կազմակերպությունները: 1914-1915 թվականներին համայնքում շուրջ 2 միլիոն մարդ կար: Այդ թիվը զգալիորեն փոխվեց Համիդյան ջարդերից (որոնց ընթացքում սպանվեց 250 հազար հայ) և 1896 թվականի օգոստոսի 14-ին Հայ հեղափոխական դաշնակցության կողմից Օսմանյան բանկի (Բանկ Օտոման) գրավումից հետո [1], որից հետո Մեծ դուռը ձգտում էր կապ հաստատել ՀՅԴ-ի աքսորյալ քաղաքական ղեկավարության հետ Շվեյցարիայում, Ժնևում, որտեղ հրատարակվում էր կուսակցության պաշտոնական պարբերականը` «Դրոշակը»: Այս բանակցությունները գաղտնի մնացին: ՀՅԴ-ի կողմից պատվիրակությունը ղեկավարում էր Քրիստափոր Միքայելյանը, իսկ սուլթանը արտաքին գործերի գծով պետական քարտուղար Արթին Փաշա Դադյանին կարգադրել էր զբաղվել Օսմանյան պետության դիվանագիտական հարցերով: Սակայն օսմանյան պատվիրակությունը Տիրան բեյ Դադիանի և Տրդատ բեյ Դադիանի գլխավորությամբ 1897 թվականի վերջին այս գաղտնի դիվանագիտական հանդիպման մասին տեղեկատվության արտահոսք էր արել արտասահմանյան մամուլում: ՀՅԴ-ն իր հերթին հրապարակավ հայտարարեց այս բանակցությունների մասին «Դրոշակի» խմբագրականում, որը լույս տեսավ 1899 թվականի փետրվարի 28-ին: Մտքերի փոխանակումը շարունակվեց 1896 թվականի հոկտեմբերից մինչև 1898-ի հունիս և ավարտվեց կատարյալ ձախողմամբ: 1899 թվականի մարտի 11-ին երկու կուսակցությունները հայտարարեցին հարաբերությունների երկկողմանի խզման մասին: ՀՅԴ-ն մերժեց սուլթանի` օսմանյան կառավարման դեմ դաժան դիմադրության ավարտից հետո ինը ամիսների ընթացքում պահանջված բարեփոխումներ մտցնելու խոստումը: ՀՅԴ-ն պնդում էր, որ Սուլթանը որոշակի պայմաններով խոստանում է էականորեն վերանայել այն հրամանագրերը, որոնք նա արդեն իսկ ստորագրել էր նախ 1878, ապա դարձյալ 1895 թվականին:
1908 թվականի հեղափոխությունը
Հայ-թուրքական բանակցությունների երկրորդ փորձի ընթացքում օսմանյան պետության շահը ներկայացնում էին Երիտթուրքերը, երկու թևով` յակոբիններ` կենտրոնամետների գլխավորությամբ, ինչպիսին էր Ահմետ Ռիզան, և ապակենտրոնամետ ժիրոնդիններ` արքայազն Սաբահադինի գլխավորությամբ. երկու թևն էլ խիստ թշնամաբար էր տրամադրված սուլթանի նկատմամբ: Հայկական կողմը ներկայացնում էին քաղաքական կուսակցությունները, մասնավորապես ՀՅԴ-ն և Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը: Սա լայն ըննդիմադիր կոալիցիա էր ընդդեմ Փադիշահի բացարձակ իշխանության, որը նպատակ ուներ վերականգնել սահմանադրական կարգն ու արդիականացնել կայսրությունը: Բանակցությունները սկսվեցին նրանով, որ արքայազն Սաբահադինն առաջարկեց 1902 թվականի փետրվարին Փարիզում հրավիրել ընդդիմության համագումար: Այս առաջարկի շուրջ հնչակների կարծիքները բաժանվեցին. ոմանք, որոնք ներկայացնում էին կուսակցության «Վերակազմյալ» թևը, համաձայն էին Երիտթուրքերի ժիրոնդինյանների թևի հետ համագործակցելու գաղափարին, իսկ կուսակցության ղեկավար անդամները վճռականորեն դեմ էին: ՀՅԴ-ի ղեկավարությունը, հակառակը, միաձայն հանդես եկավ գաղափարի օգտին, բայց Փարիզում անցկացված կուսակցական ժողովի ժամանակ, որին ներկա էին Վարանդյանը, Ակնունին, Ահարոնյանը և Քրիստափորը, չհաջողվեց հստակ բանակցային դիրքորոշում ձևակերպել: Քրիստափորը պատրաստակամություն հայտնեց երկխոսություն նախաձեռնել թուրքերի հետ, բայց հրաժարվեց որևէ կերպ համագործակցել ժակոբինյան թևի հետ՝ պարզաբանելով, թե նրանց հայացքները, որոնք ներկայացնում էր Ահմետ Ռիզան, ավելի ահարկու էին, քան սուլթանի հայացքները: Այս անհամաձայնությունը հրապարակավ բարձրաձայնվեց «Դրոշակ» պարբերականի խմբագրականում, որը լույս տեսավ 1900 թվականի հոկտեմբերին, «Միություն թուրքերի հետ» խորագրով. խմբագրականում նա հարցականի տակ է դնում համագործակցության նպատակահարմարությունը մի կազմակերպության հետ, որը դեռևս հանդես չի եկել որպես քաղաքական ուժ, որն ի զորու է ձեռնոց նետել կայսերական իշխանությանը: Նրանց խոստումներն անհամատեղելի էին ագրեսիվ նացիոնալիզմի հետ, որը պաշտպանում էր Ահմետ Ռիզան, ինչն էլ արմատապես հակասում էր ազատական սկզբունքներին:
Այսպիսով, 1902 թվականի առաջին համագումարն ավարտվեց երկու կողմերին, մասնավորապես` արմատականներ Ահմետ Ռիզային և ՀՅԴ-ին համաձայնության բերելու նպատակի կատարյալ ձախողմամբ: Այս խզումն ի վերջո հանգեցրեց Յակոբինյան թևի և «Միասնություն և առաջադիմություն» կոմիտեի (իթթիհատիստներ) պառակտմանը: Հինգ տարի անց` 1907 թվականի դեկտեմբերին, Սուլթանի ընդդիմադիրների երկրորդ համագումարը նույնպես տեղի ունեցավ Փարիզում: Այս անգամ այն ավարտվեց «Միասնություն և առաջադիմություն» կոմիտեի և ՀՅԴ-ի միջև համաձայնագրի ստորագրմամբ:
Այս բանակցություններին հանգեցրած հանգամանքները կտրուկ տարբերվում էին նախորդ փուլից: Քրիստափորը, որը դեմ էր «Միասնություն և առաջադիմություն» կոմիտեի հետ որևէ համաձայնության, մահացավ 1905 թվականին, իսկ նրա հետնորդները մերժեցին նրա վերապահումները: 1904 թվականին ճնշվել էր Սասունի երկրորդ ապստամբությունը:
Սուլթանը չտուժեց 1905 թվականի հուլիսի 21-ին Յիլդիզ մզկիթի մոտ ՀՅԴ-ի կազմակերպած մահափորձից, որը դատապարտվեց «Միասնության և առաջադիմության» կողմից: Վերջապես, Եվրոպայի սոցիալիստական ղեկավարությունը, այդ թվում և Ժան Ժորեսը, իր աջակցությունը հայտնեց «Միասնության և առաջադիմության» ու ընդդիմադիրների համագումարի գաղափարին, որը ստեղծվել էր թուրք-հայկական համաձայնության շուրջ: Սա նախապայման էր, և եվրոպացիներն ակնկալում էին, որ ՀՅԴ-ն կընդունի այն` Երկրորդ ինտերնացիոնալին անդամակցելու իրավունք ստանալու համար, որը տեղի ունեցավ 1907 թվականին, Շտուտգարդի համաժողովում: Սահմանադրությունը վերականգնելու, հայ բանտարկյալներին ազատելու և կայսրության անհրաժեշտ արդիականացման դիմաց ՀՅԴ-ն պարտավորվում էր դադարեցնել փարիզյան «Պրո Արմենիա» պարբերականի գործունեությունը, ինչպես նաև զենքը վայր դնել Օսմանյան կայսրության ներսում` այդպիսով դադարեցնելով բոլոր պարտիզանական և ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախը կայսերական պաշտոնյաներն էին: Հնչակյանները դատապարտեցին այս փոխզիջումը, որին կողմ էին օսմանահայկական պահպանողական և ազատական գործիչները, այդ թվում նաև Պոլսո հայոց պատրիարքը, թեև երկկողմ համաձայնագրի պայմաններով նրա պաշտոնը խիստ սահմանափակվում էր:
1908 թվականի Երիտթուրքերի հեղափոխությունը, ըստ էության, հայ պատրիարքին զրկեց ներկայացուցչական մենիշխանությունից: Այդուհետ պատրիարքին շրջապատող հայ գործիչները 1908 թվականի աշնանը տեղի ունեցած օրենսդրական ընտրություններում ստիպված էին աշխատել ՀՅԴ-ի հեղափոխականների, «Միասնության և առաջադիմության» դաշնակիցների հետ: Վերջինիս և ՀՅԴ-ի երկխոսությունը շարունակվեց մինչև 1912 թվականը, երբ Բալկանյան առաջին պատերազմի բռնկումը դարձյալ միջազգային օրակարգ բերեց Հայոց հարցը, ինչպես նախատեսում էր Սանկտ Պետերբուրգը և Սուրբ Էջմիածինը` ի հեճուկս Պոլսո հայոց պատրիարքության և Թուրքիայի հայ հեղափոխականների կարծիքի: Չնայած ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարեց, որ խզում է կապը «Միասնության և առաջադիմության» հետ, բանակցությունները շարունակվեցին մինչև 1914 թվականի ամառ, հատկապես Էրզրումում անցկացված ՀՅԴ 8-րդ համաշխարհային համագումարի ընթացքում. այդ ժամանակ Եվրոպայում արդեն սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը: Պատմության մնացած մասը հայտնի է:
Հայաստանի առաջին անկախությունը
Երկխոսության երրորդ փորձը տեղի ունեցավ երկու նախկին դաշնակիցների միջև, այս անգամ` ինքնիշխան պետությունների կառավարությունների տեսքով` Երիտթուրքերի ղեկավարած Օսմանյան կայսրության և ՀՅԴ-ի ղեկավարությամբ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության միջև, որը ծնվել էր բոլորովին վերջերս` Ռուսական քաղաքացիական պատերազմի փլատակների վրա: Օսմանյան կայսրության կողմից երիտասարդ հայկական պետության` 14-րդ դարում Կիլիկյան Հայաստանի թագավորության անկումից ի վեր առաջին օրինական ինստիտուտի ճանաչումը մեծ իրարանցում առաջացրեց հայերի շրջանում: Այլախոհները, ռազմաճակատի նշանավոր հրամանատար գեներալ Անդրանիկի գլխավորությամբ, հրաժարվեցին օրինականացնել հայկական պետությունը` մերժելով այն որպես Թուրքիայի կողմից կառավարվող բանանային հանրապետություն, որը հրաժարվում էր Արևմտյան Հայաստանի նկատմամբ ցանկացած պահանջից:
Նույն ժամանակ, ավելի քան չորս ամիս` 1918 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր, պաշտոնական հայկական կառավարական պատվիրակությունը՝ ՀՅԴ-ի նշանակած Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ, գործուղվել էր Կոստանդնուպոլիս` Երիտթուրքերի հաշվին վայելքներ անելու և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցելու համար. կայսրությունը վերջին շրջանում մի շարք լուրջ պարտություններ էր կրել կովկասյան և արաբական ռազմաճակատներում:
Միայն ծնունդով Թուրքիայից Լևոն Շանթը հրաժարվեց մասնակցել բանակցություններին` համարելով, որ անընդունելի է բանակցել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների` Թալեաթի, Ջեմալի, Էնվերի և այլոց հետ:
Արդյոք սխա՞լ էր Կոստանդնուպոլիս մեկնելը: Նրանք դավաճաննե՞ր էին: Այլընտրանք ունեի՞ն: Այս երեք հարցերի պատասխաններն են` համապատասխանաբար «այո», «ոչ» և «ոչ»: Ազգային շահը հայ պաշտոնյաներին ստիպում էր գնալ Կոստանդնուպոլիս. քաղաքականության մեջ զգացմունքները տեղ չունեին, և այն ժամանակ ոչ ոք չէր համարձակվում հայ բանակցողներին «դավաճան» անվանել (բացառությամբ բոլշևիկների, բայց նրանք շատ ավելի ուշ պիտի գային): Հայաստանի դիվանագիտական պատմության այս անհայտ դրվագը, որը նույնիսկ ՀՅԴ առաջնորդներից քչերին է հայտնի 1950-ականներից մինչև մեր օրերը, պետք է մտածելու տեղիք տա բոլոր նրանց, ովքեր այսօր արմատապես դեմ են թուրք պաշտոնյաների հետ ցանկացած երկխոսության:
Ինքնիշխանության կորուստ
Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայ-թուրքական երկխոսությունը նոր ծավալներ ստացավ: Հին իմպերիալիստական վարչակարգերը` թե՛ ռուսական, թե՛ օսմանյան, անհետացել էին, բոլշևիկ և քեմալիստ հեղափոխականները Մոսկվայում և Անկարայում իրենց ձեռքն էին վերցրել վերահսկողությունը: Հայերը, բոլշևիկամետ լեգիտիմիստների և դաշնակցական սեպարատիստների միջև բաժանված, պայքարում էին միմյանց դեմ հայ ժողովրդի բարեհաճությունը շահելու համար: Չնայած դրան, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Օսմանյան Կայսրությունը, չնայած երկուսն էլ թուլացող վարչակարգերի ներկայացուցիչներ էին, 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրեցին Սևրի պայմանագիրը։ Մինչ թանաքը կչորանար, պաշտոնական փաստաթուղթն արդեն հնացել էր եվրոպացիների խաբեության, Վերսալի խաղաղության պայմանագրում բոլշևիկների և քեմալիստների բացակայության, և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Սևրի պայմանագիրը չվավերացնելու պատճառով, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար արբիտրաժային որոշումը բարեհաճ էր հայերի նկատմամբ:
Հայաստանը թուրքերի հետ ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, երբ Երևանում իշխանությունն անցավ բոլշևիկներին: Սովետները ստորագրեցին Մոսկվայի (1921թ. մարտ) և Կարսի (1921թ. հոկտեմբեր) պայմանագրերը թուրք հանրապետականների հետ` այդպիսով թաղելով Հայոց հարցը Կովկասում: Դրանից հետո քեմալիստների և բոլշևիկների դաշինքը թանձր քողով ծածկելու էր հայկական հարցը, ճիշտ այնպես, ինչպես Նիկոլայ Երկրորդը և Աբդուլ Համիդ Երկրորդը 30 տարի առաջ` 1894-1896 թվականների ջարդերի ժամանակ: Ռուս-թուրքական համագործակցությունն ի վնաս Հայաստանի ևս մի անգամ գլուխ կբարձրացնի մի դար հետո` Էրդողանի և Պուտինի դեմքով: Հանուն ժողովուրդների համերաշխության` հին կոմունիստական կարգախոսի, քեմալիստներն ու բոլշևիկները թաղեցին Սևրը, որն առաջինները համարում էին «չափազանց արևմտամետ», իսկ վերջինները` «չափազանց բուրժուական»: Ինչպես տեսնում ենք, ռուս-թուրքական դաշինքը հիմնված էր հակաարևմտյան հռետորաբանության վրա:
Աքսորում
Երկխոսությունը 1920-ականներին շարունակվեց արտասահմանում՝ Պրոմեթևս դաշինքի շրջանակներում, որը նոր համակարգում միավորում էր ռուսական լծի տակ ապրած բոլոր ժողովուրդներին: Բայց այն չէր ներառում բացառապես թուրք-հայկական հարաբերությունների մեր օրակարգը, որովհետև անդրադառնում էր ոչ միայն հայերի (ՀՅԴ) և ադրբեջանցիների (Մուսաֆաթ), այլև վրացիների և մուսուլման հյուսիսկովկասցիների բանակցություններին: Մտքի այս փոխանակումները որևէ կոնկրետ արդյունքի չհանգեցրին, հատկապես որովհետև երկու դաշնակցական պատվիրակները` Ռուբեն Տեր-Մինասյանը և Սիմոն Վրացյանն ատում էին միմյանց, գործի դրեցին դատարկ աթոռի քաղաքականություն: Սա չխանգարեց, որ Շահան Նաթալին` բարձրաստիճան պաշտոնյաների դեմ «Նեմեսիս» գործողության հայրերից մեկը, որը նաև ՀՅԴ բյուրոյի անդամ էր, հեռու մնա իր կուսակցական ընկերներից: Նրան հեռացրին կուսակցությունից: Շահան Նաթալին հաշիվները մաքրեց կուսակցության ղեկավարության հետ` առավել թիրախավորելով Ռուբեն Տեր-Մինասյանի կամայականությունները, քան Սիմոն Վրացյանի դիվանագիտական հոտառությունը:
Միջպատերազմական շրջանից մինչ ՍՍՀՄ-ի փլուզումն ընկած ժամանակահատվածը բնորոշվում է հայերի և թուրքերի միջև երկխոսության երկու վերջնական հայեցակետով: Առաջինը, ըստ էության, անհայտ է. Ավստրիայի կանցլեր Բրունո Կրայսկիի հովանու ներքո 1974 թվականի հունվարի 25-ին Վիեննայում տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայի կանցլեր Ուիլի Բրանդի, Թուրքիայի վարչապետ Բյուլեն Էջևիթի, Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Միտերանի և ՀՅԴ գլխավոր քաղտուղար Հրայր Մարուխյանի միջև: Այսպիսով, այն նախորդում է Ֆրանսիայում 1974 թվականի նախագահական ընտրություններին և Կիպրոսի ճգնաժամին, որը տեղի է ունեցել նույն տարվա ընթացքում: Երեք եվրոպական սոցիալիստական կուսակցությունների առաջնորդները փորձեցին ճնշում գործադրել Էջևիթի վրա` ցեղասպանության ճանաչման նպատակով հայերի հետ երկխոսություն սկսելու համար, բայց Թուրքիայի վարչապետը մերժեց զիջումների մասին ցանկացած խոսակցություն` հայտարարելով, որ «հայկական հարց գոյություն չունի: Այն, ինչ վերցրել են զենքով, կարելի է վերադարձնել միայն զենքով»: Քննարկումը լարվեց, և Մարուխյանը թուրք զրուցակցին զգուշացրեց Անկարայի կողմից մերժման հետագա վտանգների մասին: Մի քանի շաբաթ անց Էջևիթն այս մեկնաբանությունը բառացի կրկնեց Լոնդոնում, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի համաժողովի ընթացքում: Արդյունքում՝ Վիեննան և Փարիզը առաջին երկու մայրաքաղաքներն էին, որտեղ 1975 թվականին Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները հարձակում գործեցին թուրքական թիրախների վրա: Զուգադիպությու՞ն էր սա, թե՞ ահազանգ:
Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Ժնևում, ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով: 1979 թվականի նոյեմբերին Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Իհսան Սաբրի Չագլայանգիլը Ժնևում հանդիպեց սփյուռքի երեք հայկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նրա կառավարությունը պահանջում էր «ահաբեկչության անհապաղ և առանց պայմանների դադարեցում»: Երեք կուսակցությունները հրաժարվեցին միջնորդ լինել Անկարայի և ահաբեկչական խմբերի միջև, հրաժարվեցին իրենց վրա պատասխանատվություն վերցնել զինված գործողությունների համար և քննադատեցին Թուրքիայի ամբարտավանությունը: Այս հանդիպումը որակվեց որպես ձախողում, թեպետ բանակցողները պայմանավորվեցին մասնակցել հետագա հանդիպումներին, որոնք չեղարկվեցին 1980 թվականին Անկարայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքով:
Այսպիսով, շարունակված թուրք-հայկական երկխոսությունը որևէ դրական արդյունք չգրանցեց հայկական պետության անկախության վերականգնման նախընթաց տարիներին: Մի դեպքում այն ավարտվեց ծանրագույն ողբերգությամբ` ցեղասպանությամբ, մյուս դեպքում` լիակատար ձախողմամբ: Առավել հաճախ թուրքերը փորձում էին գաղտնի պահել այդ բանակցությունների մասին տեղեկությունները` բազմապատկելով նախապայմաններն ու համակարգված ձևով ձգտելով վերանայել նախկինում իրենց ընդունած փոխզիջումները:
Ծանոթագրություններ.