7 տարեկան որդիս առավոտյան հագավ «զինվորական հագուստը», որը դեռ անցյալ տարի էր ստիպել գնել, ու շտապեց դպրոց, որտեղ բանակի օրվան ընդառաջ միջոցառման պետք է մասնակցեր։ Վերադառնալով ոգևորված զանգահարեց ու ասաց, որ ուսուցիչը հագել էր «իսկական» համազգեստ, բերել էր «իսկական» զենք, իսկ աղջիկներն էլ տոնի առթիվ նվիրել էին թխվածքաբլիթներ։
2020-ի Արցախյան պատերազմից հետո, ինչպես շատերը, այնպես էլ ես, շատ ավելի զգացմունքային եմ արձագանքում բանակի, ծառայության, զինվորների հետ կապված յուրաքանչյուր թեմայի, իսկ «զինվոր լինելու» որդուս հանդուգն սպասումն ամեն անգամ էլ ավելի է խոցում ծանր պատերազմի կորուստների հետևանքով դեռ խելքի չեկած ներաշխարհս։
Առաջին անգամ զորամասում եղել եմ ճիշտ այն տարիքում, ինչ հիմա տղաս է՝ 1996-ի նոյեմբերին, երբ եղբայրս նորակոչիկ էր Վարդենիսի զորամասերից մեկում։ Հիշողությանս մեջ դաջվել է նախկինում հոգեբուժարան եղած կիսաքանդ համալիրից մնացած մի քանի շինություններում տեղակայված զորամասը։ Մթնշաղին, երբ դարուփոսերով ճանապարհով ճաշարանից դեպի կացարան քայլող զինվորները բանակի հիմնը համարվող՝ «Երազ իմ հայրենիքը» սկսեցին երգել, մեքենայից նրանց հետևող քրոջս հետ սկսեցինք լացել, իսկ երբ հեռվից նկատեցինք խունացած համազգեստով մեր զինվոր եղբորը, զգացմունքները տակնուվրա եղան։ Ես փոքր էի, բայց գիտակցում էի՝ զինվորը բացարձակ արժեք է։
Բազմաթիվ կորուստներով հյուսված անկախության ճանապարհին իմ ընտանիքը կորցրել է երկու մորեղբայրներիս, ու նրանց հիշողություններով և կարոտով ողողել իմ ամբողջ մանկությունը, որի դրոշմը կրել է հետագա կյանքս։ Նորանկախ երկրի բոլոր դժվարություններին իմ ընտանիքն ըմբռնումով է մոտեցել ու արդարացրել՝ «երկիր ենք կառուցում» պարզ ճշմարտությամբ ու հպարտացել կազմավորված յուրաքանչյուր հաստատությամբ, որից ամենաառանցքայինը համարելով բանակը։
Արդեն որպես լրագրող, 2010-2014-ին եղել եմ մի քանի զորամասերում, հայ-ադրբեջանական սահմանը պահող տասնյակից ավել դիրքերում, սարսռացել եմ ամեն պահի քեզ սպանելու հնարավորություն ունեցողներից մի քանի մետր հեռավորությամբ տեղակայված խորշերում, հիացել ինձնից մի քանի տարով փոքր տղաների սառնասրտությամբ ու ինձ, և իրենց տունը համարող, երկրագնդի վրա այս չերևացող մի կտոր հողագունդը պաշտպանելու պատրաստակամությամբ։
Ուրախացել եմ բանակի յուրաքանչյուր ձեռքբերմամբ, ցավել բանակի յուրաքանչյուր կորստի համար։ Բարկացել բանակի ու զինվորականության շահարկմամբ, երեխաների, հասարակության անհարկի ռազմականացմամբ։ Հավատացել ու հպարտացել եմ զինվորների տոկունությամբ, անգամ 2020-ի պատերազմի անդառնալի կորուստներից հետո, չնայած բազմաթիվ անպատասխան հարցերի, շարունակել եմ վստահել։
Սակայն անցյալ շաբաթ` հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգությունը, երբ ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող, ևս 3 զինծառայողի վիճակն էլ դեռ ծանր է, մի շարք հարցեր է առաջ բերել: Այս` զգացականության ու միաժամանակ խիստ իրատեսական հակասության մեջ, երբ, չնայած տարիներով տղաներին մտքումս ակամա բաժանել եմ բանակում ծառայածների ու «փախածների», հիմա ինքս ինձ հարցնում եմ` արդյոք ես ուզում եմ լինել զինվորի մայր, արդյոք ես ցանկանում եմ, որ որդիս ծառայի այսչափ, փաստորեն, բարձիթողի համակարգում:
Սա հարց է, որը վստահ եմ իմ երկրում շատերն են իրենց տալիս, թերևս ապագա երեխայի սեռն իմանալուց անմիջապես հետո, երբ խոսույթով արդեն մեզ կարգում են որպես ապագա զինվոր լույս աշխարհ բերող։ Սա հարց է, որի պատասխանը շատերին ստիպել է թողնել սիրելի երկիրն ու հեռուներում գտնել որդիների ապահովությունը։ Սա հարց է, որ այսքան որդիներ կորցրած իմ երկրում ամաչում ենք բարձրաձայնել․ ոչ մեկիս որդին, հաստատ, առավել չէ։
Առանց այն էլ փակ ու հանրային վերահսկողությունից դուրս համարվող բանակը 2020-ի պատերազմից հետո առավել անհասանելի է դարձել։ Աղետալի պատերազմից մնացած բազմաթիվ հարցեր՝ երբեմն ցավից, բայց առավելապես՝ չվնասելու մտահոգությամբ շարունակում ենք չբարձրաձայնել, մինչդեռ, փաստորեն, այդ լռությունը բերում է նոր, անդառնալի հետևանքների։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2022-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ բաց աղբյուրներից հավաքագրված տվյալների համաձայն՝ գրանցվել է 50 զինծառայողի ոչ մարտական մահվան դեպք, 2021-ին՝ 57 դեպք։
Ու այսօր, երբ Հայաստանի ազգային բանակը՝ Զինված ուժերը տոնում է կազմավորման 31-րդ ամյակը, ես կուզեի իմանալ, թե ինչո՞ւ են մեր մեծ ու փոքր հարկերով պահվող բանակում դեռևս երբեմն ախոռի նմանվող պայմաններ, անսարք մեքենաներ, ինչու և դեռ քանի տարի են զորանոցները տաքացվելու վտանգավոր համարվող եղանակներով, ինչու դեռ կահավորված չեն կամ բավարար ու ժամանակակից մեթոդներով կահավորված չեն դիրքերը, ինչու են դեռևս ծնողներն ապահովում ծառայող որդիներին զանազան տնտեսական պարագաներով, ինչո՞ւ են բանակում վախենում՝ վախենում խնդիրների բարձրաձայնելուց, վախենում արմատապես պայքարելուց այդ համակարգը քայքայած կոռուպցիայի դեմ, վախենում/խուսափում բարեփոխվելուց և այլն, հարցերի շարանը երբեք չի ավարտվում։
Մինչդեռ սրանք պարզ հարցեր են, որոնք, միանշանակ, ռազմական գաղտնիք չեն պարունակում, ես գիտեմ հարցերի թույլատրելի սահմանը։ Գիտեմ, որ կան հարցեր, որոնք պատերազմող երկրում լայն հասարակություններին կարող են նաև հասանելի չլինել։ Բայց ստացվում է, որ շուրջ 30 տարի «երկիր կառուցելու» արդարացմամբ քողարկել ենք հանցավոր անգործությունը, կամ, ավելի ճիշտ՝ հանցավոր կոռուպցիոն գործունեությունները։
Ես, իհարկե, կուզեի հավատալ, որ մինչև որդուս բանակի տարիքին հասնելը երկիրս այնքան ամրացած կլիներ, որ բանակի կարիք էլ այլևս չի ունենա, սակայն, ցավոք, գիտակցում եմ, որ այս տարածաշրջանում դժվար կլինի գոյատևել առանց մարտունակ բանակի: Իսկ պարտադիր զինվորական ծառայությունը մասնագիտացված բանակով փոխարինելու բազմաթիվ խոստումների ի կատար ածվելուն դեռևս կասկածամտությամբ եմ վերաբերվում՝ հաշվի առնելով երկրիս ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական սուղ պայմանները։
Սա ինձ համար չափազանց դժվար ինքնախոստովանություն է, որը գրում եմ՝ հույս ունենալով, որ այսուհետ քաջություն կունենանք խոսելու և անկեղծորեն բարձրաձայնելու խնդիրները` վախի, պաթոսի ու ինքնախաբեության շղարշի տակ չթաքցնելով։
Թերևս միայն այդպես կկարողանանք կառուցել բանակ, որը կդառնա ապահովության, սոցիալական հավասարության, կրթվելու, ինքնուրույն ապրելու, հասարակության մեջ ներառվելու համակարգ, այլ ոչ թե գոյատևելու և հոգեպես, երբեմն էլ ֆիզիկապես խեղվելու վայր:
Ես ուզում եմ լինել զինվորի մայր, որն ունի երաշխիքներ, որ իր որդին ծառայելու է հայրենիքին ու ամրացած հետ է վերադառնալու՝ արդեն քաղաքացիական կյանքում իր ներդրումն ունենալու: