
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով թուլացած Հայաստանը փորձում է նորոգել իր դիրքերը, ինչը ներառում է անվտանգային միջավայրի մարտահրավերների, սպառնալիքների և ռիսկերի գույքագրում, դրանց համապարփակ գնահատում, պետական և ազգային շահերից բխող դիրքորոշումների բյուրեղացում և համապատասխան արտաքին քաղաքական գործընթացների միջոցով դրանց սպասարկում:
Միևնույն ժամանակ, ցայսօր, Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ դիրքավորվելու փուլը ոչ միայն չի կարելի համարվել ավարտված, այլև՝ դրա համար անհրաժեշտ հայանպաստ, իրատեսական և միջազգային հանրության շրջանում ընկալելի դիրքորոշումների ձևավորման գործընթացը շարունակվում է:
Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և ուղղորդմամբ, հետևողականորեն ջանում է իր ռազմական հաջողությունները կապիտալիզացնել քաղաքական դաշտում: Պատերազմի ավարտից ի վեր, բոլոր հանդիպումների և բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կապիտալիզացիան մեծ մասամբ կախված է թուրք-ադրբեջանական տանդեմից, քանի որ ուժի և/կամ ուժի սպառնալիքի գործադրման քաղաքականությունը եղել է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի մենաշնորհը: Միջազգային իրավունքի այս երկու սուբյեկտների սուբյեկտայնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների և տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերում մեծապես հենվել է ուժի գործադրման քաղաքականության վրա՝ համեմված պայքարի հիբրիդային մարտավարության տարրերով, այն է՝ և’ տեղեկատվական-քարոզչական, և’ ռազմական, և’ քաղաքական, և’ միջազգային իրավական գործիքակազմի միաժամանակյա գործարկում: Հետևաբար, հայկական կողմերի հաջողության գրավականն առաջին հերթին պայմանավորված է նրանով, թե ինչքանով մեզ կհաջողվի Ադրբեջանի հայատյաց և միլիտարիստական քաղաքականության դեմ մեր պայքարն առաջ մղել նույն հիբրիդային տրամաբանության շրջանակներում:
Հիբրիդային մարտավարության հիմքում առաջին հերթին ընկած է ընտրված գործիքակազմի միաժամանակյա կիրարկումը: Ըստ այդմ, Հայաստանի ազգային և պետական շահերի սպասարկմանը միտված բոլոր՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական և միջազգային իրավական գործընթացները կարող են հաջողել բացառապես դրանց՝ միաժամանակյա կիրարկման շնորհիվ:
Հայաստանը կարող է բանակցել Ադրբեջանի հետ, բայց միևնույն ժամանակ թակել միջազգային հանրության բոլոր դռները՝ Ադրբեջանին ագրեսոր ներկայացնելու համար: Հայաստանը կարող է խաղաղության դարաշրջան բացելու դիրքորոշում հայտնել ի լուր աշխարհի, եթե այն դիտարկում է Ադրբեջանի միլիտարիստական քաղաքականության դեմ պայքարի գործիքակազմի բաղադրիչի տեսանկյունից: Հայաստանը կարող է կոնստրուկտիվ դիրքերից հանդես գալ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, բայց միևնույն ժամանակ, հետամուտ լինել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկած «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման դեմ կոնվենցիայի» շրջանակներում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցադիմումի թեզերի շրջանառությանը միջազգային կառույցներում և երկկողմ հարթակներում: Եվ վերջապես՝ Հայաստանը կարող է շարունակել ամրապնդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, հավատարիմ մնալ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթներին, բայց միևնույն ժամանակ դրանցում առկա քիչ թե շատ հայանպաստ դրույթների ապահովման նպատակով աշխատել տարածաշրջանային և արևմտյան գործընկերների հետ:
Սույն թվականի. նոյեմբերի 26-ին, ռուսական կողմի միջնորդությամբ, Սոչիում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների հանդիպումն ուշագրավ էր մի քանի տեսանկյունից․մասնավորապես՝ ՌԴ-ն մեկ անգամ ևս ընդգծեց արցախյան պատերազմին հաջորդիվ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործընթացներում առաջատար դեր ունենալու իր հաստատակամությունը: Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն դրական արտահայտվեց Բրյուսելում, Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման առումով՝ ըստ էության՝ սրանով ակնարկելով, որ այդ հանդիպումը չի դիտարկվում որպես ռուսական միջնորդական ջանքերին հակակշիռ, այլ՝ շարունակություն, կամ եթե կուզեք՝ աջակցություն: Այս համատեքստում հատկանշական է նաև, որ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի համար ձևավորվելիք հանձնաժողովը լինելու է երկկողմ, իսկ կողմերի դիմելու պարագայում Ռուսաստանը կստանձնի խորհրդատվական առաքելություն: Հետևաբար, սպասվելիք բրյուսելյան հանդիպման համատեքստում արդեն իսկ տեսանելի էր, որ Ռուսաստանը փորձում է Եվրոպական Միության հետ պահել բաց պատուհաններ՝ հայ-ադրբեջանական կնճռոտ խնդիրները քննարկելու և կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերելու համար:
Առաջին հայացքից թվում է, թե սա որևէ դեպքում չպետք է բխեր ՌԴ տարածաշրջանային շահերից, քանի որ այն ամենն ինչ տեղի է ունենում Ռուսաստանի սահմանների հարևանությամբ, Ռուսաստանը դիտարկում է իր օրինական շահերի տեսանկյունից և յուրաքանչյուր, մասնավորապես արևմտյան միջամտության վերաբերվում է քաղաքական խանդով: Մինչդեռ, խորապես հավատացած եմ, որ, ՌԴ – հավաքական արևմուտք հարաբերություններում հետզհետե աճող լարվածությունը, առավելապես պայմանավորված ուկրաինական խնդրով, Ռուսաստանին դրդեց հայ-ադրբեջանական օրակարգային խնդիրների համատեքստում գնալ ԵՄ հետ փոխգործակցության պոզիտիվ օրակարգ ձևավորելու ուղղությամբ: Եթե այս ամենին գումարում ենք նաև Արցախում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտից հետո Արցախը լքելու մասին Ադրբեջանի հավանական դիրքորոշումը, ապա, առավել քան պարզ է դառնում, որ ՌԴ-ն փորձում է արևմտյան գործընկերների հետ եռակողմ փաստաթղթերի դրույթների իրագործման շուրջ պոզիտիվ օրակարգ ձևավորելու միջոցով որոշակի երաշխիքներ ձևավորել նաև իր՝ Արցախում խաղաղապահ առաքելությունը շարունակելու համար:
Այս ամենը, միանշանակ, բխում է հայկական կողմերի շահերից, քանի որ, ըստ իս, Հայաստանի թիվ մեկ մարտահրավերն ու անելիքը հետպատերազմյան տարածաշրջանում հանդիսանում էր առկա դե յուրե եռակողմ /Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան/, բայց դե ֆակտո քառակողմ /Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա/ գործընթացներում հնարավորինս արևմտյան առանձին դերակատարների և կառույցների ներգրավումը՝ ոչ միայն բալանսավորելու համար տարածաշրջանում խախտված ուժային հավասարակշռությունը, այլ նաև՝ Ադրբեջանին ուժի կամ ուժի սպառնալիքի գործելաոճից հետ պահելու համար:
Դեկտեմբերի 14-ին, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ այդքան սպասված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը և դրա արդյունքները հակված եմ դիտարկել հենց վերոնշյալի համատեքստում: Այսպես՝ հանդիպմանը հաջորդիվ ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ն ոչ միայն կողմերին կոչ արեց լարվածության թուլացման ուղղությամբ աշխատանքներ տանել, այլ նաև՝ առաջարկեց փորձագիտական — խորհրդատվական առաքելություն՝ աջակցելու համար սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին: ԵՄ ներգրավումն այս գործընթացում հայկական կողմի համար հավելյալ երաշխիքներ է ստեղծում առ այն, որ Ալիևի վարչակազմը հայ-ադրբեջանական սահմանների դեմիլիտացիայի և դեմարկացիայի գործընթացում զերծ կմնա ռազմական ուժի կիրարկմամբ իր համար բարենպաստ պայմաններ ձևավորելու գայթակղությունից, իսկ ռուսական կողմի համար՝ ԵՄ հետ կիսելու միջնորդական-խորհրդատվական-փորձագիտական պատասխանատվությունը՝ գործընթացի ոչ սահուն ընթանալու պարագայում:
ԵԽ նախագահի տարածած հաղորդագրության դրույթներում իր ուրույն տեղն է զբաղեցնում հաղորդակցության ուղիների վերականգնման կարևորության հարցը, ընդ որում, այն դիտարկվում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևորության տեսանկյունից, այլ նաև՝ ողջ Հարավային Կովկասի համատեքստում: Ավելին՝ ընդգծվում է բոլոր պետությունների սուվերենությունը հարգելու սկզբունքը: Այս շեշտադրումը սառը ցնցուղ էր Ադրբեջանի նախագահ Ալիևի համար, քանի որ, անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, վերջինս բառացի հայտարարեց հետևյալը. «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Այդպիսով, սա պարտավորություն է Հայաստանի համար: Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի «Զանգեզուրի միջանցք»։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում»։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»։ Ավելին՝ այսպես կոչված զանգեզուրյան միջանցքը Լաչինի միջանցքի հետ կապելու մասին Ադրբեջանի հրապարակային առաջին հայտարարությունն արվել էր դեռևս հոկտեմբեր ամսին, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից, երբ վերջինս, որպես Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ադրբեջանական կոնստրուկտիվ դիրքորոշում առաջ բերեց Արցախի հետ կոմունիկացիաների բացման վերաբերյալ իր պարտավորությունների կատարումը: Սրանով, ըստ էության, ադրբեջանական կողմն արդեն իսկ ի ցույց դրեց իր փորձերը՝ օրակարգ բերել Լաչինի միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության նույնականացումը: Այս կեղծ թեզի օրակարգային դառնալու դեպքում, այն Ադրբեջանին հավելյալ լծակներ կընձեռի Հայաստանի հետ բազմաշերտ բանակցությունների ընթացքում: Հետևաբար, ըստ իս, Բայրամովի հայտարարությունից հետո արդեն իսկ հայկական կողմն առնվազն արտաքին գործերի նախարարության մակարդակով պիտի հրապարակային կոշտ դիրքորոշում հայտներ դրա վերաբերյալ և լծվեր միջազգային գործընկերների հետ աշխատանքներում այն չեզոքացնելու գործին: Այնպես որ, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ալիևի հնչեցրած ելույթն ամենևին անակնկալ չէր կարող լինել:
Միևնույն ժամանակ, ԵՄ հարթակում կողմերի միջև ավելի քան չորս ժամ տևած բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը, Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ, փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն է եղել: Ընդ որում, պաշտոնական հաղորդագրությունն ընդգծում է, որ գործընթացը տեղի է ունենալու սահմանային և մաքսային վերահսկման պատշաճ իրականացման սկզբունքի հիման վրա, իսկ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապուղիների զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրին համահունչ:
Արդեն Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության դեկտեմբերի 16-ի հերթական նիստի ընթացքում հայտարարեց, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում և արձանագրվել էր նաև նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպման ժամանակ: Երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ եթե հաջողվի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, ապա այս նախագիծը շատ ավելի մեծ մասշտաբ կստանա: Հետևաբար, վերջերս հայկական և թուրքական կողմերի փոխադարձ հայտարարությունները՝ հարաբերությունների կարգավորման համար պաշտոնական ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ, հակված եմ դիտարկել առավելապես վերոնշյալի համատեքստում, և Թուրքիայի հետ սահմանի և կոմունիկացիաների բացման հարցը կարող է մաս կազմել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պոզիտիվ օրակարգի:
Միևնույն ժամանակ, աներկբա է, որ մինչ Եվրոպական միությունը տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման խնդիրներում մասնակցելու հայտ է ներկայացնում՝ բուն ապաշրջափակման և դրանում ԵՄ դերակատարության արդյունավետությունը կախված է լինելու նաև Հայաստանի Հանրապետության՝ պայքարի հիբրիդային մարտավարությունից: ԵՄ հնարավոր ներգրավվածությունը կապուղիների զարգացման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիայի գործընթացում, ինչպես նաև անմիջական միջնորդ և տարածաշրջանային գերտերություն Ռուսաստանի Դաշնության դրական դիրքորոշումն այս հարցերում Հայաստանի համար հավելյալ երաշխիքներ է ընձեռում բավարար բազմակողմ դիվանագիտություն կիրարկելու միջոցով նվազեցնելու թուրք-ադրբեջանական տանդեմի՝ մաքսիմալիստական քաղաքականությունից բխող հնարավոր ռիսկերը:
Եվրոպական միության՝ տարածաշրջանում դերակատարություն ունենալու հաստատակամության մասին է փաստում նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելի կողմից տարածած հայտարարությունն առ այն, որ ԵՄ-ն սերտ աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հաղթահարելու հակամարտությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Այս ձևակերպումը հատկանշական է այն առումով, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը շտապեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց գոյություն չունի և, առհասարակ, Լեռնային Ղարաբաղ միավոր գոյություն չունի, այլ գոյություն ունի ղարաբաղյան տնտեսական շրջան, արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան: Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կոչ արեց ՄԱԿ-ի անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: Ավելին՝ ս.թ. մայիսի 12-ին, ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ, նաև նպատակ էր հետապնդում Հայաստանի և միջազգային հանրության օրակարգից ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման հարցը դուրս թողնելուն: Մինչդեռ, որքան էլ Արցախյան հիմնախնդիրն այսօր թվացյալ մղվել է հետին պլան, աներկբա է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների շոշափելի կարգավորումը, տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և անվտանգության հաստատումն ուղիղ համեմատական է հենց ԼՂ հիմնախնդրի, մասնավորապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և իրավական ամրագրման հետ: ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին առաջարկելով իր ջանքերն առավել լայն՝ խաղաղության համաձայնագրի համատեքստում, ուղղակիորեն ազդակ է հղում Հարավային Կովկասը՝ իր ռազմավարական նշանակության տիրույթ հռչակելու վերաբերյալ:
Ըստ այդմ, Հայաստանի համար բացվում են լայն հնարավորություններ՝ գերակտիվ դիվանագիտություն վարելու և հիբրիդային մարտավարություն որդեգրելու միջոցով ոչ միայն դուրս գալ ներկայիս փակուղուց, այլև՝ արդյունավետ առաջ մղել երկրի կենսական շահերն արտաքին աշխարհում:
Ըստ իս, հիբրիդային մարտավարության հնարավոր գործուն էլեմենտ կարող է հանդիսանալ Հայաստանի ժողովրդավարացման փաստի օգտագործումը: Այսպես՝ յուրաքանչյուր պետության Ազգային անվտանգության քաղաքականության տարրեր են հանդիսանում այն սկզբունքները, որոնցով պետությունն առաջնորդվում է իր ազգային անվտանգության քաղաքականության իրականացման ընթացքում: Հայաստանի Հանրապետության պարագայում, առավելապես վերջին երեք տարիներին, այդ սկզբունքները մեծապես սերում են ժողովրդավարական արժեքներից, մինչդեռ Ադրբեջանը դեռևս շարունակում է դրսևորել ժողովրդավարացման ոչ բավարար մակարդակ: Ասածիս ակնառու ապացույցն է օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Հանուն ժողովրդավարության» համաժողովում Հայաստանի մասնակցությունը: Հետևաբար, եթե Հայաստանին հաջողվի ժողովրդավար Արևմուտքի աչքերում երկրի ժողովրդավարությունը հակադրել Ադրբեջանի պետական մակարդակով հայատյաց, ռազմականացված արտաքին քացաքականության և ավտորիտարիզմին հարող քաղաքականությունների հետ, ապա, Հայաստանը նաև բավարար դրական միջավայր կձևավորի՝ ոչ միայն ներկայիս հայ-ադրբեջանական կարճաժամկետ և միջնաժամկետ խնդրահարույց օրակարգերի հայանպաստ հանգուցալուծման, այլև՝ ապագայում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության հարցում:
Այս ամենը պահանջում է հետևողական և համակարգված աշխատանք՝ վերոնշյալ թեզը որպես քաղաքականություն ձևավորելու և գերակտիվ դիվանագիտության միջոցով որպես դիրքորոշում ներկայացնելու և սպասարկելու համար: Եվ վերջապես՝ վերը նշված բոլոր միջոցները պետք է գործարկվեն միաժամանակյա, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի դեմ պայքարի մեր քաղաքականությունները չեն կարող լինել արդյունավետ: