
Հոդվածը կարող եք լսել ձայնային տարբերակով
Հայաստանի անկախացումից ի վեր, Արցախյան հիմնահարցը եղել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության քաղաքականության առանցքային հիմնասյուներից մեկը: Այն եղել է համազգային համախմբման շարժիչ ուժ, մեկնարկային կետ՝ մեր աշխարհընկալումների ձևավորման համար։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո, սակայն, Հայաստանը հիշեցնում է թուլացած իմունային համակարգով մի օրգանիզմ, որին սնուցող արյունատար համակարգի դիզֆունկցիայի պատճառով ոչ միայն գլուխ են բարձրացրել օրգանիզմում տարիներ շարունակ առկա վտանգավոր վիրուսներն ու մահացու հիվանդությունները, այլև, թույլ իմունիտետի պարագայում, շարունակաբար երևան են գալիս նորերը:
Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են ՀՀ անվտանգային միջավայրը՝ առավել բարդացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծման հնարավորությունները, առաջ բերելով ՀՀ տարածքային ամբողջականությանը, անկախությանը և սուվերենությանը սպառնացող նոր մարտահրավերներ, ինչպես նաև հանգեցնելով մինչպատերազմյան Հայաստանի անվտանգային ճարտարապետության ճգնաժամի:
2020-ի նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրեց ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի համատեքստում անելիքների ճանապարհային քարտեզ: Քարտեզն, ի թիվս այլ անելիքների, ընդգծում էր ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:
2021-ի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ կառավարության հնգամյա (2021 — 2026 թթ.) ծրագիրը, որի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնի «Պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ» ենթաբաժինը սահմանում է, որ պաշտպանության բնագավառում կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից իր սահմանադրական առաքելության կատարումը, այն է՝ ապահովել ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Արդեն 2022-ի փետրվարի 9-ին տեղի ունեցած ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ 2021-ի ավարտին արդեն իսկ մշակված է եղել զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը, որի բովանդակությունն իր կողմից ամբողջովին ընդունելի չէ, և աշխատանքները դեռ շարունակվում են․ «Նորից եմ կրկնում բոլորի համար՝ մեր ընդիմադիր գործընկերների, նաև այդ ոլորտում որոշակի փորձ ունեցող գործընկերների համար՝ մենք բաց ենք լսելու քննադատություններ և առաջարկություններ»:
Այստեղ օբյեկտիվ հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է լսելի դառնալու քաղաքացիական հասարակության ձայնը՝ մշակվող հայեցակարգի դրույթների վերաբերյալ: Ինչպիսի՞ն է լինելու քաղաքացիական հասարակության ներդրումն այդ համապետական և համազգային նշանակության գործընթացում՝ հաշվի առնելով, որ այն յուրաքանչյուր պետության ժողովրդավարացման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է:
Քաղհասարակությունը քաղաքական առաջնորդներին, պետական այրերին, համառորեն հիշեցնելով պետական քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման ճանապարհին բազում մրցակցային շահերի և պահանջների հետ հաշվի նստելու հրամայականը, կարող է տիրապետել պետության իշխանությանը հակազդելու ծանրակշիռ պոտենցիալ:
Հետևաբար, ՀՀ պատկան պետական մարմինները պետք է խրախուսեն քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը Զինված ուժերի բարեփոխումների գործընթացում՝ որպես անվտանգային համակագի կառավարման թափանցիկության դրսևորում և պետության՝ կայուն ժողովրդավարության ձգտելու երաշխիք: Այս նպատակին կարող են ծառայել հանրային բանավեճերը, ինստիտուցիոնալ հիմքով պլանավորված և կազմակերպված աշխատանքային քննարկումներն ու նմանատիպ այլ միջոցառումները՝ միտված Հայաստանի քաղաքացիական հասարակության ներսում առկա անվտանգային խնդիրներով զբաղվող կամ հետաքրքրված ակադեմիական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, մարդու իրավունքների ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի ներգրավվածության ապահովմանը Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի տարբեր փուլերում:
ՀՀ անվտանգային ոլորտի քաղաքացիական և վերահսկողական գործառույթների առավել կատարելագործման հրամայականը պայմանավորված է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորված խորհրդարանական ընդդիմության դեստրուկտիվ վարքագծով: Գործող իշխանությունների հեռացումը թերևս իր միակ օրակարգը հռչակած խորհրդարանական ընդդիմությունը, վատնելով իր մասնագիտական և քաղաքական կադրային ռեսուրսն ու ինքն իրեն զրկելով գաղափարական այլընտրանքային ծրագրերից՝ վտանգում է խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունն ու ողջ փիլիսոփայությունը:
Ընդդիմությունը նույնիսկ բոյկոտում է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ Ընդդիմության նման վարքագծի վտանգավորության աստիճանը լավագույնս նկարագրելու համար հիշենք, որ 2015-ի փոփոխված Սահմանադրությամբ չկա ժողովրդի կողմից ընտրվող ուժեղ նախագահի ինստիտուտը, որը փաստացի ձևավորում էր կառավարությունը։ Ուստի, դասական առումով, գործադիր իշխանությունն այլևս ինքնաբավ գործոն չէ Հայաստանում, այլ ամբողջովին կախված է խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքից։ Այս համատեքստում քաղաքական մրցակցությունը բնականորեն պետք է ծավալվի խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև։ Մինչդեռ, տապալելով այլընտրանքային գաղափարական և քաղաքական օրակարգեր ձևավորելու կարևորագույն առաքելությունը՝ խորհրդարանական ընդդիմությունը, փաստացի, հրաժարվում է ներազդել Հայաստանի համար կենսական նշանակության քաղաքական որոշումների վրա՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով մեկ քաղաքական կուսակցության գործողությունների լիակատար ազատության համար։ Հաշվի առնելով հետպատերազմյան Հայաստանի այս վտանգավոր առանձնահատկությունը, որքան էլ տարօրինակ է թվում, ընդդիմության առաքելությունը մասամբ պետք է ստանձնի ուժեղ քաղաքացիական հասարակությունը։
Գործող իշխանություններն էլ իրենց հերթին պետք է հնարավորինս խրախուսեն քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը՝ ազգային անվտանգության քաղաքականության տարրերի վերանայման, այլընտրանքային քաղաքական դիսկուրսների գեներացման և անվտանգային ոլորտի ժողովրդավարական և խորհրդարանական վերահսկողության գործընթացներում։
Անվտանգային ոլորտի ժողովրդավարական և խորհրդարանական վերահսկողության գործընթացում քաղաքացիական հասարակության դերակատարությունը կարող է արտահայտվել մի քանի ուղղություններով։ Առաջինը՝ լրատվական դաշտին և Ազգային ժողովին անվտանգային համակարգի վերաբերյալ անկախ վերլուծության և տեղեկատվության տրամադրումն է։ Երկրորդը՝ ողջ հանրության համար կարևոր անվտանգային խնդիրների՝ քաղաքական օրակարգի մաս դարձնելը, որը պետք է զուգորդվի հանրությանը կրթելու և հանրային դաշտում այլընտրանքային դիսկուրսներ գեներացնելու և խրախուսելու աշխատանքներով։ Երրորդը՝ քաղհասարակությունը պետք է հետևողականորեն արձագանքի ՀՀ Ազգային անվտանգության քաղաքականությանը վերաբերող որոշումների և դրանց կատարման որակին, և, վերջապես, հսկողություն իրականացնի անվտանգային ոլորտում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգման ուղղությամբ և համապատասխան առաջարկներով ու քննադատություններով խրախուսի դրանք։ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմիններն էլ պետք է նախաձեռնեն և խրախուսեն այնպիսի համագործակցային ձևաչափերի ներդրումն ու կիրարկումը, որոնք կնպաստեն քաղհասարակության ակտիվ հատվածի՝ անվտանգային ոլորտի քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության գործընթացներում արդյունավետ մասնակցությանը։
ՀՀ գործող ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացումը և իրավունքի գերակայությունն ընդգծվում է, որպես Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հիմնական երաշխիքներից մեկը: Ավելին՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը… և քաղաքացիական վերահսկողության ներքո են»: Մինչդեռ, Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդիվ մեկնարկած ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացից անվտանգային խնդիրներով մասնագիտացված անկախ փորձագետներին, ուղեղային կենտրոններին, վերլուծական և կրթական ինստիտուտներին և քաղհասարակության այլ շահագրգիռ ներկայացուցիչներին ցայսօր զերծ պահելն արդեն իսկ իր մեջ պարունակում է ՀՀ ԶՈւ-երի քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության խաթարման տարրեր: Չէ որ քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ժողովրդավարական կառավարման մակարդակով, երբ խորհրդարանական և դատական համակարգերը, ուժեղ քաղաքացիական հասարակությունը և անկախ մեդիան հետևում են ԶՈւ-երի գործողություններին՝ դրանով իսկ ապահովելով վերջիններիս հաշվետվողականությունը՝ և՛ բնակչությանը, և՛ կառավարությանը։ Այս գործընթացն իր հերթին նպաստում է Զինված ուժերին վերաբերող որոշումների և գործողությունների թափանցիկությանը: Ավելին, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը նաև այն նախապայմանն է, որը խթանում է օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները զինված ուժերում, ինչպես նաև երաշխավորում է մի կողմից պետության քաղաքական նպատակների և առկա ռեսուրսների, մյուս կողմից՝ ԶՈւ-երի քաղաքականությունների և հնարավորությունների համահունչ լինելը:
Զինված հակամարտությունները, լայնամասշտաբ պատերազմներն օրինաչափ պահանջ են առաջ բերում զինված ուժերի արդիականացման, բայց, միևնույն ժամանակ, նպաստավոր պայմաններ են ստեղծում անվտանգային ոլորտի կառավարման թափանցիկության սահմանափակման համար։ Սա մեծապես պայմանավորված է հետպատերազմյան ժամանակաշրջանում պետության քաղաքական, ռազմական, դիվանագիտական և ֆինանսական առկա ռեսուրսների և հանրության սպասումների անհամատեղելիության հետ։ Եվ հենց այստեղ է, որ հատկապես օգնության է գալիս անվտանգային ոլորտի քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողությունը՝ յուրօրինակ կամուրջ կառուցելով հանրության ակնկալիքների, կարիքների և պետության կարողությունների ու քաղաքականությունների միջև։ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների գործընթացում քաղհասարակության ձայնը լսելի դարձնելն առաջին հերթին կնպաստի հանրություն — զինված ուժեր հարաբերությունների վերաիմաստավորմանն ու վստահության ամրապնդմանը, զինված ուժերում թափանցիկության և մարդու իրավունքների հարգման ապահովմանը, հետևաբար՝ արդիականացված զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացմանը։
ԶՈւ հետպատերազմյան արդիականացման ծրագիրը պետք է հենվի ՀՀ ազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչներ հանդիսացող անվտանգային մայր փաստաթղթերի՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Ռազմական դոկտրինի վրա: Մինչդեռ, սույն անվտանգային մայր փաստաթղթերը մշակվել և ընդունվել են մինչ 2020-ի Արցախյան պատերազմը, հետևաբար, չեն կարող դիտարկվել, որպես արդիական անվտանգային հայեցակարգային փաստաթղթղեր: Հաշվի առնելով վերոգրյալը, այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մեկնարկել ՀՀ ազգային անվտանգության քաղաքականության բոլոր տարրերի վերանայում և վերաիմաստավորում նախատեսող ազգային անվտանգության քաղաքականության համապարփակ վերանայման գործընթաց, ներառյալ՝ ՀՀ գործող ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի վերանայում: Զինված ուժերի համապարփակ և խորքային բարեփոխումները պետք է մաս կազմեն ողջ ազգային անվտանգության քաղաքականության վերանայման գործընթացի:
Ամփոփելով՝ Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության վերանայման, զինված ուժերի արդիակացման գործընթացները պետք է հենվեն ոչ միայն կառավարության և պետական այլ մարմինների մոտեցումների և տեսակետների վրա, այլև՝ քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի։ Այս համատեքստում իշխանություններն առավել ջանքեր պետք է գործադրեն ոչ միայն ամրապնդելու ՀՀ զինված ուժերի քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության առկա մեխանիզմների շարունակական կատարելագործումը, այլև նոր մեխանիզմներ ներդնելուն միտված քայլեր ձեռնարկեն՝ ի նպաստ թափանցիկ և հանրության առջև հաշվետու անվտանգային ոլորտի կայացման, արդյունավետ կառավարման և անվտանգային համակարգի գրագետ վերագործարկման։
Կարդացեք նաև
Պետք է ասել. մեր զինվորների կողքին
Այսօր՝ Բանակի օրը, հայ զինվորականները շարունակում են պաշտպանել մեր փխրուն սահմանները՝ ծանր և երբեմն անմխիթար պայմաններում, և այժմ, առավել քան երբևէ, Զինված ուժերի հիմնարար բարեփոխումներն առաջնահերթ նշանակություն ունեն:
Read moreՍոչի-Բրյուսել․ մարտահրավերներ և հնարավորություններ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շուրջ մեկ տարվա դադարից հետո վերջին մեկ ամսում երկու հանդիպում ունեցան։ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն անդրադառնում է այդ հանդիպումներին ու դրանց արդյունքներից բխող տեսլականին։
Read moreՌազմական ծախսեր և տնտեսություն
Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 17 տոկոսով. սա տարեկան աճի ամենամեծ ցուցանիշներից է Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում։ Հետ չի մնում նաև Հայաստանը։
Read moreՀայաստանում զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական հասարակության հարցերի մասին
Հայաստանում զինված ուժերի քաղաքական չեզոքությունը չպահպանելու և քաղաքացիական վերահսկողության սկզբունքը խախտելու հանգամանքը, ինչպես նաև իշխանության ու ընդդիմության միջև բևեռացումը խոսում է լրջագույն ճգնաժամի առկայության մասին, որի անտեսումը կարող է հանգեցնել դրա սրմանը, իսկ ստատուս քվոյի պահպանումը՝ այն ավելի անկայուն և պայթյունավտանգ դարձնելուն:
Read moreԱղետի վերլուծություն
Արցախյան երկրորդ պատերազմի բերած ճգնաժամի ծավալն ու խորությունը փշրել են հայության բոլոր ընկալումները, առասպելներն ու պատրանքները։ Հոդվածում առաջարկվում է ստեղծել Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով՝ ախտորոշելու եւ շտկելու ռազմական և աշխարհաքաղաքական այսպիսի ձախողման հանգեցրած համակարգային սխալները։
Read moreՀայաստանի ապագայի 12 հրամայականները
Հայաստանում արդեն ձմեռ է. այս տարի, սակայն, միայն ձմեռային ավանդական շրջափուլին չէ, որ պիտի պատրաստվենք։ Նկատի ունենալով Արցախյան երկրորդ պատերազմի ելքը՝ առավելագույնը հինգ տարի ունենք երկրի անվտանգությունը կտրուկ բարելավելու համար. ընդ որում, դա պետք է արվի մի շարք ուղղություններով, որոնք մանրամասն ներկայացնում է Ռաֆֆի Քասարճեանը։
Read more