
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարություններով, Ադրբեջանի պետական լրատվամիջոցները և պաշտոնյաները հերթական ատելության քարոզարշավն են սկսել հայերի նկատմամբ։ Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Էլման Մամադովը ադրբեջանական մամուլին տված իր վերջին հարցազրույցում ասել էր. «Մենք թշնամուն ծնկի բերեցինք, մենք նրան գետնին տապալեցինք։ Մենք մարտի դաշտում արյուն թափեցինք։ Եթե հողերը վերադարձվեին բանակցությունների միջոցով, ես այդքան երջանիկ կամ հպարտ չէի լինի։ Դա պատրանք կթվար։ Երբ ժամանակը գար, եթե մենք հայի հանդիպեինք, նա կասեր. «Դուք աղաչեցիք, դուք խնդրեցիք, և մենք այն վերադարձրինք»։ Բայց մենք հաղթեցինք ճակատամարտը, մենք հայերի արյունը թափեցինք և մենք մեր վրեժը լուծեցինք։ Այսօր մենք դեռ հպարտությամբ ենք ապրում՝ իմանալով, որ հաղթական պետության քաղաքացիներ ենք։ Դրանից ի՞նչը կարող է ավելի լավ լինել»։
Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր՝ Նիգար Արփադարայը, մեկնաբանելով ընթացող դատավարությունները, հայտարարել էր. «Բաքվի դատարանը պետք է այս ճշմարտությունները բացահայտի աշխարհին, վերականգնի պատմական արդարությունը և հարգանքի տուրք մատուցի Խոջալուի անմեղ զոհերի հիշատակին։ Թեև որոշ հանցագործներ կարող են խուսափել արդարադատությունից, նրանք պետք է իրենց կյանքի մնացած մասն ապրեն վախով։ Ադրբեջանական հողերը գրավելու նրանց ամբողջ կյանքի նպատակն արդեն ձախողվել է իրենց աչքերի առաջ, և այսուհետ արդարության դամոկլյան սուրը կկախվի նրանց գլխավերևում…»։
Բաքվում պատանդ պահվող հայերի նկատմամբ բացահայտ ատելությունը և նախապես որոշված դատավճիռները բացահայտում են Ադրբեջանի՝ խաղաղության նկատմամբ իրական հետաքրքրության բացակայությունը։ Այս դատավարություններն արդարադատության մասին չեն, այլ ադրբեջանական հասարակության մեջ հետագա ատելություն և ագրեսիա հրահրելու միջոց են։ Միևնույն ժամանակ, դրանք խորացնում են հայերի զայրույթն ու կասկածամտությունը, խարխլելով իրենց կառավարության խաղաղության ջանքերի նկատմամբ վստահությունը, հատկապես Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունից և էթնիկ զտումից հետո։
Խորապես հիասթափեցնող է, որ Ալիևը չի ցուցաբերել երկարատև խաղաղության կամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրական ցանկություն․ փաստ, որն ակնհայտ դարձավ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը զեկույցներ է ներկայացրել 2020 թվականից ի վեր Ադրբեջան պետության հովանավորած հակահայկական հռետորաբանության քարոզարշավների մասին՝ հատկապես մշտադիտարկելով 2021, 2022 և 2023 թվականները։ Այս զեկույցները բացահայտում են, որ Ադրբեջանի կառավարությունը համակարգված խթանում է հայերի ապամարդկայնացումն ու հրեշացումը։ Այս քաղաքականությունը ձևավորում է ազգային ինքնություն՝ հիմնված հայերի նկատմամբ ընկալվող գերազանցության և նրանց նվաստացման վրա։ Ատելության նման հռետորաբանությունը ծառայում է երկու նպատակի. այն բորբոքում է հասարակական տրամադրությունները և ստեղծում կեղծ բարոյական արդարացում՝ Ադրբեջանի շարունակական ռազմական գործողությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար։ Կառավարությունն արգելափակել է խաղաղության և հաշտեցման բոլոր խոսույթներն Ադրբեջանում, և հայ-ադրբեջանական հաշտեցման համար պայքարողներն առերեսվում են բանտարկության հետ։
Ադրբեջանի ղեկավարության հրահրած լայնածավալ թշնամանքը կարևոր դեր է խաղացել գերիշխանության ազգային մտածելակերպի ձևավորման գործում՝ միավորելով բնակչությանն ընդհանուր թշնամու դեմ, ուժեղացնելով ատելության քարոզչությունը Հայաստանի և հայերի նկատմամբ, ապահովելով աջակցություն ռազմական ագրեսիայի համար և բնական դարձնելով բռնությունը՝ միաժամանակ կասեցնելով հաշտեցման կամ խաղաղության ցանկացած հեռանկար։ Այս միտումը շարունակվել է 2024-ի ընթացքում, երբ Ալիևն իր ելույթներում հայերին բազմիցս անվանել է «շնագայլեր», «ճագարներ», «արյունարբու թշնամիներ», «վանդալներ» և կիրառել այլ նվաստացնող բառեր։ Ավելին, 2025-ի իր առաջին հարցազրույցում Ալիևն ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով. «Անկախ հայկական պետությունը, իրականում, ֆաշիստական պետություն է…»։ Այս սադրիչ հռետորաբանությունն օգնում է բացահայտել, թե ինչու է Ադրբեջանն այժմ ընթացող կեղծ դատավարությունները ներկայացնում որպես «Երկրորդ Նյուրնբերգ»։
Եթե Ադրբեջանն ունենար հայկական պետական ղեկավարների կամ ներկայացուցիչների հակաադրբեջանական քարոզչության ապացույցներ, չէր պահանջի Հայաստանից հետ կանչել բոլոր գործերը միջազգային դատարաններից։ Երկու երկրները զուգահեռ հայցեր են ներկայացրել Միջազգային արդարադատության դատարան՝ իրար մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին հայերի էթնիկ զտման մեջ, իսկ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին ադրբեջանցիների նկատմամբ նմանատիպ գործողությունների մեջ։ Երկու գործերն էլ ներկայումս գտնվում են Միջազգային արդարադատության դատարանի քննության ներքո։
Հետևաբար, Միջազգային արդարադատության դատարանը ծառայում է որպես կատարյալ վայր Ադրբեջանի համար՝ աշխարհին ներկայացնելու իր պատումը։ Սակայն, առանց ներկայացնելու էական գործ, պաշտոնական Բաքուն փոխարենը պահանջում է, որ Հայաստանը հետ կանչի իր սեփական գործը, միաժամանակ իրականացնելով հայ ներկայացուցիչների նկատմամբ քաղաքականապես շահարկված դատավարություններ՝ առանց միջազգային վերահսկողության։ Ադրբեջանում պետության հովանավորած հակահայկական ատելությունն ու քարոզչությունը կազմում են Ալիևի բռնապետական ռեժիմի հիմնական հիմքը։ Հակահայկական տրամադրությունների նրա տասնամյակների շահագործումը, ի վերջո, հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում պատերազմի և հայ բնակչության էթնիկ զտմանը։ Այժմ, նույնիսկ հայերին բռնի տեղահանությունից հետո, Ադրբեջանը համակարգված և դիտավորյալ կերպով ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ քրիստոնեական հայկական ժառանգությունը։
Ալիևի՝ 2024-ի ելույթներն ամենապարզ վկայությունն են պետական հովանավորությամբ իրականացվող ատելության քարոզի, որը սնուցում է Ադրբեջանի քաղաքականությունն ընդդեմ հայերի։ Դրանք լի են սադրիչ հռետորաբանությամբ և ապամարդկայնացնող լեզվով։ Դրանք արտացոլում և գործուն կերպով ձևավորում են հասարակական կարծիքն Ադրբեջանում՝ ամրապնդելով թշնամանքի մշակույթը և արդարացնելով բռնի քաղաքականությունը։ Ներկայացնում ենք նրա հայտարարություններն առանց մեկնաբանության, ոչ թե որովհետև դրանք մեկնաբանության կարիք ունեն, այլ որովհետև դրանց զուտ ծավալը, հետևողականությունը և անհեթեթությունը բացահայտում են այս թշնամանքի խորությունը։ Փաստագրելով Ալիևի խոսքերը՝ ստանում ենք հստակ պատկերացում, թե որքան խորն է հակահայկական տրամադրությունն արմատացած Ադրբեջանի քաղաքական խոսույթում և թե ինչու է խաղաղությունը մնում այդքան անհասանելի։
Այս իրականությունն ընդգծում է Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հրատապությունը, քանի որ նրանց կյանքը վտանգի տակ է։ Պետական մակարդակով նման ատելությունը լուրջ ուշադրություն է պահանջում ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության և կայունության համար պատասխանատու միջազգային դերակատարների կողմից։
Փետրվարի 14, 2024
Իլհամ Ալիև. «Մենք ընդամենը 44 օրում ռազմի դաշտում լիովին ջախջախեցինք հայկական բանակը»։
«…Մենք ընդամենը 44 օրում ռազմի դաշտում լիովին ջախջախեցինք հայկական բանակը։ Ըստ իրենց իսկ խոստովանության, հայկական բանակում կար ավելի քան 12.000 դասալիք, մինչդեռ ադրբեջանական բանակից ոչ մի մարդ մարտի դաշտը չլքեց։ Սա ցույց է տալիս ադրբեջանական ժողովրդի անկոտրում ոգին և վկայում է, որ նոր սերունդ է ծնվել՝ պատրաստ մեռնելու հանուն հայրենիքի, մեր հողերի և մեր ազգային արժանապատվության։ Մեր երիտասարդները պատրաստ էին մահվան։ Մենք ցրեցինք այն առասպելը, որը Հայաստանը տարիներ շարունակ տարածում էր ամբողջ աշխարհում՝ բացահայտելով հայկական բանակի վախկոտ և կապիտուլյացիոն բնույթը։
Մեր ժողովրդի դեմ բռնությունը սկսվեց 1980-ականների վերջում Խանքենդիում։ Հենց այն շենքում, որտեղ ես քվեարկեցի, ծրագրվել և կազմակերպվել էր ցեղասպանությունը մեր ժողովրդի դեմ։ Այդ շենքի առջև գտնվող հրապարակում հայ ազգայնականները, իսկ հետագայում հայկական պետությունը, տարածքային պահանջներ էին ներկայացնում մեզ։ Խորհրդային ժամանակներում այդ նույն շենքում գործում էր հատուկ կոմիտե, որի միակ նպատակն էր Ղարաբաղն Ադրբեջանից անջատելը՝ փաստ, որը լայնորեն հայտնի է։ Ահա թե ինչու այն սատանաները, որոնք 30 տարի անօրինական կերպով զավթել էին մեր պատմական հողը՝ Փանահ Ալի-խանի կառուցած հողը, իրենց անկումն ապրեցին հենց այդ վայրում։
Այնտեղ իմ տված քվեն պարզապես թղթի կտոր չէր. այն վերջին մեխն էր հայկական անջատողականության դագաղում։
Մենք տվել ենք նահատակներ և արյուն ենք թափել։ Մենք մեր մարմնով գնացինք կռվելու հայ զավթիչների դեմ։ Այս միասնությունը, այս համերաշխությունը և հաղթանակի այս փառահեղ պատմությունն էլ ավելի է միավորում Ադրբեջանում ապրող բոլոր ժողովուրդներին, և սա առաջնահերթություն է մեզ համար։
Մենք պետք է հաշվի առնենք նաև այն փաստը, որ նողկալի թշնամին ականապատել է մեր տարածքները, և արդեն ավելի քան 300 մարդ կորցրել է կյանքը կամ վնասվածքներ է ստացել դրա պատճառով։
Տեխնոլոգիական զարգացումը և գերազանցությունը վճռորոշ են արդյունաբերական զարգացման, ռազմարդյունաբերական համալիրի և ռազմական գործողությունների համար։ Բոլորը տեսան սա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության ընթացքում։ Իհարկե, մեր հաղթանակի հիմնական գործոնն ադրբեջանցի զինվորն է՝ այն զինվորները և սպաները, որոնք ոչնչացնում էին թշնամուն և բարձրացնում մեր դրոշն ազատագրված հողերում…»։
Փետրվարի 14, 2024
Իլհամ Ալիև. «Մենք ընդամենը 44 օրում ռազմի դաշտում լիովին ջախջախեցինք հայկական բանակը»։
«…Մենք ընդամենը 44 օրում ռազմի դաշտում լիովին ջախջախեցինք հայկական բանակը։ Ըստ իրենց իսկ խոստովանության, հայկական բանակում կար ավելի քան 12.000 դասալիք, մինչդեռ ադրբեջանական բանակից ոչ մի մարդ մարտի դաշտը չլքեց։ Սա ցույց է տալիս ադրբեջանական ժողովրդի անկոտրում ոգին և վկայում է, որ նոր սերունդ է ծնվել՝ պատրաստ մեռնելու հանուն հայրենիքի, մեր հողերի և մեր ազգային արժանապատվության։ Մեր երիտասարդները պատրաստ էին մահվան։ Մենք ցրեցինք այն առասպելը, որը Հայաստանը տարիներ շարունակ տարածում էր ամբողջ աշխարհում՝ բացահայտելով հայկական բանակի վախկոտ և կապիտուլյացիոն բնույթը։
Մեր ժողովրդի դեմ բռնությունը սկսվեց 1980-ականների վերջում Խանքենդիում։ Հենց այն շենքում, որտեղ ես քվեարկեցի, ծրագրվել և կազմակերպվել էր ցեղասպանությունը մեր ժողովրդի դեմ։ Այդ շենքի առջև գտնվող հրապարակում հայ ազգայնականները, իսկ հետագայում հայկական պետությունը, տարածքային պահանջներ էին ներկայացնում մեզ։ Խորհրդային ժամանակներում այդ նույն շենքում գործում էր հատուկ կոմիտե, որի միակ նպատակն էր Ղարաբաղն Ադրբեջանից անջատելը՝ փաստ, որը լայնորեն հայտնի է։ Ահա թե ինչու այն սատանաները, որոնք 30 տարի անօրինական կերպով զավթել էին մեր պատմական հողը՝ Փանահ Ալի-խանի կառուցած հողը, իրենց անկումն ապրեցին հենց այդ վայրում։ Այնտեղ իմ տված քվեն պարզապես թղթի կտոր չէր. այն վերջին մեխն էր հայկական անջատողականության դագաղում։
Մենք տվել ենք նահատակներ և արյուն ենք թափել։ Մենք մեր մարմնով գնացինք կռվելու հայ զավթիչների դեմ։ Այս միասնությունը, այս համերաշխությունը և հաղթանակի այս փառահեղ պատմությունն էլ ավելի է միավորում Ադրբեջանում ապրող բոլոր ժողովուրդներին, և սա առաջնահերթություն է մեզ համար։
Մենք պետք է հաշվի առնենք նաև այն փաստը, որ նողկալի թշնամին ականապատել է մեր տարածքները, և արդեն ավելի քան 300 մարդ կորցրել է կյանքը կամ վնասվածքներ է ստացել դրա պատճառով։
Տեխնոլոգիական զարգացումը և գերազանցությունը վճռորոշ են արդյունաբերական զարգացման, ռազմարդյունաբերական համալիրի և ռազմական գործողությունների համար։ Բոլորը տեսան սա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության ընթացքում։ Իհարկե, մեր հաղթանակի հիմնական գործոնն ադրբեջանցի զինվորն է՝ այն զինվորները և սպաները, որոնք ոչնչացնում էին թշնամուն և բարձրացնում մեր դրոշն ազատագրված հողերում…»։
Փետրվարի 26, 2024
Իլհամ Ալիև. «Մենք ներկայացնում ենք մեծ ազգ, ազգ, որը թոթափել է իր շղթաները, ազգ, որը միավորվել է որպես բռունցք և կոտրել է թշնամու մեջքը…»:
«…Խոջալուի ցեղասպանությունը երբեք չի ջնջվի մեր ժողովրդի հիշողությունից: Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա այդ արյունալի հանցագործությունը: 32 տարի առաջ հայկական պետությունը կատարեց այս սարսափելի ողբերգությունը և սպանեց անմեղ մարդկանց: Ընդհանուր առմամբ 613 մարդ դաժանաբար սպանվեց, 150 մարդ անհետ կորած է համարվում, իհարկե, նրանց ճակատագիրը նույնպես հայտնի է։ Ավելի քան 1000 մարդ պատանդ է վերցվել; ավելի քան 60 երեխա, 100-ից ավելի կին և 70 տարեց մարդ մեկ գիշերվա ընթացքում կոտորվեցին հայ վայրագների և ֆաշիստների կողմից:
Մենք վերականգնել ենք պատմական արդարությունը: Մենք վրեժ լուծեցինք Խոջալուի անմեղ զոհերի համար մարտի դաշտում. մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար: Ճիշտ է, դա մեզանից պահանջեց 30 տարի, բայց այն աշխատանքը, որը մենք կատարեցինք այդ 30 տարիների ընթացքում, և մեր հետևողական քաղաքականությունը հնարավորություն տվեցին մեզ այսօր գալ և ապրել այստեղ:
Թույլ տվեք կրկնել, որ մենք վրեժ լուծեցինք հանցագործներից Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության ընթացքում, ջախջախեցինք նրանց, ոչնչացրինք հայկական բանակը և հարկադրեցինք երկու անգամ կապիտուլյացիա ստորագրել:
Մենք լցված ենք զայրույթով, և այս զայրույթը չի մեղմանա նույնիսկ 300 տարի անց, ուր մնաց 30: Սա բնական է, մենք մարդիկ ենք: Սակայն, միևնույն ժամանակ, մենք ներկայացնում ենք մեծ ազգ, ազգ, որը թոթափել է իր շղթաները, ազգ, որը միավորվել է որպես բռունցք և կոտրել է թշնամու մեջքը՝թշնամու, որի հետևում կանգնած էին մեծ ուժեր, և՛ այն ժամանակ, և՛ հիմա: Եթե այդ մեծ ուժերը չաջակցեին նրանց, մեր հողերը չէին բռնազավթվի 1990-ականների սկզբին: Այն ժամանակ մենք անզոր էինք, իսկ նրանց հետ մեծ ուժեր կային: Այսօր մենք ուժեղ ենք, և ոմանք մեզ ասում են, որ մենք պետք է ողորմածություն ունենանք, բայց մի՞թե նրանք այն ժամանակ ողորմածություն ունեին մեր նկատմամբ։
Թույլ տվեք կրկին ասել, որ այս բոլորը, իհարկե, մեր մտքերն ու զգացմունքներն են: Կրկնում եմ, որ մենք վրեժ լուծեցինք, ցուցադրեցինք գերազանց պրոֆեսիոնալիզմ, հերոսություն և անձնազոհություն թե՛ 44-օրյա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ընթացքում, թե՛ մեկօրյա հակաահաբեկչական գործողության ժամանակ: Այս երկրի որդիները պատրաստ էին մեռնել՝ այս հողերը զավթիչներից ազատելու համար…»։
Մարտի 10, 2024
Իլհամ Ալիև. «Նողկալի թշնամին սխալ հաշվարկ արեց»։
«…Արհամարհելի թշնամին սխալ հաշվարկ արեց: Նրանք այնքան համոզված էին իրենց սեփական առասպելների մեջ, որ կարծում էին, թե կկարողանան մեր հողերը հավերժ բռնազավթած պահել: Նրանց հովանավորները՝ մեծ պետությունները, որոնք կանգնած էին նրանց հետևում, ավելի ամրապնդեցին այդ վստահությունը նրանց մեջ: Բայց մենք համոզված էինք, մենք գիտեինք, որ կգա օրը, և մենք կվերադառնանք մեր հայրենի հողերը…։
1994-ի հրադադարը պարտադրված միջոց էր. մենք երբեք չէինք կարող հաշտվել հրադադարի հետ, ո՛չ հայրս, ո՛չ ես: Նա չապրեց մինչև այս օրը: Մենք՝ նրա հետևորդներս, իրականացրել ենք նրա և ադրբեջանական ժողովրդի երազանքը և հասել ենք այս պատմական հաղթանակին: Մենք թշնամուն ցույց տվեցինք իր տեղը, և այսօր նրանք անօգնական են կանգնած մեր առջև: Այսօր՝ միայն մեր պահանջով, Գազախի շրջանի չորս գյուղեր վերադարձվում են մեզ՝ առանց որևէ այլ միջոցառումների: Դրանք կվերադարձվեն մեզ՝ մեր պահանջով, և այդպես էլ պետք է լինի: Այսպես կլինի այսուհետ: Մենք ենք այստեղ որոշողը, մենք ենք Կովկասի առաջատար պետությունը տնտեսապես, քաղաքականապես, ռազմականապես և բոլոր առումներով: Բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ: Թե՛ Հայաստանը, թե՛ նրա հետևում կանգնած օտարերկրյա շրջանակները, որոնք նրանց կեղծ խոստումներ են տալիս, կզղջան, եթե հաշվի չնստեն մեզ հետ…»։
Մարտի 18, 2024
Իլհամ Ալիև. «Մենք մարտի դաշտում վրեժ լուծեցինք մեր բոլոր նահատակների և Խոջալուի անմեղ զոհերի արյան համար…»։
«…Մենք մարտի դաշտում վրեժ լուծեցինք մեր բոլոր նահատակների և Խոջալուի անմեղ զոհերի արյան համար, և մենք հպարտ ենք դրանով:
Փետրվարի 26-ին ես Խոջալուի բնիկների հետ միասին դրեցի Խոջալուի հուշարձանի հիմքը: Ապօրինի կառուցված սատանայի բույնի՝ այսպես կոչված խորհրդարանի շենքի և դրան հարակից ահաբեկչական կազմակերպության շենքի քանդումը սկսվեց փետրվարի 26-ին, և երկուսն էլ հողին հավասարեցվեցին: Այստեղ այլևս անջատականների հետք չկա: Նովրուզի խարույկը նույնպես կատարում է վերջնական մաքրում…»։
Ապրիլի 23, 2024
Իլհամ Ալիևը մասնակցում է «COP29 և Կանաչ տեսլական Ադրբեջանի համար» միջոցառմանը
«Երբ նրանք ասում էին, թե հայերի երիտասարդ սերունդը կվերցնի թուրքական տարածքը, դա լուրջ հոգեբանական հիվանդության վատթարացում էր, ոչ միայն Սերժիկ Սարգսյանի, այլև նրանց, ովքեր լսում էին նրան և նրանց, ովքեր նրան այդ հարցը տվեցին: Այսպիսով, հիմա ի՞նչ ենք սպասում: Որ հայկական կառավարությունը խոսքերից կանցնի գործողությունների, և մենք նրանց համապատասխանաբար կդատենք: Նրանք պետք է հասկանան, որ թուրք-ադրբեջանական դաշինքն ամուր է ինչպես ժայռը, և նրանք պետք է դա հաշվի առնեն և՛ այժմ, և՛ ապագայում»։
Մայիսի 28, 2024
Իլհամ Ալիև. «…Հայաստանի ներկայիս ղեկավարությունը թերևս կկարողանա գոնե մասնակիորեն քավել այս վայրագների, վանդալների և արյունարբուների մեղքերը…»։
«…Մենք այս նախագիծը նախաձեռնեցինք, և փետրվարի 26-ին Խոջալուի բնակիչների հետ միասին դրվեց Խոջալուի հուշահամալիրի հիմքը: Այն կառուցվելու է այստեղ, և ողջ աշխարհը կտեսնի հայկական բարբարոսության չափը: Սա ճշմարտություն է, և բոլորը պետք է իմանան այդ մասին: Հայաստանն ինքը պետք է ընդունի այս փաստը և ներողություն խնդրի մեզնից: Միայն այս կերպ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը թերևս կկարողանա գոնե մասնակիորեն քավել այս վայրագների, վանդալների և արյունարբուների մեղքերը…»։
Սեպտեմբերի 20, 2024
Իլհամ Ալիև. «Այս բարոյահոգեբանական առավելությունը ևս մեկ անգամ ապացուցում է մեր համընդհանուր գերազանցությունը…»։
«…Ուղիղ մեկ տարի առաջ հերոսական ադրբեջանական բանակը լիովին վերականգնեց մեր պետական ինքնիշխանությունը: 24 ժամից պակաս տևած հակաահաբեկչական գործողության միջոցով անջատողականները վտարվեցին, Ադրբեջանը լիովին ապահովեց իր պետական ինքնիշխանությունը, միջազգային իրավունքը հաղթանակեց, և Ադրբեջանը ևս մեկ անգամ ցուցադրեց իր ուժը:
Մեր փառահեղ բանակը 44 օր շարունակ առաջխաղացում էր կատարում՝ ամեն օր բնակավայրեր ազատագրելով զավթիչներից: Որքան ես գիտեմ, աշխարհի ռազմական պատմության մեջ նման ռազմական գործողությունն աննախադեպ է: Մենք երբեք չնահանջեցինք: Օրական մի քանի գյուղ, ավան և քաղաք ազատագրվում էր: Ոչ մի զինվոր չլքեց մարտադաշտը:
Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի պաշտոնյաների, հայկական բանակում կար ավելի քան 12.000 դասալիք: Ի՞նչ է սա ցույց տալիս: Դա ցույց է տալիս մեր ժողովրդի բարձր բարոյական հատկանիշները: Այս երիտասարդները, որոնք առաջ եկան, դաստիարակվել էին հայրենասիրության ոգով, և հայրենիքի ազատագրումն էր նրանց համար ամենապատվավոր առաքելությունը: Այն երիտասարդները, որոնք առաջ եկան և պատրաստ էին մահանալ, կրում էին մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու առաքելությունը, և մենք հասանք հենց դրան:
Այս բարոյահոգեբանական առավելությունը ևս մեկ անգամ ապացուցում է մեր համընդհանուր գերազանցությունը:
Մեկ այլ թեզ էր, որ անհրաժեշտ է համագործակցել Հայաստանի հետ: Տարբեր դասընթացներ էին կազմակերպվում հասարակական կազմակերպությունների միջոցով: Մեր հասարակության որոշ մարդիկ իրենց զիջեցին օտար շահերին՝ մասնակցելով այդ վերապատրաստումներին, շփվելով հայերի հետ, գործարքներ կատարելով և համատեղ հանդիպումներ կազմակերպելով նրանց հետ: Ինչպիսի՞ կապեր կարող էինք մենք ունենալ արյունարբու թշնամու հետ, որն իրագործել էր Խոջալուի ցեղասպանությունը և հողին էր հավասարեցրել Ղարաբաղի տարածաշրջանի մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը: Նրանց նպատակը, որոնք ցանկանում էին հավերժացնել այս բռնազավթումը, այն էր, որ ապահովեն, որպեսզի ապագա սերունդը, երիտասարդ սերունդը, այլևս պատերազմ չցանկանա, որ մենք հաշտվենք Հայաստանի հետ, և այդպիսով բռնազավթումը կշարունակվի: Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, ջախջախեցինք բոլոր այդ ծրագրերը և տապալեցինք դրանք…»։
Սեպտեմբերի 30, 2024
Իլհամ Ալիև. «Այս դաժանությունը ողջ աշխարհի առջև դարեր շարունակ գործադրվել է մեր նկատմամբ…»։
«…Մենք բոլորս գիտենք, որ 1970-ականներին Աշըգ Ալասգարի ծննդյան 150-ամյակը նշվեց ողջ Խորհրդային Միությունում՝ Ազգային Առաջնորդի նախաձեռնությամբ, և նրա արձանը կանգնեցվեց իր հարազատ Ագքիլսա գյուղում՝ այս հոբելյանը նշելու համար: Երբ մեր ժողովուրդը բախվեց արտաքսման երրորդ ալիքին, հայ վանդալները ոչնչացրեցին այդ արձանը: Մենք դա տեսնում ենք այսօր: Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում հայ վանդալները ոչնչացրել են մեր պատմական վայրերը, նշանավոր անձանց հուշարձանները, մզկիթները, պալատները և գերեզմանոցները: Այս երևույթը նոր չէ, այս անարդարությունը, այս դաժանությունը ողջ աշխարհի առջև դարեր շարունակ գործադրվել է մեր նկատմամբ»:
Հոկտեմբերի 4, 2024
Իլհամ Ալիև. «Հայերն իրենց բարբարոսությունը ցուցադրեցին մեր բոլոր հողերում»։
«…Այս ամբողջ աշխատանքը ցույց է տալիս, որ այս հողի իրավասու տերերը վերադարձել են: Դավաճան թշնամին միայն ավերել է այս տարածքները 30 տարի շարունակ:
Երբ ես մեր պատմական հաղթանակից հետո առաջին անգամ եկա Ջաբրայիլ, ես սարսափեցի: Մենք գիտեինք, որ հայերն իրենց բարբարոսությունը ցուցադրել են մեր հողերում: Մենք գիտեինք, որ մեր տարածքների ճնշող մեծամասնությունն ավերակների էր վերածվել: Սակայն անհնար էր պատկերացնել, որ այդպիսի վայրագություն և անմարդկային գործողություններ կարող էին գոյություն ունենալ»:
Նոյեմբերի 8, 2024
Իլհամ Ալիև. «…Մենք հակառակորդին ստիպեցինք ստորագրել կապիտուլյացիայի ակտը»:
«Մենք վրեժը լուծեցինք մեր նահատակների արյան համար մարտադաշտում: 44-օրյա Հայրենական պատերազմը մեր փառահեղ պատմությունն է, մեր փայլուն Հաղթանակը: Մենք վրեժը լուծեցինք թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմների նահատակների արյան համար, ինչպես նաև հակաահաբեկչական գործողության զոհերի, և վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
44 օր շարունակ Ադրբեջանի Զինված ուժերը միայն առաջ էին շարժվում: Ամեն օր և ժամ առաջխաղացում կատարելով, մենք զավթիչներից ազատագրեցինք ավելի քան 300 քաղաք և գյուղ՝ ստիպելով թշնամուն ստորագրել կապիտուլյացիայի ակտ:
Մենք թշնամուն ստիպեցինք հանձնվել: Այն նույն թշնամուն, որը 2019-ին Խանքենդիում հայտարարեց, թե «Ղարաբաղը Հայաստան է, վերջակետ»: Բայց մենք ստիպեցինք այդ թշնամուն ընդունել, որ «Ղարաբաղն Ադրբեջան է», և թշնամին ապագայում կրկին կասի դա, անկախ նրանից, թե որքան դժկամությամբ»: