
Վրաստանում 20 օրից ավելի է՝ ցույցեր են։ Դրանք սկիզբ առան, երբ Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում, որն անց էր կացվում Թբիլիսիում, խորհրդարանի խոսնակի աթոռին նստեց ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Հենց նա էր նախագահում վեհաժողովը: Ընդմիջումից հետո ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ թույլ չտվեցին, որ Գավրիլովը զբաղեցնի խոսնակի աթոռը, ինչը վիճաբանության տեղիք տվեց։ Ավելի ուշ ցույց կազմակերպվեց հյուրանոցի մոտ, որում հանգրվանել էին վեհաժողովի պատվիրակությունները, իսկ երեկոյան արդեն հանրահավաք կազմակերպվեց խորհրդարանի մոտ, որը ժամեր անց վերածվեց առճակատման ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 160 ցուցարար և 80 ոստիկան վիրավորվեց, 305 ցուցարար բերման ենթարկվեց ոստիկանություն: Ավելի ուշ, պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ մեղադրելով, իշխանությունները ընդդիմադիր մեկ պատգամավորի ժամանակավորապես զրկեցին մանդատից, նրա դեմ քրեական գործ հարուցվեց: Հարցաքննության կանչվեցին ընդդիմադիր այլ գործիչներ։ Ցույցերը շարունակվում են մինչ օրս: Ցուցարարները նախ մեկ պահանջ ունեին՝ խորհրդարանի խոսնակի հրաժարականը: Սակայն հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցածից հետո պահանջների թիվը հասավ 5-ի. խորհրդարանի խոսնակի և ներքին գործերի նախարարի հրաժարական, ընտրական օրենսգրքի փոփոխություն, որը պետք է չեղյալ հայտարարի մեծամասնական ընտրակարգը, բերման ենթարկվածների անհապաղ ազատ արձակում և պատասխանատվություն իրավասությունները չարաշահած իրավապահների նկատմամբ։ Ցուցարարների պահանջներից չորսն արդեն իրականություն են, իսկ ներքին գործերի նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ։ Ցույցի կազմակերպիչները պնդում են, որ քանի դեռ նախարարը հրաժարական չի տվել, իրենք շարունակելու են բողոքի ակցիաները։
2012 թվականի իշխանափոխությունից հետո առաջին անգամն էր, երբ Թբիլիսիում նման մասշտաբային ցույցեր տեղի ունեցան, և գործի դրվեցին ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, ոստիկանության հետ առճակատում գրանցվեց։ Բացի այդ, սա առաջին դեպքն էր, երբ ցուցարարները չէին վստահում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ներկայացուցիչներին։ Ցույցերը հունիսի 21-ից տեղի էին ունենում հիմնականում առանց քաղաքական գործիչների, և եթե երբեմն-երբեմն որևէ քաղաքական գործիչ հարթակից դիմում էր հավաքվածներին, ապա նրա հասցեին հայհոյանքներ էին հնչում, ցուցարարները շշեր էին նետում վերջինիս ուղղությամբ: Սա, թերևս, ավելի խորքային խնդիր է:
«Միացյալ ազգային շարժումն է կազմակերպել»
2003 թվականի «Վարդերի հեղափոխությամբ» Վրաստանում իշխանության եկավ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Քաղաքական այս ուժը հայտնի է բարեփոխումների իր քաղաքականությամբ, որը, սակայն բացասական կողմեր ուներ: 2003-2012 թվականները վրացական հասարակության մի մասն ընկալում է որպես «արյունահեղ 9 տարի»: 2012 թվականի իշխանափոխությունից հետո, «Վրացական երազանքի» իշխանության օրոք ավելի քան 200 բանտարկյալ քաղբանտարկյալի կարգավիճակ ստացավ և ազատ արձակվեց բանտից: Նախագահ Սաակաշվիլիի, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին և վերջիններս դատապարտվեցին կալանքի (Սաակաշվիլին՝ հեռակա կարգով): Ընդդիմությունը պնդում է, որ այս գործերը շինծու են:
Գործող իշխանությունները, որոնք նախկիններին մեղադրում էին դաժանության, քաղաքական սպանությունների, ազատ խոսքի իրավունքը սահմանափակելու (օրինակներից մեկը «Իմեդի» հեռուստաընկերության փակումն է 2007 թ. ցույցերի ժամանակ), դատական ու իրավական համակարգը քաղաքականացնելու մեջ, արմատական ոչ մի բարեփոխում այդպես էլ չնախաձեռնեցին: Ավելին, դատական համակարգում ավելի բարձր պաշտոններ ստացան մարդիկ, որոնցից դժգոհ էր հանրությունը: Իսկ քննադատները հիմնականում մեկ պատասխան էին ստանում՝ ո՞ւր էիր մինչև 2012 թվականը:
Հասարակությունը, այսպիսով, երկատվեց նախկին իշխանությունների քննադատների և նրանց աջակիցների: Քաղաքական դաշտը նույնպես կիսվեց՝ «Միացյալ ընդդիմություն», որի հիմնական դերակատարը շարունակում է մնալ «Միացյալ ազգային շարժումը» (թեև 2016 թ. ընտրություններից հետո կուսակցությունից հեռացան մի շարք անկյունաքարային գործիչներ և ձևավորեցին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, Շարժումը շարունակում է մնալ երկրի թիվ 1 ընդդիմությունը) և «Վրացական երազանքը»:
Վրաստանում տեղի ունեցող ցույցերը կամ բողոքի ակցիաները իշխանությունները որպես կանոն փորձում են վարկաբեկել՝ թե դրանց հետևում կանգնած է «Միացյալ ազգային շարժումը»՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ: Վերջին դեպքերը նույնպես բացառություն չէին։ Թեև հունիսի 20-ին, ցույցի առաջին օրը, քաղաքական տարբեր գործիչներ, այդ թվում և «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչները գտնվում էին խորհրդարանի մոտ և պատրաստ էին բանակցությունների սեղանի շուրջ նստել իշխանությունների հետ, ցույցի կազմակերպիչները պնդում են, որ իրենք որևէ կապ չունեն կուսակցությունների հետ, իսկ «Միացյալ ազգային շարժումը» այնքանով է ներգրավված գործընթացում, որքանով իշխող «Վրացական երազանքը» կամ Մեծ Բրիտանիայի «Լեյբորիստական» կուսակցությունը, այսինքն՝ ընդհանրապես ներգրավված չէ: «Մենք քաղաքական գործիչների համար այնպիսի հարթակ ենք ստեղծել, որտեղ բոլոր կուսակցությունների մեկական ներկայացուցիչ հնարավորություն է ունեցել ելույթ ունենալ, եթե միայն նրանք կիսել են ցույցի փիլիսոփայությունը և նույն պահանջները առաջ քաշել։ Հետևաբար, լուրերը, թե «Միացյալ ազգային շարժումը» ներգրավված է կազմակերպչական գործում, ամբողջովին սուտ է»,— մեզ հետ զրույցում ասում է ցույցի կազմակերպիչներից Զազա Աբաշիձեն: Ըստ Աբաշիձեի՝ կազմակերպիչների մեծ մասը մինչ հունիսի 20-ը նույնիսկ ծանոթ չի եղել, իրար չեն ճանաչել: Աբաշիձեն ասում է, որ երբ իրենց վերջին պահանջը բավարարվի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հրաժարական տա, իրենք կդադարեցնեն ցույցերը:
Ընտրական օրենսգրքի փոփոխություն
Վրաստանում տարիներ շարունակ խոսվում է ընտրական օրենսգիրքը փոխելու անհրաժեշտության մասին: Երկրում գործում է խառը ընտրական համակարգ՝ մեծամասնական և համամասնական: Խորհրդարանն ունի 150 պատգամավորական մանդատ՝ 73 մեծամասնական և 77 համամասնական։ Ինչպես ցույց է տալիս փորձը, մեծամասնական ընտրակարգով գրեթե միշտ հաղթում են գործող իշխանությունների ներկայացուցիչները: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում, օրինակ, 73 մեծամասնական ընտրատարածքներից 71-ում հաղթեցին իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները, 1 մեծամասնական պատգամավոր ընտրվեց «Թոփաձե — արդյունաբերողներից», անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին վայելում էր «Վրացական երազանքի» վստահությունը և 2 տարի անց, «Վրացական երազանքի» աջակցությամբ, ընտրվեց երկրի նախագահ: Իսկ համամասնական ընտրակարգով, ահա, «Վրացական երազանքը» հավաքել էր ձայների ընդամենը 48.68%-ը (44 պատգամավորական մանդատ):
2017 թվականի սահմանադրական փոփոխություններով Վրաստանն ամբողջությամբ անցնելու է համամասնական ընտրակարգի: Թե ընդդիմությունը, թե իշխանությունները ընդունում են մեծամասնական ընտրակարգի բացերը։ Վեճի առարկա է, սակայն, ընտրակարգին անցնելու ժամկետը։ Համաձայն սահմանադրության՝ մեծամասնական ընտրակարգը չեղյալ է հայտարարվելու միայն 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ընդդիմությունը պահանջում է արդեն 2020 թվականի ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով: Այս պահանջով նրանք ամբողջ երկրում ստորագրահավաք էին կազմակերպել և մինչ հունիսյան ցույցերն արդեն 250 հազարից ավելի ստորագրություն ունեին:
Հունիսի 20-ի բախումներից հետո ցուցարարները, խորհրդարանի խոսնակից պաշտոնանկումից զատ, առաջ քաշեցին մի քանի պահանջ ևս, այդ թվում՝ մեծամասնական համակարգի չեղարկումը: Փողոցի ճնշման ներքո իշխանությունները հայտարարեցին, որ հրաժարվում են մեծամասնական ընտրակարգից և խորհրդարան անցնելու նվազագույն՝ 3 տոկոսի շեմից։ Նվազագույն այս շեմը գործելու է սակայն միայն առաջիկա ընտրություններում, իսկ 2024 թվականից արդեն ուշի մեջ է մտնելու 5 տոկոսի նվազագույն շեմը: Այս որոշումը միանշանակ չընդունվեց վրաց ընդդիմադիրների շրջանում: Դեմ արտահայտվեց «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա հայտարարեց, թե «բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն այս որոշմանը, կամ հիմար են, կամ ծախված»:
Ցուցարարների այս պահանջը միակն էր, որն ուղղակիորեն չէր առնչվում Գավրիլովին։ Աբաշիձեի խոսքով՝ երկրում միակուսակցական իշխանություն է հենց մեծամասնական ընտրակարգի շնորհիվ։ «Երկրում, որտեղ ամեն ինչ մեկ կուսակցության ձեռքում է, որտեղ ոչ մի ինստիտուտ չի վերահսկվում, այսպիսի դեպքերի ենք ականատես լինում: Նախ Գավրիլովին բերեցին, հետո ցույցը ցրեցին, հիմա էլ ցույցը ցրողներն ու հրաման արձակողները չեն ենթարկվում պատասխանատվության: Սա է մեծամասնական համակարգի դեմքը: Համամասնական ընտրակարգը միակ դեղամիջոցն է, որը կբուժի այս հիվանդությունը»,— ասում է Աբաշիձեն:
Առանց նվազագույն շեմի ընտրությունների հնարավոր ռիսկերի մասին են խոսում նաև մյուս ընդդիմադիրները: Թեև նրանք բոլորն էլ համաձայն են, որ համամասնական ընտրակարգը առաջընթաց է, սակայն, զգուշորեն են վերաբերվում նվազագույն շեմի բացակայությանը: Վրաստանի «Հանրապետական կուսակցության» առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքը» փորձելու է իր սատելիտ կուսակցությունների միջոցով վերականգնել մանդատների հնարավոր կորուստները, որոնք անխուսափելի են լինելու համամասնական ընտրակարգի դեպքում։
Այլ կարծիքի են նորաստեղծ շարժումներն ու կուսակցությունները: «Գիրչի» կուսակցությունը, օրինակ, պահանջում է ոչ միայն 2020-ին կայանալիք, այլև հաջորդող բոլոր ընտրություններն անցկացնել առանց նվազագույն շեմի: Կուսակցությունն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ եթե բոլորը՝ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունները համաձայն են, որ այս մոդելը «լավն է», ապա ինչո՞ւ միայն 2020-ին պետք է նման կարգով կազմակերպել ընտրությունները:
«Իշխանությունն ու ընդդիմությունը անցյալի երկու տարբերակ են»
2012-ի իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը Վրաստանում, շարունակում է բևեռացված մնալ: Մի կողմից իշխող «Վրացական երազանքն է»՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, մյուս կողմից Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը», թեև Սաակաշվիլին հեռակա դատապարտված է մի քանի տարվա ազատազրկման իրավասությունները չարաշահելու մեղադրանքով: Սաակաշվիլին այս պահին Ուկրաինայում է և պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ միևնույն ժամանակ Վրաստանում մնալով ընդդիմության «միակ և անփոխարինելի» առաջնորդը։ Բևեռացված է նաև հասարակությունը, որի ընտրության հնարավորությունը երկփեկղված է այս երկու ուժերի և նրանց համախոհների միջև: 2012-ին հաջորդած բոլոր ընտրություններում (նախագահական, տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական) երկրորդ ուժը մշտապես մինչ այդ իշխող «Միացյալ ազգային շարժումն» է եղել:
2012 թվականին հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների միջոցով երկրում իշխանություն փոխվեց: Խորհրդարանական ընտրություններում հաղթող ճանաչվեց «Վրացական երազանք» դաշինքը, որի կազմում էին նաև «Հանրապետականներ» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Հաջորդ ընտրություններում, որը տեղի ունեցավ 2016 թվականին, դաշինքը փլուզվեց և իշխանական թևից անջատված «Հանրապետականներն» ու «Ազատ դեմոկրատները» դարձան ընդդիմադիր: 2016-ին ճեղքում տեղի ունեցավ նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում: Հեռացան մի շարք անկյունաքարային գործիչներ, որոնք հիմնադրեցին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Ավելի ուշ, «Վրացական երազանքի» հետ դաշինք կազմած «Հանրապետականներն» ու «Ազատ դեմոկրատները» սկսեցին համագործակցել «Միացյալ ազգային շարժման» հետ, այն ուժի, որի դեմ պայքարել էին տարիներ շարունակ: Վառ օրինակը 2019-ին #1 ընտրատարածքում (Մթածմինդա) խորհրդարանական միջանկյալ ընտրություններն էին: «Միացյալ ազգային շարժումը» այստեղ թեկնածու չառաջադրեց և հայտարարեց, որ աջակցելու է «Եվրոպական Վրաստանի» թեկնածուին: Վերջինս էլ, իր հերթին, առաջադրեց «Ազատ դեմոկրատներից» Շալվա Շավգուլիձեի թեկնածությունը, որը ընտրողներին հայտնի էր Սանդրո Գիրգվլիանիի գործով: 2006 թվականին բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիին, ըստ պաշտոնական հաղորդագրության, առևանգել և ծեծել էին իրավապահները, ինչից հետո նրա խոշտանգված դին գտել էին Օքրոկղանայի գերեզմանատան հարակից տարածքում: Դատախազության պնդմամբ այս գործում ներառված են եղել նախագահ Սաակաշվիլին, ներքին գործերի նախարարը, պատիժների իրականացման նախարարն ու վերջինիս եղբայրը:
Իսկ ամենահետաքրքիրը Շավգուլիձեի նախընտրական քարոզարշավն էր, որը հիմնված էր բացառապես դատական համակարգի բարեփոխման վրա: Նա նույնիսկ հեռուստաբանավեճի մասնակցեց Գիրգվլիանիի գործով դատավոր Լևան Մուրուսիձեի հետ, որն այժմ Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի անդամ է և դատական համակարգում իշխող կլանի պարագլուխներից մեկը։ Միջանկյալ այս ընտրությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ իրական քաղաքական պայքարը շարունակում է ընթանալ «Միացյալ ազգային շարժման», «Եվրոպական Վրաստանի» և «Վրացական երազանքի» միջև:
Հատկանշական է, սակայն, որ 2019-ի միջանկյալ ընտրություններում քաղաքական հորիզոնում երկու նոր ուժ երևաց՝ Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեկո Էլսաշվիլիի «Քաղաքացիական շարժումը» և անկախ թեկնածու Գրիգոլ Գեգելիան՝ մի խումբ քաղաքացիական ակտիվիստների հետ մեկտեղ:
Ալեկո Էլիսաշվիլին շարժումը հիմնել է որպես այլընտրանք երկկուսակցական քաղաքական դաշտին: «Բոլորն ասում են, որ երրորդ ուժ է պետք: Ես երկու ընտրությունների եմ մասնակցել և երրորդ տեղում չեմ եղել: Երրորդ տեղի համար չեմ պայքարելու»,— ասում է Էլիսաշվիլին:
Էլիսաշվիլին Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ է եղել (2013-2017), 2017-ի Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին զբաղեցրել երկրորդ տեղը՝ առաջ անցնելով «Միացյալ ազգային շարժման» թեկնածուից: 2019 թվականի միջանկյալ ընտրություններում «Քաղաքացիական շարժման» թեկնածու Լևան Իոսելիանին երրորդ տեղը զբաղեցրեց: Շարժումը գրասենյակներ ունի Վրաստանի տարբեր քաղաքներում և ակտիվորեն պատրաստվում է 2020 թվականի ընտրություններին:
Պատմական գիտությունների դոկտոր Գրիգոլ Գեգելիան առաջին անգամ էր մասնակցում ընտրություններին: Նախընտրական շրջանում նրան աջակցում էին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, այդ թվում և ուսանողական շարժման առաջնորդներ: Գեգելիան 5-րդ տեղն էր զբաղեցրել, թեև, ինչպես ինքն է ասում՝ ռեսուրսների պակասի հետ մեկտեղ նաև ընտրություններին մասնակցելու փորձի պակասի պատճառով: «Ընտրություններին մասնակցելու որոշում կայացրեցի, քանի որ Վրաստանի քաղաքացիները նոր քաղաքականություն են պատվիրել: Մեր թիմում միավորվել ենք ակտիվիստների, ակադեմիկոսների, իրավաբանների, լրագրողների և շատ-շատերի: Միավորվել ենք, որ տարբերվող քաղաքականություն առաջարկենք,— ասում է Գեգելիան և ավելացնում.— թե՛ «Վրացական երազանքը» և թե «Միացյալ ազգային շարժումը» անցյալի երկու տարբերակ են: Նրանք իրար նման են հակաժողովրդավարությամբ»:
Քաղաքացիական ակտիվիստ Իրակլի Կուպրաձեն նույնպես կարծում է, որ քաղաքացիներն այլընտրանքային քաղաքականության կարիք ունեն: «Միացյալ ազգային շարժման» քաղաքականությունը շարունակում է նաև «Վրացական երազանքը»: Մենք 2012 թվականին հրաժարվել ենք բռնությունից, ազատ արտահայտվելու սահմանափակումներից, քաղաքականացված դատարաններից: Բայց մինչև օրս էլ արմատապես ոչինչ չի փոխվել: Օրինակ, նույն դատավորները, որոնք նախկին իշխանությունների համար են աշխատել և ամբողջությամբ ենթարկվել իշխանություններին, այսօր էլ ավելի բարձր պաշտոններ են ստացել»,— ասում է Կուպրաձեն: Նա նաև պնդում է, որ անհրաժեշտ է նոր քաղաքական, բովանդակային դիսկուրս, որը փոխադարձ մեղադրանքներից զատ կառաջարկի երկրի զարգացման նոր տեսլական՝ հիմնված տնտեսության իրական ոլորտների վրա:
Ինչ վերաբերում է թբիլիսյան ցույցերի քաղաքական կապիտալացմանը, ապա կազմակերպիչների խոսքով՝ իրենք առայժմ չեն քննարկել հետագա անելիքները և քանի դեռ իրենց վերջին պահանջը չի կատարվել և ներքին գործերի նախարարը հրաժարական չի տվել, շարունակելու են ակցիաները։ «Մեզ հաճախ են տեսնում որպես հնարավոր երրորդ ուժ, սակայն քաղաքական գործընթացներին մասնակցելու մասին խոսակցություն չի եղել: Պայմանավորվել ենք, որ երբ պահանջները բավարարվեն, այդ ժամանակ էլ կխոսենք»,— ասում է Զազա Աբաշիձեն, որն արդեն մեկ ամիս է, ինչ իր համախոհների հետ հանրահավաքներ է կազմակերպում խորհրդարանի շենքի մոտ: