
Յուրաքանչյուրի արժանապատվության և իրավունքների պաշտպանությունը ժողովրդավարական հասարակարգ ունեցող պետության հիմնարար գործառույթն է։ Երբ իշխանությունները դադարում են ծառայել անհատի իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը, տեղի է ունենում իշխանությունների ապալեգիտիմացում։
«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի նախկին իշխանությունների լիարժեք ապալեգիտիմացման հետևանք էր։ Վարչական, ֆինանսական և կառավարման ռեսուրսների չարաշահման հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման ընթացքում չարաշահվեց մարդկային ամենակարևոր ռեսուրսը՝ արժանապատվությունը։ Հեղափոխության արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունը, հասարակության լայն շերտերի համաձայնությամբ և հաստատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը մեկնարկ տվեց հասարակական նոր դաշինքի ձևավորմանը։ Այժմ կարևոր է, որ նոր իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն՝ գործնականում երաշխավորելու անհատի արժանապատվության և իրավունքների պաշտպանությունը։
* * *
Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ իշխանությունների սահմանադրական[1] և միջազգային իրավական պարտավորությունն է։[2] ՀՀ օրենսդրությունը իրավական բազմաթիվ կարգավորումներ է պարունակում, որոնք պետք է ապահովեին երկրում անհատի իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու իրացումը։ Գործնականում, սակայն, առ այսօր Հայաստանում մարդու իրավունքները շարունակաբար սահմանափակվել և ոտնահարվել են հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ հանգեցնելով սոցիալական բողոքի կուտակման ու սոցիալական արդարության ճգնաժամի։
Տիրող իրավիճակի հիմնական պատճառը իշխանության չարաշահումն ու կիսաավտորիտար կառավարման մոդելի հաստատումն էր։ Պետության քաղաքականությունը մարդակենտրոն չէր։ Անհատն իր արժանապատվությամբ և իրավունքներով մղվել է պետական քաղաքականության ետին պլան, իսկ իշխանությունները ոչ թե հանրային շահին են ծառայել, այլ նեղ օլիգարխիկ շրջանակներին։
Հեղափոխության արդյունքում ետ վերցնելով զավթված իշխանությունը, հանրությունն այժմ պետք է հստակ ձևակերպի և իբրև պահանջ ներկայացնի պետական քաղաքականության իրականացման այն մոդելը, որն առավելագույնը կծառայի անհատների և սոցիալական խմբերի շահերի և իրավունքների պաշտպանությանը, երկրում սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության հաստատմանը։ Սույն պահանջի բավարարման համար նպատակային քաղաքականության մոդել կարող է լինել մարդու իրավունքների վրա հիմնված՝ իրավունքահենք պետական քաղաքականությունը։
Մարդու իրավունքները յուրաքանչյուրիս՝ արժանապատիվ կյանքով ապրելու անհրաժեշտ երաշխիքն ու ստանդարտն է։ Մարդու իրավունքները մեզնից անբաժան են, պատկանում են մեզ՝ անկախ մեր անձնական և սոցիալական հատկանիշների։ Սակայն դրանց ամրագրումը ներպետական և միջազգային փաստաթղթերում չի ապահովում անհատի կողմից իր իրավունքների լիարժեք իրացումը գործնականում, մեր իրավունքների և արժանպատվության պաշտպանությունը չի դրվում պետության քաղաքականության կենտրոնում։ Արդյունքում առաջանում է իրավունքահենք մոտեցմամբ պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտություն։
Իրավունքահենք մոտեցումը ենթադրում է, որ պետական քաղաքականության մշակման հիմքում ընկած են մարդու արժանապատվության և իրավունքների պաշտպանության նորմերն ու սկզբունքները, մշակված են գործիքներ և մեխանիզմներ, որոնք երաշխավորում են հանրային կյանքի բոլոր ոլորտներում անհատի իրավունքների համալիր և լիարժեք պաշտպանությունն ու իրացումը։
Խոսքը, ըստ էության, քաղաքականության մարդակենտրոն մոդելի մասին է։
Իրավունքի վրա հիմնված պետական քաղաքականությունը ապահովում է երկրում մարդու իրավունքների «գործնականացումը»։ Այն միտված է հասարակական-քաղաքական այնպիսի կարգ ստեղծելու, որում յուրաքանչյուրս ունենք զարգացման հավասար հնարավորություններ, ինչն, իր հերթին, նախապայման է զարգացած հասարակության։
Իրավունքահենք մոտեցմամբ մշակվող քաղաքականությունը հնարավորություն է տալիս երաշխավորելու հասարակությունում
— յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը,
— յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
— սոցիալական արդարության և համերաշխության կայացումը։
Ինչպե՞ս է կառուցվում իրավունքահենք պետական քաղաքականությունը։[3] Այն հիմնվում է միջազգայնորեն ամրագրված մարդու իրավունքների սկզբունքների և նորմերի վրա՝ դրանք տեղայնացնելով հանրային կյանքի բոլոր ոլորտներում։
Իրավունքահենքությունը ենթադրում է հանրային կյանքի բոլոր ոլորտների կարգավորման շրջանակներում՝
1- իրավունքների համալիր պաշտպանության/իրացման երաշխիքների ապահովում,
2- տվյալ ոլորտում խտրականության բոլոր տեսակների բացառում,
3- ներառական որոշումների կայացում՝ բոլոր շահագրգիռ կողմերի/թիրախային խմբերի հավասար և արդյունավետ մասնակցություն,
4- որոշումների կայացման թափանցիկություն,
5- որոշում կայացնողների հաշվետվողականություն,
6- իրավունքի գերակայության ապահովում՝ կայացված որոշումների համապատասխանություն պետության ստանձնած մարդու իրավունքների պարտավորություններին և միջազգային իրավական չափանիշներին։
Դիտարկենք իրավունքահենք մոտեցումը մեր երկրում առկա ամենամեծ մարտահրավերներից մեկի՝ աղքատության խնդրի լուծման համատեքստում։ Իբրև օրինակ վերցնենք եկամուտների անհավասարությունը, որը Հայաստանում աղքատացման և սոցիալական բևեռացման հիմնական պատճառներից է։
ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, որը աղքատության կրճատման քաղաքականության ուղենշային փաստաթուղթն է, եկամուտների անհավասարության խնդրին անդրադառնում է հետևյալ կերպ․ «… աղքատության հաղթահարման և եկամուտների վերաբաշխման հնարավորությունների ընդլայնման հիմնական նախադրյալը շարունակելու է մնալ երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովումը: Աշխատատեղերի քանակի ավելացումը, ժամանակակից արտաքին մրցակցային պայմաններին համապատասխանող ապրանքների արտադրությունը և մասնագետների պատրաստումը հանգեցնելու է մի կողմից աշխատանքային եկամուտների ավելացմանը, իսկ մյուս կողմից, նպաստելով պետական բյուջեի եկամտային հենքի ավելացմանը՝ ընդարձակելու է պետության կողմից իրականացվող եկամուտների վերաբաշխման քաղաքականության հնարավորությունները»։[4]
Այսպիսով, խնդիրը դիտարկվում է տնտեսական տիրույթում. պետական քաղաքականության շրջանակներում լուծում առաջարկվում է տնտեսագիտական մոտեցումների հիման վրա։ Սակայն, եթե եկամուտների անհավասարության խնդիրը պետության կողմից, ի հավելումն տնտեսականի, վերլուծվեր նաև իրավունքահենք մոտեցմամբ, ակնհայտ կդառնային մարդու իրավունքների խախտումներով պայմանավորված մի շարք հանգամանքներ, որոնք մեծապես հանգեցնում են Հայաստանում անհավասար եկամուտների գոյացմանը և եկամուտների անհավասար բաշխմանը։ Թվենք այդ հանգամանքներից մի քանիսը՝
-գենդերային կածրատիպերով պայմանավորված՝ կանանց և տղամարդկանց անհավասար ներգրավվածությունը աշխատաշուկայում,
-կրթության իրավունքի անհամաչափ իրացմամբ պայմանավորված՝ անհատների անհավասար մուտքը աշխատաշուկա,
-միջավայրային անմատչելիությամբ և խտրականությամբ պայմանավորված՝ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զբաղվածության ցածր մակարդակը,
-կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի նկատմամբ դրսևորվող խտրականությամբ պայմանավորված՝ վերջիններիս մարգինալացումը և այլն։
Սոսկ տնտեսական չափումների միջոցով երբեք հնարավոր չի լինի վերհանել վերոնշյալ դրդապատճառները, մինչդեռ աղքատությունը զուտ տնտեսական կարգավիճակ չէ. այն մարդու արժանապատվությունը ոտնահարող, իրավունքներն ու ազատությունները մեծապես սահմանափակող լրջագույն հանգամանք է։ Խտրականությամբ, իրավունքների ոտնահարմամբ պայմանավորված դրդապատճառների բացթողումը պետական քաղաքականության շրջանակներում առ այսօր ոլորտային քաղաքականությունների անկայունության և անլիարժեքության հիմնական պատճառներից է եղել։ Արդյունքում, տարիներ շարունակ վատնվել են բյուջետային միջոցներ, տրվել խնդիրների անհեռանկարային և սոսկ տեղային լուծումներ։
Պետական քաղաքականության մշակման տրամաբանության վերաձևակերպումը պահանջում է, որ այդ քաղաքականության թելադրողը այսուհետ դառնա ինքնորոշված, պահանջատեր քաղաքացին, իսկ քաղաքականությունը ուղղված լինի յուրաքանչյուրի անձի, արժանապատվության և իրավունքների հավասար պաշտպանությանը։
Եկամուտների անհավասարության խնդրի դիտարկումը իրավունքահենք մոտեցման տրամաբանությամբ ենթադրում է հետևյալ քայլերի ձեռնարկումը՝
1- ապահովել քաղաքացիների իրազեկվածությունը տվյալ ոլորտում իրենց իրավունքների և պարտավորությունների մասին,
2- երաշխավորել տվյալ ոլորտի խնդիրների բարձրաձայնման մասնակցային հարթակների առկայությունը,
3- հարթակների գործունեության արդյունքում համալիր կերպով դուրս բերել իրավունքի այն խախտումները, որոնք եկամուտների անհավասար բաշխման թե՛ պատճառ և թե՛ հետևանք են,
4- լսելի դարձնել այն խմբերի ձայնը, որոնց իրավունքները ավելի հաճախ են խախտվում տվյալ ոլորտում,
5- ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը ոլորտային քաղաքականության/ռազմավարությունների/գործողությունների ծրագրերի մշակման գործընթացներում,
6- ոտնահարվող իրավունքների վերականգնումը/լիարժեք իրացումը առանց խտրականության դիտարկել իբրև ոլորտային քաղաքականության/ռազմավարությունների/գործողությունների ծրագրերի առանցքային նպատակ,
7- ապահովել իրականացվող գործողությունների թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը։
Սա է գործողությունների այն տրամաբանությունը, որը, համադրվելով տնտեսագիտական վերլուծությունների և միջամտությունների հետ, կբերեր ուսումնասիրվող խնդրի համակարգային լուծմանը։ Իրավունքների և հնարավորությունների հավասարության վերականգման միջոցով հնարավոր կլիներ ապահովել եկամուտների արդար վերաբաշխումը, իսկ վերջինիս արդյունքում երկարաժամկետ կտրվածքում հաղթահարել աղքատացման համապատասխան միտումները։
Պատահական չէ, որ միջազգային փորձի վրա հիմնված բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են անմիջական կապը հաշվետու, մասնակցային և թափանցիկ կառավարման մոդելի, կառավարության կողմից հասարակությունում խտրականության և բռնության դրսևորումների դեմ պայքարի և պետության կայուն տնտեսական աճի միջև։[5]
Իրավունքահենք մոտեցումը քաղաքականություն մշակողներին և իրացնողներին պարտավորեցնում է սոցիալական խնդիրների մասին խոսել նաև իրավունքի լեզվով։ Իրավունքահենք մոտեցմամբ յուրաքանչյուր խնդիր դրվում է «իրավունք կրողի» ⬄ «իրավունք իրացնողի» շրջանակի մեջ, որում անհատները իրավունքներ և ազատություններ կրող և պահանջող կողմերն են, իսկ պետական իշխանության մարմինները այդ իրավունքների պաշտպանության պարտավորությունը կրող կողմը։ Այս շրջանակներում առկա է հստակ գործիքակազմ, գործում են հստակ ամրագրված պարտավորություններ, նորմեր և սկզբունքներ։ Իրավունքահենք մոտեցմամբ պետական քաղաքականության իրականացման պահանջը բխում է յուրաքանչյուրիս՝ սեփական արժանապատվության ու իրավունքների պաշտպանության երաշխիքներ ունենալու հրամայականից։ Դրանում է իրավունքահենք մոտեցման արժեքը և կարևորությունը։