Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Նոր ճանապարհներ, նոր շուկաներ և զարգացման նոր հնարավորություններ․ այս մասին քննարկումներ է ծնել Արցախյան 3-րդ պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ նվիրված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը։
Բուռն քննարկումների առիթ դարձավ նոյեմբերի 28-ին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի խոսքը․ «Սահմանների բացումը ընձեռելու է լայն հնարավորություններ, մեր «էքսպորտյորները» կարող են ապրանքը արտահանել Ռուսաստան կամ այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում, բացվելու են թուրքական «պորտերը» և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե բացվի ադրբեջանական շուկան մեզ համար և մեր շուկան՝ Ադրբեջանի համար»։
Իսկ արդեն այս տարվա հունվարի 11-ին ստորագրած եռակողմ հայտարարությամբ՝ կոնկրետ քայլեր սահմանվեցին ապաշրջափակման իրականացմանն ուղղված (միջկառավարական աշխատանքային խմբի, փորձագիտական ենթախմբերի ձևավորում, հանդիպումներ և այլն)։ Այնուհետև սկսեցին շրջանառվել քարտեզներ, թե որտեղից ուր է ձգվելու նոր կառուցվելիք երկաթուղին։
Հայաստանցի գործարարներն ու ոլորտի փորձագետները, թեև պարզ ճշմարտություն են համարում, որ տնտեսության զարգացման համար կոմունիկացիաների ապաշրջափակումը կարևոր է, միևնույն ժամանակ խոսում են մի խումբ ռիսկերի մասին։
«Մենք չգիտենք գինը, որ պիտի վճարենք դրա դիմաց»․ Արսեն Մկրտչյան
«Այստեղ տնտեսական ու քաղաքական հարցերը խաչվում են։ Մեր իշխանությունները պետք է հասկանան, թե այն գինը, որ մենք վճարելու ենք, արժե այն քաղաքական զիջումներին, որին պիտի գնան։ ․․․ Մենք չգիտենք գինը, որ պիտի վճարենք դրա դիմաց»,- մեզ հետ զրույցում նշում է գինեգործական «Նոա» ընկերության տնօրեն Արսեն Մկրտչյանը։
Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ գինիներ արտահանող ընկերության ղեկավարի խոսքով, ներկայիս գործող կոմունիկացիաներն էլ հնարավորություն են տալիս ցանկացած երկիր արտահանում իրականացնել, սակայն այլընտրանքային ճանապարհ ունենալը կարող է հեշտացնել լոգիստիկայի խնդիրները՝ հաշվի առնելով հատկապես այն, որ Լարսի ճանապարհը հատկապես ձմռան ամիսներին ոչ միշտ է անցանելի լինում և որ երկաթուղային ճանապարհով արտահանում-ներկրումը ավելի էժան կարող է լինել։
Միևնույն ժամանակ կան մտահոգություններ՝ բեռները անվտանգ տեղ հասցնելու վերաբերյալ․
«Պարտադիր պետք է ապահովագրվեն բեռները։ Ես այնքան էլ վստահ չեմ, որ մեր ապրանքը Նախիջևանով, Բաքվով կգնա Ռուսաստան ու ճանապարհին չի ենթարկվի բռնությունների»,- գործարարը ապահովագրությունն էլ սակայն ամբողջական լուծում չի համարում․
«Եթե ուզում ես ամբողջ բեռի կորստի համար փոխհատուցում ստանալ, պետք է շատ վճարես։ Կա նաև հարցի մյուս կողմը․ դու դժվարությամբ գտնում ես գործընկեր արտերկրում, երկար` մեկ-մեկուկես տարի աշխատում ես մինչև մի պատվեր ստացվի։ Ու պատկերացրեք, որ այդ պատվիրված մի «կոնտենյեր» ապրանքը գնում, Ադրբեջանում խնդիրների մեջ է ընկնում։ Ստացվում է, որ քո տարիների աշխատանքը, որը որևէ ապահովագրական ընկերություն չի կարող փոխհատուցել, ընկնում է ջուրը։ Ոչ միայն շշի ինքնարժեքն է կարևոր, այլև ակնկալվող եկամուտները, որը չես ստանում»։
Գործարարը նշում է՝ նման ռիսկերը գնահատելիս նախապատվությունը կտան թեև ավելի թանկ, բայց ներկայումս գործող կապուղիներին, մինչև այլընտրանքայինը չապացուցի իր հուսալիությունը։
Հայաստանի տնտեսության անվտանգությունը՝ ռիսկի տակ կամ քաղաքական գործոնը
Կոմունիկացիաների ապաշրջափակումից դրական ակնկալիք ունենալը միամտություն է համարում «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը․«Եկեք չկտրվենք իրականությունից։ Իսկ իրականությունն այն է, որ մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ընդամենը Արցախյան կոնֆլիկտ չունենք։ Մենք ունենք հայ-թուրքական կոնֆլիկտ, որի դրսևորումներից մեկն էլ հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է։ Նրանք չեն կռվում արցախցիների դեմ, նրանց խնդիրը հայերին ոչնչացնելն է։ Տեսեք, անմիջապես պատերազմից հետո նրանց մոտ սկսեցին ակտիվանալ Երևանը, Սևանը, Սյունիքը վերցնելու իդեաները։ Ու այսքանից հետո պետք չէ լուրջ ակնկալիք ունենալ, թե մենք Ադրբեջանով կկարողանանք ապրանք տեղափոխել․․․»,- գործարարը օրինակ է բերում ընդամենը մեկ ամիս առաջ Վրաստանում ադրբեջանցիների կողմից հայկական բեռնատարների վրա հարձակումները։
Մասնագետների խոսքով, տնտեսական այս որոշումների հետևում քաղաքական լծակների ստեղծումն է կամ Հայաստանը «փափուկ» ճանապարհով գրավելու տարբերակը։ Մեր բոլոր զրուցակիցները օրինակ են բերում Վրաստանը, որտեղ թուրք-ադրբեջանական ներդրումները ահռելի ծավալների են հասնում և գրավել են տնտեսության հիմնական ուղղությունները․ «Պատահական չէ, որ ներկայումս թուրքերը Վրաստանը ներկայացնում են որպես Թուրքիայի ազդեցության գոտի»,- նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը և չի բացառում, որ հայաստանյան տնտեսության անվտանգությունն ու անկախությունը նույնպես կարող է ռիսկի տակ դրվել։
Ի դեպ, վերջերս հրապարակվեց Թուրքիայի ազդեցության ընդլայնման քարտեզը, որի համաձայն, մինչև 2050 թիվը Հայաստանը նույնպես կհայտնվի այդ գոտում։
Նոր շուկանե՞ր
Թուրքական և ադրբեջանական շուկաների բացվելը հայ արտադրողների համար տեսականորեն դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Սակայն, EVN Report-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը ներկայացնում է Հայաստանից Թուրքիա արտահանվող (տարեկան միջինում մինչև 2 մլն դոլար) և Թուրքիայից Հայաստան ներկրվող (տարեկան միջինում 260 մլն դոլար) արտադրանքի ծավալները․ «Մեր առևտրաշրջառությունը միակողմանի է, հիմնականում ներկրում ենք»։
Նրա խոսքով, փաստացի, Թուրքիան տարբեր լծակներով սահմանափակել է հայկական արտադրանքի մուտքը իր շուկա․ հայտնի դեպքերից է, երբ Թուրքիան դատական կարգով արգելեց հայկական կոնյակի մուտքը՝ Արարատ լեռան նկարով պիտակներ ունենալու համար։
Չկան նաև երաշխիքներ, որ այս քաղաքականությունը չի շարունակվի, հատկապես, որ ունի դա անելու գործիքակազմ․ Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է և ներկրվող ապրանքների համար կարող է մինչև 48 տոկոս մաքսատուրք սահմանել։
Ինչ վերաբերում է Ադրբեջան արտահանումներին, Ս․ Պարսյանը նշում է, որ Հայաստանից արտահանվող ապրանքներն են հանքանյութերը (օրինակ, պղինձ, մոլիբդեն) և թեթև արդյունաբերական արտադրանքը (ծխախոտ, պահածոներ և այլն)։ Ադրբեջանական նման ապրանքներն առավել բարձր մրցակցային դիրքերում են (էժան են և արտադրվում են ավելի մեծ քանակով) և հազիվ թե Ադրբեջանում հայաստանյան արտադրանքի պահանջարկը մեծ լինի։
Տեղական արտադրողը՝ կուլ գնալու եզրին
«Տեղական արտադրողներին կսպանեն, տեղականները շանս չեն ունենա մրցակցելու։ Այնտեղից ներկրելով էին սպանում, բա որ այստեղ արտադրեն՝ ինչ կկատարվի,- Վահրամ Միրաքյանն օրինակ է բերում անձեռոցիկների, զուգարանի թղթի շուկան,- «Սելփակը» մինչև չարգելեցին (նկատի ունի հուվարի1-ից թուրքական ապրանքների վրա դրված էմբարգոն,- հեղ․), ոչ մեկը չէր կարողանում թփրտալ»։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նույնպես նշում է, որ հայաստանյան տնտեսվարողները մրցակցային լուրջ խնդիրների առջև կարող են կանգնել, քանի որ թուրքական, ադրբեջանական ապրանքների ծավալը մեծ է, գինը՝ ցածր: Պատճառները մի քանիսն են՝ արտադրողները ստանում են պետական աջակցություն, էներգետիկ ռեսուրսներն էժան են և արտադրանք ապահովելու ծախսերը նույնպես քիչ են, նաև վերջին տարիներին այս երկրների ազգային դրամների արժեզրկումը ևս բերել է ապրանքների գնի նվազման։
Այս ռիսկի մասին առավել պատկերավոր խոսում է Փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը՝ ներկայացնելով թվային տվյալներ․ Հայաստանում գործող շուրջ 79 000 փոքր և միջին բիզնեսների (ՓՄՁ) ավելի քան 90 տոկոսը համարվում է գերփոքր և ունի միջինում 1 աշխատակից․ սրանք հիմնականում ինքնազբաղված անձիք են և շրջանառվող գումարները ամբողջությամբ դուրս են հանում՝ առօրյա ծախսերի համար (հիմնականում հակված չեն բիզնեսում ներդրում անելուն)․ «Մեր փոքր և միջին բիզնեսների 10-20 տոկոսն է արտահանմամբ զբաղվում, մյուսները կենտրոնացած են ներքին շուկայի վրա, ինչը նշանակում է, որ, հավանական է, դրսի շուկայում մրցունակ չեն լինի։ ․․․Եվ սա ինքն իրենով ռիսկ է։ Այո, թուրքական բիզնեսը կարող է ակտիվ լինել և դրա մասին պետք է բաց խոսել ու քննարկել, թե դրա առաջը ոնց պետք է առնել»։
Տեղական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ մասնագետների դիրքորոշումներն ու առաջարկները տարբեր են՝ պետության կողմից արտոնությունների սահմանում, մաքսային սահմանափակումներ, քվոտաների գնում և այլն։ Ռ․ Օսիպյանը խոսում է արտահանման նոր ուղիների զարգացման մասին․ օրինակ, առցանց խոշոր առևտրային հարթակների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Alibaba-ն, համագործակցելու, ավիաչվերթների պարբերականությունը կարգավորելու և օդանավակայանի կարգոտերմինալի արդյունավետ օգտագործելու մասին։
Կառավարության հակասական ու շփոթեցնող քայլերը
Թե ինչ է անում կամ ինչ է նախատեսում անել Հայաստանի կառավարությունը՝ տնտեսության զարգացման, կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ, դեռևս մշուշոտ է։ Ավելին՝ իրավիճակը հակասական ու շփոթեցնող է․ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին կառավարությունը որոշեց արգելել թուրքական ապրանքների ներկրումը, իսկ շուրջ մեկ ամիս անց էկոնոմիկայի նախարարը խոսեց սահմանների բացման լայն հնարավորությունների մասին։ Այժմ էլ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ աշխատանքային խումբը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։
«Պրոցեսն ընդհանրապես թափանցիկ չէ և հանրությունը չգիտի, թե, օրինակ, ինչ են փոխվարչապետները բանակցում այդ հարցի շուրջ։ Հավանաբար, ինչ-որ կոնեցպտներ են մշակում։ Լավ կլինի, որ գոնե փորձագիտական համայնքի հետ քննարկումներ լինեն, և մի օր չպարզվի, որ ինչ-որ միջազգային պարտավորություններ են ստանձնել և պետությունը փաստի առաջ է կանգնել»,- ասում է Ռուբեն Օսիպյանը։
EVN Report-ի հարցմանը, թե արդյո՞ք թուրքական ապրանքների ներկրման արգելքը վերացվելու է, էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի կողմից ստացվել է հետևյալ պատասխանը․ «․․․գտնում ենք, որ նշյալ արգելքի ժամկետը հնարավոր է ևս 6 ամիս երկարաձգվի և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա հնարավոր է նաև լինեն խստացումներ։ Տնտեսվարողները պետք է հաշվի առնեն, որ այն ապրանքները, որոնց ներմուծումն այս պահին թույլատրվում է, գուցե 6 ամիս հետո ընդգրկվեն ներմուծման արգելքի նոր ցանկում»։
Ի դեպ, էկոնոմիկայի նախարարությունը, առանց որևէ հիմնավորման, անտեսել է մեր հարցման հիմնական կետերը՝ տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակման մասին, և ուղղակի պատասխանել է վերջին հարցին՝ էմբարգոյի վերաբերյալ։ Իսկ այս թերի պատասխանն ուղարկվել է ժամկետի խախտմամբ՝ հարցումն ուղարկելուց 23 օր հետո։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հեռանկարին, ապա ներկայացնում ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանից փետրվարի 9-ին ստացված պատասխանը՝ չնչին կրճատումներով․
EVN Report — Արդյո՞ք ՀՀ կառավարությունն իրականացրել է հետազոտություն, թե ինչ բացասական և դրական հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը ՀՀ տնտեսության վրա:
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար — Հարցը, իհարկե, մանրամասն քննարկվել և քննարկվում է ՀՀ կառավարության լիազոր գերատեսչությունների կողմից, և գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հնարավոր հետևանքները:
EVN Report — Եթե կատարվել է նման հետազոտություն, ապա խնդրում եմ տրամադրել հետազոտության էլեկտրոնային տարբերակը կամ որևէ հղում՝ հետազոտությանը ծանոթանալու համար։
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար — Քննարկումները դեռևս շարունակվում են:
EVN Report — Կա փորձագիտական դիտարկում, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է կորցնել տնտեսական անկախությունն ու մեծապես կախվածություն ստանալ ադրբեջանական, թուրքական կապիտալից։ Արդյո՞ք կառավարությունը նման ռիսկ դիտարկում է։
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար — Քննարկումների ընթացքում կարևորվում է ռիսկերի համակողմանի գնահատումը, ինչը և արվում է:
EVN Report — Եթե կառավարությունը դիտարկում է վերոնշյալ եւ այլ ռիսկեր, արդյո՞ք արդեն իսկ ունի մշակված մեխանիզմ՝ ՀՀ տնտեսության պաշտպանության համար։ Ի՞նչ մեխանիզմ է այն, ինչպե՞ս է այն կիրառվելու։
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար — Այս պահին հնարավոր չէ խոսել մեխանիզմների մասին, քանի դեռ շտեմարանավորված և գնահատված չեն բոլոր ռիսկերը:
EVN Report -Արդյո՞ք նախանշվում են մոտավոր ժամկետներ, թե երբ կսկսվի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու գործընթացը և որոնք են լինելու դրա առաջին քայլերը։
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար — Կոնկրետ ժամկետներ այս պահին հնարավոր չէ նշել, քանի որ դեռևս տեղի է ունեցել աշխատանքային խմբի մեկ հանդիպում, որի արդյունքում որոշում է կայացվել ստեղծել ենթախմբեր երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: