EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Քաղաքականություն
Օգս 25, 2025

Սահմանադրական փոփոխությունները և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Դասեր Պրեսպայի համաձայնագրից

George MeneshianՋորջ Մենեշեան
Armenia, Azerbaijan and Constitutional Amendments

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը վեջնական համաձայնեցրին խաղաղության պայմանագրի նախագիծի դրույթները, որը նպատակ ուներ վերջ դնել տասնամյակներ տևած հակամարտությանը։ Սակայն ստորագրումը հետաձգվեց։ Ադրբեջանի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, հավելյալ պայմաններ ներկայացրին։ Դրանց թվում այն, որ Հայաստանն իր Սահմանադրության նախաբանից հեռացնի 1990-ի Անկախության հռչակագրի Լեռնային Ղարաբաղին վերաբերող հղումները։ Ադրբեջանը պնդում է, որ սա կարևոր է իր տարածքային ամբողջականության լիարժեք ճանաչման համար։

2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավիրած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով հարթեցին համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհը։ Փաստաթղթում քննարկվում են մի շարք չլուծված հարցեր, սակայն որևէ հղում չի արվում Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին։ Գագաթնաժողովից հետո նախագահ Ալիևը հրապարակավ վերահաստատեց իր պահանջը, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի։

Հուլիսի սկզբին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն այցելեց Հունաստան՝ Հայաստանի վաղեմի բարեկամ երկիր՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար: Այցի ընթացքում նա հարցազրույց տվեց հունական թերթին, որում փորձեց արդարացնել Ադրբեջանի պահանջները Հայաստանում Սահմանադրության վերանայման վերաբերյալ՝ հղում անելով Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև 2018-ի Պրեսպայի համաձայնագրին:

2018-ի հունիսին ստորագրված Պրեսպայի համաձայնագիրը լուծեց Հունաստանի և այն ժամանակ պաշտոնապես Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության (ՄՆՀՀ) միջև տասնամյակներ տևած անվանակոչման վեճը։ Համաձայնագրի հիմքում ընկած էր երկրի սահմանադրական վերանվանումը՝ «Մակեդոնիայի Հանրապետություն»-ից «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն», որն անմիջականորեն հասցեագրում էր Հունաստանի «Մակեդոնիա» անվանման հետ փոխկապակցված իռեդենտիզմի վերաբերյալ մտահոգությունները։ Համաձայնագիրը նաև պահանջում էր սահմանադրական հոդվածների և նախաբանի փոփոխություններ՝ վերացնելով Աթենքի կողմից խնդրահարույց համարվող ձևակերպումները։ Խորհրդարանական վավերացումից հետո կառավարությունը 2018-ի սեպտեմբերին անցկացրեց խորհրդատվական հանրաքվե։ Չնայած ցածր մասնակցությանը՝ մեծամասնությունն աջակցեց համաձայնագրին։ 2019-ի հունվարին խորհրդարանը բավարար մեծամասնությամբ ընդունեց անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները։

Չնայած մակերեսային նմանություններին, Հայաստան-Ադրբեջան դեպքը հիմնարար կերպով տարբերվում է: Հունաստանի մտահոգությունները հիմնականում խորհրդանշական էին` կապված պատմական պատումների և ազգային ինքնության հետ: Երկու պետությունները դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեցին 1995-ին և երբեք չսպառնացին միմյանց պատերազմով և չգրավեցին միմյանց տարածքներ: Պրեսպայի համաձայնագիրը լուծեց խորհրդանշական վեճ և Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու ավելի լայն ռազմավարության մի մասն էր: Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում գործ ունենք զինված հակամարտության, տարածքային բռնազավթման, բնակչության տեղահանման և վիճարկվող ինքնիշխանության հետ: Խաղադրույքները վերաբերում են ոչ միայն ազգային խորհրդանիշերին, այլև տարածքների, անվտանգության և պատերազմի հետևանքների նկատմամբ վերահսկողությանը: Պարունակը խորհրդանշական չէ, այն գոյաբանական է:

Սահմանադրական լեզվի առումով, Հունաստանը դեմ էր Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրության որոշակի ձևակերպումներին, որ համարում էր իռեդենտիստական ​​կամ հակասող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 817-րդ բանաձևին, որը խորհուրդ էր տալիս ՄԱԿ-ում անդամակցության ժամանակ օգտագործել «ՄՆՀՀ» անցումային հղումը: Ի տարբերություն, Հայաստանի Սահմանադրությունը բացահայտորեն չի հիշատակում Լեռնային Ղարաբաղը, բայց նախաբանում ներառում է 1990-ի Անկախության հռչակագիրը: Հռչակագիրը հղում է կատարում 1989-ի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի միջև վերամիավորման վերաբերյալ համատեղ որոշմանը. խորհրդանշական քայլ, որն Ադրբեջանը խնդրահարույց է համարում: Ադրբեջանի Սահմանադրությունը նույնպես ներառում է պատմական պահանջներ. Ադրբեջանի 1991-ի Անկախության հռչակագիրը նոր հանրապետությունը համարում է 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության իրավահաջորդ, որը հավակնություններ ունի տարածքների նկատմամբ, որոնք համընկնում են այսօրվա Հայաստանի հետ: Պատմական պատումների ընդգրկումը երկու երկրների սահմանադրություններում բարդացնում է գործընթացը: Այնուամենայնիվ, միայն Ադրբեջանն է պահանջում սահմանադրական փոփոխություն մյուս կողմից:

Իրավական առումով, երկու երկրներում փոփոխությունների ընթացակարգերը զգալիորեն տարբերվում են: Հյուսիսային Մակեդոնիայում սահմանադրական փոփոխություններն ընդունվել են խորհրդարանի կողմից, և չնայած անցկացվել է հանրաքվե, այն խորհրդատվական էր: Սակայն Հայաստանի Սահմանադրությունը սահմանում է ավելի խիստ պահանջներ: 202(1) հոդվածը պարտադրում է հանրաքվե անցկացնել Սահմանադրության առաջինից երրորդ գլուխների ցանկացած փոփոխության համար, որոնք սահմանում են պետության հիմնարար սկզբունքները: Չնայած նախաբանը չի համարվում գլուխ, այն կարող է համարվել առաջին գլխին համարժեք, քանի որ սահմանում է պետության հիմնարար սկզբունքները:

Այս փաստարկը հիմնավորելու համար, Հայաստանի Սահմանադրական դատարանը 2021-ի ապրիլին թիվ 1590 որոշման մեջ նշել է, որ նախաբանը Սահմանադրության անփոփոխ միջուկի մաս է՝ իր հիմնարար բնույթի պատճառով։ Այս մեկնաբանությունը ենթադրում է, որ նույնիսկ հանրաքվեն չի կարող փոխել այն, եթե դատարանն ինքը չվերանայի իր դիրքորոշումը։ Հետևաբար, 1990-ի հռչակագրին հղումը հեռացնելու համար, գրեթե անկասկած, անհրաժեշտ կլինի Սահմանադրական դատարանի նոր որոշում, խորհրդարանի երկու երրորդի հավանությունը և հանրաքվե։ Այս գործընթացը շրջանցելու ցանկացած փորձ կարող է խախտել Հայաստանի սահմանադրական կարգը։

Քաղաքական առումով, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ զգալի զիջումների է գնացել․ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և վերահաստատել է իր հավատարմությունը 1991-ի Ալմա-Աթայի արձանագրություններին, որոնք ընդգծում են նախկին խորհրդային հանրապետությունների միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքը։ Հայաստանը երբեք պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև բռնակցման չի ենթարկել տարածաշրջանը 1991-1994 թվականների պատերազմից հետո։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հետ խորհրդանշական կապը մնում է Սահմանադրության նախաբանում և շարունակում է սնուցել Ադրբեջանի առարկությունները։

Թեև Պրեսպայի համաձայնագիրը կարող է ընթացակարգային դասեր առաջարկել, ինչպես զգայուն սահմանադրական փոփոխություններն օրինականացնելու համար հանրաքվեների օգտագործումը, այն չի կարող ծառայել որպես ուղղակի նախադեպ Հայաստանի և Ադրբեջանի համար: Աթենք-Սկոպյե դեպքը ներառում էր դիվանագիտություն, խորհրդանիշեր և խաղաղ բանակցություններ: Ի տարբերություն, հայ-ադրբեջանական հակամարտությունը մնում է անկայուն՝ փոխադարձ անվստահությամբ, շարունակական լարվածությամբ և միմյանց դեմ գանգատներով։

Սահմանադրական փոփոխությունները, մասնավորապես փաստաթղթի նախաբանում, պետք է համապատասխանեն ներպետական ​​իրավական ընթացակարգերին: Հայաստանի համար սա ներառում է Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը և հայ ժողովրդին: Նման փոփոխություններն այս շրջանակից դուրս և արտաքին ճնշման ներքո պարտադրելու փորձը կստեղծի անհանգստացնող նախադեպ և, ի վերջո, կթուլացնի պետական համակարգը:

Որոշ արտաքին դերակատարներ կարող են սահմանադրական փոփոխությունները դիտարկել որպես վստահության ամրապնդման միջոցառումներ։ Այնուամենայնիվ, միակողմանի ճնշումը Հայաստանի վրա՝ վերաշարադրելու իր հիմնարար իրավական փաստաթուղթը մինչև պայմանագրի ստորագրումը, և առանց փոխադարձ պարտավորությունների, խաթարում է ինչպես Հայաստանի ինքնիշխանությունը, այնպես էլ խաղաղության գործընթացի ամբողջականությունը։

Այսպիսով, ի՞նչ դաս քաղել Պրեսպայի համաձայնագրից։

Պրեսպայի համաձայնագիրը ցույց տվեց, որ սահմանադրական փոփոխությունները կարող են նպաստել հաշտեցմանը, բայց միայն այն դեպքում, երբ պայմանները խաղաղ, կամավոր և փոխշահավետ են։ Հունաստանը և Հյուսիսային Մակեդոնիան լուծեցին խորհրդանշական վեճը՝ առանց բռնության։ Նրանց բանակցությունները կառուցված էին եվրաատլանտյան ներառման նպատակների շուրջ, և համաձայնագիրը վայելում էր միջազգային և խորհրդարանական աջակցություն, չնայած երկու երկրներում էլ հասարակական կարծիքը մեծ մասամբ դեմ էր համաձայնագրին։ Ի տարբերություն, Հայաստանն ու Ադրբեջանը բախվում են պատերազմի, տեղահանության և անապահովության իրողության հետ։ Սահմանադրական խաղադրույքներն ավելի բարձր են՝ ոչ միայն անունների և պատմության հարց է, այլև տարածքների, ինքնիշխանության և, ի վերջո, գոյատևման։

Միակողմանի սահմանադրական վերանայում պահանջելը ստորագրված պայմանագրի կամ հստակ փոխադարձ երաշխիքների բացակայության դեպքում իրավական բարեփոխումները վերածում է հարկադրանքի գործիքի։ Դա ո՛չ կայուն դիվանագիտություն է, ո՛չ էլ օրինական խաղաղաշինություն։ Նույնիսկ Պրեսպայի համաձայնագրի դեպքում սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել միայն համաձայնագրի ստորագրումից և քաղաքական հանրաքվեից հետո։ Եթե Հայաստանը երբևէ քննարկելու է սահմանադրական փոփոխությունները, հատկապես դրա նախաբանը, ապա այն պետք է ապահովի, որ գործընթացն արտացոլի ժողովրդավարական և համակարգային համաձայնություն, այլ ոչ թե արտաքին թելադրանքները։

Մեր հայերեն էջից

Advocating for Justice After the Peace Agreement

Արդարադատություն խաղաղության համաձայնագրից հետո

Գաբրիել Արմաս-Կարդոնա
Օգս 21, 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հոդվածներից մեկի համաձայն` կողմերը պետք է դադարեցնեն միմյանց դեմ բոլոր միջազգային դատական գործերն ու նորերը չսկսեն: Սակայն արդարադատության հասնելու այլ տարբերակներ էլ կան, որոնց անդրադարձել է իրավաբան Գաբրիել Արմաս-Կարդոնան:

Read more
Iran’s Strategic Uncertainty and Armenia’s Security Challenges

Իրանի ռազմավարական անորոշությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա

Աննա Գևորգյան
Օգս 19, 2025

Իրանի շուրջ զարգացումները կարող են ուղղակիորեն ազդել Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի անվտանգության վրա։ Թեև Իրանը շարունակում է հավասարակշիռ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սակայն իր հարաբերությունները Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ ու հնարավոր նոր ռազմական բախումներն անվտանգության սպառնալիքներ կարող են ստեղծել նաև Հայաստանի համար։

Read more
What Does Armenia Stand to Gain? Musings on the Washington Signing

Ի՞նչ է շահելու Հայաստանը. մտորումներ վաշինգթոնյան գործընթացի շուրջ

Դավիթ Պետրոսյան
Օգս 14, 2025

Պատերազմի վտանգի առնվազն երեք տարով հետաձգումը և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայությունը Հայաստանի հարավում՝ հստակ տնտեսական ու բիզնես շահերով, որն ինքին լրացուցիչ անվտանգային երաշխիք է, ունեն ներուժ էապես բարելավելու Հայաստանի դիրքերը, գրում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ձեռքբերված համաձայնություններին։

Read more
Fairy Tales, Textbooks and Territorial Claims: Weaving the Myth of “Western Azerbaijan”

Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը

Տաթևիկ Հայրապետյան
Հնս 13, 2025

Ադրբեջանը դասագրքերի, մանկական գրականության և ակադեմիական ծրագրերի միջոցով հաստատել է այն գաղափարը, թե Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ 2020 թվականի պատերազմից հետո նոր թափ առած այս խոսույթը արտահայտում է ծավալապաշտական ձգտումներ, որոնք տարածվում են Ղարաբաղյան հակամարտությունից անդին։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ