Աղքատներից, ընչազուրկներից, երեխաներից և պարզապես սեփական հասարակությունից գողանալը տմարդի է. այն շատ ավելի անիրավ է, երբ անամոթաբար արդարացվում է քաղաքական իշխանության ղեկին գտնվողների կողմից։ Մինչև Թավշյա հեղափոխությունը Հայաստանը բառացիորեն տառապում էր ոչ միայն արմատացած կոռուպցիայից, այլև առանձնապես խոշոր չափերով գումարների համակարգված ու համակարգային հափշտակումից, որը նախաձեռնել էր երկրի քաղաքական ու տնտեսական էլիտան։ Իշխանության բրգաձև ուղղահայացի կիրառմամբ երկրի տնտեսական ողջ համակարգը գծված էր այնպես, որ ապահովի պետական միջոցների համակարգային յուրացումը մի հիերարխիայով, որտեղ ստացվող օգուտները ուղիղ համեմատական էին քաղաքական լծակներին. որքան մոտ բրգաձև հիերարխիայի վերին օղակներին՝ այնքան ավելի մեծ մասնաբաժին գումարների հափշտակման և յուրացման այս համակարգից։ Լիարժեք վերահսկողության տակ պահելով երկրի տնտեսական և իրավական համակարգը՝ այս էլիտաները ստեղծել էին ֆինանսական պայմանավորվածությունների, էքսկլյուզիվ առևտրային ցանցերի, հարկերից խուսափելու սխեմաների, փողերի լվացման օֆշորային մեքենայությունների, «ատկատի» մեխանիզմների ու այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով պետական լծակների չարաշահման մի ամբողջ խճճված ցանց։ Այս «էլիտար գողերին» անվանելու համար գործածության մեջ դրվեց զազրելի «օլիգարխ» եզրույթը։ Օլիգարխներից ոմանք ապա դարձան սուպերօլիգարխներ՝ ձևավորելով էքսկլյուզիվ մենաշնորհներ ու վերահսկելով տնտեսության ամբողջական ճյուղեր և արտադրության ոլորտներ։
Այս սուպերօլիգարխները Հայաստանում դարձան ավազակապետեր։
Թե ինչի է հանգեցրել այս ամենը, ակնհայտ է հայաստանյան հասարակության համար․ պետությունը ծառայել է ոչ թե հայ ժողովրդի սոցիալական կամ տնտեսական շահերին, այլ ավազակապետերի քաղաքական և տնտեսական շահերին։ Ժողովրդին հասել են միայն փշրանքները․ հպարտ և արդյունաբերական հասարակությունից Հայաստանը վերածվել է աղքատ հասարակության։ Արդյունքում կոռումպացվածությունը դարձավ ընդունված նորմ, ձևավորվեց սոցիալական նոր հավասարակշռություն՝ կոռուպցիան ռացիոնալ է։ Ռացիոնալացման հետևանքը, անշուշտ, միանշանակ էր՝ նորմավորում։ Կոռուպցիան և առանձնապես խոշոր չափով գումարների հափշտակությունը ոչ միայն ընդունելի, այլև բնականոն դարձան։ Եվ եթե որևէ բան բնականոն է կամ ռացիոնալ, ապա միանշանակ արդարացված է։ Ավազակապետերի խեղված բարոյականությունն այլևս արմատացավ Հայաստանի քաղաքական և տնտեսական մշակույթում։
Թավշյա հեղափոխությունը, ըստ էության, արձագանք էր այս տմարդությանը, որի պատճառով երկիրը հայտնվել էր ավազակապետերի լծի տակ։ Եվ հիմա պատասխան տալու ժամանակն է. ավազակապետերը և նրանց օլիգարխ հանցակիցները պատասխանատվության են կանչվում։ Սակայն ո՞վքեր են այս ավազակապետերը, այսպես կոչված օլիգարխները, և ինչպե՞ս է ժողովրդավարացման ուղին բռնած Հայաստանը նրանց պատասխանատվության ենթարկելու։
Գործող իշխանությունները, պահպանելով անցումային արդարադատության ընդհանուր սկզբունքները, հստակ տարանջատել են տնտեսական և քաղաքական հանցակազմերը։ Առաջինն առնչվում է ապօրինի հարստացմանը, հարկերից խուսափելուն, անբարեխիղճ մրցակցությանը և պետական միջոցների չարաշահմանը՝ տնտեսական օգուտ ստանալու նպատակով։ Երկրորդը ներառում է ուժի, իշխանության չարաշահումն ու մարդու իրավունքների կոպիտ խախտումները։ Հանցակազմերի նման տարանջատումը ապահովում է երկբաղադրիչ պատասխանատվության հնարավորություն՝ ֆինանսական պատասխանատվություն տնտեսական հանցակազմի և քրեական պատասխանատվություն՝ քաղաքական հանցակազմի համար։ Երբեմն այս երկուսը միահյուսված են դրսևորվում, քանի որ օլիգարխներից շատերը երկուսին էլ մասնակիցն են եղել։ Միևնույն ժամանակ կան այնպիսիները, որոնք մաս են կազմել տնտեսական, բայց ոչ քաղաքական հանցագործությունների։ Յուրաքանչյուրի մասով արդարադատության համակարգի պատժիչ գործառույթը միանշանակ է։ Տնտեսական հանցակազմի պարագայում նպատակը ֆինանսական պատժամիջոցի կիրառումն է՝ պատասխանատվությունից ազատվելու դիմաց փոխհատուցման սկզբունքով։ Քաղաքական հանցակազմի պարագայում դրվում է քրեական հետապնդման խնդիր։
Հանցավոր գործունեության այս երկու ընդհանրական շրջանակների կիրառմամբ Հայաստանի իշխանությունները բազմաթիվ գործեր են հարուցել օլիգարխների և նախկին ռեժիմի ավազակապետերի դեմ։ Մեղադրանք է ներկայացված մեծ թվով մարդկանց, որոնք նախկին բուրգի վերին օղակներում են եղել։ Եկեք դիտարկեք հատուկ կարևորության դեպքերը։
Սարգսյանների կլանը
Սարգսյանների կլանը՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ և նրա եղբայրների, բարեկամների, խնամիների և մերձավոր ընկերների մասնակցությամբ, ձևավորեց և հետագայում կատարելագործեց առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների հափշտակության մի համակարգ, որն իր մեջ ընկղմեց Հայաստանի ամբողջ տնտեսությունը։ Կլանի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել հիմնականում այս մասով։
2019 թ. դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանին առաջադրվեց առանձնապես խոշոր չափով գումարների հափշտակության մեղադրանք։ Նախկին նախագահը (որը նաև մի կարճ դրվագ պաշտոնավարեց որպես վարչապետ) մեղադրվում է 2013 թ. «ատկատի» միջոցով մոտ 1 միլիոն դոլար պետական միջոցների՝ յուրացման ճանապարհով հափշտակության մեջ։ Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Սարգսյանը միջամտել է գյուղացիներին էժան դիզվառելիք հատկացնելու պետական աջակցության ծրագրերի մրցութային գործընթացին։ Սարգսյանին առաջադրվել է մրցութային գործընթացը կեղծելու մեղադրանք, որի նպատակն է եղել ապահովել իր մտերիմ ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանին պատկանող և վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի հաղթանակը մրցույթում։ Մրցույթի հաղթող է ճանաչվել հենց այս ՍՊԸ-ն՝ չնայած վերջինս ներկայացրել է մեկ այլ հայտատու՝ «Մախմուր» ընկերությունից բարձ գնառաջարկ։ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել և՛ նախկին նախագահին և՛ Բեգլարյանին՝ հանցավոր համաձայնության գալու և առանձնապես խոշոր չափերի յուրացման սխեմա աշխատեցնելու համար։ Մինչ կողմերը սպասում են դատական գործընթացին, Սարգսյանի գույքի վրա արգելանք է դրվել։
Նախկին նախագահի երկու եղբայրները ևս տնտեսական մի շարք հանցագործությունների առերևույթ մասնակիցներ են՝ ապօրինի հարստացումից և փողերի լվացումից մինչև հարկերից խուսափում։ Ալեքսանդր Սարգսյանին՝ տխրահռչակ «Սաշիկին» մեղադրանք է առաջադրվել 2018-ի հուլիսին։ Քննության մեջ մի շարք քրեական գործեր (խոսվում է շորթման և ռեկետի անհերքելի դեպքերի մասին)։ Ալեքսանդր Սարգսյանը մասամբ ընդունել է հանցավոր ճանապարհով ձեռք բերած միջոցների փաստը՝ համաձայնելով պետությանը վերադարձնել 30 միլիոն ԱՄՆ դոլար։ Ալեքսանդր Սարգսյանին արգելված է լքել երկիրը, արգելանք է դրված նրա ունեցվածքի վրա։
Նախկին նախագահի մյուս եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, առերևույթ մասնակից է Հյուսիս-Հարավ մայրուղու ծրագրի միջոցների ապօրինի յուրացման կոռուպցիոն մեծ սկանդալին։ Լյովա Սարգսյանին առաջադրվել է փողերի լվացման և կաշառակերության մեղադրանք. նա ապօրինի միջամտել և չարաշահել է պետական դիրքը՝ 250 միլիոն դոլար արժողությամբ ծրագրից իր և իր երկու մտերիմների համար օգուտներ ստանալու նպատակով։ Դատախազությունը հաստատում է, որ բազմաթիվ են Սարգսյանի կողմից կոռուպցիոն և միջոցների յուրացման սխեմաներ նախաձեռնելու մասին վկայող փաստերը, որով նա երաշխավորել է շինարարական պայմանագրերի կնքումն իր մտերիմների հետ՝ շահույթի դիմաց 50 տոկոս «ատկատի» ակնկալիքով։ Այս մեղադրանքներին զուգահեռ Լյովա Սարգսյանին առաջադրվել է նաև ապօրինի հարստացման և գույքը օրենքով նախատեսված կարգով չհայտարարագրելու մեղադրանք։ Նրա երկու զավակները՝ Նարեկը և Անին, ենթադրաբար ևս ներքաշված են եղել այս սխեմայում։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այլ հանցակազմերով ևս՝ զենք-զինամթերքի ապօրինի տիրապետումից մինչև թմրամիջոցների շրջանառություն։ Լյովա Սարգսյանը փախել է երկրից և գտնվում է հետախուզման մեջ, նրա որդի Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Չեխիայի Հանրապետությունում՝ Ինտերպոլի միջոցով և 2019-ի դեկտեմբերի 21-ին արտահանձնվել Հայաստան։ Նարեկ Սարգսյանը հիմա գտնվում է նախնական կալանքի տակ։
Սարգսյան եղբայրների քր. գործերում առերևույթ ներքաշված է նաև ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը, որին 2019 թ․ սեպտեմբերի 18-ին ներկայացվել է իշխանության չարաշահման մեղադրանք, որի հետևանքով պետությանը պատճառվել է ֆինանսական վնաս։ Քննիչները պարզել են, որ 2000 թվականին, երբ Գասպարյանը ղեկավարում էր Ռազմական ոստիկանությունը, նա ֆիկտիվ պաշտոններ է ստեղծել Լյովա Սարգսյանի վարորդի և Ալեքսանդր Սարգսյանի երկու թիկնապահների համար։ Թեև այս երեքը երբևէ այդ պաշտոններում չեն աշխատել, նրանց վճարվել է ընդհանուր առմամբ 46.000 ԱՄՆ դոլար գումար։ Հերքելով մեղադրանքները՝ Գասպարյանն այդուհանդերձ համաձայնել է վերականգնել պետությանը պատճառած 46․000 ԱՄՆ դոլարի վնասը։ Գասպարյանի նկատմամբ քննությունը շարունակվում է մի շարք այլ գործերով ևս, նրան արգելված է լքել երկիրը։
Սարգսյանական կլանում ամենախճճված գործող անձը, թերևս, նախագահի փեսա Միքայել Մինասյանն է (Միշիկ), որը Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր (2008-2012 թթ.), ապա Վատիկանում ՀՀ դեսպանը (2013-2018 թթ.)։ Կեղծ արիստոկրատ Մինասյանը, որն իրեն մեդիա մագնատ էր երևակայում, պետական ապարատն օգտագործում էր Հայաստանի մեդիայի նկատմամբ տնտեսական և բովանդակային համակարգված վերահսկողություն հաստատելու համար։ Հայաստանի Ջարեդ Քուշները՝ Մինասյանը, դիվերսիֆիկացրել է ունեցվածքը՝ ներդրումներ կատարելով անշարժ գույքի և սպասարկման ոլորտներում։ Նոր սերնդի ավազակապետ Մինասյանը ապօրինի հարստացման բարդագույն մեխանիզմներ է կիրառել՝ գործընկերություններ, բաժնեմասային մասնակցություն, ներդրումների բազմաշերտ համակարգ և այլն։ 2020-ի ապրիլին Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կոռուպցիոն մեղադրանք ներկայացրեց Միքայել Մինասյանին՝ նրան մեղադրելով ապօրինի հարստացման, գույքի կեղծ հայտարարագրեր ներկայացնելու և փողերի լվացման մեջ։ Մինասյանի 2017-2018 թթ. գույքի հայտարարագրից (հայտարարագրումը օրենքի պահանջ է պետական պաշտոնյաների համար) երևում է, որ նրա գույքն էականորեն ավելացել է այն դեպքում, երբ բավարար հիմնավորված չէ հարստացման աղբյուրը։ Ակնհայտ անհամապատասխանություն կա Մինասյանի կուտակած հարստության և պաշտոնապես ներկայացված տվյալների միջև։ Ավելին, Մինասյանը լիարժեք չի հայտարարագրել իր գույքը և փորձել է օրինականացնել ապօրինի եղանակով ձեռք բերված ունեցվածքը։ Դատարանը բավարարել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը. Մինասյանը դեռևս ազատության մեջ է, նրա գտնվելու վայրն անհայտ է։
Սարգսյանական կլանի անդրկուլիսյան գործելաոճը բնորոշ էր ոչ միայն նախագահի ընտանիքի անդամներին, այլև նրա ընկերներին ու մտերիմներին։ Բարսեղ Բեգլարյանի նման Սարգսյանի մտերիմ շրջանակից էր Միհրան Պողոսյանը, որը օլիգարխիայի ամբարտավանության և անթաքույց կոռուպցիայի խորհրդանիշի վերածվեց։ Զբաղեցնելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնը և լինելով Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության պատգամավոր՝ Պողոսյանը, ի թիվս այլնի, հայտնի էր որպես Հայաստանի «բանանի արքա» (մենաշնորհ ուներ ապրանքային այս շուկայում)։ 2016-ին նա հայտնվեց Պանամայի փաստաթղթերի սկանդալի կենտրոնում, երբ բացահայտվեց, որ Պողոսյանը երեք օֆշորային ընկերություն ունի։ Դրան հաջորդած քրեական գործը, որը հարուցվեց հիմնականում որպես շոու, շատ արագ կարճվեց և վարույթը դադարեցվեց։ Ինչպես և սպասվում էր, Սարգսյանի հետ մտերմությունը և օլիգարխի կարգավիճակը նրան անձեռնմխելիություն երաշխավորեցին օրենքի կոպիտ խախտումների պարագայում անգամ՝ երևույթ, որը Հայաստանում որակում են որպես «ուժեղ կռիշ»։ Փաշինյանի կառավարությունը, սակայն, վերսկսեց վարույթները և 2019 թ. ապրիլի 15-ին Պողոսյանին առաջադրվեց յուրացման ճանապարհով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, կեղծարարության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանք։ Պարզվեց, որ 2008-2016 թթ. ընթացքում Պողոսյանը հանուն անձնական շահի չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ իր երկու ենթակաների համագործակցությամբ յուրացնելով պետական միջոցներ [1]։ Ավելին, Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում ԴԱՀԿ ծառայությունը 32 ավտոմեքենա է ձեռք բերել ենթադրաբար նրա հետ փոխկապակցված ընկերությունից՝ այս կերպ խախտելով շահերի բախման մասին օրենսդրությունը [2]։ Ի լրումն յուրացման, կեղծարարության և պաշտոնեական լիազորության չարաշահման՝ Պողոսյանը մեղադրվում է նաև 1․2 միլիոն դոլարի հարկ թաքցնելու մեջ։ Միհրան Պողոսյանը փախավ Ռուսաստան, որտեղ ձերբակալվեց հայաստանյան իշխանությունների պահանջով. ապա նա քաղաքական ապաստան խնդրեց՝ պնդելով, որ հետապնդման է ենթարկվում Հայաստանի նոր իշխանությունների կողմից։ Չնայած Հայաստանի իշխանությունների ներկայացրած մեծածավալ ապացույցներին՝ Ռուսաստանը հրաժարվեց արտահանձնել Պողոսյանին։
Մեկ այլ ցցուն գործի մասնակիցն է Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչագան Ղազարյանը, որը 2018 թ․ հունիսին ձերբակալվեց ապօրինի հարստացման և գույքը չհայտարարագրելու մեղադրանքով։ Իշխանությունները Ղազարյանի բնակարանում և նրա գրասենյակներից մեկում հայտնաբերեցին 1․1 միլիոն ԱՄՆ դոլար և 230․000 եվրո կանխիկ գումար։ Մի քանի օր անց Ղազարյանը կալանավորվեց Երևանյան բանկերից մեկի մոտ՝ պայուսակում 120․000 ԱՄՆ դոլար և 436 միլիոն ՀՀ դրամ (900.000 դոլարին համարժեք) գումարով։ Այնուհետև իշխանությունները հրապարակեցին, որ Ղազարյանը նախատեսում էր իր և կնոջ համատեղ հաշվից կանխիկացնել 1․5 միլիարդ ՀՀ դրամ (3.1 միլիոն ԱՄՆ դոլար) գումար։ Հանգամանքը, որ պետական, մասնավորապես՝ անվտանգության համակարգի ծառայողը այսչափ կանխիկ գումարի հասանելիություն ունի, խոսում է Հայաստանի տնտեսական համակարգում կոռուպցիայի և յուրացման նորմավորման մասին։ Դատախազությունը, սակայն, արձանագրելով, որ Ղազարյանի գործողությունները հիմնականում տնտեսական հանցակազմ էին պարունակում, նրա հետ գործարքի գնաց․ Ղազարյանը համաձայնեց փոխհատուցում վճարել պետությանը պատժի չեղարկման դիմաց։ 2020-ի փետրվարին Ղազարյանը 5․8 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում վճարեց և նրա դեմ մեղադրանքները հանվեցին։
Խաչատրյանների ընտանիքը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց 2019 թ. օգոստոսին՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) իրականացրած կոռուպցիոն հետաքննության արդյունքում։ Այսպես կոչված «սուպեր նախարարի» ընտանիքն ահռելի հարստություն էր կուտակել, որը դիվերսիֆիկացրել էր տարբեր կորպորատիվ և առևտրային բաժնեմասերում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս [3]։ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքն ու դրա անհամապատասխանությունը պաշտոնական վարձատրությանը, քննարկման առարկա էր տարիներ շարունակ։ Հայաստանի ամենահարուստ և ամենահակասական անձանցից մեկի՝ Գագիկ Խաչատրյանի սուպերօլիգարխի կարգավիճակը նրան վերածում էր Հայաստանի ամենաակնառու ավազակապետերից մեկի։ Անօրինական ճանապարհով կառուցված խաչատրյանական կայսրությունը ղեկավարում էին Գագիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Գուրգենը և Արտյոմը, ինչպես նաև նրա զարմիկներ Արամ [4] և Կարեն Խաչատրյանները։ «Գալաքսի կորպորացիայի» հովանու ներքո միավորելով ավելի քան 17 ընկերություն՝ Խաչատրյանները խորհրդանշում են, թե ինչպես էր նախկինում կառուցված Հայաստանի տնտեսական համակարգը՝ էլիտայի շահերն առաջ տանելու և պաշտպանելու համար։
Գագիկ Խաչատրյանին այժմ մեղադրանք է առաջադրված յուրացման միջոցով առանձնապես խոշոր չափով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Նա գտնվում է նախնական կալանքի տակ, գրավով ազատ արձակվելու նրա դիմումները չեն բավարարվել։ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները համակողմանի են՝ սկսած պետական իշխանության չարաշահումից ու մրցակցությունը ճնշելուց մինչև մենաշնորհների ապօրինի կառուցում և հարկերից խուսափում։ Պետական եկամուտների կոմիտեում Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում նրա ընտանիքի անդամները նշանակվել են կարևոր պաշտոնների․ նրա որդի Գուրգենը և զարմիկ Կարենը ղեկավարել են Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ։ Իշխանությունը այսպիսի կազմակերպված ձևով չարաշահելը, ակներևաբար, ընտանեկան բիզնես է եղել։ Կարեն Խաչատրյանը ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրված. այդուհանդերձ, նա գրավի դիմաց ազատ է արձակվել և սպասում է դատական գործընթացին։
Գուրգեն Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես, ֆինանսական միջոցների յուրացման և կոռուպցիոն սխեմաներում հանցավոր համաձայնության գալու համար։ Նրան մեղադրում են Հայաստանի ամենախոշոր կորպորացիաներից մեկի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանից 22․4 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ։ Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Գուրգեն Խաչատրանը նշված գումարը Առուստամյանից վերցրել է բանկային փոխանցման միջոցով՝ Առուստամյանի ղեկավարած ընկերությունների նկատմամբ արտոնյալ վերաբերմունքի դիմաց։ Կոռուպցիոն այս սխեմայի մաս կազմելու համար Առուստամյանին ևս մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալվել է 2020 թ. ապրիլի 24-ին և գտնվում է նախնական կալանքի տակ [5]։ Գուրգեն Խաչատրյանը պնդում է, որ իր նկատմամբ մեղադրանքներն ունեն քաղաքական ենթատեքստ, փոխանցված 22․4 միլիոն ԱՄՆ դոլարն ինքը վերցրել է որպես անձնական պարտք։
Պրետորական պահակախումը
Հայաստանի կոռուպցիոն բուրգը, բացի ոչ ֆորմալ ցանցերից և զուգահեռ իշխանական համակարգերից, ունեցել է նաև մեծաթիվ այլ օլիգարխներ, որոնք ձևավորել են հիերարխիայի երկրորդ թևը։ Նրանց տնտեսական և քաղաքական իշխանության արմատները լոկալ են եղել՝ ի տարբերություն հիերարխիայի գագաթին նստած հզոր սուպերօլիգարխների։ Օլիգարխների այս պրետորական պահակախումբն աջակցել և ամրապնդել է բուրգը՝ ծառայելով վերին էշելոնին ու շահույթներ ստանալով այդ համակարգից։ Այս մարդիկ հայտնի են թե՛ իրենց մականուններով, թե՛ իրենց «վերահսկողության տակ գտնվող» տարածքներով՝ Երևանի թաղերում կամ այլ քաղաքներում։ Անկախ իրենց իշխանության արմատներից՝ նրանք դեռևս շարունակում են ծառայել հիերարխիայի վերին օղակներին․ ամենահայտնի օրինակները Սուրիկ Խաչատրյանն է՝ «Լիսկան», Սյունիքի մարզում, Հովիկ Աբրահամյանը՝ «Մուկը», Արարատի մարզում, Ռուբեն Հայրապետյանը՝ «Նեմեց Ռուբոն», Երևանի Ավան թաղամասում, Մհեր Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհերը», Էրեբունի թաղամասում, Գագիկ Բեգլարյանը՝ «Չոռնի Գագոն», Մետաքս թաղամասում, Սամվել Ալեքսանյանը՝ «Լֆիկ Սամոն», Մալաթիա-Սեբաստիայում, Խաչատուր Սուքիասյանը՝ «Գռզոն», Սիլաչիում և Գագիկ Ծառուկյանինը՝ «Դոդի Գագոն», Աբովյան քաղաքում։ Մականունավոր տեղական իշխանիկների այս ավանդույթը շատ ավելի բնորոշ է քրեական ենթամշակույթին, քան բիզնես կամ կորպորատիվ մշակույթին։ Սա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ քրեական վարքագիծը նորմ է եղել, որի միջոցով բոլոր այս անձինք դարձել են օլիգարխներ և ավազակապետեր։
Հարկ է նկատել, որ Թավշյա հեղափոխությունից հետո ավազակապետերից շատերը վերածվեցին «օրինապահ» գործարարների՝ փորձելով գործունեություն ծավալել որպես մագնատներ, որոնք վճարում են հարկերն ու պահպանում օրենքները։ Խաչատուր Սուքիասյանը, օրինակ, որը Հայաստանի ամենահին ավազակապետերից էր և խոշոր մոնոպոլիստ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ 1990-ականներին, հաջողությամբ ընդլայնում էր ֆինանսական իր կայսրությունը։ Սակայն նա քաղաքական խնդիրների ունեցավ հաջորդ իշխանությունների հետ և արդյունքում սուպերօլիգարխից վերածվեց բիզնես մագնատի՝ ստանձնելով արևմտյան գործարարի կերպար, որը վճարում է հարկերն ու հեռու է հանցավորությունից ու քաղաքականությունից։ Նույն կերպ Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի մեծահարուստներից մեկը, ավազակապետ դարձավ Քոչարյանի իշխանության տարիներին, սակայն քաղաքական խնդիրների պատճառով նախընտրեց օրինապահ գործարար-մագնատի կերպարը՝ հատկապես Թավշյա հեղափոխությունից հետո։ Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի իշխանավարման ընթացքում ավազակապետից դարձավ սուպերօլիգարխ, իսկ Թավշյա հեղափոխությունից հետո որդեգրեց օրինապահ գործարար-մագնատի կեցվածք։ Մաս կազմելով տնտեսական մի շարք հանցագործությունների՝ Ալեքսանյանը հեշտությամբ վճարեց կլորիկ գումարներ՝ որպես տուգանք, և համաձայնեց աշխատել կառավարության հետ՝ շարունակելով փոխհատուցել պետությանը նախկինում հասցրած վնասները։
Ընդհանուր առմամբ, այս դեպքերում առկա է որոշակի նորմատիվ հավասարակշռություն՝ պատասխանատվության, տնտեսական հանցագործությունների և անցումային արդարադատության միջև. նախկին օլիգարխների նկատմամբ կիրառվում են ֆինանսական պատժամիջոցներ և նրանց հնարավորություն է տրվում դառնալ օրինապահ գործարարներ։
Սակայն սա բացառություն է, ոչ օրինաչափություն, քանզի պրետորական պահակախմբի մեծ մասը պատասխանատվության է կանչվում դատական կարգով։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը (պաշտոնավարել է 2014-2016 թթ․), որը հայտնի է որպես կոռուպցիոն սխեմաների ամենաբեղուն կազմակերպիչներից մեկը, լինելով ամենադոմինանտ քաղաքական դերակատարը Արարատի մարզում՝ իր վերահսկողության տակ վերցրեց մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության մեծ մասը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և ապօրինի հարստացման միջոցով։ 2018 թ. սեպտեմբերին նրան մեղադրանք առաջադրվեց «ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու» և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Խոսքը, մասնավորապես՝ «Ավազահատիկ» հանքարդյունաբերական ընկերության մասին էր. Հովիկ Աբրահամյանը խոչընդոտել էր ընկերության գործունեությունը և պահանջել դրա 60% բաժնեմասը, ինչը որակվում է որպես շորթում և ռեկետ։ 2019-ի հունիսին իշխանությունները պարզեցին, որ Դիլիջանում, Մխչյան և Նարեկի համայնքներում 15 հողակտոր ապօրինաբար օտարվել է Աբրահամյանի հարազատներին ու մտերիմներին։ Աբրահամյանը որպես մեղադրյալ ներգրավված է մի շարք վարույթներում ևս։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտնի է քաղաքական և տնտեսական հանցագործությունների նկատմամբ սկանդալային իր հակվածությամբ։ 2019 թ. նոյեմբերին Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «պետությանն առանձնապես մեծ վնաս» հասցնելու համար։ Խաչատրյանը մեղադրվում է Սյունիքի երկու համայնքապետերին ապօրինի հրամաններ տալու մեջ։ 2011-2012 թթ. Խաչատրյանը հրահանգել էր գյուղապետերից մեկին համայնքի սեփականություն հանդիսացող և ընդհանուր ավելի քան 5 միլիոն ՀՀ դրամ արժեքով (10.500 ԱՄՆ դոլար) ոռոգման խողովակները հանձնել իր եղբորը։ 2016 թվականին նա մեկ այլ գյուղապետի պարտադրել էր համայնքի սեփականությունը հանդիսացող 0․43 հեկտար հողակտորն ապօրինաբար օտարել իր մերձավորին։ Խաչատրյանը որպես ամբաստանյալ ներգրավված է մի շարք վարույթներում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Խաչատրյանը ազատության մեջ է՝ Ֆրանսիայում, և պնդում է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող դատարան ներկայանալ։
Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանին առաջադրվել է յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք։ Իր պաշտոնավարման ընթացքում Բեգլարյանը վերահսկել է մայրաքաղաքի շինարարական և զարդերի բիզնեսները՝ քաղաքապետի պաշտոնն օգտագործելով «ատկատի» բազմաշերտ մեխանիզմներով ապօրինի հարստացման նպատակով։ Ավելին, Բեգլարյանը մեղադրվել է Հյուսիս-Հարավ մայրուղու ֆինանսական միջոցների յուրացումը կազմակերպելու մեջ կարևոր դերակատարում ունենալու համար՝ տրանսպորտի նախարար պաշտոնավարելու տարիներին։ Այս պահին նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և Երևանի կենտրոնում անշարժ գույքի սեփականացման համար, որը կատարվել է ապօրինի յուրացման ու «ատկատի» սխեմայով։ Բեգլարյանի նկատմամբ ևս կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց։ Այս պահին նրա գտնվելու վայրն անհայտ է, հնարավոր է, որ նա թաքնվում է Նիդեռլանդներում։
Օլիգարխիկ պրետորական պահակախմբի մեկ այլ ակնառու անդամ է Ռուբեն Հայրապետյանը՝ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ և «գողական», որը հայտնի է բռնության անհեթեթ դրսևորումներով։ 2020 թ. մայիսին Հայրապետյանը, ինչպես նաև նրա որդին ու չորս օգնականներն անցել են առևանգման և հարձակման գործով։ 2016 թ. Հայրապետյանը կազմակերպել է իրենից գողության մեջ կասկածվող անձի առևանգումն ու խոշտանգումը։ Հայրապետյանը ներգրավված է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով ստեղծված մեծամասշտաբ կոռուպցիոն սխեմայում, որը նա ղեկավարել է 16 տարի։ Դատարանը Հայրապետյանի նկատմամբ կիրառել է կալանավորումը որպես խափանման միջոց. նա այժմ թաքնվում է Մոսկվայում և հրաժարվում է վերադառնալ Հայաստան ու ներկայանալ դատարան։
Նրանք կարող են փախուստի դիմել, թաքնվել, սակայն պետությունը իրավունք կունենա բռնագանձել նրանց գույքը
Այս զարգացումներն ընդհանրացնելիս անմիջապես նկատվում է մեկ օրինաչափություն՝ բոլոր այն օլիգարխները, որոնց մեղադրանքներ են առաջադրվել, փախուստի են դիմել Հայաստանից։ Նրանք թաքնվում են հիմնականում Ռուսաստանում, մի մասն էլ Եվրոպայում։
Ռուսաստանը չափազանց զուսպ դիրքորոշում է որդեգրել այս անձանց արտահանձնելու հարցում, ինչն ակնհայտ հարվածում է ժողովրդավարացման ճանապարհն ընտրած Հայաստանին։ Եվրոպայում արտահանձնման գործընթացը ժամանակատար է, և Սուրիկ Խաչատրյանի ու Գագիկ Բեգլարյանի նմանները հույսը դնում են արտահանձնման բոլոր ընթացակարգերը սպառելու վրա, ինչը թույլ կտա ժամանակ շահել։ Հայաստանը թալանած ու երկիրը լքած այս անձինք ընդհանուր առմամբ միասնական կեցվածք են որդեգրել՝ քանի դեռ հայաստանյան օրենքներն իրենց չեն հասել, դատական պատասխանատվությունից հնարավոր է խուսափել։ Միգուցե սա ճշմարիտ է քաղաքական հանցակազմերի պարագայում, սակայն այն այլևս արդիական չէ տնտեսական առումով։ 2020 թ. ապրիլին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական փաթեթը, որն այնուհետև ստորագրվեց նախագահ Արմեն Սարգսյանի կողմից և ստացավ օրենքի ուժ։
Օրենսդրական այս կարգավորումը կոտրում է անձեռնմխելիության մասին պատկերացումները, որ ունեին շատ օլիգարխներ, իսկ կառավարությանը տնտեսական հանցագործությունները բացահայտելու և պատժելու հզոր գործիք է տրամադրում։ Օրենքը նախատեսում է, որ հիմնավոր կասկածների դեպքում դատախազությունը կարող է դատարան դիմել այն անձանց գույքը բռնագանձելու պահանջով, որոնց ունեցվածքը 50 միլիոն ՀՀ դրամով (105.000 ԱՄՆ դոլար) գերազանցում է հայտարարագրված եկամուտները։ Այլ կերպ ասած՝ եթե անձի ունեցվածքի և նրա օրինական եկամուտների միջև առկա է 105.000 ԱՄՆ դոլարը գերազանցող անհամապատասխանություն, ապա կառավարությունը կարող է դատական կարգով պահանջել գույքի բռնագանձում։ Բռնագանձման համար դատական քննություն չի պահանջվում, ինչը, որպես այդպիսին, արագացնում է բռնագանձման գործընթացը [6]։ Միևնույն ժամանակ, մեղադրյալներին հնարավորություն է տրվում հիմնավորել, թե որտեղից է ծագում անհամապատասխանությունը և ներկայացնել ֆինանսական միջոցների աղբյուրները, որոնց հաշվին գոյացել է ունեցվածքը։ Եթե բավարար ապացույցներ են ներկայացվում, որ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, բռնագանձման գործընթացը դադարեցվում է։ Սակայն եթե ամբաստանյալը չկարողանա հիմնավորել անհամապատասխանությունը կամ չկարողանա ցույց տալ, որ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, ապա դատարանը կընդունի բռնագանձման մասին դատական ակտ։ Ամբաստանյալին չի ներկայացվի քրեական մեղադրանք, ըստ էության, ընդամենը կառգրավվի նրա ունեցվածքը։ Որպես այլընտրանք, ամբաստանյալը կարող է գործարքի գնալ կառավարության հետ՝ բանակցելով ֆինանսական տուգանքի չափը։
Օրենքի տրամաբանությունը, այսպիսով, միանշանակ է. շարքային քաղաքացու պարագայում եկամուտների և տնօրինած գույքի միջև անհամապատասխանությունը քիչ հավանական է. ակնհայտ է, որ թիրախում նրանք են, ովքեր մաս են կազմել ապօրինի հարստացման գործընթացների։ Ավելին, վարչապետ Փաշինյանը հստակ նշել է, որ օրենքը կիրառվելու է նախկին օլիգարխների նկատմամբ՝ որպես պետությունից թալանված միջոցների վերադարձի մեխանիզմ։ Ավելորդ է ասելը, որ այս նոր կարգավորումը պարադոքս է ստեղծել նախկին օլիգարխիայի համար։ Նրանք կա՛մ պետք է անցնեն տնտեսական հանցակազմի գործերով՝ վճարելով դրամական տուգանքներ, կա՛մ նրանց ապօրինի ծագման գույքը կբռնագանձվի։ Երկրից փախած նախկին օլիգարխները կա՛մ պետք է վերադառնան և իրենց պատիժը կրեն, կա՛մ Հայաստանում ունեցած նրանց գույքը կբռնագանձվի՝ իրենց բացակայության պայմաններում։ Որքան էլ անհեթեթ հնչի, օրենքը չարաշահելու նպատակով օրենք կիրառելը եղել է նախկին վերնախավի նախընտրած մեթոդը. պարզ է, որ դա այլևս չի աշխատում։ Այսպես թե այնպես, Հայաստանը թալանած ավազակապետերը պատասխանատվության են ենթարկվելու։