Հայաստանի գրեթե կենտրոնում ձիգ ժայռերի ու թիկնած լեռների գրկում տարածված Վայոց ձորում երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկի՝ հանքարդյունաբերության վերջին բոլոր փորձերը հերթով տապալվում են։ Տեսնելով հարևան մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում հանքարդյունաբերության ծանր ժառանգությունը, վայոցձորցիները վճռական են տրամադրվել՝ սոված կմնան, բայց հանքի՝ իրենց ու սերնդների առողջության հաշվին չեն ապրի։
Իրավիճակն այստեղ պարբերաբար լարվում է․ ոստիկանների, հանքը շահագործել ցանկացող կազմակերպության ու դրա դեմ հանդես եկող քաղաքացիների միջև պարբերաբար բախումներ են լինում։ Վերջին բախումը տեղի ունեցավ հուլիսի 13-ին, երբ մի խումբ անձինք փորձել էին հատել ակտիվիստների կողմից պահվող սահմանը։ Ծեծկռտուքի հետևանքով վնասվածներ ու բերման ենթարկվածներ եղան, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին ու պարզվեց, որ տարածք են ցանկացել մտնել ՀՀ քննչական կոմիտեի քննիչները՝ դեռևս անցյալ տարի հարուցված քրեական գործի շրջանակներում փորձագետների մասնակցությամբ Ամուլսարի տարածքում միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Սակայն հանքի դեմ պայքարողներն անկոտրում են․ հանքի շահագործման բոլոր խոսակցություններն ամփուփում են մեկ արտահայտությամբ՝ «Ամուլսարը հանք չի դառնա»։
Մարզն ու հանքարդյունաբերությունը
Վայոց ձորի մարզն ընդգրկում է 2308 քառ․ կմ՝ զբաղեցնելով Հայաստանի տարածքի 7․8 տոկոսը՝ 50․000 բնակչությամբ։ Մարզկենտրոնը Եղեգնաձորն է, ևս երկու քաղաքաներ էլ Վայքն ու Ջերմուկն են։
Այստեղ բարենպաստ պայմաններ են այգեգործության համար, որի շնորհիվ մարզը հայտնի է իր խաղողների և գինիների տեսակներով։ Իսկ հանքային տաք աղբյուրներով հարուստ Ջերմուկ քաղաքն ամբողջ աշխարհում է հայտնի և այստեղ կազդուրվելու են գալիս են աշխարհի տարբեր կողմերից։
Այստեղ բարենպաստ պայմաններ են այգեգործության համար, որի շնորհիվ մարզը հայտնի է իր խաղողների և գինիների տեսակներով։ Իսկ հանքային տաք աղբյուրներով հարուստ Ջերմուկ քաղաքն ամբողջ աշխարհում է հայտնի և այստեղ կազդուրվելու են գալիս են աշխարհի տարբեր կողմերից։
Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ ու բանջարաբուծությամբ: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի` «Ջերմուկ» հանքային ջրերի և խաղողի գինու արտադրությունները: Մարզով է անցնում ՀՀ-ն Իրանի հետ կապող ավտոմայրուղին, որն էական դեր ունի մարզի տնտեսության հեռանկարային զարգացման գործում:
Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 2015 թվականին կազմել է 1316 հազ. մարդ, որի 2.01%-ը կամ 26.5 hազար մարդը բնակվում է ՀՀ Վայոց ձորի մարզում: Տնտեսական ակտիվության մակարդակը մարզում կազմել է 75.7%, որը ամենաբարձր ցուցանիշն է հանրապետությունում՝ հանրապետական միջին ցուցանիշը 62.5% է: Նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվության մակարդակը ՀՀ Սյունիքի մարզում եղել է 68.3%, իսկ Երևանում 61.4%։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է ՀՀ Շիրակի մարզում՝ 56.1%:
Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության մեջ նշվում է, որ զբաղվածության մակարդակը մարզում բավականին բարվոք է համեմատած հանրապետության մյուս մարզերի հետ: 2015 թվականին 2011 թվականի նկատմամբ զբաղվածության մակարդակը աճել է 2.7%-ային կետով` դառնալով 68%։ Գործազրկության մակարդակը 2015 թվականին 2011 թվականի նկատմամբ 0.5%-ային կետով նվազել է և կազմել` 10.1%: Այն հանրապետության միջին ցուցանիշից ցածր է 8.4%-ային կետով:
Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի սոցիալ տնտեսական իրավիճակի մասին իրազեկող հատվածում վերջին փաստաթուղթն այս պահին «2017 թվականի գործունեության արդյունքների և 2018 թվականի ծրագրերի մասին» տեղեկանքն է, որտեղ նշվում է, որ բնակչության զբաղվածության խնդիրների լուծման գործում կարևոր նշանակություն ունի «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործումը, որի համար 2017-2018 թթ․ կներդրվի 370 մլն դոլար։ Նշվում է նաև, որ 2017-ին իրականացվել է 94,1 միլիարդ դրամի ներդրում, իսկ հանքավայրում աշխատողների թիվը կազմել է 1453 մարդ, որից 777-ը մարզից են։
Առհասարակ, հանքարդյունաբերության ոլորտն իր վերամշակման և օժանդակ ծառայություններով կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի եկամուտներում: Այս ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններն ապահովում են զգալի հարկային մուտքեր պետական բյուջե (միայն 2017թ. հանքարդյունաբերության ոլորտի 17 խոշոր հարկ վճարող ընկերություններ կատարել են ընդհանուր 55 մլրդ 606 մլն դրամի վճարում, ներառյալ՝ հարկային, մաքսային և այլ պետական վճարները): Հանքարդյունաբերության բնագավառում ընդհանուր զբաղվածների թիվը շուրջ 10 հազարի է հասնում:
Իսկ Հայաստանի ընդերքը հարուստ է մետաղական օգտակար հանածոներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ալյումին, ինչպես նաև նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ԷԵԲՊ) տվյալներով՝ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (43 մետաղական, 760 ոչ մետաղական, 44 ստորերկրյա քաղցրահամ և 24 հանքային ջրերի), ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակումներ (131 մետաղական և 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական։
2019թ. ապրիլի 1-ի դրությամբ ԷԵԲՊ կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք է ստացել 396 ընկերություն։
Այս ցուցակի 17 ներկայացուցիչներն իրենց գործունեությունը ծավալում են Վայոց ձորի մարզում, նրանցից երեքը՝ «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ (Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներ, 26.09.12թ-01.01.2034թ.), «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ (Սոֆի-Բինայի ոսկի բազմամետաղ, 27.09.12թ-03.12.2026թ.), «Վայք Գոլդ» ՍՊԸ (Ազատեկի ոսկի-բազմամետաղ, 23.11.12թ.-23.11.2037թ.) ոսկու հանքեր են։
Այս եռյակից հատկապես առաջինը՝ «Լիդիան Արմենիան» է ուշադրության կենտրոնում այս պահին։ Ու թեև այս հանքերը դեռևս տասնյակ տարիներ շահագործվելու թույլտվություն ունեն, սակայն վայոցձորցիներն առավել համառ են ու տևական լռությունից հետո, բայց ի վերջո որոշել են պաշտպանել Սահմանադրությամբ ամպրապնդված իրենց իրավունքները։
Սահամանադրությամբ պատասխանատու
ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը սահմանում է շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը։ Նշվում է․
1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:
2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:
Հենց այս երկրորդ կետն էլ 2018-ի հունիսի 22-ին ոտքի հանեց Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներին ու արդեն մեկ տարի ու մի քանի օր նրանք կանգնած են դեպի սարը տանող ուղիների վրա և ոչ մի կերպ թույլ չեն տալիս հանքի հետագա շահագործումը։ Յուրաքանչյուրն այստեղ կանգնելու իր պատճառն ունի։
«Եթե ամեն բան այդքան անվնաս ու անվտանգ է, ուրեմն Լիդիանի աշխատողներն իրենց ընտանիքներին ինչու՞ չէին բերում էստեղ, մեր կողքին ապրելու, թե՞ իրենց երեխեքն երեխա են, մենք էլ մեր երեխքին փողոցից ենք գտել, ո՞նց հավատանք։ Իսկ մեզ ասում էին աշխատանքներն սկսվելուն պես մեր ընտանիքներն են գալու այստեղ ապրեն»,-Կեչուտ համայնքից 24-ամյա Էդմոնդ Աղաբեկյանին խաբված լինելու փաստը, անհավասարության զգացումը հանգիստ չեն թողնում։
Հանքի չաշխատելու մասին Էդմոնդի հիմնավորումները շատ են, շատ են նաև նրա համախոհները, որոնց հետ Ամուլսարի ամբողջ երկայնքով օրուգիշեր հսկում են հանքի «անձեռնմխելիությունը»։
Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորից շուրջ 35 կմ, իսկ առողջարանային Ջերմուկ քաղաքացից շուրջ 15 կմ հեռավորության վրա գտնվող Գնդեվազ գյուղն ընդամենը մեկ ճանապարհով է բաժանվում արդեն «Լիդիան Արմենիայի» տարածքից, որն Ամուլսարը փորձում է դարձնել հանք։
Հենց այս ճանապարհի երեք կետերում էլ Գնդեվազի ու հարակից համայնքների բնակիչները հավաքվել ու որոշել են կանգնեցնել աշխատանքները։ Սակայն ամեն բան ունեցել է իր նախապատմությունը․ «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը Ամուլսարը շահագործելու թույլտվություն ստացել է նախ 2009 թվականին, այնուհետև 2012-ին, սակայն միայն 2016-ին հերթական թույլտվությունը ստանալուց հետո տեխնիկա է մուտք գործել տարածք ու սկսել է քանդման աշխատանքներ իրականացնել։
Ու հենց այս ժամանակ էլ բնակիչները հասկացել են, որ ամեն բան այնքան էլ հարթ չէ։
«Դեռ միայն սարում պայթյուններ կարատելու ժամանակ արդեն Ջերմուկում ավտոմեքենաների վրա, պատուհաններին կեղտ էր նստում։ Օդն էնպես էր կեղտոտվել, որ տուրիստները խուսափում էին այստեղ գալուց»,- իր մտահոգություններով է կիսվում 31-ամյա Տիգրան Մանուկյանը, ով Ջերմուկից է, ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
Տեղացիների հիասթափությունների մեկ այլ առիթ էլ դարձել է այն, երբ խոստացված 1700 աշխատատեղի փոխարեն աշխատակիցների թիվն ընդամենը 200 է եղել, իսկ մնացյալը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներն են։
«Իրենց խոստացածից մի քանի անգամ պակաս աշխատատեղեր ստեղծվեցին պակաս աշխատավարձերով, մինչդեռ իրենց գործունեության հետևանքով արդեն իսկ փակված երեք առողջարաններում 200-ից ավելի աշխատակիցներ են եղել, տուժել են նաև գյուղացիները, որոնք իրենց մթերքը մատակարարում էին այդ առողջարաններին»,-ասում է Մանուկյանը։
Սակայն բնակիչների համբերության բաժակը լցվել է, երբ 2018-ի մայիսին աշխատակիցների անփութության պատճառով երկու անգամ վնասվել են խողովակատարները։
«Ճանապարհատրանսպորտային վեց պատահար է եղել կրկին աշխատակիցների պատճառով։ Այսինքն իրենք տարրական նորմերը չեն պահպանում, էլ ուր մնաց հանք կարողանան շահագործել։ Հասկացանք, որ դեռ միայն շինարարական աշխատանքների պատճառով ենք այսքան վնաս կրում, բա հետո՞ ինչ է լինելու»,-եզրափակում է Մանուկյանը։
24-ամյա Ահարոն Արսենյանը հիշում է, թե ինչպես էր 2018-ի մայիսին աղտոտվել Արփա գետը․«Անցյալ տարի առաջին անգամ իր պատմության մեջ Արփա գետը պղտորվեց, փորձագետները կավի մեծ քանակ էին հայտնաբերել գետում, ինչն էլ աղտոտման պատճառն էր։ Նման բան երբեք չէր եղել, գետը զուլալ է, ամենամաքուրներից Հայաստանում։ Հետո պարզվեց, որ շինարարական աշխատանքների հետևանքով է եղել, հողի առաջին շերտն արդեն հանել են, մնացել է կավաշերտը, որն էլ լցրել են գետը»։
Հատկանշական է, որ հանքի շահագործմամբ զբաղվող ընկերության կայքէջի «14 հարց ու պատասխան Ամուլսարի վերաբերյալ» հատվածում «Լիդիան Արﬔնիայի» կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը պատասխանելով 2-րդ՝ «Ի՞նչ ազդեցությունների մասին է խոսքը: Կլինի՞ արդյոք ազդեցութուն ջրի որակի, շրջակա համայնքների բերքի կամ մարդկանց առողջության վրա» հարցին, նշում է, որ հանքի համապատասխան կառավարման դեպքում շրջակա ջրային ռեսուրսների, հողի, օդի կամ այլ ընկալիչների որակի փոփոխություն չի լինի: Նա նաև ավելորդ է համարել խոսել մարդկանց առողջության վրա ազդեցության մասին:
Մինչդեռ Ամուլսարի հորատման աշխատանքներին մասնակցած 32-ամյա Ա․Գ․-ն նշում է, որ արդեն աշխատանքներից հինգ ամիս անց շնչառական սուր խնդիրներ են ի հայտ եկել։
Խոշորացված Ջերմուկ համայնքի ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը, որը նաև Ջերմուկ քաղաքի առողջարաններից մեկի բժիշկն է, նշում է, որ հանքի շահագործմանն ուղղված աշխատանքների ժամանակ արդեն մի քանի անգամ ավելացել են ինչպես իր, այնպես էլ գործընկերների մոտ տարբեր առողջական խնդիրներով քաղաքացիների այցերը։
«Ցանկացած հանքից, որտեղից թանկարժեք մետաղներ են հանում, դրանց հետ նաև ծանր մետաղներ և ռադիոակտիվ նյութեր են դուրս գալիս, իսկ ծանր մետաղներն ունեն կանցերոգեն ազդեցություն, այսինքն՝ առաջացնում են ուռուցքային հիվանդություններ։ Մեր երկրաբանները բազմաթիվ հոդվածներ են գրել այն մասին, որ բնությունը ծանր մետաղներից ինքնամաքրվելու եղանակ չունի: Մոտավորապես 500 տարի է պետք, որ ազատվեն ծանր մետաղներից: Այստեղ անընդհատ քամի է, իսկ շահագործման դեպքում քամին բերելու է փոշի, վնասակար նյութեր: Դրանք իրենց հերթին շղթայական ազդեցություն են ունենալու թե՛ բույսերի, թե՛ սննդի վրա»,- իր մտահոգություններով է կիսվում Սարգսյանը։
Ավագանու անդամ իր գործընկերները ևս համակարծիք են՝ տասը տարվա կարճ ծրագրի համար չի կարելի հարյուրամյակներով վնասել բնությանը, այն էլ հանքային ջրերով հարուստ բնությանը։
Ջերմուկի բնակիչները շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն, ղեկավարին՝ տարածաշրջանում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և կանաչ էկոտնտեսության զարգացման պահանջով, ինչին ավագանին 2018-ի դեկտեմբերի 18-ին հավանություն էր տվել։
Սակայն առայժմ կառավարության որոշմամբ անցկացվում է հերթական փորձաքննությունը։ Արդյունքները հավանաբար առաջիկայում հայտնի կլինեն։ Հատկանշական է, որ մինչ այդ արված փորձաքննություններն իրարամերժ էին․ մեկի համաձայն Ամուլսարի շահագործումը բացարձակ անվտանգ է, մյուս համաձայն՝ վտանգավոր է:
Ընկերությունից հայտնում են, որ սկսել են իրավական գործընթաց և այլևս մեկնաբանություններով հանդես չեն գալու։
Մինչ այդ, ջերմուկցիները շարունակում են պահել իրենց «պոստերը», հենց այսպես են անվանում այդ երեք պահակակետերը։ Երկաթե տնակում կոկիկ դասավորված են մահճակալներ, սեղան, անձնական իրեր։ Պատերը զարդարված են այս մեկ տարվա պայքարը պատնանշող լուսանկարներով, պոստերներով, հերթապահության ցուցակով։ Այստեղ գիշերում են հիմնականում երիտասարդները՝ ասում են, որ տարեցներին միայն ցերեկն են թույլ տալիս հերթապահել։ Գիրք են կարդում, լուրեր լսում, խաղեր խաղում։ Սնվում են ձեռքի տակն ունեցածով․
«Մի օր ձվածեղ կարող ա լինի, մի օր փլավ, մի օր էլ խորոված, այ էսօր կինս գաթա էր թխել, ուղարկել ա,- ասում է Գնդեվազի բնակիչ, 44-ամյա Հենրի Հարությունյանն ու մի փոքր սրտնեղում, որ տան ամբողջ հոգսը թողել է կնոջ ուսերին,-առաջին օրվանից այստեղ կանգնած եմ ու կկանգնեմ այնքան, մինչև իրենց ունեցած չունեցածը հավաքեն տանեն։ Մենք տեսնում ենք այն բոլոր վայրերը, որտեղ հանքարդյունաբերություն կա, տեսնում ենք, թե ինչ աղետալի վիճակ է, ոչ մեկից որևէ լավ բան չենք տեսել, բացի վնասներից։ Երբ սրանից տասը տարի առաջ եկան, գյուղի 99 տոկոսը դեմ էր, սակայն արդեն 2016-ից գյուղից 93 աշխատակից ենք ունեցել հանքում, որից սակայն 20 է լիդիանից եղել, մյուսները կապալառու ընկերությունից են եղել, այսինքն նրանք էսպես թե էնպես ունեն իրենց աշխատանքը»։
Հարությունյանը, ինչպես «պոստերում» հերթապահող իր մյուս գործընկերները, վստահ են՝ հանքի փոխարեն այդ նույն մարդիկ կարող են զբաղվել գյուղատնտեսությամբ ու առավել մեծ հաջողությունների կհասնեն։
«Գյուղի ժողովուրդ ենք, անասուն ենք պահում, հող ենք մշակում, կարողանում ենք մի բան անել։ Երբ մեր հողերը դեռ ստիպողաբար չէին գնել, հենց այդ տարածքներում (նկատի ունի ներկայումս կազմակերպության տարածքը) ծիրանի այգիներ ունեինք, որ հիմա հողին են հավասարեցվել, մեր հողերը մեզ լավ բերք էին տալիս, Գնդեվազի ծիրանն աշխարհով մեկ ճանաչված է, մեր այգիները հենց այնպես չվերցրեցին, մեր ծիրանը մեզնից վերցրին, իսկ մենք այն ժամանակվա կառավարության դեմ ոչինչ չէինք կարող անել։ Հիմիկվա կառավարությունն այնքանով է լավ, որ գոնե չեն սպառնում ու ասացին, դուք ձեր իրավունքի տերն եք ու կարող եք պայքարել»։
Բացի ծիրանի այգիների կորստից, գյուղացիները նշում են, որ կազմակերպության տարածքում են մնացել նաև արոտավայրերի հիմնական մասը, ինչի հետևանքով էլ անասունների գլխաքանակը կտրուկ իջել է
«Եթե նախկինում Գնդեվազում կար մոտ 1500 խոշոր եղջերավոր կենդանի, ապա այժմ այդ թիվն իջել է 400-ի, մանր եղջերավորի դեպքում նույնպես նվազել է 50-60 տոկոսով։ Ու եթե այս ծրագիրն իրագործվեր, կրկին պակասելու էր քանակը»,-ասում է 70-ամյա Սամվել Պողոսյանը։
2015-ին նա նույնպես վաճառել է իր հողը՝ շուկայականից կրկնակի բարձր գնով։ Ասում է՝ գայթակղության ու շանտաժի ծրագիր էր։
«Իրավիճակն էսպիսին էր․ կամ պիտի իրենց ասած գնով վաճառեիր, իսկ իրենք իսկապես բավական բարձր էին վճարում, կամ էլ, միևնույնն է, կհամարեին գերակա շահ ու կվերցնեին ձեռքիցդ արդեն անվճար։ Իհարկե, ստիպված վաճառեցինք»,-պարզաբանում է Պողոսյանը։
Ժողովուրդը վստահ է՝ ճիշտ ուղու վրա են, հաշվարկել են՝ հանքի բացակայությունից չեն տուժի։
«Հանքի դեպքում աշխատելու էին ընդամենը մի քանի տասնյակ մարդ, մի քանի ամիս ու թողնեին գնային, սակայն հանքի պատճառով վերանալու էին մեր առողջարանները, որովհետև էս կողմերում պայթեցումներով անգամ շենք չեն կառուցել, որպեսզի ընդերքին չկպնեն, քանի որ հայտնի չէ, թե որ հատվածից են բխում այս ջրերը, մինչդեռ հանքն առանց պայթեցումների չէր գործելու։ Հիմա էլ մերոնք աշխատում են առողջարաններում, հանքային ջրերի գործարանում ու ավելի շատ աշխատատեղեր կան, քան հանքում։ Հանքի արդեն նախկին աշխատակիցներն էլ են գտել աշխատանք, այնպես որ հաստատ անգործ չեն մնա։ Հարստություն ա՞ պետք, թող ջուր լցնեն, արտահանեն, որը դարերով է, ոչ թե հանքի նման տասը տարով»,- վստահեցնում է 36-ամյա Արկադիա Բարսեղյանը։
Ջերմուկցիները Վայոց ձորում միակը չեն․ այստեղ պայքարի արդեն հաջողված պատմութուններ էլ կան։ Օրինակ՝ Գլաձոր և Վարդահովիտ համայնքներում էլ անցյալ տարի են մերժել հանքի շահագործման փորձերը։ Վայքը ևս հերթի մեջ է։ Այստեղ էլ Ազատեկի հանքի շահագործմանն են պատրաստվում։ Հնաբնակները հիշում են, որ դեռևս տասնայմակներ առաջ էլ գալիս էին փորձաքննության, քերում սարերը, սակայն հետո անդարձ հեռանում՝ իրենց հետևից թողնելով միայն սարերի վրա սպիներ։ Այստեղ հույս ունեն, որ հետագայում էլ հանքերի մասին կմնան միայն խոսակցություններն ու տեղի փարթամ ու բարեբեր բնությանն այլևս որևէ բան չի սպառնա։