
2018-ը հոբելյանական տարի է, մենք նշում ենք Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Հանուն արդարության, սակայն, պետք է ասել, որ այն սկսվել է ոչ թե երեք տասնամյակ առաջ, այլ հենց այն օրը, երբ ստալինյան ռեժիմը 1921թ. Լեռնային Ղարաբաղը կամայականորեն բռնակցեց արհեստածին Ադրբեջանի Հանրապետությանը: Հաջորդող 70 տարիների ընթացքում Շարժումն ունեցել է տարբեր դրսևորումներ, եղել են մակընթացություններ և տեղատվություններ, սակայն անթեղված կրակը երբեք չի հանգել։ Հիշենք, թեկուզ, 20-րդ դարի 60-ականները, երբ Շարժման ալիքը նորեն բարձրացավ և տարածվեց ամբողջ Խորհրդային Միությունում, հասավ մինչև Կրեմլ:
Սակայն Ղարաբաղյան շարժումը իր գագաթնակետին հասավ 1988-ին և վերածվեց ազգային-ազատագրական պայքարի: Օգտվելով Գորբաչովի հռչակած ժողովրդավարական սկզբունքներից՝ արցախահայությունը կրկին բարձրաձայնեց իր նվիրական երազանքի մասին՝ վերամիավորել Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանին, ինչպես էր ի վերուստ: Փետրվարի12-ին մարզկենտրոնում և ԼՂԻՄ շրջկենտրոններում տեղի ունեցան ակտիվի ժողովներ, որոնց ներկա էին նաև էմիսարներ Բաքվից. նրանք եկել էին ընդվզած ժողովրդին համոզելու և վախեցնելու՝ ետ կանգնել նման քայլից: Սակայն պատմության անիվն արդեն թափ էր առել, և ոչ ոք այլևս չէր կարող կասեցնել այն: Նույն օրը բազմամարդ հանրահավաքներ տեղի ունեցան Ասկերանում, Հադրութում, Մարտունիում և Մարտակերտում, իսկ հաջորդ օրը, փետրվարի 13-ին, Ստեփանակերտում: Ժողովուրդը պահանջում էր արտահերթ նստաշրջան հրավիրել և որոշում ընդունել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին: Եվ ահա փետրվարի 20-ին, անասելի ճիգերի գնով, հրավիրվեց այժմ արդեն պատմական այդ նստաշրջանը, որն ընդունեց անառարկելի որոշում: Աստված իմ, այն ի՜նչ օրեր էին. հիմա երանությամբ եմ հիշում դրանք: Դա մեր ոսկեդարն էր, մեր աստեղային ժամը. մեկ էլ երբ հոգու և ոգու այդպիսի թռիչք կունենանք:
Ու հենց թռիչքի պահին փորձեցին կոտրել մեր թևերը: Նստաշրջանի որոշումը Մոսկվայի և Բաքվի կողմից ոչ միայն չընդունվեց, այլև խստագույնս դատապարտվեց: Սա այլևս չէր կարող ետ պահել մեզ մեր նպատակից: Մենք մեր մեջ սպանել էինք ստրուկին, լեթարգիական քնից արթնացել էր մեր ազատատենչ ոգին:
Ղարաբաղում սկսված շարժումը անմիջապես տարածվեց մայր Հայաստանում, բոլոր այն երկրներում, որտեղ թեկուզ մեկ հայ էր ապրում: Ստեփանակերտի կենտրոնական և Երևանի թատերական հրապարակներում ծովացած ժողովուրդը, հատկապես սումգայիթյան եղեռնագործությունից հետո, հասկացավ, որ մենք պետք է ապավինենք միայն ու միայն մեր իսկ սեփական ուժին: «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». Չարենցի մարգարեական այս միտքը օղ արեցինք ականջներիս։ Այն առաջնորդեց մեզ հակառակորդի կողմից պարտադրված պատերազմի ժամանակ, առաջնորդում է նաև այսօր:
Նույնիսկ 1988-ի դեկտեմբերին պատուհասած ահավոր երկրաշարժը չկոտրեց մեր ժողովրդի վճռականությունը, չխաթարեց արցախահայության ճակատագրի հանդեպ մտահոգությունը: Եվ որքան մեծ եղավ աղետի գոտի ժամանած Գորբաչովի զարմանքը, երբ փլատակներից փրկված մարդիկ հարցնում էին՝ հո Ղարաբաղին բան չի՞ եղել:
Ղարաբաղյան շարժումը համախմբեց հայությանը: Ես առիթ եմ ունեցել լինելու Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, հանդիպելու բազմաթիվ հայորդիների, որոնք խոստովանում էին, որ մինչև 1988 թվականը չէին լսել անգամ Լեռնային Ղարաբաղի մասին: Ավելացնում էին՝ Ղարաբաղը բացեց մեր աչքերը, մենք մեզ լիարժեք հայ սկսեցինք զգալ: Եվ պատահական չէ, որ պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնեցին ոչ միայն արցախցիները, այլև կամավորականներ մայր Հայաստանից և Սփյուռքից: Հիշենք Մոնթե Մելքոնյանին, ում մասին մենք ֆիլմ ենք նկարել։ Ես գիրք եմ գրել նրա մասին և պատիվ ունեցել լինելու նրա ընկերը: Մեր առաջին հարցազրույցի ժամանակ Մոնթեի միտքը՝ «եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը», դարձել է թևավոր և արդիական է նաև այսօր: Բարեբախտաբար, ազգովի ըմբռնեցինք նաև այս հրամայականը, և Արցախի հարցը դարձել է համազգային հարց, եթե կուզեք՝ մեր բազմադարյա ժողովրդի լինել-չլինելու հարցը:
Լրագրողի իմ մասնագիտության բերումով Ղարաբաղյան շարժման և Արցախյան ազատամարտի տարիներին ես ականատես եմ եղել բազմաթիվ անմոռանալի դեպքերի, հերոսական դրվագների, հանդիպել հետաքրքիր մարդկանց, որոնք անջնջելի հետք են թողել իմ կյանքում: Այսօրվա պես հիշում եմ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաբացման արարողությունը, 1989թ. հոկտեմբերի 1-ին: Սուրբ պատարագը մատուցեց Հայ առաքելական եկեղեցու վերակազմավորված Արցախի թեմի նորանշանակ առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը: Այն պատարագ չէր սոսկ. նման պատարագ էլ չեմ տեսել, չեմ զգացել։
Կամ 1992թ. մայիսի 6-ի երեկոյան, երբ գնում էինք ազատագրելու Շուշին։ Սրբազան հայրն ասաց. «Այստեղ՝ Արցախում, կերտվում է հայ ազգի ճակատագիրը, ներկան և ապագան: Այստեղից է սկսվում մեր հաղթական արշավընթացը, թեկուզ և ռազմական գծով: Մենք հաղթանակների շեմին ենք կանգնած: Եվ սա է, որ մեր ճակատագիրը փոխելու է, ու մենք դարձի ենք գալու, որովհետև միանում ենք Աստծո հետ: Հաղթանակը մերն է»:
Այս խոսքերը ևս տեսագրված են, ինչպես հայոց բերդաքաղաքի ազատագրումից հետո Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հոգևոր արարողությանը, որի կադրերը քառորդ դար անց էլ դիտելիս հնարավոր չէ զսպել ուրախության արցունքները: Մի՞թե երջանիկ չէ մարդը, որը տեսել և ապրել է այս ամենը, մի՞թե երջանիկ չէ այն սերունդը, որը Հայրենիք է ազատագրել: Ճիշտ է, արյան գնով, մեծ զրկանքների ու տառապանքների գնով, բայց ձեռք է բերել ազատություն:
Ինչպե՞ս չհիշել Քարինտակի հերոսական պաշտպանությունը, գյուղ, որը մոտ չորս տարի գտնվել է պաշարման մեջ ու կրակի տակ, և ոչ մեկը չի լքել իր ծննդավայրը: Երբ պապը Ստեփանակերտից գյուղ է եկել, որ 10-12 տարեկան թոռանը տանի քաղաք, թոռնիկն ընդդիմացել է.
— Բա որ ես գամ, մեր տունն ո՞վ պիտի պաշտպանի:
Երբ 1992թ. հունվարի 26-ին ադրբեջանական բանակի մինչև ատամները զինված 200-հոգանոց զորամիավորումը, պաշտպանության նախարարի գլխավորությամբ, հարձակվեց Քարինտակի վրա՝ երկրի երեսից այդ հանդուգն գյուղը ջնջելու, 16-ամյա Նարինե Առաքելյանը հաց ու զինամթերք էր հասցնում հորը, եղբայրներին և հայրենի գյուղի մյուս պաշտպաններին: Ու երբ օգնում էր երեխաներին համեմատաբար ապահով վայր տեղափոխել (կարծես ինքը երեխա չէր), թշնամու դավադիր գնդակը խոցեց այդ խիզախ աղջկան:
Այդ օրը քարինտակցիներին օգնության հասան նաև հարևան գյուղերից, Ստեփանակերտից: Գյուղի պաշտպանների հետ համատեղ ուժերով նրանք պաշտպանեցին հինավուրց այդ բնակավայրը, որ ծվարել էր Շուշիի ժայռի ստորոտին, ետ շպրտեցին հակառակորդին, որը բազմաթիվ զոհեր տվեց: Ցավոք, կորուստներ ունեցանք նաև մենք, մեկն էլ սզնեքցի Գրիշա Միքայելյանն էր, իմ աշակերտը. նրան ես հայոց լեզու և գրականություն եմ դասավանդել 1984 թվականին, 7-րդ դասարանում:
Երբ նրա դին Ստեփանակերտ բերեցին ու հաջորդ օրը հայրենի գյուղ պիտի տեղափոխեին, Գրիշիկի հայրը՝ մանկավարժ Արտո Միքայելյանը, մի կերպ կուլ տալով դառնաղի արցունքները, դիմեց հավաքվածներին. «Ժողովուրդ, ես չեմ սգում, որովհետև իմ որդին զոհվեց Արցախի ազատության համար: Դուք էլ մի լացեք, հպարտացեք, որ այսպիսի զավակներ ունենք»:
Դե, արեք ու ծնկի բերեք այս ժողովրդին: Չեք կարողանալու: Փորձել եք՝ չի ստացվել: Նորից դիմեք արկածախնդրության՝ մեղքը ձեր վիզը:
Պատերազմից հետո օտարերկրացի մի լրագրող ինձ հարցրեց՝ լավ, ինչի՞ հաշվին դուք հաղթեցիք այդ անհավասար պատերազմում։ Ես Քարինտակի օրինակը բերեցի: Ու նա ասաց՝ ինձ համար ամեն ինչ պարզ է:
Այո, հենց սա է մեր ֆենոմենը, որն այդպես էլ անհասկանալի մնաց մեր հակառակորդին: Ու սա օրինակներից մեկն է միայն, թեկուզ և ամենացայտուններից մեկը:
Մի հոդվածում հազիվ թե հնարավոր լինի պատմել այն ամենը, ինչ այն տարիներին տեսել ու ապրել եմ: Ես դա փորձել եմ իմ ֆիլմերի ու գրքերի միջոցով անել:
Ղարաբաղյան շարժման հոբելյանը, անշուշտ, վերհիշելու, մտորելու, խորհելու, վերաիմաստավորելու տեղիք է տալիս: Կարելի է, իհարկե, պնդել՝ եթե սա այսպես անեինք, ավելի լավ կլիներ։ Հնարավոր է: Սակայն ունենք այն, ինչ ունենք՝ մեկ ազգ, երկու պետություն, որոնցից մեկը՝ Արցախի Հանրապետությունը. թեկուզ այն առայժմ պաշտոնապես չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, ու ղարաբաղյան թնջուկն էլ վերջնականապես հանգուցալուծված չէ՝ մենք մեզ համար վաղուց արդեն լուծել ենք այն: Ադրբեջանը չի ուզում հաշտվել ակնհայտ այս իրողության հետ և սին հույսեր է փայփայում, թե ինչ-որ մեկը դարձյալ Արցախը սկուտեղի վրա մատուցելու է իրեն: Էլ բավ է: Ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում՝ սա Հայաստան է, և վերջ:
EVN Report-ը շնորհակալություն է հայտնում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամին (Friedrich Ebert Stiftung, FES) համագործակցության և աջակցության համար: