
Այս նյութը Ղարաբաղյան շարժմանը չի նվիրվում: Ավելի շատ նվիրվում է իրականության փոփոխականությանը կամ՝ նման մի բանի:
Զրուցակցիս եթե լսեի ութսունութի փետրվարին, հավանաբար կավարտվեր անախորժությամբ, որովհետև մենք «բարիկադների» հակառակ կողմերում էինք ու շարժման երիտասարդ մասնակիցը, որն ամեն րոպե վայելում էր տապալվող խորհրդային երկրի իրողությունը, չէր կարող հանդուրժել պատմություն այն մասին, թե ինչպես էր խորհրդային երկրի համակարգը «ականջ դնում» ու ի պաշտոնե խոչընդոտում մեր շարժմանը:
Զրուցակիցս հիմա գործարար է, նախկինում, ներառյալ ութսունութ, ութսունինը թվականները՝ Երևանի քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ:
Նա ինձ պատմում էր մեր շարժման մասին՝ հակառակ կողմից: Շարժման սկզբում իրենք մեզ հետ հրապարակում էին, լսում ու նշումներ էին անում ՝ով ինչ խոսեց, ժողովուրդն ինչպես արձագանքեց, ինչ են պլանավորում հաջորդ օրվա համար ու օրվա վերջում զեկուցում էին քաղկոմին: Բայց քողարկված էին, հրապարակում կանգնում էին իհարկե, որպես շարժման մասնակից:
Նրանք կատարում էին իրենց գործը, գալիս էին խառնվում մարդկանց մեջ ու օրվա վերջում զեկուցում վերադասներին:
Հումորով մարդ է, հեգնական խոսում է և՛ իրենց վիճակի, և՛ մեր միամտությունների մասին:
Հիմա հեշտ է լսվում, բայց երբ մի րոպե պատկերացնում եմ սա լսեի ութսունութին՝ զարմանում եմ այդ պահին և երեսուն տարի անց իրականությունն ընկալելու տարբերության վրա: Ու երևի այսօր էլ չկարողանայի լսել, եթե ութսունութից հետո մենք ավելի վատ բաների վկաները չդառնայինք:
Ութսունութին, երբ մեզ համար օպերան ու ընդհանրապես մեր շարժման հետ առնչություն ունեցող շենքերը ստացել էին սրբավայրի կարգավիճակ՝ մյուս կողմում, ստեղծված իրականության շատ գործնական ընկալում էր: Զրուցակցիս պատմածը հիմա ինձ էլ էր զվարճալի թվում: Ասում է՝ շարժման պայմանականորեն ասենք՝ «օբյեկտներն» էին օպերայի տարածքը, Գրողների միության, ՀԼԿԵմ կենտկոմի, Համագումարների պալատի, Կենտրոնական կոմիտեի, Գիտությունների ակադեմիայի շենքերը: Եվ սրանց մի մասը մտնում էր 26 կոմիսարների շրջանի մեջ, մյուսները՝ Մյասնիկյանի, օպերան՝ Սպանդարյան շրջանի տարածքն էր: Ու այս երեք շրջանների ոստիկանապետերը շատ շահագրգռված էին, որ գործողությունները տեղափոխվեն մյուսի տարածք: Օպերայից մի քիչ վերև արդեն Մյասնիկյան շրջանն էր, մի քիչ ներքև՝ Սպանդարյան: Ու երբ երթը մի տեղից դուրս գալով մտնում էր մյուս շրջանի տարածք՝ նախորդի ոստիկանությունում թեթևացած շունչ էին քաշում ու ուրախացած հաղորդում մյուս շրջանին:
Ոստիկանապետերին խստորեն հրահանգված էր չիրականցնել որևէ ճնշում շարժման հետ կապված գործողությունների ժամանակ, նրանք պետք է կանխարգելեին միայն մանր խուլիգանությունները:
Քաղկոմի նախկին հրահանգիչը հպարտությամբ է ասում, որ այդպիսի հզոր շարժման ընթացքում փաստացի մեկ զոհ ենք ունեցել՝ Խաչիկ Զաքարյանը, որի մահը ինչքան ցուցարարներին էր ցնցել, այնքան էլ՝ իշխանություններին: Ասում է՝ Խաչիկի վրա կրակողը նպատակային տղայի վրա չէր կրակել, խորհրդային բանակի զինծառայող է եղել՝ ենթասպա:
Սրամտությունները, իրենց ու մեր հնարամտությունները տարբեր տեսանկյուններից հետաքրքիր էր լսել, բայց նույնիսկ երեսուն տարի անց դժվարացա լսել, որ այդ հզոր ցույցերի օրերին իրենք մտել են շարքերի մեջ ու որպես մասնակից, իբր հայտնել իրենց հիասթափությունը. «էսօր հետաքրքիր բան չեն ասելու, ավելի լավ ա ցրվենք տներով» սրանով փորձելով շատ մարդաշատ հավաքների շարքերը նոսրացնել: Անկեղծ ասած, այդ պահին երեսուն տարի անց, մի նյարդ ձգվեց միջովս՝ հավանաբար սա ամենատհաճն էր լսածներիս մեջ:
Զրուցակցիս հումորն ամեն դեպքում փրկում է իրավիճակը ու երբեմն հստակ չէր՝ հումորն է փրկում, ժամանա՞կը, թե՞ այն, որ խելացի բաներ էր ասում ու նաև ծաղրում իրենց:
Իրենց կողմից շարժմանը նայելիս մենք երբեմն շատ հզոր էինք իմ աչքին, երբեմն՝ միամիտ, երբեմն նույնիսկ ծիծաղելի: Բայց այն միտքը որով սկսվեց մեր զրույցը ինձ դուր եկավ: Ասաց. «գիտե՞ս, մենք (խորհրդային պաշտոնյաները-Լ.Հ) երբ հասկացանք, որ այլևս անելիք չունենք ու տանուլ ենք տվել. 88-ի փետրվարին, երբ մի օր երթը օպերայից մինչև «Ռոսիա» կինոթատրոն էր հասել՝ ապշել էինք, թե ինչ է տեղի ունենում, իսկ վերջնականապես հասկացանք, ութսունութի նոյեմբերի յոթին, երբ Լենինի հրապարակի տրիբունայից ելույթ ունեցան «Ղարաբաղ» կոմիտեի անդամները:
Փաստորեն, մեր զգացածը համընկել է, մենք էլ մեր հաղթանակն այդ օրն զգացինք, իսկ ավելի ճիշտ՝ նրանց պարտությունը: Որովհետև ամբողջ գիտակցական կյանքում նոյեմբերի յոթի ու մայիսի մեկի շքերթների ժամանակ Լենինի հրապարակով անցնելիս այնքան էին մեզ զգաստացնում, այնքան ձգում ու ուղղում մեր տոնական կարմիր շորերը, այնքան էին սպառնում, որ եթե մի բան այն չեղավ՝ գրավոր նկատողություն, դպրոցից հեռացում, ծնողների հիմնարկ նկատողություն կուղարկվի, որ տրիբունային հավասարվելիս, լարվածությունից մրսում էինք, անկախ եղանակից: Բայց հենց Դեմիրճյանը ժպտալով ձեռքով ողջունում էր՝ մեզ թվում էր մեզնից ամեն մեկին անձամբ է ողջունում ու բոլորիս տեսնում է: Ու ութսունութի այդ օրը՝ նոյեմբերի յոթին, երբ հավասարվելով տրիբունային, լսեցինք մեր շարժման առաջնորդների ձայնը՝ մի ուրիշ ցնծություն էր, օպերայից բացի մերն էր նաև երկրի կուսակցական տրիբունան, որին հավքն իր թևով, օձն իր պորտով չէր հասնի: Այդ պահին մենք՝ ժողովուրդս էլ հասկացանք, որ մենք հաղթել ենք, հիմա հասկանում եմ, որ՝ դեռ գործող իշխանությունն էլ էր նույն զգացումն ունեցել:
Զրուցակիցս ծիծաղելով ասում է, որ Վանո Սիրադեղյանը երբ իր ելույթում ասաց. «մեր շարքերում են քաղկոմի մի խումբ փողկապավոր պնակալեզներ, խնդրում եմ զգույշ եղեք սադրանքներից»՝ հաջորդ օրը բոլոր հրահանգիչները փողկապներն հանած էին եկել հրապարակ:
Հումորը մեր զրույցի սուր կողմերը հարթում էր: Քաղկոմի նախկին հրահանգիչն ասում է, հերթական մի օր հրապարակից գալիս եմ քաղկոմ ու վերադասս հարցնում է. «էսօր ի՞նչ ասեցին» ասում է նյարդերս արդեն տեղի էին տալիս, ասացի. «շեֆ ջան, չորս ամիս ա նույնն են ասում՝ Ղարաբաղ են ուզում, ինչ պիտի ասեն»: Իրենց մասին խոսելիս ասում է «մեր գիտելիքները, կազմակերպչական հմտությունները կարող էին նորերն օգտագործել, մեզ թշնամի հանեցին, մենք բովանդակային առումով բոլորովին դեմ չէինք շարժման պահանջներին, ուղղակի իներցիայով մեր գործն էինք անում, մեզ էլ արդեն առանձնապես հակամիտինգային հրահանգներ էլ չէին տալիս, իմաստ չուներ, մեր իմացածը, մեր փորձը պետք է օգտագործեին»: Նա վստահ է, որ իրենք պարտվեցին ու խորհրդային երկիրը վերջացավ, որովհետև սուտ շատ էին խոսում: Ասում է՝ «գնում էինք ժողովի՝ սուտ էինք խոսում, համագումարին՝ սուտ էինք խոսում հետո դուրս էինք գալիս իրար նայում ՝ գիտեինք, որ բոլորս սուտ ենք խոսում ու սուտ խոսելը աշխատանք էր դարձել»:
-Բայց դե դուք էլ օյին էիք,- ասում է,- առաջին օրերն էր միտինգից քաղկոմ էկա, զեկուցում եմ, ասում եմ՝ ինչ-որ դերասան ա միտինգը վարում: Շեֆս հարցնում ա՝ ինչ դերասան, ասում եմ՝ չգիտեմ, կյանքում մի դեր ա խաղացել՝ «Ձորի Միրոյում» թուրքի դեր: Խոսքը Վաչե Սարուխանյանի մասին էր:
Բայց միայն հումոր չէր, իհարկե, պահեր կային, երբ մենք ձեզ պես նույն զգացումներն ենք ունեցել: Մեկը՝ նոյեմբերի յոթն էր, մյուսը, երբ Արշակունյաց պողոտայով երթը գնում էր, Կոմիտասի պանթեոնի մոտ կանգնեցին, ջահերով երթ էր, ու բոլոր բարձր երդվեցին. «մեր պայքարը կունենա հաղթանակ»: Ասում է բոլորիս միջով սարսուռ անցավ:
Երբ երթը Կոմիտասի այգուց, որը Օրջոնեկիձեի շրջանում էր մտավ Լենինյան շրջան, Օրջոնեկիձեի քարտուղարը Լենինյան շրջանի քարտուղարին զեկուցեց, որ ինքը ավարտեց անելիքը, ապա, Երևանյան լճի մոտով երթը հասավ Մաշտոցի շրջան, Լենինյան շրջանի առաջին քարտուղարը զեկուցեց Մաշտոցի շրջանի առաջին քարտուղարին. «երթը ապահով հանձնում եմ քեզ, Մամիկոնիչ»: (Արտաշես Մամիկոնի Գեղամյանի մասին է խոսքը-Լ.Հ):
ՀԽՍՀ քաղաքական վերնախավը 1988-ին լարված օրեր ուներ ՍՄԿԿ Կենտկոմի քարտուղար Անատոլի Լուկյանովի և Վլադիմիր Դոլգիխի Երևան այցի հետ կապված: Ժողովուրդը հավաքվել էր Բաղրամյան պողոտայի վրա՝ Կենտկոմի և Գիտությունների ակադեմիայի հատվածում: Մենք վանկարկում էինք ու պահանջում, որ Լուկյանովն ու Դոլգիխը դուրս գան և խոսեն ժողովրդի առաջ: Այդ օրվա մասին քաղկոմի հրահանգիչ զրուցակիցս պատմում է. «Կուսակցական տնտեսական ակտիվի (партхозактив)-ի հավաքի ժամանակ դահլիճից հնչեցին սուր հարցադրումներ, սա արդեն նախկին դահլիճը չէր, լարված էին բոլորը, դրսի լարվածությունը անդրադարձել էր նաև կուսակցական ակտիվի վրա: Հատկապես ակտիվ էին Ալեքսան Մատվեյիչ Կիրակոսյանը, Պավլիկ Սաֆյանը, Ստեփան Վարդանյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Լենդրուշ Խուրշուդյանը ու էլի ուրիշներ: Լուկյանովը ելույթը սկսեց, շարունակելով դահլիճից հնչած հարցը, ասելով, թե ինքը ուզում էր ելույթը սկսել նրանից, որ չի եկել փափուկ բարձ դնելու մեր գլխի տակ, բայց դահլիճից հնչածը կանխեց իր ասելիքը:
Ապա, ցուցադրելով խորհրդային պաշտոնյայի խորամանկության բարձրագույն արվեստ, սկսեց խոսել մեր հանճարեղ բանաստեղծ Չարենցից, ու դիմելով լսարանին ասաց, թե հիմա կապացուցի, որ ինքը թշնամին չէ հայ ժողովրդին և այստեղ է անկեղծ մղումներով ու հայտնեց, որ մեր մեծ բանաստեղծի ձայնը հայերից ոչ մեկը չունի, իսկ ինքը իր հավաքածուի մեջ ունի ՍՍՀՄ գրողների առաջին համագումարում՝ 1934-ին Եղիշե Չարենցի, որպես պատվիրակ, ելույթի ձայնագրությունը: Դոլգիխը ձայն չէր հանում: Ինչպես վկայում է զրուցակիցս, դահլիճի ընդվզումը Լուկյանովի ելույթից հետո անմիջապես փոխվեց: Խորհրդային պաշտոնյաները գիտեին եղբայրական հանրապետություններին լռեցնելու ոչ միայն բիրտ, այլև՝ խորամանկ ձևերը:
Շատ դեպքեր հիշվեցին այդ օրերից, ես՝ մեր կողմից, քաղկոմի հրահանգիչ-գործարարը՝ մյուս կողմից: Արդեն հումորով հարցնում էր. «բա էն Սումգայիթի առաջին տարեդարձի խաչքարը ինչի էի՞ք համալսարանից ոտքով տանում Ծիծեռնակաբերդ, ինչի՞ մենքենայով չէիք տանում, այ ձեր ցավը տանեմ»: «Ոտքով ե՞նք տարել»՝ հարցնում եմ ես: Դրանով երևի մեր հարգանքի տուրքն էինք տալիս զոհերին, ուրիշ ի՞նչ պատճառով:
Ու նա պատմեց, որ ՀԼԿԵՄ կենտկոմի երկրորդ քարտուղար Աիդա Թոփուզյանը զանգել էր իրեն և հրահանգել կանգնեցնել խաչքարի երթը, ինչին քաղկոմի երիտասարդ հրահանգիչը պատասխանել էր. «Աիդա Օնիկովնա, կանգնացնեմ՝ խաչքարը վրես կդնեն»: Մի հետարքրիր, ըստ իս, դիտարկում է անում զրուցակիցս. ասում է՝ արգելող հրահանգները բոլորովին շարժման բովանդակությանը չէր վերաբերում արդեն, այլ՝ ի պաշտոնե պարտավորությունները կատարած լինելու համար ու որևէ այլ պաշտոնյայի կողմից անձնային հարաբերությունների հարթության մեջ քննադատությունից խուսափելու համար»:
Նրանք՝բարիկադների մյուս կողմում գտնվող դեռ խորհրդային երկրի պաշտոնյաները, պարզվում է գնահատում էին մեր՝ ցուցարարներիս հնարամտություններն ու հումորը: Ռուս զինվորները շարված էին օպերայի հատվածից դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Բաղրամյանի կլոր հատվածն ազատ էր մնացել՝ ծաղկի խանութից մինչև նախկին հացի խանութ, դեղատուն: Այդ մասում ցուցարարներն էին: Ու որպեսզի զինվորները քայլ չանեն դեպի առաջ, Լենինի հատորները շարել էինք մայթերի երկայնքով՝ ռուս զինվորների ոտքերի տակ, որ չկարողանան քայլ անել առաջ: Այս հնարամտությունը խորհրդային պաշտոնյաներն էլ էին «գնահատել»:
Քաղկոմի հրահանգիչն այսօր հետադարձ հայացքով ասում է, 88-ի նոյեմբերի յոթից հետո երկրորդ շոկը իրենց համար Լևոն Տեր-Պետրոսյանի Գերագուն խորհրդի նախագահ դառնալն էր: Ասում է՝ մենք իրար ասում էինք՝ էս ո՞նց էղավ:
Զրուցակցիս հետ խոսակցությունը ստացվում էր, որովհետև ինքն անկեղծորեն խոսում էր իրենց ժամանակների արատավոր բարքերի մասին, գնահատելով շարժման հզորությունը, բայց նաև նշում էր այն կարևոր փաստը, որ երբևէ, որևէ զանգվածային բռնություն չեղավ Հայաստանում, իսկ մյուս հանրապետություններում ինչ դաժան դեպքեր եղան: Կայարանի դեպքերի մասին հիշեցրի՝ ասաց, ոչ ոք չհասկացավ, թե դա ինչ էր: Ու որպես փոքր, բայց ոչ անկարևոր փաստ բերում է մի օրինակ. 88-ի նոյեմբերի քսնաչորսին օպերայի դահլիճում տեղի ունեցավ ԳԽ արտահերթ նիստ: Պատգամավորներից շատերին առանձնապես քնքշորեն չէին բերել, մթնոլորտը լարված էր: Արտահերթ նիստը կայացավ ու անմիջապես հեռուստացույցով ելույթ ունեցավ գեներալ Սամսոնովն ու հայտնեց, որ Երևանում պարետային ժամ է հայտարարված: Նիստի ավարտից հետո հրապարակը ուղղակի ծփում էր մարդկանցով, տեղ չկար շարժվելու ու դեռ շենքի ներսից պիտի պատգամավորները դուրս գային: Մարդաշատ վայրերում հրմշտոցը ամենավտանգավոր իրավիճակներից է, իսկ հակառակ հոսանքների դեպքում հրմշտոցի վտանգավոր հետևանքների հավանականությունը մեծանում է: Այդ ժամանակ, ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի հրահանգով, որը նույնպես օպերայի դահլիճում էր՝ բացվեցին մյուս դռներն էլ՝ շենքից դեպի Լենինի պողոտա տանող դռները, և շենքում գտնվող ու հարթակին մոտ կանգնած մարդկանց հնարավորություն տրվեց մտնելու օպերայի շենք ու դուրս գալ դեպի պողոտա՝ հակառակ հոսանքներից խուսափելու համար: Խորհրդային երկրի հանդեպ բացասական վերաբերմունքն այդ օրերին մեզ հնարավորություն չէր տալիս նկատելու որևէ լավ բան՝ թեկուզ փոքր լավ բան: Զրուցակիցս պարբերաբար նշում է, որ նոր իշխանությունների ամենամեծ սխալը խորհրդային կադրերին չօգտագործելն էր. «մենք դուրս մնացինք կյանքից: Մեզնից իբր խուսափում էին որպես վարկաբեկված խորհրդային չինովնիկների, բայց հետագայում շատերի համեմատ մենք սուրբ էինք»:
Այս զրույցը ցավալի խորքեր ու ենթատեքստեր ուներ, բայց մեկընդմեջ սրամիտ դրվագներով կոտրվում էր ծանրությունը: Զրուցակիցս պատմում է, որ 88-ի նոյեմբերի քսանչորսին, Մարքսի փողոցի վրա գտնվող որսորդական խանութից գնել էր երկար սպասված որսորդական շքեղ հրացան: Ընկերն էր զանգել ու ասել, որ նոր հրացան են ստացել: Այդ օրերին նրանց աշխատանքը իննին քաղկոմում ներկայանալուց հետո ուղիղ հրապարակ իջնելն էր: Հանրահավաքի արանքում մարդը գնում է իր հրացանն առնելու: Հրացանի փողը բուն հատվածից առանձնացված էր ու երկու մասի բաժանած հրացանը բաճկոնի ներսում, գալիս է հրապարակ: Ամբողջ օրը նոր որսորդական հրացանը բաճկոնի մեջ էր: Գիշերը, երբ պարետային ժամ է հայտարարվում ինքը դեռ պիտի հրապարակից հասներ քաղկոմի շենք… Ասում է՝ եթե ռուս զինվորներն այդ հրացանը բաճկոնիս մեջ բռնեին, ես երևի ուղիղ այլ տեղում կհայտնվեի: Փաստորեն, ակամայից քաղկոմի հրահանգչից դառնալու էր «մի խումբ ծայրահեղականներից» մեկը, որը զենք է կրում պարետային ժամի օրոք:
Հիմա, մենք՝ բոլորս, ապրում ենք նույն երկրում: Գուցե էլի մարդկային որոշ որակներով տարբեր ենք, բայց նույն բանից ենք բողոքում ու նույն բաներն ենք ուզում մեր երկրի համար: Իսկ երկիրը ձեռքից ձեռք անցավ…
EVN Report-ը շնորհակալություն է հայտնում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամին (Friedrich Ebert Stiftung, FES) համագործակցության և աջակցության համար: