Թեև հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց բուժումը և սոցիալական աջակցումը խնդրաշատ ոլորտ է Հայաստանում, դժվարություններն առավել ակնհայտ են սահմանամերձ շրջաններում։ Խոսքը, մասնավորապես՝ մասնագետների և օգնող անձնակազմի սուր պակասի, մասնագիտական օգնություն տրամադրող ծառայություններից մեծ հեռավորության, սոցիալական ծանր վիճակի մասին է։
Բերդ քաղաքի շրջակա սահմանամերձ գյուղերը պատերազմի տարիներին ամենից տուժածներից են։ Մինչև այսօր կարելի է տեսնել տներ, որոնց սահմանին նայող պատերը քանդված են ռումբերի պայթյուններից։ Ընտանիքների մեծ մասում զոհվածներ կամ հաշմանդամ դարձածներ կան, մարտական գործողությունների մասին հիշողությունները դեռ ամուր նստած են մարդկանց գիտակցության մեջ։
Մշտական վտանգի սպասումը տեղացիներին ստիպում է կարևորել կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Այստեղ միշտ պատրաստ են հաց կիսել կամ կացարան առաջարկել. սա ոչ թե մեծահոգություն է, այլ պատերազմական պայմաններում ապրելու ամենաօպտիմալ եղանակը, ինչը, սակայն, իր հակառակ կողմը ունի նաև։ Մարդկանց հույզերն այստեղ երկրորդական են, գլխավորը գոյատևելն է, զգացմունքները միշտ էլ կարելի է զսպել, հետաձգել մինչև ավելի լավ ժամանակներ։

Այս պարագայում հատկապես դժվար է այն մարդկանց համար, որոնց հուզական ոլորտը ինչ-ինչ պատճառներով ավելի զգայուն է։ Ոմանք ծնվում են արդեն գերզգայուն բնավորությամբ, մյուսներն այն ձեռք են բերում արտաքին միջավայրի ազդեցությամբ։ Գոյատևման պայքարով մտահոգված ծնողները չեն հասցնում երեխաներին բավարար հուզական արձագանք տալ, ինչի պատճառով նրանք իրենց չհասկացված են զգում, չսիրված, ձևավորվում է զգացածը ներսում պահելու, զգացածով չկիսվելու հակում։ Տարիքի հետ այս ամենը միայն ամրապնդվում է, քանի որ սոցիալիականացումը հենց այդպիսի վարքն է խրախուսում։

Սահմանամերձ կլինիկայում:
— Ասում են ժառանգական է։ Ինչ ասեմ, մասնագետ են, մի բան գիտեն թե ասում են, բայց չի եղել մեր ազգում այսպիսի հիվանդ։ Տարօրինակություններով մարդիկ․․․ Ամուսինս, օրինակ, շատ խանդոտ էր, առանց պատճառի կսկսեր կասկածել։ Երևի թե ավելի ճիշտ կլինի ասել անընդհատ էր այդ կասկածով ապրում։ Դե ես էլ եմ տարօրինակ (ծիծաղում է), բա ինչ եմ։ Ինչի մարդ կարո՞ղ ա էսքան տարի իրեն թողած ուրիշով ապրի։ Վաղուց պըտի խելքս գցած լինեի, բայց Աստված կյանքս լուսավորեց, թույլ չտվեց որ ես գնամ, տղաս անտեր մնա։ Մյուս որդիներս նորմալ են ծնվել, հոգեկանի խնդիր չեն ունեցել։ Ինքը տղաս էլ, խելոք էր, սուս-փուս, մանկուց համեստ է եղել, ամաչկոտ։ Մյուսները վազում, գոռում էին, ինքը՝ չէ։ Ուրիշ աչքի ընկնող բան չեմ կարող ասել։
Շիզոֆրենիան ընդունված է ժառանգական հիվանդություն անվանել։ Սակայն շատերը բառացիորեն են հասկանում սա, համարելով որ մոտ ազգականների մեջ պետք է լինի գոնե մեկը նույն հիվանդությամբ։ Իրականում՝ անպայման չէ։ Ժառանգվում է նախատրամադրվածությունը՝ որոշակի անձնային գծեր, ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, որոնք մարդուն դարձնում են ավելի խոցելի և հակված սթրեսային իրավիճակներին արձագանքելու հատուկ ձևով՝ օրինակ կասկածամտության կտրուկ աճով կամ լսողական ցնորքների հայտնվելով։ Տվյալ դեպքում կարող ենք ենթադրել, որ այդ նախատրամադրվածության մասին է խոսում հոր մոտ ախտաբանական խանդի առկայությունը, և մոր կրոնական մոլեռանդությունը, քանի որ երկու գաղափարներն էլ բերում են իրականության միակողմանի, սուբյեկտիվ ու գերարժեվորված ընկալման, երբ առանձին երևույթներ չափազանց կարևորվում են, երկրորդ պլան մղելով կյանքի այլ ասպեկտները։

Բերդ քաղաքից Չինարի գյուղի ճանապարհին:
— Առաջինը էն տեսա որ նիհարել է, աչքերը ոնց որ մեծացած լինեին։ Հայացքը խամրած, ոնց որ կյանք չլիներ մեջը։ Տրամադրությունը մեկ իջած էր, մեկ սովորական։ Գործ անելու հավես չուներ։ Քիչ էր խոսում, ոչնչով չէր հետաքրքրվում։ Ես էլ, հայրն էլ, վրան խոսում էինք, ասում․ ջահել տղա ես, տանը մի նստի ամբողջ օրը, հավաքի քեզ, մի գործով զբաղվի։ Ինքն էլ ձայն չէր հանում, մի օր կգնար մի տեղ մի գործ կաներ, հետո էլի տանը կնստեր։ Մինչև չսկսեց ասել, որ իր հետևից ընկած են, գալու են բռնեն տանեն, սկի գլխի չեմ ընկել որ հոգեկանը խանգարվել է։
Հիվանդության մեկնարկը կարող է լինել թե սուր, թե աստիճանական։ Առաջին ախտանշանները տարբեր են լինում [2]։ Բայց բոլոր դեպքերում մարդ զգում է, որ իր հետ ինչ-որ բան է կատարվում, վախենում է այդ անհասկանալի փոփոխությունից։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է, որ նա հնարավորություն ունենա ապրումներով կիսվելու։ Ցավոք, հաճախ այդպես չի լինում։
Արդեն չենք իմանա, ինչն է խթանել հիվանդության սկիզբը մեր դեպքում։ Ռումբի պայթյունը, որի մասին խոսում է մայրը, իրոք կարող է վիճակի վատթարացման դրդապատճառ լինել, այն միգուցե սրել է վիճակը, բայց հավանական է, որ հիվանդագին գործընթացը շատ ավելի վաղ է սկսվել։ Ռազմական գործողությունների ժամանակ երկարատև լարվածությունը, վտանգի սպասումը, վախը բերել են գերզգայունության։ Ապրելով մշտական տագնապի մեջ, նա փորձել է կիսվել իր անհանգստություններով, որոնք, սակայն, արժանացել են կամ հեգնանքի, կամ արհամարհանքի. պատերազմական պայմաններում ավելորդ հուզականությունը, ապրումները, առողջության համար անհանգստանալը չի խրախուսվում։ Տանը նույնպես այդ մասին չի խոսել, որովհետև դաստիարակվել է որպես «իսկական տղամարդ»՝ զուսպ, լռակյաց, թույլ լինելու իրավունք չունեցող։


Գրաֆիտի Բերդ քաղաքի այգու հարեւանությանբ:
— Մեկ-երկու տարի տենց անցավ։ Մի օր ուժեղ վիճեցինք, կարծես ներսը մի բան պայթեց, սկսեց խոսել։ Ասեց. մեջս ներքին ձայն կա, որը ինձ անընդհատ ուղեկցում է, պահպանում վտանգներից։ Ասացի՝ բա ինչի մենք չունենք այդ ձայնից, ինչի է մենակ քեզ հուշում՝ ժպտաց, բան չպատասխանեց։ Մեկ-մեկ ինքն իրեն կխոսեր, կծիծաղեր, սկզբից այդ պահերին իսկականից վախենում էի, հետո սովորեցի։ Մի անգամ էլ ասաց որ հեռուստացույցն է իրեն հրամաններ տալիս, մեկ էլ մյուս օրը տեսնեմ տարել աղբանոց է նետել։ Էլ վախեցա հարցնեմ թե ինչու։
Լսողական ցնորքների ժամանակ հիվանդը լսում է ձայներ, որոնք կարող են իրեն քննադատել, հուշել, հրամաններ տալ [3]։ Մարդը չի հասկանում, թե դա ինչ է, վախենում է դրանցից, հետո ժամանակի ընթացքում գտնում այդ ձայների հիվանդագին, զառանցական բացատրությունը։ Տեսնելով, որ շրջապատում նույնը չեն զգում, նա այլևս չի ուզում պատմել դրանց մասին, վախենալով կորցնել հեղինակությունը, չհասկացված լինել, տարօրինակ երևալ, և միայնակ է մնում այդ ամենի առաջ կանգնած, փնտրելով և ելքեր չգտնվելով։ Թեև ճիշտ մոտեցումը, հիվանդի հետ գրագետ շփումը հաճախ օգնում են հասկանալ ցնորքների իսկական բնույթը, իրականում դա հազվադեպ է տեղի ունենում, որովհետև նրա կողքին չի լինում այն մասնագետը, որը դա կաներ, և ի վերջո հատվում է անդառնալիության այն կետը, երբ մարդը դեռ կարող էր ընկալել սեփական համոզմունքներին հակասող կարծիք։
— Որ տեսա իմ նկատմամբ է թշնամանք զարգանում, շատ վախեցա։ Չնայած, ճիշտը որ ասեմ, սկզբից ավելի շատ նեղացել էի, ասում էի՝ ախր ոնց տենց, որ ես ամբողջ կյանքս իրեն նվիրեմ, ամեն ինչ անեմ, որ վերջում այսպես լինի։ Բայց դե հիվանդ է, հիվանդի միտքը մեզ համար անհայտ ճանապարհներով է գնում։ Ասում էր ինձ հետևում են, ամեն տարի հեռախոս էր ջարդում՝ ասելով որ գաղտնալսում են իրեն։ Մի անգամ ասացի՝ տղա ջան, ունեցածներս մի բան չի, մի ջարդի, ասաց՝ ինչ է, կարող է դու էլ ես իրանցից, որ տենց ես ասում։ Դրանից հետո էլ բերանս չէի բացում, լուռ թողնում գնում էի։


Առողջապահական կլինիկա Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում:
Ամենադժվարը առողջ մարդու համար հասկանալն է, թե ինչպես են հիվանդի մոտ զառանցական մտքեր ծնվում [4]։ Զառանցանքն աստիճանաբար ծավալվում է, դառնում իրականությունը մեկնաբանելու հիմնական միջոց, ամեն մի մանրուք ընկալվում է միայն այդ տեսակետից, և հաճախ ստացվում է այնպես, որ դրանում հայտնվում են հենց այն մարդիկ, որոնք գտնվում են հիվանդի անմիջական շրջապատում։ Որքան էլ որ ցավալի է, ամենից հաճախ հենց հիվանդի հարազատներն են այդ շարքում։ Ինչքան ավելի սերտ են նրանք կապված հիվանդի հետ, ինչքան ավելի են հոգ տանում նրանց մասին, այդքան ավելի շատ են կասկածելու առիթներ տալիս և արժանանում ոչ օբյեկտիվ վերաբերմունքի։
— Մի պահ եկավ՝ հասկացա, որ պիտի հիվանդանոց տանենք, ուրիշ հույս չկա։ Դե, ո՞ր մի ծնողն է ուզում իր երեխային տանի հոգեբուժարան։ Ես էլ չէի ուզում։ Առաջին անգամ որ պառկեց, բավականին լավ վիճակում դուրս գրվեց։ Սիրտս հույսով լցվեց, ասեցի կարող ա լավանա, էլի էն հինը դառնա, ինձ էլ տիրություն կանի որ ծերանամ։ Այն էլ դուրս գրվելուց հետո մի որոշ ժամանակ անց դեղերը դադարեց խմել, ինձ էլ չէր լսում։ Բայց լավ էր, ասի սենց էլ ոչինչ։ Մի տարի հետո նորից վատացավ։ Էլի հիվանդանոց, էլի լավ դուրս գրվեց, էլի հետո դեղերը չխմեց։
Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս էականորեն բարելավել շիզոֆրենիայով հիվանդների վիճակը։ Եթե բուժումը սկսվում է հիվանդության սկզբնական փուլում և ներառում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, երբեմն հաջողվում է նույնիսկ լիովին ապաքինել մարդուն։ Թեև հիվանդությունը հաղթելու համար անհրաժեշտ է բազմակողմանի մոտեցում, հիմնական և պարտադիր պայմանը դեղորայքային բուժումն է [5]։ Մեր իրականության մեջ հաճախ ենք առնչվում դեպքերի, երբ դեղորայքը հիմնականում օգտագործվում է հիվանդին հանգիստ վիճակում պահելու համար, և երբ նրա վարքը չի խանգարում մյուսներին, բուժումը շարունակելուն արդեն կարևորություն չի տրվում։ Խնամողները, չհավատալով, որ հնարավոր է վիճակի բարելավում, բժշկի են դիմում հիմնականում միայն այն դեպքերում, երբ ամեն ինչ արդեն ծայրահեղ վատ է։
— Առաջին տարիներին ամուսինս դեռ կար, ինքը կարողանում էր ստիպել, որ իրեն լսի։ Երբ մահացավ, գործերս շատ դժվարացան։ Էն մի տղաս արդեն հիվանդ էր քաղցկեղով, մյուսը Ռուսաստանում էր։ Ամուսնուս ընկերն էր օգնում հիվանդանոց տանել, բայց մի քանի տարի անց ինքն էլ գնաց։ Նույն տարի ստեղի տղաս մահացավ։ Հետո մյուսը՝ օտարության մեջ, այդպես էլ չիմացանք, ինչ եղավ։ Կռվարար էր, բայց չգիտենք, կռիվ է արել, թե վթար է եղել։ Մնացի մեն մենակ։ Տունը դատարկվեց, նախ մարդիկ գնացին, հետո եղած չեղածն էլ, կեսը անպետքացավ, կեսը ջարդ ու փշուր արեց։ Այդ ժամանակվանից վախը մտել է սիրտս, ախր հեչ մարդ չկա, որ կողքներս լինի, մենակ ես ու ինքն ենք։ Հարևաններիս կեսը, երբ հիվանդանոց էի տանում, ասում էին «ինչու ես տղայիդ տանում գժանոց, բա դու մայր ես», մյուս կեսն էլ երբ հետ էի բերում. «Էլի հետ բերեցիր, բա դու մարդ ես, էլի պըտի գոռա, չթողնի հանգիստ ապրենք»։ Եղել է որ օգնել են, բայց որ մի լուրջ բան էր լինում, հույսս մենակ ինքս իմ վրա էր։
Հասարակության վերաբերմունքը կարող է որոշիչ դեր ունենալ։ Հիվանդի հարազատները ակամա սկսում են ղեկավարվել շրջապատի պահանջներով, ավելի ու ավելի անտեսելով խնամյալի շահերը։ Նրանք զգում են, որ տանը հիվանդ ունենալու փաստը փոխում է վերաբերմունքը նաև իրենց հանդեպ, և ամեն կերպ փորձում են պահպանել շրջապատի հարգանքը, նույնիսկ եթե երբեմն դա վնասում է հիվանդին։ Սա տեղի է ունենում աննկատ, բայց անխուսափելի, և հիվանդ ունեցողների մեծ մասը տարիների ընթացքում հայտնվում է անդունդի նույն կողմում, որում հասարակության նախապաշարմունքներն են ու վախը օտար, անհասկանալի դարձած անձից։ Մինչդեռ հիվանդության անգամ խորը փուլում հիվանդն ունենում է սովորական և շատ հասկանալի մարդկային ցանկություններ, որոնց իրականացումը կարող է զգալիորեն թեթևացնել նրանց կյանքը։ Հաճախ այնպիսի մանրուքները, ինչպես, օրինակ, ամուր գրկախառնությունը, համեղ կերակուրը կամ նոր հագուստը ունենում են ավելի մեծ նշանակություն, քան մասնագիտական բուժումը։ Իսկ գործնականում այս ամենի փոխարեն խնամողներն ավելի ու ավելի են հետ վարժվում հիվանդի պահանջները բավարարելուց։
— Քանի անգամ տարել ենք հիվանդանոց։ Ամեն տարի։ Տարի էլ կա մի քանի անգամ։ Մի ամսով պառկեցնում են, այնտեղ արագ, մի քանի օրվա ընթացքում հանգստանում է, սկսում ինձ հետ լավ լինել։ Դուրս գրվելուց տանը դեղերը խմել չի ուզում, ասում է որ վատ է զգում դրանցից։ Ասել են, որ պետք է ստանա ամսական մեկ սրսկում, որը կօգնի իրեն լավ վիճակում լինել, բայց այդ էլ չենք կարողանում անել։ Բժիշկները վախենում են, բուժքույրերը վախենում են, ասում են վտանգավոր է, ինչ իմանանք ինչ կանի։ Թաղայինը գալիս է, տեսնում որ ագրեսիվ է, ու ինքն էլ չի ուզում իր հետ կապվել։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ, հարյուր մասնագետի եմ հարցրել, բոլորն էլ նույնն են ասում՝ դեղը տուր որ հանգիստ լինի, իսկ եթե վատացավ՝ տար հիվանդանոց։

Առողջապահական կլինիկա Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում:
— Երբ առաջին անգամ հարձակվեց վրաս՝ ուշ աշուն էր։ Տնից դուրս փախա։ Գնացի հարևանի տուն, ասացի որ գա օգնի՝ հրաժարվեց։ Հետո տնից դուրս փախավ, սկսեց բղավել։ Զգացի, որ հարևաններս էլ են վախեցած, քիչ անց դուրս եկա իրենց տնից ու գյուղից գնացի։ Այդ գիշերը անտառում եմ անցկացրել։ Էլ չէի էլ մտածում՝ ցուրտ է, խոնավ է, միակ միտքս էն էր, որ թաքնվեմ, չգտնի։ Մյուս օրը գնացի կողքի գյուղ, քահանային տեսա։ Բարի մարդկանց տեղ ցույց տվեց, որտեղ կարող էի գիշերել։ Ասաց՝ աղոթիր և լավ կլինի։ Աղոթում էի, բայց բոլոր ուզածներիցս մենակ համբերություն տվեց Տերը։ Հետո գտա մարդկանց, ովքեր մի տուն ունեին, որտեղ չէին ապրում։ Թույլ տվեցին իրենց մոտ մնամ, երբ պետք է, ասացին «դե լավ է, տիրություն կանես»։ Իհարկե, տունը համարյա դատարկ է, բայց դե երբ փախչում ես, թաքնվում ես, դա էլ է մեծ բան։ Դուռը չի փակվում, քար եմ դեմ տալիս որ քամուց չբացվի։ Վախենալու բան չունեմ, ոչ ես եմ տանելու բան, ոչ էտ տան եղածը։

Բերդ քաղաքից Չինարի գյուղի ճանապարհին:
Գտնվելով զառանցական ապրումների ազդեցության տակ, մարդը հայտնվում է մի իրականության մեջ, որտեղ ամեն ինչ վտանգ է ներկայացնում։ Հենց դրանով է պայմանավորված շրջապատի հանդեպ թշնամական վերաբերմունքը [7]։ Ցավոք, շատերը չեն պատկերացնում վտանգավորության իրական աստիճանը և ագրեսիայի պատճառները։ Այնինչ ագրեսիայի մեծ մասը առաջանում է ոչ թե հիվանդության ազդեցությամբ, այլ նրանից, որ մարդու հետ փորձում են անել մի բան, որն ինքը չի ուզում։ Պատկերացնենք, որ ցանկացած իրեն առողջ համարող մարդու տուն մտնեն առանց թույլտվության և հայտարարեն, որ նա պետք է ստանա ինչ-որ դեղորայք, առանց բացատրելու թե ինչի համար։ Երբ նա հրաժարվում է, զրուցակիցը սկսում է պնդել, կոպտել, սպառնալ, որ կամ այդ դեղը կտա պարտադրանքով, կամ իրեն կտեղափոխի որևէ վայր, որտեղ իրեն հարկադրաբար կպահեն և կստիպեն այդ դեղորայքը ստանալ։ Իսկ հիմա պատկերացրեք, որ իր իրականության մեջ մեր հիվանդը համոզված է, որ ինքն է այդ առողջ մարդը։
— Հիմա տենց էլ ապրում ենք։ Տարվա կեսը իր հետ եմ, կեսը՝ փախած։ Լավ է, պահապան հրեշտակս ինձ հետ է։ Զգում եմ, երբ է վատանալու, կռվի չեմ հասցնում, սուս-փուս գնում եմ էն տունս։ Գնալս, կարծես, չի էլ նկատում։ Երևի գոհ էլ է։ Ինչ որ ընկերներ ունի, որ հիմնականում խմիչքի համար են գալիս։ Ես որ կամ՝ չեն երևում։ Հենց գնում եմ՝ գալիս են։ Առաջ լավ էլ սարքած էր տունը, հիմա բան չի մնացել, բայց դե էլի տուն է, նստում են ժամերով, համ իրենք են խմում, համ տղայիս են տալիս։ Բոլորն էլ օգտվում են բացակայությունիցս։ Փոստատարին քանի անգամ խնդրել եմ, որ թոշակն ու նպաստը բերի երբ ես տանն եմ, որ տեսնեմ ինչքան է տալիս։ Ասում է. «Քո թոշակը չէ, ինչ գործ ունես», չի հասկանում, որ խնամակալն եմ դատարանի որոշումով, ու բերում տալիս է իր ձեռքը, երբ ես տանը չեմ։ Չգիտեմ հատուկ է տենց անում, թե ուղղակի ասածս բանի տեղ չի դնում։ Նա էլ խմիչքի վրա է ծախսում, մեկ-երկու՝ տեսնում ես էլ փող չկա։
Տարիների ընթացքում մեկուսանալով, աջակցություն և ուժ չգտնելով հոգալու կարիքները, մարդն աստիճանաբար հրաժարվում է մղումներից, զրկվում ինչ-որ բան ուզելու ունակությունից, էլ ոչինչ չի սպասում կյանքից։ Համարժեք հուսալքվածություն են ապրում նաև նրա մտերիմները, ինչի արդյունքում ամեն մեկը փակվում է սեփական մենակության և հուսահատության մեջ։
— Ինձ շատ բան պետք չէ։ Ամառը խոտեր եմ հավաքում եփում, էտ ենք ուտում։ Լավ էլ առողջություն ունեմ դրա շնորհիվ, համ շատ քայլում եմ, համ առողջ սնվում։ Ձմեռն էլ ենք մի կերպ անց կացնում, մի ճար գտնվում է։ Ցուրտ է լինում՝ ապակիները չկա, ամառ-ձմեռ քամի է խաղում։ Տնիցս բան չի մնացել։ Քանի տանելու բան կար՝ տանում էին, հիմա արդեն գալիս տանիքն են քանդում տանում։ Հա, լինում է որ մի պահ գլուխս կախում եմ, ասում որտեղից որտեղ հասանք։ Բայց դե, էլի գոհ եմ ու շնորհակալ՝ դեռ ես էլ կամ երկրի երեսին, տղաս էլ կա, տա Աստված, դեռ երկար սենց կապրենք։
