

ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին ծրագրով Հայաստանում գործարկվել է «Համակարգիչների շրջանառու համակարգը»։ Այն ուղղված էր Հայաստանի բոլոր դպրոցներում, հնգամյա պարբերականությամբ, ծախսարդյունավետ և հավասար համակարգչային պայմաններ ստեղծելու նպատակի իրագործմանը։
- Դպրոցներում ստեղծվելու էին համակարգչային դասարաններ՝ «Դպրոցական համակարգչային ուսումնական կենտրոններ», համալրված անհրաժեշտ սարքավորումներով և էլեկտրոնային նյութերով։
- Շրջանառու համակարգը, հնգամյա շրջափուլով, համակարգում ներառված դպրոցներից (վերջիններս էլ սովորողներից՝ միջինում 15 ԱՄՆ դոլար տարեկան) պետք է հավաքագրեր տրամադրված համակարգչային տեխնիկայի գումարը, որով էլ նոր կամ հավելյալ տեխնիկա էր ձեռք բերվելու։
- Համակարգի գործարկման առաջին 5 տարիներին (Աղյուսակ 1, ՀԲ_04-09) հավաքագրվել է նախատեսված գումարի 41.67%-ը՝ 1.6 մլն ԱՄՆ դոլար։
Համակարգի գործարկումը դադարեցվեց՝ ի տարբերություն «Դասագրքերի շրջանառու համակարգի» (ներկայում՝ հիմնադրամ), որը նույն սկզբունքով դասագրքեր է տրամադրում վարձակալության որոշակի վճարի դիմաց, ինչը թույլ է տալիս կազմակերպել նոր դասագրքերի հրատարակությունը։
ՀԲ_04-09 ծրագրի ավարտին Հայաստանի դպրոցներում սովորողներին բաժին ընկնող մեկ համակարգչի ցուցանիշը 250 սովորող/համակարգչից աճեց մինչև 35 սովորող/համակարգիչ (հմմտ. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրի ամփոփիչ հաշվետվություն, ԿԾԿ, 2003-2009 թթ.)։
Համակարգիչների բաշխվածությունը կամ «մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի»
Հայաստանում դպրոցների միայն 25%-ն ունի 14-ից ավելի համակարգիչ, 50%-ն ընդհանրապես մինչև 8 համակարգիչ ունի։ Միևնույն ժամանակ, կա դպրոց, որն ունի 350 համակարգիչ։ Գրեթե նույն պատկերն է ինտերակտիվ գրատախտակների դեպքում։ Դպրոցների 77%-ը չունի ինտերակտիվ գրատախտակ, սակայն կա պետական դպրոց, որն ունի 31-ը։ Միջինացված հաշվարկով, 2018-2019 ուս. տարվա կտրվածքով Հայաստանի յուրաքանչյուր
- 228 սովորողի բաժին է ընկնում 1 պրոյեկտոր,
- 23 սովորողի՝ 1 համակարգիչ կամ նոթբուք,
- 594 սովորողի՝ 1 ինտերակտիվ գրատախտակ։
Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրներում մեկ համակարգիչ կամ նոթբուք է բաժին ընկնում հանրակրթական տարրական մակարդակի յուրաքանչյուր 14, միջինի՝ 7 և ավագի՝ 8 աշակերտի։ Կրթական զարգացած համակարգ ունեցող երկրներում ցուցանիշները կտրուկ փոխվում են. Ֆինլանդիայում և Էստոնիայում, օրինակ, ավագ մակարդակի յուրաքանչյուր սովորողի բաժին է ընկնում 3 համակարգիչ կամ նոթբուք։ Մեկ ինտերակտիվ գրատախտակ է բաժին ընկնում հանրակրթական տարրական մակարդակի յուրաքանչյուր 56, միջինի՝ 109 և ավագի՝ 166 աշակերտի։
Ամեն դեպքում, դպրոցներում համակարգիչների առկայության, դրանց կիրառության և սովորողների արդյունքների համադրությունը հավելյալ ուսումնասիրման կարիք ունի՝ ապագայում տեխնիկայի ավելի փաստարկված ձեռքբերումների համար։ Ըստ TIMSS «Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների հետազոտության ծրագրի» Հայաստանի ցուցանիշների (2011 թ.)՝ օրինակ, դպրոցները, որոնցում յուրաքանչյուր 3-5 սովորողի բաժին է ընկնում մեկ համակարգիչ, 5 միավորով ավելի ցածր արդյունքներ են գրանցել 8-րդ դասարանի մաթեմատիկայի ստուգումից (470 միավոր)՝ համեմատ նրանց, որոնցում մեկ համակարգիչ է բաժին ընկնում յուրաքանչյուր 6 և ավելի սովորողի (475 միավոր)։ Նույն պատկերն է բնագիտության բնագավառում՝ 3-5 սովորող/1 համակարգիչ՝ 438 միավոր, 6+սովորող/1 համակարգիչ՝ 444 միավոր։
Ի՞նչ կիրառություն ունեն համակարգիչները դպրոցներում
Համակարգիչների կիրառությունը դպրոցներում հավելյալ ուսումնասիրության կարիք ունի։ Ուսուցիչների 97%-ը, օրինակ, նշում է, որի դասավանդման ընթացքում համակարգիչ է օգտագործում (հմմտ. «ՀՀ պետական դպրոցներում ուսուցիչների կողմից ՏՀՏ կիրառության սոցիոլոգիական հետազոտություն», ԿՏԱԿ, 2108 թ.)։ Համակարգիչն օգտագործվում է հիմնականում Microsoft Word, Microsoft PowerPoint գործիքների և համացանցի համար։ Տարօրինակ է, սակայն, որ Microsoft Word-ի կիրառում նշել է ուսուցիչների միայն 22,8%-ը, Microsoft PowerPoint-ի՝ 18,1%-ը։ Վերջին երեք տարիներին այս գործիքների կիրառության տոկոսը գրեթե նույնն է, բացառությամբ Microsoft Word-ի կիրառության աճի (տե՛ս Աղյուսակ 2)։ Հարցվածների գրեթե 99%-ը նշել է, որ համացանցից օգտվելու բավարար կամ վարժ հմտություններ ունի, սակայն միայն 17%-ն է նշել դրա՝ ուսումնական գործընթացում կիրառման մասին։

Նույն հարցման համաձայն՝ 2018 թ. դրությամբ ուսուցիչների
- 47,5%-ը երբեք ՏՀՏ չի կիրառել հեռավար դասի համար, և, ենթադրաբար, երբեք հեռավար դաս չի անցկացրել. ուսուցիչների միայն 2%-ն է նշել ամեն օր հեռավար դասի համար ՏՀՏ գործիքի կիրառում (տե՛ս Աղյուսակ 3).
- 99%-ը նշել է, որ ՏՀՏ-ի կիրառումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը.
- Ուսուցիչների 78.1%-ի կարծիքով դպրոցում ՏՀՏ-ի կիրառումը սովորելու հավելյալ խթան է աշակերտների համար, քանի որ ոչ բոլորը տանը համակարգիչ ունեն.
- 23%-ը տանը համակարգիչ չունի։

Աշակերտների ո՞ր տոկոսին են անահասանելի ուսուցման ՏՀՏ միջոցները
ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Մանկական աղքատությունը Հայաստանում» 2016 թ. ուսումնասիրության համաձայն՝ 6-14 տարեկան երեխաների
- 41,7%-ը տանը ինտերնետ հասանելիություն չունի,
- 37,3%-ը տանը չունի համակարգիչ։
Ըստ նույն ուսումնասիրության՝ Հայաստանում երեխաների 64%-ը խոցելի է աղքատության երկու և ավելի չափելի դրսևորումներով (կոմունալ ծառայություններ, բնակարանային պայմաններ, համակարգչի առկայություն և այլն)։ Հայաստանում աղքատության ցուցանիշի բաշխումն ըստ բնակավայրի և ուսուցման օժանդակ ՏՀՏ միջոցների հասանելությունը հետևյալ տեսքն ունի.

3. Դիտարկել համակարգիչների շրջանառու համակարգի վերագործարկման հնարավորությունը։ Այսօր պակասող 24.000 սարքի հավաքագրումը, նվիրատվությունների միջոցով, հրատապ և միգուցե միակ հնարավոր լուծումն է։ Սակայն համակարգը չի կարող մշտապես ապավինել նվիրատվություններին։ Դպրոցական տեխնիկայի շրջանառու համակարգը կարող է մատակարարումների և ընթացիկ սպասարկման կայուն հիմք ստեղծել։ Եվրոպական Հանձնաժողովի «ՏՀՏ-ն կրթության մեջ. դպրոցների երկրորդ հարցումը», օրինակ, փաստում է, որ ավագ դպրոցների տեխնիկական սպասարկումն 94%-ով իրականացնում է հենց դպրոցի աշխատակազմը։ Հայաստանի պարագայում նման համակարգի գործարկումը կնշանակի նոր աշխատատեղեր, որը, սակայն, ներկա աշխատավարձերի պայմաններում, թույլ չի որակյալ մասնագետներ ներգրավել։ Մյուս կողմից, սակայն, հնարավոր կլինի պատվիրակել այս ծառայությունը, որոշ դեպքերում օրինակ, պայման դնելով տեղի մասնագետների ներգրավումը, որոնք կարող են մի քանի համայնքային դպրոց սպասարկել։ Սա կարող է խթանել ոչ միայն մոտակա բիզնեսների ավելի բարձր վճարվող աշխատատեղերի քանակը, այլև նվազեցնել սպասարկման միավորի արժեքը պետության համար։ Հայաստանի դպրոցներում, ի դեպ, 2018-2019 ուս. տարվա դրությամբ կար տեխնիկական՝ 3,764 և ծրագրային՝ 629 անսարքություն ունեցող համակարգիչ՝ առկա համակարգիչների 21,5%-ը, ինչը փոքր թիվ չէ։
4. Կիրառել «շքեղության» ծախսերից հրաժարվելու քաղաքականություն։ Ինտերակտիվ գրատախտակների ներդրումը վաղ 2000-ականներին կրթական նորարարություն էր դիտարկվում. Մեծ Բրիտանիան, օրինակ, 2015-ին մտադիր էր 27 մլրդ ֆունտ ծախսել բոլոր դպրոցները ինտերակտիվ գրատախտակներով համալրելու համար։ Հայաստանը նույնպես անմասն չմնաց այս տրենդից. ձեռք բերվեց 658 գրատախտակ՝ հիմնականում վարկային միջոցների հաշվին։ Այդուամենայնիվ, դեռ 2000-ականների կեսերից ինտերակտիվ գրատախտակների օգտակարության վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների մեծ մասը հենվում էր ենթադրությունների, լավագույն դեպքում՝ առանձին դեպքերի ուսումնասիրության վրա, ինչը բավարար չէ դրանց արդյունավետությունը փաստելու համար։ Ինտերակտիվ գրատախտակների վերաբերյալ Դի Գրեգորիոյի և Սոբել-Լոժեցկիի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց 1) արդյունավետության վերաբերյալ քանակական տվյալների վրա հիմնված ուսումնասիրությունները հաճախ հակասում են միմյանց, 2) արդյունավետությունն էականորեն կախված է կրթական միջավայրից, դասավանդման որակից, ուսումնական ծրագրից և մի շարք այլ հանգամանքներից։ Առանձին խնդիր է այս գրատախտակների տեխնիկական սպասարկումը։ Միջինում 2-5 հազար ԱՄՆ դոլար արժեցող, հետևաբար՝ քիչ դպրոցների համար հասանելի ու վիճելի արդյունավետությամբ ՏՀՏ այս գործիքի ձեռքբերման փոխարեն կարելի է ձեռք բերել մարկերային գրատախտակներ և պրոյեկտորներ (միջինում 5-6 հարյուր ԱՄՆ դոլար)՝ ընդլայնելով սովորողների ներառման շրջանակը։ Հայաստանը պարտավոր չէ կուրորեն հետևել զարգացած պետությունների բոլոր քայլերին։
5. Ձևակերպել կրթական գործընթացում տեխնոլոգիաների կիրառման քաղաքականության ուղենիշներ։ Այս առումով լավ օրինակ է նույն Եվրոպական Հանձաժողովի «բարձր հագեցվածություն և կապակցում ունեցող դասարանի մոդելը», որը երեք մոդել է առաջարկում (ներառյալ ծախսերը) միջին դասարաններում աշակերտների թվով համակարգիչների, համակարգչային ծրագրերի, համացանցին միացման, էլեկտրոնային հարթակների և ուսուցիչների կոմպետենցիաների հաշվարկով։ Այն ներառում է նաև տեխնիկայի այլընտրանքային ապահովման միջոցներ, ինչպես օրինակ, «Բեր քո սեփական սարքը» (Bring Your Own Device)։ Սրանք, իհարկե, մոդելներ են, որոնց դիտարկումը Հայաստանում կարող է օգնել կրթական գործընթացում (այդ թվում՝ հեռավար) տեխնոլոգիաների կիրառման քաղաքականության մոդելավորմանը։ Այս կետն արդյունավետ է, եթե արվել են առաջին երկու կետերով առաջարկվող հետազոտությունները։
* Համակարգիչների թիվը հստակեցնել չհաջողվեց, այս ցուցանիշն Աղյուսակ 1-ում արտացոլված չէ։