EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Մյս 28, 2026

Ետպատերազմյան հետագիծ

Վաղինակ Ղազարյան
Unfinished Conversations of WAR

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Պատերազմը ստիպում է կյանքին նայել առանց պատրանքների։ Թեև պատերազմներն ավարտվում են թղթի վրա՝ պայմանագրերով, դրանք շարունակում են ապրել մասնակիցների մտքերում ու հիշողության մեջ։

Այս նյութը փորձ է մոտենալու այդ անավարտ խոսակցությանը՝ լսելու այն հարցերը, որոնց պատասխանները երբեմն բացակայում են, երբեմն էլ բարդ են բառերի համար։

Այս հոդվածում իմ անավարտ հարցերին շարունակություն են տալիս 44-օրյա պատերազմի մասնակից զինվորները։ Նրանց մտքերն ու զգացմունքները դառնում են պատասխաններ՝ ուղղված ժամանակին, ինքնությանը և ապագային։ Չնայած մեծ դժվարություններին՝ նրանք կարողացել են շարունակել ընդհատված ժամանակի ընթացքը՝ ապրելով հիշողության հետ, որը չի ավարտվում հրադադարով և շարունակում է ձևավորել նրանց ներկան։

Arsen Kirakosyan

Արսեն Կիրակոսյան, 25 տարեկան, ֆինանսիստ։ 

Մինչ բանակը ապրել եմ Ռուսաստանում։ Սովորել եմ Կուբանի համալսարանում, որպես հաշվապահ։ Ավարտելուց հետո եկել եմ Հայաստանում ծառայելու։

Պատերազմից առաջ ես…

— Ժամկետային զինծառայող էի։ Ծառայում էի Արցախում, որպես հրետանու վարորդ` Դ20 հաուբից, ականանետ։ Վարորդ էի, նաև` նշանառու։

Պատերազմը մեկ բառով կանվանեմ…

— Դժվար է մեկ բառով… փորձություն։

Ամենադժվար օրը պատերազմի ընթացքում…

— Այն օրն էր, երբ մատս կտրվեց։ 

Երկու անգամ վիրահատվեցի պատերազմի ընթացքում, վերքը բորբոքվել էր և գանգրենա էր սկսվում։ Նաև պարանոցի վիրահատության կարիք ունեցա։

Ամենալավ օրը պատերազմի ընթացքում…

-Առաջին օրն էր, քիչ խուճապ կար։ Վարորդը նոր տղա էր։ Հրետանու թնդանոթը բերեց ու թարս կանգնեցրեց։

Մի տղա ունեինք` լարվածությունից սկսեց ծխել, երբ պարզեցինք, որ իր մոտ ծխախոտ կա, ու բոլորս ծխախոտ ունեցանք՝ իրեն շատ սիրեցինք։

Ամենաուժեղ բանը պատերազմի մեջ…

— Վստահությունն էր։ Չգիտեի, որ տենց բան կա։ Երբ քո ծառայակիցը իր կյանքի գնով քո կողքին է մնում։ 

Մի օր ես չհասցրեցի թաքստոց մտնել հարվածի պահին, մեր տղաներից մեկը` Սուրենը, իմ բրոնիժիլետից քաշելով գցեց իր թաքստոցի մեջ՝ իրեն վտանգելով։ Մեր տղաներից մեկի հայրը, ով եկել էր, որպես կամավոր` իր տղայի կողքին լինելու, պայթյունների ժամանակ ինձ էլ էր փորձում պաշտպանել, երբ արկ էին նետում։ Ինքն իմ գլուխն էր պահում, ասում էր` տղես դու պառկի, ես մեծ եմ, ու պատսպարում էր ինձ։ Ես էլ իրեն էի փորձում ծածկել։ Իրենք երկուսն էլ մահացան։ Ընտանիքից ավելի մեծ հոգատարության զգացմունք ես ունենում պատերազմի մեջ ընկերներիդ հանդեպ։

Պատերազմի ընթացքում ամենամեծ զգացմունքը ..․

— Առանձին զգացմունք չկար, ու դա գուցե լավ էր, ասես անջատվում ես զգացմունքներից, ունես նպատակ ու առաջադրանք, մնացած մտքերը կարող են ցնորել, ինքնակառավարումդ կարող ես կորցնել։

Պատերազմի ընթացքում կարոտում էի…

— Փոքր եղբորս։ Եղբայրս երեք տարեկան էր այդ ժամանակ։

Ամենահիշվող համը…

— Հարիսան։ Առաջին անգամ հարիսա կերա։ Երբեք չեմ սիրել ու չեմ փորձել։ Գնունը հումորով կամավոր էր` Աշտարակից։ Ասեց դու պիտի ուտես, ես տեսնեմ՝ ոնց ես ուտում։ Կերա ու զարմացա։ Ամենահամով բանն էր, որ կերել էի այդ ընթացքում։ Հիմա չեմ ուտում։

Ամենաբարդ միտքը պատերազմի ընթացքում…

— Չհասցնելն էր։ Մենք պետք է մեր թաքստոցը քանդեինք ու նորը սարքեինք։ Ողջ օրը կռվում էինք, իսկ գիշերը արկեր էինք դատարկում։ Ամենադժվար միտքն այն էր, որ չէինք հասցնելու թաքստոցը կառուցել։ Առավոտյան նորից սկսվում էր հրետակոծությունը։ 

Ամենաուրախ միտքը պատերազմի ընթացքում…

— Քնելու մասին էր, որ ժամանակ լինի աչք կպցնել։ 

Պատերազմից հետո ես…

— Սկսել եմ հասկանալ մարդու կարևորությունը։ Մինչ պատերազմը կդժվարանայի այդպես վստահել մարդկանց։ Հետո նաև իմ կարևորության գիտակցումն էր, հասկանալ որտեղ ես կարող եմ օգտակար լինել։ 

Պատերազմը իմ մեջ չփոխեց…

— Հավատարմության արժեքը։ 

Խաղաղությունը…

— Անտարբերության բացակայությունն է։

Հաղթանակը…

 — Միասնությունն ա` մեկ նպատակի համար, մեկ գաղափարի շուրջ` ինչքան էլ, որ ծեծված թվան դրանք, որպես բառեր։ 

Պարտությունը…

— Ուրիշի վրա հույս դնելն է, քեզ թերագնահատելը։

Ես հաղթել եմ, որովհետև…

— Ծառայել եմ տղաների հետ, ովքեր իմ վերաբերմունքը փոխել են կյանքի հանդեպ։ Ես իրենց հետ ինձ հաղթած եմ զգացել։

Ես ապրում եմ…

— Քանի որ ինձ տրված էր ապրել։ Նպատակներ ու երազանքներ ունեմ, որ պիտի իրականացնեմ։

Երազանքներիցս մեկն է, ստեղծեմ կամ գնեմ իմ տունը, որտեղ կզգամ ինձ իմ տանը` իմ «sweet home»-ը։

Երբ հիշում եմ պատերազմը…

— Շատ հաճախ երազներում եմ պատերազմից դրվագներ տեսնում։ Հաճախ հիշում եմ ամենածանր պահերի հումորները։

Ես կորցրեցի…

— Տղաներին, իրենց հետ ունեցած իմ ընտանիքը ու էն ինչի համար պայքարում էինք, որ պահենք։

Երբ վերադարձա…

— Երկար ժամանակ պայքարում էի։ Վերադարձել ու չէի կարողանում ընդունել էն իրականությունն ու արժեքները, որ էստեղ էին, մարդկանց, ովքեր չէին տեսել պատերազմը, բայց քննադատում էին։ Վերադարձս դժվար էր։ 

Երբ հարցնում են պատերազմից…

— Շատ էի պատմում, երբ նոր էի վերադարձել։ Բայց հիմա խուսափում եմ։ Որպես հիշողություն իմ մեջ եմ պահում էն հոգատարությունը, որը խաղաղ առօրյայում չես ստանա ոչ մեկից։ 

Երբ գնում եմ եռաբլուր…

— Հաճախ Հայկի մոտ եմ գնում։ Ինքը չպետք է գնար գումարտակ, բայց տարան առաջին գիծ։ Արցախից վիրավոր իրեն տեղափոխել էին Երևան, բայց, առանց որևէ մեկին տեղեկացնելու, նորից հետ էր եկել գումարտակ։ Միշտ մտածում էինք էնպես պիտի ծառայենք, որ պատերազմից հետո իրար տեսնենք ու չամաչենք։ Մեր փոքրն էր, հումորով էր, սիրում էինք իրեն։ 

Ուզում եմ…

— Խաղաղ Հայաստան։ Մեր սերունդը սա տեսավ, չեմ ուզում մյուսը սա տեսնի։ «Զինվորի տան»-ը վերականգնվելու ընթացքում զինվորների աչքերի մեջ ես տեսնում եմ էն՝ ինչ կա նաև իմ մեջ։ Թե՛ տատիկս, թե՛ քեռիս պատերազմի մասնակիցներ են եղել, ես էլ։ Չեմ ուզում նույն բանը երբևէ ուրիշ սերունդ էլ տեսնի։

Եթե չվերադառնայի…

— Կուզեի, որ իմ եղբայրը մեծանա հպարտությամբ իր եղբոր` իմ համար։

Ես դեռ չեմ կարողացել…

— Ամբողջությամբ մարսել այն, ինչ կատարվեց։ 

Երբ տեսնում եմ զինվորական համազգեստ…

— Փշաքաղվում եմ։

Երբ շրջում եմ այս քաղաքով…

— Ուրախանում եմ, երբ տեսնում եմ զինվորի, ով իր ընկերուհու հետ է քայլում։

Ես սովորեցի գնահատել…

— Անգամ ամենաչնչին բանը, որ ստանում եմ իմ հանդեպ։ 

Կուզեի, որ մարդիկ իմանային…

— Որ հայ տղան էն տղան է, ով պատրաստ է մինչև վերջ կանգնելու, չհանձնվելու։ 

Հիշում եմ…

 — Պատերազմի ժամանակ մեզ օգնություն է գալիս լեչո՝ բանկայով։ Լեչոյի բանկայի վրա գրված էր ՀՊՏՀ։ Վիրաբին հարցնում եմ` ինչ ա գրված։ Ես Ռուսաստանից էի եկել, ծանոթ չէի տեղի համալսարաններին։ Վիրաբը ջերմ «պանդա էր», համալսարանից հետո էր եկել ծառայելու։ Վիրաբը բացատրեց` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Վիրաբին խոսք էի տվել, որ պատերազմից հետո գնալու ենք փաբ խմելու։ Ցավոք, Վիրաբը զոհվեց։ Պատերազմից հետո, երբ հիվանդանոցից դուրս եկա, գնացի հենց այդ համալսարան ընդունվելու, ձմեռ էր, ընդունելություն չկար։ Երբ հարցրեցին ինչի ես ուզում էստեղ դիմել, ասեցի` ձեր ուղարկած լեչոն ինձ էր հասել։ 

Դավիթ Պետրոսյան, 52 տարեկան: 

Տեխնիկական ինժեներ եմ` նյութագետ։ Երկրորդ մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Հիմա ասպիրանտուրայում եմ սովորում։

Զբաղվում եմ ոսկեգործությամբ։

Վաղ հասակում ժողովրդական վարպետ էի, 2022 թվականին «Հայաստանի վարպետ» մրցույթին մասնակցեցի, հաղթեցի, դարձա ոսկեգործ վարպետ։ Ստեղծել եմ «մանկական ոսկեգործական լաբորատորիա» միջազգային նախագիծը և հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ։ Դպրոցում նոր առարկա եմ առաջադրել 4-8 դասարանների համար ոսկերչության դասերի ուղղությամբ։

Պատերազմից առաջ ես…

— Ուսուցիչ էի։ Արդեն սկսել էի փորձեր անել ոսկերչությունը հանրակրթական դարձնելու ուղղությամբ։

Պատերազմը մեկ բառով կանվանեմ…

— Ֆարս։

Ամենադժվար օրը պատերազմի ընթացքում…

— Ամենադժվար օրը սեպտեմբերի 30-ն էր, երբ առաջին անգամ դիրքերում հայտնվեցի։ Երբ ինձ ցույց տվեցին իմ դիրքը, ես վստահ էի, որ չեմ վերադառնալու, մտածեցի` Աստված իմ, փաստորեն սա էր էդ տեղը։

Մյուս դժվար օրը նոյեմբերի 9-ն էր։ Զինվորները, որ իրար հետ կարողանում էին «գործ անել», գիտեին, երբ հրետանավորին ասում են` «դադար», ուրեմն հակահարձակում է սկսվել։ Հայրենասեր մարտիկի համար դա ամենաբաղձալի պահն է։ Նման ձևով դու նորությունները մարտի դաշտի իրավիճակից ես հասկանում։ Բերձորում էին մեր հրետանային դիրքերը։ Ես, անկեղծ, լացում էի։ 

Ամենալավ օրը պատերազմի ընթացքում…

— Չնաշխարհիկ գեղեցկությամբ տեղ է Արցախը։ Վերջին մեր մարտական հանգույցը Բերձորն էր։ Գեղեցիկ ընկույզի ծառեր կային, գետի մոտ էինք։ Կովերին, ձիերին մարդիկ բաց էին թողել ու կենդանիները ազատ շրջում էին ձորերով։ Երբ թնդանոթի դիմացի ծառը կտրում էինք, որ չխանգարի, մենք մեղավոր էինք զգում մեզ, որ հատում ենք էդ գեղեցկությունը։ Ես պառկել էի ընկուզենու տակ ու նայում էի ոնց են ձիերն ազատ վազում, կամ ոնց էր կովը բարձր բառաչով կանչում հորթերին պատերազմի մեջ։ Իմ ամենագեղեցիկ օրն էր։

Ամենաուժեղ բանը պատերազմի մեջ…

— Զինադադարն էր։ Հակառակորդը ժամացույցի պես էր աշխատում։ Հարթավայրում էինք ու պարզ երևում էինք։ Ով ուզենար կարող էր պոպոք գցեր մեր վրա։ Էդ զինադադարից հետո հակահրետանային ու հրետանային հարձակումը մեր վրա աննկարագրելի հզոր էր ու կտրուկ սկսվեց։

Ամենամոտ բլինդաժը գցեցի ինձ, բայց կրակը բոլոր ուղղություններով էր` չգիտեինք դուռը որտեղ բացեինք։ 13 հոգի էինք բլինդաժում։ Ցանկացած պահի ուղիղ բլինդաժին ընկած արկից ոչ մի բան չէր փրկի։ Մնացած պաշտպանությունները բեկորներից պաշտպանվելու համար էին։ Էդ բեկորներից մեկը օգտագործեցի «Հայաստանի վարպետներ» մրցույթի ժամանակ. այն բեկորները, որ ինձ չէին կպնում, ես հավաքում էի։ Արդյունքում ասեցի` տղերք, երբ եք վերջին անգամ աղոթել, գոնե «Հայր մեր»-ը ասելով հեռանանք… Ու թող քո կամքը լինի երկրի վրա` էս դժոխքում… ու 13-ս էլ հեռացանք։ Հրաշք էր, որովհետև 72 հոգի մեր դիվիզյոնից ոչ ոք չմահացավ։ 

Պատերազմի ընթացքում ամենաշատը զգում էի..․

— Մանդրաժ։

Պատերազմի ընթացքում կարոտում էի…

— Գրադ էի կարոտում. գրադ ուստանովկայի (կայանք) աշխատանքն էի կարոտում։ Իմ ընկերներից մեկը կոլա էր ուզում, վերջը ճարեցինք կոլան. յուրահատուկ ընկերություն ա մարտական ընկերությունը. մինչև հիմա էլ մտերիմ ենք։

Ամենահամեղ ուտելիքը պատերազմի ընթացքում…

Սպասն էր։ Ես սպաս չեմ սիրում։ Բայց էդ ժամանակ հայկական արտադրության հրաշալի պահածոներ կային, տաքացնում էինք վառոդի վրա ու էդ սպասը պատերազմի ժամանակ ամենահամեղ բանն էր։ 

Ամենաբարդ միտքը պատերազմի ընթացքում…

— Եթե ես պրոյեկտվում եմ, որպես ՀՀ քաղաքացի ու զորակոչվել եմ, որպես սպա` մարտի դաշտում ես չեմ զգում դա։

Իմ թիկունքին պիտի լիներ ՀՀ բանակը։

Ամենաուրախ միտքը պատերազմի ընթացքում…

— Մարտակերտում էր։ Զինադադարներից մեկի ժամանակ, երբ զգում ես, որ չեն կրակում, սկսում ես էդ պահին շրջել։ Օրը լրացել էր, յոթն անց տաս էր, սուրճի բաժակը ձեռքս, մի քանի հոգով սուրճ էինք խմում ու սկսում են հարվածել։ Ուրիշ տարբերակ չկա, պիտի թաքնվես։ Ցուրտ էր, ես բուշլատով էի։ Ինձ նետեցի բլինդաժներից մեկի մուտքը։ Մուտքը նեղ էր ու ես խցանվեցի հենց մուտքի մեջ։ Էլ ոչ ոք չէր կարողանում մտնել։ Ներսից քաշում են, դրսից բրդում են, իսկ ինձ մոտ հիստերիկ ծիծաղ էր սկսվել հրետանակոծության տակ։ Վինի Թուխի պատմությունն էր։ 

«Ծիք տոր տեղիցը, ծիք տոր» գոռում էին ներսից ու դրսից տղերքը։ 

Պատերազմից հետո ես…

— Շատ երկար ժամանակ խելքի չէի գալիս։ Մեքենայիս բեռնախցիկում մարտական կոմպլեկտը և ինչ անհրաժեշտ է պատերազմում, զորացրվելուց հետո հետս ման էի ածում։ Մենք զորացրվել ենք պատերազմից հետո, նոյեմբերի 22-ին։ Հրամանատար չունեինք։ Երբ հարցրեցինք ինչ անենք, հրամանատարությունից մի հոգի եկավ, ասեցին՝ «ում սովեստը (խիղճը) ինչ պազվալյատ ա անում (թույլ ա տալիս), թող էն էլ անի»։ Առաջին ամիսը շատ ծանր էր։ Ես համազգեստս չէի հանում, տենց էլ քնում էի։ Տագնապային վիճակ կար։ Նկուղային տեղեր էի ձգտում լինել անկախ ինձանից։ Ընդհանուր առմամբ հոգեբանի կարիք ունեի, բայց էդ ժամանակ շատ չէի գիտակցում։ Հետո էդ կուլտուրան մեր տարիքային սերնդի մոտ էդքան էլ զարգացած չի։ Մաքսիմում խիրուրգի (վիրաբույժ) կդիմենք։ Բայց աստիճանաբար ադապտացվեցի։ Անմիջապես սկսել եմ ուսուցչի գործս շարունակել։ Բայց խնդրեցի ղեկավարությանս ինձ թույլ տալ մի որոշ ժամանակ չդասավանդել։ 

Պատերազմից հետո մնացել էր անավարտության զգացողություն։ Կարծես գողացված հաղթանակ ունենաս, որը քեզնից են գողացել։ Երբ դու մարտական վիճակում ես, հաղթանակի ետ բերելու պրոցեսում ես… Ես այդ ուժը տեղափոխեցի հանրակրթության մեջ, սուբլիմացրեցի ու ձեռքբերումներս սկսեցի հանրայնացնել։ 

Պատերազմն իմ մեջ փոխեց…

— Ամեն ինչ. մի մարդ գնաց, ուրիշն հետ եկավ։ Ես վերջապես տղամարդ դառա։ Տղամարդը երեխայա մնում մինչև խոր ծերություն։ Մեկը մեքենաների հետ ա խաղում, մեկը տունիկների հետ ու էլի, էլի։ Դավիթ մանուկը` ես, Ուտիքի, Արցախի մեր հողերի մեջ մահացավ։ Էնքան հող եմ կերել, էդ հողերի գենետիկան անցել ա ինձ։ Փորում էինք չէ, խորն էինք փորում։ Պայթած հողի փոշին շնչում ու ուտում ես։ Ինձ էլ չեն հետաքրքրում մյուս խաղալիքները։ 

Խաղաղությունը..

— Դա բլեֆ ա։ 

Հաղթանակը…

— Էպիզոդ ա։

Պարտությունը…

— Պատասխանատվություն ա։ 

Ես պարտվել եմ, թե ես հաղթել եմ…

— Ես չեմ տարանջատում ինձ իմ հայրենիքից։ Պարտություն չկա էս պարագայում։ Դա մի ֆարս էր, որ տեղի ունեցավ։ Ֆարսում դու չես կարող պարտվել։ Կար ոչ թե պարտություն, այլ բացահայտում էն ամենի, ինչ չէիր ուզենա տեսնել։ Ես եկել եմ Հայաստան` կարոտած բոլորին, ուրախացած բոլորով, որ իրենք ողջ են։ Ես մեր վուլկանիզացիայի տղային եմ մոտենում ուրախացած, որ ողջ էր։ 

Բայց զգում եմ մարդկանց անտարբեր հայացքը, ում համար ոչինչ չի փոխվել։ 

Ես ապրում եմ…

— Դա հարց ա` մենք ապրում ենք, թե չէ։ Կա պատասխանատվություն, որ մարդիկ պիտի զգան։ Սպառողականությունից պիտի դուրս գալ։ Ես ինձ վրա պատասխանատվության մեծ ուժ եմ զգում մի բան փոփոխելու։ 

Երբ հիշում եմ պատերազմը…

— Ես չեմ հիշում ուղղակի` ես ընկնում եմ պարզապես էնտեղ ու պատերազմը սկսում ա շարունակվել. նորից սկսում եմ ապրել պատերազմը։ Տարածական վիճակի մեջ եմ հայտնվում։ Պետք ա էնքան ուժեղ լինես, որ հետ գաս էնտեղից։

Պատերազմում ես կորցրեցի…

— Մանկությունս։

Ամենաբարդը այսօրվա մեջ․․․

— Լավ բան գտնելն ա, լավ լուր լսելն ա, լավ մարդ գտնելն ա։ Էլ չեմ ուզում բարդացնեմ էդ բարդը։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մահկանացու ենք, բայց ոնց Վոլանդն էր ասում՝ «внезапно смертны»-ներ (հանկարծակի մահկանացու) ենք բոլորս։ 

Երբ գնում եմ եռաբլուր…

— Եռաբլուր ես չեմ գնում։

Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան…

— Արդարություն։

Եթե չվերադառնայի…

— Լավ կլիներ։ Չէի իմանա, չէի լսի էն ամենը, ինչ իմացա։ 

Ես դեռ չեմ կարողացել…

— Հասարակության չափորոշիչներով «նորմալ» մարդու կյանքով ապրել։

Ես չեմ կորցրել…

— Վերլուծելու կարողությունը։

Երբ տեսնում եմ զինվորական համազգեստ…

— Հակասական ա շատ։ Կախված` ոնց են կրում էդ համազգեստը։ 

Երբ մտածում եմ ընկածների մասին…

— Մտքեր եմ ունենում, որ երջանիկ են, որ էդ հավատքով, էդ պոռթկումով գնացին։ Համ էլ ցավում եմ. իմ հայ տղերքն են, որ պիտի ապրեին, երազանքներ իրականացնեին, ընտանիք կազմեին, որ մենք հիմա ոչ թե 3, այլ 7 միլիոն լինեինք։

Երբ շրջում եմ այս քաղաքով…

— Չեմ ուզում շրջել, դրա համար էլ եկել եմ էս սարի ծերը ատշելնիկի (ճգնավոր) պես։ Քաղաքում պիտի քաղաքավարի լինեն, բայց…

Ես սովորեցի գնահատել…

— Ամեն ինչ։

Կուզեի, որ մարդիկ իմանային..․

— Պետք ա զգույշ ապրել։

Գրիգոր Ստեփանյան, 24 տարեկան։ Խոհարար։ 

Պատերազմից առաջ ես…

— Ուրիշ մարդ էի։ Չէի կարողանում կենտրոնանայի մի գործի վրա։ Ինձ էի փնտրում։ Աշխատում էի որտեղ կստացվի։ Չգիտեի նպատակս որն է։ Հեռանկարներ չունեի։ 2019- ին դեռ չգիտեի, որ բանակից վերադառնամ` ինչ պիտի անեմ։ 

Պատերազմը մեկ բառով կանվանեմ…

 — Չարիք։ Ամբողջական վատը հենց ինքն է։ 

Ամենադժվար օրը պատերազմի ընթացքում…

 — Պատերազմի առաջին օրը։ 

Էն օրն ա, երբ գնում ես մի տեղ ու համակերպվում, որ մեռնելու ես։ 

Ամենալավ օրը պատերազմի ընթացքում…

— Վերջին օրը։ Երբ հնարավոր եղավ շնչել, թեկուզ դրանից հետո դեռ մեկ տարի պիտի ծառայեի։ 

Ամենաուժեղ բանը պատերազմի մեջ..․

— Երբ սկսում ես հասկանալ, ինչից ես դու սարքված. մենակ միս ու ոսկոր չես ու կա մի բան, որ չի թուլանում։ Հիմա էլ, երբ թուլանում եմ, էդ պինդ բանը ինձ պինդ ա պահում։ Ինքս ինձ ասում եմ՝ հիշի ով ես եղել։ 

Պատերազմի ընթացքում ամենաշատը զգում էի…

— Պատերազմի ընթացքում ամենաշատը զգում էի Աստծո ներկայությունը։ 

Երբ 100․000-ով քեզ մոտ ընկած սնարյադները չեն պայթում, քեզնից փոշի կթողնեին։ Հասկանում ես, որ դու պատահաբար կենդանի չես մնացել։ 

Կամ 6 աերոբոմբայի սնարյադը ընկնում ա, պայթում ա ու թռցնում 200․000-ից ավելի բեկոր ու էդ բոլորից ոչ ոք քեզ չի կպնում, մտածում ես, որ պատահաբար սենց չի լինում։ 

Պատերազմի ընթացքում ամենաշատը կարոտում էի…

— Մամային ու պապային, մեկ էլ մեր տան թախտը։

Ամենահամեղ բանը պատերազմի ընթացքում…

— Տուշոնկով խաշլամա, որ ինքս սարքեցի տղերքի համար։ Պատերազմի ժամանակ քիչ ա եղել, որ տենց հաց ենք կերել։ 

Ամենաբարդ միտքը պատերազմի ընթացքում…

— Որ կողքիս կանգնածը էլ չկա։ 

Ամենաուրախ միտքը պատերազմի ընթացքում․․․ 

— Չեմ ունեցել ուրախ մտքեր։ Բայց իմ կուրսից մի աղջիկ կար։ Ես իրեն սիրում էի, ինքը` չէ։ Ինքն ինձ ատում էր։ Բայց կռվի ժամանակ զանգել էր ինձ։ Անգամ զանգել էր մամայիս, որ իմանար ես ոնց եմ։ Դա ուրախացնում էր։

Պատերազմից հետո ես…

— Երբ եկա, սկզբում շատ վատ էր։ Անընդհատ տղերքիս էի տեսնում, ովքեր չկան։ Հետո փակվեցի իմ մեջ։ Տանից դուրս չէի գալիս։ Կռիվը վերջացել էր, բայց ես հլը կռվում էի։ Մտքերում անընդհատ մտածում էի` էս պահին կարայի սենց անեի, մյուս պահին` սենց…

Հետո որոշեցի դուրս գալ տնից։ Հոգեբանի հետ եմ աշխատել։ Հետո ինքս փորձեցի ինձ օգնել։ Մի օր գիշերը վեր կացա, չէի քնում։ Նայեցի հայելու մեջ ու հասկացա, որ սենց երկար չի կարելի ապրել։ Սկսեցի բանվորություն անել. էդ կուտակված նեգատիվը ֆիզիկական ծանրության միջոցով ուզում էի դուրս հանել։ Ու մի ամսում 20 կգ նիհարեցի։ Հետո ինքս ինձ հարցրեցի` հիշում ե՞ս, որ դու խոհարար ես, մասնագիտություն ունես։ Հիշեցի, որ ինձ մոտ գործը սկսեց լավ ստացվել, երբ նույն բանը ամեն օր անում էի, ինքնաբերաբար ձեռքս բացվում էր ու անցա իմ մասնագիտությամբ աշխատելու։ Զանգեցի ընկերոջս, որ խոհարար էր։ Ասեցի, որ ամենածանր գործն եմ ուզում։ Սկսեցի իմ մասնագիտությամբ աշխատել։ Սկզբում շատ էի բռնկվում։ Աշխատանքն ինձ օգնեց ավելի համբերատար դառնալ։ Հասկացա, որ կյանքը շարունակվում ա։

Պատերազմը իմ մեջ փոխեց…

— Իմ մտածելակերպը, ապրելակերպը… ամեն ինչ փոխեց։

Խաղաղությունը…

— Ներսի հանգիստն ա։ 

Հաղթանակը․..

— Երեկվա իմ «ես»-ից մի քայլ առաջ անցնելն ա։

Պարտությունը…

— Երբ մնում ես նույն տեղում։

Ես հաղթել եմ…

— Որովհետև վերադարձել եմ ծնողներիս մոտ։

Ես պարտվել եմ…

— Որովհետև գուցե կարող էի ինչ-որ բան փոխեի, բայց չեմ փոխել։

Ես ապրում եմ…

— Քանի որ տեսել եմ մահը` իմ մահը։

Ես կամ…

— Որովհետև լույսը իմ վրա դեռ բացվում ա։ 

Երբ հիշում եմ պատերազմը..․ 

— Մռայլվում եմ։

Ես կորցրեցի…

— Ընկերներիս ու իմ փափուկ սիրտը։ 

Ես վերադարձա․․․ 

— Որ իմ ընտանիքը շարունակվի:

Երբ հարցնում են պատերազմից… 

— Չեմ պատասխանում։ Դող ա մտնում մեջս։

Ամենաբարդը էսօրվա մեջ…

— Ամեն օրն էլ բարդ ա ինձ համար։ 

Երբ գնում եմ եռաբլուր…

— Հասկանում եմ, որ եղել եմ կյանքի վերջին սահմանում։ 

Ես ուզում եմ…

— Որ էլ պատերազմ չլինի։

Ես դեռ չեմ կարողացել…

— Համակերպվել, որ ընկերներս չկան։

Ես չեմ կորցրել…

— Իմ եսը:

Երբ տեսնում եմ զինվորական համազգեստ…

— Ինձ եմ հիշում:

Երբ մտածում եմ ընկածների մասին…

— Կարոտում եմ:

Երբ շրջում եմ այս քաղաքով…

— Հասկանում եմ, որ ահագին բանով եմ անցել։ 

Ես սկսեցի գնահատել․․․

— Ամեն բացվող օրը:

Կուզեի, որ մարդիկ իմանային․․․

— Երբեք պետք չի գլուխը կախել։ Հաճախ պետք ա նայել վերև։ 

Mikael Muradyan

Միքայել Մուրադյան, 27 տարեկան։ Թվային արտիստ։

Պատերազմից առաջ ես…

 — Լիքը բաներում չէի կողմնորոշվել։ Պատերազմից հետո այսօրվա կատարածս գործերի գոնե 50 տոկոսը հենց պատերազմի ընթացքում պլանավորված բաներն են։ Տարօրինակ ա, բայց պատերազմը նպաստեց խոտ վիճակից կայանալ շատ հարցերում։ Հարցեր, որոնք ինձ հուզում էին, բայց վստահ չէի։ Ամուսնանալ, երեխա ունենալ։ 

Պատերազմը մեկ բառով կանվանեմ…

 — Жопа (հետույք)։ 

Ամենադժվար օրը պատերազմի ընթացքում…

— 13-15-րդ օրն էր։ Նախորդ օրը համալրվել էր մեր պոստը Երևանից եկած ջոկատով։ Շատ հանգիստ էր, զարմանքի մեջ էինք. մտածում էինք` հրադադար է երևի։ Երեկոյան նենց կրակահերթ սկսվեց, որ սնարյադներից փրկվելու համար գրեթե տեղ չկար։ Սնարյադների անձրև էր գալիս։ Չէի պատկերացնում՝ ոնց ա հնարավոր էդ քանակությամբ սնարյադ կրակել, առանց դադարի։ Կրակահերթը ծածկում էր մեր պոստի երկայնքով 4 կիլոմետր։ Չունեինք զենքեր, որ հակառակորդի ֆուրերին խփենք։ Միակ բանը, որից փորձել եմ օգտվել` կորտն էր, որով կարող էիր հեռու կրակել, բայց չէր հասնում։ Զոհեր ու վիրավորներ… Կինոյի նման էր. սպիշկա, մի փոքր մասն ես տեսնում, հետո էլի սպիշկա, ու նորից մի փոքր հստակ կադրի կտոր… նորից իրարանցում։ Աֆեկտի մեջ ես ընկնում։ 

Ամենալավ օրը պատերազմի ընթացքում…

— Ծխել եմ։ Հանգստի ժամ էր ու ինքս ինձ հետ պայքարի մեջ էի, բայց սթրեսն ու անհուսությունը, կապի բացակայությունը, անքնությունն ու անորոշությունը բարդ վիճակ էին ստեղծել։ Ես կգերադասեի խմիչք խմել, բայց չկար։ 

Ամենաուժեղ բանը պատերազմի մեջ…

— Բացասականն ա, որտեղ իրողությունները դու չես որոշում։ Լիքը վատ ազդեցություններ կան, բայց քո որոշման հնարավորությունը չկա։ Մարդիկ բարդ վիճակում իրենց կարող են ցույց տան իրենց ամենաբացասական կողմերով։ Դուխով եկողներ և դուխով գնացողներ շատ կային։ Դա ամենավատ ազդեցությունն էր ունենում։ 

Պատերազմի ընթացքում ամենաշատը զգում էի…

— Մենակություն։ Սպայի ներկայությունը բանակում անհրաժեշտ մասնագիտություն ա։ Դրա պակասը շատ էր զգացվում։ 

Պատերազմի ընթացքում ամենաշատը կարոտում էի…

— Կյանքը։ Զգում էի, թե ոնց ա կյանքը հեռանում։

Ամենահամեղ ուտելիքը պատերազմի ընթացքում…

— Չեմ հիշում, թե ինչ եմ կերել էդ ընթացքում։ Առնվազն 15 օր հաստատ չեմ կերել։ 

Ամենաբարդ միտքը պատերազմի ընթացքում…

— Ո՞նց լուծել լուրջ խնդիրները բարդ իրավիճակներում։ Սպա չկար, պետք էր սթափ որոշումներ կայացնել։ 

Ամենաուրախ միտքը պատերազմի ընթացքում…

— Տուն հասնելու միտքն էր։ Ոչ մի լուր չունեինք, հաղթել-պարտվելու մասին չէի մտածում։ Չգիտեինք` ինչ է կատարվում։ 

Պատերազմից հետո ես…

— Երբ ուղեղս դուրս եկավ էքստրիմալ ապրումներից, որոշեցի ամուսնանալ։ Մեծ չկողմնորոշվածության հատված իմ մեջ անհետացավ։ 

Պատերազմն իմ մեջ փոխեց…

— Բոլոր պետական կառույցների, իշխանությունների հանդեպ վստահությունը։ Մենք շատ անհոգ էինք մինչ պատերազմը։ Էդ զգացողությունը ես էլ չեմ ունեցել պատերազմից հետո։

Խաղաղությունը…

— Երջանկություն ա։ 

Հաղթանակը…

— Տգեղ դոմինացիա ա։

Պարտությունը…

— Նվաստալի բան ա։ Շատ տեղերում անխուսափելի ա պարտությունը, բայց եթե նվաստացված ա, դա հենց տգեղ դոմինացիան ա։ 

Ես հաղթել եմ…

— Ես չեմ հաղթել։ Ես պարտվել եմ, որովհետև մտածում եմ կարելի էր ավելին անել։ 

Ես ապրում եմ…

— Քանի որ սիրում եմ կյանքը, ընտանիքս, կնոջս, երեխայիս, մայրամուտը։ 

Ես կամ…

— Որովհետև վստահում եմ ճակատագրին ու փորձում եմ համարձակ մոտենամ իմ մտածված որոշումներին։ Չնահանջել։

Երբ հիշում եմ պատերազմը…

— Հիմնականում զայրանում եմ։ 

Ես կորցրեցի…

— Ապահով ապրելու իրականության զգացողությունը:

Ես վերադարձա…

— Իրականում վերադարձա կոտրված, բայց նաև, որ շարունակվեմ։ 

Երբ հարցնում են պատերազմից…

— Չեմ մանրամասնում։ 

Ամենաբարդը այսօրվա մեջ…

— Հայր լինելը։ 

Երբ գնում եմ եռաբլուր…

— Չեմ գնում. ծանր ա ինձ համար։ 

Ես դեռ հիշում եմ…

— Պատերազմի հոտը։

Ես ուզում եմ…

— Հայրենիքումս ապրել. վախ ունեմ, որ կարող ա հանկարծ հայրենիքում չապրեմ։ 

Խաղաղությունը…

— Ժամանակավոր իրողություն ա։

Ես դեռ չեմ կարողացել համակերպվել… 

— Բոլոր հետևանքներին։

Ես չեմ կորցրել…

— Կորցրել եմ։

Երբ տեսնում եմ զինվորական համազգեստ…

— Հարգանք, ակնածանք եմ ունենում։ 

Երբ մտածում եմ ընկածների մասին…

— Պատկերացնում եմ, որ հիմա մեր հետ լինեին, ոնց կշարունակվեին։ Ոնց որ արմատակալող մի բան կար, որ էլ չի շարունակվում։ Նոսր արմատներ են պատկերվում մտքումս։ 

Երբ շրջում եմ քաղաքով…

— Խառնաշփոթ եմ զգում։

Ես սովորեցի գնահատել…

— Օրվա ունեցածը։ 

Կուզեի, որ մարդիկ իմանային…

— Ոչ թե իմանային, այլ ինչ-որ կերպ զգային պատերազմի իրական իրողությունը։ Ավելի ճիշտ կգնահատեին իրավիճակը, անտեղի չէին խոսի։ 

Sevak Kirakosyan

Սևակ Կիրակոսյան, 24 տարեկան։

Սովորում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, աշխատում եմ «Պրոտոն» ախտորոշիչ կենտրոնում, որպես բժշկի օգնական։

Պատերազմից առաջ ես…

— Այլ ծրագրեր ունեի, երազում էի դառնալ դիրիժոր։

Պատերազմը մեկ բառով կանվանեմ…

— Շախմատ։ Քայլերը շատ են, բայց միևնույն ա սահմանափակ են։ Քարերի, քայլերի հնարավորություններն էլ են տարբեր ու սահմանափակ։ Շախմատ ա, որովհետև հաղթանակի համար, բոլոր քարերի քայլերը պիտի լինեն կշռադատված ու նույն նպատակին միտված։ Դու կարող ես զինվոր գնաս, բայց դառնաս նավակ, թագուհի։ Շախմատ ա, որովհետև թագավորն ամենավերջում ա կանգնած։ Քարերից` սկզբում ես զինվոր էի։

Պատերազմում վաշտի բուժակն եմ եղել։ Իմ պարտականությունն էր կռվել ինչպես մյուսները և օգնություն ցուցաբերել կարիքի դեպքում։ Տարհանել կրակի տակից, առաջնային օգնություն ցուցաբերել, ճանապարհել հոսպիտալ վիրավորներին։ Անհրաժեշտության դեպքում նաև զոհվածներին դուրս բերել։ 

Ամենադժվար օրը պատերազմի ընթացքում…

— Նահանջի օրը։ Կոնկրետ Ֆիզուլիի դիրքերը թողեցինք, գնացինք Ճարտար` Մարտունի երեք, հետո Կղարծին գյուղ։ Կորոնա էր։ 

Ամենալավ օրը պատերազմի ընթացքում․․․ 

— Չեմ ուզում ասել ավարտի օրը. հրադադարից 4 ժամ հետո շատ զոհեր տվեցինք, ներառյալ մեր կոմբատը, կապի սպան և մյուսները… թիրախավորված հարվածներ էին։ Երևի ամենալավ օրը, երբ Կղարծին գյուղում էինք ամբողջ զորամասով ու վերջին օրն էր, որ տեսանք մեր էն ընկերներին, որոնց հետո էլ չտեսանք։

Ամենաուժեղ բանը պատերազմի մեջ…

— Գրագիտությունը։ 

Պատերազմի ընթացքում ամենաշատը զգում էի…

— Անորոշություն։

Պատերազմի ընթացքում ամենաշատը կարոտում էի…

— Դաշնամուրս։ 

Ամենահամեղ բանը պատերազմի ընթացքում․․․

— Խտացրած կաթը։

Ամենաբարդ միտքը պատերազմի ընթացքում…

— Որ ես էլ զոհվեմ՝ վիրավորներին ո՞վ ա օգնելու։

Ամենաուրախ միտքը պատերազմի ընթացքում…

— Մեզ չեն մոռանա։ 

Պատերազմից հետո ես…

— Ուրիշ աչքերով էի արդեն. իրատես աչքերով էի։ 

Պատերազմն իմ մեջ փոխեց…

— Գիտակցությունը հայրենիքի պաշտպանի մասին։ Որ կոնկրետ ինձանից շատ բան ա կախված։ Ես եմ դարպասը, ես եմ հսկողը։ Իմ գործունեությամբ, անգործությամբ շատ բան ա որոշվում։ Փոխեց իմ վերաբերմունքը շատերի նկատմամբ։ 

Պատերազմը իմ մեջ չփոխեց…

— Իմ հավատը հաղթանակի նկատմամբ։ Չփոխեց, որովհետև ես արել եմ իմ իմացածի չափ կամ ավելին։ Մենք երկու ճակատով էինք կռվում` մեկը թշնամու դեմ, իսկ մյուսը` անտարբերության, որի հիմքում կարա լինի դավաճանություն։ 

Մարդիկ հավերժ չեն, բայց գաղափարները հավերժ են։ 

Խաղաղությունը…

Դա համամարդկային երազանք է։ Իրականություն չի, երազանք է։ 

Հաղթանակը…

— Մեր ապագայի վերածումը ներկայի։ 

Պարտությունը…

— Մեր թույլ կողմերի ամենամեծ ինդիկատորն է։

Ես հաղթել եմ…

— Որովհետև, հաղթանակին արժանի եմ կռվել։ 

Ես ապրում եմ…

— Քանի որ կյանքը ամենահիասքանչ բանն ա, որ ինձ տրվել ա երկրորդ անգամ։

Ես կամ…

— Որովհետև սիրում եմ կյանքը, կյանքն էլ սիրում ա ինձ։

Երբ հիշում եմ պատերազմը…

— Իմ ներուժն ավելանում ա, որ ավելին ստեղծեմ։ Եթե ես հաղթահարել եմ պատերազմը, ուրեմն կհաղթահարեմ ցանկացած այլ իրավիճակ։ 

Ես կորցրեցի…

— Չափից շատ վստահելու ունակությունը։ 

Ես վերադարձա…

— Հպարտ դեմքով, ծերացած աչքերով։ 

Երբ հարցնում են պատերազմից…

— Աշխատում եմ պատասխանել այն, ինչ իրենք արդեն գիտեն։ 

Ամենաբարդը այսօրվա մեջ…

— Վերագտնել ինքս ինձ։ Մասնագիտությունս փոխեցի, բայց ենթագիտակցությունս այլ տեղ ա տանում։ Որպեսզի դառնայի դիրիժոր, պիտի պատերազմ չլիներ։ 

Երբ գնում եմ եռաբլուր…

— Ճնշվածություն կա։ Էդքան եռագույն շարված… անդադար եռագույն ես տեսնում։ Իրենք ամեն ինչ արեցին եռագույնի համար: Բայց չկա հողը, որը իրենք կյանքի գնով էին պահում։ 

Ես դեռ հիշում եմ…

— Թե զորամասից դուրս, որտեղ եմ պահել իմ գրքերով պայուսակը։ Մնացին գրավյալ տարածքում։

Ես ուզում եմ…

— Բոլոր զենքերը վերանան։ 

Եթե չվերադառնայի…

— Իմ ճակատագրից գոհ կգնայի։ 

Ես դեռ չեմ կարողացել…

— Քթից հանել նոյեմբերի 10-ի արյան հոտը։ Վաֆլի կերանք, իբր պատերազմն ավարտվեց։ 4 ժամ հետո սկսեցին ռմբակոծել։ Էդ գիշեր, երբ վիրավորներին ու դիակներին տեղափոխեցինք, ցուրտ էր, չէի կարող հանել բաճկոնս, բաճկոնով քնեցի։ Ամբողջ գիշեր ինձ թվում էր արյան հոտը քթիս մեջ է, գլխիս մեջ է, զգացմունքներիս մեջ է… առավոտյան տեսա, որ բաճկոնս ամբողջությամբ արյան մեջ է։ Էդ հոտը չեմ կարողանում քթիցս հանել։

Ես չեմ կորցրել…

— Մարտական ոգին։

Երբ տեսնում եմ զինվորական համազգեստ…

— Երկակի է։ Հա՛մ ուզում եմ ես էլ հագնեմ, հա՛մ չեմ ուզում։ 

Երբ մտածում եմ ընկածների մասին…

— Հույս ունեմ, որ իրենք իրենց հաղթած համարելով են գնացել։ Իրենց արածից գոհ են գնացել։ 

Երբ շրջում եմ այս քաղաքով…

— Կյանքը ավելի վառ եմ տեսնում։ Ստեղ ուրիշ աշխարհ ա, էնտեղ՝ ուրիշ։ 

Ես սովորեցի գնահատել․․․

— Ամեն փորձ, որը կյանքը ինձ տալիս է իմ կյանքի որոշակի փուլերում: Սովորեցի ճիշտ գնահատել իմ ունակությունները, մարդկանց, իմ ժամանակը։ Էն, ինչ ավելի իրատեսական ա, ինչ ապագայի ծրագրերին ա ուղղված` իմ «ամրոցի», արժեքների համար մի քար ա, մնացածը ժամանակի կորուստ ա։

Կուզեի մարդիկ իմանային…

— Որ ամեն ինչին կարելի է գտնել դրական լուծում։ Որ եթե կա խնդիր, կա նաև լուծում։ Որ պետք ա վայելել մյուս մարդկանց ներկայությունը ու օգտակար լինել միմյանց։ 

Vanush Melkonyan

Վանուշ Մելքոնյան։ 25 տարեկան։ Ֆուտբոլի մարզիչ և լուսանկարիչ։

Ֆուտբոլի մարզիչ եմ արդեն մեկ տարուց ավել Փյունիկի ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմում։ 

Պատերազմից առաջ ես…

— Զբաղվում էի սպորտով։ Երազում էի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ 

Պատերազմը մեկ բառով կանվանեմ…

— Դժոխք։

Ամենադժվար օրը պատերազմի ընթացքում…

— Առաջին օրը։ Հենց առաջին օրն էլ վիրավորվել եմ։ Առաջին օրից մահը քո աչքերով ես տեսնում։ Ժամկետային զինծառայող եմ եղել։ Որպես ՀՕՊ մասնագետ։ Ոտքերս էին վնասվել։ Անոթներ էին պայթել։ 

Ամենաուժեղ բանը պատերազմի մեջ…

— Հավատքը։

Պատերազմի մեջ ամենաշատը զգում էի..․

— Որ կարաս էլ չլինես։

Պատերազմի ընթացքում ամենաշատը կարոտում էի…

— Մորս։

Ամենահամեղ բանը պատերազմի ժամանակ…

— Թանապուրը։

Ամենաբարդ միտքը պատերազմի մեջ…

— Երբ ուզում ես, որ մեկ րոպե շուտ ավարտվի։ 

Ամենաուրախ միտքը պատերազմի ընթացքում…

— Երբ հավատում ես, որ կարաս փրկվես։ 

Պատերազմից հետո ես…

— Դժվար էր։ Դու հետ ես եկել կազմ, բայց ընկերներդ չկան։ 

Պատերազմն իմ մեջ փոխեց…

— Էն ընկալումը, որ կարող ես այլ կերպ հաղթել։ 

Խաղաղությունը…

— Լավագույն բանն է, որ աշխարհում հնարավոր լինի ապրել։ 

Հաղթանակը…

— Կռվով հաղթել ենք, բայց թղթով պարտվել ենք։ 

Պարտությունը…

— Մեծ կորուստների շարունակություն էր։ Սպորտում պարտությունը կարա ծնի մեծ հաղթանակներ։ 

Ես հաղթել եմ…

— Որովհետև կամ։ Ապրում եմ, ոչ միայն ինձ համար, նաև ընկերներիս համար։ 

Ու պարտվել եմ, որովհետև ես կամ, բայց եղբայրներիցս շատերը չկան։ 

Ես ապրելու եմ…

— Քանի որ կյանքը շարունակվում ա, տալիս ա հնարավորություններ ստեղծելու էն ապագան, որ հաղթել ես բոլոր թշնամիներին։ Իմ անձնական հաղթանակներից է, որ քայլում եմ, ոտքի վրա եմ։ Կարող էի չքայլել։ 

Ես կամ…

— Որովհետև, Աստծո կամքն էր։ Եթե չպետք է լինեի, ուրեմն չպետք է լինեի։ 

Երբ հիշում եմ պատերազմը…

— Թե՛ պարտությունը, թե՛ կորուստները ցավ են պատճառում։ Պետք է դասեր քաղել։ 

Ես կորցրեցի…

— Փափուկ մտածելու հատկությունը։

Ես վերադարձա…

— Ավելի ուժեղ։

Երբ հարցնում են պատերազմից…

— Սկսում եմ ժպիտով պատասխանել։ 

Ամենաբարդը այսօրվա մեջ…

— Հասարակության մտածելակերպը։ 

Երբ գնում եմ եռաբլուր…

— Ցավում եմ։ 

Երբ հիշում եմ պատերազմը…

— Ֆիլմի կադրերի պես եմ հիշում։ 

Ես դեռ չեմ կարողացել…

— Համակերպվել մտքի հետ, որ չունենք Արցախը։ 

Երբ տեսնում եմ զինվորական համազգեստ․.․

— Ուզում եմ նորից կրել այդ համազգեստը։ 

Երբ շրջում եմ այս քաղաքով…

— Ուրախանում եմ, որ այն կա։ 

Ես սովորեցի գնահատել…

— Վայրկյանները։ 

Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան…

— Ավելի սթափ է պետք նայել կյանքին։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ