
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
19-րդ դարում Անդրկովկասի միացումը Ռուսաստանին հաճախ դիտարկվում է որպես առանձին տարածաշրջանային իրադարձություն։ Իրականում, Պարսկաստանի և Թուրքիայի դեմ մղվող այս պատերազմները բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթացի ռազմական փուլերն էին, որոնք սկիզբ էին առել XVIII դարից և ձգվում էին Արևելյան Եվրոպայից մինչև Կասպից ծով։
XIX դարում Օսմանյան կայսրությունը թուլանում և քայլ առ քայլ դուրս էր մղվում Եվրոպական մայրցամաքից։ Զուգահեռաբար էապես մեծանում էր Ռուսական կայսրության հեղինակությունը՝ որպես Եվրոպայում ուժերի հավասարակշռության կարևոր երաշխավորի։ Թուրքական կայսրության եվրոպական տարածքներում բռնկված ազգային-ազատագրական շարժումները հաջողություն էին ունենում՝ անկախություն կամ ինքնավարություն պարգևելով Արևելյան Եվրոպայի սլավոնական ժողովուրդներին։ Թուրքական իշխանության պարտությունները մեծապես ոգևորում էին հայ հանրությանը, որը նույնպես շատ շուտով ձգտելու էր ազատագրվել թուրքական լծից։
Սլավոնական ժողովուրդների հաղթանակներին մեծապես նպաստում էր Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի աջակցությունը, առանց որի, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէր լինի հաղթել թուրքական պետության ռազմական մեքենային։ Ազատագրվող երկրներում ուժեղանում էր գերտերությունների ազդեցությունը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում էր աշխարհաքաղաքական մեծ մրցակցության։
Եթե XVIII-XIX դարերի աշխարհաքաղաքական գործընթացներն ավելի մեծ պատկերով դիտարկենք, ապա ակնհայտ է դառնում, որ այն պայքար էր Սև ծովի ավազանում ազդեցություն և վերահսկողություն ունենալու համար։ Այդ պայքարի գլխավոր դերակատարը Ռուսական կայսրությունն էր, որը հետևողականորեն, մեծ զոհերով ու ջանքերով տարածվում էր հարավ՝ ավելի ու ավելի ամրապնդելով իր դիրքերը «տաք ջրերի» շրջանում։
«Դարավոր ճիգերով և զոհողություններով Ռուսաստանը ստեղծեց մի պետություն,— ասում է պատմաբան Վասիլի Կլյուչևսկին,— որի նմանը իր կոչումով, տարածությամբ և համաշխարհային դիրքով մենք չգիտենք Հռոմեական կայսրության անկումից այս կողմը»[1]։
Օսմանյան կայսրության և Ռուսաստանի պայքարը Սև ծովի ավազանում գերիշխող դիրք ունենալու համար էր։ Թուրքերը ծովային գործում զգալիորեն զիջում էին եվրոպական երկրներին և Ռուսաստանին։ Նրանց առևտրական և ռազմական նավատորմը չէր կարող համեմատվել անգլիականի կամ ռուսականի հետ։ Եվ պատահական չէ, որ այդ ժամանակներում թուրքական մի ասացվածք էր տարածվել՝ «Ալլահը հողը տվել է հավատացյալին, իսկ ծովը՝ անհավատին»։ Սև ծովի ավազանում իր ազդեցությունը պահպանելու համար Թուրքիան փորձում էր ուժեղացնել դիրքերը ցամաքում՝ ռուսական առաջխաղացումից պաշտպանելով ծովի առափնյա շրջանները։
«Սուլթանները հիմար մարդիկ չէին. այն օրից ի վեր — 1453 մայիսի 29 — երբ Մուհամմեդ Բ տեր դարձավ Բյուզանդիոնի մայրաքաղաքին և Ֆաթիհ հաղթական տիտղոսով անցավ պատմության, այդ օրից այս կողմ Պոլսո գահակալները մեկ գերագույն նպատակ ունեին — ի գին ամեն զոհողության Սև ծովն ու նեղուցները ոչ թե ջրի վրա պաշտպանել, այլ՝ ցամաքի, այլ խոսքով՝ դեպի հարավ Ռուսիո էջքը արգիլելու համար ժամ առաջ դեպի հյուսիս բարձրանալ»[2]։
19-րդ դարի ռուս պատմաբան Սերգեյ Սոլովյովն իր «Արևելյան հարցը» (1876թ.) աշխատության մեջ նշում է, որ մինչև XVI դարը Ռուսաստանն ընդլայնվում էր դեպի Արևելք՝ տափաստան, իսկ դրանից հետո շրջվում է արևմուտք՝ դեպի Սև ծովը։ Ռուսաստանի սահմանը մոտ 60 հազար կմ է, որից ծովային՝ 38 հազարից ավելի։ Այս հսկայական սահմանի մեծագույն մասն անցնում է Հյուսիսային սառուցյալ և Խաղաղ օվկիանոսների ջրագծով, որը տարվա մեծ մասը երթևեկելի չէր։ Սրանով էր պայմանավորված Ռուսաստանի տարածումը դեպի Սև ծով, ինչը թույլ էր տալիս նավարկել տարվա բոլոր եղանակներին։
…
Նապոլեոնյան պատերազմներն Եվրոպայում ավարտվել էին Վիեննայի կոնֆերանսով, որը ոչ միայն ամփոփում էր պատերազմի արդյունքները, այլև՝ նոր աշխարհակարգ սահմանում։ Վիեննայում ձևավորվել էր գերտերությունների ուժերի հավասարակշռությունը, որի առանցքում Ռուսաստանն էր, Ֆրանսիան, Անգլիան և Պրուսիան։ Այս երկրներն էլ երաշխավորում էին հաստատված խաղաղությունը և բաժանում ազդեցության գոտիները։ Ուժերի հավասարակշռության ցանկացած էական խախտում հանգեցնելու էր նոր եվրոպական մեծ պատերազմի։
1814-15թթ. Նապոլեոնի պարտությունից և ֆրանսիական կայսրության տապալումից որոշ ժամանակ անց Եվրոպայում կրկին գլուխ են բարձրացնում հեղափոխական շարժումները։
«Արևմտյան տերությունները Թուրքիայի հպատակ քրիստոնյաներին ուշադրություն էին դարձնում միայն Ռուսաստանի անհրաժեշտության դեպքում։ Երբ կարիք էր լինում Ռուսաստանին ոտքի հանել թուրքերի դեմ, ապա թագավորներին մատնացույց էին անում նրանց սրբազան պարտավորությունը՝ ազատագրել հավատակիցներին բարբարոսական լծից»,— գրում է Սոլովյովը[3]։
…
1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմին նախորդող ժամանակաշրջանում քաղաքական շատ կարևոր իրադարձություն էր տեղի ունենում Բալկանյան թերակղզում. 1821թ. սկսվել էր հունական ապստամբությունը Օսմանյան կայսրության դեմ։ Հենց հունական ապստամբությամբ էլ եվրոպական դիվանագիտության մեջ ներդրվում է Արևելյան հարց հասկացությունը, որի հիմքում գերտերությունների մրցակցությունն էր Մերձավոր Արևելքում։ Այս պայքարում լայնորեն ու անխնա օգտագործվում էր Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների, գլխավորապես՝ քրիստոնյաների պայքարը թուրքական լծի դեմ։ Մի քանի տասնամյակ անց Արևելյան հարցի հիմնական տարրերից է դառնում Հայկական հարցը, որի միջազգայնացումը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ծանրագույն հետևանքներ է ունենում հայ ժողովրդի համար։
Հակաթուրքական պայքարը Բալկաններում սերբերին որոշակի ներքին ինքնավարություն արդեն տվել էր։ Սահմանակից լինելով Ռուսաստանին՝ նրանք կարողացել էին հասնել այն բանին, որ իրենց ներքին կյանքը ղեկավարում էին սերբ իշխանները։ Այս հանգամանքն ապստամբության լրացուցիչ խթան էր։ Հույները դեռևս 19-րդ դարի սկզբին ստեղծել էին Հեթերիա[4] անունով գաղտնի կազմակերպություն։ Շուտով հունական շարժումը գլխավորում է Ալեքսանդր Իպսիլանտին, ով ծառայում էր ռուսական բանակում և Ալեքսանդր I կայսեր համհարզն էր։ Նա փորձում է հակաթուրքական ապստամբություն բարձրացնել Դանուբի շրջանում, քանի որ մոտիկ էր Ռուսաստանին, սակայն հաջողություն չի ունենում։ Փոխարենը հակաթուրքական պայքարը բռնկվում է Հունաստանի կենտրոնական շրջաններում և վերածվում արյունալի պատերազմի։
Կայսր Ալեքսանդր I-ը որոշում է հավատարիմ մնալ Սրբազան դաշինքին, համաձայն որի՝ եվրոպական միապետները պարտավորվել էին համատեղ ուժերով պայքարել հեղափոխական շարժումների դեմ։ Հունական ապստամբությունն այդ պահին դիտարկվում էր որպես հեղափոխական շարժում։
1821թ. հունական ապստամբության ժամանակ, ըստ Սոլովյովի, Ռուսաստանի թագավոր Ալեքսանդր I-ը դժվարին կացության առաջ էր կանգնած։ Մի կողմից, համաձայն Սրբազան դաշինքի, եվրոպական միապետները պետք է դեմ լինեին բոլոր տեսակի ապստամբություններին ու հեղափոխություններին, մյուս կողմից՝ ապստամբել էին քրիստոնյա հույները, որոնք փորձում էին տապալել մահմեդական լուծը։ Հույներին աջակցելու Ռուսաստանի ցանկությունը մտահոգում էր նաև եվրոպական մյուս երկրներին։ Եթե հույների պայքարը հաջողությամբ պսակվեր, ապա թուրքական լծից ազատվելու փորձեր էին անելու նաև բալկանյան մյուս ժողովուրդները, ինչն էլ ավելի կմեծացներ Ռուսաստանի ազդեցությունն Արևելյան Եվրոպայում։
Ալեքսանդր I կայսեր մահից հետո, 1825թ. դեկտեմբերին գահ է բարձրանում Նիկոլայ I-ը, սակայն ռուսական կայսրության քաղաքականությունը հունական ապստամբության նկատմամբ էապես չի փոխվում։ Ճիշտ է՝ նրա հրամանով Պրուտ գետի մոտ ռուսական զորքի թիվն ավելացվում է, բայց ուղղակի աջակցություն հույները չեն ստանում։ Ապստամբներին առավելապես օգնում էր Անգլիան, որը Հունաստանը դիտարկում էր որպես Հնդկաստան տանող ճանապարհի կարևոր հանգույց։ Մյուս կողմից՝ Թուրքիան համոզված էր, որ Ռուսաստանն աջակցում է հույներին, և ռուսների վրա ճնշումն ուժեղացնելու համար Պարսից շահին հորդորում էր պատերազմն սկսել։
1826-27թթ. ռուս-պարսկական պատերազմը Պարսկաստանին միայն տարածքային նոր կորուստներ է պատճառում։ Թուրքիան ստիպված էր Ռուսաստանի հետ ստորագրել Աքերմանի համաձայնագիրը, որը վերահաստատում էր 19-րդ դարի առաջին ռուս-թուրքական պատերազմի արդյունքով ստորագրված Բուխարեստի պայմանագրի կետերը։ Թուրքիան վերահաստատում էր, որ կայսրության սահմաններն անցնելու են Դանուբ գետով, ինչպես նաև ընդունում էր Սուխումի, Ռեդուտ-կալեի և Անակլիայի Ռուսաստանին պատկանելը։ Ոչ պակաս կարևոր էր Աքերմանում ձեռք բերված տնտեսական համաձայնությունը, որով ռուս առևտրականները կարող էին անարգել առևտուր անել Թուրքիայի ողջ տարածքում։ Եթե Աքերմանի համաձայնագիրը Ռուսաստանի համար դիվանագիտական հաղթանակ էր, ապա Թուրքիայի համար՝ ժամանակավոր դադար։ 1826թ. Թուրքիայում բռնկվել էր ենիչերիների ապստամբությունը, որը Մահմուդ II-ը դժվարությամբ ու արյունալի բախումներով ճնշել էր։ Ընդամենը մեկ տարի անց՝ 1827թ. վերջին Մահմուդ II-ը չեղյալ է հայտարարում Աքերմանի համաձայնագիրը, որն էլ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի պատճառներից մեկն էր։
1826թ. թուրքական բանակները ծանր հարվածներ էին հասցնում հույներին, որոնց ջոկատների պարտությանն ու նահանջին հետևում էին թուրքերի վայրագություններն ու խաղաղ բնակչության զանգվածային կոտորածը։ Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան Թուրքիայից պահանջում են դադարեցնել պատերազմը և բանակցություններով կարգավորել հունական հարցը։
Հաղթանակներից ոգևորված Մահմուդ II-ը չի ընդունում եվրոպական երկրների առաջարկը և շուտով խստորեն պատժվում է։ Երեք երկրների միացյալ նավատորմը 1827թ. հոկտեմբերի 8-ին Նավարինի մոտ ջախջախում է թուրքական նավատորմը. 90 նավից 60-ը ոչնչացվում է, սպանվում է շուրջ 6000 զինվոր ու նավաստի։ Սուլթանը սրբազան պատերազմ է հայտարարում բոլորին և Կ. Պոլսից արտաքսում երեք երկրների դեսպաններին։
Ռուս-թուրքական պատերազմն անխուսափելի էր, որը և սկսվում է 1828թ. ապրիլի 12-ին։
* * *
Պատերազմը սկսվելու պահին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում դեռևս ամուր չէին։ Վրաստանի մի մասը՝ Մեգրելիան և Գուրիան, ռուսների կողմից էին, սակայն Գուրիայի իշխանուհի Սոֆիան գաղտնի բանակցություններ էր վարում թուրքերի հետ։ Սուխումում ևս թուրքական զորքերի հայտնվելը կարող էր ներքին ապստամբություն առաջացնել։ Հարկ է նաև հաշվի առնել, որ ռուս-պարսկական պատերազմը թեև նոր էր ավարտվել, սակայն եթե ռուսները թուրքերի դեմ պատերազմում անհաջողություններ ունենային, պարսիկները ևս կարող էին փորձել վերականգնել իրենց կորցրած տարածքները։ Ինչպես գրում է ռազմական պատմաբան Պոտտոն՝ «ամենուր զորք էր պետք և միայն զորք»[5]։
Թուրքիայի դրությունը Կովկասյան ռազմաճակատում ավելի բարվոք էր։ Սահմանի գրեթե ողջ երկայնքով ամուր բերդեր էին։ Փոթին, Բաթումը, Ախալցխան, Ախալքալակը, Կարսը, Բայազետը՝ ահա ամրոցների մի մասը, որոնց դեմ դուրս էին գալու ռուսական զորքերը։
Պատերազմից անմիջապես առաջ սուլթանի հրամանով Էրզրումի նահանգապետ է նշանակվում Ղալիբ փաշան, որը կարողանում է կարգուկանոն հաստատել շրջանում և առանց զոհերի ճնշել ենիչերիների ապստամբությունը։ Թուրքերը Ռուսաստանին սահմանակից բնակավայրերից հեռացնում են խաղաղ բնակչությանը։ Իմանալով, որ հայերը դրական են տրամադրված ռուսների հանդեպ՝ թուրքերը նրանց զինաթափում են։
1828թ. վաղ գարնանը ռուսական զորքերը դեռ ամբողջությամբ չէին վերադարձել Պարսկաստանից, և թուրքերը զգալի ուժեր էին կենտրոնացնում Գյումրիի ուղղությամբ։ Երկու կողմն էլ ապատեղեկատվություն էր տարածում՝ միմյանց խաբելու և հիմնական նպատակները քողարկելու համար։ Ռուսական զորքերի հրամանատար գեներալ Պասկևիչը լուրեր էր տարածում, թե իրենք պատերազմի չեն պատրաստվում, թուրքերն էլ ընդգծված բարյացակամ վերաբերմունք էին ցուցաբերում ռուս սահմանապահներին։
Պատերազմի ընդհանուր մտահղացման համաձայն՝ Կովկասյան ռազմաճակատի ռուսական զորքերի առաջնային խնդիրն էր թուրքական ուժերը շեղել Դանուբից, այսինքն՝ Բալկանյան ռազմաճակատից, և հնարավորության դեպքում նոր տարածքներ վերցնել Ասիական Թուրքիայում։ Այս երկրորդ նպատակին հասնելու համար ռուսները մտադիր էին գրավել Կարսի և Ախալցխայի, իսկ Սև ծովի առափնյա շրջանում՝ Փոթիի և Անապայի բերդերը։ Ռուս-թուրքական պատերազմներում Կովկասյան ռազմաճակատը հաճախ էր ստանում երկրորդական նշանակություն, և ինչպես կտեսնենք հետագայում, ռուսական զորքերը Կովկասում ունեցած ռազմական հաջողություններից մասամբ հրաժարվում էին՝ փոխարենն արևմուտքում ավելի շատ զիջումներ ստանալու դիմաց։
Պետք է ասել, որ ռուսական կողմը Կովկասյան ռազմաճակատում մեծ պատերազմ չէր պլանավորում։ Ռուսներն անհանգստանում էին, որ Թուրքիայի հետ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Պարսկաստանը կարող էր հրաժարվել Թուրքմենչայի պայմանագրից[6] և փորձել ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային կորուստները Երևանի նահանգում։ Այդ դեպքում ռուսները հարձակողական պատերազմ չէին մղելու և անցնելու էին խորը պաշտպանության։ Եթե Պարսկաստանը պատերազմ չսկսեր, ապա Կովկասյան ռազմաճակատից մի շարք զորամասեր պետք է տեղափոխվեին Ռուսաստան՝ գլխավորապես Բալկանյան ռազմաճակատ։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Պարսկաստանը հարձակման չի անցնում, իսկ գեներալ Պասկևիչը կարողանում է տարհամոզել բարձր ղեկավարությանը և զորքերի զգալի մասը պահել Կովկասում։
…
1828թ. գարնանը թուրքերը ևս պատրաստվում էին ռուսական արշավանքին։ Էրզրումում ռազմական խորհրդակցություն է հրավիրվում, որտեղ որոշվում է զգալի ուժեր կենտրոնացնել Կարսում։ Ըստ թուրքական ռազմական ծրագրի՝ Գյումրի-Երևան ուղղությամբ հարձակմանը զուգահեռ Ախալցխայի փաշան պետք է շարժվեր Իմերեթիա։ Այնուհետև զորաբանակները երկու ուղղությամբ գրոհելու էին Թիֆլիսը։ Թուրքական հետախույզները մշտական կապի մեջ էին և տեղեկություններ էին հաղորդում, սակայն միշտ չէր, որ դրանք հավաստի էին։ Օրինակ՝ նրանք հաղորդում էին, որ ռուսական տիրապետության շրջաններում սով էր, իսկ գլխավոր հրամանատարը՝ ծանր հիվանդ։ Պասկևիչն, իսկապես, հիվանդ էր, սակայն դա սովորական մրսածություն էր, և հունիսի սկզբին նա արդեն Գյումրիում էր։
Ի տարբերություն թուրքական գլխավոր հրամանատարության՝ Կարսի փաշայի տեղեկություններն ավելի հավաստի էին։ Նա գիտեր, որ ռուսները Թիֆլիսից Գյումրի ճանապարհ են կառուցում, և ռուսական վտանգը շատ մեծ է։ Կարսի Էմին փաշան գտնում էր, որ բերդաքաղաքում մեծ ուժեր է պետք կենտրոնացնել և հարձակման փոխարեն պատրաստվել տևական պաշտպանության։ «Մինչ թուրք նամակատարները գրություններ էին տանում Էրզրումից Կարս և Կարսից Էրզրում, ռուսական զորքերն անցնում են սահմանը»,— գրում է Պոտտոն[7]։ Ռուսներն ունեին հետևակի 15 գումարտակ՝ 8561 մարդ, դաշտային ու լեռնային 40 թնդանոթ, ինչպես նաև 2767 հեծյալ և հեծելազորային 18 թնդանոթ։
Առաջին բախումը թուրքերի հետ տեղի է ունենում հունիսի 19-ին Կարսի պատերի տակ, որն ավարտվում է ռուսների հաղթանակով։ Հենց հաջորդ օրը հայերը խնդրում են Պասկևիչին թույլատրել վերադառնալ իրենց գյուղերը, որոնք լքել էին թուրքերի հարկադրանքով։ Ռուսները շատ ջերմ վերաբերմունք են ցուցաբերում հայերին, և 750 հայ ընտանիք վերադառնում է։
Կարսի բերդն ուներ պաշտպանական հզոր ամրություններ, շրջապատված էր Կարս գետի կիրճով ու անմատչելի ժայռերով։ Հարձակման հնարավոր ուղղությունը հարավ-արևմտյանն էր, որտեղ էլ տեղակայված էին բարձր աշտարակներն ու պաշտպանական բնագծերը։
Հունիսի 20-ին ռուսների մի քանի ջոկատ գրոհում է և որոշ դիրքեր վերցնում։ Գործողությունը ղեկավարող գեներալ Մուրավյովը Պասկևիչին հայտնում է, թե «չի կարելի ասել, որ թուրքերը ամուր էին կանգնած, սակայն, ամեն դեպքում, նրանք անհամեմատ ավելի համառորեն են կռվելու, քան պարսիկները»[8]։
Ռուսական զորքը պաշարում է բերդաքաղաքը և սկսում հրետանային նախապատրաստությունը։ Իմանալով, որ թուրքերը օգնության են շտապելու՝ ռուսները մի քանի ջոկատ դիրքավորում են Էրզրում-Կարս ճանապարհին։ Պասկևիչը ցանկանում էր գրոհը սկսել հունիսի 25-ին. նա վստահ էր, որ կկարողանա գրավել բերդը և նվեր մատուցել կայսր Նիկոլայ I-ի ծննդյան օրը։ Հակառակորդի ուշադրությունը շեղելու և մարտավարական խնդիրներ լուծելու նպատակով հունիսի 23-ին ռուսները թևերից կեղծ գրոհ են կազմակերպում։ Սակայն այն վերածվում է թեժ մարտի, և ռուսական զորքերը բոլոր ուղղություններով ստիպված անցնում են հարձակման։ Շուտով թուրքերը նահանջում են, և օրվա վերջին բերդի բոլոր աշտարակները ռուսների ձեռքին էին։ Կարսի փաշան ամրանում է միջնաբերդում, սակայն հաջորդ օրը հանձնվում է։ Պասկևիչի հրամանով քաղաքի բոլոր բնակիչներին ներում է շնորհվում՝ երաշխավորելով նրանց դավանանքի ազատությունն ու գույքի անձեռնմխելիությունը։
Քաղաքը գրավելուց մի քանի օր անց ռուսների զորաբանակում ժանտախտի դեպք է արձանագրվում։ Նախքան արշավանքը հետախույզները տեղեկացրել էին, որ Կարսում հիվանդությունը հաղթահարված է, սակայն Էրզրումից եկած զինվորների շրջանում կային ժանտախտով վարակվածներ, և քաղաքը գրավելուց հետո հիվանդությունը տարածվել էր նաև ռուսական զորքում։ Պասկևիչի հրամանով կիրառվում են խիստ սահմանափակումներ, հիվանդները մեկուսացվում են։ Ձեռնարկված միջոցառումներն արդյունք են տալիս, և հնարավոր է դառնում խուսափել համաճարակից։
Ռուս-թուրքական պատերազմի նպատակները լավ պատկերացնելու համար արժե նաև նշել, որ հունիսի սկզբին ռուսները գրավում են Անապայի բերդը, որով ավելի է ամրանում ռուսական ներկայությունը Սև ծովի հյուսիս-արևելյան հատվածներում։
Կարսից Ախալցխա
Մոտ մեկ ամիս Կարսում մնալուց հետո Պասկևիչը որոշում է շարժվել դեպի Ախալցխա։ Կարելի էր նաև արշավել Էրզրումի ուղղությամբ, սակայն Ախալցխայի բերդը մշտական սպառնալիք էր Թիֆլիս-Օլթի-Էրզրում ճանապարհին, ուստի ռուսները որոշում են նախևառաջ ապահովել իրենց թիկունքը։ Թուրքերը շրջանում զգալի ուժեր ունեին. Կիոս փաշայի 20 հազարանոց զորամասը, որը շտապում էր օգնության հասնել պաշարված Կարսին, կանգ էր առել Արդահանում։ Կիոսը կորցնում է նախաձեռնությունը և, իմանալով, որ ռուսական մի զորախումբ նրան ընդառաջ է գալիս, նահանջում է Էրզրում։ Քաղաքի պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր թողնելով՝ Պասկևիչը զորքն առաջնորդում է Ախալցխա։
Հուլիսի վերջին նրանք մոտենում են Ախալքալակի բերդին։ Ռուսական հետախույզները մոտենում են և սկսում բանակցել՝ առաջարկելով առանց արյունահեղության հանձնվել։ Թուրքերը մերժում են առաջարկը։ «Մենք ո՛չ Երևանի, ո՛չ էլ Կարսի բնակիչ ենք, մենք՝ ախալցխեցիներ ենք։ Այստեղ ո՛չ կանայք կան, ո՛չ էլ ունեցվածք։ Մենք կմեռնենք այս պատերի տակ, բայց չենք հանձնի բերդը»,— պատասխանել էին թուրքերը։
Պասկևիչը որոշում է ոչ թե գրոհել, այլ պաշարել բերդը և հրետակոծությամբ ստիպել թուրքերին հանձնվել։ Ռուսական հրետանու հարվածները թուրքերի համար անսպասելի էին։ Պոտտոն գրում է, որ թուրքերը պատրաստ էին հերոսաբար պաշտպանել ամրոցը, սակայն հրետանու ավերածությունները մեծ էին ու սարսափ էին տարածում։ Մի քանի ժամ անց ռուսական զինվորներն արդեն պարիսպների վրա էին։ Ամրոցի պաշտպանները խուճապահար փախչում էին։
Ամրոցը վերցնելուց հետո ռուսները նկատում են, որ Արդահանի կողմից թուրքական հեծելազոր է մոտենում։ Դրանք Կիոս փաշայի ուղարկած զորախումբն էր, հիմնականում՝ լազեր, որոնք պետք է համալրեին ամրոցի պաշտպանների շարքերը։ Տեսնելով, որ բերդն արդեն գրավված է՝ թուրքերը հեռանում են։ Փաստորեն, թուրքական օժանդակ ուժերը արդեն երկրորդ անգամ ուշանում են մի քանի ժամով, ինչը ճակատագրական նշանակություն է ունենում։
Ախալցխայի ճանապարհին ռուսները գրավում են նաև Խերտվիս ամրոցը, ինչի շնորհիվ ունենում են անխափան հաղորդակցություն։ Բացի այդ, թուրքական օժանդակ զորքերն այլևս չեն կարողանում անվտանգ տեղաշարժվել Արդահանից Ախալցխա։
Ախալցխայի շրջանը մի շարք առանձնահատկություններ ուներ. այնտեղ շատ էին լազերն ու աջարները, որոնք բնակվելով լեռնային կիրճերում, հայտնի էին իրենց զինվորական քաջագործություններով։ Նրանք հիմնականում ապրում էին թալանով և ավարառությամբ։ Թուրքիայի իշխանությունները Ախալցխայի մահմեդականներին ազատել էին հարկերից, պայմանով, որ բոլորը պետք է սեփական զենք ունենային և անհրաժեշտության դեպքում համալրեին թուրքական բանակը։ Այս շրջանում մեծ էր Անապայից, Փոթիից և այլ շրջաններից եկող մահմեդական քարոզիչների թիվը, որոնք հակառուսական տրամադրություններ էին հրահրում։ Ռուսաստանն արդեն երկրորդ տասնամյակն էր Անդրկովկասում, սակայն պարբերաբար հրահրվող ընդվզումները թույլ չէին տալիս ամրապնդել իրենց տիրապետությունը նոր նվաճվող աշխարհամասում։ Եվ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի հիմնական նպատակն էր գրավել Սև ծովի արևելյան առափնյա հատվածի թուրքական այն բնակավայրերը, որոնք խանգարում էին Անդրկովկասում ռուսական իշխանության ամրապնդմանը։
Ախալցխայի բերդի գրավումը շատ ավելի բարդ ու դժվարին ռազմական գործողություն էր. թուրքական կայազորը մեծ էր՝ մոտ 30 հազար, ու լավ զինված։ Օգոստոսի սկզբին տեղի են ունենում առաջին մարտերը։ Շուտով Վրաստանից ռուսական օժանդակ զորամասեր են մոտենում, բայց միևնույն է՝ թուրքերն ունեին թվական զգալի գերազանցություն։
Պաշարումից մի քանի օր անց հիմնականում լազերից կազմված 10 հազարանոց ջոկատը մոտենում է բերդին։ Ռուսները որոշում են նախ ջախջախել լազերի զորախումբը, հետո միայն մտածել բերդի մասին։ Ծանր ճակատամարտում նրանց հաջողվում է մեծ կորուստներ պատճառել թուրքական զորամասերին։ Մարտերում վիրավորվում է անգամ Կիոս փաշան։ Սակայն ռուսների կողմից էլ կորուստները շատ էին։ Օգոստոսի 10-ին Պասկևիչը բերդի պաշտպաններին առաջարկում է հանձնվել, ինչը նրանք մերժում են։
Հրետակոծության առաջին իսկ օրը Ախալցխայի բերդի աշտարակներից մեկը փլվում է, սակայն գրոհելը միևնույն է վտանգավոր էր, քանի որ թուրքերի թիվը գրեթե կրկնակի գերազանցում էր ռուսներին։ Պասկևիչը հույս ուներ, որ քաղաքի քրիստոնյա բնակիչներն իրենց հերթին ապստամբություն կսկսեն։ Մինչդեռ Թուրքերն այդ վտանգը հաշվի էին առել և Կիոս փաշայի հրամանով զինաթափել էին հայերին ու վրացիներին։
Ախալցխայի գրոհը սկսվում է օգոստոսի 15-ին և շարունակվում է նաև հաջորդ օրը։ Երկու կողմն էլ մեծ զոհեր են տալիս։ Թուրքերի դիմադրությունը կատաղի էր։ Նրանց հերոսական դիմադրությունը նույնիսկ ռուս պատմաբաններն էին ակնածանքով արձանագրում։ Շուտով թուրքերն ամրանում են միջնաբերդում, և շրջակա բոլոր ամրություններն ու բարձունքներն անցնում են ռուսների ձեռքը։ Հասկանալով, որ դիմադրությունն անիմաստ է՝ Կիոս փաշան համաձայնում է վայր դնել զենքը՝ պայմանով, որ նրանց թույլ կտրվի հեռանալ։ Պասկևիչը չէր ցանկանում նոր զոհեր տալ և համաձայնում է թուրքական առաջարկին։ Թուրքական զորքի մնացորդները թողնում են զենքը, բանալին հանձնում ռուսներին ու հեռանում։ Այսպես 200 տարուց ավելի թուրքական տիրապետության տակ եղած Ախալցխան անցնում է ռուսներին։
Ախալցխայում ռուսները նոր շրջանային վարչակարգ են ստեղծում հայազգի գեներալ Վասիլ (Բարսեղ) Բեհբութովի ղեկավարությամբ։ Տունուտեղ կորցրած բնակչության կարիքները հոգալու նպատակով շրջանի նոր ղեկավարությունը փող ու սնունդ է բաժանում բնակիչներին և կարճ ժամանակ անց կայունացնում իրավիճակը։ Ախալցխայի բերդը գրավելուց երկու օր անց ռուսական մի գումարտակ ու կազակական երկու գունդ ուղարկվում են գրավելու Ածխուր ամրոցը, ինչը Բորժոմի կիրճով ապահովվում է կապը Թիֆլիսի հետ։
* * *
Մինչ ռուսները գրոհում էին Ախալցխայի ամրությունները, թուրքական ուժերն ակտիվանում են Կարսի և Արդահանի շրջաններում։ Ախալցխայից նահանջած Մուշի փաշայի զորամասերը շարժվում են Արդահան՝ մեծ թվով հայերի տեղահանելով։ Թուրքերը տեսնում էին հայերի աջակցությունը ռուսներին, ինչի պատճառով բռնություններն ու տեղահանությունը հաճախակի էին դառնում։ Կարսի ռուսական կայազորի մի զորախումբ շարժվում է Արդահան՝ հայերին օգնելու և թուրքերից ու քրդերից ազատելու։ Օգոստոսի 17-ին այդպիսի մի արշավանքից հետո ռուսներն ազատում և Կարս են տեղափոխում հայկական 23 գյուղերի գերված բնակիչներին։ Պետք է նշել, որ հայերն աստիճանաբար մասնակցում էին նաև ռազմական գործողություններին։ Կարսում ձևավորվել էր հայկական հեծյալ զորախումբ՝ մոտ 70 մարտիկ։ Նրանք մասնակցում են այս մարտերին՝ տալով 15 զոհ և վիրավոր։ Օգոստոսին Կարսում ամրացած ռուսական կայազորը վերցնում է նաև Արդահանը։
Պատերազմի ընթացքում զգալիորեն ակտիվանում են նաև Ռուսաստանի տիրապետության տակ անցած Արևելյան Հայաստանին սահմանակից քրդերը։ 1828-ի ամռան ամիսներին Բայազետի փաշայության քրդերն ավազակային հարձակումներ են սկսում՝ թալանելով Ախուրյան գյուղն ու Կողբի աղահանքերի մոտակա բնակավայրերը։ Վանի փաշայության քրդերն էլ ներխուժում են Խոյ և Սալմաստ, որտեղ բախվում են ռուսական զորքերին։ Ռուսները մտադիր էին գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Բայազետը, քանի որ Էրզրումի, Կարսի, Հայկական մարզի և Պարսկաստանի միջև ընկած փաշայությունը մշտական սպառնալիք էր նոր գրավված և դեռ ամբողջովին չյուրացված շրջանների համար։
«Բայազետի փաշայությունը մի առանձին, գրեթե միանգամայն անկախ քրդական ավատական իշխանություն էր օսմանյան պետության սահմանների մեջ։ Նրա տերը քրդական մի հռչակավոր տոհմ էր, որ իշխում էր այստեղ երեք հարյուր տարիներից ի վեր, ոչինչ հարկ չէր տալիս թուրք կառավարությանը և միայն պարտավորված էր բերդեր շինել, պահել նրանց մեջ զորքեր՝ այդ սահմանագլուխ երկիրը դրսի թշնամիներից պաշտպանելու համար»,— գրում է Լեոն[9]։
1828թ. օգոստոսի վերջին ռուսական զորքերը իշխան Ալեքսանդր Ճավճավաձեի հրամանատարությամբ անցնում են սահմանը և մոտենում Բայազետին։ Ռուսական թնդանոթների մի քանի համազարկից հետո թուրքերն ու քրդերը թողնում են բերդը, որի դարպասների մոտ ռուսներին դիմավորում են հայերը։
1828-ի աշնանը ռուսական զորքի մեծ մասը տեղափոխվում է Վրաստան ձմեռելու։ Թուրքերը պատրաստվում էին ռազմական գործողություններին։ Սուլթանը սկսել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել արդեն Ռուսաստանին սահմանակից շրջաններին։ Նրա հրամանով պարտված ղեկավարները հեռացվում են։ Էրզրումի կառավարիչ է նշանակվում Հաջի-Սալեհը, որին անսահմանափակ լիազորություններ են տրվում։ Թուրքերը շուրջ 80 հազարանոց բանակ են կենտրոնացնում Էրզրումում, որը ոչ միայն պետք է ապահովեր պաշտպանությունը, այլև հետ վերցներ Կարսը։ Ըստ թուրքական ռազմական պլանի՝ քրդական ջոկատներն էլ պետք է շարժվեին Բայազետը գրավելու։ Ռուսների ուժերը քիչ էին․ հիմնականում նորակոչիկներից բաղկացած համալրումն ուշանում էր։ Պասկևիչը փորձում էր իր ուժերը լրացնել ձեռքի տակ եղած միջոցներով։
Ուշագրավ էր Պարսկաստանի դիրքորոշումը, որն ընդամենը մեկ տարի առաջ էր պարտվել ռուսներին և զիջել Երևանի ու Նախիջևանի նահանգները։ Պարսկաստանի շահ Աբաս-Միրզան նամակ է ուղարկում Պասկևիչին՝ գրելով, որ իրենք պատրաստ են ռազմական գործողություններ սկսել թուրքերի դեմ և գրոհել Բաղդադը։ Դա զգալիորեն կթուլացներ թուրքերին ռուս-թուրքական ռազմաճակատում։ Առաջին հայացքից ձեռնտու թվացող այս առաջարկը Պասկևիչը մերժում է։ Պոտտոն գրում է, որ Պասկևիչի մերժումը պայմանավորված էր աշխարհաքաղաքական հաշվարկներով. «Պարսկաստանի մասնակցությունը պատերազմին կարող էր երկարաձգել հաշտության գործընթացը։ Ռուսաստանն իր շահերը պաշտպանելուց բացի, պետք է բանակցություններ վարեր նաև իր դաշնակցի համար»[10]։
Զորքը համալրելու և պատերազմում դաշնակիցներ ունենալու համար Պասկևիչը գաղտնի բանակցություններ է սկսում քրդերի հետ։ Նա իշխան Վաչնաձեին ուղարկում է Մուշ, և Մուշի փաշան թույլ է տալիս նրան բանակցել քրդերի հետ։ Իհարկե, այս համագործակցությունն անվճար չէր՝ ռուսները զգալի գումար, պաշտոններ ու տիտղոսներ էին տալիս տեղական իշխաններին։
Ձմեռային նախապատրաստության շրջանում Պասկևիչը զեկուցագիր է գրում կայսրին՝ խնդրելով 100 հազար ռուբլի տրամադրել քրդերին կաշառելու համար։
Քրդերի հետ համագործակցությունը հուսալի չէր, և ռուսները զուգահեռաբար ձևավորում էին նաև ժողովրդական աշխարհազոր՝ ընդգրկելով ավելի հավատարիմ ժողովուրդներին, այդ թվում՝ հայերին։
Պատերազմն ամբողջ ծավալով շարունակվում է 1829-ի մայիսից։ Եթե թուրքերի նպատակը Կարսի ու Ախալցխայի գրավումն էր, ապա ռուսները մտադիր էին վերցնել նաև Էրզրումը։ Հարկ է նշել, որ ռուսական ռազմական բարձրագույն ղեկավարությունը դեռ ձմռանը քննարկում էր Տրապիզոնի ուղղությամբ արշավելու հնարավորությունը։ Տրապիզոնը վերցնելու դեպքում ռուսական տիրապետությունը Սև ծովի ավազանում էլ ավելի կմեծանար։ Սակայն Պասկևիչը կարողանում է համոզել վերադասներին, որ անհաղթահարելի լեռնաշղթաների պատճառով այդ արշավանքը գրեթե անհնար է։ Բացի այդ, Տրապիզոնը հեռու էր առևտրային ճանապարհներից և տնտեսական նշանակություն չէր կարող ունենալ։ Կայսրը համաձայնում է Պասկևիչի հետ, և ռուսները շարժվում են Էրզրում։
Էրզրումը պաշարելու օրերին քաղաքի հայերի դրությունը դառնում է ծայրահեղ վտանգավոր, որովհետև թշնամու (ռուսների) հանդեպ նրանց դրական վերաբերմունքից զայրացած՝ թուրքերը պատրաստվում են նույնիսկ կոտորած կազմակերպել։ Դրությունը փրկում է Էրզրումի հայ քրիստոնյաների առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոսը, որի որոշումով հայերը պարտավորվում են թուրքերի համար ամրություններ կառուցել և խրամուղիներ փորել։ Հոգևորականն անձամբ էր կազմակերպում այդ աշխատանքը։
Էրզրումը գրավելուց հետո՝ արդեն աշնան սկզբին, ռուսները գրավում են Բաբերդը, ինչպես նաև փորձում փակել Սվազի և Տրապիզոնի ճանապարհները։
Գեներալ Պասկևիչը ոչ միայն հմուտ զինվորական էր, այլև լավ էր պատկերացնում միջազգային հարաբերությունները և իր երկրի պաշտպանական համակարգը։ Պատերազմի թեժ օրերին, երբ ամեն ինչ անորոշ էր, գեներալը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Կարլ Նեսելրոդեին գրում էր, թե ինչ տեսք պետք է ունենա ապագա սահմանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանին պետք է անցնեին Բաթումը, Փոթին, Ախալցխան և Կարսը։ Բայազետի փաշայությունը, Պասկևիչի պատկերացմամբ, պետք է լիներ ինքնավար։ Սակայն Ռուսական կայսրության արտգործնախարարը Պասկևիչին հայտնում է, որ միայն Ռուսաստանի ցանկությունները բավարար չեն, հարկավոր է նաև հաշվի առնել եվրոպական երկրների շահերը։ «Նա (Նեսելրոդեն) հարկավոր էր համարում, որ այժմից իսկ թուրքական այն երկրներում, որոնք անցել էին ռուսների ձեռքը, քրիստոնյա ազգաբնակության մեջ ստեղծվի տրամադրություն՝ գաղթելու ռուսական հողը»,— գրում է Լեոն[11]։
Պասկևիչը գտնվում էր Բաբերդում, երբ նրան հաղորդում են պատերազմի ավարտի և Ադրիանապոլսում բանակցությունների մասին լուրը։
1829թ. սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսում ստորագրվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը, որով Ռուսաստանին է անցնում Սև ծովի ափամերձ հատվածը՝ Կուբան գետի գետաբերանից մինչև Նովոռոսիյսկ (Սուջուկ-կալե)։ Ռուսաստանին են անցնում նաև Ախալցխան և Ախալքալակը։ Սև ծովի արևմտյան ափում Ռուսաստանի և Թուրքիայի սահմանն անցնում է Դանուբ գետով։ Հունաստանը հռչակվում է ինքնուրույն պետություն, որը պարտավորվում է սուլթանին տարեկան վճարել 1.5 մլն պիաստր տուրք։ Ադրիանապոլսի պայմանագրով վերահաստատվում էր նաև Սերբիայի, Վալախիայի, Մոլդավիայի ինքնավարությունը Օսմանյան կայսրության կազմում։
Ռուսները Թուրքիային էին վերադարձնելու նաև Կովկասյան ուղղությամբ ձեռք բերած մի շարք բերդեր ու տարածքներ։ «Ռուսական Կայսերական արքունիքը Մեծ Դռանը տալիս է և վերադարձնում Ախալցխայի փաշայության մնացած մասը, Կարս քաղաքը՝ իր փաշայությամբ հանդերձ, Բայազետ քաղաքը՝ իր փաշայությամբ հանդերձ, Էրզրում քաղաքը՝ իր փաշայությամբ հանդերձ, ինչպես նաև այն բոլոր վայրերը, որոնք գրավված են ռուսական զորքի կողմից և որոնք գտնվում են վերը նշված սահմաններից դուրս»,— գրված էր պայմանագրի 4-րդ հոդվածում[12]։
Ռուսաստանը և Թուրքիան ներում էին շնորհում բոլոր նրանց, ովքեր պատերազմի ժամանակ հարել էին այս կամ այն կողմին։ Պայմանագրի 13-րդ հոդվածն ամրագրում էր նաև, որ ցանկացողները կարող են իրենց գույքով և ունեցվածքով մշտական բնակություն հաստատել մյուս պետության տարածքում։ Հենց հաջորդ տարի՝ 1830-ին սկսվում է հայերի զանգվածային գաղթը ռուսների կողմից գրաված, այնուհետև թուրքերին վերադարձրած շրջաններից։ Էրզրումից, Կարսից, Բայազետից հազարավոր հայեր են տեղափոխվում, որոնք բնակություն են հաստատում Ախալքալակում, Նոր Բայազետում և այլ շրջաններում։
* * *
1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմն ամրագրում էր ռուսների կողմից նախկինում ձեռք բերված իրավունքները Սև ծովի արևելյան շրջաններում։ Թուրքերն ընդունում էին ռուսական տիրապետությունը Աբխազիայում, Գուրիայում, Իմերեթիայում, Փոթիում, ինչը մեծացնում էր ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցությունը Սև ծովի ավազանում։ Ռուս առևտրականները մեծ իրավունքներ են ստանում Թուրքիայում իրենց գործունեության և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներից օգտվելու համար։
Սակայն այս պատերազմը չէր լուծում Արևելյան հարցը, որի շուրջ էլ միջազգային թեժ պայքար էր ընթանում եվրոպական գերտերությունների և Ռուսաստանի միջև։ Թուրքիան, իր հերթին, դժվարությամբ էր համակերպվում Բալկաններում և Թուրքահայաստանում իր տարածքային կորուստների հետ։
Թեև «կրքերը հանդարտվում էին», սակայն նոր պատերազմների հավանականությունը չէր վերանում։