
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
— Բոյովն ո՞ւր ա,- Մարիան համապատասխան ժեստով ցույց է տալիս «բարձրահասակ» բառն ու սպասում դասընկերոջ պատասխանին:
— Բոյովն իր կաբինետում է, Աչքն էլ է էնտեղ,- դասընկերը ձեռքի մի շարժումով արձագանքում է ու մեզ ուղեկցում «Բոյովի» աշխատասենյակ:
Լսողության խնդիրներ ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) կրթահամալիրում գրեթե բոլորը ժեստային անուններ ունեն: Այս յուրահատուկ լեզվում յուրաքանչյուր բառ ունի իր համապատասխան ժեստը, իսկ անունները պետք է տառ առ տառ ցույց տալ: Ժեստերի լեզվով հաղորդակցվող մարդիկ ամեն անգամ տառերով իրենց մտերիմի անունը ցույց չտալու համար յուրաքանչյուրին բնորոշ անուն են հորինում, որով էլ հնարավոր է դառնում մեկ ժեստով նշել, թե ում մասին է խոսքը: Բոյովը, օրինակ, կրթահամալիրի փոխտնօրեն Նվարդ Տանանյանն է, Աչքը՝ Գևորգը՝ դպրոցի նախկին սաներից մեկը: Հազիվ թե Հայաստանի որևէ այլ դպրոցում երեխաներն իրենց փոխտնօրենին «բոյով» բառով բնորոշեին…
ԼԽՈՒԵ կրթահամալիրի տարածքում 2020 թվականին բացվեց լսողության խնդիրներ ունեցող երեխաների մանկապարտեզ՝ առանձին մասնաշենքում։ Բայց քանի որ այնտեղ այժմ բնակվում են Արցախից տեղահանված ընտանիքներ, մանկապարտեզի վեց սաները տեղափոխվել են դպրոցի ընդարձակ սենյակներից մեկը: Մանկապարտեզում երեխաները երթևեկ են, այսինքն դպրոցի տարածքում չեն գիշերում՝ ի տարբերություն դպրոցահասակների, որոնք հանգստյան օրերին են միայն տուն գնում: Մինչև այս, լսողության խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասը մանկապարտեզի փոխարեն տարբեր վերականգնողական կենտրոններ է հաճախել կամ սպասել վեց տարեկանը լրանալուն՝ դպրոց գնալու համար։ Հիմա նրանք արդեն հնարավորություն ունեն շատերի նման նախ մանկապարտեզ գնալ, հետո միայն դպրոց:
— Տուկ-տուկ, կարելի՞ է,- Նվարդ Տանանյանը թակում է դուռն ու զգուշացնում, որ երեխաների ցերեկային քնի ժամն է, պետք է համբերատար լինել։- Էս ինչե՜ր են նկարում իմ հրաշքները:
Հինգ տարեկան Ալենը ցույց է տալիս մեկ թիվը, որը հատուկ մանկավարժի՝ ընկեր Գոհարի օգնությամբ է ներկել ու սպասում է գովասանքի, որը չի ուշանում:
— Երեխաները դեռ ժեստային լեզվին չեն տիրապետում, քանի որ լեզվի ուսումնասիրումն ըստ ուսումնական պլանի ավելի ուշ է նախատեսված,- ասում է դաստիարակը։- Հիմա հաճախում են ռիթմիկայի դասի, որի ընթացքում սովորում են լսել ու արձագանքել ձայներին։
Ալենը, ընկերոջ ձեռքը բռնած, մեզ ուղեկցում է ռիթմիկայի սենյակ, որտեղ ուսուցչուհի Անահիտ Անդրյանն արդեն սկսել է պարապմունքը: Սենյակում հնչող բարձր երաժշտությանը զուգահեռ պարային շարժումներ են։ Ընկեր Անդրյանը բացատրում է, որ ինքը պարի ուսուցիչ չէ, այլ հենց ռիթմիկայի։
— Մենք ընդհանուր, զարգացնող շարժումներ ենք անում, հնչյունային ռիթմիկա ուսումնասիրում, լսողական վարժություններ անում: Լսողության խնդիրներ ունեցող երեխաները հատակի վիբրացիայի օգնությամբ կարողանում են ընկալել ձայնը, պարզապես մենք օգնում ենք այդ ամենը զարգացնել, ամրապնդել: Տիգրա՛ն, արի ես թմբուկին հարվածեմ, դու փորձի՛ր կրկնել,- խաղը սկսում է մանկավարժն ու ասում, որ լսողության խնդիրը խոչընդոտ չէ ռիթմը հասկանալու համար:- Շրջվի՛ր, որ չտեսնես, թե ինչ եմ անում: Պատրա՛ստ. ծափ, ծափ-ծափ, ծափ-ծափ-ծափ,- թմբուկին է հարվածում ուսուցիչն ու սպասում աշակերտի արձագանքին:
Ոչ մի վրիպում, Տիգրանը ճիշտ նույն կերպ կրկնում է ուսուցչին:
Անահիտ Անդրյանը պատմում է, որ երեխաներ կան, որոնք թեև թույլ լսողություն ունեն, բայց չեն կարողանում վերարտադրել ռիթմը։ Այնպես որ, սա ևս անհատական է, ռիթմի ընկալումը կապված չէ լսողության խնդրի հետ:
Դասասենյակներից մեկում հայոց լեզվի ժամ է: Վարդուհին, որի մոտ առկա է թույլ լսողություն, Համո Սահյան է կարդում.
— Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ…
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Պողոսյանը նշում է, որ աշակերտները որպես կանոն գրավոր խոսքում խնդիրներ են ունենում, քանի որ ժեստերի լեզվում օժանդակ բայ, խոնարհում, դեմք, թիվ գոյություն չունեն: Օրինակ, «Ես մնում եմ տանը» նախադասությունը ժեստերի լեզվով «Ես մնալ տուն» է հնչելու։ Ժեստերի լեզվի մասնագետ Գոհար Մելիքյանն էլ հավելում է, որ այն կարելի է համեմատել օտար լեզվի հետ, ու պարտադիր չէ լսողության խնդիր ունենալ՝ ժեստեր ուսումնասիրելու համար: Նա նշում է, որ Հայաստանում դեռ չկան մասնագիտացված կրթական հաստատություններ, որտեղ կարելի է ժեստերի լեզու ուսումնասիրել եթե անձը չունի լսողության խնդիր, թեև աշխարհի տարբեր երկրներում վաղուց այս փորձը կա:
— Ժեստերի լեզուն բաղկացած է ժեստից, միմիկայից, շրթախոսությունից և մատնախոսությունից,- պարզաբանում է մասնագետը։- Այն հատուկ քերականություն չունի և ավելի պարզ է, քան բանավոր խոսքը։ Օրինակ, ժեստերի լեզվում չկան օժանդակ բայեր, հոլով, վերջավորություն, ածանց և այլն, այդ իսկ պատճառով խուլերի համար շատ դժվար է գրագետ և ճիշտ գրելը, քանի որ իրենց խոսքում չեն օգտագործում վերը թվարկածս:
Մելիքյանն ասում է, որ խուլ մարդը ժեստերի լեզվից գրավոր խոսքին անցնելիս դժվարությունների է բախվում ու միայն հիշողության վրա հույսը դնելով է կողմնորոշվում, թե ինչպես գրել՝ ի տարբերություն լսողների, որոնց լեզվամտածողությունն ու գրավոր խոսքը ներդաշնակ են միմյանց: Նույնը փաստում է ԼԽՈՒԵ կրթահամալիրի հայոց լեզվի ուսուցչուհին ու նշում, որ իսկապես հեշտ չէ մտածել մեկ լեզվով, բայց գրել մեկ ուրիշով։
— Վարդուհին, որ թույլ լսողություն ունի, և դուք տեսաք, թե ինչպես է Սահյան կարդում, ժեստային լեզվից գրավոր լեզվի գրագետ անցման խնդիր չունի։ Իսկ ա՛յ մյուսների դեպքում մենք դեռ շատ աշխատելու տեղ ունենք,- ասում է Աննա Պողոսյանը։- Սա խնդիր է ոչ միայն Հայաստանում: Օրինակ, մենք հիմա աշակերտ ունենք Ռուսաստանից, որ նոր է տեղափոխվել մեզ մոտ, ու էլի ժեստային լեզվամտածողությունը գրավոր խոսք տեղափոխելու հարցը կա։
Դպրոցի փոխտնօրենն էլ, հայոց լեզվի ուսուցչուհին էլ վստահեցնում են, որ ուսումնական ծրագիրը, որը հաստատում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, փոփոխության կարիք ունի։ Իսկ նախարարությունում տարիներ շարունակ պնդում են, որ ծրագրից շեղվել չի կարելի: Դասավանդման մեթոդաբանությունը, մոտեցումները, իհարկե, տարբեր են ու հարմարեցված լսողության խնդիրներ ունեցող երեխաներին, բայց ուսումնական ծրագիրը նույնն է:
— Թեմաներ կան, որոնք ճակատագրական չեն, ոչինչ չեն տալու իրենց, սակայն մենք դրանց անդրադառնում ենք, քանի որ պահանջն է այդպիսին,- ասում է տիկին Պողոսյանն ու ցույց տալիս գրատախտակը։- Տեսեք, հիմա ես փորձում եմ բացատրել բարդ ստորադասական նախադասությունը, որն իմ կարծիքով իրենց պետք չէ։ Բայց մենք մի ամբողջ՝ իններորդ ուսումնական տարին անցնում ենք բարդ ստորադասական նախադասություն:
Բայց չէ՞ որ լսողության խնդիրներ ունեցողների շարքում կան շատերը, որոնք պատրաստվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել, հետևաբար հայոց լեզվի քննություն պետք է հանձնեն,- հարցնում եմ ես։ Տիկին Պողոսյանն արձագանքում է.
— Համամիտ եմ, բայց ավելի ճի՞շտ չի լինի, որ երեխան հայոց լեզվի տարրական գիտելիքներ ունենա, որը ամուր կլինի, քան ո՛չ այս սովորի, ո՛չ այն: Օրինակ, ուղղագրությունը երեխաների մոտ անթերի է, քանի որ նրանք տեսողական հիշողությամբ են ընկալում բառերը: Տեսան, որ գրվում է այսկերպ, ուրեմն երբեք չեն մոռանա:
Ուսուցիչը նաև նշում է, որ երեխաները մեծ սիրով են հայ գրողների գործերն ուսումնասիրում ու վերլուծում, բայց այստեղ էլ են նույն խնդրին բախվում. եթե ժեստերի լեզվում երեխան փայլուն կատարում է առաջադրանքը, ապա գրավոր խոսքում կրկին դժվարություններ են ի հայտ գալիս:
— Որևէ նյութ բացատրելիս ժեստային լեզուն օգնության է հասնում, որովհետև չես կարող առանց դրա,- ասում է տիկին Պողոսյանը։- Ժեստերը, շուրթերի շարժումները, միմիկան՝ այս ամենը փոխլրացնում են միմյանց, սակայն ուսումնական ծրագիրը բարդ է, ու մենք նույն տաշտակի առաջ ենք հայտնվում: Մեր աշխատանքը պետք է լինի փոխկապակցված՝ ընտանիք, դպրոց, անհատական ուսուցիչ: Միայն այս երեք օղակների համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք ակնկալել հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացում:
ԼԽՈՒԵ կրթահամալիրը, որը ննջարանային ու ուսումնական մասնաշենքեր ունի, բավական ընդարձակ է: Տիկին Տանանյանը տասը մատի պես գիտի՝ դպրոցի որ անկյունում ինչ կա: Այս յուրահատուկ դպրոցում, որտեղ ավելի շատ ձեռքերն են խոսում, քան բառերը, գործում են գորգագործության, կոշկակարության, կարուձևի, սպորտի, մնջախաղի և այլ խմբակներ: Դպրոցի պատվո անկյունում սպորտային հաջողություններ գրանցած նախկին սաների լուսանկարներն են, որոնցից յուրաքանչյուրի հետևում մանկավարժների հսկայական աշխատանք է: Ի դեպ, կրթահամալիրը Հայաստանի միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ աղի քարանձավ կա: Քարանձավի մշտական բնակիչը՝ Անին, որ երեխաների համար թերապիաներ է անցկացնում, բացում է դասասենյակի դուռը ու… այ քեզ հրա՜շք, այն բոլորովին էլ դասասենյակ չէ, աղի քարանձավ է՝ լուսային էֆեկտներով ու մեղմ երաժշտությամբ։
— Մեր դպրոցում տարբեր երեխաներ են սովորում, նրանցից շատերը վերականգնողական, ժամանցային թերապիաների կարիք ունեն, ու մեր աղի քարանձավը հենց այն տեղն է, որտեղ միավորում ենք այդ երկուսը,- ասում է Անին ու նշում, որ այն ոչ միայն աշակերտների, նաև ուսուցիչների սիրած վայրն է: Դե իսկ դպրոցի այցելուների համար աղի քարանձավն իսկական բացահայտում է:
ԼԽՈՒԵ կրթահամալիրում կան դասասենյակներ, որոնց նշանակությունն այնքան էլ պարզ չէ առաջին անգամ այս հաստատություն ոտք դնողների համար։ Օրինակ, լսողական կաբինետը, որի առջև կանգնած փորձում էի գուշակել, թե ինչ են սովորում այդտեղ։ Կրկին օգնության է շտապում տիկին Տանանյանը.
— Այս կաբինետը դպրոցի ամենակարևոր դասասենյակներից է, այստեղ անհատական, զարգացնող մանկավարժական ուսուցում է իրականացվում: Նախապատրաստականից մինչև իններորդ դասարանի աշակերտները լսողական վարժությունների միջոցով փորձում են ընկալել միջավայրը, տարբերել ձայները: Այս կաբինետը միակ տեղն է, որտեղ ժեստերը բացակայում են:
Տիկին Տանանյանը տասնմեկերորդցիների մոտ դաս ունի: Այնտեղ է նաև Աչքը՝ Գևորգը, որը որպես դպրոցի նախկին սան տանտիրոջ իրավունքով զբաղեցնում է աշակերտներին: Այս դասարանում Գևորգը նաև մնջախաղ է դասավանդում: Գևորգը նախ ընդունվել է Թատերական ինստիտուտի մնջախաղի բաժին, հետո, ցանկանալով համատեղել ուսումն ու աշխատանքը, տեղափոխվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժին: Մինչ տասնմեկերորդցիները հարմարվում են իմ ներկայությանը, Գևորգը, որի ժեստային անունը թեև Աչք է, բայց ես նրան հաստատ շաղակրատ կանվանեի, պատմում է իր մասին.
— Երբ ես Ուկրաինա էի մեկնում, Երևանի օդանավակայանում չկար մեկը, որ կարողանար ինձ օգնել, թե երբ է թռիչքը, ուր պիտի գնամ, ինչ հարցեր են ինձ տալիս օդանավակայանի աշխատակիցները,- պատմում է Գևորգն ու շեշտում, որ հարցը լուծելի է։- Ուկրաինա հասնելու պես օդանավակայանում ինձ թարգմանիչ տրամադրեցին ու քանի որ ես միջազգային ժեստերի լեզվին տիրապետում եմ, մենք շփման խնդիր չունեցանք։
Գևորգն ասում է, որ օդանավակայանի օրինակը չարյաց փոքրագույնն է: Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ ամենուր են խոչընդոտների բախվում՝ բանկում, հիվանդանոցում, ժամանցի վայրերում, խանութում:
— Գնում ես պոլիկլինիկա ու չգիտես՝ ինչն ինչպես բացատրել: Եթե տանը բոլորը խուլ են, ո՞վ պիտի ուղեկցի ինձ, որպեսզի բացատրի, թե ինչ եմ ուզում,- հարցնում է Գևորգը։- Սուրդո-թարգմանիչ ոչ մի բժշկական հաստատություն չի տրամադրում, խուլն ինքը պիտի վճարի իրեն ուղեկցելու համար, և մենք հաճախ մեր ուսուցիչներին ենք խնդրում, որ տեսազանգի միջոցով բացատրեն բժշկին, թե ինչ ենք զգում, որտեղ է ցավում, ինչի կարիք ունենք:
Տասնմեկերորդցիներից ամեն մեկն իր երազանքն ունի: Մերին ուզում է հաշվապահ դառնալ, Ժորժը՝ հագուստի մոդելավորող, Դավիթը ամռանն իր վաղեմի երազանքն է իրականցրել ու այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ ծանոթանալու նախարարության աշխատանքին, Մարիան մնջախաղով է տարված ու ուզում է կիթառ նվագել սովորել, Սևակը, որ Արցախից է եկել, երազում է գյուղատնտես դառնալ: Աշակերտները, իրար հերթ չտալով, պատմում են դժվարությունների մասին, որոնց բախվում են դպրոցից դուրս՝ լսողների միջավայրում։
— Գնում ենք բանկ ու մի կերպ, մեծ դժվարությամբ ենք բացատրում, որ բանկային քարտ ենք ուզում,- ասում է Ժորժը. Մարիան ավելացնում է.- Սրճարաններում խնդիր չենք ունենում, այնտեղ կարող ենք մենյուի մեջ ցույց տալ մեր ուզածը, բարեհամբույր փորձում են օգնել, բայց, օրինակ, պոլիկլինիկայում խնդիրներ են լինում:
Գևորգը, որպես համալսարանական դժվարությունների միջով անցած փորձառու մեկը, կրտսեր ընկերներին ու իր սաներին խորհուրդներ է տալիս: Միշտ ասում է, որ լսողների հետ շփման առաջին իսկ պահից չհուսահատվեն: Իր համար էլ հեշտ չի եղել։ Սկզբում, երբ թատերական ինստիտուտում էր սովորում, մտածում էր, որ երբեք չի կարողանա լեզու գտնել մյուսների հետ։
— Լսողներն իրենք քաշեցին ինձ իրենց միջավայր: Կուրսընկերներս նախաձեռնող էին ու ամեն ջանք գործադրեցին, որ լսողությունը խոչընդոտ կամ պատ չդառնա իմ ու իրենց միջև,- ասում է Գևորգն ու խոստովանում, որ արագ է հաղթահարել խնդիրները։- Մի քանի ամիս անց արդեն ես ինձ յուրային էի զգում, անգամ մոռացել էի, թե որ լեզվով ենք շփվում՝ իրենք ժեստերով, թե ես՝ բառերով:
Ժորժը, որ երազում է հագուստի հայկական բրենդ ստեղծել, որի փառքը կթնդա աշխարհով մեկ, ասում է, որ լսողների հետ երբեք խնդիրներ չի ունեցել: Հիշում է, որ ամռանը ճամբար էր գնացել, երկու շաբաթ չարչարվեց, մտածեց՝ իզուր է գնացել, բայց ամեն բան իր տեղն ընկավ.
— Այնպես չի, որ առաջին իսկ պահից քեզ գրկաբաց են ընդունում, բայց ես գիտեմ, որ խնդիրներ կարող են լինել բոլորի մոտ: Լսողի համար էլ է դժվար մոտենալ, փորձել շփվել, դա երկուստեք պիտի լինի: Երկու շաբաթ հետո այնքան սահուն էինք միմյանց հետ շփվում, պատմում մեր երազանքների մասին՝ ասես ոչ մի խնդիր էլ չէր եղել:
Մերին խոստովանում է, որ եթե մարդիկ ավելի պատրաստակամ լինեն, ոչ մի խնդիր էլ չի լինի: Շրջապատում հաճախ են իրենց տարօրինակ հայացքով նայում. դրա փոխարեն խնդրում է, որ ընդունեն իրենց այնպիսին, ինչպիսին կան:
— Ժեստերի լեզուն անպատմելի գեղեցկություն ունի, բոլորս էլ ժեստեր օգտագործում ենք, պարզապես խուլ մարդիկ հենց դրա միջոցով են հաղորդակցվում. նաև փորձում են հասկանալ շուրթերի շարժումները,- ասում է Մերին:
Տասնմեկերորդցիները շտապում են դահլիճ ու պատրաստվում մնջախաղի ներկայացմանը։ Իսկ ԼԽՈՒԵ կրթահամալիրում, որքան էլ տարօրինակ հնչի, աղմկոտ է: Կարուձևի դասարանում երեխաները շուտով ուսուցիչներից մեկի համար նախատեսված վերնաշապիկը կավարտեն, գորգագործության սենյակում նրանք նոր նախշեր են սովորում, ռիթմիկայի դասարանում հերթական բեմադրությանը պատրաստվում ու այսպես շարունակ:
Ժամը 16:00-ն է ու մանկապարտեզի սաները քնած են: Առօրյան այստեղ հստակ է ու կազմակերպված այնպես, որ և՛ բակային խաղերի ժամանակ լինի, և՛ սովորելու, և՛ նոր հմտություններ ձեռք բերելու:
Գրետան, որ ԼԽՈՒԵ կրթահամալիրի նախկին սան է, պատրաստվում է տուն գնալ, բայց մինչև այդ ուզում է պատմել իր ու իր երազանքների մասին:
— Ես Շինուհայր գյուղում եմ ծնվել։ Տասնմեկ ամսականում ծնողներս նկատել են, որ չեմ արձագանքում իրենց ձայներին: Պարզվել է, որ լսողության խնդիր ունեմ,- ծնողների պատմածն է հիշում Գրետան։- Մինչև հինգերորդ դասարան գյուղում եմ դպրոց գնացել, հետո ինքս հրաժարվեցի՝ հասկանալով, թե ինչքան խնդիրների եմ բախվում, չեմ հասկանում առարկաները:
Գրետան, որ ցանկանում էր սովորել, բայց չգիտեր թե ինչպես, ծնողներին ասում է, որ էլ դպրոց չի գնալու, նրանք էլ փորձում են ելքեր գտնել ու տեղափոխվում են Երևան: Աղջիկը, ի տարբերություն շատ երիտասարդների, որոնց գրավոր հայերենը այնքան էլ զարգացած չէ, գրագետ է գրում, շատ է սիրում հայոց լեզուն:
— Լխուեում երկլեզու ուսուցում էր ու ես ամեն բան արագ էի ըմբռնում: Կուզեի, որ Հայաստանի բոլոր դպրոցներում ժեստերի լեզու դասավանդեին՝ անկախ նրանից, դպրոցում կա լսողության խնդիր ունեցող աշակերտ, թե ոչ: Սա հնարավորություն կտա օգնել մարդկանց հասկանալ մեզ կյանքում, իսկ մեզ թույլ կտա արագ ինտեգրվել լսողների աշխարհին:
Գրետան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներառական կրթության ֆակուլտետ՝ ցանկանալով դառնալ սուրդո-մանկավարժ: Որոշ ժամանակ աշխատել է, հիմա կրկին փնտրտուքների փուլում է: Աշխատանք գտնելը հեշտ չէ, հատկապես երբ հստակ գիտես, թե ինչ ես ուզում, իսկ գործատուն մերժում է՝ պատճառաբանելով լսողության խնդիրը, լեզուներ չիմանալը։
— Հասարակությունը պետք է բաց լինի ու գիտակցի, որ խուլ մարդը չի լսում ընդամենը: Խուլ մարդն էլ պիտի հնարավորություն ունենա այնպիսի կրթական համակարգում սովորել, որ մասնագիտություն ընտրելիս առաջնորդվի ոչ թե ինչն է հարմար, այլ՝ ինչ եմ ես ուզում սկզբունքով:
Գրետան մեջբերում է Կոմիտասին ու խնդրում, որ մարդիկ իրենց վերևից չնայեն.
— Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին: Պետք է իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով՝ ձեզի հետ բարձրանալ… Երբ հասարակությունը խուլին սկսում է նայել որպես հավասար, այդ ժամանակ է միայն հաղթում:
Ժեստերի լեզվի մասնագետ Գոհար Մելիքյանն այն համոզման է, որ եթե պետությունն իսկապես որոշել է զարկ տալ ներառականությանը, ապա պետք է փոխել դասագրքերը, դրանք ավելի ընկալելի ու մատչելի դարձնել լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար: Ըստ նրա՝ ներառական կրթություն ասելով շատերը հասկանում են միայն ֆիզիկական ներառումը, ինչը բավարար չէ: Գոհարը Երևանի պետական մանկավարժական համալսարանում սովորող տարբեր ուսանողներ է ունեցել ու իր փորձից գիտի՝ մենք կրթական համակարգում որակյալ կադրերի կարիք ունենք։
— Մանկավարժական համալսարանի սուրդոլոգիայի ֆակուլտետն իր ուսանողներին բավարար գիտելիքներ չի տալիս: Բայց չէ՞ որ նրանք վաղը դառնալու են ներառական դպրոցի ուսուցիչներ, իսկ համալսարանն ավարտելով առանց ժեստերի լեզուն լիովին տիրապետելու՝ ուսանողը չի կարողանա կրթել հաջորդ սերնդին,- ասում է Մելիքյանն ու հավելում.- Ժեստերի լեզվի դասաժամերը շատ քիչ են և ոչ պրոֆեսիոնալ։ Սա իր հերթին անիրական է դարձնելու խուլ աշակերտի լիարժեք ներառումը դասապրոցեսին։
Ժեստերի լեզվի մասնագետը նշում է, որ համալսարանական կրթությունը լսողության խնդիրներ ունեցող մարդկանց թերի ուսուցման վառ օրինակ է: Միակ առավելությունը, որ ունեն խուլ մարդիկ, անվճար ուսուցումն է։ Բայց անվճար չի նշանակում անորակ:
— Արտասահմանյան բուհերում խուլ ուսանողի համար բուհը պարտավոր է թարգմանիչ հրավիրել, Հայաստանում նման բան չկա: Մարդիկ ընդունվում են հիմնականում Մանկավարժական, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ կամ Թատերական, բայց ոչ մի տեղ թարգմանիչ կամ թարգմանությամբ վիդեո նյութեր չեն տրամադրվում,- ասում է Գոհարը։- Անձամբ ճանաչում եմ սովորող և ավարտած ուսանողներ, որոնք միաբերան նույն խնդիրն են մատնանշում, որ առանց թարգմանչի կրթությունն անմատչելի է:
ԼԽՈՒԵ կրթահամալիրի երկրորդ հարկում մեզ սպասում է մնջախաղի խումբը՝ պարուսույց Հայկ Հոբոսյանի ղեկավարությամբ: Մնջախաղում՝ ինչպես ձուկը ջրում. երեխաների սիրած ժամն է, երբ իրենց աշխարհում են ու իրենք են կանոններ թելադրում: Ներկայացումն ինտերակտիվ է ու ես, որպես հանդիսատես, արագ ընդգրկվում եմ խաղին: Մնջախաղի ներկայացումներով հասցրել են զարմացնել թե՛ ծնողներին ու ուսուցիչներին, թե՛ դպրոց այցելողներին։
Արդեն ժամանակն է, որ հեռանամ դպրոցից, տասնմեկերորդցիները քչփչում են իրար մեջ:
— Ձեզ համար ժեստային անուն են մտածում,- կրկին օգնության է հասնում փոխտնօրենը:
Շուտով ինձ ցույց են տալիս իմ ժեստային անունը, ու այն թարգմանելու կարիք չունի, որովհետև աշխարհի բոլոր մարդիկ ժպիտը նույն կերպ են ցույց տալիս:









ԼԽՈՒԵ մնջախաղի խմբակը
* * *
Լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցը գտնվում է Երևանի ամենականաչ անկյուններից մեկում՝ Նորքի այգիներում: Ճանապարհին հարցուփորձ անելիս, թե ինչպես գտնել դպրոցը, տարբեր պատասխաններ էի ստանում.
— Հա, էս կողմում է կարծեմ, տենց էրեխեքի տեսել եմ ոնց որ…
— Էն խուլ ու համրերի դպրոցի մասի՞ն ա խոսքը…
Խուլ մարդիկ համր չեն, նրանք խոսում են աննկարագրելի գեղեցիկ լեզվով՝ ժեստերով: Հաճախ հենց «համր» բառը խտրականություն է դնում մեր վերաբերմունքի մեջ, պատնեշներ կառուցում հասարակության մեջ, ու մենք չենք կարողանում ընկալել մեզ համար լուռ մարդկանց միջի իրական աղմուկը, խոսքը, միտքը:
Իսկ քաղաքը շարունակում է ապրել իր սովորական ռիթմով՝ երթուղայինի աղմուկ, փողոցում արևի մի շող գտած երեխաների զվարթ զրույցներ, ջրափոսերը շրջանցող թրջված մարդկանց փնթփնթոց։ Այս ամենը գուցե անծանոթ է մարդկանց, որոնք իրենց աշխարհն ունեն, ու այո՝ նրանք այս ձայները չեն լսելու, բայց հասարակության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է, որ լսողության խնդիրը խնդիր չդառնա շփվելու, բարեկամանալու ու իրար սիրելու համար: