
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
«Հայաթ» բառը, որ տարածված է տարածաշրջանի տարբեր լեզուներում և, ըստ մի շարք լեզվաբանական մեկնաբանությունների, կապվում է արաբերեն արմատների հետ, հետաքրքիր իմաստային խտություն ունի։ Տարբեր պարունակներում այն նշանակում է ներքին բակ, գավիթ, շենքերի միջև ընկած հանուր տարածք։ Բայց հնչյունական դաշտում առկա է նաև «կյանք» իմաստը։
Գուցե սա լեզվաբանական պատահականություն չէ։ Հայաթը պարզապես ճարտարապետական հատված չէր։ Այն տների միջև ընկած կենդանի, կենսական կենտրոն էր։ Այստեղ էին երեխաները խաղում, հարևանները հանդիպում, համատեղ ուտելիք պատրաստում, կյանք կիսում։ «Կյանք»-հայաթ, որը հաճախ կապվում էր ոչ թե մեկուսացված ներքին տարածքի, այլ ընդհանուր ապրված տարածության հետ։
Ոչ վաղ անցյալում էլ հայկական հայաթն ընկալվում էր ոչ միայն որպես ճարտարապետական տարր, այլ որպես մշակութային՝ հավաքական ապրվող հոգեվիճակ, սոցիալական գոյակցության ձև, որտեղ մարդը մանկությունից մշտապես զգում էր մյուսների ներկայությունը՝ ձայների, շարժումների, հոտերի, համերի, սպասման և հանդիպումների միջոցով։

Բակը որպես առաջին սոցիալական աշխարհ
«զիլինա, գետնից բարձր»

Երեխայի համար բակը առաջին համայնքային աշխարհն էր։ Այն դուրս էր ընտանիքի ամբողջական վերահսկողությունից և դեռ չէր պատկանում համակագված աշվարհին։ Մի միջանկյալ տարածք, որտեղ երեխան առաջին անգամ սկսում էր ապրել հարաբերությունների իրական բարդությունը։ Սովորում էր ոչ միայն խաղալ, այլև հանդես գալ, գոյակցել, զգալ սահմաններ, պաշտպանել դիրքը, դիմանալ ամոթին, պարտվել, բանակցել…

Դասական խաղային թերապիայի տեսություններում խաղը դիտարկվում է որպես երեխայի ներքին աշխարհի լեզու։ Սակայն բակային խաղը տարբերվում է անհատական կամ սալոնային խաղից նրանով, որ այն հավաքական գիտակցականի տարածք է։ Այնտեղ երեխան մշակում էր ոչ միայն իր անձնական ապրումները, այլև խմբային կյանքի լարվածությունները։ Բակում հնարավոր էր մշակել այնպիսի փորձառություններ, որոնք ընտանիքում հաճախ մնում էին չարտահայտված․ մրցակցություն, խմբից դուրս մնալու վախ, ագրեսիայի կառավարում, սոցիալական դասակարգայնացում, վստահություն, դավաճանություն։
Հոգեկանի և բակի թաքուն անկյուններում
«Պահմտոցի», «Ծիկ . ես կամ ու չկամ»

Բակում երեխան խաղարկում էր անհետացման և գտնվելու հիմնարար թեման։ Խաղերը թվում են պարզ, բայց նրանց ներսում աշխատում են այն ներքին հարցերը, որոնք բառերով դժվար էր ձևակերպել։ Արդյոք ինձ կփնտրե՞ն, կկարողանա՞մ թաքցնել ինքս ինձ, հայտնաբերվելը վտանգավո՞ր է, թե՞ զվարճալի։



Այս խաղերում երեխան վերապրում և մշակում էր լինել-չլինելու, նկատված-անտեսված լինելու ներքին բախումները։ Խաղը դառնում էր գոյության խորհրդանշական փորձարկում, ինչը հիմք էր դնում հոգեկան սահմանների ձևավորմանը։ Դառնում իր փոքր աշխարհի Մագելանը՝ բակի թաքուն անկյուններում կատարելով առաջին համաշխարհային ճանապարհորդությունը դեպի անհայտն ու դեռ չհայտնաբերվածը։
Մարմինը որպես մտածողության ձև
«Բռնոցի, ռեզին, գորտուկ (լյագուշկա), քարկտիկ, յոթքար, հավալա, հոլ»

Բակային խաղերի առանցքային առանձնահատկություններից մեկը մարմնականությունն էր։ Ժամանակակից երեխան ապրում է ճանաչողական գերծանրաբեռնվածության պայմաններում, մինչդեռ բակային խաղերը մտածելու այլ ընթացք էին առաջարկում՝ մարմնի միջոցով աշխարհը ճանաչելու։

Վազքը, ցատկելը, հավասարակշռությունը, հետապնդումը, ընկնելը, արագ կողմնորոշվելը պարզապես շարժումներ չէին։ Դրանք նյարդահոգեբանական ներառման գործընթացներ էին, որոնց ընթացքում զարգանում էին տարածական ընկալումը, ազդակների վերահսկումը, վտանգի գնահատումը, զգայաշարժողական համակարգը և խմբային ռիթմի զգացողությունը` չվերահսկվող ազատության պայմաններում։


Այսպիսով, մարմնի սահմանների կենդանի փորձն ուղղակիորեն վերափոխվում էր հոգեկան սահմանների հիմքի, որտեղ ծնկները վերքոտ փորձառությամբ էին ճանաչում հարազատ բակի ասֆալտն ու հաշտվում ձգողականության ուժի հետ։ Առաջին վերքով կամ գլխին հայտնված պլուզով յուրաքանչյուրը ձոնում էր իր առաջին ոդիսականը։
Բակը որպես սոցիալական լաբորատորիա
«Ալա բալա նիցա»

Ընտանիքում երեխան հաճախ ստանում է ամրագրված դերեր՝ «խելոք», «լավ», «փոքր», «ծույլ»…։ Բայց բակում այդ դերերը կարող էին քանդվել և վերաձևավորվել։
Դպրոցում լռակյաց երեխան կարող էր բակում դառնալ առաջնորդ, իսկ «օրինակելի» երեխան՝ դժվարությամբ ներառվել խմբին։ Սա կարևոր հոգեբանական փորձառություն էր մեծ կյանք տանող ճանապարհներին, երբ երեխան առաջին անգամ զգում էր, որ ինքնությունը բազմաշերտ է, իսկ դրա հանդեպ գնահատականները կայուն չեն, այլ հարաբերական են՝ կախված միջավայրից։

Այստեղ բակը նաև ինքնակարգավորման տարածք էր։ Երեխաներն իրենք են ստեղծում կանոններ, փոխում դրանք, սահմանում արդարությունը։ Խաղը դառնում էր վաղ սոցիալական պայմանագրի տեսակ, ուր մեծահասակների վերահսկողությունը նվազագույն էր։ Սա երեխային տալիս էր մշակութային ինքնավարության փորձ. նրանք ոչ միայն խաղում էին, այլև դառնում իրենց փոքր հասարակության հեղինակները, որտեղ ոստիկանի «ատամը քարից ա»։
Ագրեսիայի խորհրդանշական մշակումը
«տոպկոցի», «չլոցի», «չլիկ դաստա», «էշ միլիցա»

Ժամանակակից մշակույթը հաճախ ձգտում է արագ ճնշել կամ «սրբագրել» երեխայի ագրեսիան։ Սակայն բակային խաղերը ծառայել են որպես ագրեսիայի մշակման անվտանգ տարածք։ Հետապնդման, մրցակցության, ուժի, աղմուկի միջոցով երեխան հնարավորություն ուներ զգալ իր արագության, ճարպկության որակները, փորձարկել գերակայություն, դիմակայել պարտությանը, մղվել, հարձակվել` առանց ոչնչացնելու, ճանաչել մյուսի սահմանը։

Այս փորձառությունների բացակայությունը բերում է նրան, որ ագրեսիան չի ներառվում. այն կամ ճնշվում է՝ վերածվելով տագնապի, կրավորականության, կամ դառնում է անկառավարելի։
Կրկնության կախարդական գաղտնիքը
«ոտգցոցի», «փչացած հեռախոս», «թաշկինակ»

Բակային խաղերի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն էր, որ դրանք կարելի էր անվերջ կրկնել՝ առանց ձանձրանալու։ Թվում է` ինչպե՞ս կարելի է նույն խաղը խաղալ օրերով, տարիներով։ Բայց կրկնվում էր միայն կառուցվածքը։
Կրկնվող խաղը երեխայի համար ստեղծում էր պաշտպանված, կանխատեսելի աշխարհ։ Նա գիտեր խաղի ընթացքը, բայց երբեք չէր կարող ամբողջությամբ կանխատեսել հարաբերությունները, հույզերը, հաղթանակը կամ պարտությունը։ Այս պատճառով խաղը միաժամանակ և՛ կայուն էր, և՛ կենդանի, ինչպես ծեսը։ Ծեսերը նույնպես անընդհատ կրկնվում են, բայց չեն ձանձրացնում. դրանց նպատակը նոր տեղեկատվությունը չէ, այլ պատկանելիության վերապրումը։ Բակային խաղերը փոքր համայնքային ծեսեր էին, որտեղ երեխան վերադառնում էր ոչ միայն խաղին, այլև ընդհանուր ընթացքին, նույն ձայներին, նույն բակին, նույն «մենք»-ին։

Այս խաղերը նաև մշակութային հիշողության կրողներ էին՝ փոխանցվելով ոչ թե գրքերով, այլ մարմնից մարմնի, սերնդից սերունդ, իրենց մեջ ներառելով տվյալ համայնքի լեզուն, արագությունը, հումորն ու գոյաբանական վերաբերմունքը։
Երբ երեխան խաղում էր բակում, նա պարզապես ժամանակ չէր անցկացնում, այլ կառուցում էր իր «Ես»-ի համակցական, մարմնական և հուզական քարտեզը։ Հենց կրկնվող կառուցվածքն էր, որ դառնում էր հոգեբանական փորձարան, ուր դեռ չձևավորված ինքնությունն անընդհատ վերամշակում էր անցնում՝ հնարավորություն տալով երեխային բազմիցս փորձարկել իրեն տարբեր դիրքերում. նույն երեխան այսօր կարող էր լինել հաղթող, վաղը՝ պարտվող, մյուս օրը՝ առաջնորդ կամ մերժված։
Ժամանակի հայեցողական փորձառությունը
«Հալամուլա», «….Ով պարտվի, տուն կգնա»

Բակում ժամանակը հոսում էր այլ կերպ։ Այն չէր չափվում արդյունավետությամբ, արտադրողական արդյունքով կամ ժամանակացույցով։ Ժամանակը զգացվում էր ստվերների խտությամբ, ձայների փոփոխությամբ, հոգնածության աստիճանով, զգայական համալիր որակներով։

Ժամանակակից մանկության մեծ մասը կազմակերպված է․ մարզասրահ, պարապմունք, վերահսկվող ժամանց, որտեղ ժամանակը հաշվարկվում է, բաժանվում և գնահատվում։ Մինչդեռ բակը երեխային տալիս էր «անպետք» ժամանակի փորձառություն՝ թափառելու, սպասելու, ձանձրանալու ու կենարար ձանձրույթի բովում ինքնուրույն հորինելու հնարավորություն, ինչը դառնում էր ստեղծագործության, երևակայության և ներքին կյանքի ձևավորման նախապայմանը։
Բակային խաղերի անհետացումը
«Մի ոտանի սև սատանա»

Այսօր բակերը՝ որպես կենդանի մշակութային միջավայր, դատարկվում են։ Ավտոտնակների, խանութների, վերահսկվող տարածքների առատության մեջ մանկական «աղմուկը» գնալով նվազում է։ Բակային խաղերի անհետացումը պարզապես կարոտագին թեմա չէ, այլ ժամանակակից մշակութային խնդիր, մանկության ներքին կառուցվածքի փոփոխություն:
Ժամանակակից քաղաքային միջավայրում վերահսկվող մանկությունը, գերհագեցած ժամանակացույցը, թվային մեկուսացումն ու խաղի համակարգայնացումը նվազագույնի են հասցնում ինքնաբուխ համայնական փորձը։ Երեխային միայն «զարգացնող զբաղմունքներ» տալը չի փոխարինում ազատ խաղին։ Կենդանի հարաբերությունը, ռիսկի անվտանգ փորձարկումն ու իրական աշխարհի անկանխատեսելիության հանդեպ դիմադրողականությունն այսօր տեղի են տալիս ցածր հուսախաբության դիմադրողականությանը, սոցիալական անհարմարվողականությանը, բարձր տագնապայնությանն ու ստեղծագործ խաղի հյուծմանը։

Երբ բակն ամայանում է, երեխան կորցնում է ոչ միայն խաղալու տեղը․ նա կորցնում է աշխարհի հետ չմիջնորդավորված, կենդանի հարաբերության կառուցվածքը։
Հայաթում են ստվերները երկարում մինչև անվերջություն, հայաթից է հնարավոր տեսնել ծանոթ տների լուսամուտներն ու երևակայել ներսը։ Բարձր տանիքը իջեցնել ոտնաթաթի տակ։ Հայաթում է հնարավոր տեսնել ինքդ քեզ տարբեր երիզներից ու ամբողջացնել ես-իդ համալիր, բայց շարժվող պատկերը. գտնել ներքին հանելուկի բոլոր կտորները, նորից խառնել դրանք և կրկին հավաքել։ Ուր «մի ոտանի սև սատանան»՝ որպես անորոշի հանդեպ վախի ծիծաղելի որակ, կընտելանա ներկայի հետ՝ դարձնելով մանկությունը մոգական և իսկական միաժամանակ։

Տեքստը` Դիանա Գալստյանի։
