
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
«Երբեմն ես մի ձեռքով երեխային էի գրկում, կերակրում, մյուսով գործ էի անում։ Դա մեր առօրյան էր։ Երեխան էլ արդեն սովորել էր առցանց հանդիպումներին, սկզբում բոլորին բարևում էր, հետո անցնում էինք գործի»,- մեզ հետ զրույցում պանդեմիայի շրջանում նորածնի հետ տնից աշխատելու իր փորձի մասին պատմում է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF Armenia) երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը։
Որոշ ժամանակ անց Հասմիկն աշխատում էր արդեն գրասենյակից․ «Աշխատավայրում մենք հնարավորություն ունենք երեխային բերել, կերակրել, որովհետև կերակրասենյակ կա։ Բացի այդ, կրծքով կրակրելու շրջանում հնարավորություն ունենք մեկ ժամ ուշ գալ, մեկ ժամ շուտ գնալ, կամ 2 ժամ շուտ գնալ տուն, կարող ես ընդմիջումդ էլ չօգտագործել ու էլի շուտ գնալ տուն։ Այդ առումով գործատուն ճկուն է։ Ես որոշեցի շուտ գնալ տուն»։
Աշխատավայրում կերակրասենյակ ունենալն ու աշխատանքային ճկուն պայմանները օգնում են աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրելը աշխատանքի վերադառնալուց հետո, չխաթարել մոր ու երեխայի հուզական կապը․
«Դա վկայում է, որ գործատուն հարգում է աշխատողի մայր լինելը։ Գիտես, որ եթե կարիք լինի երեխային բերել, տեղ ունես, որտեղ կարող ես կերակրել, գոնե մի ժամ երեխայի հետ լինել օրվա ընթացքում։ Ասեմ նաև, որ աշխատանքի ընթացքում մարզեր շատ եմ գնացել ու հիմնականում երեխան ինձ հետ է եղել, բացարձակ չի խանգարել աշխատանքին, թեև, իհարկե, դժվար է եղել»,- պատմում է Հասմիկը։
Կնոջ ու երեխայի համար հարմարվետ աշխատանքային միջավայրն ու քաղաքականությունը ուղիղ ազդեցություն ունեն ընտանիքի բարեկեցության վրա։ Եվ միջազգային փաստաթղթերում էլ կիրառվում է հենց ընտանիքամետ (family-friendly) տերմինը։ Ընտանիքամետ միջավայրի կարևոր բաղկացուցիչներ են աշխատատեղի պահպանմամբ վճարվող մայրության արձակուրդը, խտրականության բացառումը՝ հղիության ու ընտանեկան դրության հիմքով, աշխատանքային ճկուն ժամերը, կրծքով կերակրելու իրավունքի պաշտպանությունը և այլն։
Հայաստանում կան արձակուրդի տրամադրման, խտրականության բացառման գործող մեխանիզմներ (թեև լինում են խախտումներ և որոշ դեպքերում կարող են ոչ բավարար գործել), իսկ ահա կրծքով կերակրերը խրախուսելու դեպքում դրանք գրեթե չկան։ Եվ Հասմիկի օրինակը բացառիկ դրականներից մեկն է։
Սենյակներ՝ երեխաների խնամքի ու հանգստի համար
«Ծնվելուց հետո կյանքի առաջին 6 ամիսը բացառապես կրծքով կերակրումը և ընդհուպ 2 տարի կամ ավելին կրծքով կերակրելը շարունակելը՝ հզոր միջոց է երեխային թերսնուցման բոլոր ձևերից պաշտպանելու համար, այդ թվում՝ ծայրահեղ թերսնուցումից և ճարպակալումից: Կրծքի կաթը նաև փոքրիկների առաջին պատվաստանյութն է, որը պաշտպանում է նրանց մանկական բազմաթիվ հիվանդություններից»,- նշված է օգոստոսի 3-ից մեկնարկած կրծքով կերակրման համաշխարհային շաբաթի կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ժամանակն է առաջնահերթություն տալ կրծքով կերակրմանը նպաստող հարմարավետ միջավայրի ապահովմանը՝ հօգուտ մայրերի և իրենց փոքրիկների։ Միևնույն ժամանակ առաջարկվում ապահովել, որ գործատուները կանանց կրծքով կերակրելու համար անհրաժեշտ ժամանակ և ապահով վայր տրամադրեն, նաև վճարվող ծնողական արձակուրդ (առավել երկարատև մայրության արձակուրդ), հասանելիություն երեխայի խնամքի մատչելի և որակյալ ծառայությունների և այլն։
Մայրերի ու նրանց փոքրիկների համար հարմարավետ միջավայրի ստեղծման կարևոր բաղադրիչներից մեկը հենց կերակրասենյակների կամ երեխայի խնամքի սենյակներն են։ Հայաստանյան օրենսդրությամբ կան մի շարք նորմեր՝ այս հարցի վերաբերյալ։
- Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու կրծքով կերակրում՝ որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ստանալու համար։
- Կրծքով կերակրող կինն իրավունք ունի ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար։
- Պետությունը միջոցներ է ձեռնարկում կրծքով կերակրումը խրախուսելու, կրծքով կերակրող կանանց և երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենք
Աշխատանքային օրենսգրքի 251-րդ հոդվածով կազմակերպության սանիտարահիգիենիկ սենյակների թվում նշվում է նաև երեխաներին կրծքով կերակրելու համար սենյակը։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ չկան ենթաօրենսդրական ակտեր այն մասին, թե որ դեպքերում և ինչ չափանիշներով պետք է կահավորվեն այս սենյակները։ Եվ գործնականում այս նորմը կիրառելի չէ։
Կրծքով կերակրող մայրերի համար սենյակների ստեղծում է նախատեսվում ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես նշվում է, որ փորձնական ծրագրով Երևանում բարձրագույն ուսումնական և պետական հաստատություններում միջոցառումն իրականացվելու է 2021-2023 թվականներին։
Սակայն հայտնի չէ, թե 2023-ին ինչ կոնկրետ արդյունք է լինելու, չկա որևէ հստակություն, թե որ հաստատություններում և քանի կերակրասենյակ է նախատեսվում ունենալ։
Հավելյալ ընդմիջումներ՝ կերակրող մայրերին
Ընդհանուր առնվազն 1 ժամ հավելյալ ընդմիջման իրավունք ունեն մինչև 1,5 տարեկան և կրծքով կերակրվող երեխա ունեցող կանայք։ Աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածով՝ երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ:
Այս նորմը նույնպես գործնականում գրեթե կիրառելի չէ։ Նախ, սակավաթիվ են այն գործատուները, որոնք աշխատավայրում ունեն կրծքով կերակրելու կամ երեխայի խնամքի սենյակներ․
«Եթե լիներ նման սենյակ, մեր դայակը երեխային կբերեր ինձ մոտ, կկերակրեի, հետ կտանեին։ Իհարկե, շատ շքեղ կլիներ, եթե դայակը երեխայիս պահեր հենց այդ սենյակում՝ իմ աշխատելու ժամերին։ Իսկ իրականում ես կաթը հավաքում էի զուգարանում, որովհետև չէի ուզում երեխայիս կրծքից կտրել այդքան շուտ։ Պահեստավորում էի, որ իմ բացակայության ժամանակ կերակրեին»,- պատմում է դեղագործ Ալինա Կարապետյանը։
Լրագրող Մանե Մադոյանը հավատում է, որ գործատուի կողմից նման պայմանների ապահովումը բավականին կհեշտացնի աշխատող մայրերի կյանքը, սակայն այդ ամենը անհավատալի շքեղություն է թվում․ «Կերակրասենյա՞կ․ երբ նորմալ զուգարան ունենա գործատուն, կերակրասենյակի մասին կարող ենք մտածել»։ Նա խոսում է նաև տրանսպորտի խնդրի մասին․ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ տաքսիով աշխատանքի գալ-գնալ, իսկ հանրային տրանսպորտի վրա հույս դնել չի լինել։
Եվ քանի որ 30 րոպեում կինը ֆիզիկապես չի կարող աշխատավայրից հասնել տուն, կերակրել երեխային ու վերադառնալ, ապա որոշ դեպքերում գործատուի համաձայնությամբ ընդմիջման ժամերը գումարվում են և աշխատողը մեկ ժամ շուտ է ավարտում աշխատանքը։
Աշխատանքային ճկուն ժամեր
Մանե Մադոյանը հիշում է, որ առաջին երեխան տասն ամսական էր, երբ դադարեցեց կրծքով կերակրելը․ հիմնական պատճառը ուսման վայրում ու աշխատավայրում անհարմար պայմաններն էին՝ առավել երկար կերակրումը շարունակելու համար։ Իսկ երրորդ բալիկն արդեն մեկ տարեկան է, շարունակում է կերակրել, քանի որ այս շրջանը համընկնել է կորոնովիրուսի տարածման հետ և աշխատում է տնից։
Կորոնավիրուսային շրջանը ապացուցեց, որ հնարավոր է մի շարք աշխատանքներ անել հեռավար։ Եվ միգուցե ժամանակն է, որ նաև օրենսդրությամբ իրավունք տրվի հղի և մանկահասակ երեխա խնամող կանանց աշխատել հեռավար՝ հնարավորության դեպքում։ Ներկայումս հեռավար աշխատելու հնարավորությունը սահմանվում է միայն ֆորսմաժորային իրավիճակների դեպքում։
Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանվում է, որ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Եվ այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան։
Պետությունը՝ որպես գործատու
«Կետ 33» կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ կատարված «Վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքի պաշտպանության իրավական երաշխիքներն ու աջակցման ծրագրերը» հետազոտության շրջանակում կերակրասենյակներ ունենալու և դրան առնչվող խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղվել ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի աշխատակազմերին, 12 նախարարություններին և առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնին, քանի որ ունի աշխատանքային իրավունքի պաշտպանության հանդեպ վերահսկողության լիազորություն։
Ստացված պատասխանների համաձայն՝ այս կառույցներից և ոչ մեկում չկան կերակրման սենյակներ։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ դրա անհրաժեշտությունը չի եղել կամ այդ հարցով չեն դիմել։ Մինչդեռ այդ կառույցներում աշխատող և մայրության արձակուրդից օգտվող կանայք կան և գործատուի կողմից սենյակի տրամադրումը հենց կարող է իրազեկել կնոջն իր իրավունքի մասին և խրախուսել աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրումը նաև աշխատանքի վերադառնալուց հետո։
Ո՞րն է գործատուի օգուտը
Կնոջ ու նրա երեխայի համար հարմարավետ (ընտանիքամետ) միջավայր ունեցող կազմակերպությունները բացի այն, որ վայելում են հեղինակություն և գրավիչ են բարձր որակավորում ունեցող կադրերի համար, ունենում են նաև այլ օգուտներ։ Ավստրիայում կատարված հետազոտությունը առավել հստակ ցուցանիշներ է նշում, թե ինչու պետք է գործատուն լինի առավել ընտանիքամետ․
- Աշխատելու մոտիվացիան բարձրանում է 11 տոկոսով։
- Կադրային հոսունությունը նվազում է 10 տոկոսով։
- Մայրության, երեխայի խնամքի արձակուրդը տևում է կարճ (9 տոկոսով), քանի որ աշխատողները առավել հակված են լինում շուտ վերադառնալ աշխատանքի։
- Հիվանդության պատճառով բացակայությունները ավելի քիչ են (միջինից 23 տոկոսով քիչ)։
- Աշխատողի նվիրվածությունը ընկերությանը բարձր է։
- Աշխատանքի արդյունավետությունն աճում է 12 տոկոսով։
Ընտանիքամետ քաղաքականությունները ազդում են ընտանիքի բարեկեցության ու ևս մեկ երեխա ունենալու որոշման վրա։ Հենց այս պատճառով ծնելիության ցածր աճի ցուցանիշ ունեցող պետությունները ոչ միայն օրենսդրական նորմերով, այլ գործնական ծրագրերով խրախուսում են գործատուներին՝ ապահովել ընտանիքամետ միջավայր։
Օրինակ, Գերմանիայի կառավարությունն իրականացնում է «Ընտանիքը՝ հաջողության գործոն» ծրագիրը, որի շրջանակում գործատուի կողմից աշխատողի մինչև 6 տարեկան երեխաների ցերեկային խնամքը կազմակերպելու համար տրամադրվում է ֆինանսավորում։ Երեխայի խնամքի կազմակերպումը տարբեր կերպով է իրականացվում՝ կախված կազմակերպության աշխատակիցների թվից ու միջին տարիքից, ինչպեսև նրանց կարիքից, օրինակ՝ խնամքի սենյակների կահավորում, սեփական փոքր մանկապարտեզների կառուցում, երրորդ կողմի երեխայի խնամքի ծառայություններից օգտվել և այլն։
Կամ Պորտուգալիայում մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողները հնարավորություն ունեն ընտրել կամ ոչ ամբողջական օրով կամ ճկուն աշխատանքային պայմաններով աշխատել, իսկ մինչև երեք տարեկան երեխա ունեցողները կարող են պահանջել աշխատել տնից։
Հայաստանը նույնպես ծնելիության ցածր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, եթե 1991 թ-ին գյուղական վայրերում մեկ կինն ունենում էր միջինում 3․2 երեխա, իսկ քաղաքայինում՝ 2․3 երեխա, ապա 2019-ին գյուղական վայրերում գործակիցը 1․469 է, իսկ քաղաքայինում՝ 1․666։
Եվ, հաշվի առնելով այն, թե վերջին տարիներին Հայաստանն ինչ հումանիտար ծանր ցնցումների միջով է անցնում, ապա հրամայական է դառնում այս գործում շտապելը։