
Աշխատանքի կարևորությունը, կարծես թե, գիտակցում է ողջ հասարակությունը, դրա խրախուսումը երևում է ժողովրդական բազմաթիվ ասացվածքներում ու առակներում։ Բոլորն էլ վաղ մանկությունից լսել են «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն», «Ով աշխատի, նա կուտի» և այլ դաստիարակչական խրատները։
Աշխատանքի հետ միասին ձևավորվել է «աշխատասիրություն» հասկացությունը, որն ունի բացառապես դրական իմաստ։ Ժամանակի ընթացքում «աշխատասիրությունը» անձնական, անհատական մարդկային որակից բացի, ստացել է պետություններն ու ժողովուրդներին բնութագրող հատկանիշ։
Հայերը ևս ունեն աշխատասիրության մասին իրենց պատկերացումը։ «Հայերն աշխատասեր ժողովուրդ են», այս կարծիքին է ոչ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլև յուրաքանչյուր հայ։ Մեր աշխատասիրությունը նկատել են նաև դարերի ընթացքում Հայաստանով անցած ճանապարհորդները, տարբեր կայսրությունների տեղապահները, կուսակցական ու քաղաքական գործիչները։
Մեր աշխատասիրության մասին տարածված կարծիքն աստիճանաբար փոխվեց անկախ պետություն դառնալուց հետո, երբ Հայաստանն ինքն էր վճռում տնտեսական իր քաղաքականությունը, ինքն էր միջոցներ հայթայթում այս կամ այն կամուրջն ու ճանապարհը կառուցելու համար։ Մենք տեսանք, որ չնայած աշխատասիրության մասին մեր պատկերացումներին ու հռչակին՝ մենք լավ չենք ապրում, մեր հաջողություններն ակնառու չեն, իսկ հանապազօրյա խնդիրները ոչ մի կերպ լուծում չեն ստանում։ Հայկական առանձնահատուկ աշխատասիրության մեր ինքնագնահատականն աստիճանաբար փոխվեց, և շատերը սկսեցին մտածել, որ միգուցե մենք այնքա՞ն էլ աշխատասեր չենք։ Ոմանք՝ ավելի համարձակները, ասացին, թե մենք ոչ միայն աշխատասեր չենք, այլև ծույլ ենք…
Շատ ավելի դժվար է հասկանալ, թե ինչպե՞ս է չափվում մարդկանց ու ժողովուրդների աշխատասիրությունը, ո՞ր դեպքում կարող ենք ասել, որ հայերն ավելի աշխատասեր են, քան, օրինակ, չինացիները և հակառակը։ Կարևոր է նաև հասկանալ, թե առանձին վերցրած մարդկանց աշխատասիրությունն արդյո՞ք բավարար պայման է երկրի տնտեսական բարեկեցության համար։

Աշխատասիրությունը չափելու փորձեր արվել են, և պարզվում է, որ միակ հաշվելի միավորը աշխատաժամանակն է, այսինքն՝ օրական, շաբաթական կամ տարեկան քանի ժամ են աշխատում տվյալ երկրում։ Անմիջապես արձանագրենք, որ այդ ժամանակը բացարձակ չի նշանակում, որ շատ աշխատող երկրները տնտեսապես ավելի բարեկեցիկ են։ Օրինակ՝ ժամաքանակի առումով աշխարհում առաջին հորիզոնականներում է Մեքսիկան, որտեղ աշխատաժամը տարեկան 2143 է, այսինքն շաբաթական 41 ժամից ավելի։ Այս ցուցանիշը բարձր է նաև Հարավային Կորեայում, Ռուսաստանում և մի շարք այլ՝ տնտեսապես ոչ առաջատար երկրներում։ Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ Հայաստանում աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել շաբաթական 40 ժամը։ Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Նորվեգիայում աշխատանքային շաբաթը 28-37 ժամ է։
Եվ այսպես, ինչպես տեսնում ենք, աշխատասիրությունը կամ շատ աշխատելը երկրի տնտեսական հարստության և բարեկեցության հետ ուղղակի առնչություն չունի։
Խորհուրդների երկրում
Կարևոր է հիշել, որ վերը նշված դիտարկումները վերաբերում են ազատ շուկայական տնտեսությամբ հասարակարգերին։ Խորհրդային համակարգը, որն էական ազդեցություն է ունեցել մեր սոցիալ-կենցաղային ընկալումների և բնութագրիչների վրա, աշխատանքային հարցերը բոլորովին այլ կերպ էին կարգավորվում։ Ստեղծման արշալույսին Խորհրդային Միությունը տնտեսապես թույլ ու հետամնաց երկիր էր՝ քաղաքացիական պատերազմից հյուծված և բնակչության հսկայական կորստի պատճառով լիովին քայքայված։ Բացի այդ, կապիտալիստական՝ ազատ շուկայական հարաբերություններն այնտեղ արգելված էին, իսկ մասնավոր սեփականատերերը «ժողովրդի թշնամի» էին համարվում։
Երկիրը, սակայն, պետք էր ոտքի հանել, ու առաջին հերթին՝ կերակրել։ Եվ խորհրդային համակարգը սկսում է օգտագործել հարկադիր աշխատանքը՝ «աշխատանքային բանակներ» ձևավորելով։
1920-21թթ. Խորհրդային Ռուսաստանում ստեղծվում են աշխատանքային բանակներ, որոնք ճանապարհներ էին կառուցում, աշխատում գյուղերում, կոլտնտեսություններում, շինարարություններում։ Նախապես դրանք պահեստային զինվորական ստորաբաժանումներ էին, իսկ քաղաքացիական պատերազմի ավարտից ու արտաքին վտանգի նվազեցումից հետո՝ նաև գործող զորամասերի մի մասը։ Ռազմական կոմունիզմի տարիներին աշխատանքային բանակի ստորաբաժանումներն օգտագործում էին պարենային բռնագրավումների համար, պայքարում բանդիտիզմի դեմ։
1920-ական թվականների սկզբին Խորհրդային Ռուսաստանում ավելացել էին քրեական հանցագործությունները, ինչպես նաև քաղաքացիական անհնազանդության և զինված դիմադրության դեպքերը։ Հետագայում՝ 1920-ական թվականների վերջի և 30-ականների սկզբի կոլեկտիվացման տարիներին, քաղաքացիական անհնազանդությունը շարունակվում է՝ հաճախ ստանալով արյունալի բախումների տեսք։
Աշխատանքային բանակներն օգտագործվում էին հետագայում լայնորեն տարածված գուլագների ու հատուկ անձնակազմի (спецконтингент) և գերիների աշխատանքը համակարգելու համար։ 1920-ականների վերջին ԽՍՀՄ-ն աննախադեպ չափերով զարգացնում էր ծանր արդյունաբերությունը, որն ուղեկցվում էր ենթակառուցվածքների ահռելի նախագծերով։ Չունենալով բավարար ռեսուրսներ՝ հարկադիր աշխատանքը կամ աշխատանքի վարչահարկադրական միջոցները լայնորեն կիրառվում էին։ Թերևս սա նույնպես նպաստում էր պետական աշխատանքի նկատմամբ եղած բացասական վերաբերմունքի ձևավորմանը։ Հասկանալի է, որ քաղաքական հայացքների համար աքսորված մարդը որակյալ աշխատանք կատարելու առանձնապես մեծ ցանկություն չէր կարող ունենալ։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այս համակարգը մասամբ փոխվում է գերիների աշխատանքով։ Հայաստանում ևս եղել են հազարավոր գերիներ, և առայսօր մարդիկ հիշատակում են այն ճանապարհներն ու շինությունները, որոնք կառուցել էին գերիները։
1923-27 թվականները՝ ՆԷՊ-ի [1] տարիները, միակ շրջանն էր, երբ խեղդվող տնտեսությունը փրկելու համար բոլշևիկները ստիպված թույլ են տալիս մասնավոր սեփականությունն ու ձեռներեցությունը։ Գաղափարական խիստ հակասության պատճառով 1928-ից ՆԷՊ-ի քաղաքականությունը դադարեցվում է, և ԽՍՀՄ-ն անցնում է պլանային տնտեսության և համայնքային սեփականության կոշտ քաղաքականության։ 5 տարում Խորհրդային Միությունում ամենուր ստեղծվում են կոլեկտիվ տնտեսություններ, որոնք կատարում էին կուսակցության և կառավարության սահմանած պլանները։ Կոլեկտիվացման նախնական շրջանում բավականին մեծ էր դիմադրությունը՝ գյուղացիական շարժումներ, անգամ՝ զինված բախումներ ու սպանություններ։ Սակայն պետական մեքենայի հարկադրանքը տալիս է արդյունքները, և 1933-ին ողջ երկրում կոլեկտիվացումն ավարտվում է։ Սկսվում է երկրորդ շրջանը, երբ կոլտնտեսություններում ընդգրկված մարդիկ պարզապես լավ չէին աշխատում, բացակայում էին և ընդհանրապես՝ չունեին որևէ շահագրգռություն։ 1933-ին անգամ Ստալինն էր արձանագրում, որ գյուղացիական տնտեսություններում դեռ շատ անելիքներ կան, որոնց թվում առաջնայինը նախկին կուլակների և հակահեղափոխականների դեմ պայքարն էր։ Ըստ առաջնորդի՝ հակահեղափոխական տարրերը հաստատվել էին գործարաններում և կոլտնտեսություններում, «հեզ» ու «քաղցրախոս» մարդիկ էին, սակայն լավ չէին աշխատում և ձախողում էին գործը։
«Նրանց չպետք է կոլտնտեսություններից հեռու փնտրել, նրանք նստում են հենց կոլտնտեսությունների մեջ և գրավում են այնտեղ պահեստապետերի, տնտեսվարների, հաշվապահների, քարտուղարների և այլ պաշտոններ։ Նրանք երբեք չեն ասում «կորչեն կոլտնտեսությունները»։ Նրանք կոլտնտեսության «կողմնակից» են։ Սակայն նրանք կոլտնտեսություններում կատարում են այնպիսի սաբոտաժային և վնասակար աշխատանք, որ դրանից կոլտնտեսությունները չեն առողջանում»,— ասել էր Ստալինը[2]։

Կոլտնտեսությունների վատ աշխատանքը խորհրդային իշխանությունը բացատրում էր մենատնտեսների և մյուս աշխատողների վրա կուլակների բացասական ազդեցությամբ. նրա՛նք էին, որ «փչացնում էին» կոլտնտեսականներին։ Արժե նշել, որ կուսակցության ղեկավարներն ու քարոզիչներն իրենց ելույթներում ակամա «բացահայտում էին» կոլտնտեսությունների աղետալի վիճակի իրական պատճառները։ Բոլորին հասկանալի էր, որ մարդը գերադասում էր մշակել իր սեփական հողը և ինքնուրույն տնօրինել այդ հողից ստացված եկամուտը։
«Երբ դուք տեսնում եք կոլտնտեսականի ագարակը, իսկույն աչքի է զարնում, թե ինչպես նրա բանջարանոցը հրաշալի կերպով մշակված է, իսկ կոլտնտեսային դաշտերը հաճախ խայտառակ վիճակի մեջ են։ Մի՞թե պարզ չէ այս բոլորի դասակարգային իմաստը։ Մի՞թե պարզ չէ, որ կոլտնտեսականի բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի հարցը — դա դասակարգային կատաղի պայքարի ասպարեզն է, ուր կուլակը փորձում է կազմակերպել սաբոտաժ, կոլտնտեսային շինարարության վիժեցում» [3]։
Փորձելով մասնավոր սեփականությանը հակադրել հանրային (կոլեկտիվ) սեփականության գաղափարը՝ բոլշևիկները տնտեսական իրենց մոդելն արդյունավետ էին համարում։ Սակայն արդյունավետությունն օրեցօր ընկնում էր և աշխատանքային կարգապահությունը դառնում էր առաջնային նշանակություն ունեցող խնդիր։ Պաշտոնական տվյալները ցույց էին տալիս, որ կոլտնտեսություններում ամեն օր աշխատանքի էին գնում գյուղացիների 45-65 տոկոսը։ Առաջ ընկնելով նշենք, որ տարբեր պատճառաբանություններով աշխատանքից բացակայելը կամ ուշանալը խորը արմատներ ուներ նաև քաղաքներում՝ գործարաններում, արդյունաբերական ձեռնարկություններում և տարատեսակ գրասենյակներում։ Այս արատավոր երևույթը հետագայում շարունակվեց նաև նորանկախ Հայաստանում, որը, հնարավոր է, իր ազդեցությունն ունի նաև մերօրյա կյանքում։
«Խորհրդային իրականությունն արհեստական էր, ըստ էության, այդ պատճառով էլ հենց փլվեց։ Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն էլ այդ արհեստականության համատեքստում պետք է դիտարկվի, որովհետև մարդիկ աշխատում էին և իրենց աշխատանքին համարժեք չէին գնահատվում, և այդ աշխատանքն, ըստ էության, համարժեք չէր։ Պլանային տնտեսություն էր, մարդիկ տարված էին ոչ թե աշխատանքի որակով, այլ պլանը կատարելով և հատկապես՝ գերակատարելով»,— ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
1929-ին Երևանում հրատարակված «Աշխատանքային կարգապահություն» գրքույկում նշված էին այն հիմնական թերությունները, որոնք հանդիպում էին խորհրդային աշխատանքում։ Անփութություն, պարտականությունների անբարեխիղճ կատարում, անճշտապահություն, անհոգություն, որոնց պակասը մենք չունենք նաև այսօր։ Այդ տարիներին թերությունների վերացման ամենաարդյունավետ միջոցը համարվում էր բռնագանձումը։ Մի քանի տարի անց պատժի մեխանիզմն էլ ավելի ուժեղացավ և աշխատանքային պարտականությունների անբավարար կատարումը շատ ավելի խիստ պատժի էր արժանանում։
«Բանվոր դասակարգի կուլտուրական մակարդակի, նրա գիտակցության բարձրացման ընդհանուր ֆոնի վրա առանձնապես անճոռնի կերպով են երևում այս թույլ աշխատանքային կարգապահության, անփույթ աշխատանքի ցավոտ կողմերը, որոնք երևան են գալիս պրոլետարիատի այս կամ այն խավում։ Այս խավերի վրա էլ պիտի աշխատել ազդել վարչական կարգով՝ բռնագանձման միջոցով» [4]։
Անհարգելի բացակայություն
Աշխատանքից անհարգելի բացայակությունը՝ պրոգուլը [5], համարվում էր 1920-ական թվականների վերջի աշխատանքային հիմնական կարգազանցություններից մեկը։ Իսկ ինքնակամ բացակայությունը Հայաստանի ձեռնարկություններում բավականին զգալի էր։
«Մինչև ընթացիկ տարվա (1929) ապրիլ ամիսը Հայաստանի 9 հիմնական ձեռնարկություններում նման պրոգուլներն առանց հարգելի պատճառների կազմում են 1,9 տոկոս։ Այս տոկոսը մոտավորապես 10 անգամ ավելի է նորմալ վիճակից։ Ալավերդիում 3 տոկոսի, իսկ Հայտեքստիլի ջուլհականոցում նույնիսկ 3,5 տոկոսի է հասել։ Ապրիլից, երբ այս հարցի շուրջը բոլոր կազմակերպությունները լայն կամպանիա են սկսում, տեսնում ենք, որ առանց հարգելի պատճառի տեղի ունեցած պրոգուլների տոկոսն իջնում է։ Սակայն մայիսին այդ տոկոսները մեր մի շարք ձեռնարկություններում նորից են բարձրանում» [6]։
«Երբեմն նույնիսկ գործը խուլիգանական երևույթների է հասնում՝ վարչական կազմի նկատմամբ։ Մոտիկ անցյալում բանվորների շրջանում նման անթույլատրելի դեպքեր են տեղի ունեցել, ինչպիսին են ենթավարպետին ծեծելը՝ Հայտեքստիլում և տասնապետի ծեծելն Ալավերդիում։ Բացի սրանից՝ շատ հաճախ են այնպիսի աննպատակ խուլիգանություններ տեղի ունենում, ինչպիսին են գործարանում բանվորների իրար ծեծելը, խուլիգանական կատակները և այլն» [7]։
Աշխատանքում չունենալով համապատասխան վարձատրություն և մոտիվացիա՝ բանվորները հաճախ փչացնում էին դազգահները, սարքերը՝ նյութական մեծ վնաս հասցնելով ձեռնարկությանը։

Աշխատանքային կարգապահության խնդիրները մեծապես ազդում էին ձեռնարկությունների ու կոլտնտեսությունների պլանների կատարման վրա։ Ընդհանուր վնասից բացի՝ պարապուրդի կամ սարքավորումների չաշխատելու հետևանքով կուտակված գործը հարկ էր լինում կատարել արագացված տեմպով, հապշտապ, ինչը չէր կարող չազդել թե՛ արտադրողականության, թե՛ արտադրանքի որակի վրա։ Թերևս այս շրջանից է սկսվում խորհրդային արտադրանքի որակի անկումը, որը հնարավոր չի լինում հաղթահարել ընդհուպ մինչև Միության կործանումը։
Կոլտնտեսություններում կարգապահության բարձրացման համար 1930-ական թվականների կեսերին ընդունվում է դրույթ, համաձայն որի՝ պարապուրդների և կարգապահության խախտումների համար մարդկանց կարող էին հեռացնել կոլտնտեսությունից։ Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս որոշման հիմքում կար հստակ տրամաբանություն՝ մենատնտեսներն ավելի շատ հարկ էին վճարում, քան կոլտնտեսությունները։ Այս և մի շարք այլ միջոցներով փորձ էր արվում բարձրացնել կարգապահությունը, խրախուսել կոլտնտեսություններում մարդկանց աշխատանքը։
Աշխատանքային այս բոլոր խնդիրները, այդ թվում՝ կարգապահությունն ու կոլտնտեսությունների անխափան գործունեությունը խորհրդային հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում էին։ Խորհրդային ամենաազդեցիկ գաղափարական-պատժիչ կառույցը՝ Գլխավոր քաղաքական վարչությունը (ԳՔՎ) [8] կուսակցության ղեկավարներին զեկուցում էր գյուղերում, քաղաքներում, ձեռնարկություններում և կոլտնտեսություններում տեղի ունեցող դեպքերը։ 1930-ի սկզբին ԳՔՎ-ն հայտնում էր, որ Խորհրդային Հայաստանի կոլտնտեսություններում կան բազմաթիվ թերություններ։
«Որոշ կոլտնտեսություններում նկատվում է աշխատանքի անհամաձայնություն, տեղի են ունենում ներքին գժտություններ և կռիվներ կոլտնտեսականների միջև։ Կոլտնտեսությունների մշակութային սպասարկման անբավարար մակարդակի հետևանքով ծաղկում է հարբեցողությունը, որին մասնակցում են կոլտնտեսությունների առանձին ղեկավարներ։ Նախագահները հաճախ չեն համապատասխանում իրենց դիրքին։ Թույլ ղեկավարության պատճառով ընկնում է որոշ կոլտնտեսությունների արտադրական կարգապահությունը, անխնամ վերաբերմունք է ցուցաբերվում գույքի նկատմամբ։ Էջմիածնի շրջանի Մոլլա գյուղի կոլտնտեսության նախագահը պարբերաբար հարբեցողությամբ է զբաղվում՝ կոլտնտեսության աշխատանքին ուշադրություն չդարձնելով։ Աշտարակում նախագահը և կառավարման մյուս անդամները յուրացրել են կոլտնտեսության փողի և ունեցվածքի մի մասը։ Հայկական Զեյվա գյուղում կոլտնտեսության անդամների հարաբերությունները լարված են։ Ղեկավարելու համար պայքարում են երկու խմբեր, որոնցից մեկը գլխավորում է կոլտնտեսության նախագահը։ Համանման թերություններ կան նաև մի շարք այլ տեղերում» [9]։
Ինչպես արդեն նշել ենք՝ կոլտնտեսություններում մարդիկ հաճախ անփույթ ու անտարբեր վերաբերմունք էին ցուցաբերում հանրային սեփականության հանդեպ։ Ընկալումն այնպիսին էր, որ հանրայինը ոչ մեկինը չէ և չկար սրտացավություն։
«Երևանի օկրուգ։ Էջմիածնի շրջանի «Կարմիրբանակային» կոմունայում կոլտնտեսության նախագահի և գյուղատնտեսի հանցավոր անգործության հետևանքով անձրևի տակ փտել է 3000 փութ դարման, 9000 փութ չհնձած առվույտ, 1.6 հազար ռուբլու չհնձած խոտ։ Ընդհանուր՝ կոմունան կրել է 14.5 հազար ռուբլու վնաս»։
ԳՔՎ-ն զեկուցում էր, որ կոլեկտիվացման դեմ հանդես եկող մարդիկ տարածում են սադրիչ ու ապակողմնորոշող տեղեկություններ։ Որքան էլ այս հաղորդագրություններն ունենային գաղափարական ու քարոզչական ուղղվածություն, այնուամենայնիվ, նկատելի էին այն հիմնական մտահոգությունները, որոնք կային աշխատանքային հարաբերություններում։
Հարկադիր աշխատանքը
Խորհրդային Միությունը լայնորեն օգտագործում էր հարկադիր աշխատանքը։ Հեռավոր շրջաններ աքսորված հարյուր հազարավոր մարդիկ աշխատում էին ամենատարբեր հանքերում և ենթակառուցվածքային մեծ շինարարություններում։ Գուլագային տնտեսությունը Խորհրդային Միությունում ուներ կարևոր առանձնահատկություն՝ հարկադիր ճամբարային աշխատանքը երբեք նախկինում չէր օգտագործվել այդպիսի ծավալներով։ Պատմաբաններն ու հետազոտողները եզրակացնում են, որ գուլագային տնտեսությունը սերտորեն կապված էր արդյունաբերականացման գործընթացի հետ։ Ինդուստրիալիզացիայի նպատակն էր սրընթաց զարգացնել ԽՍՀՄ-ի արդյունաբերական ներուժը, այդ թվում՝ շահագործելով երկրի բնական հումքային հարստությունները, որոնք կենտրոնացած էին Եվրոպական հյուսիսում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Ղազախստանում և Միջին Ասիայում։ Այդ շրջանները քիչ բնակեցված էին, ունեին կլիմայական ծանր պայմաններ և գրեթե ամբողջությամբ զուրկ էին ենթակառուցվածքներից։ Ուստի որոշվում է դրանց յուրացման համար օգտագործել հարկադիր աշխատանքը։
Ի տարբերություն ազատ աշխատուժի՝ հարկադիր աշխատողներն ունեին որոշ «առավելություններ»։ Նրանք մոբիլ էին, կարճ ժամանակում պետությունը կարող էր հազարավոր մարդկանց մի կառույցից տեղափոխել մեկ ուրիշը։ Եվ ամենակարևորը՝ մարդկային այս աշխատուժը շատ էժան էր։
Այդ տարիներին ԽՍՀՄ-ի հեռավոր շրջանների կառույցները հիմնականում իրականացվել են ԳՔՎ-ի, հետագայում՝ ԽՍՀՄ ՆԳ ժողկոմի ղեկավարությամբ, որն, ինչպես հայտնի է, ղեկավարում էր Գուլագը։ Դրանց թվում կարելի է նշել Բելամոր-Բալթիական ջրանցքը, Մոսկվա-Վոլգա ջրանցքը, Բայկալ-Ամուրյան երկաթուղին, Կոլի թերակղզու «Հյուսիսնիկել» գործարանը, Նորիլսկի նիկելի, Կոլիմայի ավազանի գունավոր մետաղների, նավթի, ածխի, գազի հանքավայրերը։ 1930-ական թվականների վերջից ճամբարային տնտեսությունը ԽՍՀՄ-ում ստանում է ռազմաարդյունաբերական ուղղվածություն։ Հարկադրանքն ու բռնությունները ձևավորում էին աշխատանքի նկատմամբ մարդկանց ունեցած հետագա վերաբերմունքը։

Պայքար պորտաբույծների դեմ
Հայրենական պատերազմից հետո, երբ ԽՍՀՄ-ում ազատության ոգին մասամբ ավելացել էր, կառավարությունը որոշում է հասարակությանը կրկին «կարգի հրավիրել»։ 1948-ի հունիսի 2-ին ընդունվում է «Գյուղատնտեսական աշխատանքներից չարամտորեն խուսափողներին և հակահասարակական մակաբույծ (պարազիտային) կյանք վարողներին ԽՍՀՄ-ի հեռավոր շրջաններ արտաքսելու մասին որոշումը»։ Ուշագրավ էր, որ այս որոշումով «մակաբույծներին» աքսորելու վճիռ կարող էին կայացնել հենց կոլտնտեսությունները։ Այսինքն՝ կոլտնտեսության անդամները կարող էին ժողով հրավիրել և քվեարկությամբ որոշել՝ իրենց համագյուղացին պետք է արտաքսվի՞, թե՞ շարունակի ապրել գյուղում։ Կոլտնտեսությունների որոշումների հիման վրա էլ շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեն քննում էր դիմումները և հանձնարարում իրավապահներին ի կատար ածել կոլտնտեսականների կամքը։ Լինում էին նաև դեպքեր, երբ գործկոմը մերժում էր դիմումները։ Սա ևս աշխատանքային հարաբերությունները կարգավորելու, ծույլ, կոլտնտեսության համար չաշխատող մարդկանց պատժելու մեխանիզմ էր։ Հայաստանի Ազգային արխիվում կան բազմաթիվ այսպիսի դիմումներ ու որոշումներ։
«Թումանյան գյուղի Շահումյանի անվան կոլխոզի կոլտնտեսականների 2/7-48թ. ընդհանուր ժողովի հասարակական դատավիճռը՝ Արամայիս Մուրադյանին՝ ծնվ. 1919թ., ԽՍՀՄ հեռավոր շրջաններն արտաքսելու մասին։ Արտահայտվեցին ընկ. Ջանինյանը, Հարությունյանը, Աբրահամյանը։
Որոշվեց՝
Համարել հիմնավորված և հաստատել Թումանյան գյուղի Շահումյանի անվան կոլխոզի կոլտնտեսականների 2/7-48թ. ընդհանուր ժողովի հասարակական դատավճիռը։
Արամայիս Հովհաննեսի Մուրադյանին 1946-1947-1948թթ. կոլտնտեսությունում ոչ մի աշխօր չվաստակելու, մտածված կերպով իր ընտանիքի անդամներին կոլխոզային աշխատանքներից հետ պահելու, ինչպես նաև սիստեմատիկաբար կոլխոզի ունեցվածքից գողություն կատարելու և հակահասարակական պարազիտային կյանք վարելու համար ութ տարի ՍՍՌՄ-ի հեռավոր շրջաններ արտաքսելու մասին։
Արտաքսման սկիզբը համարել 1948թ. հուլիսի 2-ից»[10]։
Ուշագրավ է նաև Արփի գյուղի բնակչուհի Թագուհի Էլոյանի դեպքը, ում դատապարտել էին աքսորի։ Նրա մեղքն այն էր, որ չէր աշխատել կոլտնտեսությունում, և որդու հետ «սպեկուլյացիայով էր զբաղվում»։ Փաստաթղթում նշված էր, որ 1937թ. Թագուհի Էլոյանի ամուսինը «որպես տրոցկիստ դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման» [11]։
Իսկ Ախուրյան գյուղի բնակիչ Բարսամ Համբարյանին աքսորելու որոշման մեջ ամբողջությամբ ի ցույց էր դրված աշխատանքի նկատմամբ խորհրդային համակարգի ունեցած վերաբերմունքը․ 1894-ին ծնված անկուսակցական Բարսամը 1939-ից կոլտնտեսությունում չէր աշխատել։
«Ուներ 3 կով, 15 խոզ և 15 ոչխար։ Զբաղվում է սպեկուլյացիայով, ունի տնամերձ հողամաս և օգտվում է կոլտնտեսականի բոլոր իրավունքներից։ Գյուղում հակակոլտնտեսական ագիտացիա է անում՝ փորձելով համոզել, որ «կոլտնտեսությունում չաշխատելով կարելի է ավելի լավ ապրել։ Նրա երեք եղբայրները հակահեղափոխական գործունեության համար 1937-ին դատապարտվել և աքսորվել են։ Ժողովին ներկա 670 կոլտնտեսականները միաձայն քվեարկել են նրան արտաքսելու օգտին»[12] ։
* * *
Խորհրդային Միության առաջին տասնամյակներում աշխատանքի ոլորտում ձևավորված բացասական երևույթները երկար տարիներ պահպանվում են։ 1950-ական թվականներից հետո դրությունն արտաքուստ բարելավվում է, սակայն հիմնական խնդիրները պահպանվում են։ Վատ աշխատելը, կիսատ ու թերի արտադրանքը, ուշացած շինարարությունը, գրասենյակներում ժամերով սուրճ խմող աշխատակիցները չէին վերացել։
«1985-86 թվականներին՝ վերակառուցման շրջանում, երբ մի թեթև ազատություններ սկսվեցին, հետաքրքիր հոդվածներ, համեմատություններ էին տպագրվում ռուսալեզու մամուլում։ Օրինակ՝ ինչ աշխատանք է անում կոմբայնավարը Գերմանիայում կամ ԱՄՆ-ում և ինչ աշխատանք է կատարում Սոցիալիստական աշխատանքի հերոս կոմբայնավարը Խորհրդային Միությունում։ Եվ պարզվում էր, որ աշխատանքային հերոսը պետք է լինի չակերտների մեջ։ Պարզվում է, որ ստախանովյան շարժումը և այլն բոլորն էլ արհեստական էին։ Մարդը գնում էր իր ութժամյա աշխատանքային օրը սպանելու նպատակով, եթե հնարավոր է՝ ինչ-որ բան աշխատավայրից յուրացնելու, տուն տանելու նպատակով, ստաժի և իր 60, 80, 120 ռուբլի աշխատավարձի համար, որը բավարար չէր նորմալ ապրելու համար»,— պատմում է Վարդան Հարությունյանը։
1950-ականներին մեծ խնդիր էր շարունակում լինել ինչպես մարդկանց, այնպես էլ ամբողջական ձեռնարկությունների պարապուրդը, որը պայմանավորված էր անկատար ենթակառուցվածքներով և պատասխանատվության պակասով։ Հաճախ էին դեպքերը, երբ ձեռնարկությունների արտադրամասերը տարբեր ժամանակներով պարապուրդի էին մատնվում, քանի որ ուշանում էր հումքի, դետալների և այլ անհրաժեշտ նյութերի մատակարարումը։ Այս պայմաններում աշխատողները, հատկապես՝ բանվորները, կամ առանց աշխատելու վարձատրվում էին կամ փոխում էին աշխատանքը։ Սա հանգեցնում էր կադրերի հոսունության, որն էապես ազդում էր աշխատանքի որակի վրա։ Պետության կողմից հաստատված պլանը կատարելու համար ձեռնարկությունները ստիպված էին լինում բաց թողածը լրացնել եռամսյակների կամ տարվա վերջին՝ աշխատելով «հարվածային կամ գրոհային տեմպով»։ Եվ պատահական չէ, որ ԽՍՀՄ-ում շատ տարածված էր «штурмовщина» տերմինը, որը կարելի է ձևակերպել որպես աշխատանքի հարվածային, արագացված տեմպ։ Ինչպես նշել ենք, ԽՍՀՄ-ի տնտեսությունը պլանային էր, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ձեռնարկություն, կոլտնտեսություն, համայնք ուներ արտադրության նվազագույն քանակ, որը պարտավոր էր կատարել։ Պլանը չկատարելն ունենում էր ծանր հետևանքներ ինչպես ղեկավարի, այնպես էլ տվյալ օղակի կուսակցական մարմնի համար. կարող էին աշխատանքից ազատել, նկատողություն հայտնել, իսկ եթե պարզվեր, որ եղել է դիտավորությամբ, կարող էր հետևել նաև քրեական պատասխանատվություն։ Եվ հակառակը՝ պլանը գերակատարելու դեպքում մարդիկ պարգևատրվում էին, ստանում փոխանցիկ դրոշներ, մեդալներ ու շքանշաններ։
Անհրաժեշտ ապրանքը ստանալուց հետո գործարանը ստիպված էր աշխատել «հարվածային տեմպով»՝ պլանը կատարելու համար։ Ստեղծվում էր ցայտնոտային վիճակ, բանվորներն ու այլ մասնագետներն աշխատում էին արտաժամյա, ինչը թանկացնում էր վերջնական արտադրանքը, գերածախսի պատճառ դառնում և ամենակարևորը՝ ազդում որակի վրա։ Նույնը տեղի էր ունենում նաև շինարարության ոլորտում. անհրաժեշտ շինանյութի մատակարարումն ուշանում էր, ինչի արդյունքում շենքերը կառուցվում էին հապշտապ, հաճախ՝ շինարարական խախտումներով ու անորակ։
«Աշխատանքի այն որակը, որը կար այն տարիներին, մենք այսօր էլ ենք տեսնում. այն տարիների շենքերն ենք տեսնում, մենք ապրում ենք այդ շենքերում, այն տարիներին կառուցված Աջափնյակ թաղամասն ենք տեսնում, և բոլոր մնացած բնագավառները։ Էլ չասեմ՝ մտածողությունը։ Մենք այսօր էլ, գոնե ավագ սերունդը, հաճախ աշխատանքին մոտենում է այնպես, ինչպես խորհրդային շրջանում էր, երբ աշխատանքի արդյունքի մեջ շահագրգռվածությունը պակաս է, չկա»,— ասում է Հարությունյանը։
ԽՍՀՄ տնտեսական պատմությունն ունի այսպիսի հազարավոր դրվագներ։ Երևույթը, բնականաբար, լայնորեն տարածված էր նաև Խորհրդային Հայաստանում։ Օրինակ՝ 1932-ին Երևանի տրամվայի նոր գծի կառուցումը կիսատ էր մնում հենակոճերի (շպալ) և ռելսերի մատակարարումն ուշացնելու պատճառով։ Մեկ այլ օրինակ է Հոկտեմբերյանի (Ղռերի) ջրանցքի կառուցումը, որը նույնպես ավարտվում է մեծ դժվարությամբ՝ վտանգելով մոտ 3000 հա բամբակի դաշտերի ոռոգումը։ Հաճախ խորհրդային մամուլում և պաշտոնական այլ միջոցներում հայտարարում էին այս կամ այն խոշոր կառույցի պաշտոնական բացման մասին, որը, սակայն, տարբեր պատճառներով հետաձգվում էր։
Աշխատանքային միջավայրում տեղ գտած թերություններն այնքան շատ էին, որ դրանց պարբերաբար անդրադառնում էր խորհրդային մամուլը։ Կուսակցական պաշտոնական խոսափող «Խորհրդային Հայաստան», «Ավանգարդ» և այլ թերթերում աշխատանքային թերացումների վերաբերյալ հարյուրավոր հոդվածների կարելի է հանդիպել։ Իսկ «Ոզնի» երգիծական պարբերականում պարապուրդը, աշխատանքից ուշանալը, անորակ արված գործը մշտական ծաղրի ու քննադատության առարկա էր։
Պորտաբույծների մասին ևս մեկ օրենք ընդունվում է 1956-ին։ Այս օրենքով՝ չաշխատող մարդկանց աքսորում էին կամ թույլ չէին տալիս բնակվել խոշոր քաղաքներում։ Շուտով պարզվում է, որ օրենքը լավ հնարավորություն էր պատժել ոչ միայն ծույլերին, այլև քաղաքական և գաղափարական հակառակորդներին՝ այլախոհներին։
«Պորտաբուծության հոդվածը նաև ազատազրկում էր նախատեսում։ Բոլոր հասարակություններում էլ կան մարդիկ, ովքեր չեն աշխատում, դա բնական է։ Այդ օրենքն ի սկզբանե, հավանաբար, մտածել էին կարգի մարդկանց պատժելու համար, որովհետև Խորհրդային Միությունում աշխատանքը պարտադիր էր։ ԽՍՀՄ-ը հայտարարել էր, որ բոլորին ապահովում է աշխատանքով, ուրեմն բոլորը պետք է աշխատեն։ Բայց հետագայում այդ հոդվածը սկսեցին կիրառել այլախոհների, հատկապես նրանց դեմ, ովքեր դատապարտվում և ազատազրկումից հետո վերադառնում էին։ Պատկերացրեք՝ նրանք վերադառնում էին, բայց աշխատանքի ընդունվելու հնարավորություն չունեին։ Մի կողմից՝ նրանք պարտավոր էին աշխատանքի ընդունվել, որովհետև Խորհրդային Միությունում չէր կարելի չաշխատել, մյուս կողմից՝ քեզ ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում։ Հայտնվում էին փակ շրջանում։ Եվ երբ հարկ էին համարում, մարդուն ձերբակալում էին որպես պորտաբույծի և դատապարտում։ Նպատակն այդ մարդուն հասարակությունից մեկուսացնելն էր, ինչպես նաև ստիպել, որ հրաժարվի իր հայացքներից։ Հայաստանում ես չեմ հիշում այդ հոդվածով դատապարտվածների, բայց այլախոհները մեծ խնդիրների էին բախվում, երբ փորձում էին աշխատանք գտնել։ Ռուսաստանում, մյուս մեծ հանրապետություններում նաև արգելում էին մայրաքաղաքներում բնակվել, սակայն Հայաստանում այդ օրենքը չէր կիրառվում՝ հաշվի առնելով մեր հանրապետության փոքրությունը»,— պատմում է Հարությունյանը։
Անկախ Հայաստանում
Անկախության հռչակումից հետո աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, քանի որ նոր՝ կապիտալիստական հարաբերությունների պայմաններում անձնական ջանքը, աշխատասիրությունը կարևոր նախադրյալ են բարեկեցության ու անձնական աճի համար։ Սակայն շուկայական հարաբերությունները, իրենց հերթին, նոր մարտահրավերներ առաջ բերեցին։ Մասնավորապես, աշխատանքային ռեժիմի անկանոն լինելը, ցածր վարձատրությունը, չկարգավորվող շահագործումը զգալիորեն վնասում են աշխատասիրությանը, նվազեցնում աշխատելու, ջանք գործադրելու ցանկությունը և մոտիվացիան։ Մյուս կողմից՝ նորանկախ Հայաստանում դեռ չի ձևավորվել աշխատանքով հաջողության հասնելու համոզվածությունը, և շատերը փնտրում են հաջողության առավել հեշտ միջոցներ։
Լրագրող Կարպիս Փաշոյանի կարծիքով աշխատանքը մեր հասարակության շրջանում դիտարկվել է որպես պախարակելի զբաղմունք։
«Քրտինքով աշխատանքը դիտարկվել է որպես միամիտություն, իսկ մտավոր աշխատանքը՝ «դոդիկություն»։ Համահասարակական մեխանիզմները մարդկային աշխատանքը նվաստ են դարձրել։ Փոխարենը, մեր երիտասարդներին ավելի շատ տպավորել է, ավելի նորաձև է եղել հարստանալ և բարեկեցության հասնել բոլորովին այլ ճանապարհներով։ Կոռուպցիոն ընթացքը, օլիգարխ դառնալը, պետական գույքը յուրացնելն է դիտարկվել, աշխատավոր մարդը չի ընկալվել որպես բարեկեցության օրինակ»,— ասում է նա։
Հիշենք խորհրդային տարիների վերջին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Երջանկության մեխանիկա» կինոնկարը, որտեղ հերոսներից մեկը մյուսին հարցնում էր՝ «կողմնակի եկամուտ» ունի՞, թե ոչ։ Այսինքն՝ ոչ պետական, աշխատավարձից դուրս, հաճախ՝ ապօրինի եկամուտն ընդունելի էր հասարակության համար, և այդպիսի եկամուտ չունեցողի նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական էր։
Կարպիս Փաշոյանը մեր ուշադրությունը հրավիրում է կարևոր մեկ այլ երևույթի վրա՝ ձևակերպելով այն որպես «աշխատանքի պաշտամունք»։
«Մարդը երկար տարիներ ստրուկի, ճորտի պես աշխատում է, բայց չի հարստանում, և մշակութային միջավայրը պատասխանատվությունը բարդում է մարդու վրա։ Դրանով օրինականացվում են կապիտալիզմի բոլոր անարդարությունները. եթե չես հարստանում, ուրեմն դու ես մեղավոր, ինչ-որ բան լավ չես անում, քիչ ես աշխատում»,— ասում է մեր զրուցակիցը։
Զրույցի ընթացքում հիշեցինք տարիներ առաջ ֆեյսբուքում լայնորեն տարածված #գործկա հեշթեգով քննարկումներն ու գրառումները, որտեղ տարատեսակ աշխատանքներ էին առաջակվում՝ հաճախ մեղադրելով մարդկանց, որ նրանք չեն ցանկանում աշխատել, բայց բողոքում են աշխատանքի բացակայությունից։ Որքան էլ ծույլ լինելու մեղադրանքները որոշ դեպքերում տեղին էին ու արդարացի, սակայն արժե նաև նշել, որ առաջարկվող աշխատանքը հաճախ այնքան ցածր է վարձատրվում, որ մարդիկ պարզապես չեն ցանկանում ժամանակ ու ջանք հատկացնել դրան։
«Մարդը չի ուզում գնալ և, օրինակ, 80 հազար դրամով ծանր, չարքաշ աշխատանք անել, իսկ կապիտալիստները կամ պրոպագանդիստները դա ներկայացնում են, որպես ծուլություն»,— ասում է Փաշոյանը։
Վերջին երկու տասնամյակում Հայաստանում հաճախ է քննարկվում աշխատասիրության ու անձնական հաջողության կապը։ Զուգահեռաբար, ձևավորվել է վատ ու աղքատ ապրելը ծուլությամբ բացատրելու խոսույթը. եթե աղքատ ես, ուրեմն դո՛ւ ես մեղավոր, քիչ ես աշխատում, ծույլ ես։ Այս հարցի վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ արվել են։
«Հայաստանյան միջավայրում աղքատ լինելը ամոթ համարելու և աղքատների հանդեպ խտրական վերաբերմունքի արմատները որոշ առումով գալիս են դեռևս խորհրդային ժամանակներից, որտեղ չնայած պաշտոնական գաղափարախոսության դիրքից աղքատությունը չէր դիտվում որպես ամոթ, սակայն առօրյա իրավիճակներում աղքատությունը դիտվում էր ամոթ և ստորացուցիչ մի բան: Աղքատների հանդեպ կար նաև խտրական վերաբերմունք, ինչի պատճառով մարդիկ թաքցնում էին իրենց աղքատ վիճակը: Բացի դա, Խորհրդային ժամանակաշրջանում, չնայած հասարակության մի զգալի մասն ապրում էր կարիքի ու աղքատության մեջ, սակայն տարածված կարծիքի համաձայն՝ մեծամասնության այդ վիճակն աղքատություն չէր համարվում և բնորոշվում էր որպես «նորմալ» կամ «միջին»: Իսկ աղքատ համարվում էին չքավորության մեջ ապրողները, ովքեր չէին կարողանում ապահովել ընտանիքի անդամների նյութական նվազագույն պահանջներն ու որակյալ սնունդ» [13]։
Մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն իր հետազոտությունում նաև նշում է, որ աղքատ մարդիկ համարվում են անխելք, իսկ հարուստները՝ խելացի։ Միաժամանակ, հասարակության շրջանում ձևավորվում է հարուստներին ընդօրինակելու, ցանկացած գնով հարստության հասնելու ձգտում։
«Համարվում է, որ աղքատն իր խելքից է աղքատ կամ աղքատները չեն սիրում աշխատել և գերադասում են մի փոքր օգնություն ստանալ, քան լինել նախաձեռնող ու աշխատասեր: Այսինքն, աղքատը համարվում է մեղավոր ինքն իր աղքատության մեջ և դատապարտվում դրա համար: Միևնույն ժամանակ, այս մոտեցումը հստակ արտացոլված էր նաև նախկին կառավարող վերնախավերի ներկայացուցիչների հարցազրույցներում: Ավելին, նման մոտեցում նկատելի է նաև Թավշյա հեղափոխությանը հաջորդած շրջանում, հատկապես ազատական հայացքներ ունեցող նոր կառավարության անդամների հարկային ու սոցիալական քաղաքականությանը վերաբերող մոտեցումներում»,— գրում է նա [14]։
Խորհրդային հասարակարգի հետ տարվող համեմատություններն ու զուգահեռները հասկանալի են. մենք կրում ենք և դեռ երկար ժամանակ կրելու ենք այդ երկրի ազդեցությունը։ Կարպիս Փաշոյանի կարծիքով, սակայն, աշխատանքային հարցերում ԽՍՀՄ-ի հետ շատ համեմատություններ չարժե անել, քանի որ դրանք կառուցված են եղել նաև վախի ու հարկադրանքի վրա։
«Հետագայում, Ստալինի մահից հետո, այդ վախը փոխարինվել է ինչ-որ ռոբոտացված համակարգի, որտեղ մարդը, ծնված օրից, պետք է ապրեր պարտադրված կառուցվածքների մեջ՝ իրավական, քաղաքական, սոցիալական։ Այնինչ՝ աշխատանքի համար մարդուն նաև այլ մոտիվացիա է անհրաժեշտ, որպեսզի նա կարողանա աշխատանքի պտուղներն ազատ և ինքնուրույն տնօրինել»,— կարծում է Փաշոյանը։
Խորհրդային տարիներին աշխատանքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում. լավ աշխատողների նկարները տպագրվում էին թերթերում և ամսագրերում, նրանց մասին հաղորդումներ էին նկարահանվում, ամենուր գովաբանվում էր աշխատանքը։ Չի կարելի ասել, թե ԽՍՀՄ-ում մարդիկ չէին աշխատում, սակայն պետք է նշել, որ միշտ էլ կային ավելորդ հաստիքներ, չաշխատող ու «գլուխ պահող» մարդիկ։ Անկախությունից հետո մենք հաճախ ենք խոսում արևմտյան մոդելի բարձր կազմակերպվածություն ունեցող աշխատանքի մասին, սակայն որքանո՞վ ենք մենք պատրաստ այդպիսի ծանրաբեռնվածությամբ աշխատելու։ Կարպիս Փաշոյանի կարծիքով՝ այս հարցում կարևոր է վարձատրությունը։
«Մեր գործատուները հաճախ կարծում են, որ կարող են խստապահանջ լինել, սակայն քիչ վարձատրել։ Այնինչ՝ խստապահանջությունը և վարձատրությունը պետք է համապատասխան լինեն»,— ասում է նա։
Վարդան Հարությունյանը գտնում է, որ անկախությունից հետո մեր պետությունը չի կարողանում ստեղծել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են մարդուն դրսևորվելու, լավ աշխատելու և բարեկեցության հասնելու համար։
«Մենք շատ դեպքերում ծայրահեղությունների մեջ ենք ընկնում։ Մեր հասարակությունն ու իրականությունը բոլորովին մարդակենտրոն չեն։ Աղքատները շատ են, և ես համաձայն չեմ, որ աղքատությունն այդ մարդկանց գլխում է։ Ես կարծում եմ, որ պետությունը չի կարողանում ստեղծել պայմաններ, որ մարդիկ ինքնադրսևորվեն։ Մարդիկ շատ ավելի կայացած են, քան պետությունը»,— ասում է նա։
Մենք հաճախ ենք ասում, որ կառուցող, շինարար և աշխատասեր ժողովուրդ ենք, ինչը, իհարկե, հեռու չէ ճշմարտությունից։ Սակայն, ինչպես նշել ենք հոդվածի սկզբում, լսում ենք նաև հակառակ տեսակետը։
«Ես դեմ եմ այդպիսի ձևակերպումներին, դրանք միֆական են։ Չես կարող մի բառով բնորոշում տալ մեծ հավաքականությանը։ Դա գիտական մոտեցում չէ։ Նույն կերպ, ինչ-որ ժողովրդի գովելու համար ասում են՝ հյուրասեր ժողովուրդ է»,— ասում է Փաշոյանը։
Միաժամանակ, նա գտնում է, որ մենք հաճախ ենք գերագնահատում մեր ուժերն ու կարողությունները, մեր առջև դնում ենք այնպիսի խնդիրներ ու պահանջներ, որոնց իրականացումը մեր ուժերից վեր է.
«Մենք նաև շատ մեծ բեռ ենք դնում անհատների վրա։ Անհատի ստեղծագործականությունն ապահովելու համար պետք է այդ միջավայրը, ինստիտուտները, համակարգը ձևավորես։ Ամերիկայում հաջողության հասած հայ գիտնականը չի կարող այստեղ ունենալ նույն հաջողությունը, որովհետև այստեղ չկա այդ ակադեմիական միջավայրը, այդ համակարգը։ Մենք այդ մարդու հաջողությունը վերագրում ենք նրա ազգությանը»։
Վարդան Հարությունյանի կարծիքով՝ թեև նշված բացասական երևույթները մենք ժառանգել ենք խորհրդային համակարգից, այնուամենայնիվ, նա վստահ է, որ ժամանակի ընթացքում մեր միջից այդ ժառանգությունը դուրս է գալու։
«Այո՛, մենք դա ժառանգել ենք Խորհրդային Միությունից։ Այդ ժառանգությունը մեր միջից անպայման դուրս է գալու, բայց դրա համար ժամանակ է պետք։ Հնարավոր չէր 10-20 տարում դա փոխել։ Մեր ավագ սերունդն ամբողջությամբ դա կրում է, նրանց երեխաները նույնպես կրում են, դա դաստիարակություն է, մոտեցում է, աշխարհընկալում է»,— ասում է նա։
Աշխատանքին և աշխատասիրությանը վերաբերող հարցերը քննարկելիս մենք հիմնականում զուգահեռներ ենք տանում հարստության և աղքատության հետ: Ինչպես արդեն նշել ենք, ընդունված է կարծել, թե աղքատության համար մեղավոր են հենց իրենք՝ աղքատները: Հաճախ ենք լսում տեսակետ, թե աղքատության պատճառը ծուլություն է: Սակայն մեր դիտարկումները ևս ցույց են տալիս, որ շատ աշխատելը բարեկեցության հասնելու կարևոր, բայց ոչ բավարար պայման է: Եթե այդպես չլիներ, ապա բերված օրինակներում շատ աշխատող երկրները կլինեին ամենահարուստը: Թերևս սա է պատճառը, որ աշխատասիրությանը զուգահեռ օգտագործվում է նաև աշխատանքի արդյունավետություն հասկացությունը: Որքան բարձր է աշխատանքի գիտական հենքը, որքան շատ են կիրառվում նորարարություններն ու հաջողված փորձը, ներդրվում ժամանակակից նոր ու գիտելիքահեն տեխնոլոգիաները, այնքան մեծանում է աշխատանքի արդյունավետությունը:
Աշխատասիրությունից զատ կարևոր է հաշվի առնել, թե երկիրն ինչպիսի բնական պաշարներ, հաղորդակցության ուղիներ ու ենթակառուցվածքներ ունի: Հայաստանն, իհարկե, շատ անելիք ունի աշխատանքային մշակույթը զարգացնելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, սակայն պետք է հաշվի առնել նաև արտաքին աշխարհի հետ ցամաքային կապի դժվարությունները:
Բացի այդ, Հայաստանում խորհրդային պլանային տնտեսությունից անցումը դեպի ազատ շուկայական հարաբերություններն ընթացել է բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններով: Հայաստանի տնտեսական, ինչպես նաև՝ գիտական ողջ համակարգը սերտորեն կապված էր ԽՍՀՄ հանրապետությունների և առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ: Միության փլուզումը, տասնամյակների ընթացքում ձևավորված կապերի ոչնչացումը, տարածաշրջանային պատերազմներն ու շրջափակումը չէին կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա: 1990-ական թվականների սկզբին Հայաստանից արտագաղթած տասնյակ հազարավոր մարդկանց թվում շատ էին որակյալ աշխատողները, որոնք հնարավորություն չունեցան իրենց մասնագիտական ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Մյուս կողմից՝ ֆինանսական համակարգի փլուզումը դարձավ բնակչության զանգվածային ունեզրկման պատճառ, ինչը հետագայում հանգեցրեց ձեռներեցության աճի նվազմանը: Նույնքան բացասական էր նաև իրավական համակարգի անկայունությունը, ինչի պատճառով աշխատանքային հարաբերությունները հստակ չէին կարգավորվում՝ հանգեցնելով մարդկանց շահագործման և աշխատանքային նախաձեռնողականության նվազման:
Նույնքան խնդրահարույց էր հողի սեփականաշնորհման գործընթացը, որն ուղեկցվում էր արտադրական և տեխնիկական միջոցների փոշիացմամբ: Սեփականաշնորհված տեխնիկական միջոցների մի մասը՝ վառելիքի բացակայության և շուկաների սահմանափակության պատճառով, օտարվեց, ինչի հետևանքով զգալիորեն դժվարացավ գյուղատնտեսության արդյունաբերականությունը, նվազեց աշխատանքի արդյունավետությունը:
Կուզենայինք նշել նաև, որ հայ հասարակությունն այս խնդիրները բավականին լավ է պատկերացնում: Պետությունը տարիներ շարունակ զգալի միջոցներ, վարկային արտոնյալ պայմաններ ու աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Մարդկային գործոնի, մարդկային կապիտալի կարևորությունը նաև արձանագրվում է կրթության ոլորտում նախատեսվող պետական և մասնավոր ծրագրերում: Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված մինչև 2030 թվականը կրթության զարգացման ծրագրում մարդկանց մասնագիտական կարողությունները զարգացնելու և բիզնեսի պահանջներին համապատասխանեցնելու հարցը համարվում է առաջնային:
Տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներն ու խորհրդային ժառանգությունը վերացնելու համար տևական ժամանակ և սերնդափոխություն է պահանջվում: Այս հարցում կարևոր է նաև հասարակության ադեկվատ վերաբերմունքը, առողջ քննարկումներն ու հաջողված փորձի փոխանակումը: