
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Նոյեմբերին Հայաստանի անվտանգային պարունակը բնորոշվեց Հայաստանի համար նկատելի անկմամբ, քանի որ Ադրբեջանը՝ մտահոգվելով Հայաստանի անվտանգության դիվանագիտացման քաղաքականության հաջողությամբ, ուժեղացրեց և ընդլայնեց հիբրիդային պատերազմի գործողությունները՝ փորձելով չեզոքացնել զսպման կարողությունների դիվանագիտացմանը միտված Հայաստանի ջանքերը։
Անհանգստանալով սեպտեմբերի 13-ի ներխուժումից հետո Հայաստանի հանդեպ աճող Արևմտյան աջակցությունից և բախվելով Արևմտյան կուլիսային համագործակցությամբ աճող դիվանագիտական ճնշմանը՝ Բաքուն վերադառնում է ստիպողական դիվանագիտության հիբրիդացմանը՝ Հայաստանի հանդեպ Արևմտյան աջակցության արդյունքները մեղմացնելու համար։ Բաքվի աճող հակաարևմտյան տրամադրությունները համակցվում են նրա ռուսամետ դիրքորոշմանը, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վախենում է Արևմուտքից եկող ճնշման աճից։ Հաշվի առնելով Ռուսաստանի արհեստական չեզոքությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անզորությունը որպես անվտանգային միավորում, Բաքուն քաջալերված է զգում ուժեղացնելու իր հիբրիդային ստիպողական մեխանիզմները։ Գորշ գոտու մարտավարությունը հնարավություն է տալիս սրել միջպետական ռազմականացված վեճերը՝ առանց լայնածավալ պատերազմ սկսելու, այն նաև Բաքվին Արևմտյան ճնշումներին դիմակայելու համար մեղքի ժխտողականության հնարավորություն է տալիս։ Միևնույն ժամանակ, այս իրավիճակը բարձրացնում է անորոշությունը և, հետևաբար, լարվածությունը Հայաստանում, քանի որ այն սրում է հասարակության մտավախությունները՝ անվտանգային իրավիճակի և հավելյալ կորուստների հետ կապված։ Բոլոր նմանատիպ պարագաներում Երևանը հասկանում է, որ Բաքուն վերապահում է լայնամասշտաբ պատերազմ սկսելու կարողությունը՝ այսպիսով զգալիորեն թուլացնելով Հայաստանի անվտանգային միջավայրը։ Միևնույն ժամանակ, Արևմտյան կոշտ արձագանքը մեղմացնելու համար Բաքուն վերադառնում է Լեռնային Ղարաբաղի/Արցախի դեմ տեղային գործողություններ ծավալելուն։ Ըստ էության, Ադրբեջանը բազմազանեցնում է իր հիբրիդային կարողությունները՝ Հայաստանի դեմ միջպետական և Արցախի դեմ «ներպետական» գործողություններով։
Հայաստանի անվտանգության պարունակը
Նոյեմբեր ամիսը սկսվեց Սոչիի եռակողմ հանդիպման ձախողմամբ, քանի որ Ռուսաստանի նախաձեռնած բանակցությունները ոչ մի էական արդյունք չտվեցին, փոխարենը նպաստեցին Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը, երբ վերջինս ժխտեց Պրահայի պայմանավորվածությունները, ինչպես նաև հրաժարվեց քննարկել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ընդարձակման հարցը։ Առերևույթ թվում է, թե Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի երկարաձգման վերաբերյալ համընկնում է Հայաստանի նախապատվությունների հետ, բայց Ռուսաստանի՝ անվտանգության երաշխավորի դերի տապալմամբ պայմանավորված, իրականում, Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու պատրաստակամությունը մղում է Ադրբեջանին ավելացնելու սպառնալիքները Հայաստանի և Արցախի դեմ։ Ինքնաբերաբար, խնդիրը արդեն ոչ թե Արցախի կարգավիճակն է, այլ անկայունության համակարգված երկարաձգումը, որը շահավետ է Ադրբեջանին՝ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած ուժային անհամաչափությունը։
Հայաստանն իր զսպման կարողությունների դիվանագիտացումը շարունակեց էապես հենվելով անվտանգության դիվանագիտացման վրա, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կշռադատ ներգրավվածությունը և Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունը ծառայել են որպես Բաքվի ագրեսիան զսպող գործիք։ Նոյեմբերի 7-ին Միացյալ Նահագները հյուրընկալեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, որտեղ պետքարտուղար Բլինքենը վերահաստատեց բանակցային գործընթացի շարունակելիությունը և վաշինգտոնյան հանդիպումից մեկ շաբաթ անց նորից կապ հաստատեց արտգործնախարարների հետ՝ հետևելու գործընթացի իրագործմանը։ Սա լրացվեց Հայաստանին ցուցաբերած Ֆրանսիայի կայուն աջակցությամբ, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին մեկնեց Փարիզ, որտեղ Ֆրանսիայի արտգործնախարար Քաթերին Քոլոնան հաստատեց Ֆրանսիայի աջակցությունը Պրահայի պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը։ Այնուհետև, Ֆրանսիայի սենատն ընդունեց բանաձև, որով կոչ էր անում պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին և պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից՝ տալով Հայաստանին ֆրանսիական և եվրոպական դիվանագիտական առավել հաստատուն աջակցություն։ Այս զարգացումները ամրապնդվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որտեղ նա ամուր աջակցություն ստացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից։
Անվտանգության զեկույց. հոկտեմբեր 2022
Հոկտեմբեր ամսվա անվտանգության համատեքստը կարելի է բնութագրել որպես Ադրբեջանի բազմաշերտ հիբրիդային պատերազմի հայեցակարգի դեմ Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հայեցակարգի կիրառման փոփոխվող կազմաձև:
Read moreԱնվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022
EVN անվտանգության զեկույցի առաջին թողարկմանը դոկտոր Ներսես Կոպալյանն անդրադառնում և ամբողջացնում է Հայաստանի սեպտեմբերյան անվտանգային իրադրությունը՝ բնորոշելով այն անորոշ, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է:
Read moreԱդրբեջանի փորձերը՝ հակազդելու Հայաստանի անվտանգության դիվանագիտացմանը, հիմնված են երեք սյունի վրա` ուժեղացնել ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը, ընդլայնել հիբրիդային գործողությունները, խոչընդոտել բանակցային գործընթացին, ինչպես նաև միջնորդության կառուցողական փորձերին։ Ադրբեջանն ընդլայնել է իր հիբրիդային գործողությունները՝ շարունակաբար, ամեն օր թիրախավորելով Հայաստանի ռազմական դիրքերը, միևնուն ժամանակ, ընտրողաբար թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և գյուղատնտեսությամբ զբաղվողներին Արցախում։ Հրադադարի ամենօրյա խախտումները միտված են ինչպես ապակայունացնելու մարտական գործողությունների ժամանակավոր դադարը, այնպես էլ խոչընդոտելու և արժեզրկելու Եվրոպական դիտորդական առաքելության աշխատանքը։ Բաքուն ամրապնդել է իր հիբրիդային ռազմական գործողությունների ներգործությունը, զուգահեռաբար խոչընդոտելով բանակցային գործընթացը՝ կասկածի տակ դնելով Պրահայի պայմանավորվածություններն ու չեղարկելով դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված բանակցությունները։ Բաքվի փորձերը՝ խաթարելու Հայաստանի զսպման կարողությունների դիվանագիտացումը, որոշակի աջակցություն ստացան նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նկատվեց Հայաստանի ռազմական օտարացումը Ռուսաստանի առաջնորդած անվտանգային դաշինքից։ Հայաստանի խիստ քննադատությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ, ՀԱՊԿ-ի մերժումը՝ դատապարտելու Ադրբեջանին, ինչպես նաև ՀԱՊԿ մի շարք անդամների դիրքորոշումների համընկնումը Ադրբեջանի հետ վերահաստատեցին վերջին 30 տարիների Հայաստանի ռուսաստանահեն անվտանգային ճարտարապետության փլուզումը։
Զսպում մերժման միջոցով և ընդլայնված զսպման ձախողումը
Զսպման և տարհամոզման կարևոր բաղադրիչներից մեկը հակառակորդ պետության մտածելակերպը վերաձևավորելու ջանքն է։ Ադրբեջանին զսպելը, օրինակ, չի կարող սահմանվել Հայաստանի տեսանկյունից և ուղղակի Ադրբեջանի ծախսերն ու ռիսկերը մեծացնող գործողություններ ձեռնարկելով: Զսպման ցանկացած ռազմավարություն, որը միտված է կանխելու հակառակորդ պետության ագրեսիան, պետք է իրականացվի ագրեսորի շահերի, նպատակների, դրդապատճառների և հրամայականների գնահատմամբ: Հետևաբար, զսպման ռազմավարությունը պետք է ուղղակիորեն ազդի հակառակորդ պետության ընկալումների վրա։ Ավելի քան 25 տարի Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը սահմանվել է «ընդլայնված զսպում» հայեցակարգով։ Ընդլայնված զսպումը ենթադրում է կանխել և ապախրախուսել հարձակումները՝ ապավինելով երրորդ կողմի՝ դաշնակցի կամ գործընկերոջ վրա[1]։ Հայաստանի ընդլայնված զսպումն ուղղակիորեն կախված էր Ռուսաստանից, և նպատակն էր Բաքվում ստեղծել եզակի ընկալում, այն է՝ ցանկացած հարձակում Հայաստանի վրա կառաջացնի արձագանք Ռուսաստանից։ Ընդլայնված զսպման արդյունավետությունը, այնուամենայնիվ, պահանջում է քայլեր ձեռնարկել հակառակորդ պետությանը համոզելու, որ երրորդ կողմ հանդիսացող պաշտպանը հարձակման դեպքում, անկասկած, կարձագանքի։ Ռուսաստանի՝ Ադրբեջանի հարձակումներին արձագանքելուց հրաժարվելն ուղղակիորեն փոխեց Բաքվի ընկալումները և բերեց այն եզրահանգմանը, որ Հայաստանի ընդլայնված զսպման ռազմավարությունը կամ փլուզվել էր կամ երբեք գոյություն չէր ունեցել։ Ըստ էության, ընկալումը, որը պիտի չեզոքացներ հարձակումը, վերացվեց. երրորդ կողմ հանդիսացող պաշտպանը գոյություն չուներ։

Այս պարունակում, Բաքվում ընկալումները հիմնված են այն ըմբռնման վրա, որ Հայաստանը թույլ, պաշտպանվող պետություն է, որի ռազմական համակարգի կոռումպացվածությունը հարատևել է Ռուսաստանից կախվածության արդյունքում։ Ռուսական գործոնի վերացումը, այս պարունակում, ուժեղացրեց «ագրեսիվ պատեհապաշտության» մեջ ներգրավվելու Ադրբեջանի հրատապությունը [2]։ Այս նպատակով, Հայաստանի զսպման ռազմավարությունը ներկայումս կառուցվում է մեղմելու այս ագրեսիվ պատեհապաշտության եզրագծերը։ Այս ռազմավարությունը սահմանվում է երկու հայեցակարգերի միջոցով՝ զսպում մերժման միջոցով և անհետաձգելիության միջոցով։
Մերժման միջոցով զսպման ռազմավարությունները ստեղծված են զսպելու հակառակորդ պետության գործողությունները՝ ստեղծելով ընկալում, որ դրանք անիրագործելի են կամ, ամենայն հավանականությամբ, կձախողվեն։ Նպատակը բավականաչափ կարողություններ զարգացնելն է, որը կնվազեցնի հակառակորդ պետության վստահությունն առ այն, որ նա կհասնի իր նպատակներին և այսպիսով ետ կկանգնի որևէ գործողություն իրականացնելուց։ Ռազմավարական այս հայեցակարգով զսպելու կարողությունը հավասար է պաշտպանվելու կարողության [3]։ Այս ռազմավարությունը տարբերվում է զսպում պատժելու միջոցով տարբերակից, որը ենթադրում է լրջորեն իրավիճակը սրելու և հակառակորդ պետության համար չափազանց սուղ լայնածավալ պատժիչ գործողություններ ձեռնարկելու կարողություն։ Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժային անհավասարությունը և Հայաստանի ընդլայնված զսպման փլուզումը, Հայաստանը զսպում պատժելու միջոցով հայեցակարգ որդեգրելու բավականաչափ կարողություն չունի։ Ավելին, զսպման վերաբերյալ գոյություն ունեցող ուսումնասիրությունները վկայում են, որ մերժման ռազմավարություններն ավելի հուսալի և արդյունավետ են, քան պատժիչ ռազմավարությունները [4]։
Անհետաձգելի զսպումը ենթադրում է զսպման ռազմավարություն, որն ավելի հստակ է, կարճաժամկետ, ստեղծվում է հրատապության կամ ճգնաժամի պայմաններում, որի նպատակն ընթացիկ կամ վերահաս հարձակումը զսպելն է [5]։ Ընդլայնված զսպումը, մույս կողմից, ընդհանուր զսպման օրինակ է, քանի որ այդ ռազմավարությունը կառուցված է անցանկալի գործողություններն ավելի երկարաժամկետ ետ պահելու միտված շարունակական և մնայուն ջանքերի շուրջ։ Վերջնական նպատակն ամուր ընդհանուր զսպման հայեցակարգ ունենալն է, որպեսզի նվազեցվի անհետաձգելի զսպման անհրաժեշտությունը։ Սակայն, հաշվի առնելով ռուսաստանահեն Հայաստանի ընդհանուր զսպման հայեցակարգի փլուզումը, Հայաստանը գտնվում է լուրջ անվտանգային ճգնաժամի մեջ, որը թելադրում է կայուն անհետաձգելի զսպման ռազմավարության անհրաժեշտություն։ Անհետաձգելիության ռազմավարությունը համապատասխանում է զսպման հայեցակարգի ընդլայնման նպատակի հետ։ Ամենանեղ իմաստով՝ զսպման կարողությունը պետության ռազմական գործիքակազմի մաս է [6], այն է՝ «օգտագործելով ռազմական պատասխանի սպառնալիքը՝ թույլ չտալ այլ երկրի գործողությունների դիմել» [7]։ Առավել լայն սահմանման դեպքում, զսպման ծավալը ներառում է նաև ոչ ռազմական գործողություններ, հատկապես հիբրիդային պատերազմի կարողությունների և դիմակայության զարգացումը։ Ռազմավարական ընդհանուր նպատակն է հակառակորդ պետությանը խրտնեցնել գործողություն ձեռնարկելուց, վտանգ ներկայացնելով և հակառակորդի անմիջական նպատակների հաջողության հասնելու հավանականությունը մերժելով։ Հիմնական նպատակն է ներգործել Ադրբեջանի ծախսերի հաշվարկի վրա ՝ թույլ չտալով հասնել էական հաջողության և Բաքվին ներքաշելով տարհամոզման ավելի լայնածավալ գործընթացի մեջ։ Տարհամոզման նպատակն է համոզել հակառակորդ պետությանը, որ ագրեսիայի ծախս-օգուտ հաշվարկն ագրեսոր պետության համար պարունակում է կորուստների բարձր ռիսկեր։ Տարհամոզման նպատակն է ագրեսիան դարձնել հավասարապես անհարկի և ծախսատար [8]։
Ադրբեջանի ագրեսիվ պատեհապաշտության սահմանումը
Հայաստանի մերժողական զսպման ռազմավարությունը համարձակորեն ձևավորելու և այն եռանդուն կերպով որպես անհետաձգելի ռազմավարություն իրագործելու համար անհրաժեշտ է հասկանալ և որակավորել Ադրբեջանի նպատակները, շարժառիթները և հրամայականները։ Բայց այդ որակավորումը պետք է կատարել ոչ թե զսպողի դիրքում գտնվողի՝ Հայաստանի տեսանկյունից, այլ հակառակորդի՝ Ադրբեջանի տեսանկյունից։ Ըստ էության, զսպող դերակատարը պետք է ամբողջովին սահմանի և ըմբռնի, թե որն է հակառակորդ պետության ագրեսիվ պատեհապաշտության ռազմավարական տրամաբանությունը։
Ադրբեջանի՝ դեպի սրացում տանող վարքագիծը և ավելի լայն ագրեսիվ պատեհապաշտության քաղաքականությունը կարելի է սահմանել չորս հիմնական հայեցակարգային եզրույթների միջոցով. սադրանք, տեսակավորում, դիրքակերտում, հեղինակության ձևավորում։
Սադրանք
Ադրբեջանը սադրանքների է դիմում բազմաթիվ գործիքների միջոցով՝ միջպետական ռազմականացված վեճեր, հիբրիդային պատերազմի մարտավարություններ, կամ սպառնալից և ծավալապաշտական հռետորաբանություն։ Նպատակը Հայաստանից արձագանք ստանալն է, կամ, ավելի հստակ, չափազանցված արձագանք ստանալն է, որը կարող է օգտագործվել իր իսկ ագրեսիվ մարտավարությունն արդարացնելու և միջազգային հանրության երկակի հավասարության նշան դնելու քաղաքականությունն ապահովագրելու համար։ Սադրանքների այս գործիքակազմն իրագործվում է նաև հայելային մարտավարությունների միջոցով, երբ Բաքուն կեղծորեն մեղադրում է Հայաստանին միջպետական ռազմականացված վեճեր հրահրելու և ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ իր կողմից հրահրված սադրանքները հիմնավորելու համար։
Տեսակավորում
Ադրբեջանը կիրառում է տեսակավորման քաղաքականություն՝ մեկուսացնելով հակամարտությունն այնպիսի տիրույթում, որտեղ այն ունի իրավիճակը սրելու առավելություն՝ այդպիսով ամրապնդելով իր ուժային ընդհանուր գերակայությունը Հայաստանի նկատմամբ: Մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը, օրինակ, լիովին համոզված չլինելով, որ Հայաստանի ռուսաստանահեն ընդլայնված զսպման մարտավարությունն իրական չէ, Ադրբեջանն ամփոփում էր հակամարտությունը հիբրիդային հակամարտության և ծավալուն խավիարային դիվանագիտության տիրույթներում։ Սակայն 2020-ի Արցախյան պատերազմից հետո Հայաստանի ընդլայնված զսպման ռազմավարության փլուզմամբ պայմանավորված, Բաքուն հակամարտությունը տեղափոխեց ներխուժումների, հիբրիդային պատերազմի ուժգնացման և Հայաստանի տարածքի վրա ուղիղ հարձակման տիրույթ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իր համեմատական ձախողումները դիվանագիտության մեջ, խավիարային դիվանագիտության փլուզումը և Հայաստանին ցուցաբերվող արևմտյան աճող օժանդակությունը, Ադրբեջանը շեղեց իր ռեսուրսներն այս տիրույթից։ Այսպիսով Ադրբեջանը տեսակավորում է իրավիճակի սրման իր վարքագիծն ըստ իր ուժային տիրույթի։
Դիրքակերտում
Ադրբեջանը հարմարեցնում է իր շահերն ու գործողությունները, որպեսզի դրանք համապատասխանեցնի իր ավելի հզոր գործընկերների և ռազմավարական դաշնակիցների կարիքներին։ Այսպիսով, Ադրբեջանը նախաձեռնում է շահերի փոխհարմարեցման գործընթաց և իր համար յուրահատուկ դիրք կերտում։ Օրինակ՝ Թուրքիայի համար Ադրբեջանը հանդիսանում է Հարավային Կովկասում յուրահատուկ և լավ մշակված դիրք, որը և՛ համընկնում է Թուրքիայի շահերի հետ, և՛ սպասարկում է այդ շահերը։ Նմանապես, էներգետիկայի բնագավառում Ադրբեջանն իր յուրահատուկ դիրքն է կերտել հարմարեցնելով իր շահերը Մոսկվայի շահերին, միևնույն ժամանակ վերջինիս դրդելով մատակարարել Բաքվի տարածաշրջանային շահերը։ Իր համար յուրահատուկ դիրք ստեղծելով՝ Բաքուն տրամադրում է իր ռեսուրսներն ավելի հզոր գործընկերներին, միևնույն ժամանակ օգտագործում այդ յուրահատուկ դիրքը փոխադարձ արդյունքներ ապահովելու համար։
Հեղինակության ձևավորում
Ադրբեջանը զբաղվում է հեղինակության ձևավորմամբ՝ օգտագործելով Հայաստանի նկատմամբ իր ռազմական հաջողությունն իրեն որպես տարածաշրջանային դերակատար դիրքավորելու համար, միևնույն ժամանակ օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսները՝ իրեն որպես Եվրոպայի հուսալի գործընկեր դիրքավորելու համար։ Չնայած Ադրբեջանի երկշերտ հեղինակության ձևավորումը հակասական է, բայց այն ծառայում է երկու հիմնական նպատակի։ Նախ, ստեղծելով կայուն և ռազմատենչ պետության համբավ, Բաքուն ուժ է ցուցադրում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ երկրի ներսում։ Վերջինիս թույլ է տալիս պահպանել ռեժիմը, իսկ առաջինն ապահովում է յուրահատուկ դիրքի կերտման գործընթացը։ Իրանի հանդեպ Ադրբեջանի շարունակական սադրանքները, որքան էլ թույլ են, նախատեսված են Բաքվի համար տարածաշրջանային գերտերության մարտահրավեր նետելու ունակ դերակատարի համբավ ստեղծելուն (նույնիսկ եթե նման մարտահրավեր էապես գոյություն չունի), ինչպես նաև հանդիսանալ որպես Իրանի դեմ պատվար, որին Արևմուտքը պետք է աջակցի։ Երկշերտ հեղինակություն զարգացնելով, Բաքուն ուշադրությունը շեղում է իր ներքին խնդիրներից, միևնույն ժամանակ օգտագործում է իր տարածաշրջանային համբավը` իր շահերն առաջ մղելու համար։ Երկրորդ, Բաքուն ստեղծել է հուսալի անվտանգային գործընկերոջ համբավ, ինչը նրան հնարավորություն է ընձեռել շրջանցելու այն բուռն քննադատությունները, որին ենթարկվում են այլ երկրներ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։ Միաժամանակ, այս համբավը Բաքվին նաև տվել է միջազգային քաղաքական կապիտալ՝ ընդդեմ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վարքի։ Հավաքականորեն, կերտելով յուրահատուկ դիրքին բնորոշ համբավ, Ադրբեջանը կարողացել է լայնորեն նախաձեռնել ագրեսիվ պատեհապաշտություն։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի զսպում մերժման միջոցով ռազմավարությունը պետք է այնպես ձևավորել, որ հակազդի և կազմաքանդի բոլոր չորս հայեցակարգերը, որոնց միջոցով դրսևորվում է Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը։ Չնայած Հայաստանն Ադրբեջանի սադրանքներին հակազդելու որոշակի հաջողություն է գրանցել, Հայաստանին դեռևս չի հաջողվել պատշաճ արձագանք ձևակերպել Բաքվի տեսակավորման, յուրահատուկ դիրքի կերտման կամ համբավի ձևավորման քաղաքականության դեմ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը քայլեր է ձեռնարկել հեղինակության ձևավորման ոլորտում, հատկապես ժողովրդավար համբավի ստեղծման և բազմակողմանիության հարցում։ Սա, իր հերթին, Հայաստանին հնարավորություն է ընձեռել որոշակի չափով յուրահատուկ դիրք կերտել։ Այս մանր զարգացումները, սակայն, սահմանափակ են և ոչ բավարար՝ հակազդելու Ադրբեջանի բազմաշերտ ռազմավարությանը։ Այսպիսով, չնայած անվտանգության դիվանագիտականացումը կարողացել է զսպել Բաքվի` իրավիճակը սրելու ջանքերը, այն հանդիսանում է զսպում մերժման միջոցով հայեցակարգ ստեղծելու անհրաժեշտության մի մասը։
Հղումներ․