Զեկույցը կարող եք լսել Ձայնագիր տարբերակով:
Հայաստանի անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ մեծ է։ Սեպտեմբեր ամսվա համեմատ, սակայն, այդ հավանականությունը փոքր-ինչ նվազել է։ Անվտանգության դիվանագիտացումը, որպես Հայաստանի անվտանգային խնդիրները ժամանակավորապես կասեցնող հայեցակարգ, առժամանակ նպաստել է սպառնալիքի նվազմանը, քանի որ Միացյալ Նահանգների դիվանագիտական ակտիվ ներգրավվածությունը և Եվրոպական միության հստակ և առարկայական մասնակցությունը մեծապես նպաստել են ընթացիկ զարգացումներին։ Սակայն Հայաստանի անվտանգության երկընտրանքը դեռ պահպանվում է, քանի որ Ադրբեջանի ավելի հզոր ռազմական կարողությունները, կոշտ ուժի անհամաչափությունը, և ուժի դիրքից հանդես գալու Բաքվի հնարավորությունը թուլացնում են Հայաստանի հնարավորությունը՝ ապավինելու դիվանագիտությունը որպես անվտանգություն հայեցակարգին։ Եվրամիության 40 հոգանոց դիտորդական առաքելության ներկայությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ուղիղ և անուղղակի ներգրավվածությունը՝ միտված անվտանգության դիվանագիտացման հայեցակարգն ամրապնդելուն, սահմանափակել են Ադրբեջանի` միջպետական ռազմական հակամարտություններ ձեռնարկելու ազատությունը։ Սակայն, այս զսպող մեխանիզմները կարճաժամկետ են, և ընդհանուր առմամբ էապես անկարող են սահմանափակել Ադրբեջանի ավելի լայնածավալ և երկարաժամկետ հիբրիդային պատերազմի ռազմավարությունը։ Այս ամենից ելնելով, հոկտեմբեր ամսվա անվտանգության պարունակն ավելի լավ հնարավոր է ըմբռնել որպես աճող հայեցակարգային մրցակցություն՝ Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հայեցակարգի և Ադրբեջանի բազմաշերտ հիբրիդային պատերազմի հայեցակարգի միջև։ Ավելին, մինչ Ադրբեջանը տիրապետում է հիբրիդային պատերազմից լայնածավալ ներխուժման անցնելու կարողությանը, Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, ներկայումս շարունակում է կախված մնալ դիվանագիտական եռանկյունավորումից։
Հայաստանի անվտանգության պարունակը
2022 թվականի հոկտեմբերի անվտանգային պարունակը բնորոշվեց Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանում գերակա անվտանգության երաշխավորի դերի շարունակական նվազմամբ, Հայաստանի գիտակցմամբ, որ Ռուսաստանահեն անվտանգության ճարտարապետությունը փլուզվել է, Ադրբեջանի՝ ռուսական և արևմտյան ներգրավվածության միջև փոխադարձ հավասարակշռություն ստեղծելու փորձերով, և Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության ներկայությամբ։ Ի հավելումն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) այդ գործընթացների մեջ ներգրավմանը՝ ԵԱՀԿ-ն «կարիքների գնահատման» խումբ ուղարկեց Հայաստան։ Այս զարգացումները շարունակում են համահունչ մնալ երկու հիմնական գործոնի հետ․ եվրոպայի շարունակական ջանքերը գտնելու դիվանագիտական լուծում անվտանգության երկընտրանքին և Արևմուտքի առավել լայն արձագանքը ադրբեջանական սքողված խոչընդոտող վարքագծին։ Վերջինիս խթանը հանդիսացավ ադրբեջանական զինված ուժերի կողմից անզեն հայ զինվորների արտադատական գնդակահարության տեսանյութի հրապարակումը, որը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի ռազմավարության մանրակերտն է և դրա ևս մեկ համակարգային բաղադրիչը։ Ընդհանուր արձագանքը Արևմուտքի ցնցումն էր ու դատապարտումը, Ռուսաստանի անհոգությունը և Բաքվի անտարբերությունը։ Արևմուտքի հավաքական դատապարտումը մատնանշում էր Բաքվի համընդհանուր նպատակների վերաբերյալ ընդհանուր փոխըմբռնման համաձայնության առկայությունը, մինչդեռ Ռուսաստանի երկկողմանի հավասարման նշան դնելը միաձայնվեց Ադրբեջանի անտարբերությանը՝ հաստատելով լուռ ըմբռնումը առ այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանի անվտանգության երաշխավորի իր դերից։
Միացյալ Նահանգների աճող դերը որպես Հայաստանի անվտանգության երկընտրանքին նպաստող դերակատար, որը նաև լրացնում է Ռուսաստանի որոշ չափով մեկուսացման հետևանքով առաջացած ուժային բացը, ի ցույց է դրվել երկու ճակատով․ 17 ռազմագերիների ազատ արձակումը ապահովելը և Հայաստանի պաշտպանության նախարարության ու Ամերիկայի պաշտպանության դեպարտամենտի միջև միջբյուրոկրատական հարաբերությունների խորացումը։ Քանի որ ռազմական բարեփոխումները Հայաստանի նոր անվտանգության ճարտարապետության անկապտելի ռազմավարական նպատակներից մեկն են, Հայաստանի պաշտպանության նախարարության հարաբերությունների ընդլայնումը ամերիկյան այնպիսի ռազմական կրթական կենտրոնների հետ, ինչպիսիք են Վեսթ Փոյնթ ԱՄՆ ռազմական ակադեմիան, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջը և Ազգային պաշտպանության համալսարանը, շատ կարևոր են Հայաստանի թերի ռազմական համակարգի համար ռազմական գիտությունը և պատրաստությունը զարգացնելու տեսանկյունից։ Միջհամակարգային հարաբերությունների զարգացումը սեպտեմբերի 13-ի լայնածավալ ներխուժումից ի վեր շարունակում է լրացվել ԱՄՆ-ի՝ Ադրբեջանի վրա գործադրվող ակտիվ դիվանագիտական ճնշումով, երբ ԱՄՆ Պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ նախաձեռնեց և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերահաստատելու Ամերիկայի պայմանը առ այն, որ Ադրբեջանի ջանքերը՝ ապադիվանագիտացնելու գործընթացը հօգուտ ուժեղացված ստիպողական դիվանագիտության՝ հակասում են Ամերիկայի շահերին։ Այս դիրքորոշումը ևս մեկ անգամ վերահաստատեց դեսպան Մայքլ Քարփենթերը, լրացուցիչ հաստատելով, որ ԱՄՆ-ն աջակցել է ԵԱՀԿ փաստահավաք խումբ ուղարկելու հայաստանյան պահանջին։
Ամերիկայի շրջադարձը նաև համընկավ Հայաստանին Ֆրանսիայի ամուր աջակցության ընդլայնման հետ, քանի որ ԱՄՆ-Ֆրանսիա տանդեմը դարձել է գերիշխող առաջնորդող ուժը՝ Եվրոպայի մոտեցումը Հայաստանի անվտանգության երկընտրանքի հանդեպ վերաձևակերպելու հարցում։ Պրահայում Ֆրանսիայի նախաձեռնած Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը Մակրոնի, Միշելի, Ալիևի և Փաշինյանի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ժամանակ հետագայում աջակցություն ստացավ ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների կողմից։ Դրան հաջորդեց Ֆրանսիայի նախագահի խորհրդական Իզաբել Դյումոնի այցը Հայաստան, որտեղ նա հանդիպեց ոչ միայն արտաքին գործերի նախարարին և վարչապետին, այլև պաշտպանության նախարարին, որի հետ քննարկվել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությանը առնչվող հատուկ հարցեր։ Հետագայում Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը նույնպես այցելեց Հայաստան, հանդիպեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ Հայաստանում ռազմական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սերտացնելու նպատակով։ Այս ամենի բարձրակետը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության այցն էր Հայաստան, կազմված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբից, որը նպատակ ուներ ամրապնդելու և ընդգծելու Հայաստանի ժողովրդայնացումը, միևնույն ժամանակ խիստ քննադատության ենթարկելով Ադրբեջանի՝ սեպտեմբերից ի վեր դրսևորած վարքագիծը։ Եվս մեկ անգամ հաստատելով Ամերիկայի շրջադարձը դեպի Հայաստան՝ պատվիրակության նախագահը նշեց ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ներգրավվելու երկկողմ և բազմակողմ պայմանավորվածություններում՝ Հայաստանի անվտանգության ճարտարապետության դիվանագիտական աջակցության համար։
Միացյալ Նահագների, Եվրոպայի, և հատկապես Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի դիվանագիտությունը որպես անվտանգություն հայեցակարգի ամրապնդմանը արժանացել է Ռուսաստանի խիստ քննադատությանը, քանի որ վերջինս ԱՄՆ-ի շրջադարձը և ԱՄՆ-Ֆրանսիա տանդեմը դիտարկում է որպես ներխուժում իր ավանդական ազդեցության գոտի։ Հայեցակարգային տեսանկյունից, Հայաստանի անվտանգության ճարտարապետության փլուզումը Ռուսաստանի համար երկրորդային է, քանի որ վերջինիս մերձեցումը Ադրբեջանի հետ մեղմացնում է իր փափուկ ուժի ազդեցության կորուստը Հայաստանում, միևնույն ժամանակ Հայաստանի բնական թույլ վիճակը հաստատում է Ռուսաստանի ենթադրությունը, որ Հայաստանը գնալու տեղ չունի։ Արևմուտքի նորահայտ աջակցությունը Հայաստանի անվտանգության երկակիությանը խոցել է Ռուսաստանի նոր հարավկովասյան քաղաքականությունը, քանի որ այն ոչ միայն հանգեցրել է Հայաստանում Ռուսաստանի ազդեցության նվազմանը, այլև թուլացրել է Ռուսաստանի դիրքերն ընդդեմ Ադրբեջանի, միաժամանակ հրավիրելով Ամերիկային և Եվրոպային լրացնելու Ռուսաստանի թողած ուժային բացը։ Ըստ էության, Հայաստանի Ռուսաստանահեն անվտանգության ճարտարապետության փլուզումը հանգեցրեց նաև Հայաստանի կախվածության համակարգի փլուզմանը, որը Ռուսաստանը կառուցել էր ամրապնդելու Հայաստանի՝ որպես իր արբանյակ, կարգավիճակը։ Կախվածության կառուցվածքի խոցումը վերակազմավորել է Ռուսաստանի կարգավիճակը՝ որպես թուլացած տարածաշրջանային գերշխող ուժ, քանի որ դրա արդյունքում քայքայվել է Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության գոտին: Դրա ազդեցությունը Ադրբեջանի վրա դարձել է պայմանական և նույնիսկ փոխադարձ, մինչդեռ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը դարձել է կցկտուր և ոչ գործառնական։ Դրա արդյունքը եղել է Հայաստանի տարածքում եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը, Ռուսաստանի ձայնի բացակայությունը այդ գործընթացում և Ռուսաստանի կանոնավոր մեկուսացումը բանակցային գործընթացից։
Սեպտեմբեր
2022
Անվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022
EVN անվտանգության զեկույցի առաջին թողարկմանը դոկտոր Ներսես Կոպալյանն անդրադառնում և ամբողջացնում է Հայաստանի սեպտեմբերյան անվտանգային իրադրությունը՝ բնորոշելով այն անորոշ, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է:
Read moreԶեկույցը անգլերեն
Հեղինակի մասին
Դոկտոր Ներսես Կոպալյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: Նրա մասնագիտացման ոլորտները ներառում են միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքականությունը, քաղաքական տեսությունն ու գիտության փիլիսոփայությունը: Նա ծավալուն հետազոտություններ է անցկացրել բևեռականության, գերտերությունների հարաբերությունների, անվտանգության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կոպալյանը «Համաշխարհային քաղաքական համակարգերը բևեռականությունից հետո» գրքի (Ռութլիջ, 2017) հեղինակն է, «Սեքս, իշխանություն և քաղաքականություն» գրքի (Փալգրև Մաքմիլլան, 2016) համահեղինակը: Նրա ընթացիկ հետազոտությունների առանցքում են աշխարհաքաղաքական և մեծ տերությունների հարաբերությունները՝ շեշտը դնելով Եվրասիայի վրա: Նա նաև լայնածավալ աշխատանք է կատարել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ մինչ թավշյա հեղափոխությունը և դրանից հետո։ Հայաստանի կառավարության համար մշակել է առաջարկությունների փաթեթներ, ինչպես նաև կամավորական հիմունքներով խորհրդատվություն է տրամադրել պետական տարբեր կառույցներին:
Ռուսաստանի արձագանքն այս զարգացումներին երեք իրողություն հաստատեց Հայաստանի համար․ 1) Ռուսաստանը շարունակում է անտարբեր մնալ Հայաստանի անվտանգության երկընտրանքի հանդեպ, այսպիսով հաստատելով հայ-ռուսական անտվանգային պայմանավորվածության փլուզումը, 2) Ռուսաստանը վերակարգավորել է իր շահերը Ադրբեջանի հետ, քանի որ Բաքուն միացել է Ռուսաստանին` քննադատելով Ֆրանսիային, թույլ չտալով եվրոպական դիտորդների մուտքը իր տարածք և սեպտեմբերի հրադադարի հաստատումը վերագրելով Ռուսաստանին, այլ ոչ թե ԱՄՆ-ին, և 3) Ռուսաստանը նմանակել է եվրոպական քայլերը՝ առաջարկելով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, վերստին նախաձեռնելով արտգործնախարարների հանդիպում, հոկտեմբերի վերջին էլ հյուրընկալելով երեք երկրների ղեկավարներին։ Հայաստանի անվտանգության ճարտարապետության տեսանկյունից՝ Ռուսաստանի առաջարկած նախաձեռնություններից ոչ մեկը չի նպաստում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը, այլ ավելի շատ լծակներ է հատկացնում Բաքվին՝ միաժամանակ փորձելով ի վնաս Հայաստանի վերականգնել խաթարված կախվածության համակարգը։
Իրանի պայմանական դիրքավորումը
Իրանի աշխարհաքաղաքական դիրքավորումը և դրա մտահոգությունները կապված Հայաստանի անվտագության իրավիճակի հետ հիմնականում բխում են Իրանի ֆիզիկական մեկուսացման վախից։ Թեհրանի կողմից հրապարակված բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում նկատելի է Իրանի հաստատակամությունը առ այն, որ տարածաշրջանային սահմանների փոփոխությունները կարմիր գիծ են, ինչը ենթադրում է, որ դեպի հյուսիս Իրանի հասանելիության ցանկացած վտանգ, կամ այդ հասանելիության վերահսկողությունը Ադրբեջանի կողմից՝ կհանգեցնի ռազմական պատասխանի։ Իրանի առավել լուրջ մտահոգությունը շարունակում է մնալ Հայաստանով հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհը և այն մտավախությունը, որ այս ճանապարհի ցանկացած խզում չափազանց վնասակար կլինի Թեհրանի ռազմավարական և առևտրային շահերի համար։ Այս պարունակում, Իրանը ոչ այնքան անհանգստացած է Հայաստանի անվտանգության ճարտարապետությամբ, որքան Հայաստանի տարածքով իր անցանելիությամբ, որը իր իսկ անվտանգության ճարտարապետության մասն է։ Հաշվի առնելով Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, Բաքվի վերահսկողությունը դեպի հյուսիս Իրանի հասանելիության վրա զգալիորեն կթուլացնի Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում, միևնույն ժամանակ ամրապնդելով Բաքվի լծակները Իրանի վրա։ Իրադարձությունների նման զարգացումն անսակարկելի կարմիր գիծ է Իրանի համար։
Առաջնահերթություն տալով այն գործոններին, որոնք սահմանում են իր ռազմավարական շահերը, Թեհրանը ձևակերպել է մի շարք մեխանիզմներ՝ մեղմելու և սահմանազատելու Ադրբեջանի կողմից իր կարմիր գծերի խախտման հավանականությունը։ Նախ, Իրանը հյուպատոսություն բացեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում և՛ որպես խորհրդանշական, և՛ որպես գործնական քայլ, որը ցույց է տալիս Իրանի հանձնառությունը՝ զսպելու իր սահմանած կարմիր գծերի ցանկացած խախտում։ Ավելին, այս միջոցառումները գլխավորեց Իրանի արտգործնախարարի առաջնորդած մեծ պատվիրակության ժամանումը Հայաստանը, ինչը նախատեսված էր ի ցույց դնելու Իրանի աներկդիմի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Երկրորդ, Իրանը նախաձեռնեց լայնածավալ զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանին, որը և՛ լայնածավալ ուժի ցուցադրություն էր, և՛ արկածախնդիր քաղաքական վարքագիծ։ Այս գործողությունների էությունը, սակայն, պետք է որակել Իրան-Ադրբեջան հարաբերությունների կազմաձևում, քան ենթադրել, որ նման զարգացումները Հայաստանի անվտանգության ճարտարապետության աջակցություն են։ Մասնավորապես, Իրանի անվտանգային մտահոգությունները ոչ այնքան պայմանավորված են Հայաստանի անվտանգության մտահոգություններով, որքան տարածաշրջանում Ադրբեջանի ուժի արտացոլումը թուլացնելու Իրանի ձգտմամբ։ Այս համատեքստում, ներկայումս Իրանը չի կարող համարվել Հայաստանի անվտանգության ճարտարապետությանը նպաստող գործոն։ Իրանի կեցվածքը շարունակում է լինել պայմանական․ քանի դեռ իր հյուսիսային երթուղին անձեռնմխելի է, Հայաստանի անվտանգության երկակիությունը Իրանի իրավասությունից դուրս է մնում։
Հիբրիդային պատերազմ և անհամաչափ իրողություն
Պատերազմի և խաղաղության հայեցակարգային երկատվածությունը, որքանով այն առնչվում է Հայաստանի անվտանգության իրավիճակին, հիմնված է այն ընդհանուր թյուրիմացության վրա, թե ինչ է նշանակում պատերազմ, և ինչ է նշանակում խաղաղություն։ Ինչպես նշվում է հիբրիդային պատերազմների մասին գերակշռող գրականությունում, անհամաչափ գործողությունները և մոխրագույն գոտու մարտավարությունը ցույց են տալիս, որ խաղաղությունը, միանշանակ, վերածվել է հարաբերական հասկացության, և խաղաղության մասին երկբևեռ ընկալումներն այլևս կիրառելի չեն։ Ըստ էության, եթե խաղաղությունը չի ընկալվում որպես լայնածավալ, ավանդական պատերազմական գործողությունների բացակայությունը, այդ հասկացությունը շարունակում է վերացական լինել և կիրառելի չէ Հարավային Կովկասի անվտանգային կարգավորումների համար։ Դիտարկելով 2020-ի Արցախյան պատերազմին նախորդած Ադրբեջանի մեծ ռազմավարության տասը տարվա հետագիծը, հիբրիդային պատերազմի և մոխրագույն գոտու մարտավարության շարունակականությունը սահմանել են մի ժամանակաշրջան, որը սխալմամբ ընկալվում է որպես խաղաղ շրջան։ Անհամաչափ երևույթների տիրույթում, որը սահմանում է ժամանակակից պատերազմները, խաղաղություն հասկացությունը չունի էական նշանակություն։ Փոխարենը, անվտանգության իրավիճակների զարգացումները և համատեքստային ըմբռնումը պետք է դիտարկվեն շարունակական սկզբունքով՝ ցածր ինտենսիվության հիբրիդային պատերազմից մինչև բարձր ինտենսիվության միջպետական ռազմականացված վեճեր: Օգտագործելով արդեն հնացած բառապաշարը, տեղին է նշել, որ անկախ պաշտոնական խաղաղության պայմանավորվածություններից, Հայաստանը գտնվում է և մոտ ապագայում գտնվելու է մշտական «սառը» պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, որի կազմաձևերի տատանվող հավանականությունները կարող են վերածվել «թեժ» պատերազմի և լայնածավալ հակամարտության։
1994-ից ի վեր, Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցվել է լայնածավալ հակամարտության դինամիկային դիմակայելու համար՝ Ռուսաստանի հանդեպ չափազանցված վստահությամբ, անհամաչափ կամ հիբրիդային կարողությունների բացակայությամբ, և Ադրբեջանի լավ մշակված մեծ ռազմավարության հիմնարար թյուրընկալմամբ։ 2010-2020 թվականների ընթացքում Ադրբեջանը բազմազանեցրել է իր անվտանգության հայեցակարգը՝ հետևողականորեն ամրապնդելով հիբրիդային և անհամաչափ պատերազմական իր կարողությունները, մինչդեռ Հայաստանը խորացրել է իր՝ ժամանակավրեպ ռազմական մարտավարությունը՝ անվտանգության երաշխավորից կախվածություն և սովետականացված ռազմական համակարգի ստատուս-քվոյի պահպանում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանը ոչ միայն նկատելի դարձրեց Ադրբեջանի հիբրիդային կարողությունների ամրապնդումը, այլև ցածր ուժգնությամբ հիբրիդային պատերազմից բարձր ուժգնությամբ ռազմական գործողությունների անցելու լավ զարգացած փոխգործակցությունը։ Ըստ էության, Ադրբեջանն արդեն տիրապետում է շարունակականության սկզբունքին, մինչդեռ Հայաստանը դեռ այն հասկանալու գործընթացի մեջ է։ Այս պահին, Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը միտված է նվազեցնել Ադրբեջանի շարունակականության սկզբունքը հեշտությամբ և հաստատուն կառավարելու հնարավորությունը։ Սա ենթադրում է երկու զարգացող, միևնույն ժամանակ նոր ծնունդ առնող մոտեցումների մշակում՝ զարգացնել զսպողական կարողությունները (ինչպես դիվանագիտական, այնպես էլ կոշտ ուժի) Ադրբեջանի բարձր ինտենսիվությամբ ռազմականացված գործողությունները մեղմելու համար, և ապահիբրիդացում: Առաջինը ժամանակավորապես լուծելու համար գործարկվել է անվտանգության դիվանագիտացումը։ Սակայն, ինչ վերաբերում է վերջինին, Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը լուրջ խնդիրների է բախվում։
Հիբրիդային պատերազմներ հրահրողը, որը գրականության մեջ հայտնի է որպես «հակամարտող պետություն», սովորաբար ավտորիտար կառավարություն կամ բռնապետություն է, որը չունի իր ագրեսիվ վարքագիծը զսպող որևէ արգելք և ունի խիստ կենտրոնացած, արագ և համակարգված որոշում կայացնելու գործիքակազմ։ Հիբրիդային պատերազմի միջոցով հակամարտող պետությունը նպատակ ունի հասնել արդյունքի առանց լայնածավալ պատերազմի մեջ ներգրավվելու, քանի որ ձգտում է խանգարել, նսեմացնել և վնասել թիրախ հանդիսացող պետության քաղաքական համակարգը, պաշտպանական կարողությունները և հասարակության համախմբվածությունը՝ ուժի կիրառման, դիվերսիաների, մանիպուլյացիաների և ապատեղեկատվության տարածման համակցմամբ։ Այս համատեքստում, Ադրբեջանը ոչ միայն թիրախավորում է հայ զինվորներին, այլ նաև Հայաստանի քաղաքական համակարգը և հասարակությանը։ Հակամարտության շարունակական սկզբունքի երկայնքով Ադրբեջանն օգտագործում է ուժային գործիքների բազմություն՝ շեշտը դնելով սպառնալիքների, կազմակերպված ապատեղեկատվության և ռազմական գործողությունների վրա։ Այնուամենայնիվ, այս գործիքները գործում են բացահայտ պատերազմի նշաձողից ներքև, այսպիսով տատանվելով կեղծ դրոշի ներքո գործողությունների, սահմանային բախումներ հրահրելու համար փոքր զինատեսակների ընդհատական օգտագործման և տեղային ուժի կիրառման միջև։ Այս գործողությունների ինտենսիվությունը, և ուժի կիրառման ծավալի տատանումները համապատասխանում են առավել ընդարձակ հիբրիդային հայեցակարգի հետ, որը ենթադրում է հասնել նպատակների իրականացմանը` առանց բացահայտ պատերազմի շեմն անցնելու։ Ընդհանուր համատեքստում, 2010-ից ցայսօր Ադրբեջանի անվտանգության հայեցակարգն ավելի շատ հենվել է անհամաչափ պատերազմի և հիբրիդային կարողությունների ամրապնդման, քան բացահայտ պատերազմի վրա․ Ադրբեջանը բացահայտ պատերազմի շեմն անցել է միայն 2020-ին։ Ըստ էության, հիբրիդային կարողությունների և բացահայտ պատերազմի փոխգործակցությունը, ինչպես նաև ցածր ինտենսիվության հակամարտությունից բարձր ինտենսիվության հակամարտության կանոնավոր անցումը հենց այն ցուցիչներն են, որոնք առավել լավ են բացատրում Բաքվի ռազմական հայեցակարգը։ Որպես այդպիսին, անվտանգության դիվանագիտացումը, օրինակ, ունի ֆունկցիոնալ հաջորդականություն, եթե Ադրբեջանը ձգտի ներգրավվել բարձր ինտենսիվության գործողությունների մեջ։ Բայց հայեցակարգը չունի որևէ ազդեցություն շարունակականության երկայնքով մնացյալ գործողությունների վրա, որոնք Ադրբեջանը ձեռնարկում է շարունակականության սկզբունքի շրջանակում։
Ադրբեջանի հիբրիդային պատերազմի ռազմավարության հիմնական բաղադրիչները, որոնց Հայաստանը պետք է առերեսվի, հետևյալն են.
- բազմաչափություն
- համակարգում և համապատասխանեցում
- ինտեգրում և ռազմավարական նպատակներ
- քողարկման կազմակերպված քաղաքականություն
- պատերազմի և խաղաղության միջև սահմանագծի շահագործում
Այս հինգ բաղադրիչները գործարկվում են վեց չափորոշիչներով.
- դիվանագիտություն
- տնտեսություն
- կիբեր (տեխնոլոգիաներ)
- տեղեկատվական և ազդեցության գործողություններ
- ոչ ավանդական մարտավարություն
- ռազմականացված վեճեր
Սկզբունքորեն, Ադրբեջանի հիբրիդային պատերազմի հայեցակարգը վեց չափորոշիչները կիրառելու նպատակով գործարկում է նշված հինգ առանձնահատկությունները։ Այսպիսով, դիվանագիտական, տնտեսական, տեխնոլոգիական, տեղեկատվական և ոչ ավանդական մարտավարություններն օգտագործում են բազմաչափությունը, համակարգումը և համապատասխանեցումը, ինտեգրումը և ռազմավարական նպատակները, քողարկման կազմակերպված քաղաքականությունը, պատերազմի և խաղաղության միջև սահմանագծի շահագործումը։ Այս անհամաչափ մարտավարությունները միահամուռ գործադրվում են սատարելու, սահմանելու և արդարացնելու Ադրբեջանի ձեռնարկած հակամարտության ինտենսիվության տատանումները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ամբողջ համակարգի հաղորդագրությունների համակարգումն ու համապատասպանեցումն ինտեգրված է ռազմական գործողությունների արդյունքների հետ, միևնույն ժամանակ տրոլ ֆերմաները և սոցիալական հարթակների գործակալներն ինտեգրված են, որպեսզի ապատեղեկատվությունը բազմակի անգամ շատացնեն և առավել լայն քողարկման քաղաքականություն իրականացնեն։ Այս բազմահամակարգային մոտեցման բազմաչափությունը և այդ երկրի դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և ռազմական կառույցների փոխգործակցությունը հիբրիդային նպատակների իրականացման համար կամ ի պատասխան միջազգային քննադատությանը, անմիջականորեն ստեղծված են Հայաստանի պաշպանական և անվտանգային կարողություններն անգործունակ դարձնելու և ճնշելու համար։ Հետևաբար, թեև Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հայեցակարգն ինչ-որ մակարդակում կարող է մեղմել Ադրբեջանի ռազմական հայեցակարգի վեցերորդ չափորոշիչը՝ ռազմականացված վեճերը, այն չի կարող ուժգնորեն անդրադառնալ մնացած հինգ հարթություններին:
Այս լույսի ներքո, Հայաստանի հետռուսաստանյան անվտանգության ճարտարապետությունը պետք է մշակի հիբրիդային պատերազմի հայեցակարգ, որը հաշվի կառնի Ադրբեջանի վեց չափորոշիչներից հինգը, որոնց Հայաստանը ներկայումս դժվարանում է դիմակայել։ Երկու երկրների ուժային անհամաչափությունն առնչվում է ոչ միայն կոշտ ռազմական ուժին, այլև հիբրիդային հնարավորություններին։ Այս համատեքստում, Հայաստանի անվտանգության հայեցակարգը փորձում է անդրադառնալ նաև անհամաչափ պատերազմին այդ նույն անհամաչափությունն ըմբռնելու միջոցով։ Ապահիբրիդացման հասկացությունը վերաբերում է հենց այս գործընթացին․ կիրառելով զսպում մերժման միջոցով՝ կառուցել դիմակայում՝ հակամարտող պետության կարողությունների դեմ։ Նպատակը հակահարված հասցնելը կամ փոխադարձ հիբրիդային պատերազմի մեջ ներգրավվելը չէ, այլ փոխել անհամաչափության ծավալը և գորշ գոտու մարտավարության եղանակը․ Հայաստանը չպետք է հետ հարվածի, այլ պետք է ձևավորի դիմակայելու կարողություններ՝ Ադրբեջանի հիբրիդային չափորոշիչներն անարդյունավետ դարձնելու համար։ Այսպիսով, ապահիբրիդացում նշանակում է ոչ թե զսպում՝ որպես պատժիչ մեխանիզմ, այլ ինչպես արդեն նշվեց, զսպում՝ մերժելու միջոցով։
Քանի դեռ Հայաստանի անվտանգության անորոշ իրավիճակը շարունակվում է և Ադրբեջանը բարելավում և հղկում է իր հիբրիդային կարողությունները, Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը պետք է դիմակայի հիբրիդայնության շարունակական սկզբունքայնությանը՝ լիովին գիտակցելով, որ լայնածավալ, բացահայտ պատերազմը չի բխելու իր շահերից և հաշվի առնի միջազգային անկումը։ Անտվանգության դիվանագիտացման և ապահիբրիդացում շրջանակում, Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը կարող է ավելի լավ արտահայտել և ստեղծել այնպիսի անվտանգության հայեցակարգ, որը ի վիճակի կլինի դիմագրավելու Ադրբեջանի սպառնալիքները։ Անբարենպաստ վիճակում գտնվելը և այդ անբարենսպաստ վիճակը շահագործելը անհամաչափ պատերազմը հասկանալու և դրա զոհը լինելու միջև տարբերությունն է։ Ադրբեջանն ունի հսկայական հիբրիդային հնարավորություններ, բայց առերեսվելով ապահիբրիդացման՝ այն ստիպված կլինի ամբողջությամբ ձևափոխել իր հայեցակարգը։ Դա ինքնին զսպում է մերժման միջոցով։
Հոյակապ վերլուծություն՝ գիտականորեն հիմնավորված։ Շնորհակալություն հեղինակին։