
Այս տարի լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը. բեկումնային մի իրադարձություն, որը դաջված է հայ ժողովրդի հավաքական և պատմական հիշողության մեջ։ 1988-ի սկզբներին սկսված զանգվածային ցույցերը կոչ էին անում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՍՀ) կազմում գտնվող անկլավը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) վերամիավորել Խորհրդային Հայաստանի հետ։ Ժողովրդական այս շարժումն աշխարհի ուշադրության կենտրոնում էր, այն հայության զարթոնքի ու փոխակերպման առիթը դարձավ։
Լեռնային Ղարաբաղի պատմականորեն հայկական տարածքները բռնի փոխանցվել էին Ադրբեջանին 1921 թվականին, Իոսիֆ Ստալինի կողմից։ Հաջորդող յոթ տասնամյակների ընթացքում Ադրբեջանի խտրական քաղաքականությունն արհեստականորեն կասեցնում էր Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացումը և ուղղված էր ինքնավար այս մարզի ակտիվ ապահայկականացմանը։ Հայկական հուշարձանները, մշակութային ժառանգությունը կամ ոչնչացվում էր, կամ ներկայացվում իբրև ադրբեջանական ծագում ունեցող։ Էթնիկ այս խտրականության պատճառով էլ Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը երբեք չհրաժարվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու իր մտադրությունից ու ցանկությունից։
Իրականում, դեռևս խորհրդային տարիներին, հայերը բազմիցս փորձել են բարձրացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների առջև, հիմնականում՝ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բազմաթիվ նամակներ և միջնորդություններ են հղել Մոսկվային (1945, 1965, 1967, 1977)։
1980-ականների վերջերին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հռչակած բացախոսության («գլասնոստ») և վերակառուցման («պերեստրոյկա») քաղաքական կուրսը, որը պիտի ազատականացներ Խորհրդային Միության քաղաքական և տնտեսական լանդշաֆտը, պատմական հնարավորություն ընձեռեց Ղարաբաղի հայությանը կրկին բարձրաձայնելու խնդիրը և վերամիավորում պահանջելու պատմական հայրենիքի հետ։
Գլոբալ փոփոխությունների ժամանակներ էին. 1989 թվականին դեռ պիտի քանդվեր Բեռլինի պատը, 1991-ին՝ փլուզվեր Խորհրդային Միությունը։
1987 թվականից Խորհրդային Հայաստանում բնապահպանական խնդիրներ բարձրաձայնող ցույցեր էին տեղի ունենում, որոնք պահանջում էին փակել նաև Մեծամորի ատոմակայանը։ Բնապահպանական այս մտահոգությունները, ի վերջո, վերածվելու էին համազգային մի շարժման, որն ուղղված էր լինելու ոչ միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատմանը, այլև ճանապարհ էր հարթելու դեպի անկախություն։
Երբ շարժումը սկսվեց, այն հակախորհրդային ուղղվածություն չուներ, չկային Հայաստանի անհապաղ անկախություն պահանջող կոչեր: Այնուամենայնիվ, 1988-ի գարնանը, երբ պարզ դարձավ, որ Ղարաբաղյան խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակներն անիրականալի են խորհրդային համակարգի ներսում, ամեն բան փոխվեց։ Շրջադարձային խորհրդանշական կետը 1988թ. մայիսի 28-ն էր, Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) հիմնադրման 70-ամյակը, երբ Մովսես Գորգիսյանը Երևանի Օպերայի հրապարակում բարձրացրեց հայոց եռագույնը:
Մի խումբ երիտասարդ մտավորականներ, շուտով հայտնի որպես «Ղարաբաղ» կոմիտե, գլխավորեցին շարժումը։ Այն հետագայում վերափոխվեց Հայոց Համազգային Շարժման։ 1988-ի իրադարձությունները արագ զարգացան. 1991թ. ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը անկախություն էին հռչակել։ Ապա սկսվեց Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմը, որը շարունակվեց մոտ չորս տարի և որի արդյունքում հայկական կողմը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղում։ Այն պաշտոնապես այսօր հայտնի է իր հայկական անվամբ՝ Արցախ։
Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ պատմության մեջ բողոքի ամենախոշոր շարժումներից էր։
Ստորև, 1987-1988-ի իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը.
1987
Մարտի 3
Օգոստոսի 5
Օգոստոսի 13-14
Հոկտեմբերի 17
Երևանում շուրջ 3000 մարդ դուրս է գալիս ցույցի՝ «Նաիրիտ» քիմիական գործարանն ու Մեծամորի ատոմակայանը փակելու և բնապահպանական այլ կոչերով։
Հոկտեմբերի 18
Հանրահավաք Երևանում, Ղարաբաղն ու Նախիջևանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու պահանջով: Ոստիկանությունը միջամտում է, փորձում ցրել երթը։

Բնապահպանական հանրահավաք Երևանում, 1987։
1988
Փետրվարի 13
Փետրվարի 20
Փետրվարի 21
Փետրվարի 22

Բողոքի ցույցեր Ստեփանակերտում, 1988։
Մի քանի հազար ադրբեջանցիներից բաղկացած ամբոխը Աղդամից շարժվում է Ստեփանակերտ՝ «վերականգնելու կարգը», ի պատասխան հայերի բողոքների։ Ճանապարհի կեսին ադրբեջանցիները բախվում են Ասկերանից նրանց ընդառաջ դուրս եկած հայերի հետ։
Նույն օրը Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հեռուստատեսությամբ դիմում է ժողովրդին. «Այն գործողություններն ու պահանջները, որոնք ներկայում առկա են (Լեռնային Ղարաբաղի) մարզում, հակասում են Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ աշխատավորների շահերին… Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեզ` Խորհրդային Հայաստանի քաղաքացիներին, այս կարևոր պահին դրսևորել խիզախություն, ինքնատիրապետում, խոհեմություն, համբերություն, քաղաքական հասունություն, կազմակերպվածության բարձր մակարդակ, ավելի ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքը վերափոխելու գործընթացին և խորհրդային ժողովուրդների միջազգային եղբայրության ամրապնդմանը»:
Փետրվարի 23
ԽՄԿԿ Կենտկոմը մերժում է Հայաստանի հետ միավորման ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը։ «Հանրային անկարգությունները ծայրահեղականների անպատասխանատու կոչերի արդյունք են․․․ Ուսումնասիրելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում զարգացումների վերաբերյալ տեղեկությունները, Կենտրոնական կոմիտեն գտնում է, որ ԼՂԻՄ ազգային-տարածքային գոյություն ունեցող կառուցվածքը վերանայելուն ուղղված գործողությունները և պահանջները հակասում են Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ աշխատավորների շահերին և վնասում ազգամիջյան հարաբերություններին»:
Կենտրոնական իշխանությունների միակ զիջումը ԼՂԻՄ կոմկուսի նոր առաջնորդի՝ Հենրիխ Պողոսյանի նշանակումն է: Նա փոխարինում է հայերի կոչերին այդպես էլ անտարբեր մնացած Բորիս Կևորկովին։
Փետրվարի 25
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն հայրապետական նամակ է հղում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովին.
«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք բազմաթիվ նամակներ, հեռագրեր, հեռախոսազանգեր ենք ստացել Հայաստանից, մասնավորապես, մեր եպիսկոպոսներից և եկեղեցուց, արտերկրի մշակութային կազմակերպություններից, որոնք Սփյուռքի ավելի քան երկու միլիոն հայերի անունից պահանջում են միջնորդել Խորհրդային Միության բարձրագույն իշխանություններին, որ հայկական Ղարաբաղի հարցն արդար լուծում ստանա՝ մեր Սահմանադրության հիման վրա՝ Ղարաբաղի ժողովրդական դեպուտատների որոշման և ժողովրդավարական սկզբունքների համաձայն:
Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված լուրջ իրավիճակով, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ստացած լուրերի համաձայն՝ եղել են զոհեր և վնասվել են հայկական պատմական եկեղեցական հուշարձաններ»։
Փետրվարի 25-28-ը Փարիզի, Նյու Յորքի, Վաշինգտոնի, Մոնրեալի, Տորոնտոյի, Քեմբրիջի և Լոս Անջելեսի հայկական համայնքներում զորակցության ցույցեր են կազմակերպվում: Նմանատիպ հավաքներ են տեղի ունենում նաև Արգենտինայում, Լիբանանում, Հունաստանում և այլուր:
Փետրվարի 26
Միխայիլ Գորբաչովը հանդես է գալիս աննախադեպ կոչով, հորդորում պահպանել հանդարտություն, Հայաստան գործուղում Քաղբյուրոյի անդամության երեք թեկնածուների, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարին, այս կերպ փորձելով կասեցնել հանրահավաքները։ Հայկական ռադիոյի եթերում նրա ուղերձը ռուսերեն ընթերցում է Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Դոլգիխը.
«Ազնվորեն պետք է ասեմ, որ ԽՄԿԿ Կենտկոմը մտահոգված է իրադարձությունների նման շրջադարձի կապակցությամբ: Այն հղի է լուրջ հետևանքներով: Մենք չենք ցանկանում խուսափել տարբեր գաղափարների և առաջարկների անկեղծ, ազնիվ քննարկումներից: Բայց դրանք պետք է ընթանան հանդարտ և ժողովրդավարական գործընթացների ու օրինականության շրջանակում, բացառելով նույնիսկ աննշան վնասը, որ կարող է կրել մեր ժողովուրդների ինտերնացիոնալ համախմբման գաղափարը։ Ժողովրդի ճակատագրին առնչվող լրջագույն հարցերը չեն կարող տեղավորվել ինքնաբուխության և զգացմունքների տիրույթում»:
Այնուամենայնիվ, որոշ զեկույցների համաձայն, ի նշան խորհրդային իշխանություններին բացահայտ անհնազանդության, մեկ միլիոն մարդ է դուրս գալիս Երևանի փողոցներ։
The Associated Press-ը, հղում անելով իր երևանյան աղբյուրները, գրում է, որ զինված ուժերը բերված են մարտական պատրաստվածության, տանկերը տեղափոխվել են քաղաքի ծայրամասեր:
Մինչ Երևանում շարունակվում են հանրահավաքները, Իգոր Մուրադյանի ղեկավարությամբ ստեղծվում է 11 անդամից բաղկացած «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ն՝ հայտնի «Ղարաբաղ» կոմիտեն: Այն կազմված է հիմնականում մտավորականներից։ 1988-ի մայիսի դրությամբ կոմիտեի հիմնադիր ղեկավարներ Իգոր Մուրադյանն ու Զորի Բալայանը փաստացի մեկուսացված են։
Թոմաս դե Վաալին տված հարցազրույցում Ղարաբաղյան կոմիտեի նախկին անդամ, ով պիտի դառնար անկախ Հայաստանի առաջին նախագահը, Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է. «Առաջին Ղարաբաղ կոմիտեն՝ Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը և մյուսները, միայն Ղարաբաղի մասին էին մտածում: Նրանց համար ժողովրդավարության կամ Հայաստանի անկախության նման հարցեր պարզապես գոյություն չունեին: Եվ սա էր տեղի ունեցած պառակտման պատճառը։ Երբ նրանք զգացին, որ մենք արդեն վտանգավոր ենք դառնում խորհրդային համակարգի համար, նրանք հեռացան: Տեղի ունեցավ բնական փոփոխություն: Նրանք կարծում էին, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվեր խորհրդային համակարգի միջոցով: Իսկ մենք հասկացանք, որ այդ համակարգը երբեք չի լուծի Ղարաբաղի հարցը, և որ իրականում հակառակն էր՝ պիտի համակարգը փոխեինք, որպեսզի խնդիրը լուծվեր»։
Փետրվարի 27
Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսը հեռագիր է հղում Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին:
«Ձերդ գերազանցությունը տեղյակ է, որ աշխարհագրորեն, պատմականորեն և ազգագրորեն Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում: Դրա բռնակցումը Ադրբեջանական Հանրապետությանը պատմական սխալ էր: Ղարաբաղի, Խորհրդային Հայաստանի և ամբողջ Սփյուռքի հայերը երբեք չեն դադարել պահանջել, որ Ղարաբաղը միացվի հայրենիքին, Հայաստանին… Մենք անկեղծորեն հավատում ենք և ջերմորեն խնդրում Ձերդ գերազանցությանը շտկել 1923թ. թույլ տրված սխալը և վերականգնել արդարությունը հայ ժողովրդի համար՝ միացնելով Ղարաբաղը Հայկական Խորհրդային Հանրապետությանը»:
Նույն օրը Հայաստանում շարժման առաջնորդները հանրահավաքների մեկշաբաթյա դադարի կոչ են անում. Միխայիլ Գորբաչովը խոստանում է անձամբ քննարկել Ղարաբաղի խնդիրը և հանդարտության կոչ է անում։
Փետրվարի 27-29
Սումգայիթի ջարդեր
Փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում սկսվում են հայ բնակչության երեք օր տևող ջարդերը: 200 հազար բնակչություն ունեցող քաղաքում այդ տարիներին շուրջ 18 հազար հայ էր բնակվում:
Ադրբեջանցիների խմբերը թիրախավորում, հարձակվում և սպանում են հայերին իրենց իսկ տներում, քաղաքի փողոցներում: Մեկ օր անց, փետրվարի 28-ին, ներքին գործերի նախարարության զորքերի մի փոքրիկ զորախումբ փորձում է վերջ տալ զանգվածային բռնություններին, սակայն ձախողվում է: Ջարդերը դադարում են միայն այն ժամանակ, երբ քաղաքում ռազմական դրություն է հայտարարվում:
ԽՍՀՄ գլխավոր դատախազի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն զոհերի թիվը 32 է, ոչ պաշտոնական զեկույցներում շատ ավելի մեծ թվեր են նշվում։
Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները, իրենց ծավալով ու դաժանությամբ (վավերագրվել են դեպքեր, երբ հայերին դուրս են հանել տներից և ողջակիզել փողոցում), հայ ժողովրդի գիտակցության մեջ կապվում են Հայոց ցեղասպանության հետ:
Փետրվարի 29-ի երեկոյան, արդեն իսկ հայտարարված ռազմական դրության պայմաններում, զորքը վերահսկում է Սումգայիթի փողոցները: Ազգությամբ հայ քաղաքացիները, ծանր զինված պահակախմբերի ուղեկցությամբ, տեղափոխվում են մշակույթի պալատ, որը նախատեսված է մի քանի հարյուր մարդ տեղավորելու համար։ Մինչ հնարավոր կլիներ լքել քաղաքը, այստեղ ապաստան է գտնում մի քանի հազար հայ:
Սումգայիթը առաջինը կլինի Ադրբեջանում հակահայկական ջարդերի շարքում:


Սումգայիթ, փետրվարի 27-29, 1988։
Մարտի 8
Մարտի 17
Մարտի 22
Խորհրդային բանակի զորամիավորումներ են մտցվում Երևան, շրջափակվում է Օպերայի հրապարակը՝ կանխելու մարտի 26-ին նախատեսվող հանրահավաքը։

Մարտի 25
Մարտի 26

Ապրիլի 24
Մայիսի 1
Մայիսի 12-16
Մայիսի 17
Երևանում, Մատենադարանի մոտ տեղի է ունենում հանրահավաք, որի մասնակիցներն իրենց վրդովմունքն են արտահայտում Սումգայիթյան դատավարությունների նկատմամբ։ Հանրահավաքի մասնակիցները ցնցված են դատավճռի մեղմությամբ, կենտրոնական իշխանություններից պահանջում են դատավարությունը տեղափոխել Հայաստան և կողմնակալության վտանգը նվազեցնելու համար փոխել դատավորների խորհուրդը:
Ստեփանակերտում ընդհանուր գործադուլը գործարանների և հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման պատճառ է դառնում։

Մայիսի 19
Մայիսի 21
Մայիսի 28
Հունիսի 1
Հիմնադրվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հեռուստատեսությունը:
Հունիսի 4-15
Երևանում և Ստեփանակերտում շարունակվում և նոր թափ են ստանում խաղաղ ցույցերը: Օպերայի հրապարակում հարյուրավոր ուսանողներ հացադուլ ու նստացույց են անում` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդից պահանջելով դրականորեն պատասխանել ԼՂԻՄ մարզային խորհրդի՝ Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորման որոշմանը: Նրանք նաև խնդրում են իշխանություններին, անկողմնակալության նկատառումներից ելնելով, Սումգայիթի դատավարություններն ադրբեջանական դատարաններից տեղափոխել միութենական գերագույն դատարան։
Հունիսի 12-ին Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդը միաձայն կողմ է քվեարկում ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդներին միջնորդությամբ դիմելու որոշմանը։ Մարզխորհուրդը քվեարկում է նաև մարզը մինչև 14-րդ դարն ընդունված անվանումով՝ Արցախ վերակոչելու օգտին։ Հաջորդ օրը Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունը մերժում է մարզխորհրդի միջնորդությունը՝ այն համարելով «անընդունելի»։
Հունիսի 14


Հունիսի 15
Հունիսի 16
Հուլիսի 4
Հուլիսի 5
«Զվարթնոց»-ի շրջափակման կապակցությամբ խաղաղ նստացույցի ժամանակ երիտասարդ հայ տղամարդ է սպանվում: Զինվորները նախ զգուշացնում են, որ 30 վայրկյան անց կսկսեն ցրել ցուցարարներին, ապա, դեռ 30 վայրկյանը չլրացած, հարձակվում են:
Զոհված երիտասարդի հուղարկավորությունը հարյուր-հազարավոր հայերի է դուրս բերում փողոց և փոխում շարժման ընթացքն ու ուղղվածությունը. հանրահավաքներում սկսում են հայտնվել հակախորհրդային կարգախոսներ։
Օպերայի հրապարակում հավաքված ժողովուրդը երեք հիմնական պահանջ է առաջադրում. Հայաստանի հետ ԼՂ վերամիավորում
Սումգայիթյան դատավարությունների վայրի փոփոխություն
Իրադարձությունների ամբողջական լուսաբանում:
Հուլիսի 12
Հուլիսի 18

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության արտակարգ նիստը մերժում է հայերի վերամիավորման պահանջը, հղում կատարելով ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածին: Այնուամենայնիվ, նիստը խոստանում է ամրապնդել մարզի ինքնավարությունը, բարելավել կենսապայմանները, ձևավորել աշխատանքային խումբ, որը կվերահսկի մարզում կարգուկանոնի հաստատումը, ստեղծել պետական հանձնաժողով՝ ուսումնասիրելու հայերի բողոքների վերացման ուղղությամբ հավելյալ միջոցառումները։ Որոշվում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ներկայացուցիչների պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ՝ Արկադի Վոլսկիի գլխավորությամբ:
Նույն օրը Կոմունիստական կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանը շեշտում է Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ-ի մնալու անհնարինությունը:
Հուլիսի 27
Հուլիս — օգոստոս
Օգոստոսի 19
Սեպտեմբերի 18
Սեպտեմբերի 19
Սեպտեմբերի 21
Սեպտեմբերի 20
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում արտակարգ դրություն է հայտարարում: Ուժի մեջ է մտնում պարետային ժամը, օտարազգի լրագրողներին արգելվում է մուտք գործել Ադրբեջան և Հայաստան: Չնայած արգելքին, Երևանում բողոքի ակցիաներն ու համընդհանուր գործադուլը շարունակվում են: Հանրապետության խոշոր քաղաքները կաթվածահար են լինում:
Հոկտեմբերի 9
Հոկտեմբերի 18
Նոյեմբերի 18
Նոյեմբերի 19
Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենում զանգվածային ցույց՝ ընդդեմ ԽՍՀՄ Գերագույն դատարանի մահապատժի վճռի: Նոյեմբերի 22-ին Բաքվում սկսված բռնությունները տարածվում են Ադրբեջանի այլ քաղաքներում և գյուղերում, Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում։ Հայտարարվում է պարետային ժամ, տանկեր և զորքեր են մտցվում Բաքու, Կիրովաբադ, Նախիջևան: Նախիջևանից խորհրդային զորամիավորումները Հայաստան են տարհանում մոտ 500 հայ կին և երեխա։
Նոյեմբերի 22
Կիրովաբադում հակահայկական զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվում է չորս զինվոր: Նույն օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում ընդունվում է Օսմանյան Թուրքիայում 1915թ. Հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ: Սակայն նիստն ընդհատվում է, երբ ստացվում է Բաքվում, Կիրովաբադում, Նախիջևանում և Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններում բռնության դեպքերի մասին լուրը:
Նոյեմբերի 24
Կիրովաբադում տեղի ունեցած սպանություններից հետո ժողովուրդը պահանջում է Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել: Ցուցարարների խմբերը պատգամավորներին իրենց տներից ուղեկցում են Օպերայի հրապարակ, որտեղ և, քվորում ապահովելու նպատակով, նախատեսված է անցկացնել նստաշրջանը։ Այդ գիշեր կայացրած այլ որոշումների շարքում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Սումգայիթի ջարդերը ճանաչում է ցեղասպանություն: Գիշերը, ժամը 1-ին, հայտարարվում է, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանը արժանացած օրենքները։
Շուտով Երևանի փողոցներում հայտնվում են զորքեր և տանկեր, Մոսկվան հակասահմանադրական և ապօրինի է համարում այդ նստաշրջանի որոշումները․ Երևանում մտցվում է արտակարգ դրություն։
Դեկտեմբերի 7
երկրաշարժ
Դեկտեմբերի 10
Միխայիլ Գորբաչովը դադարեցնում է Վաշինգտոն իր այցելությունը և ժամանում Հայաստան: Նա շրջում է երկրաշարժի հետևանքով ավերված շրջաններով: Նույն օրվա երեկոյան «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ կալանավորվում են (առայժմ Գրողների միությունում): Մյուսները ձերբակալվում են 1989թ. հունվարի 7-ին:
Դեկտեմբերի 11

Գյումրի, դեկտեմբեր 1988:
Երևանում բազմահազարանոց ցույցեր են։ Ժողովուրդը բողոքում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալության դեմ, տեղի են ունենում բախումներ:
Դեկտեմբերի 10-ին և 11-ին լուրեր են տարածվում, որ իշխանությունները երկրաշարժից որբացած երեխաներին (ավելի քան 10 հազար երեխա) ուղարկում են Հայաստանից՝ նրանց որդեգրելու են ԽՍՀՄ այլ ազգերի ներկայացուցիչները։ Լուրերը պայմանավորված են լինում խորհրդային մամուլի հրապարակումներով, որոնք կոչ են անում ոչ հայ քաղաքացիներին որդեգրել որբացած երեխաներին։ Բժշկական օգնություն ստանալու նպատակով մի քանի հարյուր վիրավոր երեխա ինքնաթիռներով տեղափոխվել են Միության այլ քաղաքներ: Ենթադրվում է, որ թռիչքները որդեգրման ծրագրի ընդհանուր մաս են կազմում: Հայերը վրդովված են, շուրջ 100 հազար մարդ է հավաքվում Օպերայի հրապարակում։ Բախումներ են սկսվում ոստիկանության հետ, ինչը որպես պատրվակ օգտագործվում է «Ղարաբաղ» կոմիտեի յոթ անդամներին ձերբակալելու համար։ Վերջիններս մեղադրվում են «հանրային անկարգություններ հրահրելու» համար:
1989թ. փետրվարին ՏԱՍՍ-ը հրապարակում է Ադրբեջանում և Հայաստանում նախորդ տարվա իրադարձություններից տուժածներին՝ ընդհանուր թիվը՝ 91 զոհ և 1650 վիրավոր: Նրանց թվում են չորս սպանված և 117 վիրավոր խորհրդային զինծառայող, 32 ոստիկան: Քրեական գործեր են հարուցվում 517 անձի դեմ՝ անկախ նրանց ազգությունից։ Երկու հանրապետություններից տեղահանվել է մոտ 200 հազար մարդ։ Ադրբեջանում «ներքին գործերի մարմինների» ավելի քան 100 ղեկավար է ազատվել աշխատանքից կամ պատժվել։