
Ղարաբաղյան շարժման երկու պաստառ. Ընտրությունները ներկայացնող ռետինե ձեռնոցներ, «Դեպուտատն ընտրվեց ձայների ճնշող մեծամասնությամբ» եւ ռուսերեն «Սահմանադրություն» բառը, որից, ի վերջո, մնում է «я» տառը, որ նշանակում է «Ես » (Հարություն Մարությանի արխիվից):
1989 թ. Արևելյան Եվրոպայի երկրներում մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում հասարակական-քաղաքական ցնցումներ, որոնք ժամանակ անց պատմաբանները որակեցին որպես «արևելաեվրոպական հեղափոխություններ»։ Քանդվեց Բեռլինի պատը, որը խորհրդանշում էր Եվրոպայի սրտում անցնող բաժանարար գիծը «ժողովրդավարական» Արևմուտքի և «կոմունիստական» Արևելքի միջև։ Այդ կերպ կազմալուծվեց աշխարհի սոցիալիստական ճամբարը, ևս երկու տարի անց աշխարհի քարտեզից վերացավ խորհրդային կայսրությունը ու, այդպիսով, Մարքսի ու Էնգելսի ժամանակներից Եվրոպայում շրջող կոմունիզմի ուրվականը անցավ պատմության գիրկը, դարձավ լոկ հետազոտության առարկա։
Այդ իրադարձություններից մեկ տարի առաջ մի հզոր ժողովրդավարական շարժում սկսվեց Խորհրդային Միության տարածքով ամենափոքր հանրապետությունում՝ Խորհրդային Հայաստանում։ Մասնագիտական գրականության մեջ, որոշ փոքր բացառություններով, այն դիտարկվում է լոկ հայ-ադրբեջանական, «էթնոտարածքային» որակում ստացած կոնֆլիկտների համատեքստում։ Մեր կարծիքով, Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասն արևելաեվրոպական հեղափոխությունների շարքի առաջնեկն է, և որպես այդպիսին, այն մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման և նշանակալի դեր՝ Խորհրդային Միության ապամոնտաժման ու, այդպիսով՝ կոմունիզմի վտանգի վերացման գործում։ Լինելով առաջինը, այն չի նկատվել, չի ընկալվել որպես հեղափոխություն, որպես այդպիսին մնացել է անհայտ մասնագիտական շրջանակների համար, մինչդեռ «չճանաչված հեղափոխության[1]» օրինաչափությունները կարող են նոր լույս սփռել 20-րդ դարավերջի արևելաեվրոպական ժողովրդավարությունների ծագման ուսումնասիրման ու գնահատման գործում։
Սակայն սկսենք սկզբից։
Հայ պատմաբանները ղարաբաղյան խնդրի արմատների որոնումներում հետ են գնում մեկ դարից մինչև մի քանի հարյուրամյակ։ Եվ դա նորմալ է, նայած թե ինչ համատեքստում դիտարկել խնդիրը։ Սակայն 1988 թ. սկսված Շարժման համար խնդրի հիմքը գալիս է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ որպես վարչատարածքային առանձին միավորի ձևավորման ժամանակներից։ Դա 1917-20 թթ. իրադարձություններին հաջորդող Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ. հուլիսի 5-ին, առանց քննարկման ու քվեարկության ընդունած որոշումն էր «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն»։ Եվ սա անկախ այն հանգամանքից, որ այդ օրերին մարզի գյուղական բնակչության կազմում հայերը կազմել են 94.73% [2], իսկ Շուշի քաղաքի հետ միասին (որտեղ 1920 թ. ապրիլին կոտորվեց քաղաքի հայ բնակչությունը) հաշվված՝ հայերը կազմել են ԼՂԻՄ տարածքի բնակչության (138.4 հազ. մարդ) 88.6%-ը։[3] Շուրջ վեց տասնամյակ անց, 1979 թ. մարդահամարի տվյալներով, հայերի թիվը կազմել է ԼՂԻՄ-ի բնակչության միայն 75.9%-ը, այսինքն իջել է գրեթե 20%-ով։ 1939-1979 թթ. մարզում հայերի թիվը պակասել է 7.3%-ով, իսկ ադրբեջանցիներն ավելացել են 2.6 անգամ։ Հետազոտողների համոզմամբ, ԼՂԻՄ-ից, ինչպես նաև Ադրբեջանի ամբողջ տարածքից հայ բնակչության զանգվածային արտահոսքը պայմանավորված էր տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում կիրառված քաղաքականությամբ, այնպիսի պայմանների ստեղծմամբ, որ հայերը հեռանային մեկընդմիշտ։[3]
1980-ական թվականների կեսերին ԽՄԿԿ ղեկավարության կողմից հռչակվեց վերակառուցման, ժողովրդավարացման և հրապարակայնության քաղաքականությունը։ Սա մեծապես նպաստեց այն բանին, որ ինչ-ինչ զարգացումներից հետո Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի ժողովրդական դեպուտատների մարզային սովետը 1988 թ. փետրվարի 20-ին ընդունեց որոշում մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ անցնելու վերաբերյալ։ Նույն օրը Երևանում սկսվեցին զանգվածային հավաքներ հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ, որոնք ժամանակ անց, ընդգրկելով հայաստանյան հասարակության ամենալայն շերտեր, հայտնի դարձան «Ղարաբաղյան շարժում» (1988 թ. փետրվար – 1990 թ. օգոստոս) ձևակերպմամբ։ Շարժման քննությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան պրոբլեմը՝ լինելով Շարժման քաղաքական գերխնդիր, հաճախ լոկ հետնախորք էր ծառայում հայաստանյան հասարակությանը հուզող շատ այլ կենսական խնդիրների վերհանման և լուծման ուղիների որոնման հարցում։ Դրանցում կարելի է նկատել միմյանց զուգահեռ, իրար մեջ սերտաճած ընթացող երկու հիմնական ուղղություններ՝ ազգային-ազատագրական պայքարի և ժողովրդավարական վերափոխումների իրականացման։ Աստիճանաբար պարզ էր դառնում, որ ազգային-ազատագրական պայքարի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հաջողությունը կարող է պայմանավորված լինել միայն ժողովրդավարական վերափոխումների ճանապարհին ունենալիք ձեռքբերումներով։
Ղարաբաղյան շարժման կարևորագույն բնութագրական գիծը նրա համաժողովրդական լինելն էր։ Միակ խավը, որն այս կամ այն կերպ ընդդիմանում էր Շարժման զարգացումներին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության նոմենկլատուրային բյուրոկրատական վերնախավն էր, որը շատ լավ տեսնում էր, որ Ղարաբաղի՝ Հայաստանին միացման հարցի լուծման ճանապարհ էր ընտրված ժողովրդավարական վերափոխումների քաղաքականությունը։ Ընդ որում, Շարժման համաժողովրդական դառնալը ևս միանգամից չեղավ։


1988 թ. Թողարկված նամականիշներ:
1. «Վերակառուցում (Perestroika). Հոկտեմբերյան առաքելության շարունակություն», «հրապարակայնացման (Glasnost) ժողովրդավարացման արագացումը»:
2. «Վերակառուցում. Աջակցություն զանգվածների կենսունակ ստեղծարարության »:
Ինչպես վերը նշվեց, Ղարաբաղյան շարժումը ծավալվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հռչակած վերափոխման, ժողովրդավարացման, հրապարակայնության պայմաններում։ Մասնագիտական գրականության մեջ ռեֆորմների այդ շարքը որակված է որպես «հեղափոխություն վերևից»։[6] Ընդհանրապես, խորհրդային հասարակարգի բնութագրական գծերից էր՝ ինչ էլ ծագեր ներքևում, հետո այն անպայման պետք է ուղղորդվեր վերևից, երկրի ղեկավարության կողմից։ Ցանկացած շեղում այդ գծից, չնայած զանգվածների ակտիվության անընդհատ հնչող կոչերին, որակվում էր որպես վերակառուցման գործին խոչընդոտող։ Այս տեսանկյունից Ղարաբաղյան շարժումը սկզբից մինչև վերջ ուղղորդվում էր ներքևից։ Այդ պատճառով էլ իր ձևավորման առաջին իսկ օրերից Շարժումը ենթարկվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հարվածներին։
ա) Շարժման ներքևից ուղղորդումը դրսևորվում էր տարբեր ձևերով։ Դրա բնութագրական կարևորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանադրական եղանակն ու մեթոդներն էին, ինչը Շարժումը որդեգրել էր իր սկզբնավորման օրվանից։ Եթե մինչ Շարժումը սահմանադրությունն ընկալվում էր իբրև թղթի մի անպետք կտոր, իսկ Գերագույն խորհուրդը դիտվում էր իբրև մի վայր, որտեղ բոլոր պատգամավորները լոկ ձևական բնույթ ունեցող քննարկումներով ու միաձայն կողմ էին քվեարկում վերևից իջեցվող օրենքների նախագծերին, ապա Շարժման տարիներին մարդիկ աստիճանաբար սովորեցին նաև գնահատել գործող օրենքները, Գերագույն խորհուրդը սկսեց դիտվել իբրև մի վայր, որի որոշումներում պետք է դրսևորվի ժողովրդի կամքը, իսկ պատգամավորները պարտավոր են ի պաշտոնե լսելի դարձնել այդ կամքը։ Ստեղծվեցին «սահմանադրական» կոչվող հատուկ խմբեր, որոնք համակարգում էին պատգամավորների հետ տարվող աշխատանքները։
