Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
«Ալո… լսում եմ եղբայր, ցավդ տանեմ, բոլորս լավ ենք: Հեռախոսս նստեց… Եղբայրս է, Ռուսաստան է ապրում, հաշմանդամ է,- 56-ամյա Գայանե Մանգասարյանը ժենգյալով հացը թեքում է դարձերեսի վրա ու կրկին փորձում խոսել ռուսաստանաբնակ եղբոր հետ,- Նա էլ է Գառնաքարից, տղան եկել` Ռուսաստան է տարել: Այստեղ ո՞վ է նրան խնամելու: Ալո… չէ, նստեց…»։
Բոլոր տեղահանված արցախցիների նման Մանգասարյանն իր ընտանիքի հետ նույնպես սեպտեմբերին է եկել Հայաստան, բոլորի նման գրանցվել և հայտնվել է Եղվարդում: Խնամիներով տուն են վարձակալում և երեխաների ու թոռների հետ բնակվում:
«Թուրքերի հե՞տ ապրենք: 30 տարի Բաքվում ապրել ենք, տեսել եք, թե ինչ կյանք ենք ապրել: Այսքանից հետո ինչպե՞ս գնանք թուրքի հետ ապրենք: Թե՞ նորից ասելու են ռուսը ձեզ ապահովելու է ամեն ինչով: Ես ինչպե՞ս կարող եմ այնտեղ երեխաներ մեծացնել»,- ասում է նա:
Երբ 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց, որից հետո Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, հրետակոծվեց նաև մայրաքաղաք Ստեփանակերտը: Կեսօրին միանգամից հուժկու պայթյուններ լսվեցին քաղաքում, միացավ ազդանշանը, հինգերրորդ հարկերից կանայք ու երեխաները ճիչերով սկսեցին նկուղներ վազել և այնքան մնացին նկուղներում, մինչև պարզ դարձավ, որ նկուղներում էլ «իրավունք չունեն» ապրել: Մինչև Արցախն իսպառ հայաթափվեց:
Մանգասարյանը պատմում է, որ իրենց տունը Ստեփանակերտի արվարձանում է, երբ լսել է հրետանու ձայնը՝ շփոթված դուրս է վազել ու սկսել փնտրել որդուն.
«Մեր հարևանը կամազ ուներ, երբ տեսավ ինձ, ասաց՝ ո՞ւր ես գնում տիկին Գայանե, երեխաները թող բարձրանան կամազ, գնանք «կոլցեվոյ» (Ազատության հրապարակը Ստեփանակերտում): Ես հակադարձեցի՝ մինչև որդուս չգտնեմ, չեմ գա»:
Մանգասարյանը հարսին հորդորել է նստել բեռնատարը, իսկ ինքը շարունակել է որդուն փնտրել։
«Թե ո՜նց էին կրակում, ո՜նց… Երկու երիտասարդ կային այնտեղ, նայեցին ինձ և ասացին՝ տիկին, չե՞ս տեսնում ինչ է կատարվում, այդ ո՞ւր: Ես էլ ասացի որդուս եմ ուզում: Հետո որդիս զենքը ձեռքին եկավ և հորդորեց նույնպես «կոլցեվոյ» գնալ, իսկ ինքը հետ էր գնում, ասեց՝ մամ, թողնե՞նք թուրքը գա մեր տուն մտնի,- հիշում է կինն ու հավելում, որ չնայած ոստիկանությունը հավաստիացնում էր, որ զինադադարի մասին պայմանավորվածություն կա, բայց գույժն արդեն տարածվել էր,- մարդիկ իրար մեջ ասում էին, որ եթե դուրս չգանք, մեզ այստեղ պարզապես կոտորելու են»:
Արդեն հաջորդ առավոտյան կինն իր պահած հավերի մի մասը եփել է, մի քանի լավաշ թխել ու ընկել են ճանապարհ։
«Ճագարներին որդիս բաց թողեց և ասաց, որ չենք մորթելու: Հավերը կեսը հում, կեսը եփած վերցրինք` իմանալով, որ ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ, գոնե ճանապարհին մի տեղ կրակ կվառենք, երեխաները սոված չմնան: Հավերն այդպես էլ չկերանք. հոտել էին, նետել ենք ու սոված մնացել,- պատմում է Մանգասարյանն ու վերապրելով եռօրյա ճանապարհի դժվարությունները՝ արտասվում,- Լիսագոր մեզ ալյուր տվեցին, որ հաց թխենք: Մեր քաշած օրերը ոչ ոք չի կարող քաշել, ոչ ոք…»:
Բայց սա կնոջ առաջին տեղահանությունը չէ. Մանգասարյանն արմատներով Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղից է, սակայն շուրջ 30 տարի ապրել է Բաքվում։ Սումգայիթի ջարդերից հետո նա իր ընտանիքի հետ կարճ ժամանակով տեղափոխվել է Ռուսաստան, սակայն կրկին հետ են վերադարձել Բաքու.
«Մեր վերադարձից տասը օր էլ չանցած արյունահեղությունը մեկ էլ Բաքվում սկսվեց: Ռուսների տանկեր էին կանգնած փողոցներում, իբր որ հայերի ընտանիքներին պաշտպանեն: Բայց… Մեկ-մեկ սկսեցինք հեռանալ այնտեղից, սակայն այսքան ցավ չենք զգացել, քանի որ գիտեինք` մեր հողը չէ: Բայց Ստեփանակերտը… Ինչպե՞ս կարելի է մեզ մեր տներից վտարել»։
Իսկ թե հետո՞ ինչ է լինելու, ինչպես բոլոր արցախցիները, Մանգասարյանը նույնպես չգիտի.
«Հետոյի» մասին մտածելիս ընդհանրապես գժվում եմ: Ի՞նչ է, ես չե՞մ կարողանում Ռուսաստան գնալ: Արդեն 30 տարի է եղբայրներս այնտեղ են ապրում, բայց այստեղ գոնե մեր հայն է, մեր հողն է»:
Իսկ մինչ «հետոն» Մանգասարյանն իր խնամու՝ հարսի մոր հետ, արցախյան հայտնի ուտեստը՝ ժենգյալով հացն է թխում ու այդպես փորձում հոգալ ընտանիքի հոգսերը։
Սակայն խնամի Գայանեների մեկնարկած բիզնեսն անխոչընդոտ չի ընթանում. այս ուտեստին բնորոշ կանաչիները ոչ միշտ են կարողանում գտնել, եղածն էլ՝ թանկ է լինում, իսկ վաճառքն առայժմ այդքան էլ հաջող չի ստացվում։
«Մի քանի անգամ պատվիրել են ու վերջ: Շատերը չեն էլ հասկանում, թե ինչ է, հեգնում են երբեմն,- ասում է Մանգասարյանը, շրջում հացն ու կրկին մտքերով գնում իր տուն,- Մեր տունը զորամասի մոտ էր, 44-օրյա պատերազմի ժամանակ հրետանու կարկուտ է տեղացել, ավիրել կտուրը, բայց նորից վերանորոգել ենք ամեն ինչ, իսկ այսօր եկել, նստել ենք ուրիշի տանն ու մուրացկանի նման օգնություն ենք ակնկալում ուրիշներից: Միթե՞ մենք այսպիսի տանն էինք ապրում, ո՞վ է պատկերացրել, որ այս օրին կհասնենք։ Գոնե մեկ անգամ տունս վերադառնայի, գոնե մեկ անգամ տունս տեսնեի»:
Նոր բնակավայրին հարմարվելու դժվարություններին բախվում են նաև Մանգասարյանի թոռները։ Եղվարդում հաճախում են դպրոց ու թեև ասում, թե ամեն ինչ լավ է, նոր ընկերներ են ձեռք բերել, հարմարվել են, սակայն նրանց մայրը` 32-ամյա Նաիրա Մանգասարյանը որոշ «գաղտնիքներ» է բացում.
«Իհարկե, կարոտում են տունը, իրենց խաղալիքներն են ուզում, իրենց շորերը, իրենց դպրոցը, իրենց ուսուցչին են կարոտում, անգամ շրջափակման օրերն են կարոտում, փեչի վրա խորոված կարտոֆիլ են ուզում, պիցցա են ուզում, բայց դրա համար վառարան չունենք, հարմարություններ չունենք»։
Այս ամենից զատ, կինը մատնանշում է նոր միջավայրում երեխաների ներառականության խնդիրների մասին՝ նշելով, որ նրանց արցախյան բարբառը տեղացիները ոչ միշտ են հասկանում, իրենք էլ՝ տեղացիներինը, ինչը դժվարացնում է շփումը։
Մանգասարյանն ասում է, որ դժվարությունների է բախվում նաև ինքը. փնտրում է աշխատանք, Ստեփանակերտում բուժքույր է եղել, այստեղ ևս մի քանի անգամ տարբեր տեղեր է դիմել աշխատանքի համար, սակայն միայն հավաքարարի հաստիք են առաջարկել:
«Ստիպված հավաքարարի հաստիքին էլ համաձայնեցի, բայց անգամ դրա համար չզանգեցին: Գոնե կարողանամ երեխաների համար մի բան անել»,- ասում է կինը:
Խնամի ընտանիքները նույն սոցիալական դժվարություններին են առերեսվում, ինչպես բոլոր տեղահանվածները: Լուսիա և Ասյա բաբոները խնամի այս երկու ընտանիքների կոճղերն են: Երկուսն էլ հասել են իրենց 83-ին:
«Մեծացել, հասակ ենք առել, նեղություն ենք տալիս մեր երեխաներին: Շատ դժվար է մեզ համար,- ասում է Լուսիա Բարսեղյանն ու արցունքն աչքերին կարոտով հիշում իր մեծ ու հարմարավետ տունը,- Ամուսինս մահացել է երեք տարի առաջ: Երեք սենյականոց բնակարանում մենակ էի ապրում, հիմա եկել ենք այստեղ, տասը հոգով մի կտուրի տակ հայտնվել»։
«Բոստան ենք թողել, տուն ենք թողել, ապրուստ ենք թողել…,- խնամուն շարունակում է Ասյա Մանգասարյանը,- Տղաս չի թողել մի օր սոված մնանք, բայց շրջափակման օրերին գնում էինք ամբողջ գիշեր հացի հերթ կանգնում` առավոտյան դատարկ ձեռքով տուն վերադառնում: Բայց էլի փառք եմ տալիս Աստծուն. որդիներս նույնպես գնացել են բենզինի հերթ: Վերադարձել են, հետևներից լսել ենք…»։
Տարեց կինը ցավով նշում է, որ Ստեփանակերտում անգամ բուժհաստատություններում իր նկատմամբ շատ ավելի ուշադիր էին, քան այստեղ՝ Եղվարդում. երբ դիմել է բժշկի, ասել են, որ պետք է Երևան գնալ։ Առհասարակ, կինը նշում է, որ ամեն հարցով ասում են, թե պետք է Երևան գնալ, իհարկե, Եղվարդը Երևանից հեռու է շուրջ 20 կիլոմետրով, սակայն ընտանիքի համար սա էլ հավելյալ բեռ է դառնում, հատկապես, երբ շատ հաճախ անգամ Երևան հասնելն է լինում անօգուտ։
Գայանե Մանգասարյանի ամուսինը՝ Ալյոշա Մանգասարյանը, շարունակում է թվարկել այստեղ տեսած անարդարությունները, ինչպես օրինակ այն, որ կան ընտանիքներ, որոնք չեն օգտվել որևէ օգնությունից, մինչդեռ ընտանիքներ էլ կան, որոնց մշտապես աջակցում են.
«Շատ խնդիրներ կան: Ֆինանսական աջակցությունները մեկ հասնում են, մեկ՝ ոչ, իսկ եթե տան վարձը չտաս՝ տան տերն ասելու է՝ давай до свидания! Վարձի մասի՞ն մտածեմ, թոռնիկներիս ձմեռային հագուստի՞, թե՞ իմ առողջության մասին»:
Մանգասարյանը ցույց է տալիս ցեմենտից հատակը, անբարեկարգ սանհանգույցը, Ստեփանակերտից բերված հեծանիվը, որն այստեղ առնետներն արդեն հասցրել են կրծել:
Ու թեև Եղվարդի կյանքից գոհ չէ, սակայն Արցախ վերադառնալ էլ չի պատկերացնում։
«Ավտոմատը դիր սրտիս, մեկ է, չեմ վերադառնալու,- ասում է Մանգասարյանը՝ հավելելով, թե չի հավատում ոչ մի երաշխիքի,- Ո՞վ կարող էր պատկերացնել, որ ամբողջ Ղարաբաղն այդպես ամեն ինչ թողնելու և դուրս է գալու: Ես գիտեմ ինչ բան է փախստական լինել: 30 տարի Բաքու ապրել եմ, վերջում ժիգուլիս նստել եկել Ստեփանակերտ: Նույնը հիմա, 34 տարի էլ Ստեփանակերտ եմ տուն կառուցել, ապա նստել փոքր մեքենան և եկել Եղվարդ»:
Վերադարձի մասին տարբեր կարծիքներ ունեն արցախցիները: Բոլորը վերադարձ, իրենց տուն են ուզում, բայց ոչ ոք իրատեսական չի համարում դա: Արդեն նշվել է հազարավոր արցախցիների՝ Հայաստանից հեռանալու մասին: Տուն վերադառնալ են ուզում, բայց ստեփանակերտցին Խանքենդի վերադառնալ չի ուզում, շուշեցին` Շուշա, մարտակերտցին՝ Աղդարա և այսպես շարունակ: Հուսահատ մարդիկ մե՛կ սեփական, մե՛կ Հայաստանի իշխանություններին են մեղադրում, մեկ էլ ռուսներին: Ադրբեջանցիների մասին էլ պարզ է ամեն ինչ: Ադրբեջանցիները մտնում են ստեփանակերտցիների տներ, պատշգամբից դատարկված քաղաքից տեսանյութեր հրապարակում սոցիալական ցանցերում, միաժամանակ ասում, որ դռները կնքված են և ոչ ոք չի մտնում՝ «Մենք ձեզ պես վանդալներ չենք», ասում են նրանք: «Վանդալներն» էլ նայում են այդ տեսանյութերը, ճանաչում իրենց փողոցը, տունը, տեսնում լռած եկեղեցին և միակը, որ կարողանում են անել՝ Ֆեյսբուքում տխուր նշան դնելն է։
Մենք մեր «բլոկադան ենք» ուզում, ասում են շատ արցախցիներ: Հայաստանում մենք մեր տանն ենք, բայց մեր տանը չենք:
Լուսանկարները՝ Մարութ Վանյանի