
Քանի որ աղտոտումների մանր ու մեծ աղբյուրները տեղափոխվում են զարգացող երկրներ՝ օգտվելով ոչ խիստ օրենսդրությունից, շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող խմբերի միջազգային համագործակցությունը պետք է պարզ համերաշխությունից վերածվի սերտ գործակցության, եթե մեզ երբևէ վիճակված է որևէ շոշափելի արդյունք գրանցել շրջակա միջավայրի պաշտպանության հարցում։ Զուտ էկոլոգիական շարժումները հազվադեպ են դուրս եկել տեղական մակարդակից (եթե չասենք երբեք), շրջակա միջավայրի խնիրներով զբաղվող խմբերի միջազգային համագործակցությունը պետք է էլ ավելի սերտանա՝ խոչընդոտելու պետությունների և ֆինանսական տարբեր կառույցների խտրական ներդրումային քաղաքականությանը, որոնք հակված են ֆինանսական շահերը վեր դասել շրջակա միջավայրի և հասարակության բարօրությունից։
Հայաստանն այն պետությունների թվում է, երբ տեղաբնակները զգացել են, որ ենթարկվում են անհավասար, խտրական ու անարդար վերաբերմունքի այնպիսի երկրների ու ֆինանսական կառույցների կողմից, որոնք սեփական շահերը տեղացիների շահերից վեր դասելու լծակներ ունեն։ Տարիներ շարունակ տեղի բնապահպանները բարձրաձայնել են, որ Հայաստանում գործող մետաղի հանքերն աղտոտում են մթնոլորտը, գետերն ու հողը։ Որոշ նախագծերի դեմ եղել է համախմբված պայքար, սակայն ներդրողները կարողացել են պաշտպանել իրենց ներդրումները և շարունակել համագործակցությունը Հայաստանի նախկին կառավարության հետ։ Վառ օրինակներից է գերմանական «Cronimet» ընկերությունը, որի՝ Հայաստանի հարավում գործող պղնձամոլիբդենային հանքը տարիներ շարունակ խախտել է Հայաստանի օրենքները և աղտոտել շրջակա միջավայրը, քանի որ հանքի պոչամբարի թունավոր թափոնները շատ դեպքերում հոսում-լցվում են մոտակա գետերը։
Մեկ այլ օրինակ է ռուս-դանիական համագործակցությունը Թեղուտի հանքավայրում՝ Հայաստանի հյուսիսում, որտեղ պղնձամոլիբդենային հանքարդյունաբերական նախագիծն իրականացվում էր հայաստանյան օրենքների խախտմամբ, և որտեղ հանքի պոչամբարից շրջակա միջավայր արտանետումները հաճախակի բնույթ էին կրում։ 2017 թվականի վերջին դանիացի ներդրողները որոշեցին դադարեցնել ներդրումները նախագծում (ոմանց կարծիքով՝ պատճառը չկատարված ֆինանսական պարտավորություններն էին)։ Ընկերությունից երեք տարի պահանջվեց ընդունելու համար, որ պոչամբարի կայուն զարգացման ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը կամ միջազգային չափանիշներին։ Բայց սա նորություն չէր բնապահպանների համար, որոնք ներդրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել էին խնդիրը, ինչը հետևողականորեն անտեսել էին վերջիններս։ Արդյունքում այսօր տեղաբնակներն ունեն գյուղատնտեսական ներուժի կորուստ և փակ հանք, որում աշխատատեղեր չկան։
Արագ շահույթ ձեռք բերելու ձգտումն ահագնանում է, և Հայաստանը ստիպված է առերեսվել Ամուլսարում ոսկու նոր հանքի նախագծի փաստի հետ, որը հետևողականորեն աջակցություն է ստանում Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և այլ կառույցների կողմից։ Այստեղ ևս սցենարը նման է մյուս դեպքերին, նախագծի իրականացումը կխախտի Հայաստանի օրենքները և կվտանգի Հայաստանում մաքուր ջրի ռեսուրսները։ Նախագիծը դադարեցվել է բնապահպան-ակտիվիստների և գիտնականների՝ տարիներ տևած դիմադրությունից հետո, որին միացան նաև որոշ տեղաբնակներ։ Հայաստանում վերջերս տեղի ունեցած հեղափոխությունից հետո նրանք հույս վերագտան կանխելու այս նախագիծը, որի իրականացումը վտանգում է իրենց առողջությունն ու ապրուստը։
Ոչ այնքան «կանաչ» քաղաքականություն՝ աշխարհի մնացած մասի համար
Թեև ոչ կայուն զարգացմամբ նախագծերի ցանկը, որին աջակցում են տարբեր ներդրողներ, անվերջ է (թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում), հենց նույն ներդրողները խոսում են բնապահպանական քաղաքականության և կայուն զարգացման կարևորության մասին։ Հարց է առաջանում. արդյո՞ք կայուն զարգացման կարևորությունը վերաբերում է միայն որոշ երկրների։ «Մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք շրջակա միջավայրի նկատմամբ ապահով և կայուն զարգացում խթանելու անհրաժեշտությամբ…»,- նշվում է ՎԶԵԲ-ի կայքում։ «Մենք սատարում ենք նախագծերի, որոնք պաշտպանում են շրջակա միջավայրը, որտեղ ապրելու են մեր երեխաները, և միևնույն ժամանակ նորամուծություններ ենք անում՝ նրանց ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար»,- նշված է Եվրոպական ներդրումային բանկի (EIB) ինտերնետային կայքում։ Համաշխարհային բանկը մի ամբողջ քաղաքականություն է մշակել շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ։ Արևմտյան պետություններն անցում են կատարում շրջանաձև տնտեսությունների և այլընտրանքային էներգիայի արտադրության, խթանում կանաչ արդյունաբերությունների զարգացումը, թեև նույն կերպ չեն վարվում այլ պետությունների տարածներում։ Արդյո՞ք աղբը, որ մեզնից մի քանի մղոն հեռու է, պակաս մտահոգիչ է, նույնիսկ եթե հոսում է ընդհանուր օգտագործման ջրեր։
Խոսելով աղբի մասին՝ նշենք, որ 2017 թվականի վերջին և 2018-ի սկզբին օրենսդրական որոշ կարգավորումների շնորհիվ այժմ ավելի շատ աղբ է վերամշակվում, իսկ աղբավայրերը Եվրոպայում կրճատվել են։ Այս միջոցառումները կխրախուսեն վերամշակման ծավալների ավելացումը և անդամ պետություններին կպարտավորեցնեն երաշխավորել, որ մինչ 2030 թվականը «վերամշակման կամ վերականգնման հարմար ամբողջ աղբը, մասնավորապես համայնքային թափոնները, չհանձնվեն աղբավայր»։ Մինչ այս միջոցառումները ԵՄ-ն արդեն իսկ որդեգրել էր Թափոնների կառավարման շրջանակային դիրեկտիվը, որը խրախուսում է թափոնների վերականգնումը, իսկ Աղբավայրերի դիրեկտիվը նպատակ ունի կրճատել աղբավայրերի քանակը Եվրոպայում։
2015 թվականին Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական բանկերի միջև պայմանագիր ստորագրվեց Երևանում նոր սանիտարական աղբավայր կառուցելու վերաբերյալ, որտեղ չկան աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչներ։ Ընդհանուր առմամբ նախագծի արժեքը 25 միլիոն եվրո է, որից 16 միլիոնը կտրամադրվի որպես փոխառություն… Սակայն 28 տարի անց Երևանը (և Հայաստանի մյուս մարզերը) դարձյալ պիտի մտածեն՝ ինչպես վարվել աղբի և աղբավայրի հետ։
Ֆինանսավորել դանդաղ մա՞հը
Հայաստանը միայն մեկ օրինակ է երկրների ցանկում, որտեղ ներդրողների անձնական շահերը վեր են դասվում հանրության կարիքներից։ Լիբանանը նույնպես տառապում է թափոնների խրոնիկական խնդրով (ինչպես նաև բազում այլ ենթակառուցվածքներիհիմնախնդիրներով), մինչդեռ գումարը, որ հոսում է Եվրոպայից, տեղաբնակների համար ստեղծում է նոր խնդիրներ՝ կասկածներ հարուցելով նման ներդրումների նկատմամբ։ 2015 թվականին Բեյրութում աղբի ճգնաժամից հետո 2017-ին ԵՄ-ն 35 միլիոն եվրո տրամադրեց՝ Լիբանանում «աղբի կառավարման ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելու համար»։ Եվ դա՝ ի լրումն 21 միլիոն եվրոյի, որ տրամադրվել էր նույն տարում, ավելի վաղ, Բեյրութում և Լիբանանի լեռնային գոտում քաղաքային և առողջապահական թափոնների կառավարելման նպատակով։ Պինդ թափոնների վերամշակման 10 հաստատություններից մի քանիսը, որոնք ֆինանսավորվել են ԵՄ-ի կողմից, երբեք չեն շահագործվել կամ դադարել են աշխատել վերջին տարիներին (վերջինը եղել է Տրիպոլիի տեսակավորման և կոմպոստացման (պարարտախառնման) ֆաբրիկան, որը բացվել էր 2017 թվականի հունիսին)։ Ոմանք կարծում են, որ այս գումարները ներդրվում են Լիբանանում՝ մի երկրում, որը տառապում է կոռուպցիայից, և շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Եվրոպայի լռությունը արագ լուծումներ գտնելու նապտակ ունի միայն՝ մասնավորապես կանխելով Լիբանանում սիրիացի փախստականների (որոնց թիվը մոտ 1 միլիոն է) արտագաղթը Եվրոպա։ Բայց մի՞թե նրանք չեն տեղափոխվի, երբ այլևս շնչելու մաքուր օդ և խմելու մաքուր ջուր չմնա։
Թափոնների հիմնախնդիրը ցավոտ հարց է Բեյրութի հայկական համայնքի համար, քանի որ մեծ քանակով թափոններ են կուտակվում Բուրջ Համուդի մոտակայքում, որտեղ ապրում են բազմաթիվ հայեր… Սակայն հաշվարկված չէ տարածքում բնակվող մարդկանց քանակը, ում առողջությունը վտանգվում է թափոնների այրման հոտից և արտանետումներից, ինչպես նաև ծովի աղտոտված ջրերից։ Միակ կողմը, որ օգտվում է ստեղծված իրավիճակից, տեղական ինքնակառավարման մարմինն է, որն ըստ հաշվարկների մինչ աղբավայրի փակումը ստանում է 25 միլիոն ԱՄՆ դոլար։
Թափոնների հիմնախնդիրը ցավոտ հարց է Բեյրութի հայկական համայնքի համար, քանի որ մեծ քանակով թափոններ են կուտակվում Բուրջ Համուդի մոտակայքում, որտեղ ապրում են բազմաթիվ հայեր։ Ըստ հաշվարկների՝ ծովափին կուտակված աղբից ամեն տարի անջատվում է շուրջ 120,000 տոննա մոխրաջուր, որն աղտոտում է Միջերկրական ծովը։ Սա ենթադրում է Միջերկրական ծովի պաշտպանության Բարսելոնայի կոնվենցիայի խախտում, ինչպես նաև տեղաբնակներին զրկում ձկնորսությամբ զբաղվելու, ժամանցի և այլ հնարավորություններից։ Սակայն հաշվարկված չէ տարածքում բնակվող մարդկանց քանակը, ում առողջությունը վտանգվում է թափոնների այրման հոտից և արտանետումներից, ինչպես նաև ծովի աղտոտված ջրերից։ Միակ կողմը, որ օգտվում է ստեղծված իրավիճակից, տեղական ինքնակառավարման մարմինն է (ներկայում այն ՀՅԴ-ի ղեկավարության տակ է), որն ըստ հաշվարկների մինչ աղբավայրի փակումը ստանում է 25 միլիոն ԱՄՆ դոլար։
Սակայն վերադառնանք ներդրողներին և խորհրդատուներին. Լիբանանում քաղաքացիական հասարակությանը մտահոգում է նաև այն հարցը, որ ենթակոռւցվածքների սխալ կառավարումը բացասական ազդեցություն է թողնում հասարակության առողջության վրա։ Կան բազմաթիվ նմանատիպ օրինակներ, ինչպիսիք են կեղտաջրերի վատ կառավարումը (օրինակ երբ Բեյրութում կեղտաջրերը լցվել էին գետը և հոսել ծով) կամ Զոուկ ավանի էլեկտրակայանը, որը ժամանակ առ ժամանակ սև գոլորշի է արտանետում մթնոլորտ. արդյունքում տարածաշրջանում զգալիորեն ավելացել են քաղցկեղի դեպքերը։ Ուստի քաղաքացիական խմբերը վախենում են, որ աղբի այրման ֆաբրիկաներն էլ ավելի կաղտոտեն մթնոլորտը։ Լիբանանն արդեն իսկ համարվում է Միջին Արևելքում մթնոլորտի աղտոտմամբ պայմանավորված քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը, ինչպես հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Այրման ֆաբրիկաների գործունեությունը (հատկապես նկատի առնելով խրոնիկական վատ կառավարումը Լիբանանում) հետագայում կնպաստի այս ցուցանիշի աճին։ Ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք միջազգային գործընկերները, որոնք խորհրդատվություն կամ ֆինանսական աջակցություն են տրամադրում նմանատիպ նախագծերի, գիտակցում են, որ ըստ էության հանցակից են շրջակա միջավայրի աղտոտմանը, միջազգային կոնվենցիաների խախտմանն ու մարդկանց առողջության քայքայմանը։ Վերջին երկու տասնամյակում Հայաստանում նկատվում է ուռուցքային հիվանդությունների 70 տոկոս աճ, իսկ մահացության բարձր ցուցանիշով Հայաստանն առաջինն է աշխարհում։ Անհնար է հերքել շրջակա միջավայրի աղտոտման և մարդու առողջության քայքայման ուղղակի կապը։
Ագահության մեքենայի դեմ պայքարի տեսլականներ
Հայաստանում հեղափոխությունից հետո Ամուլսարի նախագիծը ժամանակավորապես դադարեցվել է, և կառավարությունը կարծես այլընտրանքային, շրջակա միջավայրը չվնասող լուծումներ է փնտրում թափոններիի կառավարման ոլորտում։ Հետևաբար, թվում է՝ իսկապես կա Հայաստանը կայուն զարգացման ճանապարհով տանելու քաղաքական կամք։ Այժմ հարցն այլ է՝ արդյո՞ք միջազգային ֆինանսական կառույցներն ու դոնոր երկրները կաջակցեն այս քայլերին։
Եվ ամենակարևորը, երբ միջազգային շահագրգիռ կողմերի հաշվետվողականության հարց է առաջանում, տեղական քաղաքացիական հասարակությունը կանգնում է լուրջ խնդրի առաջ, եթե նրանց ճնշմանը չի ավելանում շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող միջազգային խմբերի աջակցությունը։ Հետևաբար, այդ խմբերի պատրաստակամությունը, համերաշխությունը, համագործակցությունն ու աջակցությունը թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում առանցքային նշանակություն ունի, եթե ցանկանում ենք երբևէ շոշափելի արդյունքի հասնել անհատական շահերը ամենակարևորից՝ մաքուր շրջակա միջավայրից և հասարակության բարօրությունից վեր դասելու արատավոր մեխանիզմը կանխելու հարցում։