
Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:
Վերդյան ամուսինները գոհ էին, և երբ տանտերը հանկարծ շրջվում էր, տղամարդը թաքուն բութ մատը վեր էր տնկում՝ ի տես իր հղի կնոջը և երջանիկ ժպտում։ Տանտերն էլ իր հերթին երբեմն-երբեմն շրջվում էր մեջքով դեպի գնորդները, որպեսզի չնկատեն իր գոհունակ ժպիտը ու ոչինչ չկռահեն։
-Խնդրեմ,- ի վերջո ասաց նոտարը՝ թղթերը դեպի սեղանի կենտորոնը հրելով։
Երբ ամուսինը կնոջն աչքով արեց ու վերցրեց գրիչը, նոտարն ի միջի այլոց ասաց․
-Իսկ ձեզ չի՞ հետաքրքրում, թե տունն ինչու է այդքան էժան։ Հիմա անշարժ գույքը շատ, շա՛տ թանկ է։
-Չէ,- անհոգ պատասխանեց Վերդյան ամուսինը,- առևտուրը էդպիսի բան է՝ մեկի բախտը բերում է, մյուսինը՝ ոչ։ Երբեք չի լինում երկուստեք շահավետ։
-Բայց սիրելիս,- հղի կնոջ փորին նայելով՝ ավելի ազնիվ դարձավ նոտարը,- մարդու տունը նրա հոգու նման մաքուր պիտի լինի, իսկ այնտեղ չարքերն ու վհուկները ուղղակի պատուհաններից դուրս են հորդում՝ գարնան վարար գետի նման։
-Քեզանից խորհուրդ են հարցրե՞լ,- կատաղած վրա տվեց տանտերը, որ մինչ այդ իր դժգոհությունն արտահայտում էր փնչփնչացնելով,- ի՞նչ ես գործիս գլխին քար գցում, քեզանից կնիք դնել է հասնում՝ սուսուփուս դիր, էլի՛․․․
-Եթե դրանք ձեր պատկերացրած չարքերը լինեին,- մի պահ կանգ առավ Վերդյան ամուսինը,- հիմա չարությունից տունը ավերակի էին վերածել այս տարիների ընթացքում։ Քանի՞ տարի է տունը կանգուն․․․
-Հիսուն, հիսուն,- արագ-արագ վրա բերեց տան տերը,- և քար անգամ չի ընկել․․․ անգամ ցանկապատից․․․
-Բայց ասե՛ք․․․ ասե՛ք, թե դուք որերո՞րդ տերն եք․․․ Միսակը երկու գիշեր քնելուց հետո հանկարծամահ եղավ, Անուշավանի լեղապարկը տրաքվեց, ասում էին՝ վախից, Հայկունի ամուսիններն առանց պատճառի բաժանվեցին, էլ չեմ ասում, որ հենց քո հորաքույրը, որը որպես ղարաբաղցի փախստական այդ տունը ձրի ստացավ գյուղխորհրդից, հիմա հոգեբուժարանում է․․․
-Նա թուրքերի արածներից է խանգարվել, չարքերն էստեղ մեղք չունեն,- պարզաբանեց տանտերն ու դարձավ գնորդներին,- ախպոր պես, բանի տեղ մի դրեք, մարդիկ կան, որ ուրիշի հաջողությունից չարանում են․․․ սա ուղղակի չի ուզում ձեռքս կոպեկ գա․․․ էդքան բան։
-Իմ ինչի՞ն են պետք քո կոպեկները, ես հանուն ճշմարտության․․․ տեսնու՞մ եք,- նոտարը ցուցամատը տնկեց դեպի հղի կնոջ փորը,- այնտեղ երեխաներ էլ են ապրելու։ Ի միջի այլոց,- հատու նայեց Վերդյան ամուսնու աչքերի մեջ,- տերտեր էլ են բերել՝ աղոթել է, սուրբ ջուր է շաղ տվել, բայց ոչ մի օգուտ։
-Չեմ հասկանում՝ աշխարհի դարդը քե՞զ են տվել,- վախեցած հայացքը անշարժացած գրչին ուղղեց տան տերը։
— Մի վիճեք,- հանգստացրեց գնորդը,- ես գիտեմ, որ այնտեղ վհուկներ ու չարքեր են ապրում, ձորերում միշտ էլ այդպես է․․․ ի վերջո՝ ձորի մեջ է տունը։
-Եվ այդուհանդերձ գնո՞ւմ եք,- նոտարի զարմացած հայացքը այս անգամ կանգ առավ հղի կնոջ դեմքին։
-Դա ապրելու համար չէ,- պարզաբանեց կինը։
-Մենք բիզնես ենք սկսում․․․ հյուրանոց «Սարսափ»,- իրենց գաղափարով ոգևորված՝ տեղեկացեց նրա ամուսինը։- Սարսափի սիրահարները կգան, կմնան, մի լավ կփշաքաղվեն ու կսահմռկեն․․․ մի խոսքով փողը կհոսի։ Եվ պատկերացնու՞մ եք՝ ամեն կոպեկը կլինի մաքուր եկամուտ։ Իմ աշխատողները կլինեն չարքերն ու վհուկները, հոյակապ է, չէ՞, ոչ սնունդ կպահանջեն, ո՛չ հագուստ, ո՛չ աշխատավարձ, ո՛չ արձակուրդ․․․ ոչ արհմիությունների հետ գործ կունենաս, ո՛չ կենսաթոշակային ֆոնդերի․․․
-Իսկ եթե դժգոհե՞ն, որ իրենց տունը խլել եք։
-Ես չեմ էլ խլի։ Թող մնան ապրեն, թող հյուրերի հետ վարվեն ոնց կուզեն․․․ ես նրանց դրսևորվելու հնարավորություն եմ տալիս։ Նույնիսկ չեմ էլ վերանորոգի․․․ ճաքած պատերից ու ծռմռված խողովակներից նրանք կլցվեն ներս, ձեր ասածի նման կհորդեն ուղղիղ հաճախորդի վրա․․․ պատկերացնում եմ՝ ինչքան գոհ կլինեն սուր զգացողությունների սիրահարները։
-Այո՜․․․- կնիքը դնելիս տառապած հոգոց հանեց նոտարը,- էս ի՞նչ է դարձել աշխարհը, ամենուր խելագարներ են, նորմալ մարդը դարձել է դեֆիցիտ։
Դեռ հյուրանոցի անունը չգրանցած՝ Վերդյան ամուսինները մի լավ գովազդ կազմակերպեցին։ Հեռուստատեսությամբ անընդմեջ սփռվող հոլովակը գովաբան էր այդ հանգստավայրը՝ «Եղեք դժոխքում մինչ այնտեղ ընկնելը», «Երբևէ երազե՞լ եք ունենալ սեփական վհուկ․․․» և այլ այս կարգի տողեր էր արտաբերում ամենահայտնի դերասանի առնական ձայնը։ Շուտով այնպիսի մի հերթ գոյացավ, որ մարդիկ ամիսներ առաջ էին գրանցվում։ Նույնիսկ եղան այնպիսիները, որ հրաժարվեցին համարներում քնելուց։ Նրանք գերադասեցին անգամ կիսաքանդ կտուրը՝ չարքերի կյանքին ներսից ծանոթանալու համար։
Վերդյանները մինչև մութն ընկնելը հյուրերի սենյակներն էին դասավորում, սնունդ մատակարարում, իսկ մութն ընկնելուն պես հեռանում էին «Սարսափից»։ «Իրական հաճույքն հիմա է սկսվելու,- ամեն մայրամուտին հյուրերին հրաժեշտ տալիս ասում էր Վերդյան ամուսինը,- այս պահից դուք մենակ եք վհուկների հետ, պաշտպանվեք՝ ինչպես կարող եք․․․»։ Եվ երբ դեռ կես ճամփին նրանց ականջին էր հասնում «Սարսափից» եկող աղմուկ-աղաղակը, ամուսինը երջանիկ նայում էր կնոջը․ «Փառք Աստծո, սրանք էլ գոհ կհեռանանա»։ «Այո,- ասում էր կինը,- կարգին չարքեր են, երբեք չեն թերանում ու չեն հիվանդանում»։ Եվ նրանք գնում էին տուն՝ օրվա եկամուտը բանկ փոխանցելու ու տոկոսները հաշվելու։

Գյուղացիները, որ մինչ այդ վախենում էին ձորում անգամ անասուն արածեցնելուց, նախանձով իրենց գլխներին էին տալիս՝ «Ո՞նց մեր մտքով չանցավ․․․ մեր հարստությունը սեփական ձեռքով տվեցինք ուրիշին, էն էլ՝ ջրի գնով», «Խելք ունեցողը չարքն էլ կդարձնի բարիքի աղբյուր, իսկ մենք մեր սրբերից անգամ չենք բաշարում օգտվել»,- այսպես նախատում էին իրենք իրենց։ «Ոչ էդ փողը լինի,- կային և չնախանձողներ,- ոչ էլ էդ գոռուն-գոչյունները, դրանց սարսափած հյուրերը էնպես են ճչում, որ կիլոմետրից լսվում է»։ «Ի սեր Աստծո՜․․․- ծոր էին տալիս կյանք տեսածները,- մարդիկ հանուն փողի էդպիսի՞ բաների են դիմացել․․․»։
Բայց ահա ծնվեց «Սարսափի» տիրոջ երեխան։ Մոր համար երեխայի ամենալավ տարիքն այն է, երբ նա դեռ արգանդում է, հենց ծնվեց՝ հոգսերն էլ հետն են ծնվում։ Եվ հյուրանոցատիրոջ կինը այլևս չէր կարողանում գալ ամուսնուն օգնելու։ Ստիպված նրանք երեխային էլ էին հետները բերում «Սարսափ»։ Սկզբում երեխայի լացից, ապա նաև ծիծաղից ու խաղալիքների չխկրտոցից չարքերը կամաց-կամաց լքեցին հռչակավոր տունը։ «էսպես որ գնա՝ կսնանկանանք»,- անհանգստանում էր ամուսինը։ «Ի՞նչ կարող ես անել, մութ ուժերը միշտ էլ վախեցել են կյանքից»,- հոգոց էր հանում կինը։ Եվ ահա մի օր տունը դատարկվեց, մնացին միայն ու միայն մարդիկ։ Թարսի պես էլ հենց այդ օրերին մի լիքը ավտոբուս մարդ եկավ։ Վերդյան ամուսինն ափսոսանքով նայեց նրանց ու տեսավ հյուրերի վախեցած, ըմբոստ դեմքերը․ Նրանք արդեն տրամադրված եկել էին, արդեն սարսափած՝ վհուկների հետ հանդիպելու մտքից․․․ իսկ փողը, փողը․․․ դրա կորուստը որ՝ անտանելի կլիներ։ Նա իրեն չկորցրեց։ Ընդառաջ գնաց խմբին ու ժպիտով ասաց․ «Միայն մեկ գիշեր․․․ դրանից ավել մնալը վտանգավոր է կյանքի համար․․․ խնդրեմ անձնագրերը․․․»։ Նա խնամքով գրանցում, վերադարձնում էր անձնագրերը և սենյակների բանալիները հանձնելիս խորհուրդներ էր տալիս․ «Կտուր չբարձրանաք, այնտեղ ծեր ջադուն է՝ ձեր համարձակությունը մի վայրկյանում կծամի-կթափի», «Կանանց խորհուրդ կտամ արևելյան կողմը, արևի շողերը առաջինը էնտեղ են ընկնում, շուտ կազատվեք դրանց ճիրաններից», «Նկու՞ղը․․․ օ, ոչ․․․ այնտեղ անգամ ես չեմ համարձակվում գիշերել»։
Նրա հնարամտությունը գործեց․ մարդիկ բանից անտեղյակ շարունակում էին գալ ու գալ՝ սեփական սարսափներով ու վհուկներով բեռնավորված։ Զբաղեցնում էին իենց համարները, ողջ գիշեր ահաբեկված ճվում ու ճչում՝ տանջվելով չարքերի ձեռքը, օգնություն աղերսում, նրանց վրա սեփական կոշիկները շպրտելով՝ պայքարում, և առավոտյան ազատագրված ու գոհ մեկնում էին իրենց բան ու գործին։ Իսկ «Սարսափի» տերը խորամանկորեն շարունակում էր սենյակների բանալիները հանձնել այցելուներին և բարեկամաբար ցուցումներ տալ՝ «Նկուղ չիջնել, կտուր չբարձրանալ․․․»։ Երբեմն-երբեմն նա անքնության պահեր էր ունենում, և իր վարձած տան պատուհանից նայելով հյուրանոցին ու լսելով այնտեղից եկող ձայները կասկածում էր՝ արդյո՞ք երբևէ այստեղ չարքեր ու վհուկներ են ապրել, գուցե հենց ի սկզբանե էլ մարդի՞կ են այնտեղ արտաքսել սեփական վհուկներին ու սեփական սարսափները՝ նրանց հետ չառճակատվելու համար․․․
