
Հունվարի 28-ը Բանակի օրն է, պետական տոն, որը խորհրդանշում է Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորումը։ Օր, երբ հայերը մեծարում են իրենց պաշտպաններին: Այս տարի լրանում է նաև բանակի կազմավորման 30-ամյակը։
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, սակայն, նման տոներն առանձնապես ծանր են դարձել. երկիրը դեռ կքում է աղետալի կորուստներից, որևէ բան տոնելն իմաստազրկվել է:
Պատերազմից հետո Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը, երկու ինստիտուտներ, որոնք առանց այն էլ բավական փակ էին, դարձան առավել անհասանելի: Այս պահին անվտանգության այս կառույցներից դուրս ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ բարեփոխումներ են ձեռնարկվել զինվորականների պատրաստվածությունը բարձրացնելու համար։
Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությամբ վերջ դրվեց լայնամասշտաբ պատերազմին, սակայն Հայաստանի և Արցախի անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի և սահմանները պարբերաբար ենթարկվում են հարձակման:
Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց այն անվտանգության գոտին, որը բնակչությանն ապահովում էր հրետանու հարվածներից, փոխարենը ստացավ հարյուրավոր կիլոմետրանոց նոր չհստակեցված սահմաններ Ադրբեջանի հետ, որոնց համար անհրաժեշտ են պաշտպանական նոր ենթակառուցվածքեր: Ի՞նչ է դա նշանակում ժամկետային զինծառայողների և սահմանապահների համար, որոնք պահում են այդ դիրքերը: Ի՞նչ պայմաններում են նրանք ստիպված կատարել իրենց մարտական պարտականությունները։
Մենք միայն գիտենք այն, որ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում գրեթե ամեն օր հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվում, որոնք հանգեցնում են զինծառայողների մահվան ու գերեվարման, քաղաքացիական անձանց և ունեցվածքի կորուստների։ 2021 թվականի մայիսից հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ մնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։
Իհարկե, ազգային անվտանգության հարցերում գաղտնիությունն անհրաժեշտ է։ Բայց դրան ապավինելով չի կարելի խուսանավել պատասխանատվությունից: «Ապահով զինվորներ» ՀԿ-ի տվյալներով՝ միայն 2021 թվականին ՀՀ և ԼՂ զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 17 զինծառայող, գրանցվել է 7 ինքնասպանության դեպք, դժբախտ պատահարների զոհ է դարձել 20 զինծառայող, առողջական խնդիրներից մահացել է 19 զինծառայող, անվտանգության կանոնների խախտման հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք, ծառայակցի կողմից կատարված սպանության զոհ է դարձել 5 զինծառայող, ևս 1 զինծառայողի մահվան պատճառ է դարձել սեփական նռնակի պայթյունը։
Հազարավոր զինվորականներ՝ տասնութամյա ժամկետայիններից մինչև հատուկ ջոկատայիններ, իրենց կյանքը տվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանցից շատերի աճյուններն ամփոփված են Եռաբլուր զինվորական պանթեոնում, մյուսներինն էլ` Հայաստանի և Արցախի իրենց հայրենի գյուղերում և քաղաքներում։ Շատերի մասին դեռ տեղեկություններ չկան։ Նրանց հիշատակը հարգել նշանակում է հնարավորինս արագ բարելավել այս պահին ծառայության մեջ գտնվողների պայմանները, վերադարձնել ռազմագերիներին, որոնք տանջվում են ադրբեջանական բանտերում, և վերակագնել պատերազմի ժամանակ վնասվածքներ ստացածների առողջությունը։ Մենք չենք կարող անտեսել նրանց վերականգնման, սոցիալական կարիքների, հույսերի և ապագայի պլանների որևէ ասպեկտ։
Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ»։ Պրոֆեսիոնալ բանակ (որը ենթադրում է վերացնել պարտադիր զինվորական ծառայությունը) ստեղծելու մասին հայտարարություններ անելը բավարար չեն, եթե չկա բացատրություն, թե ինչպես և երբ է դա իրագործվելու։ Բացի այն, թե ինչպես են սնվում զինծառայողները, մենք ունենք ընդամենը տեղեկատվության փշուրներ։ Ամեն անգամ, երբ եղանակը ցրտում է, շատերը սկսում եմ անհանգստանալ, որ մեր տղաները հնարավոր է մրսում են դիրքերում, որոնց մեծ մասը բարձադիր վայրերում են։
Այսօր՝ Բանակի օրը, մեր զինվորները շարունակում են պաշտպանել մեր փխրուն սահմանները՝ ծանր և երբեմն անմխիթար պայմաններում։ Կասկածից վեր է, որ Հայոց բանակը մեր անվտանգության երաշխավորն է. Այսօր, առավել քան երբևէ, Զինված ուժերի վերականգնումն ու հիմնարար բարեփոխումներն առաջնահերթ նշանակություն ունեն։ Բայց եկեք չկրկնենք անցյալի սխալները: Եթե մենք չունենք հզոր տնտեսություն, չենք կարող ունենալ ուժեղ բանակ, եթե մենք կտրուկ չբարեփոխենք կրթական համակարգը, չենք ունենա հզոր բանակ, եթե չունենանք հզոր, միասնական, բարեկեցիկ և համախմբված հասարակություն, չենք ունենա հզոր բանակ: Եթե մեր քաղաքական առաջնորդները՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր դաշտում, չգիտակցեն իրենց դերն ու երկրին մատուցած ծառայությունների կարևորությունը, մենք հզոր բանակ չենք ունենա։
Բանակի օրը կարևոր առիթ է՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր պաշտպանում են մեզ։ Եկեք այդպես անենք նաև տարվա մնացած 364 օրերին, որպեսզի մեր պաշտպանները վստահ լինեն, որ հանձինս մեզ՝ ամուր թիկունք ունեն: