
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Խորհրդային Հայաստանը, որին ամբողջ աշխարհում անվանում էին ԽՍՀՄ Սիլիկոնյան հովիտ, միշտ հայտնի է եղել ինժեներական հզոր ներուժով: Հայ գիտնականների հեղինակած բազմաթիվ գիտական նվաճումների շնորհիվ (գունավոր հեռուստատեսության գյուտից մինչև բանկոմատ, մեքենայի ավտոմատ փոխանցման տուփից մինչև սուրճի վաճառքի մեքենա և այլն) էապես բարելավվել է մարդկանց կենցաղն ու ապրելակերպը:
Աշխարհն ավելի բարի ու լավը դարձնելու այդ ավանդույթն այժմ էլ շարունակվում է: Հայաստանը դարձել է սկսնակ ընկերությունների ծաղկուն կենտրոն, որոնց հետաքրքիր գաղափարներն ու մտքերն օրեցօր կյանքի են կոչվում:
Այսօր, սակայն, երկրում գործող hardware (սարքային ապահովում) ընկերությունների թիվը զգալիորեն զիջում է software (ծրագրային ապահովում) ընկերությունների թվին: Չնայած դրան, ոլորտում գործող ընկերությունները մեծ քայլերով առաջ են գնում, գրավում գլոբալ շուկաներ ու հպարտանալու մեծ առիթներ տալիս:
Ի՞նչ հաջողությունների են հասնում Հայաստանում գործող hardware ընկերությունները, ի՞նչ մարտահրավերների են բախվում և ինչպե՞ս են դրանք հաղթահարում: Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ Ինժեներական քաղաքի, Expper Technologies և YEA Engineering ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում:
Ինժեներական քաղաք. Հայաստանի ինժեներական մտքի ներուժը` մեկ վայրում
Երևանի ծայրամասերից մեկում ստեղծման ընթացքում է Ինժեներական քաղաքը՝ պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիրը, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու աջակցությամբ։
Ծրագրի համակարգող Մարինա Մինասյանի խոսքով, «Ինժեներական քաղաք»-ի նպատակն է մեկ վայրում համախմբել տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ոլորտի ընկերություններին, մեկտեղել ինժեներական մտքի հիմնական ներուժը, ինչպես նաև դիրքավորել Հայաստանը՝ որպես տարածաշրջանային ինժեներական հզոր կենտրոն:
Այսօր Ինժեներական քաղաքում գործում են մոտ 20 ընկերություններ՝ այնպիսի դինամիկ զարգացող ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլային արդյունաբերությունը, 5-րդ սերնդի բջջային կապը (միկրոսխեմաների զարգացում), միկրոէլեկտրոնիկան, արդյունաբերական իրերի ինտերնետը (industrial IoT), ռադիոէլեկտրոնային համակարգերի և համալիրների մշակումը և այլն:
Ընկերություններն ու մասնագետներն Ինժեներական քաղաքում առավել արդյունավետ գործելու լայն հնարավորություն են ստանում: Այստեղ յուրաքանչյուր արտադրանքի մեջ կա նորարարական տարր:
Հետազոտություն – նախագծում – թեստավորում — արտադրական պրոցես ամբողջական շղթան իրականացվում է Ինժեներական քաղաքում և ներկայացվում է «Արտադրված է Հայաստանում» պիտակով։
«Եթե, օրինակ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում աշխատելիս հիմնականում անհրաժեշտ է ունենալ համակարգիչ, ծրագրային փաթեթ և ինտերնետ հասանելիություն ու կարող ես արագ արտադրանք ստեղծել, ապա ճարտարագիտության մեջ դա բավական բարդ է. քո գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ են նաև ճշգրիտ/գերճշգրիտ սարքավորումներ, հաստոցներ, գործիքներ, որոնք հատկապես նորաստեղծ ընկերությունների համար թանկարժեք են և հասանելի չեն»,- ընդգծում է Մինասյանը:
Սարքավորումներից օգտվելու հնարավորությունից բացի, Ինժեներական քաղաքում տարբեր ընկերությունների ինժեներները կարողանում են միմյանց հետ կիսել իրենց գիտելիքները, հմտությունները, փորձը և երբեմն նախագիծն իրականացնելու համար կարող է միասին աշխատեն 5-6 ընկերություն:
«Կառավարության որոշմամբ որոշակի ուղղվածության ընկերությունները կարող են Ինժեներական քաղաքում անվճար հող ստանալ և կառուցել իրենց ընկերության շենքը: Այն ընկերությունները, որոնք շենք կառուցելու հնարավորություն չունեն, առաջիկայում կկարողանան միանալ Ինժեներական քաղաքի բիզնես աքսելերատորին՝ ստանալով հնարավորություն վարձել գրասենյակ՝ Ինժեներական քաղաքում և աշխատել ինժեներների շրջապատում»,- նշում է Մինասյանը:
Հայաստանում ստեղծված երեխաների ընկեր ռոբոտը
Արհեստական բանականությամբ աշխատող առաջին հայկական ռոբոտ Ռոբինի թիմը հունվարի 20-ին հայտարարեց $2մլն սաղմնային ներդրում ներգրավելու մասին: Ներդրումային շրջափուլը գլխավորում է Starta VC-ն՝ իր համաներդրումային հարթակ Liqvest-ով և Formula VC-ն:
Expper Technologies ընկերության կողմից ստեղծված Ռոբինն ամիսներ առաջ հայտնվել էր ամերիկյան Time ամսագրի 100 The Best Inventions of 2021 վարկանիշում, իր տեղը գտնելով այն գլոբալ գյուտերի շարքում, որոնք աշխարհը դարձնում են ավելի լավը, ավելի խելացի և զվարճալի:
Ռոբինը, որի առաքելությունն է օգնել հոսպիտալներում բուժվող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև տանել բուժումը, ամբողջությամբ Հայաստանում է նախագծվում և արտադրվում (էլեկտրոնիկա, պլատաներ, ռոբոտի մարմին, ծրագրավորում, դիզայն)։ Ներկրվում է միայն ռոբոտի պրոցեսորը, քանի որ այն, Expper Technologies-ի համահիմնադիր Կարեն Խաչիկյանի խոսքով, մեծ ծախսեր է պահանջում և անիմաստ է արտադրել։
Հայաստանում ծնված ռոբոտի պատմությունը սկսվում է 2018-ից, երբ երկու ընկերները՝ Հայկ Խորասանջյանը և Կարեն Խաչիկյանը, գիշերները լուսացնելով, սեփական ուժերով ստեղծում են առաջին Ռոբին Ռոբոտին: Արհեստական բանականությամբ աշխատող այլ ռոբոտներից Ռոբինը տարբերվում է նրանով, որ երեխայի հետ հաղորդակցվելիս ցուցադրում ու տարածում է էմոցիաներ՝ նրա հետ հուզական կապ ստեղծելով։ Ռոբոտն օգնում է ապաքինման փուլում գտնվող երեխաներին գունավորել հիվանդանոցային առօրյան:
Այսօր արդեն ռոբոտները 15-ն են և իրենց բարի գործն են կատարում Հայաստանի և ԱՄՆ-ի հիվանդանոցներում:
«Ընդհանուր առմամբ, ռոբոտ ստեղծելու մեր նախագծի մասին թերահավատ վերաբերմունք կար: Մարդիկ չէին հավատում, որ Հայաստանում հնարավոր է այնպիսի բարդ պրոդուկտ ստեղծել, ինչպիսին Ռոբինն է: Իսկ մենք ամենասկզբից էլ հավատում էինք, որ հաջողության կհասնենք և օր ու գիշեր աշխատում էինք մեր գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ»,- պատմում է Expper Technologies ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանը:
Սկզբնական փուլում տղաներին շատ է օգնել Armenia Startup Academy նախաաքսելերացիոն ծրագրին մասնակցությունը, որի շրջանակում ընտրված ստարտափները 12 շաբաթների ընթացքում մենթորների օգնությամբ զարգացնում են իրենց պրոդուկտը: Այնուհետ Expper Technologies-ի թիմը մեկնել է ԱՄՆ և այնտեղ կապեր ստեղծել: Ընկերությունը նաև դրամաշնորհներ է ստացել Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (IMG) ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության (STEP) ծրագրերի շրջանակում, որոնք իրականացվել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից:
«Երբ արդեն պատրաստ էր մեր ռոբոտի պրոտոտիպը, SmartGateVC-ն[1] որոշեց ներդրում կատարել մեր նախագծում։ Մեզ համար դա ամենակարևոր օրերից մեկն էր, քանի որ գտնվեցին մարդիկ, որոնք բիզնեսի տեսանկյունից հավատացին մեզ՝ չնայած դեռ պարզ չէր, թե ինչպիսին կլինի ռոբոտի վերջնական տեսքը և նպատակը»,- պատմում է Կարենը:
Թեև նախկինում ռոբոտը վաճառվել էր սպասարկման ոլորտում, Expper Technologies-ի թիմը ներդրումը ստանալով, որոշում է կենտրոնանալ առողջապահության ոլորտի վրա՝ երեխաների և մեծահասակների խնամքը դիտարկելով որպես հիմնական ուղղություններ:
«Սա կարևոր նպատակ էր. անցկացրեցինք հետազոտություն, որը ֆանտաստիկ արդյունքներ տվեց՝ իրոք, Ռոբինը հիվանդանոցներում օգնում էր երեխաներին։ Դա ևս շատ կարևոր պահ էր մեզ համար՝ տեսնել, որ այն, ինչին հավատում էինք, իսկապես ստացվում է»,- հիշում է Կարենը:
Expper Technologies-ի թիմն իր առաջին ներդրումային շրջափուլը փակելու ճանապարհին էր, երբ բարդ ժամանակներ սկսվեցին: Սկզբում աշխարհը խուճապի մատնվեց COVID-19-ի պատճառով, ինչին զուգահեռ երկար ժամանակով փակվեց ներդրումային դաշտը: Դրան հաջորդեց պատերազմը:
Սակայն, նույնիսկ նման ծանր պայմաններում «երեխաների ընկեր» Ռոբինն առաջ էր գնում: Համավարակի ամենածանր շրջանում, ռոբոտը հայտնվեց ԱՄՆ-ի ամենամեծ հիվանդանոցներից մեկում՝ UCLA Mattel Children’s Hospital-ում: Ավելի ուշ 3 ռոբոտներ տեղադրվեցին ABC Kids Dental Group-ում։ Ռոբինի մասին սկսեցին գրել ամերիկյան ԶԼՄ-ները, ընդգծելով, որ այն ստեղծվել է Հայաստանում։
Hardware ուղղությունում աշխատելը բարդ է
Հայաստանում այս ոլորտում կարևորը խնդիր լուծելն է, անկախ նրանից, լուծումը ֆիզիկական պրոդուկտ է, թե ոչ։ Թե որ ուղղությունը կընտրես, ճաշակի հարց է, համոզված է Կարեն Խաչիկյանը:
Նա նշում է, որ մեր երկրում ավելի հեշտ է software ուղղությամբ առաջ շարժվել, սակայն այնպես չէ, որ hardware-ով զբաղվելու դեպքում հաջողության հասնելու հավանականությունը փոքր է, ինչը Expper Technologies-ի թիմն ապացուցել է սեփական փորձով:
Ամեն դեպքում, Հայաստանում բարդ է hardware ուղղությունում աշխատելը. այն շատ ծախսատար է, ռեսուրսի և գիտելիքի պակաս է զգացվում, բայց, Կարենի խոսքով, իր թիմը հանգիստ է վերաբերում ռիսկերին, հերթով հաղթահարում է դրանք, ինչն էլ համարում է Ռոբինի հաջողության գրավականը:
2022թ. աննախադեպ թվով Ռոբիններ կծնվեն
Տարին նոր է սկսվում և արդեն արտացոլվում են նաև տարվա պլանները: Թիմը պլանավորում է մի կողմից՝ որքան հնարավոր է շատ վաճառքներ իրականացնել ԱՄՆ-ում, մյուս կողմից՝ բարելավել արտադրությունը, տարածումը, նաև հաճախորդների սպասարկումը, որոնց թիվն անընդհատ աճում է:
Այս տարի աննախադեպ թվով Ռոբիններ կծնվեն, քանի որ ընկերությունն ավելի շատ է կենտրոնանալու վաճառքների վրա: Խոսքը 40 նոր ռոբոտի մասին է, ինչը զգալի թիվ է ընկերության զարգացման այս փուլի համար:
«Ներկայում ամսական 4 ռոբոտ ենք արտադրում: Աշխատում ենք նաև ամսական կտրվածքով այդ թիվը կրկնապատկելու ուղղությամբ: Մեր արտադրման գործընթացն այնպիսին է, որ անհրաժեշտության դեպքում շատ արագ կարող ենք մեծացնել ծավալը»,- նշում է նա:
Կարենի խոսքով, ընկերության թիմը, որը տեղակայված է հինգ տարբեր երկրներում, ևս կկրկնապատկվի: Թիմին միանալու են նոր ինժեներներ, ծրագրավորողներ, մարկետինգի և վաճառքի մասնագետներ։
YEA Engineering. նախագծումից մինչև արտադրություն Հայաստանում
Հայաստանում հիմնված YEA Engineering ընկերությունը տրամադրում է ծառայություններ՝ նախագծումից մինչև արտադրություն այնպիսի արագ զարգացող ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինությունը, անլար կապերի համակարգերը, բարձր և գերբարձր հաճախությամբ համակարգերը, կիսահաղորդչային սարքերի և սարքավորումների թեստավորումը, էլեկտրոնիկան և միկրոէլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները (հեղ.- լաբորատոր ստենդեր, որոնք օգտագործվում են դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում՝ տեսական գիտելիքները պրակտիկ աշխատանքների միջոցով ամրապնդելու համար)։
YEA Engineering-ը տեղակայված է Ինժեներական քաղաքում, որտեղ ունի սեփական արտադրամաս՝ նախատեսված ոչ շատ մեծ խմբաքանակներով սերիական արտադրության համար։
Ընկերության բիզնեսի զարգացման մասնագետ Վիգեն Հովհաննիսյանի խոսքով, արտադրության ամբողջ ընթացքը կազմակերպվում է Հայաստանում։ Արտերկրից ձեռք են բերում անհրաժեշտ կոմպոնենտներ, մնացածը՝ նախագծումից մինչև արտադրություն, կազմակերպվում է տեղում։
Վիգեն Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում hardware ընկերությունների սակավությունը պայմանավորված է տարբեր հանգամանքներով։ Առաջինն այն է, որ software պրոդուկտ ստեղծելու համար շատ ծախսեր պետք չեն։ Պետք են լավ համակարգիչներ, ծրագրային ապահովման լիցենզիա, ծրագրավորողներ ու մի փոքր տարածք՝ համակարգիչները տեղավորելու համար։ Ինժեներությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ռեսուրսներն անհամեմատ ավելի շատ են՝ համապատասխան սարքավորումներ, տարածք, կադրեր և այլն։
Մասնագետ դառնալու համար տարիներ են պետք
Վիգեն Հովհաննիսյանի խոսքով, առաջադեմ ուսանողներին շատ դժվար է շահագրգռել, որ hardware ուղղություններում աշխատեն։ Եթե ծրագրավորող դառնալու համար շատ ժամանակ և ռեսուրս ներդնելու անհրաժեշտություն չկա, ապա պատկերը բոլորովին այլ է hardware-ի դեպքում։
«Ինժեներ դառնալու համար մի քանի ամիսը բավարար չէ։ Անհրաժեշտ են ֆունդամենտալ գիտելիքներ, որոնք ձեռք բերելու համար ուսանողները պիտի ծախսեն 3-4 տարի։ Սկզբում՝ պարտադիր մասնագիտացված կրթություն՝ ինժեներության այս կամ այն ճյուղում աշխատելու համար, ապա՝ պարտադիր պրակտիկա»,- ընդգծում է նա:
Ինժեներական քաղաքում փորձում են լուծել այս խնդիրը: Այդ նպատակով հիմնվել է «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» ամբիոնը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի» կազմում է և գործում է Ինժեներական քաղաքում: Այստեղ դասավանդում են երիտասարդ, ոլորտում հայտնի բարձրակարգ մասնագետներ, իսկ ամբիոնի ուսանողներն Ինժեներական քաղաքում գործող կազմակերպությունների կողմից ներգրավված են տարբեր իրական նախագծերում՝ ձեռք բերելով այնպիսի պրակտիկ գիտելիքներ, որոնք լսարանում անհասանելի են։
«Ոլորտը զարգացնելու համար պետք է ունենալ ոլորտը սպասարկող բարձրակարգ բուհ՝ Պոլիտեխնիկը պետք է զարգացնել, այլ տարբերակ չկա»,- ընդգծում է Վիգեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Հայաստանը կարիք ունի վերականգնելու իր՝ ԽՍՀՄ տարիներին ունեցած բարձր տեխնոլոգիական երկիր լինելու համբավը, երբ Հայաստանն ուներ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որը բավարարում էր ամբողջ միության կարիքները:
YEA Engineering-ի արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է։ Պատճառներից է այն, որ ընկերության կողմից ստեղծվող լուծումներն օգտագործվում են ոչ թե կենցաղում, այլ արդյունաբերական տարբեր ճյուղերում։
«Օրինակ՝ արտադրում ենք տրանզիստոր թեստերներ, որոնք օգտագործվում են տրանզիստոր արտադրող ընկերությունների կողմից։ Ցավոք, Հայաստանում արտադրությունը դեռ չի գտնվում ցանկալի մակարդակի վրա, և այդպիսի ապրանքների սպառումը չի իրականացվում մեր երկրում։ Հուսանք, որ այս պրոդուկտների կարիքն առաջիկայում կզգացվի նաև Հայաստանում ու մեր արտադրանքի որոշակի տոկոսը՝ գոնե 1 տոկոսից ավելին, կսպառվի հայրենիքում»,- նշում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանում առկա են արհեստականորեն ստեղծվող դժվարություններ՝ կապված ներմուծման և արտահանման պրոցեսների հետ, որոնք իրական ազդեցություն ունեն ոլորտի վրա։
Առաջիկայում YEA Engineering-ը ծրագրում է ավելի շատ նախագծեր բերել արտերկրից, ինչը հնարավորություն կտա մեծ թվով պրոդուկտներ արտահանել, ստեղծել նոր աշխատատեղեր ու զարգացնել նոր կադրեր:
***
Այսպիսով, hardware ուղղությունը զարգացնելու համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ ռեսուրսներ: Խոսքը թե՛ ֆինանսի, թե՛ ժամանակի մասին է: Որքան բարդ է ստեղծվող լուծումը, այնքան շատ գումար է անհրաժեշտ այն ստեղծել սկսելու համար:
Այստեղ ձախողելու ռիսկն էլ է ավելի մեծ, քան software-ի դեպքում: Այդ իսկ պատճառով ներդրողները զգուշությամբ են ընտրում ընկերություններ՝ նրանց զարգացնելու համար:
Ահռելի է ռեսուրսի և գիտելիքի պակասը, ինչպես նաև սովորելու ցանկությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանում գործող խոշոր hardware ընկերությունները և բուհերը իրենք պետք է տարատեսակ ծրագրերի միջոցով ոգևորեն ու կրթեն նոր մասնագետներին, գիտակցելով, որ դա է այս ուղղությունում նոր ընկերությունների ստեղծման կարևոր գրավականը: