
Քաղաքական վերլուծությունների անարժանահավատության, կանխատեսումների անշնորհակալության և կեղծ տեղեկատվության ժամանակների վերջին հանգրվանը երբեմն դառնում են մշակութաբանական կամ նշանաբանական դիտարկումները, որոնք եթե նույնիսկ ճշգրիտ չեն, ապա առնվազն սփոփում են այն փաստը, որ դրանց անճշտությունից ոչ մի մարդկային կյանք չի վերանում, ոչ մի կաթիլ արյուն չի թափվում, ոչ մի ճակատագիր չի խեղվում, ինչը, ցավոք, արդեն իսկ դառնում է փոքրիկ ձեռքբերում, սակայն անգամ այդ թվացյալ պաշտպանվածության վահանը ճեղքում են վախերը` վախեր մեծ մտքերից, մեծ ընդհանրացումներից, մեծ տարածություններից, մեծ համատեքստերից, մեծ ապագայի ու մեծ անցյալի պատումներից։ Պատսպարվենք, օրինակ՝ մարտ ամսվա շրջանակում, որն արդեն իսկ պատմական է ու նույնքան համահունչ իր համանուն երկնշանակությանը։
Մարտի 14-ին Լվովում ընթացող ցույցի ժամանակ լուսանկարիչ Արտյոմ Լուրչենկոյի դրոնը որսաց ուկրաինացի տասնյակ հազարավոր փախստական երեխաներից մեկի՝ 5-ամյա Վալերիայի հրեշտակային պատկերը: Երկու շաբաթ անց աղջնակի պատկերը հայտնվեց աշխարհի ամենանշանաստեղծ մեդիայի՝ TIME ամսագրի շապիկին, որի խմբագրակազմը հակահերոսի հարցում կողմնորոշվելուց հետո ձևակերպեց նաև «մեր ժամանակների հերոսին»՝ մանուկին, ում անիրականանալի թվացող երազանքն է՝ «սեպտեմբերի 1-ին գնալ առաջին դասարան»։
Այդ նույն մարտին հայաստանյան կինոթատրոններում մեկնարկեց տեղական հերոսապատումը՝ Ապրիլյան քառօրյայի դեպքերից ոգեշնչված, սակայն 44-օրյա պատերազմին հաջորդած «Գարուն ա» խաղարկային լիամետրաժ պատերազմական դրաման։ «Կյանք ու կռիվ» ֆիլմի մեծ մասսայականությունից 6 տարի անց «Գարուն ա»-ն առանց վերաիմաստավորման շարունակում է նորովի վերարտադրել պատերազմ գնացող ու զոհվող երտասարդին, որպես՝ «մեր ժամանակի հերոս»։
Դե իհարկե՛, դժվար է խնդրականացնել պաշտպանվող կողմի զոհված ցանկացած զինվորի հերոսությունը, բայց, ցավոք, մեր մտորումները մեծամասամբ շարունակում են դեգերել բացառապես այդ շերտի վրա, չհասկանալով տարբեր ժամանակներում ու պատմական համատեքստերում, ինչպես նաև` ռեֆլեքսիաների տարբեր հարթակներում միևնույն մահապարտ արքետիպի կուռքային վերարտադրության եթե ոչ վտանգը, ապա առնվազն՝ ապակառուցողականությունը։
Զոհված կամավորի առջև ցկյանս խոնարհման և վերջինիս կերպարի հանդեպ կռապաշտական սևեռվածության արանքում նշմարվող սոցիալ–մշակութային սահմանը վատ տեսանելիության արդյունքում տրոհվում է ու մատաղացումից բացի հայրենիքը սիրելու այլ մոդելները մնում են անիմանալի, իմացության դեպքում էլ` անմարսելի։
Այդպես՝ «մեր ժամանակների Հերոսը»` կառչած ինքնանպատակ պաթոսից ու միալար բարոյականությունից, կորցնում է իր բայրոնականությունը կամ այսօր ավելի վերաակտուալ` գոգոլականությունն ու ինչն ավելի տխուր է` առհասարակ փիլիսոփայական առումով դիսկուրսի սուբյեկտ դառնալու համար անհրաժեշտ լիցքը։
Մեծ ռուս փիլիսոփա Միխայիլ Բախտինն ասում էր՝ «նեղ իմաստով` «Թանատոսի» շուրջ դիսկուրսը միշտ պարտվում է լայն իմաստով` «Էրոսի» շուրջ դիսկուրսին». հայոց «կյանք ու կռիվ» մանտրայի երկու բաղադրիչները հենց այդ դիսկուրսների երկու բախտինյան բևեռներն են։ Պատկերացրեք, որ նույնիսկ մեր վաղնջական նախնիները` մահը հաղթող պտղաբերությամբ պարուրված իրենց էրոսապաշտ մշակույթով (տե՛ս հենց այժմ Պատմության թանգարանում ընթացող անտիկ Արտաշատ մայրաքաղաքին նվիրված ցուցահանդեսը), ակամայից ավելի մոտ էին կանգնած բախտինյան դրույթին, քան մենք` արունարբու 20–րդ դարից դասեր չքաղած 21–ի արնաքամ զավակներս` շարունակ դյութված մեզ փակուղու պատին հենած մահվան սառնարյուն գգվանքներով։
Ի՞նչ է կատարվում այդ նույն չարաբաստիկ, սեյսմիկ, բայց նաև սեմիոտիկ մարտ ամսին Ռուսաստանում` էլի հերոսացման վերարտադրություն, որը պարզվում է ոչ թե դիսկուրսի այս կամ այն բևեռից է, այլ հենց ինքն է երկբևեռ։
Երբևէ ստեղծված հակախորհրդային գուցե ամենասարսափազդու ֆիլմի` «Բեռ 200»–ի ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի «Բրատ» (անգամ եթե ճիշտ կլիներ` «Եղբայր») ֆիլմի հերոսը՝ Դանիլա Բագրովը ազատական 90-ականների ցայտուն կերպարից կարճ ժամանակում փոխակերպվեց իշխանական հերոսի։
Ռուսական պատմական նորագույն շրջադարձների և շրջադարձած պատմագրերի ձեռամբ Բալաբանովին «հաջողվեց» «ո՞վ է մեղավոր» և «ի՞նչ անել» ռուսական «հավերժ հարցերի» եռյակը եզրափակել՝ «ինչի՞ մեջ է ուժը» հարցով, երբ երկու դար առաջ Նեկրասովի առաջարկած «ո՞վ է լավ ապրում Ռուսիո մեջ» այլընտրանքին հավերժ հարցին պատասխանելը գնալով դարձավ էլ ավելի խրթին։
Ֆիլմում Բրատը պատասխանում էր կիսագանդիական, կիսաբալաբանովյան` «ուժը ճշմարտության մեջ է» արտահայտությամբ, դե իսկ ճշմարտությունը նույնքան երկբևեռ է, որքան Դանիլա Բագրովի մշակութա—քաղաքական ճակատագիրը։
Այդպես` այսօր, երբ «ո՞վ է մեղավոր» և «ի՞նչ անել» հարցերի պատասխանը Ռուսաստանն իր համար հստակ ձևակերպել է, «ուժը ճշմարտության մեջ է» խոսքերը սկսում են հնչել հակառակ հերթականությամբ։
2022-ի պատմական մարտ ամսվա հայ–ռուս–ուկրաինական մեր այս պայմանական նշանաբանական եռանկյունու արանքում Վիտրուվյան մարդու պես ջղաձիգ է Խոսքը՝ ոչ միայն այլաբանական, այլ հենց ամենուղիղ մարմնավորմամբ։
Թանատոսի և Էրոսի պես «պատերազմ թե՞ խաղաղություն» գոյաբանական երկակիությունը փոխվել է «պատերազմ» թե՞ «հատուկ օպերացիա» լինգվիստիկ հակադրությամբ, որի այս կամ այն ընտրությունն ունի ոչ պակաս, քան հենց գոյաբանական նշանակություն։ Անգամ երկխոսության անհուսության, թնդանոթների գոչունների ու մուսաների լռության ճարահատ ժամանակներում այս բառերն իրենց վճռականությամբ ու բախտորոշությամբ չեն զիջում`«միթե՞ ես կին չեմ», «երկաթյա վարագույր», «ցույց կտանք ձեզ Կուզկայի մորը», «ես ունեմ երազանք», «Արցախը Հայաստան է և վերջ» պատմաբառարանի ճակատագրական նմուշներից և ոչ մեկին։
Անգամ ամենասարսափահար զինանոցի կողքին, Խոսքը շարունակում է լինել այն զենքը, որի հակաօդային պաշտպանությունը ոչ մի գիտություն չստանձնեց, թողնելով նրան բոլոր ժամանակներում ու աշխարհներում լինել «ի՛ սկզբանե» և «ի՛ վերջաբան»։
Դե իսկ 5-ամյա Վալերիային ասել է իր խոսքը. նա երազում է սեպտեմբերի 1-ին գնալ առաջին դասարան։
Եւ այլն
Գյումրի. տեքստիլի մեկ դարը
Հայաստանի տեքստիլ արդյունաբերության երբեմնի կենտրոն Գյումրին այսօր փորձում է վերականգնել տեքստիլագործության ավանդույթները: Մշակութային հետազոտող Կարին Գրիգորյանն անդրադառնում է, թե ինչպես թալանված ու գաղթականներով լցված քաղաքը ձեռք բերեց այս համբավն ու հիմա ինչ քայլեր են ձեռնարկվում տեքստիլ արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ:
Read moreԹափոն. մերօրյա արվեստի նոր «հումքը»
Կենցաղային թափոնների խնդրին անդրադարձող երևանյան երկու միանգամայն տարբեր ցուցահանդեսների մասնակցած հեղինակը հնարավորություն է ունեցել դիտարկել դրանք «ներսի աչքով» ու խոսել ցուցադրություններից, որոնք էականորեն տարբերվում են ետպատերազմյան շրջանում կազմակերպված հայաստանյան ցուցահանդեսների առանցքային թեմայից։
Read moreՀայկական մշակութային ժառանգության «բժիշկները»
Ակնարկն անդրադառնում է ազգային մշակութային ժառանգության կարևորությանն ու «ժառանգության բժիշկների» մասնագիտության ոչ այնքան նախանձելի պայմանների անհամապատասխանությանը։
Read more