
























Պարը
Ստեփան
Ես արևելագետ եմ, աշխատում եմ որպես կրթության կազմակերպիչ-մանկավարժ:
Մինչ պատերազմն աշխատում էի «Իրական դպրոցում», հիմա շարունակում եմ աշխատանքս։
Պարարվեստով զբաղվել եմ 17 տարեկանից։ Քույրս հաճախում էր պարի դասերի, ես ուղեկցում էի քրոջս։ Մի քանի փորձից հետո ասացի՝ կեցի, ես էլ փորձեմ։
Գնացի բանակ, որոշեցի՝ բանակից հետո պիտի պարեմ մեր ազգային պարերը, տարածեմ դրանք։
Յուրաքանչյուր ազգ ունի իր հոգեկերտվածքը, որը դրսևորվում է նաև պարի միջոցով։ Ինձ թվում է պարերի մեջ առավել վառ են արտահայտվում մեր ազգային առանձնահատկությունները։ Ես մարդուն իր պարով կարող եմ բնութագրել։ Մարտական պարի մեր ազգային առանձնահատկությունը կոչված է մարտիկին կոփելու, տոկուն է դարձնում ցավի նկատմամբ։ Շատախի, Սասունի ռազմական պարերը ձեռքերի հարվածներով են պարում։ Եվ ափերի ուժգին զարկերը էս պարերում պայքարի դրսևորումներ են։ Քո մեջ պարելուց կամք են արթնացնում։
Հայերս մարտական պարերն ընկերներով ենք պարում ռազմից առաջ, որ միասնական մարտական ոգին բարձրացնի, որ մարտի մեջ մտնելուց համախմբված, նախատրամադրված լինես։
Պատերազմի ժամանակ էլ, Քարվաճառում մեր ազատ ժամերին տղերքին սովորեցնում էինք պարել։ Օրը մեկ ժամ յարխուշտա էինք պարում։
Մարիամ
Մասնագիտությամբ լեզվաբան եմ։ Մագիստրատուրայում ազգագրություն եմ սովորել: Հետո ասպիրանտուրա ընդունվեցի, ուզում էի շարունակել, բայց գնացի «Իրական դպրոց» որպես կրթության կազմակերպիչ:
Ստեփանի հետ ծանոթացել ենք 2013-ին։ «Պարենք հայերեն» Կասկադի միջոցառումներից դեմքով գիտեինք միմյանց: Մտերիմ ընկերուհիս մի օր ինձ հրավիրեց իրենց պարի խումբ: Ստեփանն այդ ժամանակ «Մենք» պարային խումբն էր բացել, ես սկսեցի հաճախել:
Ծանոթանալուց մեկ ամիս հետո ասում էր՝ արի ամուսնանանք, բայց մի երեք տարի ձգվեց:
«Իրական դպրոցը»
Ստեփան
Ապրիլյանից հետո ինձ համար պարզ էր. քանի դեռ հաշտության պայմանագիր չի կնքվել, պատերազմը համարվում է չավարտված։ Ապրիլյանի ժամանակ երեք ընկերներով Ստեփանակերտում էինք։
2016-ից, մինչ 2020-ի պատերազմը կսկսվեր, արդեն գումարտակի ձևավորման, ակտիվ պահեստազոր ստեղծելու մասին սկսեցինք մտածել։ ՈՄԱ-ի միջոցով էինք փորձում այն իրականացնել։
2020-ի օգոստոսն էր, սկսել էինք ավելի մեծամասշտաբ զորավարժանքներ անել: Ուզում էինք մարզվել, լրակազմ իրականացնել, փորձարկել մեր ռեսուրսները։ 10-օրյա գիշերակացով հավաք էինք կազմակերպում, գիշերային հերթապահություն, հրաձգություն էինք իրականացնում… սովորում էինք ձեռք բերել մարտավարության հմտություններ։ Այդ ժամանակ արդեն հասկանում էինք, որ երկրի պաշտպանության համար միայն բանակը քիչ է:
Անհրաժեշտ է, որ ողջ բնակչությունը պատրաստված լինի, ռազմական գիտելիքը միշտ թարմացված լինի, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունը չթուլանա: Այս դեպքում զինվորի՝ տուն վերադառնալու շանսերն ավելի շատ կլինեին:
2016-ին, երբ մեր «Իրական դպրոցը» բացվեց, մենք արդեն էրեխեքի զինվորական պատրաստության մարզումների վրա շատ լուրջ ուշադրություն էինք դարձնում: 10-12-օրյա հավաքների էինք տանում նաև երեխաներին՝ տղա, թե աղջիկ, 80-120 հոգանոց խմբեր էին՝ գումարած հրահանգիչների կազմը, որը մոտ 180 հոգի կլիներ։ Հույս ունեինք, որ այս փորձը օրինակ կլիներ շատերի համար։
Մարիամ
Ստեփանն ու ես «Իրական դպրոցի» հիմնադիր ուսուցիչներն ենք, մեզանով է սկսվել դպրոցը։ Մեր ընդհանուր մտերիմ ընկերը մեր հարսանիքի ժամանակ Ստեփանին ասել էր. «Մի միտք կա, Մարիամի հետ էկեք խոսենք»:
Գնացինք, ներկայացրեց գաղափարները, որոնք շատ գրավիչ էին։ «Իրական դպրոց»֊ում կառուցվում է մասնագիտական կրթության նոր ձևաչափ՝ կիրառելով ինչպես դասական կրթության (liberal arts), այնպես էլ պրոգրեսիվ կրթության (progressive education) մոտեցումները, մասնավորապես՝ նախագծային ուսուցումը (project based education, learning by doing)։ Նախագծային կրթությունը հենված է բացառապես իրական կյանքից վերցված և իրական մարդկանց համար ստեղծվող նախագծերի վրա:
Մեկնում
Ստեփան
Երբ պատերազմը սկսվում է, պիտի գնաս։ Ընտանիքը պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը գնալն է։
Սկսվում է որոշումից, տնից դուրս գալուց, հաջող անելուց։ Սա հոգեբանական մեծ ծանրաբեռնում է: Առավոտ կանուխ, երբ կինս ասաց, որ պատերազմ է, էս էն պահն էր, որ զգում ես՝ գնալու ժամն եկավ: Ես էլ, կինս էլ հասկանում էինք դա:
Այդ օրը մենք հրաժեշտ տվեցինք միմյանց, գործի գնացի, որտեղ էլ որոշվելու էր՝ ինչպես և երբ է գումարտակը կազմվելու, արդյոք ՊՆ-ն կհամաձայնի՞, որ մենք որպես առանձին ստորաբաժանում կազմավորվենք, թե՞ պետք է մտնենք իր կազմի մեջ: Հենց համաձայնություն ստացանք, պատրաստվեցինք մեկնելու։ Բայց նույն օրը չմեկնեցինք. պարզվեց որոշ բաներ դեռ ճշտվում էին։ Տանեցիք այնպես էին ուրախացել, ասես պատերազմից էինք հետ եկել:
Հաջորդ օրն առավոտից նորից հավաքվում, գնում ենք, բայց նորից ենք վերադառնում: Երրորդ անգամ տանեցիներին հրաժեշտ տալը ավելի թեթև է ստացվում. «դե գնում ես՝ գնա էլի» տրամադրությամբ:
Առաջին օրն եղան մարդիկ, որ գնացին իրեր հավաքելու ու հետ չեկան:
Մենք հավաքակայանում մինչ մեկնելը երգեցինք, պարեցինք։ Պարելուց Թիմը ամրանում է։ Պարը մոտիվացնում է, վախերն ու լարումները թոթափում է։ Նստեցինք ավտոբուսներն ու շարժվեցինք:
Մարիամ
Մեր աղջիկը 1 տարեկան էր, շուտ էր արթնանում, ինձ էլ արթնացնում էր: Մեկ էլ լուրերում՝ «Շփման գծի ամբողջ երկայնքով…» մի վերնագիր աչքովս ընկավ։ Չէի գիտակցում, որ պատերազմ է, մտածեցի կրկին հերթական բախումներ են: Ստեփանը գնաց պարապմունքի։ Էնտեղ արդեն հավաքվել, քննարկում էին ընկերներով՝ ինչ անել: Ես էլ սովորականի պես բալիկիս հետ գնացի զբոսնելու։ Մենք զինկոմիսարիատի մոտ ենք ապրում, այնտեղ արդեն եռուզեռը սկսվել էր, ընդհանուր անհանգստություն էր։ Բայց կրկին մտածում ես՝ սա դեռ այն չի։ Մի քանի ժամ հետո Ստեփանը եկավ, սկսեց ճամպրուկը հավաքել, երևի դա ամենադաժան պահն էր:
Երեկոյան անսպասելի հետ եկավ, հաջորդ հրաժեշտն ավելի հեշտ էր: Ճիշտ է, գիտեի, որ կարող է գնան ու գնան, բայց առաջին օրվա լարումն ավելի մեծ էր։
Գնաց, մենակ մնացինք ես ու 1 տարեկան աղջիկս։
Առաջին դժվարությունները
Ստեփան
Մինչ Քարվաճառ հասնելը համեմատաբար հանգիստ ենք եղել։
Հասանք Քարվաճառ ու սկսվեց անհանգստությունը։ ԱԹՍ-ներ են պտտվում, խփում են, չեն խփում, տագնապի ազդանշաններ են, մարդիկ փախնում են, հրթիռներ են թռնում գլխիդ վերևում… ոնց որ կինոյում լինես:
Հետզհետե տրամադրվում ես, հստակեցնում ես ինչ պիտի անես ու թե ինչի համար ես եկել։
Մոտ մեկ ամիս Քարվաճառում երկրորդ գծում մարտական հերթապահություն և միջդիրքային դարանակալում էինք անում, որ եթե հանկարծ հակառակորդն անցնի, մենք դիմավորենք: Դիրքերից մեկը շատ ցածրադիր էր։ Թշնամու դիրքը բարձր էր, իրենք մեզ լավ տեսնում ու խփում էին։ Խփում էին մինամյոտով (ականանետ): Փախնելու տեղ էլ չունես: Ոնց որ շատ պատահական ընտրված դիրք էր, ափի պես բաց, կռվելու տեղ չկա, պիտի ուղղակի կանգնես ու թիրախ դառնաս։ Էդ դիրքում մի զոհ ու մի քանի վիրավոր ունեցանք։
Հետո դիրքը փոխեցին: Մենք լրիվ տեսնում էինք, թե ոնց և ուր է թշնամին հարվածում, սարերը հրդեհում։ Գիշերները հետևում էինք, թե ոնց են ԱԹՍ-ները հենց մեր գլխի վերևը կանգնում, նկարում, ասես հրավառություն լիներ՝ չըխկ, չըխկ, չըխկ…
Մի քանի հերթափոխ ուղղակի դիտորդ ենք եղել։ Մի ամսում ահագին կոփվեցինք: Հետո հատուկ գործողություն ունեցանք, հետ էկանք։ Դա կամաց-կամաց տրամադրում էր, ու ինքդ քեզ ասում ես դե լավ, տարեք առաջնագիծ: Իսկ երբ միանգամից են տանում, լարվածությունը կուտակվում է:
Ռազմական կանոններով էլ՝ զինվորին նախապես մարզում են, տանում են երրորդ, հետո երկրորդ, նոր առաջին գիծ, որ մարդը հոգեբանորեն պատրաստ լինի ու առաջին խնդրից չընկրկի: Նույնիսկ, եթե սպա էլ չկա, իրենք էդ թիմով արդեն էնքան են մերվում, որ խնդիրները համակարգելը հնարավոր է լինում։ Կոնկրետ մեր դեպքում՝ արդեն երկրորդ շաբաթվանից մնացինք հիմնական կազմով: Գիտեինք՝ ով ով է, որոշակի դիսցիպլինա էր ձևավորվել։ Եղել է դեպք, երբ հրամանատարը սաստել է մեկի խուճապը, մյուսները տեսնում են և խուճապը չի տարածվում։ Ամեն դեպքում ասում ես թույլն էլ մերն է՝ թող մնա, մինչև տեսնենք ինչ է լինում։ Պատահում է, որ մյուսների ազդեցության տակ սա արդեն ժամանակի ընթացքում կոփվում է։
40-50 հոգի, մեր խմբի կորիզն էր՝ հրահանգիչներ, հրամկազմը, իսկ պատերազմի ժամանակ մոտ 350 հոգանոց անձնակազմ ենք ունեցել։
Կարգապահություն պահելը խիստ կարևոր էր, որովհետև առաջին սթրեսները, որ անցնում են, արդեն գալիս է բուն աշխատանքի պահը, որն էլ մեծ ծանրաբեռնվածությունն է առաջացնում ու էստեղ պետք է ամեն ինչ կարգ ունենա։ Դա օգնում է արդյունավետ պայքարին, սթափ լինելուն ու ներքուստ ամուր մնալուն։ Կա զինվորական գրագիտութուն, որը պահելը դժվար է, օրինակ՝ մարդկանց ստիպել, որ չծխեն ամենուր, ամեն ժամ։ Հենց մի քիչ զգոնությունը թուլանում էր, վախերն անցնում էին, կամ երբ իրենց պատերազմի հաղթական տղերք են զգում, արդեն դառնում էր սովորական, այ էդ ժամանակ պետք է կարողանալ կարգը պահել ու պայքարել անսթափության դեմ։
Չդիտարկվելու համար մենք աշխատում էինք գիշերը՝ երեկոյան 8-ից մինչև առավոտյան 6-ը, խրամատներ էինք փորում: Ասենք՝ նենց տեղ է, որ քար է, դժվար աշխատանք է, իսկ մեծամասնությունը քաղաքի ժողովուրդ են, բահի, քլունգի հետ գործ չեն ունեցել, դժվար է իրանց: Սա էլ հաղթահարելու խնդիր ունի։ Բոլորը չէ, որ լավ պատրաստված են լինում: Նրանց մի մասը մտածում էր, որ քառօրյայի նման մի բան պիտի լինի՝ գնանք, շուտ հետ գանք: 5-6 հոգի իմ դասակից գնաց տուն, հետ չեկավ, 33 հոգի էինք, մնաց 27 հոգի: Մի էրկու շաբաթ հետո, որ տեսնում են ձգձգվում է անորոշությունը, արդեն պարտվողականության տրամադրություններ են գալիս, դրան էլ գումարվում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ անքնություն, հիգիենայի պակաս ու արդեն 10-րդ օրը սկսվում են լարումներ, վեճեր, խուսափողական մոտեցում, հիվանդանոցում հայտնվելու ցանկություններ, տանը թողնված անհետաձգելի գործեր…
Մարիամ
Ստեփանն էլ կարծում էր, որ հեսա մի երկու օրից կվերջանա, թվում էր ամեն ինչ լավ է, մենք լավ դիրքերում ենք, ամուր ենք, հանրությունը խոսում էր, թե հեսա միջազգային սանկցիաներ կլինեն, կդատապարտեն հակառակորդին, կվերջանա: Բայց ձգվեց, ձգվեց, ձգվեց անորոշության մեջ։
Դիրքեր-թիկունք
Ստեփան
Պատերազմի ընթացքում ամենամեծ կարիքը հստակությունն էր: Ես շարքային եմ, բայց եղել եմ դասակի հրամանատար:
Գոնե հրամանատարական մակարդակում պիտի որոշակի ինֆորմացիա ունենաս՝ ինչ խնդիր է դրված, հիմա ինչ կամ ինչպես պիտի անենք… Մենք առանձին գումարտակով էինք գնացել, ունեինք մեր ավագ և կրտսեր հրամկազմը, իսկ կան դեպքեր՝ մարդիկ գնացել են, նույնիսկ կրտսեր հրամանատար չի եղել իրենց հետ։ Ընդամենը մի 2-3 օր կրակել են ու էդ մարդկանց տարել են դիրքեր:
Այդպես չի, որ մեր տեսակը վատն է, ցանկացած տեսակի էլ այդպես վատ վիճակի մեջ դնես՝ չեն դիմանա, չեն դիմադրի։ Գնում էինք Թաղավարդ, եթե ճիշտ տեղեկացված լինեինք, իմանայինք, թե որտեղ և ինչ ստորաբաժանում կա, թուրքական որքան զորք ու ինչ ուղղությամբ են պատրաստվում մոտենալ, կամ թե որն է մեր պարտականությունը… բայց գնում ենք ու չգիտես՝ քեզ հետ ինչքան զորք կա, ովքեր, որտեղից ուր պիտի շարժվեն: Ես միայն պատերազմից հետո եմ իմացել, թե էդտեղ ինչ ստորաբաժանումներ են եղել, ինչ է էղել, ինչ չի եղել: Փոխարենը, գնացել ենք, ասում են՝ էս դիմացից, աջից, ձախից թուրքերն են, ոնց որ երեք կողմից շրջափակման մեջ ենք (Թաղավարդը հիմա էլ մխրճված է իրենց մեջ), մի քանի կողմից թուրքեր են գալիս, ու մի գումարտակ է, որն ամենաշատը 3 կմ տարածք կարող է պահել:
Մենք կարողանում էինք պահել 7-8 կմ տարածք՝ առանց ծանր սպառազինության։ Այդ պահին մեր հրետանին լավ չէր գործում։ Բանակային հրետանին ավելի ուշ սկսեց մեզ աջակցել: Դա մեծ օգնություն էր։ Երբ մերոնք տեսան, որ մենք պահում ենք գիծը, չենք հեռանում, սկսեցին ուժեր կենտրոնացնել մեզ մոտ։ Ասում էին. «Որ իմանայինք չեք փախնի, ավելի շուտ կանեինք սա», որովհետև ինչքան մոբ տանում էին ռեզերվից, փախչում էին։ Խուճապային տրամադրություններ էին սկսվել:
Երբ մենք գնացինք, տեղի զինվորները հենց նույն գիշեր գնացին թիկունք, հանգստացան, մենք էդ դիրքերը պահեցինք, 1-2 հարձակում հետ մղեցինք, արդեն հրետանին միացավ: Կոորդինատը տալիս էինք՝ շըփ, շըփ…
Սկզբում էղել են ձիգ, ուժեղ մարտեր, մեծ ուժերի են հետ մղել մերոնք, հսկայական վնասներ են տվել թշնամուն: Բայց երբ անպատրաստ մոբ են տանում առաջնագիծ, հրամկազմն է ամենաանհրաժեշտ բանն այս դեպքում։ Այլապես զորքը մնում է անգլուխ։
Պետք է առաջնագիծը լավ պահել։ Թիկունքում կարողանաս հունցես, պատրաստես նոր ուղարկես առաջնագիծ։ Նոր խումբն արդեն պատրաստ կգա, նախորդի տեղը կզբաղեցնի, իսկ առաջին գիծը կգնա թիկունք, ուժերը կվերականգնի, կհամալրվի, հետ կվերադառնա:
Բայց պատերազմի տեմպը շատ արագ էր, հակառակորդը դրա վրա էլ հույսը դրել էր, որ հսկայական ուժերով կարողանա էդ կարճ ժամկետում իր հարցերը լուծի: Հին պատերազմի մասնակիցները դեռ նախկին տեմպի ակնկալիքն ունեին, երբ հարձակումների հաճախականությունն այլ էր. ժամանակի մեջ հնարավոր էր ադապտացվել, համալրվել, վերականգնել ուժերը։ Այս պատերազմի տեմպն այլ էր։
Մենք գիշերը 11-ին հասել ենք մի տեղ, թուլացած, հոգնած, նորակոչիկ զինվորը 50 սմ փորել, պպզել, դիրք էր պահում։ Մենք ավելի թարմ ուժ էինք, ավելի տարիքով էինք, հանգստացած էինք։ Փոխարինեցինք իրենց, ու ամբողջ գիշեր՝ մինչև առավոտյան 7-8-ը կարողացել ենք փորել, ոչ մեկը չի քնել: Պետք էր հասցնել մինչ առավոտ, որպեսզի անձնական խրամաբջիջներ ունենանք մոտ 1,5 մետր խորությամբ, մտնենք դիրքեր, որ առավոտյան հրետանին մեզ չհարվածի:
Եղել է չենք լողացել մոտ մեկ ամիս: Ամենախոցելի խնդիրը նասկին էր, որ պետք էր անընդհատ փոխել։ Այն տեղերում որտեղ սառը ջուր կար, ու երբ հարմար պահ էր լինում, պիտի շուտ մտնես, լողանաս։ Մաքրում էինք նաև տարածքը, որովհետև վերևից նայելիս նաև կեղտի, թափթփվածության միջոցով կարող են գտնել, թե որտեղ ենք։ Թափված սպիտակ թղթերը, տոպրակները հերիք են հուշելու համար, որ էստեղ զորք կա թաքնված:
Կարևոր էր նաև անձնակազմին ոգի ներշնչել, մտերմանալ, համ էլ մի քիչ տարածություն պահել, որ տեղն էկած ժամանակ կարողանաս որպես հրամանատար գործել: Մի անգամ էլ գործողության էինք գնում։ Գնալուց առաջ որոշեցինք պարել։ Հրամանատարի խոսքը կարևոր է, որ կարողանա իր զորքին ոգևորել, ամուր պահել։ Ռազմապարը էդ խոսքին փոխարինող մեկ այլ խոսք է։
Մարիամ
Դժվար է ասելը՝ ինչպես էինք հաղթահարում այս ապրումները։ Ամուր էինք մնում, քանի որ, երբ Ստեփանը զանգում էր, ես պետք է կարողանայի սթափ խոսել: Իր մայրն էր զանգում, երևի, ավելի վատ վիճակում էր, քան ես։ Ինչքան դրական ինֆորմացիա ունեի, դրանով իրեն հույս էի տալիս:
Զանգելուց մտածում ես ավելորդ հարցեր չտաս։ Բոլորս լավ լուրեր էինք լսում, ես իրեն պատմում էի, ասում էի՝ չէ, հաղթելու ենք: Դրանով նաև մենք մեզ էինք մխիթարում: Պատերազի ժամանակ ելքը դա էր՝ լավ բանին հավատալը։
Մեր ուսանողներից մահացան։ Թաղումներ էինք գնում: Սկզբում դժվար էր, մտածում էինք, հնարավոր է հաջորդը մերը լինի, բայց հետո ասացի՝ սպասի, ես ինչո՞վ եմ իրենցից լավը. եթե իմ ամուսինն էլ զոհվի, ես պիտի կարողանամ կանգուն մնալ:
Կարոտն ու կոճակներով հեռախոսը
Ստեփան
Ամենից շատ կարոտում էի երեխայիս ու կնոջս: Գումարտակի բոլոր հեռախոսները հավաքել էինք, միայն դասակի հրամանատարներն ունեին: Ես էլ ունեի՝ փոքր, կոճակներով հեռախոս էր, մարտկոցը դուրս էր գալիս։ Պայմանավորվել էինք, որ ամեն մեկը 3 օրը մի անգամ պիտի զանգի տուն։ Երբ դիրքեր էինք գնում, անջատում էինք հեռախոսը, մարտկոցը հանում, զանգելուց էլ գնում էինք մեր տեղակայման վայրից մի 100 մետր հեռու, էնտեղ միացնում, որ եթե գտնեն, հարվածեն, հեռախոսը լինի քո դիրքից հեռու: Եղել է, որ խփել են աջ ու ձախ։
Երբ ՌԷՊ-ով (ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ) գտնում էին, որ 10 հատ հեռախոս կա մի տեղ, դա լիցքավորման դրած հեռախոսներն են, ապա վերջ, բլինդաժը թռնում է օդ՝ իր զինվորներով: Մնում է կոշիկների համարով արդեն գտնեն՝ ով ով է։
Մեր դասակի միակ հեռախոսը բերել ենք էստեղ, թանգարան դնենք:
Մարիամ
Երեխայիս նասկիներն անընդհատ ոտքից ընկնում էին, մեկն էստեղ, մյուսն էնտեղ, Ստեփանը, պատերազմից առաջ, անընդհատ գտնում, դնում էր գրպանը: Չգիտեմ ինչպես էր ստացվել, պատերազմ մեկնելուց առաջ մեկն ընկել էր Ստեփանի հագուստների մեջ, այնտեղ գտել էր։ Ասում էր՝ հանում էր, հոտ էր քաշում փոքրիկի գուլպայից։
Սովորական մահ
Ստեփան
Իմ մեջ հանդիպել եմ վախի, որ կամ ինքնըստինքյան է հաղթահարվում, կամ միջավայրն է օգնում։ Երբեմն երգում են ու վախն անցնում է, երբեմն հումորն է օգնում։ Բայց ամենակրիտիկական պահին բոլորը լուռ են մնում:
Ամենալավ միջոցն ինձ համար քնելն էր, եթե հնարավորություն էր լինում: Զինվորը հրաման չունենալու դեպքում պիտի քնի, քանի որ մնացած ժամանակ ինքն անդադար աշխատանքի մեջ է:
Պատերազմում երկար մնալուց սեփականության կամ անձնային սահմանների զգացումն էլ է կորում հետզհետե։ Էն բոլոր կանոններն ու կարգերը, որ քաղաքացիական կյանքում կան, վերանում են։ Ում տունն է, ում այգին է, ում ծաղիկն է… կարծես հարց չի առաջանում։
Թաղավարդում շատ կենդանիներ կային։ Ամենը թողել, գնացել էին: Վախեցած շներ խոշոր աչքերով, որ պայթյունի ձայն լսելով՝ նկուղից դուրս չէին գալիս: Վիրավոր կովեր՝ մարմնի մեջ բեկորներ, հազիվ էին շարժվում, մի քանի օրից սատկում էին: Կիսավիրավոր, մեջքը բացված էշ, որը, հենց հրետանին աշխատում էր, սկսում էր զռռալ: Ուրիշի սեփականության հանդեպ սահմանի զգացողությունը չկորցնելու համար հերթափոխ էինք դրել, որ հերթապահը պտտվի, մաքրի, հետևի, որ էս մարդու տուն է, մենք էս գյուղը պաշտպանելու ենք էկել։
Պատերազմի ժամանակ հետզհետե կյանքը արժեքը կորցնում է, մահը սովորական է դառնում։ Պատերազմը հիմա ինձ մոտ ասոցացվում է քաոսային վիճակի հետ։ Գիտես, եթե խփում են, էն կմեռնի, էն էլ, դու էլ կմեռնես, բայց էլ վախ չկա։ Վախի բացակայությունը վստահություն է տալիս: Վախի հաղթահարումը զիլ բան է: Դրան հակառակ, երբ քեզանից ուրիշ մարդկանց կյանք է կախված, պարտավորեցնում է:
Ամսի 9-ը
Ստեփան
Պատրաստվում էինք գրոհի։ Մենք պլանավորել էինք հարձակվել՝ գյուղի մնացած մասն ազատագրելու։ Սպասում էինք, 60 հոգի համալրում պիտի ստանայինք։ Այդտեղից պիտի ճեղքեինք, փակեինք Շուշի գնացող հոսքը: Արդեն մեր գույքը մեր ուժերով համալրել էինք՝ զրահաբաճկոնները մենք ենք ճարել՝ 200-ից ավել մարդու համար, մեր ունեցած ռացիաներով ենք գնացել, դրոններ ենք բերել, շտապ օգնության մեքենաներ, պիկապներ, որ անընդհատ մեզ զինամթերքով սնուցելու հնարավորություն լինի, վիրավորներին տեղափոխելու միջոց ունենանք։ Մեր շտապ օգնության մեքենան կահավորված էր արհեստական շնչառության, սրտի ԷԿԳ-ի սարքերով: Մենք ինքներս ենք սարքել, պատվիրել մեր ընկերների միջոցով։ Գիշերատեսիլներ ենք ճարել, որ շատ կարևոր էր այս պատերազմում։
Չորս հարձակում ենք հետ մղել, գերի ենք բռնել, ու թշնամու դիակ ենք բերել, որ հետո փոխանակենք: Նա՝ մեռած ադրբեջանցին մեր համագյուղացուն էր նման, ու որ նայում ես՝ մարդիկ են, ում կարող ես նմանեցնել քո շրջապատի մարդկանց։ Իսկ գերին վիրավոր էր. նենց հատվածում էր, որ եթե իրենց կողմ գնար՝ խփելու էին, այդ պատճառով քայլելով էկել է մեզ մոտ։
Մեր համալրումը եկավ նոյեմբերի 4-ին կամ 5-ին, որոշվել էր, որ ամսի 10-ին պետք է գրոհենք, ամսի 9-ին ստորագրեցին:
Մի պահ չէինք հավատում, մտածում էինք՝ դավաճանության նման մի բան է էղել: Հետո մտածում էինք՝ երևի իրո՞ք վատ է, Շուշին գրավել են։
Երբ Թաղավարդում մեզնից մի վեց-յոթ հարյուր մետրի վրա տեսանք, որ տան վրա ադրբեջանական դրոշ դուրս էկավ՝ տեսարան էր, որ դժվար էր տանել։
Ամսի 9-ից հետո՝ 11-ին, 12-ին էլ, մարտեր ենք ունեցել: Իրենք ամսի 8-9-ը մեկ հարձակում արեցին, էդ ժամանակ ենք ուժեղ հակահարված տվել: Ամսի 9-ի գիշերն իրենց ինքնաթիռն է էկել, մեզ ռմբակոծել, զոհեր ենք տվել: Նենց չի, որ ամսի 9-ին ամեն ինչ վերջացել էր։ Դա իրենց բնավորությունն է. խաղաղության պայմանագիրը կնքում են, դու թուլանում ես, ինքը մի քիչ էլ է առաջ գալիս։
Մեկ էլ մտածում էի՝ ինքս որոշում կայացնեմ, դասակս վերցնեմ, հարձակվեմ, գյուղը գրավեմ։ Ոնց որ դու պիտի որոշում ընդունես. ամբողջ համակարգն ասել է՝ դադար, ու եթե վազում ես առաջ, դու պտի նաև պատասխանատվություն կրես քո և մյուսների համար։
Լացում էինք ամսի 9-ին, ամեն մեկը մի քար ու թուփ էր ման գալիս, փախներ մի տեղ, լացեր:
Իսկ եթե հաղթած լինեինք, կարող է չդիմանայի, մեռնեի ուրախությունից:
Մարիամ
Ամսի 9-ը շոկ էր։ Դե քուն չկար, ժամը 1-ն է, սովորականի պես նստած սպասում ենք լուրերի։ Մեկ էլ համացանցը պայթեց…
Մեծ էր ցնցումը:
Պատերազմից հետո
Ստեփան
Պատերազմից հետո առաջին օրն ուզում ես լողանաս ու քնես, հեռու մնաս մարդկանցից, հարցուփորձից:
Իմ ընկերության մեծ մասն իմ հետ էկել էր, բոլորս մի գումարտակում էինք, իրար հետ նույն դիրքերում քնել ենք, հերթափոխով արթնացել։ Վերադարձից հետո հարմարման շրջանն էլ միասին ենք անցնել։ Հանդիպում ենք, անընդհատ հիշում, պատմում։
Հենց ընկնում ես լարվածության մեջ, ինքնըստինքյան ձգտում ես կռված ընկերներիդ մոտ, իսկ ով չի կռվել, իրենց հետ շատ շփվել չի ստացվում. մի տեսակ խոսելու բան չկա:
Ինձ թվում է պատերազմից հետո սառնասիրտ եմ դարձել, ավելի խիստ եմ մոտենում հարցերին։ Թերևս իմ գործի մեջ դա օգնում է, որպես ղեկավարի։ Հիմա դպրոցը, որը համակարգում եմ, մոտ 150 հոգի է ներառում իր մեջ. խստությունն օգնում է այս հարցում։
Հիմա ավելի հստակ եմ պատկերացնում պատերազմն ինչ է: Պատերազմը վախերը հաղթահարելու, թիմային սթափ աշխատանքի հնարավորություն է տվել: Չպետք է լիցքաթափվել, թուլանալ։
Պատերազմից հետո ամենադժվար բանը, որ պետք էր հաղթահարել՝ պարտությունն էր, մարդկանց հուսալքված տրամադրությունները։ Պարտվել ես, բայց քո դիմաց նույն թշնամին է ու գործ կա անելու։ Քեզնից հասնող աշխատանքն արա։
Պետական համակարգը մեր բնակչության 5 տոկոսն է։ Իսկ 95 տոկոսն ի՞նչ է ուզում. շորտերով գնա, ձմերուկն առնի ու մտնի տուն: Ու երբ էդ 5 տոկոսը չի հաջողում իր գործը, ասում են չարեց։ Ուրեմն այնքան աշխատի, պահանջի, ճնշում գործադրի, որ կառավարական օղակներն իրենց լծակները գործարկեն։
Մարիամ
Երբ վերադարձավ ուրախ էի, ուրախ էի, որ դժբախտությունը մեր ընտանիքի կողքով է անցել։ Բայց ընդհանուր գերլարված օրերի հիշողությունն իր նստվածքն է թողնում։
Բավականին սթափ էր եկել, ոչ բոլորն են այդպես վերադարձել։ Երևի մինչ պատերազմը մարտական վարժանքների շնորհիվ էր։ Փառք Աստծո, իրենց շրջապատի տղաներն էլ վերադարձել են և պատրաստ են ավելին անել: Ստեփանն ասում է, որ պատերազմից հետո կյանքն ավելի է քաղցրացել, մեր երկրորդ բալիկը պատերազմից հետո է ծնվել։
Հ․Գ․ թեև Ստեփանն ու Մարիամը ֆոտոպատումում խոսում են 2020-ից, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո Ստեփանը կրկին առաջնագծում է։