Հարություն Տոնյանը 16 տարեկան է և արդեն չորս տարի անում է ամեն ինչ՝ իր սիրած մասնագիտությանը հնարավորինս մոտենալու համար։ Կրթություն ստանալու համար նա ցանկանում է օրերից մի օր մեկնել աշխարհում պարֆյումերիայի մայրաքաղաք համարվող Ֆրանսիայի Գրասս քաղաք։ Թե երբ դա հնարավոր կլինի անել, նա դժվարանում է ասել, քանի որ դեռևս չի կարող լքել ընտանիքին։ Իսկ մինչ այդ նա հետազոտում է իրեն շրջապատող հոտերը, թրմում և մշակում է ձեռքի տակ հայտնված բույսերն ու մթերքները՝ ինքնուրույն հասկանալու համար դրանց բույրերի ամենախորը էությունը։

Բույրի միջոցով ես կարողանում եմ մարդու մասին շատ բան իմանալ, անգամ գաղտնիքներ։ Երազում եմ մի մասնագիտության մասին, որը Հայաստանում տարածված չէ։ Ես ուզում եմ իսկական պարֆյումեր դառնալ։



44-օրյա պատերազմը նոր էր ավարտվել, երբ Ստեփանակերտում սկսեցի զբաղվել բույրերի վաճառքով։ Եղբորս հետ էի այդ գործն անում, հետո սկսեցի հետաքրքրվել, թե ինչ եմ վաճառում, թե ինչ նրբություններ կան այդ գործում։ Մինչ շրջափակումը երկու օրը մեկ ապրանք էի բերում։ Վերջին պատվերս արդեն հասել էր Գորիս, բայց ճանապարհները փակվեցին։ Այն, ինչ մնացել էր ինձ մոտ, օնլայն վաճառեցի։ Հենց շրջափակման ժամանակ, երբ սկսվեց հիգիենայի միջոցների պակաս զգացվել, առաջացավ այն միտքը, որ պարֆյումը կարելի է տեղում պատրաստել։
Սկսեցի փորձարկումներ անել, տարբեր նյութեր թրմել։ Անգամ սպիրտն էի ինքս ստանում, որը դեղատներում արդեն չկար:

Վիճակը օր օրի դժվարանում էր ու ես հայտնվեցի այն արցախցի ուսանողների թվում, ովքեր ռուս խաղաղապահների միջնորդությամբ պետք է Հայաստան տեղափոխվեին։ Այդ ժամանակ չէի կարող ինձ հետ որևէ իր բերել, ցանկացած իր, որը կարող էր արցախյան որևէ բան խորհրդանշել, ադրբեջանցիները կարող էին խլել։ Իսկ իմ սրվակների վրա պատկերված էր հենց Արցախի անվանումը։
Այդպես մենք ավտոբուսով շարժվեցինք՝ առանց շատ բան մեզ հետ վերցնելու։ Անցակետի մոտ ինձ պահեցին, ասացին, որ գնամ իրենց հետևից։ Տղաներից մեկին ծեծելով տարան։ Այդ պահին զգում էի, որ մտածելու ունակությունս կորցնում եմ։ Հույս չունեի, որ ինձ բաց կթողնեն… Բայց երկու ժամից ասացին, որ կարող եմ գնալ։ Հետ տարան անցակետ, այնտեղ ավտոբուսներ կային, որոնք տանում էին մինչև Գորիս։ Գորիսից էլ եկա Էջմիածին։
Այստեղ քրոջս և եղբորս հետ սկսեցի ապրել, սովորում ու աշխատում էի, երբ եղավ սեպտեմբերի 19-ը։ Ծնողներս Ստեփանակերտում էին։ Ամբողջ օրը մերոնց մասին լուր չունեցանք, միայն երեկոյան նամակ ստացանք։ Ծնողներս գրում էին, մեզ հույս էին տալիս, որ լավ են, թաքստոցում են։

Որևէ բան չվերցրին տնից, գլխավոր խնդիրը ողջ-առողջ տեղ հասնելն էր… Այդպես, իմ սիրելի աշխատանքի հետ կապված որևէ սարք, որևէ պարագա դուրս չեկավ Արցախից։ Հիշում եմ, թե բոլորս ինչ ծանր հոգեբանական վիճակում էինք, երբ եղբայրս ասաց՝ իսկ ինչո՞ւ չվերսկսես քո աշխատանքը բույրերի հետ։ Այստեղ ես ստիպված եղա ամեն ինչ 0-ից սկսել։ Հիմա արդեն որոշ ինքնաշեն սարքեր ունեմ։



Հիմա ես սովորում եմ Էջմիածնի թիվ 2 դպրոցի բժշկական թեքումով դասարանում, բայց ոչ թե բժիշկ դառնալու, այլ քիմիա լավ սովորելու նպատակով։ Արտասահման գնալուց առաջ ուզում եմ գիտելիքներս շատացնեմ, ինձ դուր չի գալիս այն միտքը, որ կարող եմ գնալ Ֆրանսիա ու հասկանամ, որ շատ տարրական բաներ դեռ չգիտեմ ու չեմ հասկանամ։ Իսկ Հայաստանում պարֆյումերի կրթություն ստանալը, բոլորը գիտեն, որ անհնար է։



Հիմա բույրերի պատվերներ եմ ստանում սոցիալական ցանցերի իմ էջերով, անգամ պատվիրատուների համար անհատական բույրեր եմ ստեղծում՝ նախապես նրանցից իմանալով նախընտրություններն ու հոգեբանական հատկանիշները։ Առաքում անելու գործում ընկերներս են օգնում։
Ամեն քաղաք իր բույրն ունի։ Ինձ համար ամենահարազատը Ստեփանակերտի հոտն էր։ Այն ուներ քաղցր հիշողության բույր։ Այն շատ բաներով էր լցված, օրինակ, սալորի ծառի, երբ ես օրերն էի հաշվում, թե երբ են ծաղիկները հասնելու և պտուղ դառնան…


Հայաստանում ես եղևնու հոտն եմ շատ սիրում, նաև տեսքը։ Այստեղ դրա յուղը դեռ չեմ թորել, իսկ Արցախում շատ եմ արել։ Այնտեղ լավն այն էր, որ անտառներում եղևնիներ կային, քաղում ու թորում էի, այստեղ ամեն տեղ տեսախցիկներ կան, չես կարող ծառերին մոտենալ, ճյուղեր քաղել, մի տեսակ քաշվում եմ։ Մեկ-մեկ ինձ բույրերի որսորդ եմ զգում։

Երբ որոշում եմ հոտ ստեղծել, առաջինը սկսում եմ բաղադրիչները ընտրել։ Հետո ֆիզիկապես դրանք ենթարկում եմ փոփոխության, օրինակ, գուցե ցանկանամ վարդի հոտը փոխել, խնձորի բույրը փոխել՝ նարնջի բույր ստանալ։ Այսինքն բաղադրիչներով ստեղծում եմ կոմպոզիցիան, հետո այդ կոմպոզիցիան նոսրացնում եմ սպիրտի միջոցով, սարքում եմ լուծույթը, հետո էլ շշալցնում եմ սրվակների մեջ։
Սառը ելակը ինչքան շատ հարեք, այնքան նկատելի ծծումբի հոտ կգա, վարունգից ձկան բույր կարող է գալ։ Դա քիմիա է, ամեն ինչ կախված է նրանից, թե մթերքն ինչպես կմշակես, հետն ինչ անես։
Իմ պատկերացրած հոտը պետք է ինձ գրավի, որ այն ստեղծելու ցանկություն առաջանա։ Դա շատ ստեղծագործական աշխատանք է և այն ինձ դուր է գալիս։ Այս բնագավառում խորանալու ընթացքում օր օրի ավելի լավ են սկսում աշխատել զգայարաններդ, սկսում ես ավելի շատ նկատել, ավելի խորն ընկալել քեզ շրջապատող ամեն բան, առաջին հերթին՝ մարդկանց։

Երազում եմ, որ մի օր գտնեմ իմ ձեռագիրն ու երբ ես արդեն չլինեմ, մարդիկ բույրը զգան ու հասկանան՝ սա Հարութի ստեղծած պարֆյումն է։